
Ռոբեր Դեսնոս
Բնագրից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
1
Փոքրիկ նավի մեջ
Փոքրիկ նավի մեջ՝
Մի անուշիկ կին
Ու փոքրիկ նավազ
Թիերը ձեռքին :
Զբոսնելու են գնում
գետով մեղմօրոր,
Քնելու մի կղզում
երկնի տակ անցավոր:
Կիրակի է այսօր …
Լավ է ու բերկրալի
Իրար ազդր շոյել
Զգալ համն համբույրի:
Սա է կյանքը հրաշք-
Կիրակին՝գետափին:
Երանելի են նախանձողները
Փոքրիկ նավազին:
Պառկել նրա հետ
Պառկել նրա հետ
2
կողք-կողքի քնելու համար
զուգահեռ երազների համար
ու շնչառության կրկնակի:
Պառկել նրա հետ
Եզակի ու հրաշք ստվերի
Ու նույն ջերմության համար
Ու նույն մենակության:
Պառկել նրա հետ
Իսկական կեսգիշերվա համար
արևածագով միասին զմայլվելու
ու նույն պատրանքների համար:
Պառկել նրա հետ
Բացարձակ սիրո համար
Արատի համար, արատի,
Ու համբույրների ՝ խելահեղ:
Պառկել նրա հետ
Անպատմելի մի ալեկոծման համար
Ինքդ քեզ և իսկապես ապացուցելու համար,
Որ երբևէ, հոգու ու մարմնի վրա սիրահարների
Չի ծանրացել սուտը սկզբնական մեղքի:
3
Կես ճանապարհին
Ժամանակի մեջ կա մի ճշգրիտ պահ
Երբ մարդն հասնում է իր կյանքի ուղիղ կեսին
Վայրկյանի մի դրվագ,
Ժամանակի փախչող մի մասնիկ, ավելի արագ, քան հայացքը
Ավելի արագ, քան սիրային
Նվաղման բարձրակետը,
Ավելի արագ, քան լույսը:
Սաղարթների միջև՝ երկար պողոտաներ
ձգվում են դեպի աշտարակը, ուր
մի կին քնով է անցել,
որի գեղեցկությունը դիմադրում է համբույրներին, եղանակներին,
Ինչպես աստղը՝ քամուն, ինչպես ժայռը՝ ալիքին:
Մի դողդողացող նավ սուզվում է ու գոռում:
Մի ծառի կատարին՝ դրոշ է փողփողում
Խնամքով սանրված մի կին, բայց որի գուլպաներն ընկել են իր կոշիկներին
Հայտնվում է փողոցի անկյունում,
Վեհաշուք, դողդոջուն,
Մի ձեռքով ծածկելով հնամենի մի լամպ, որը ծխում է:
Ու դարձյալ մի հարբած բեռնակիր երգում է կամրջի մի անկյունում,
Ու դարձյալ մի սիրահար կին կծում է իր սիրեցյալի շուրթերը,
Ու դարձյալ վարդի մի ծաղկաթերթ է ընկնում դատարկ մահճակալի վրա,
Ու դարձյալ երեք պատի ժամացույց խփում են միևնույն ժամը՝
4
Մի քանի րոպե ընդմիջուներով,
Ու դարձյալ մի մարդ, որն անցնում է փողոցով, շրջվում է,
Քանզի իր անունն են գոռացել,
Բայց այն կինը նրան չէ, որ կանչում է,
Ու դարձյալ, հագած-կապած մի նախարար,
Տհաճորեն նեղված՝ իր վերնաշապիկի փեշի պատճառով,
Որը խճճվել է իր շալվարի ու կիսավարտիքի միջև,
Մի որբանոցի բացումն է անում,
Ու դարձյալ մի բեռնատարից, որ սլանում է ամբողջ թափով,
Գիշերվա դատարկ փողոցներով,
Մի հիասքանչ լոլիկ է ընկնում ու գլորվում առվի մեջ,
Եվ որը հետո պիտի ավլեն,
Ու դարձյալ հրդեհ է բռնկվում մի շենքի վեցերորդ հարկում,
Ու բոցավառվում՝ լուռ ու անտարբեր քաղաքի կենտրոնում,
Ու դարձյալ մի մարդ լսում է մի երգ
Որը մոռացել է վաղուց,
բայց որն էլի մոռանալու է…
Ու էլի շատ բաներ,
Էլի շատ բաներ, որ մարդը տեսնում է իր կյանքի կեսի ճշգրիտ պահին,
Ուրիշ շատ բաներ, որ անդադար տեղի ունեն
կարճ վայրկյաններից ամենակարճի մեջ երկիր մոլորակի,
Նա կանխազգում է առեղծվածն այդ վայրկյանի, վայրկյանի այդ դրվագի,
Բայց նա ասում է. «Հեռո՛ւ վանեմ այս մռայլ մտքերը»:
Եվ նա հեռու է վանում այդ մռայլ մտքերը:
Իսկ ի՞նչ կարող էր ասել,
5
Ի՞նչ կարող էր անել
Դրանից լավ:
Վերջին մեկնաբանություններ