Լիլիթ Հակոբյան | ԿԻՍԱԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Մարին տասը տարեկան էր, բայց արդեն շատ բան գիտեր կյանքի մասին, պատճառը նրա անհանգիստ ու պրպտող բնավորությունն էր: Նա կիսաբաց դռների մոտով անտարբեր չէր անցնում, շատ բաներ էր լսում և տեսնում. Նրա վառ երևակայությունն ամեն վայրկյան մի նոր հեքիաթ կամ առասպել էր հյուսում որևէ խոսքի կամ երևույթի շուրջը, սակայն տնեցիները, նրան դեռ փոքր երեխա համարելով՝ մարդու տեղ չէին դնում…
Մարիի ընտանիքի անդամները համերաշխ չէին, ուստի դժվար չէր ենթադրել, թե կիսաբաց դռների այն կողմից ինչեր չէին հասնում խեղճ աղջկա ականջին: Դա մեծերին բոլորովին չէր հետաքրքում. յուրաքանչյուրն իրեն միանգամայն արդարացի համարելով՝ իրար երեսի էին նետում բազմաթիվ «ճիշտ»-եր, որոնք որսում էր Մարիի լսողությունը: Իսկ իր մասին նոր տարաձայնություն կամ վեճ լսելիս՝ Մարին սովորաբար մի քանի գիշեր անքուն էր անցկացնում: Ասված ամեն նոր խոսքը նրա փոքրիկ սիրտը լցնում էր տագնապով, խոցվում ու ցավ էր զգում յուրաքանչյուր բառից: Նա և՛ խուսափում, և՛ անհանգիստ հետաքրքրությամբ հետևում էր մեծերի խոսակցություններին` փորձելով հասկանալ, թե ինչ է իրեն սպասում ապագայում:
Եղավ մի օր, երբ Մարին հանկարծակիի եկավ իր մասին արված մի դաժան առաջարկից, որը հնչեց որպես դատավճիռ: Թեև նրա համար ծանոթ սցենար էին տատի, պապի ու մոր բղավոցները, սակայն այս անգամ նա շանթահարված մեխվեց տեղում, երբ լսեց այդ մի հատիկ բառը` մանկատո՜ւն: Դա ցավագին դաջվեց, մնաց նրա հիշողության մեջ ու հետագայում անքուն գիշերների պատճառ դարձավ: Մանուկ հոգին կսկծաց խոր ցավից, ինչպես երբեք, և ամեն անգամ դա մտաբերելիս՝ ցնցվում էր ողջ էությամբ:
Մարին այդ օրը լուսացրեց մահճակալի տակ թաքնված: Իսկ հաջորդ օրը հիվանդացավ ու անկողին ընկավ: Մայրը, տատը և պապը մի քանի օր նրա նկատմամբ ուշադիր և հոգատար էին: Չնայած Մարին շատ ծանր հիվանդ էր, բայց ցուցուբերված ուշադրությունն ու հոգատարությունը, որոնց նա այնքան կարոտ էր, բարերար ազդեցություն ունեցան ու նա արագ ապաքինվեց: Այնուամենայնիվ, տնեցիների ժամանակավոր փաղաքշական վերաբերմունքը պատճառ չդարձավ, որ Մարին կրկին չհայտնվի կիսաբաց դռների հետևում՝ լարված ու շունչը պահած, աչքերը լցված տխրությամբ ու թախիծով, երբեմն ուրախությամբ, երբեմն երախտագիտությամբ ականջ չդնի «նորություններին»… Տարբեր ու հակասական էին նրա հայացքում լողացող զգացումները, սակայն երբեք մանկական աչքերը դատարկ չէին: Նա անդադար ճիգ էր գործադրում զսպելու հեկեկոցը: Այժմ կյանքի բոլոր դժվարությունները նրան աննշան էին թվում, կյանքի պարգևներն էլ, ասես, չքացել էին նրա հորիզոնից:
Ու թեև այդ բառը բազմիցս հնչեց սովորական դարձած վիճաբանությունների ժամանակ, բայց այնպես էլ իրականություն չդարձավ: Շուտով դադարեցին խոսել այդ մասին, ու կյանքը մտավ բնականոն հունի մեջ: Սակայն չէին դադարում Մարիի թաքուն արցունքները: Չէր ցանկանում իրեն տեսնեին արտասվելիս, որովհետև դրանով մատնած կլիներ իրեն… չէ՞ որ տնեցիները կհասկանային, որ նա ականջ է դրել իրենց խոսակցությանն ու տեղեկացել իրեն մանկատուն տանելու վիճահարույց հարցին: Ասես մի պատ էր գոյացել իր ու իր հարազատների միջև:
Ծնկները հավաքած, նստած հարազատ մահճակալին, Մարին իր մանկական խելքով շատ բաներ էր ծանրութեթև անում… Նա հրճվում էր այն մտքից, որ իր կիսամութ սենյակը իր անդավաճան պատսպարանն է եղել օրեր շարունակ, որտեղ ոչ ոք չէր խանգարել իր միայնությանը: Բայց նաև նրան տանջում էր անվերջ կրկնվող հարցը. “Իսկ մի՞թե ինձ երբևէ փնտրել են, մի՞թե նկատել են, որ ես չկամ, որ կորել եմ, որ փախել եմ իրենցից, բոլորից զզվել ու փախել եմ: Իսկ ես շատ եմ ուզում, որ մի օր բացակայությունս նկատեն, այդ ժամանակ ես բոլորին կասեմ, որ ամեն ինչ գիտեմ, որ վաղուց էլ փոքր չեմ, որ զզվել եմ, որ հոգնել եմ, որ էլ չեմ ուզում… Մի՞թե ես ավելորդ եմ այս տանը…»: Նման պահերին նա ակամա հիշում էր հորն ու մտքով դիմում նրան. «Պա’պ, եթե գնացած չլինեիր, էսպես չէր լինի, ես էսքան չէի լացի»:
Մարիի հայրը նրանց թողել, գնացել էր Ռուսաստան արտագնա աշխատանքի, և արդեն չորս տարի նրանից ոչ մի լուր չկար: Սրանում Մարիի տատն ու պապը մորն էին մեղադրում, և նրանց վեճերի հիմնական պատճառը դա էր: Մայրը գեղեցիկ կին էր. Մարին միշտ հիացմունքով էր նայում նրան ու համեմատում իրենց բակի հարևանուհիների հետ. ոչ ոք չուներ նրա սլացիկ հասակն ու գրավչությունը: Հոր մեկնելուց մեկ տարի անց, մայրը սկսեց երկար բացակայել տնից. նա տուն էր գալիս լուսադեմին ու պառկում քնելու: Դարձել էր ջղային ու անտրամադիր: Իրիկունը նա գրկում, համբուրում էր Մարիին ու կրկին անհետանում, ընդ որում ժամանակ առ ժամանակ ծայր էին առնում Մարիի համար տանջալի վեճերը զուգորդված բղավոցներով ու անվայել արտահայտություններով… Այսպիսով, Մարին ակամա դատապարտվել էր միայնության. նախկինում մայրը գալիս էր, նստում իր անկողնու կողքին, շոյում մազերը, հետաքրքվում դասերով, երբեմն արտասվում ու պինդ-պինդ համբուրելով՝ արագ դուրս էր գալիս սենյակից… Հիմա Մարին քնելիս, մենակ էր, մոր անկողինը կողքին՝ դատարկ: Հարևանները սկսել էին ծուռ նայել իրենց…
Անցան տարիներ: Մարին տասնութ տարեկան էր, երբ տատը շատ ծանր հիվանդացավ ու մահամերձ անկողին ընկավ. ինքը և պապը սպասում էին անխուսափելիին: Մայրը վաղուց հեռացել էր իրենցից, բայց հեռվից լիովին հոգում էր Մարիի ու տան կենցաղային խնդիրները: Մարին շատ հոգատար էր տատի նկատմամբ, նրան լավ էր խնամում: Ամեն անգամ, տատի համար ինչ-որ բան անելիս, նկատում էր, որ նրա աչքերում արցունքներ են հայտնվում. դա Մարիի աչքից չէր վրիպում, ինքն էլ հուզվում էր, սակայն չգիտեր տատի հուզմունքի իրական պատճառը: Մի օր Տատն իր մոտ կանչեց Մարիին և խնդրեց նստել: Մարին սիրով կատարեց տատի խնդրանքը. նա միշտ էլ նստում էր տատի կողքին ու կարդում նրա համար, բայց այս անգամ մի քիչ զարմացավ, երբ տատը հազիվ լսելի ձայնով ասաց.
-Ների՛ր ինձ, աղջիկս…
Դա Մարիի համար անսպասելի ու զարմանալի էր: Տատը միշտ աչքի էր ընկել իր չորությամբ ու անզիջում բնավորությամբ, շատ խիստ էր բոլորի նկատմամբ, երբեք իր սխալը չէր ընդունում. իսկ հիմա արտասուքն աչքերին ներողություն է խնդրում Մարիից, ում միշտ կոպտել ու վիրավորել է, միշտ նկատողություն է արել, ումից միշտ դժգոհել է: Գուցե հիվանդությո՞ւնն էր նրան փոխել ու հանդուրժող դարձրել… Ինչևէ, Մարին դրան չէր սպասում: Նա մեղմորեն ժպտաց, բռնեց տատի ձեռքն ու ասաց.
— Տա’տ ջան, ի՞նչ ներողություն, ինչո՞ւ ինձանից:
-Ես մեղավոր եմ քո առաջ, շատ մեղավոր, դրա համար էլ ուզում եմ, որ ինձ ներես…
Մարին հիշեց այն չարաբաստիկ օրը, այն բառը, որ լսել էր կիսաբաց դռան հետևից, ու ցնցվեց: Մի՞թե տատը չի մոռացել ու զղջում է. Մարին քարացած նայում էր տատի սպասողական հայացքին ու ենթագիտակցորեն զգաց, որ տատը երկար չի կարող սպասել, նա վերջին ճիգերն էր գործադրել ներում խնդրելու համար: «Ես նրանից բացատրություն չեմ պահանջի այն օրվա համար, ուղղակի կներեմ»,- մտածեց Մարին:
-Տա’տ, ես քեզ վաղուց եմ ներել,- ասաց նա կերկերուն ձայնով,- գիտեմ, որ ուզում էիր ինձ մանկատուն տանել, ազատվել ինձանից ու մորիցս, բայց շնորհակալ եմ, որ նման բան չարեցիր և ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, կողքիդ: Հուսով եմ չես զղջացել որոշմանդ համար, ես հնարավոր ամեն բան արեցի լավ թոռնուհի լինելու համար: Դու էլ էդ մասին մի մտածիր:
Տատը զարմանքից մի պահ ապշեց. նրա մտքով անգամ չէր անցել, որ Մարին տեղյակ է եղել իր արձակած դատավճռին ու այդ մղձավանջը տարիներ շարունակ հետապնդել է աղջկան, իսկ հիմա նա մեծահոգաբար իրեն ներում է: Տատն իրեն ավելի մեղավոր զգաց այդ անմեղ էակի լուռ տանջանքների համար, մի պահ կուչ եկավ, սմքեց, բայց ստանալով Մարիի ներումը` խորը շունչ քաշեց, խաղաղվեց ու վերջին անգամ երախտագիտությամբ նայեց թոռան աչքերին: Ապա ձեռքերն աստիճանաբար սկսեցին սառչել Մարիի ափերի մեջ, իսկ Մարին ավելի ու ավելի ամուր էր սեղմում դրանք` ասես անխուսափելին կանխելու կամ պահը մի քիչ երկարացնելու համար…
Տատի թաղումից հետո Մարին ընկել էր մտատանջության մեջ. նա ուժ գտավ ներելու տատին, բայց չէր կարողանում համակերպվել մորը ներելու հեռանկարի հետ: Մարին գիտակցում էր, որ մայրը զոհաբերել էր իրեն, գնացել այդ քայլին հանուն իր փոքրիկ Մարիի, նրան հարազատ տան մթնոլորտում ապրեցնելու համար:
Ո՛չ, դա անկարելի էր, նա ներել էր նույնիսկ հորը, բայց զգում էր, որ չի կարողանալու նորից գրկել մորը, հպվել նրան… Դա իր ուժերից վեր էր, որովհետև այս անգամ դեպի իր հարազատ, իր սիրելի մորը տանող դուռը կիասաբաց չէր ու ինքը հայտնվել էր լրիվ փակ դռան հետևում…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի