Բոլորը գիտեն՝ եթե մենք իրիկունը մի բան որոշեցինք, ապա առավոտյան չենք մոռանա այդ մասին:
Արմենն էլ դա լավ գիտի: Դրա համար էլ նա այսօր բոլորից շուտ արթնացավ:
Ելավ, արագ-արագ լվացվեց, հագնվեց ու նստեց նկարելու: Մուկուչն էլ մի քիչ շուռումուռ եկավ ու այլևս չկարողացավ քնել: Ճիշտ է, նա նկարելու հետ այնքան էլ հավես չուներ, բայց թե շատ էր սիրում նայել, թե ինչպես է Արմենը խզբզում ու ներկոտում ճերմակ թղթերը: Վերջ ի վերջո, նրանք եղբայրներ էին և ամեն ինչ միասին էին անում: Իսկ եթե երեկոյան որոշել էին, որ մայրիկին, տոնի առթիվ մի գեղեցիկ նկար են նվիրելու, ապա առավոտյան, ոչ մի կերպ չէին կարող ուշ արթնանալ ու փչացնել անակնկալի ողջ հմայքը:
-Այդ ի՞նչ սև շրջանակ է,- շշուկով հարցրեց Մուկոչը:
-Դա ցլիկն է,-կամացուկ պատասխանեց Արմենն ու շարունակեց նկարել:
-Բա ինչու՞ է այդքան սև,-զարմացավ եղբայրը:
-Բոլորովին էլ սև չի: Սևը նրա դունչն է միայն:
-Այդ կլոր շրջանակը նրա դու՞նչն է:
-Իհարկե,- ասաց Արմենը, շարունակելով ներկել: Նա շտապում էր, որովհետև խոսակցությունը նրան շեղում էր աշխատանքից, և նա շատ էր անհանգստանում, թե հանկարծ չհասցնի:
-Լավ, բա ի՞նքն ուր է,-պոկ չէր գալիս Մուկուչը:
-Այստեղ, իր դնչիկի հետևում է: Երբ նա մեզ է նայում, դնչիկն ամբողջովին ծածկում է նրան, որովհետև նա դեռ շատ է փոքրիկ:
-Հիմա նա մե՞զ է նայում:
-Այո, ավելի ճիշտ՝ հոտոտում է:
-Իսկ դու չգիտե՞ս, թե ինչու՞ է նա մեզ հոտոտում,-զգուշացավ Մուկուչը:
-Նա ծանոթանում է մեզ հետ,-առանց գլուխը բարձրացնելու, հանգիստ պատասխանեց Արմենը,-բոլորն էլ այդպես են անում:
Հետո մի պահ նա կանգ առավ ու մտքերի մեջ ընկավ:
-Ի՞նչ ես կարծում, մի՞ արևն է լավ, թե՝ երկուսը:
-Մի՞թե երկու արև էլ է լինում,-ծիծաղեց Մուկուչը:
-Ինչու՞ չէ,-ասաց Արմենը,-եթե ուզես, նույնիսկ կարող ես ամեն մեկի համար մի արև նկարել:
-Չէ, ավելի լավ է, թող արևը մեկը լինի, ամբողջ թղթի չափով:
-Այդքան մե՞ծ:
-Հա, ի՞նչ կա, որ:
Արմենը տարակուսանքով նայեց թղթին,-բա իմ ցլիկը որտե՞ղ է ապրելու:
-Հենց արևի մեջ էլ թող ապրի,- ասաց Մուկուչը:
-Բայց ցլիկները չեն կարող ապրել արևի մեջ: Չէ՞ որ այնտեղ խոտ չի աճում,-հոգոց հանեց Արմենը: Նրանք արոտավայրերում են ապրում, իրենց մայրիկների հետ:
-Եթե քո արևը մեծ է, ապա այնտեղ թե խոտի, թե նրա մայրիկի համար տեղ կճարվի անպայման:
Նրանք սկսեցին պտտվել սեղանի շուրջն ու բոլոր կողմերից զննել նկարը:
-Քեզ դու՞ր է գալիս մեր արեգակը,-հարցրեց Արմենը:
-Շատ լավն է,-պատասխանեց Մուկուչը:
-ՈՒրեմն մայրիկին էլ դուր կգա:
-Դուր կգա,-ասաց Մուկուչը:
-Լսիր, իսկ ցլիկը մեր մայրիկին չի՞ պոզահարի,-անհանգստացավ նա:
-Չի պոզահարի,-ասաց Արմենը,-մայրիկը նրան խոտ կտա, կշոյի գլուխը, ու նա չի պոզահարի:
Արմենը սիրում էր, երբ իրեն հարցեր էին տալիս: Առավելապես նրան դուր էին գալիս այն հարցերը, որոնց պատասխանները հեշտ էր գտնելը:
Հիմա նա աչքերը մի տեսակ կկոցել ու նայում էր մեծ, կարմիր արեգակին: Չէ, արևը չէր կուրացնում նրան: Պարզապես այդպես ավելի հարմար էր երազելը: Նա երազում էր, թե ինչպես են քիչ հետո, երկուսով վազելու մայրիկի ննջասենյակը: Ինչպես են փաթաթվելու, համբուրելու, շնորհավորհելու նրա տոնը և նվիրելու այս գեղեցիկ ու մեծ արևը, որի վրա ինչեր ասես որ չկան:
Իսկ եթե այնպես պատահի, որ հանկարծ նայեք արևին ու սև շրջանակից բացի այլևս ոչինչ չնկատեք այնտեղ, մի՛ անհանգստացեք, դա ընդամենը ցլիկն է քիթը շրջել ձեր կողմը և հոտոտում է ձեզ:
ՈՒ դրա համար էլ ամեն ինչ թաքնվել է նրա սև ու կլորիկ դնչիկի հետևում:
Մրտ 19 2012
Վերջին մեկնաբանություններ