Սալորենին
-Վիգե՜ն, զգո՜ւյշ. ճյուղերը շատ են բարակ։
— Մի՜ վախեցիր, Ստյո՜պ ջան, ես քո քաշը չունեմ, համ էլ վերևը էլ բան չկա։ Էս ծառը լրիվ պրծած է։
— Հա՛, — հառաչեցի ես։
Մեր մանկության սալորենին էր, որ քաղցրահամ պտուղներ էր տալիս։ Ուտողը զարմանում էր,
երբ տեսնում էր այդ քաղցր հյութալի միրգը մի լղարիկ ծառի բարակ ճյուղերից կախ։ Թվում էր՝ ինչ-որ մեկը տոնածառի խաղալիքների նման սալորները հատիկ-հատիկ կախել էր ծառի դողդողացող ճյուղերից Չգիտեին, որ ես ու իմ զարմիկները խնամում էինք նրան, վաղ գարնանից անընդհատ ջրում, նույնիսկ մի քանի անգամ մշակել էինք հատուկ դեղով ։ Եվ նա մեզ վարձահատույց էր լինում իր արևահամ սալորներով։
Բայց երբ գնացի բանակ, մոռացա մեր ծառի մասին, իսկ իմ զարմիկ Վիգենը, որ այդ ժամանակ դեռ ինձ ու տատիս հետ էր ապրում, լրիվ երես էր թեքել մեր սալորենուց, գոնե մեկ անգամ չէր ջրել ծառը, թեև չէր մոռացել հասած սալորները խժռելու մասին։
— Ստեփա՞ն, — թիկուքիցս լսեցի տատիս ձայնը, -էս ի՞նչ եք անում։ Էդ ծառը հանգիստ թողեք։ Պապդ կենդանի լիներ, հիմա վաղուց կտրել էր։ Տո՜ւն եկեք. մերդ, մորքուրներդ արդեն ստեղ են։
Ասաց ու պատասխանիս չսպասելով՝ բախչից դուրս գնաց։
Չորուկ ճյուղերի կեղևը հեշտությամբ պոկվում էր, մնում ձեռքերիս մեջ։ Հինգ րոպեում ծառը բառիս բուն իմաստով կարող էիր մաշկազերծել։ Սիրտս ուղղակի մղկտում էր, արցունքները անարգել թափվում էին աչքերիցս։ Ձեռքերս սկսեցին դողալ։ Ես արդեն վախենում էի դիպչել հոգեվարք ապրող ծառին։ Սակայն Վիգենի պետքը չէր. նա փաթաթվել էր սալորենու միակ ամուր ճյուղին և անգթաբար ջարդոտում էր բարալիկ ոստերը, որպեսի քաղեր հատուկենտ սալորները։ Զարմանալի էր, որ վերջին շնչում գտնվող ծառը պտուղ էր տվել, իհարկե, մի քանի անգամ ավելի քիչ, քան լինում էր սովորաբար։ Ի՞նչն էր ուժ տվել բնության այս գեղեցկուհուն, որ նա իր կյանքի մայրամուտին անգամ, գրեթե լրիվ չորացած, դեռ բարիք։ էր պարգևում աշխարհին։ Ես մտածում էի, որ նա տեսնում է մեզ, նայում է իր ծառային նվիրված աչքերով և թախծոտ ժպտում։ Կարծես ասում էր, որ հավաքել է իր հաշմված մարմնի վերջին ուժերը, որ պիտանի լինի մեզ, որ վերջին անգամ ցույց տա իր անմնացորդ առատաբուխ սերը մեր նկատմամբ։
— Ստյո՜պ, — մտքերից ինձ կտրեց Վիգենը, — հլա փորձի՜ր։ Երբեք սենց համով չի եղել։ Ափսոս, որ էսքան քիչ է։ Նա ձեռքի փոքրիկ դույլը տվեց ինձ ու ցատկեց ներքև։
Ես ապշած նայեցի դույլը կիսով չափ լցրած սալորներին։ Երբեք այսքան խոշոր չէին եղել։ Այս բզկտված ծառից այսպիսի անմահական պտուղնե՞ր։ Մի հատը դրեցի բերանս և կծեցի քաղցրահամ սալորը։ Վիգենը ճիշտ էր. այսքան համեղ երբևէ չէր եղել։ Ինձ թվաց, թե հիմա կուշաթափվեմ։ Դույլը մի կերպ տվեցի Վիգենին, որ վրայի փոշին ու տերևի փշուրներն էր մաքրում։
— Տա՜ր տուն, որ բոլորն էլ գոնե մի-մի հատ ուտեն։ Ես հիմա կգամ։
Վիգենը ընդամենը երեք տարի էր ինձնից փոքր և արդեն մեծ էր զգում իրեն, բայց հիմա նա չնկատեց իմ հոգեվիճակը, իսկ ծառը նրա համար վերածվել էր ավելորդ տեղ զբաղեցնող անպետքության, որը վերացնել էր պետք։ Ես դա կարդացի սալորենուն ուղղված նրա պողպատե հայացքում։ Ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ձայն չհանեց, անխոս վերցրեց դույլը և անցավ բակ, որտեղից արդեն մեզ կանչում էին։
Ես գրկեցի սալորենու անկենդան մարմինը, և ինձ թվաց, որ ծառն էլ ինձ գրկեց։ Մի պահ փշաքաղվեցի, բայց անմիջապես էլ հանգստացա, նույնիսկ անհանգիստ տրոփող սիրտս խաղաղվեց։
Ասում են՝ ծառերը կանգնած են մեռնում։ Դա ճիշտ է,և կարծես հենց մեր սալորենու համար էր ասված։
- 06.- 09. 12. 2017
Անդունդի եզրին
Էմման sարսափած էր։ Հիմա ի՞նչ պիտի աներ, ո՞նց պիտի ապրեր։ Ինչո՞ւ մայրն էսքան շուտ մեռավ։ Էմման սկսեց լաց լինել։ Նայեց դատարկ սենյակի պատերին և փշաքաղվեց։ Զարհուրեց, որ կրկին մենակ է գիշերելու այս անիծված տանը։ Հարևանները մոր թաղումից հետո էլ չեն ուզում ոտք դնել իրենց տուն, քանի որ ոչ ոք իր մորը և իրեն չի սիրում։ Իսկ թե ինչո՞ւ, ինքն էլ չգիտեր։ Մայրը մի ժամանակ հիվանդանոցում սանիտար էր աշխատել, բայց արդեն երկու տարի է՝ ազատվել էր աշխատանքից, ավելի ճիշտ՝ ազատել էին, քանի որ շատ թույլ առողջություն ուներ և հաճախ էր գործից բացակայում։ Այն ժամանակ Էմման դպրոցը նոր էր ավարտել և ուզում էր մանկավարժական բուհ ընդունվել, դառնալ մանկապարտեզի դաստիարակչուհի, բայց ստիպված եղավ խաչ քաշել իր ապագայի վրա և մոր փախարեն ինքն էր արդեն հավաքարարություն անում նույն հիվանդանոցում։ Զզվում էր այդ աշխատանքից, բայց ուրիշ ճար չուներ, պիտի աշխատեր, որ սովից չմեռնեին, որ հիվանդ մորը կարողանար խնամել… Հիմա մեկ շաբաթ է՝ մայրը չկա, ու ոչ ոք չկա, միայն ինքն է այս մեռելահոտ բնակարանում։ Սա երևի պատիժ է, մոր պատիժը, որ սիրահարվել էր մանկատան իր ընկերոջը ու ամուսնացել նրա հետ։ Հայրը վթարի զոհ դարձավ, երբ ինքը դեռ երեք տարեկան էր։ Հիմա էլ՝ մայրը։
Էմման ինքնամփոփ, մռայլ աղջիկ էր։ Նա ոչ ոքի հետ չէր շփվում։ Դեռ փոքրուց մայրը թույլ չէր տալիս, որ աղջիկը խաղա հարևանների երեխաների հետ։ Ճիշտ է, նա մեկ-մեկ դուրս էր գալիս բակ, բայց խաղում էր ինքը իրեն, միայնակ։ Մյուս երեխաները չէին մոտենում նրան, բայց թիկունքից ծաղրում էին, վիրավորական խոսքեր ասում, իսկ տղաներից մեկը՝ Աշոտը, անընդհատ նույն ծաղրական խոսքերն էր կրկնում.
— Ախչի, Էմմա՜,
Շորդ լրիվ ջեմ ա։
Գոռում էր կոկորդով մեկ, ու բոլորով միահամուռ քրքջում էին։ Էմման սարսափահար փախչում էր։ Եվ այդ ժամանակ աղջկա հետևից ինչեր ասես չէին շպրտում՝ էլ քարեր, էլ կրծած խնձորներ, էլ հոտած պոմիդորներ։ Բարաբախտաբար քարերը մանր էին, խնձորները՝ արդեն հոշոտված, և նետում էին հենց այնպես, միայն վախեցնելու համար։
Մի օր Էմմայի մայրը ականատես եղավ աղջկա ծաղրուծանակին։ Նա այդ օրը աշխատանքից շուտ էր եկել. սարսափելի վատ էր զգում իրեն։ Հանկարծ տեսավ, թե ինչպես է իր աղջիկը ճչալով վազում դեպի ինքը, իսկ քիչ հեռվում բակի երեխաները անզուսպ քրքջում են և ինչ-որ գարշելի բաներ ասում։Էմմայի մայրը՝ Գոհարը, կատաղած սլացավ դեպի երեխաները, և մինչ նրանք կփախչեին, լսվեց զայրացած կնոջ ցասումնալի ձայնը. – Այլանդակնե՜ր, ի՞նչ եք ուզում իմ աղջկանից։ Կսատկացնեմ բոլորիդ…
Նա սկսեց ավելի կեղտոտ հայհոյանքներ գործածել, որ նույնիսկ Էմման զարմացավ և ամաչեց մոր համար։ Հետո անսպասելի մի հարված ստացավ պարանոցին և զգաց, որ մայրն իրեն կոպտորեն քարշ է տալիս դեպի շենքի մուտքը՝ արդեն իրեն նախատելով և հայհոյելով։
Այդ օրվանից Էմման այլևս բակ չէր իջնում՝ խաղալու։ Գոհարը հասցրեց կռվել համարյա բոլոր հարևանների հետ, նույնիսկ նրանց, ովքեր Էմմայի տարիքի երեխաներ չունեին։ Մայրն ուզում էր, որ իր աղջիկը առանց վախենալու դուրս գա բակ և առանց վախենալու խաղա բոլորի հետ և բոլորի պես։ Սակայն յոթամյա աղջնակը կտրականապես հրաժարվում էր դուրս գալ տնից և մորից միայն խնդրում էր իր համար տիկնիկ առնել։
Շուտով տունը լցվեց զանազան չափսերի տիկնիկներով, և Էմման ստեղծեց իր մանկության աշխարհը, իր խաղընկերներին։ Նա իր տիկնիկների հետ խաղում էր ինչ հնարավոր է՝ և գործագործ ու ֆուտբոլ, և ցատկեր պարանով և նույնիսկ «ՙՅոթ քար»։ Մայրը երբեմն տեսնում էր դստեր ինքնամոռաց խաղերը, նայում էր նրա՝ ոգևորությամբ լցված աչուկներին, և սիրտը կտոր-կտոր էր լինում։ Դուրս էր գալիս իրենց փոքրիկ ննջասենյակից և սկսում աղեկտուր արտասվել։ ՙԻնչո՞ւ աղջիկս իր խեղճուկրակ հորը նմանվեց և ոչ թե ինձ,- մտածում էր նա կսկծալով, — մի՞թե հնարավոր չէ փախչել անպետք գենից։ Ո՞ր մեղքի համար է երեխաս էսպես պատժվում։ Ինչպե՞ս օգնեմ նրան, տե՜ր Աստված՚։
Գոհարի ամուսինը վարսավիր էր եղել։ Հրաշալի ձեռք ուներ, հմուտ վարպետ էր և վատ չէր վաստակում։ Նրա կենդանության օրոք Գոհարն ամուսնու մոտ էր աշխատում. նրա հավաքարարն էր, նրա աջ ձեռքը, նրա համար հաճախորդներ հայթայթողը։ Փոքրիկ Էմմայի հետ միասին նրաք ողջ օրը անցկացնում էին վարսավիրանոցում և հենց այնտեղ էլ, ավելի ճիշտ՝՝ հաճախորդների սրահից վարագույրով առանձնացված մի անկյունում էլ քնում էին։ վարսավիրանոցի տերը հանդուրժում էր այդ ամենը, քանի որ իր վարձակալները լավ եկամուտ էին բերում իրեն ։ Շուտով բախտը ժպտաց ամուսիններին։ Մի ծանոթի միջնորդությամբ Վիգենը՝ Էմմայի հայրը, Աջափնյակի մի հնակառույց շենքում երկսենյականոց բնակարան ձեռք բերեց կարելի է ասել՝ ջրի գնով։ Եվ թվում էր՝ երիտասարդ ընտանիքին կյանքը անկնճիռ ապագա էր խոստանում։ Սակայն նոր բնակարան տեղափոխվելուց մի քանի օր անց՝ մի թեթև խնջույքից հետո, ամեն ինչ անսպասելի փոխվեց։ Ուշ գիշերով Վիգենը դուրս գնաց՝ վերջին հյուրերին ճանապարհ դնելու։ Գնաց և… այլևս չվերադարձավ։ …Նա արդեն հետ էր դառնում, երբ փողոցն անցնելիս վրաերթի ենթարկվեց։ Նրան մեքենայի տակ գցողը, ինչպես հետո էր պարզվել, տասնվեց տարեկան մի տղեկ էր, ով առաջին անգամ էր ղեկին նստել։ Նորաթուխ վարորդը լուսարձակները անջատել էր կամ պարզապես չէր միացրել։ Նա միայն զգացել էր, որ ինչ-որ փափուկ բան խոչընդոտեց մեքենայի ընթացքը։ Մի պահ արգելակել էր, տեսել իր արյունոտ քաջագործությունը և խուճապահար փախուստի դիմել։
Խմիչքի հետ սեր չունեցող համեստ վարսավիրը այդ օրը մի փոքր իրեն ավելին էր թույլ տվել, և դա խորտակեց նրա կյանքը։ Վիգենի դեռևս մշուշված աչքերը տեսան արագորեն մոտեցող մութ զանգվածը, բայց նա իրեն այնքան երջանիկ էր զգում, որ չկարողացավ ժամանակին սթափվել, միայն սաստիկ զարմացավ, երբ սառը երկաթը շեշտակի շամփրեց իր մարմինը, և խավարը պատեց գիտակցությունը։
Իրականում մեքենան Վիգենին կողքից էր հարվածել, և նա ոսկրային կոտրվածքներ անգամ չէր ստացել։ Սակայն ծակվել էր նրա որովայնը և պատճառ դարձել արյան մեծ կորստի։ Ամայի փաղոցում Էմմայի հայրը անօգնական պառկած մնաց ընդամենը տասը րոպե, որոնք, սակայն, բավական եղան, որ նա այլևս աչքերը չբացեր։ Նրան այդ վիճակում գտավ հարևան շենքում ապրող մի վիրաբույժ, ով փորձեց տեղում կյանքի կոչել վթարվածին, սակայն արդեն չափազանց ուշ էր։
Մանկատունը ամուր սիրտ չէր տվել Վիգենին, և այդ սիրտը չդիմացավ կյանքի ու մահվան կռվում։ Երջանիկ հայրը և ամուսինը մեռավ շտապօգնության մեքենայի մեջ՝ հասցնելով իր սիրելիներին ապահովել սեփական կացարանով։
… Էմման հիշեց Սիլվային՝ իր երբեմնի դպրոցական ընկերուհուն, ով ասուպի պես հայտնվեց իր կյանքում և մի օր էլ անսպասելի անհետացավ։
Ողջ դասարանում Էմման միայն նրա հետ կարողացավ։մտերմանալ։Մյուս աղջիկները կամ ծիծաղում էին իր վրա, կամ պարզապես արհամարհում։ Էմման գիտեր, որ ինքն էլ է մեղավոր դրանում։ Դեռ առաջին դասարանից նա գլուխը կախում էր, դեմքը մթնեցնում, երբ դասարանցիները փորձում էին իր հետ զրույցի բռնվել։ Խեղճ երեխան չէր կարողանում ասել, ճչալ, որ ինքը պարզապես վախենում է նոր վիրավորանքներից և հալածանքներից։ Նրա անունը տղաներից մեկը այդպես էլ դրեց՝ Մթնած։ Միայն Սիլվան հասկացավ իրեն և հենց առաջին պահից նայում էր հարազատի պես։ Էմման հավատաց և սիրեց նրան։ Խելացի ընկերուհու շնորհիվ ինքը նույնպես լավ էր սովորում, և դասարանի լավագույններից մեկը մնաց անգամ Սիլվայի հեռանալուց հետո։ Յոթ տարի Սիլվան իր համար և խաղընկեր էր, և մտերիմ համադասարանցի, և պարզապես հարազատ մարդ։ Սակայն մի օր Սիլվայենց ընտանիքը արտագաղթեց հայաստանից, և Էմման կրկին հայտնվեց մենության ճիրաններում։ Նա արդեն ինքն էր ուզում մտերմանալ համադասարանցիների հետ, սակայն բոլորը խորշում էին աղջկանից և սառը վերաբերմունք էին ցույց տալիս։ Իհարկե, տղաներից շատերը հետաքրքիր հայացքներ էին նետում նաև իր ուղղությամբ, սակայն ՙՄթնածը՚ գլուխը կախում էր այդ պահերին կամ պարզապես հեռու էր փախչում։ ՙՏղաների հետ՝ ոչ մի շփում։ Դու դեռ շատ փոքր ես նման բաների համար՚, — խստորեն հրահանգել էր մայրը, և աղջիկը կատարում էր մոր պահանջը, թեև իր հասունացող մարմինը և ձևավորվող կանացի ներքին աշխարհը ըմբոստանում էին դրա դեմ։
Էմմայի կյանքում միայն մի աննշան դեպք եղավ, երբ նա բաց աչքերով և սրտի թրթիռով ընդունեց տղայի վերաբերմունքը իր նկատմամբ, երբ նա չվախեցավ, այլ նույնիսկ պատրաստ էր բռնելու այդ տղայի ձեռքը և խնդրելու, որ նա էլի խոսի և մի քիչ էլ մնա։
Վերջին զանգից մեկ օր առաջ էր։ Մայրը տանն էր։ Նա արդեն շատ էր տկարացել և հերթական անգամ աշխատանքի չէր գնացել։ Էմման ննջարանում պառկած մորը դեղ էր տալիս, երբ հնչեց դռան զանգը։ Աղջիկը ցնցվեց։ Այնքա՛ն հազվադեպ էին իրենց դուռը թակում կամ զանգը տալիս։ Մայրը պահանջեց, որ դուռը բաց անի միայն ծանոթ մարդ լինելու դեպքում։ Էմման դիտանցքից նայեց և տեսավ իրենց վերևի հարևան Աշոտին։ Աղջիկը մի պահ վարանեց, սակայն ի վերջո բացեց դուռը։ Նա սաստիկ զարմացած էր։
— Բարև, Էմմա՜։
— Բարև, Աշո՜տ։
Աշոտը էլ ոչինչ չասաց, միայն սկսեց տխուր հայացքով նայել աղջկան։ Անհարմար լռություն տիրեց։
— Աշո՜տ,- ինչ-որ բան է եղել, — արդեն անհանգիստ հարցրեց Էմման։
— Չէ, ես…ուղղակի, — արտաբերեց տղան և կրկին լռեց։
— Ուզում ես, նե՜րս արի, — իր համար էլ անսպասելի մեղմ տոնով ասաց աղջիկը։
— Էմմա՜, — խուլ ձայով ասաց Աշոտը, — կներես ինձ։
— Ինչի՞ համար, — զարմացած հարցրեց Էմման։
— Դու լավ մարդ ես, — ասաց տղան, հետո անբնական ժպտաց և կտրուկ շուռ գալով՝ հեռացավ։
Էմման պարզապես քարացել էր շեմքին։ Նա նույնիսկ չէր լսում մոր անդադար կանչերը։
Նա հասկացավ, որ այսքան տարիներ ինքը անչափ, անհեթեթության աստիճանի սխալ է եղել։ Ներսը համակած բուռն մի զգացումով դուռը փակեց, մոր կողքով սլացավ պատշգամբ և խորդանոցից դուրս բերեց իր բոլոր տիկնիկները։ հետո մոլեգնությամբ սկսեց բոլորին հաշմել։ Պոկում էր ձեռքերը, ոտքերը և գլուխները։ Հետո անդամահատված տիկնիկների մարմնի մասերը գցեց ոտքերի տակ և սկսեց տրորել, ջարդել, փչացնել դրանք։ Մայրը անկողնուց վեր էր կացել, մոտեցել աղջկան և զարհուրած նայում էր, թե ինչ է անում իր աղջիկը։ Եվ հանկարծ ամեն ինչ հասկացավ… Երբ Էմման գրեթե վերջացրել էր ՙջարդը՚, քրտնաթոր շուռ եկավ։ Մայրը լռությամբ, դողդոջուն ձեռքերով գրկեց իր թանկագին, իր միակ դստերը։ Երկուսով անխոս լաց եղան…
…ՙԷս ի՞նչ արեցիր, մա՜մ ջան։ Հիմա ես ո՞նց եմ ապրելու՚, — հուսակտուր թառանչեց դժբախտ աղջիկը։ Նայեց պատին փակցված իրենց ընտանեկան լուսանկարին, որտեղ երեքով էին՝ երջանիկ ժպիտով ողողված ծնողները և ինքը՝ հոր գրկին նստած։ Էմման ճչաց աննկարագրելի ցավից և ցանկացավ ոչնչացնել այդ լուսավոր պատկերը, սակայն ինչ-որ բան հետ պահեց նրան։ Իսկ ինչո՞վ են մեղավոր իր ծնողները։ Ոչնչով։ Պարզապես իրենք երեքն էլ ոչ թե բախտավոր, այլ անիծված աստղի տակ են ծնվել։
Հիշեց մոր վերջին խոսքերը, որ նա ասաց մահվանից առաջ.ՙԱղջի՜կս, մո՜տ արի։ Ես զգում եմ, որ րոպեներս արդեն հաշված են։ Մարմինս համարյա չեմ զգում, օդ էլ չկա…Ես ու հայրդ երջանիկ ենք եղել։ Յոթ տարեկանից մենք ճանաչել ու սիրել ենք իրար։ Մանկատունը մեզ համար ոչ դժոխք է եղել, ոչ դրախտ։ Մենք շատ խելոք էինք, բոլորի հետ համերաշխ, և մեզ ոչ ոք չէր նեղացնում։ Միայն թե… համարյա միշտ քաղց էինք զգում։ Բայց երբեք ուտելու ցանկությունը ինձ ու հորդ գող ու խաբեբա չդարձրեց, ինչպես մեզանից շատ-շատերին։ Այդպես կիսաքաղց մեծացանք և մաքուր մնացինք։ Թերսնումն էլ երևի քայքայեց մեր առողջությունը։ երեք հարյուր գրամ արյան կորստին չդիմացավ հորդ փխրուն սիրտը, հիմա էլ ես եմ ոտքերս տնկում…Խնդրում եմ, աղջի՜կս, հիմա մի՜ լացիր. ուժերս հատնում եմ, թող խոսեմ։ …Էս տունը Աստծո պարգևն է, որ էսքան տարի պահեց ինձ ու քեզ։ Բայց հիմա սա կարող է քեզ վնասել։ Էմմա՜, վաճառի՜ր էս բնակարանը ու հեռացի՜ր էստեղից։ Թե չէ դու չես փրկվի։ Քեզ կուտեն ուղղակի։ Ախր դու շատ սիրուն ես, իմ անգի՜ն աղջիկ։ Էդ քո միշտ մռայլ դեմքն է քեզ փրկել, քո չխնամված տեսքը…Ցավդ տանեմ, լսի՜ր մորդ, չապրես էս տանը…՚, — նա այլևս չկարողացավ շարունակել, կորցրեց գիտակցությունը և մի երկու ժամից հոգին ավանդեց։
Էմման մոտեցավ միջանցքում դրված մեծ հայելուն և նայեց։ Մայրը ճիշտ էր. ինքը գեղեցիկ աչքեր ունի, իսկ երբ ժպտում է, իսկապես հմայիչ հրեշտակի է նմանվում։ Այո՜, ինքը խնամված տեսք չունի, երբեք դրա մասին չի էլ մտածել։ Եվ հանկարծ սիրտը սոսկալի ծակեց։ Հիշեց, թե ինչպես առավոտյան պատուհանից տեսավ Աշոտին և նրա ընկերուհուն։
Այդ աղջկան չէր ճանաչում, սակայն վստահ էր, որ համալսարանում միասին են սովորում։
Աշոտն իրենից երկու տարով մեծ էր, ու երևի արդեն վերջին կուրսում էր։ նրանք միասին նստեցին Աշոտի մեքենան և գնացին։ Այն ժամանակ Էմման պարզապես բթացած նայում էր, իսկ հիմա սկսեց շնչահեղձ լինել։ Ինչո՞ւ, ո՞վ է Աշոտը իր համար։ Երեխա ժամանակ ծաղրում էր և ծիծաղում վրան։ Հետո՞ ինչ, որ մի անգամ ասպետի պես պահեց իրեն։ Նա ուղղակի գիտակցել էր իր սխալը, և ուրիշ ոչինչ։
ՙՎաճառի՜ր էս տունը՚, — գլխում կրկին հնչեցին մոր անգութ խոսքերը։ Հետո էլի Աշոտին ու նրա ծիծաղող ընկերուհուն հիշեց։ Մտքերը խառնվեցին իրար, և նորից շունչը սկսեց կտրվել։ ՙԵս գիտեմ՝ ինչ կանեմ՚, — հանկարծ ինքն իրեն վճռական շեշտով ասաց աղջիկը, հնամաշ վերարկուն գցեց վրան և դուրս եկավ տնից…
* * *
Ապրիլի մեկն էր։ Արևոտ հրաշալի օր էր։ Ողջ գիշեր անձրև էր տեղացել, և հիմա քաղաքը շնչում էր գարնան հաճելի զովությամբ։ Երբ համալսարանում հնչեց վերջին դասի զանգը, Աշոտը աննկատ դուրս ճողոպրեց լսարանից։ Նա գրեթե վազելով աստիճաններով իջավ ներքև և շարժվեց դեպի կայանատեղի։ ՙՄիայն թե Մելանը հետևիցս չհասնի։ Գիտեմ, որ հիմա աջ ու ձախ ինձ է փնտրում՚, — մտածեց նա՝ դեռ հևալով արագ ընթացքից։ Հասավ իր մեքենային, որը բարեբախտաբար այսօր թակարդի մեջ չէր, դուռը բաց արեց, շտապ նստեց ղեկին և միացրեց շարժիչը։ Երբ դուրս եկավ մայրուղի, շունչը տեղը բերեց և մի փոքր հանգստացավ։ Արդեն մի քանի վայրկյանից հեռախոսը զնգաց, և Աշոտը առանց նայելու էլ գիտեր, որ դա Մելանյան է։ Հեռախոսը դրեց ականջին և փորձեց կարճ կապել։
— Մելա՜ն, կներես, էսօր ինձ լավ չեմ զգում։
— Ես ուզում եմ, որ մենք խոսենք ու հենց հիմա, — զայրացած խոսեց աղջիկը։
— Վաղը կզրուցենք։ Ես գնում եմ տուն. ուզում եմ մի քիչ պառկեմ հանգստանամ։ Գիշերը շատ վատ եմ քնել։
— Դու երևի մոռացել ես, թե ինչ ես խոսք տվել ինձ կանանց միամսյակին։ Հա՞, մոռացե՞լ ես։ Դու խոստացար, որ կկատարես իմ բոլոր ցանկությունները, միշտ կողքիս կլինես, եթե ես ցանկանամ։
Աշոտը սաստիկ վրդովվեց։ Նա այդպիսի խոստումներ չէր տվել, միայն ասել էր, որ այս մեկ ամսում նրա հետ չի կռվի և պատրաստ է հետը գոնե մեկ անգամ համերգ կամ թատրոն գնալ։Եվ այդ խոստումները իրականում աղջկա պահանջներն էին, որոնց Աշոտը նրբանկատորեն չէր առարկել։
— Աշո՜տ, ինչո՞ւ ես լռում։
— Մելա՜ն, ես հիմա կատարում եմ քեզ իսկապես տված խոստումս, այսինքն՝ չեմ կռվում քեզ հետ։ Բայց եթե դու շարունակես նոր ստեր հորինել, ես պարզապես անհասանելի կդառնամ քեզ համար։
— Ա՜շ. կներես. ես կատակ արեցի։ Իսկ գոնե ինձ լսել կարո՞ղ ես։
— Իհարկե, կարող եմ. ասա՜։
Մի պահ լռություն տիրեց, հետո լսվեց աղջկա ընդհատ շնչառությունը։
Ա՜շ, — մի տեսակ սուր ձայնով արտաբերեց նա, -Էս միջանկյալներից հետո մենք ընտանիքով մեկնում ենք Իտալիա՝ Միլան։ Մերոնք սրտանց քեզ հրավիրում են։ Խնդրում եմ՝ չմերժես ու ծախսի մասին էլ չմտահոգվես։
Աշոտը անակնկալի չեկավ և ոչ էլ շոյվեց Մելանյայի առաջարկից։ Նա սարսափելի զղջում էր, որ այնքա՛ն էր մտերմացել այս օրիորդի հետ, որ ակամայից նրա ենթական էր դարձել։
Մելանյան հարուստ ընտանիքից էր, սակայն ինքն էլ աղքատ չէր, և աղջկա ճոխ հագուկապը, ֆինանսական հնարավորությունները բացարձակապես չէին հուզում իրեն։
Այս աղջիկը ձանձրացնում էր Աշոտին իր տգիտությամբ, իր տափակ ու գռեհիկ կատակներով։ Նա արդեն ավարտում էր կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, սակայն առաջին դասարանցին նրանից ավելի լավ համակարգիչ գիտեր։ Նրանք նույն խմբում էին հայտնվել, և Աշոտը Մելանյային օգնում էր հենց առաջին օրվանից, սակայն դա անում էր զուտ ընկերաբար և որևէ անձնական հետաքրքրություն չէր ցուցաբերում նրա նկատմամբ։ Հասկանալով, որ ինքը իսկական ծուղակն է ընկնում և այնտեղից կարող է դուրս չգալ, Աշոտը որոշեց հարցը լուծել միանգամից՝ Ալեքսանդրի պես անխնա կտրելով ավելի խճճվող գորդյան հանգույցը։ Դեռ առավոտյան, երբ աղջիկը իբր հենց այնպես եկել էր իրենց տուն, Աշոտը զգաց, որ կոկորդին վզափոկ է գցվում։ Դեռ այդ ժամանակ նա որոշեց փոխել իրենց հարաբերությունների ընթացքը, և հիմա դա իրագործելու ճշմարիտ պահն էր։
Մելանյան այդ երկար լռությունը արդեն համաձայնության նշան էր համարում, երբ լսվեց Աշոտի ձայնը։
— Մելա՜ն, կներես, բայց ես անձնական գործեր ունեմ էս քանի օրը։
— Իի՞նչ, ո՞ւմ հետ ունես անձնական գործեր, — խզված ձայնով հարցրեց աղջիկը։
— Շուտով կիմանաս։ Իսկ հիմա կներես՝ շատ վտանգավոր երթևեկություն է, հեռախոսը պիտի անջատեմ։
Ասաց և պատասխանի չսպասելով հեռախոսը լրիվ անջատեց։
Աշոտը մռայլվեց, տրամադրությունը ընկավ։ Սակայն պատճառը կուրսընկերուհու հետ ունեցած խոսակցությունը չէր։ Այս գիշեր նա մի տարօրինակ մղձավանջային երազ էր տեսել։ Լեռների գրկով անցնող մի հրաշալի ճանապարհով սլանում էր իր մեքենայով։ կողքից մի լայնահուն գետ էր ձգվում, որը, ըստ ամենայի բավականաչափ խորն էր։ Աշոտը շշմել էր։ Մի՞թե Հայաստանում այսպիսի մեծ գետ կա։ Սակայն իրեն շրջապատող բնությունը այնքան գեղատեսիլ էր, լեռները այնքան վեհ, որ նա չխորացավ այդ հարցի պատասխանի մեջ։ Հանկարծ ինչ-որ սրտաճմլիկ ձայներ հասան ականջին։ Աշոտը արգելակեց մեքենան և սարսռաց։ ՙԱշո՜տ, փրկի՜ր ինձ՚, — կանչում էր մի կանացի ձայն։ Աշոտը դուրս թռավ մեքենայից և վազեց դեպի գետը։ Ափն ամայի էր, մարդկային ոչ մի շունչ։ Աշոտը վախվորած առաջացավ դեպի գետը և սարսափահար ճչաց։ Հենց իր դիմաց՝ գետի խորքում, ձեռքերը անօգնական տարածած մի աղջկա տեսավ։ Դեմքը ծանոթ չէր, ավելի ճիշտ՝ աչքերը փակ էին, և նա չկարողացավ ճանաչել ջրահեղձ անծանոթուհուն։ Տղան մի որոշ ժամանակ քարացած նայում էր զուլալ ջրի մեջ պարզ երևացող աղջկա դիմագծերին, հետո շուռ եկավ և վհատ քայլերով գնաց դեպի իր մեքենան։ Շարժիչը միացրեց և փորձեց սրընթաց պոկվել տեղից, որպեսզի հնարավորինս շուտ փախչեր այս սարսափելի վայրից։ Եվ հանկարծ հայելու պես ուղիղ հարթ ճանապարհը սկսեց զառիվեր դառնալ։ Աշոտը մեքենայի արագությունը հասցրեց առավելագույնի, սակայն ճանապարհը կայծակնային արագությամբ վերածվեց ուղղահայաց մի անվերջանալի բարձունքի, որը հաղթահարել հնարավոր չէր նույնիսկ երազի մեջ։ Աշոտը սփրթնած դուրս եկավ մեքենայից և սկսեց վազել հակառակ ուղղությամբ։ Մինչ նա կհասցներ օգնություն կանչել, ճանապարհը սկսեց թեքվել մի կողմի վրա՝ գետի ուղղությամբ։ Տղան հասկացավ, որ իր վերջը եկել է։ Նա ժամանակ չունեցավ անգամ որևէ նոր բան մտածել և մի ակնթարթ անց հայտնվեց սառը գետի մեջ։ Ջուրը լցվեց նրա կոկորդը, թոքերը, և Աշոտը գիտակցությունը կորցրեց։
…Հասնելով Կիևյան կամրջին՝ Աշոտը մարդկանց մի խումբ նկատեց, որ հավաքվել էր կամրջի հենաճաղի մոտ։ ՙՏեսնես ո՞վ է փորձում կյանքին վերջ տալ՚, — մտածեց նա՝ գլխի ընկնելով, թե ինչ է կատարվում։ Ճանապարհը վերահսկող ոստիկանը ձեռքի շարժումով հասկացրեց, որ մեքենայի ընթացքը չդանդաղեցնի և արագ առաջ գնա։ Աշոտը ենթարկվեց. ամենևին ցանկություն չուներ տեսնելու ինքնասպանություն գործողի դեմքը կամ մանրամասներ լսելու արդեն կատարված ինքնասպանության մասին։ Արդեն թեքվում էր դեպի Հալաբյան, երբ թիկունքից անչափ ծանոթ մի ձայն լսեց.
— Հեռո՜ւ գնացեք, չմոտենաք։ Շատ եմ խնդրում։
Աշոտը սահմռկեց։ Դա իրենց հարևան Էմմայի ձայնն էր։ Տեղնուտեղը կանգնեցրեց մեքենան և հետ վազեց։ Երբ մոտեցավ խռնված բազմությանը, համոզվեց, որ հենաճաղի մյուս կողմում՝ անդունդի եզրին, իսկապես Էմման էր։ Վայրկենապես կարողացավ ճեղքել հավաքվածների շղթան և ընդհուպ մոտենալ աղջկան։ Շուռ գալով՝ անհաստատ ձայնով ասաց.
— Իմ ընկերուհին է, ես նրան կօգնեմ։ Միայն խնդրում եմ ինձ չխանգարեք։
Ոչ ոք չխոսեց։ Բոլոր հավաքվածները առանց այն էլ լուռ էին։ Նրանք վախենում էին որևէ բան ասել, որ աղջիկը հանկարծ չկատարի ճակատագրական քայլը։ Նույնիսկ աղջկան փրկել փորձող ոստիկանը չառարկեց և մի փոքր հետ քաշվեց՝ աչքերը սրությամբ սևեռելով Աշոտի վրա։
Էմմայի՝ ճաղին հենված ձեռքը վտանգավոր կերպով դողդողաց, երբ նա իր առջև տեսավ Աշոտին, ում հոգու խորքում նույնպես մեղավոր էր համարում իր այս խելահեղ արարքի համար։
— Աշո՜տ – ճչաց աղջիկը, — ո՞վ է քեզ կանչել։ Դու իրավունք չունես իմ կյանքին խառնվելու։
Դու ինձ օտար ես, դու թշնամի ես։
Ոստիկանը սկսեց կասկածել, որ կոկիկ հագնված բարետես այս տղան ցնորված աղջկա ընկերն է, բայց նրանց ծանոթ լինելը ստիպեց չմտածված գործուղությունների չդիմել։
Աշոտը մի պահ կարկամեց։ ՙՏեր Աստված, որքա՛ն գեղեցիկն է։Բայց ոնց փրկեմ՚։ Զգաց, թե ինչպես կոկորդը բռնվեց, ինրպես աչքերը լցվեցին։ Հավաքված կանայք ու տղամարդիկ լարված հետաքրքրությամբ նայում էին նրան և շունչները պահած սպասում։
— Էմմա՜, ես քեզ սիրում եմ, — հանկարծ լսվեց Աշոտի թրթռացող ձայնը։
Ի՞նչ, — ականջներին չհավատաց աղջիկը։ Նրա ձեռքը թուլացավ, և ճաղը բաց թողեց։ Կգահավիժեր ներքև, եթե Աշոտը մի ոստյունով չհասներ նրան և չբռներ բարալիկ թևը։
— Սուտ ես ասում։ Գոհ եմ քո մեծահոգությունից։ Խնդրում եմ, թող հանգիստ մեռնեմ։
— Էմմա, ես չեմ խաբում։ Ես քեզ սիրում եմ ու շատ վաղուց։ Եթե դու ուզում ես մեռնել, ես կգամ քո հետևից։ Բայց արի՜ ապրենք…երկուսով։
— Ի՞նչ, երկուսո՞վ։ Դու կամուսնանա՞ս ինձ հետ, — Էմման սևեռուն նայեց Աշոտի աչքերի մեջ՝ թույլ տալով, որ նա իր մեջքը ավելի ամուր գրկի։
— Հա՜, կամուսնանամ։ Մի վայրկյան անգամ չկասկածես
-Ստում ես, — մոլեգնած ճչաց աղջիկը,- դու արդեն հարսնացու ունես։ Ես էսօր առավոտը տեսել եմ։ Թո՜ղ ինձ։
— Չէ՜, Էմ ջան, էդ աղջիկը իմ կուրսեցին ա ու ոչ ավելին։ Ես քեզ եմ սիրում և ուզում եմ, որ դո՜ւ իմը լինես, հավիտյան։
Էմման նոր նկատեց, որ Աշոտի դեմքին արցունքի կաթիլներ կան։ Սիրտը գնաց եկավ և ինքնաբերաբար փաթաթվելով նրան՝ բարձրաձայն փղձկաց։ Հետո գլուխը բարձրացնելով՝ ասաց դողդոջուն ձայնով.
— Տա՜ր ինձ այստեղից, ես վախենում եմ ընկնել։
Ոստիկանը շտապ մոտեցավ, և Աշոտի հետ միասին Էմմային բարձրացրին և իջեցրին ամուր և անվտանգ գետնին։ Հավաքվածներից մի տարեց կին մոտեցավ և հուզված ձայնով Աշոտին ասաց.
— Տղա՜ ջան, չխաբես էս խեղճ երեխուն։ Հալալ կաթ կերած աղջիկ ա երևում։ Ասում էր, որ լրիվ որբ ա. տա՜ր ու տիրությո՜ւն արա. քեզ մեղքի տակ մի՜ գցիր։։
— Մայրի՜կ ջան, ես էս լավ աղջկան սիրում եմ դեռ մանկուց, և դեռ էն ժամանակ գիտեի, որ վաղ թե ուշ մենք միասին ենք լինելու։
Աշոտը չլսեց կնոջ պատասխանը, չլսեց մյուս հավաքվածների փսփսոցը։ Նա ձեռքերի վրա առավ համարյա ուշագնաց աղջկան և քայլեց դեպի իր մեքենան։ Բարեսիրտ ոստիկանը ՙմոռացավ՚, որ պետք էր բաժին գնալ և դեպքի վերաբերյալ արձանագրություն կազմել։ Նա հավաքվածներին խնդրեց ցրվել և պարեկային մեքենան նստելով՝ գործընկերոջ հետ հեռացավ ՙդեպքի վայրից՚։
Երբ արդեն մեքենայի մեջ էին, Էմման սարսափած հետ քաշվեց։ Նա մեկեն սթափվեց կատարվածից և կարմրատակած գլուխը կախեց։ Հետո կտրուկ դուռը բացեց և ուզում էր փախչել, սակայն Աշոտը ամուր բռնեց ձեռքից։
— Ի՜նչ ես անում, էլի գժվեցի՞ր։
— Աշո՜տ, թո՜ղ, — պաղ ձայնով ասաց Էմման, — հավատացնում էմ, որ էլ տենց բան չեմ անի։ Շատ շնորհակալ եմ քեզնից ինձ փրկելու համար, բայց ես ոտքով կգնամ։
— Ես քեզ չեմ թողնի։ Բայց…ես կարծում էի դու ուրիշ ես, տարբերվում ես մյուս աղջիկներից։
Կամ էլ… երևի դու սիրած տղա ունես։
Էմման կրկին թուլացավ։ Լացակումած ձայնով ասաց.
— Ի՞՜նչ սիրած տղա։ Ես լրիվ մենակ եմ աշխարհում։ Հասկացի՜ր, ես ու դու շատ տարբեր ենք, ու մենք չենք կարող միասին լինել։
— Ինչո՞ւ։
— Բոլորը մինչև հիմա ծիծաղում են վրաս ու արհամարհում են ինձ, — Էմման ավելի խորը կարմրեց և կրկին գլուխը կախեց։ — Դու չես կարող ուրիշների, հատկապես քո հարազատների կարծիքը հաշվի չառնել։ Դու ուրիշ շրջապատի մարդ ես, չնայած տարբերվում ես բոլորից։ Ես դա զգում եմ։ Բայց դա ոչինչ չի փոխում։
Աղջկա ձայնը կրկին ջերմ էր, և դա հանգստացրեց Աշոտին։ Նա ձեռքերի մեջ առավ սիրելիի վառվող այտերը և նայեց զուլալ աչքերի մեջ։ Հասկացավ, որ նա արդեն լիովին նվիրվեց, հանձնվեց իրեն և պատրաստ էր իր հետ գնալու թեկուզ դեպի դժոխք։ Հասկացավ, որ ոչ թե ինքն է նրան անսահման սիրում, այլ նա իրեն։ Եվ հիշեց, թե ինչպես էր Էմման իրեն միշտ նայում, երբ տեսնում էր։ Նրա աչքերում ասես արև էր ճառագում, ասես երկինք էր բացվում։ Իսկ Աշոտը ամոթից այրվում էր, որ երեխա ժամանակ ձեռ էր առնում նրան։ Այդ այրող ներքին ամոթն էլ ստիպեց, որ մի օր գնա նրանց տուն և ներողություն խնդրի։ Եվ հենց այդ ժամանակ էլ տղայի սիրտը աննկատ սողոսկեց անբացատրելի զգացմունքը։ Սակայն, որքան էլ տարօրինակ է,դրանից հետո երկու տարի չէր տեսել աղջկան, չէր փորձել կրկին հանդիպել։ Լիովին թաղվել էր ուսանողական կյանքի մեջ, ուշք ու միտքը տվել էր Մելանյայի նման անպետքությանը ու մոռացել նրան, ում համար ինքը միակն էր աշխարհում։ Աշոտը ցնցվեց։ Ո՜չ, ինքը չի փրկել Էմմային։ Նա է իրեն փրկել, դուրս կորզել քաղքենիական շքեղությունից և տանում է իր հետ դեպի մաքուր օդը Դրա ապացույցը նաև իր տեսած երազն է, որի իմաստը հիմա Աշոտը միանգամայն նորովի ընկալեց։ Այն սառցաջուր գետը, որի մեջ ինքը ընկղմվեց, իրականում ոչ թե սպանեց, այլ փրկեց իրեն։ Իսկ ջրահեղձը հենց Էմման էր, որ թույլ չտվեց իրեն գնալ դեպի կործանում։ Իսկ եթե անտարբեր գտնվե՞ր անդունդի եզրին կանգնած աղջկա կանչին, հիմա տա՞նը կլիներ՝ փափուկ բազկաթոռի մեջ փռված , թե՞ լողավազանում ընկերների հետ գարեջուր խմելիս։ Ու եթե Էմմային չփրկեին, հետո ի՞նչ էր լինելու իր հետ, ինչպե՞ս էր ապրելու։ Աշոտի սիրտը կանգնեց։ Գիտեր, թե ինչ էր լինելու։Մեքենայով սլանալու էր այն ողորկ, անթերի ճանապարհով, հաղթահարելու էր զառիվերը և բարձունքից գահավիժելու էր ցած… Էմման գլուխը հենել էր տղայի կրծքին, համբերատար սպասում էր և հավատով ժպտում։
Աշոտը բուռն զգացմունքով գրկեց աղջկան և խոսեց մեղմ և համոզիչ ձայնով.
— Եթե նույնիսկ դու ճիշտ ես, միևնույնն է, ես քեզ չեմ թողնի։ Ես սիրում եմ իմ ծնողներին և իմ քույրերին, սակայն դու ես իմ երկրորդ կեսը, ու առանց քեզ ես արդեն չեմ պատկերացնում ո՜չ իմ ներկան, ո՜չ իմ վաղվա օրը և ո՜չ էլ մնացած ողջ կյանքս։ Եթե նրանք դեմ լինեն իմ ընտրությանը, մենք կապրենք քո տանը կամ կվաճառենք այն ու կհեռանանք ուրիշ մի տեղ, որտեղ մեզ ոչ ոք չի խանգարի… Եթե, իհարկե, դու համաձայն ես։
Էմման քարացավ տեղում. իր սիրելի մայրը ճիշտ էր, իր սիրելի մայրը տեսնում էր միակ դստեր ապագան և փաստորեն օրհնեց իրեն մահվանից առաջ։ Նա ամուր փաթաթվեց աշխարհում իր միակ հարազատին և նվաղկոտ ձայնով ասաց.
— Սիրելի՜ս, ես համաձայն եմ և հավատում եմ քեզ։ Կանենք այնպես, ինչպես դու կասես։
Աշոտը զգաց, թե ինչպես երջանկության ալիքը ողողեց իրեն ոտքից գլուխ։ Նա դեռ չգիտեր, թե ինչպիսի անողոք ու երկարատև պայքար է իրենց սպասվում, սակայն գիտեր, որ եթե սիրած էակը հանկարծ սայթաքեր և անդունդը ընկներ, ինքը անվարան գնալու էր նրա ետևից։
15-19. 08. 2017
Վերջին մեկնաբանություններ