«

»

Դեկ 20 2018

Տպել Գրառում

Վարդինե Իսահակյան | Ա Ր Ա Մ Ը

48404498_362659640958729_6217680015316746240_n

Արամը մեր դասարանում էր սովորում: Հագնվում էր պարզ, անպաճույճ. ձմռանը բրդե դարչնագույն սվիտեր էր հագնում և նույնպիսի կիպ շալվար, որոնք մայրն էր գործում: Դիմագծերն էլ նույնքան պարզ էին՝ թուխ մաշկ ուներ, կանոնավոր փոքր քիթ… Քիչ էր խոսում, հայացքի անբասիր, բարի արտահայտությամբ միշտ լսում էր բոլորին:

Ապրում էին մայր ու որդի նույնքան պարզ, համեստ կենցաղով փայտե կիսախարխուլ տնակում: Երբեք չէինք լսել Արամի հոր մասին՝ որտեղ էր, ինչով էր զբաղվում:

Մենք 4-րդ դասարանում էինք սովորում, երբ սկսվեց պատերազմը: Դասարանում ընդամենը հինգ հոգի էինք մնացել, ամեն առավոտ Արամը մոր հետ դպրոց էր գալիս ավելի վաղ՝ ձեռքերը կապտած, մի կտոր հաց ու պանիր ուտելով: Մայրը՝ Արփիկը, մեր դպրոցի հավաքարարն էր ու ինձ խնդրում էր տնային աշխատանքներս տամ Արամին, որպեսզի մի փոքր արտագրի:

Ես դասարանի գերազանցիկի չկամությամբ իմ՝ ժամերով կատարած աշխատանքը զիջում էի ինձանից ցածրահասակ դասընկերոջս ու մտածում, որ գուցե վաղը տնային աշխատանքները կատարած գա դասի: Ես խղճում էի նրան, երբ ամուսնուն առաջնագիծ հերթապահության ճանապարհած անհաճո դեմքով ուսուցչուհին ամեն անգամ զայրույթը թափում էր Արամի գլխին՝ ցուցափայտով խփելով նրան, իսկ Արամը, ձեռքերով գլուխը ծածկելով, պաշտպանվում էր…

Ու այդպես անցնում էին հրետակոծությունների վտանգի ներքո մեր դպրոցական օրերը, տագնապի ազդարարման դեպքում վազելով իջնում էինք աստիճանահարթակի տակ մեզ համար պատրաստված «ապաստարանը»: Մենք արդեն սովորել էինք կրակոցների ձայնին, դա մեր առօրյան էր, մենք քաջ երեխաներ էինք… Համենայն դեպս, մենք այդպես էինք կարծում:

Վրա հասավ ձմեռը, ձյունն իր ճերմակ սավանով ծածկեց մեր գյուղը՝ կարծես իր հետ լռեցնելով նաև կրակոցները… Մոտենում էր Ամանորը, մենք երազում էինք առանց կրակոցի նոր տարին դիմավորելու մասին…

Սակայն Ամանորի նախաշեմին արթնացանք ու լսեցինք մի բոթ, որով հօդս ցնդեց մեր՝ քաջ ու անվախ երեխաներ լինելու համոզմունքը: Մեզ ասացին, որ ադրբեջանցիները ադամամութին գաղտագողի գյուղ էին մտել և խոշտանգել խաղաղ քնած բնակչությանը: Կանանց մեծ մասն այդ օրը Ամանորի գաթայի խմորը հունցել ու հոգնած քնել էր, մյուսներն էլ տոլման փաթաթել ու այդպես էլ ննջել էին վառարանի կողքին…

Այդ արյունալի օրը երբ մութն ընկավ, ապաստարաններում թաքնված կանանց ու երեխաներին լույսերն անջատած մեծ մեքենաներով անտառով տեղափոխեցին հարևան գյուղ: Երբ տեղ հասանք, մեզ հյուրընկալեցին անծանոթ գյուղացիներ, մենք քաղցած էինք ու վախեցած: Նրանք մեծ, անհատակ թվացող կաթսաների մեջ խաշած կարտոֆիլ ու ամբարներում մնացած գարու ալյուրից թխած մի քանի օրվա սև բարակ հաց հրամցրին մեզ… Դա իմ հիշողություններում մնաց որպես պատերազմի հացը…

Պատմում էին, որ ադրբեջանցիները և ռուս վարձկանները գյուղի սկզբնամասում խոշտանգել են կանանց, ծեր մարդկանց, ովքեր հրաժարվել էին իրենց տունը լքել ու փախչել: Ես ակամա մտածեցի մեր դասարանի Արամի ու իր մոր մասին, նրանց փայտե կիսախարխուլ տնակը հայ ադրբեջանական սահմանագծից այս կողմ առաջին տնակն էր: Իմ մանկական պատրերացումներում երբեք չտեղավորվեց այն, ինչ ես լսեցի այդ օրվա ծավալված արյունալի բախումների ավարտից հետո, երբ ամեն բան խաղաղվել էր, բոլորն իրենց կորուստներն էին սգում՝ մարդկային թե նյութական, ոմանք էլ մարտի դաշտից ողջ վերադարձած որդիներին էին գրկում արտասուքով և ուրախությամբ: Սակայն մեր դասարանի Արամն ու իր մայրը, որ այդ գյուղում ոչ մի հարազատ չունեին, այդպես էլ չհայտնվեցին…

Մեր դասարանի Արամին ու իր մորը թուրքերը տարել էին…

Ես ողջ գիշեր դառնաղի արտասվեցի մեր դասարանի Արամի համար՝ պատկերացնելով՝ ոնց են կտտանքի ենթարկում նրան ու նրա պարզ, բարի, աշխարհի չարն ու բարին դեռևս չճաշակած աչքերից արտացոլվող անթաքույց վախը։

Ամիսներ անց, երբ հարաբերական խաղաղություն էր, մեր գյուղի մի քանի ուսյալ մարդիկ դիմեցին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, անհետ կորածների ցանկում Արամին ու մորը գտնելու մի թաքուն հույսով, սակայն նրանց հայտնաբերելու բոլորիս սպասումներն ապարդյուն էին:

Այդ օրերից անցել է արդեն քսան և հինգ տարի, բայց ամեն անգամ, երբ հիշում եմ մեր դասարանի Արամի պարզ, բարի հայացքը, ես լուռ արտասվում եմ…

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>