«Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ»
Վիրահայ գրող, բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի նոր ժողովածուն ամփոփում է հեղինակի տպագրված և անտիպ մանկական ստեղծագործությունները: Գրքի առաջին մասում տեղ են գտել բանաստեղծությունները, որոնց հիմքում երեխաների առօրյան է, նրանց կենցաղը, նրանց խոհերVikն ու երազանքները: Գործող հերոսները՝ ես, պապս, տատս, Գագոն, Նանեն, ինչպես նաև ձուկը, երիցուկը, բադը, ամպը, ջրածաղիկը, կռունկը և այլն, կոնկրետ ու վերացական են հավասարապես: Իրավիճակները, որոնցում հայտնվում են «հերոսները», հաճախ խրատական լուծում են ստանում: Այսպես, եթե ուզում ես որ տատդ քեզ գովի, ոչ միայն լավ պիտի երազես, այլ նաև պիտի լավ երազանքներդ իրականություն դարձնես: «Անլուծում» բանաստեղծությունները՝ հոր ու դստեր երկխոսություն կամ բնության այս կամ այն երևույթի, տեսարանի նկարագիր, փոքրիկ առկայծի են նման, երբեմն հիշողության պես անուշ, երբեմն մեր մտքում իրենց շարունակությունը գտնող, կամ ներկայացնելով մի տեսարան, որ գունեղ է գեղանկարչության պես, ինչն ի դեպ հովսեփյանական պոեզիայի հատկանշական գծերից է: Պատահական չէ, որ բանաստեղծն իր ասելիքը նաև նկարներով էր արտահայտում: Գրքի շապիկին հեղինակի կտավներից մեկն է՝ «Դե՛ մտի թթուն» ժողովրդական նախատինքի հիման վրա արված:
Ժողովածուի երկրորդ մասում տեղ են գտել հեքիաթները, որոնց թեման հիմնականում վերցված է բանահյուսությունից, որ Կարնո քաղցրիկ եզերքից Ջավախք աշխարհ տեղափոխված կարոտյալների շուրթերին ապրել ու հասել է կարնեցի-ջավախքցիների յոթերորդ սերնդին՝ իրենց մեջ պահած Սերմանց սարի ու Բյուրակնյայի, Սուրբ Կարապետի ու եդեմական աշխարհի թավ անտառների կարոտը: Խազո տատի շուրթերով փոխանցված ավանդը հայ մանկական գրականության ինքնատիպ էջերից մեկն է՝ բանաստեղծություն դարձած Վիկտոր Հովսեփյանի գրչի տակ:
Մանուկների մասին ու մանուկների համար Վիկտոր Հովսեփյանը գրել է ստեղծագործական վաղ տարիներից: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են «Ծիծեռնակ», «Պիոներ» հանդեսներում, «Պիոներ կանչ» թերթում: 1983 թվականին նա արժանացել է «Պիոներ» ամսագրի լավագույն ստեղծագործողի մրցանակին: Ուշ շրջանի մանկական ստեղծագործություններին հատկանշական է «ցոլքի» փիլիսոփայությունը՝ որպես հավերժական վիճակի նորովի՝ հովսեփյանական ընկալում:
«Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ» ժողովածուն լույս է ընծայել Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանը (գյուղ Հեշտիա, Նինոծմինդայի շրջան, Վրաստան)՝ ՀԱԵ Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի հետ համագործակցությամբ: Տպագրման աշխատանքներն իրականացվել են հեղինակի զավակների՝ Սահակի, Էսմերալդայի, Գիսանեի և Նանեի միջոցներով: Նկարազարդումներն արվել են հեղինակի կողմից: Խմբագիր՝ Ժորա Սնխչյան:
Ժողովածուն հեղինակի թվով 16-րդ գիրքն է, որոնցից 7-ը լույս են տեսել ետմահու:
ԳՈՎԵՍՏ
Գագոն ասաց՝ տա՛տ, ա՛յ տատ,
Գովիր դու ինձ շատ ու շատ,
Մի քիչ էլ որ մեծանամ,
Աստղանավորդ կդառնամ:
Պիտի թռչեմ լուսավառ
Աստղերի մոտ հեռավոր,
Ծիածանից մի պատառ
Բերեմ, անես գլխաշոր,
Մի աստղիկ էլ պսպղուն,
Որ մատանուդ ակ դնես,
Էլ ի՞նչ կուզես, բերեմ տուն,
Էլ ի՞նչ բերեմ, որ գովես…
Տատը ժպտաց՝ Գագիկ ջան,
Լավ մտքեր են թովել քեզ,
Գործդ աչքով երբ տեսնեմ,
Տես ո՜նց կգովեմ ես քեզ:
ՊԱՊՍ
Այո՞, թե՞ ոչ,
Հիսուն տարի, չէ՛, կես դար
Պապս անխոնջ խոհարար է,
Խոհարար:
Խոհարար է նա և ոչ թե թագավոր,
Թագ էլ որ տան,
Չէ՛, չի դառնա թագավոր:
Գոգնոց կապում,
Առնում դանակ ու հեսան,
Ճաշ է եփում իննսունինը տեսակ:
Հարսանիք կա,
Ճաշեր պիտի եփի նա՝
Հագած խալաթ,
Դրած ճերմակ կեպի նա:
— Փչի զուռնա՜…-
Նվագն առավ տուն ու դուռ,
Պարում է նա՝
Ձեռքերին թաս ու շամփուր:
Պարում է նա
Առույգ՝ որպես պարող բոց,
Հետն էլ երգում.
— Աստված ձեզ տա սիրած գործ:
Նա լուսո դեմ
Հարսանիքից տուն կգա,
Երբ ես զարթնեմ,
Բարձիս երեք խնձոր կա:
Երեք խնձոր,
Երեքն էլ թող լինեն ձեզ,
Ես իմ սիրած
Գործն եմ ուզում պապիս պես:
ԱՍԻՆ, ԱՍԱՑ
Ասին, ասին, բադին ասին,
Բադին ասին՝ բադի՜կ, հասի՛ր,
Քո անզգույշ ճուտը, ասին,
Ասին՝ գետը ընկավ, հասի՜ր:
Ասաց բադը, ասաց էսպես,
Ասաց, ասաց՝ վախն իզուր է,
Եթե իմ ճուտն է իսկապես,
Ասաց՝ չի կորցնի ջուրը:
ԿԱՐՄԵՆՆ ՈՒ ԹԻԹԵՌԸ
Կարմենն ասաց՝ մախմուր թիթեռ,
Գնա սարից ծաղիկ ինձ բեր,
Թիթեռն ասաց՝ Կարմեն, արի
Ինձ հետ տանեմ լանջը սարի,
Թե չէ սարում՝ ծաղկունք բազում,
Ի՞նչ իմանամ, որն ես ուզում,
Շուշա՞ն բերեմ, թե՞ անմոռուկ,
Հասմի՞կ կուզես, թե՞ կուժկոտրուկ,
Անթառա՞մ, թե՞ բուրեղ արփիկ,
Մով մանուշակ, թե՞ գինարբիկ,
Կապույտ ուլո՞ւնք, թե՞ երիցուկ,
Գայլաշուշա՞ն, թե՞ օձկաթնուկ,
Նարգի՞զ, թե՞ աղբրանց քուրիկ,
Ծափծափի՞կ, թե՞ համասփյուռիկ…
Կարմենն ասաց՝ հերիք թվես,
Իրոք, լավ է, քեզ հետ գամ ես,
Թիթեռն ասաց՝ կուզե՞ս բերեմ քեզ երկու թև,
Կարմենն ասաց՝ ես շոր ունեմ թիթեռաթև,
Ասաց, հագավ չթե շորն իր թիթեռաթև,
Թիթեռի հետ սարի ճամփով թևեց թեթև:
ՈՒԺԵՂԸ
(ժողովրդական)
Սուրն ասաց՝ ես շատ եմ ուժեղ,
Ժանգն ասաց՝ ես շատ ու շատ եմ ուժեղ,
Յուղն ասաց՝ ես շատ ու շատ ու շատ եմ ուժեղ,
Ու յուղն եղավ թագավոր:
Յուղն ասաց՝ ես շատ եմ ուժեղ,
Մուկն ասաց՝ ես շատ ու շատ եմ ուժեղ,
Կատուն ասաց՝ ես շատ ու շատ ու շատ եմ ուժեղ,
Ու կատուն եղավ թագավոր:
Կատուն ասաց՝ ես շատ եմ ուժեղ,
Շունն ասաց՝ ես շատ ու շատ եմ ուժեղ,
Գայլն ասաց՝ ես շատ ու շատ ու շատ եմ ուժեղ,
Ու գայլն եղավ թագավոր:
Գայլն ասաց՝ ես շատ եմ ուժեղ,
Առյուծն ասաց՝ ես շատ ու շատ եմ ուժեղ,
Որսորդն ասաց՝ ես շատ ու շատ ու շատ եմ ուժեղ,
Ու որսորդն եղավ թագավոր:
Որսորդն ասաց՝ ես շատ եմ ուժեղ,
Որսորդն ասաց՝ ես շատ ու շատ եմ ուժեղ,
Որսորդն ասաց՝ ես շատ ու շատ ու շատ եմ ուժեղ,
Կրկնելով շատ ու շատ ու շատ ու շատ ու շատ ու շատ,
Որսորդն ինքն էլ չիմացավ, թե ինչպես քնեց:
ԱՍԻ՝ ՆԱՆԵ…
Ասի՝ Նանե,
Փոքրիկ Նանե,
Քամին թող գա
Ու քեզ տանե,
Տանե հեռու
Սարերը քեզ…
— Խատուտիկի
Բարձիկի պե՞ս…
ՆԱՄԱԿ ԱՂՎԵՍԻՆ
Իր աղջկան շատ է սիրում
Որսորդ Ալեքսանը,
Միշտ գովում է նրան, գովում
Փողոցում, թե տանը.
— Էլ ո՞վ ունի Նանոյիս պես
Ոսկեդեղին մազեր,
Էլ ո՞վ ունի Նանոյիս պես
Մով-մանուշակ աչքեր…
Նա աղջկան երեկ շոյում
Ու ասում էր այսպես.
— Մարտի ութին ի՞նչ ես ուզում,
Որ նվիրեմ ես քեզ:
— Մարտի ութի՜ն,-Նանոն շիկնեց,-
Մարտի ութին… Ութի՜ն…
Մարտի ութին ուզում եմ ես
Աղվեսիկի մորթին:
Իր աղջկան շատ է սիրում
Որսորդ Ալեքսանը,
Ա՛յ Աղվեսիկ, քեզ եմ գրում,
Իմացի՛ր այս բանը.
Տե՛ս, փափկապոչ, բնից չելնես
Հանկարծ մարտի յոթին,
Թե չէ Նանոն Մարտի ութին
Կունենա քո մորթին:
ՄՈՂԵՍԻ ՊՈՉԻ ՀԵՔԻԱԹԸ
Սարում էինք պապս ու ես,
Հանկարծ պապս ասաց՝ տե՛ս…
Ու ես իսկույն ետ դարձա,
Ի՜նչ… Խորոտիկ մի մողես:
Վրա հասա ու թափով
Պինդ կճմեցի իր պոչից,
Բայց նա փախավ շտապով՝
Պոչի կեսը թողած ինձ:
Մինչ զարմացած ու մոլոր
Կանգնել էի ես շվար,
Ժպտաց պապս. «Ես մի նոր
Հեքիաթ պատմեմ քեզ համար:
Կար ու չկար մի մողես,
Ու ծեր էր իր պապը շատ,
Երգեր գիտեր նա պես-պես,
Հազար զրույց ու խրատ:
Մի անգամ էլ թոռն հանկարծ
Դիմեց իր ծերուկ պապին,
Ասաց՝ քո ամենակարճ
Հեքիաթը դու ինձ պատմիր:
— Քեզ՝ ամենից կարճ հեքիաթ,
Ուզում ես միտքդ պահել.
Թանկ է թեպետ պոչն էլ շատ,
Բայց գլուխը՝ առավել:
Ա՜յ, երբվանից մողեսն այն
Շարունակում է այսպես,
Կտրում է իր պոչն անձայն,
Եթե պոչից իր բռնես…
Որովհետև մողեսն այն
Պապից խրատ է առել.
«Թանկ է պոչիկն էլ, սակայն
Գլուխը՝ թանկ առավել:
Իսկ մողեսի պոչիկն այն
Ով դնի ծոցն ու պահի,
Իր հետ ճամփին անպայման
Մի լավ բան կպատահի»:
ԲՈՒՆ
(ժողովրդական)
Հեքիաթ դարձած հեռու մի օր
Սողոմոնը իմաստնամեծ
Պալատ շինեց մի փառավոր,
Սակայն կինը իր առարկեց.
— Երբ թագուհիդ
Փետուրակերտ պալատ չունի,
Էլ ի՞նչ արժի ոսկե թագդ իմաստունի:
Շատ ազդվեց ներհուն արքան,
Կանչեց ինչքան թռչուն որ կան,
Կանչեց, մոգմամբ փետրահանեց
Ու փետուրե պալատ շինեց:
Երբ թագուհու վիշտը ցրեց,
Մեկը նրան լուր հասցրեց.
— Տեղյակ լինես, ո՜վ իմաստուն,
Հրամանդ չի լսել բուն:
— Կանչե՛ք բուին,-դարձավ խեթեց,
Ու փոքր անց բուն մտավ ներս:
Արքան հեգնող ժպտաց՝ ո՜վ բու,
Հրամանս չես լսել դու…
Արդ քեզ համար եթե թանկ է կյանքիդ գինը,
Պատասխանիր հարցիս՝ այրն է շատ, թե՞ կինը:
Ու բուն այստեղ շատ չխորհեց.
— Կինը շատ է, իմաստնամեծ:
— Լա՛վ մտածիր, տխմար թռչուն…
— Կինը,-կրկին կռնչաց բուն,-
Այրն ու կինը հավասար են,
Սակայն երբ դու կնոջ խոսքով
Փետուրահան արիր այսքան անմեղ թռչուն,
Դրանից ետ, ինձ կներես,
Կին եմ կոչում նաև ես քեզ:
Քունքը քորեց Սողոմոնը.
— Գնա,-ասաց,-կյանքդ քոնն է,
Գնա, սակայն խնդրում եմ քեզ,
Ասածդ էլ չկրկնես:
Հաղթող ժպտաց ու երդվեց բուն,
Թևին տալով թռավ հեռուն,
Որ էլ մարդու չասի ասած իր խոսքերը,
Այն օրվանից ցերեկ քնում,
Դուրս է գալիս գիշերները:
ՓՈՔՐԻԿ ՁԿՆՈՐՍԻ ՀԵՔԻԱԹԸ
— Ձկնիկ, չկաս ու չկաս,
Ախր դու ե՞րբ պիտի գաս,
Սաղրուտո՞ւմ ես, թե՞ խորքում,-
Փոքրիկ ձկնորսն է երգում,-
Անշնորհքիդ ի՞նչ ասեմ,
Ես քեզ ինչքա՞ն սպասեմ,
Ասին՝ գետում զուլալված
Դու մնացել ես քաղցած,
Ես էլ երկար թափառել,
Որդ ու բզեզ եմ ճարել,
Կեր եմ բերել քեզ համար,
Իսկ դու չկաս, ա՛յ հիմար…
Ծիծառն ուզեց, չտվի,
Սարյակն ուզեց, չտվի,
Խորունկ խորքից մեծ քարի,
Դե, շո՛ւտ արա, դուրս արի,
Տար քո որդը, գնամ տուն,
Արդեն եղավ իրիկուն,
Տես, թե քիչ էլ ուշանաս,
Կերթամ, սոված կմնաս…
Վերջին մեկնաբանություններ