«

»

Փետ 05 2019

Տպել Գրառում

Վարդինե Իսահակյան | ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔՈ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ՏԽՈՒՐ

PicsArt_02-05-08.43.03

(Էվա Ադյանի օրագրից          

Ամռան տապին հաջորդել էր աշնան պաղ օդն ու քաղաքի փոշին ասես նվազել էր: Օդի մեջ մոտալուտ ձմռան սառնությունն էր զգացվում։ Հինավուրց քաղաքի անհամաչափ փողոցներն ու ծուռումուռ մայթերը ծածկվել էին ինքնատիպ գունապնակ ունեցող տերևներով: Արևի նվազ ջերմությունը, դառնաշունչ քամին, աշնան տերևաթափը աննկատ տխրություն էին սփռում ամենուր։ Բազմահարկ շենքերից մեկի բակում հին թխկիների դալկացած տերևների խշշոցին համընթաց օրորվում էր խաղահրապարակի գունավոր փայտերից պատրաստված ճոճանակը՝ ճռռռ, ճռռռ, ճռռ… Մի երիտասարդ աղջիկ փարթամ մազերն ուսերին փռած, հայացքը խոնարհած գոգին դրված տերևակույտին՝ ճոճվում էր գլխահակ ու մտքերով դեգերում հեռուներում:

Ճոճանակի ճռճռոցը ժամանակի ու տարածության արագ սլացքով նրան տարավ շատ տարիներ առաջ՝ մանկապարտեզի հին մասնաշենքի բակ, որտեղ գունավոր ճոճանակի վրա նստած, գանգուր մազերն աչքերին թափված փոքրիկ աղջիկն անհանգիստ շուրջն էր նայում՝ ակնկալելով, որ մյուս երեխաների նման իրեն էլ այդ ժամին ծնողները տուն կտանեն: Բայց նկատելով աստիճանաբար դատարկվող բակը, նա սկսեց լաց լինել՝ արցունքները խեղդելով կոկորդում և ճաշակելով դրանց դառնաղի համը…

Աստիճանաբար մութն ընկնում էր, փոքրիկը հանկարծ փողոցում մի տղամարդ նկատելով ու «հայրի˜կ, հայրի˜կ» գոռալով՝ վազեց դեպի անծանոթը: Այդ պահին նա շուրջը չէր նայում, հուսահատ վճռականությամբ վազում էր, միայն թե հայրը նկատեր ու տուն տաներ իրեն: Մեծ արագությամբ հեծանիվով անցնող երիտասարդը, չհասցնելով արգելակել, վրաերթի ենթարկեց փոքրիկ աղջկան: Նրա մանկական հնամաշ պայուսակը հարվածից օդ բարձրացավ աղջիկն անշարժացած մնաց գետնին: Երբ աչքերը բացեց, որքան մեծ  եղավ հիասթափությունը, երբ տեսավ, որ այն անծանոթ տղամարդն, ում հետևից ինքը հևասպառ վազում էր, իր հայրը չէր…

Փոքրիկ այդ աղջիկն, ում մայրն Էվա էր անվանակոչել, անցանկալի ծնունդ էր ծնողների համար: Նա մեծանում էր ատելության ու վախի մթնոլորտում: Նրանց մեծ առաձնատանը մշտապես թևածում էին գերեզմանային լռությունն ու սառնությունը, իսկ երեկոյան երբեմն հայհոյախառն արտահայտություններն ու կանացի ծղրտոցները…

Երբ Էվան մեծանար, իր նոթատետրում պետք է գրի առներ, որ ծնողները հաճախ էին վիճում, մայրը բողոքում էր հոր՝ սիրուհիներ ունենալու փաստից, ինքն էլ իր հերթին մտերմություն անում տարբեր տղամարդկանց հետ: Աղջկա մանկությունը համեմված էր անուրախ օրերի հրամցրած անհամար տխրություններով…Նա յոթ տարեկան էր, երբ մի անգամ ներս մտնելով հյուրասենյակ և լույսը վառելով՝ տեսավ մորը պատշգամբի խավարի մեջ մի տղամարդու ձեռքից բռնած դեպի ստվերը շարժվելիս և զարմացած ձայնեց՝ «հայրի՞կ»…

Ժամեր անց հայրն աղմուկով տուն մտավ ու ալկոհոլի և այլ կանանց դյութանքի ազդեցության ներքո սկսեց հարվածել մորը. Էվան մտածեց, որ հայրը հավանաբար պատժում է մորը այլ տղամարդու ձեռքը բռնելու համար:

Նրանց վեճերի ժամանակ մայրը հաճախ բղավում էր.

-Անիծվեր այն օրը, երբ ամուսնացա քեզ հետ, անիծվեր սրա ծնունդը…

Այդ չարաբաստիկ ամուսնության մեղավորը համարվում էր փոքրիկ Էվան: Եվ  մայրն այնպիսի տոնով էր այդ մասին ասում, որ Էվան իրեն մեղավոր էր զգում և երկար մտածում, թե գուցե երեխաներն իրենք են կամովին ներթափանցում մոր արգանդ ու սաղմնավորվում այնտեղ: Եթե հնարավոր լիներ ընտրել ծնողներին, ինքը կընտրեր բարի ու ակնոցներով հայրիկ, մեղմ ու խելացի մայրիկ:

Միակ մարդն ումից սեր և քնքշանք էր ստանում փոքրիկ Էվան, տատն էր:

«Ինձ համար իսկական տոնի էին վերածվում այն օրերը, երբ տատս ինձ տանում էր իր տուն, վառում քարե վառարանը և թեյնիկը դնում պռնկին: Ես հաճույքով էի ուտում տատիկիս պատրաստած դեղին ոլոռով ճաշը: Տատիկիս փայտե պատշգամբի հին պատուհաններից երևում էր հանդիպակաց մեծ գործարանը, որտեղից դուրս եկող բետոնե լայն խողովակից մառախուղ հիշեցնող միալար ծուխ էր  բարձրանում: Ես կարող էի անվերջ նայել այդ տեսարանին, մինչ հաճելի թմբիրը տարածվեր ուղեղիս վրա ու ես ննջեի պատուհանագոգին կռթնած: Տատիս պատրաստած մեծ անկողինը՝ ճերմակ, փափուկ, ինչպիսին ես երբեք չէի ունեցել, աշխարհի ամենաերանելի քնարանն էր ինձ համար»:

Այդ ամենն Էվան համեմատում էր իրենց տան հետ ու անասելի տխրում էր: Այնտեղ՝ բուխարու մոտ դրված թախտին, մայրը պառկում էր ու փնթփնթում, երբեմն բղավում աղջկա վրա անզգույշ արված ամեն մի շարժման համար: Իսկ նրա հեռախոսային երկարատև խոսակցությունների ընթացքում փոքրիկ Էվան միշտ շարժվում էր զգուշավոր ու վախվորած, որ հանկարծ մոր զայրույթը կրկին իր գլխին չթափվեր:

Նա իր դպրոցական առօրյայից ոչինչ չէր պատմում մորը: Միայն հորն էր երբեմն դիմում մաթեմատիկայի խնդիրները լուծելու խնդրանքով: Հայը դա անում էր հարբեցող ընկերների հետ թղթախաղի սեղանի շուրջ՝ երկու խաղերի միջանկյալ հատվածում:

«Մղձավանջի նման հիշողությունս ինձ տանում է ձմեռային մի ցուրտ օր, երբ  ես դրկից երեխաների հետ դպրոցից տուն գալով, փոքր հասակով դժվարությամբ բացեցի դուռն  ու չհասցրեցի զուգարան վազել: Մորս ահից ես ողջ գիշերն անցկացրի  թաց վարտիքով…Ես անթաքույց նախանձում էի պարզ, անպաճույճ կենցաղով ապրող իմ դասընկերներին, որոնց ընտանիքներում թևածում էին սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:

Ես հիշում եմ, թե իմ հասունացման առաջին նշաններն ինչպիսի վախ պատճառեցին ինձ, քանզի մայրս անգամ տարրական գիտելիքներով չէր ապահովել ինձ, որ ես պատրաստ լինեի հասուն կյանքի: Ես բնականոն շատ երևույթների մասին տեղեկացա ոչ հարազատ մորիցս…»:

Էվան մայրերին նվիրված բանաստեղծություններ կարդալիս՝զարմանքով մտածում էր, որ մայրն այդպիսին է լինում՝ սիրող, քնքուշ, հոգատար…

Մի օր Էվան, դպրոցից վերադառնալով տուն, միջանցքում կոշիկներն էր հանում, երբ լսեց ծանր մի  խոսակցություն.

-Չե՞ս կարողանում ամուսնուդ փողերից մի քիչ վերցնել…

-Կվերցնեմ, մենակ թե հաճախ հանդիպենք, նյարդային եմ դառնում, երբ էլի անհետանում ես…

Էվան զգուշությամբ մտավ իր սենյակ և անկողնու վրա պառկելով արցունքներն անարգել թափվեցին ցած: Նրա ներսում կապարի նման ծանրացավ այդ գաղտնիքը, նա չէր համարձակվում հորը պատմել այդ մասին, վախենալով, որ հայրը կսպաներ մորը…

Էվայի խոշոր աչքերում ամբարված թախիծն օրեցօր թանձրանում էր: Նա երբեք չէր ժպտում: Երբ հասակակից երեխաներն անհոգ աղմուկով խաղում էին բակում, Էվան տխուր հետևում էր նրանց իրենց մեծ պատշգամբից ու մտածկոտ նայում հեռուն: Նրա տխրությունն ավելի խորացավ, երբ իր սիրելի տատիկը գամվեց անկողնուն…Մի օր էլ Էվան պատահաբար լսեց հոր հեռախոսազրույցը. «Ասում են՝ քաղցկեղ է, վերջին փուլը, ոչինչ անել հնարավոր չէ, ուշացրել ենք…»:

Էվան ժամերով փակվում էր իր սենյակում ու հուսահատ երազում՝ շուտ մեծանալ, բժշկուհի դառնալ, փրկել իր բարի տատիկին և շրջապատել նրան անսահման սիրով ու հոգատարությամբ… Բայց աշնան մի տխուր օր, երբ Էվան դեռ տասներեք էլ չկար, տատը հրաժեշտ տվեց աշխարհին՝ որբ ու անտեր թողնելով իր Էվուկին…

«Տատիկիս մահն անհաղթահարելի ընկճախտով լցրեց իմ սիրտը: Ես ավելի մեկուսացա աշխարհից ու գիշերները վերմակի տակ ցավագին լաց էի լինում՝ աղերսելով նրան ինձ տանի իր հետ…Մի օր տատս հայտնվեց իմ երազում ու ժպտաց՝ բարի, ներող, իրեն բնորոշ՝ տատիկի ժպիտով: Ես ցանկանա գնալ նրա հետ, բայց նա ինձ չտարավ…»:

Տատիկի մահից մեկ տարի անց Էվային նոր հարված էր սպասում: Մոր մահը ցավ ու խայտառակություն էր դեռահաս աղջկա համար, քանզի մայրը ավտովթարի էր ենթարկվել սիրեկանի հետ՝ ալկոհոլի ազդեցության տակ…

«Արյունոտ էր այդ օրվա լուսաբացը: Հորս հետ հերթական վեճից հետո մայրս հավաքել էր իրերն ու մեկնել ծնողների տուն: Գիշերվա ժամը հինգին զանգ ստացանք: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ մորս մարմինը գտնվում է փորձաքննության սենյակում: Պահանջվում էր, որպեսզի հայրս մոտենար դիակի ճանաչման գործընթացի համար: Ես ցանկացա մեկնել հորս հետ, բայց նա ինձ չտարավ…

Մորս մահից հետո հայրս իր սիրուհուն բերեց մեր տուն: Հայրս քառասուն տարեկան էր և արդեն ամուրի: Նա երիտասարդ, կենսառատ տղամարդ էր, և ինձ համար դժվար չէր հասկանալ, որ նա սիրուհի ունի: Բայց դժվար էր ինձ հաշտվել այն փաստի հետ, որ այդ կինը մեր տանն է ապրելու: Հայրս թեթև էր ապրում կյանքը, գործերի մեջ ճարպիկ էր, լավ վաստակում էր, ինչը կանանց դուր էր գալիս: Սակայն նա այնքան ազնիվ չգտվեց, որպեսզի գոնե հարցներ ինձ, թե իր սիրուհու հետ համատեղ կյանքն արդյոք տհաճ չի՞ լինի ինձ համար: Այդ կինը, ով ըստ էության երկարակյաց սիրուհի էր, հարմար տեղավորվեց մեր տանն ու հորս կյանքում:

Ես շատ տարբերություն չէի զգում հարազատ մորս ու խորթ մորս վերաբերմունքի միջև, քանզի հարազատ մայրս մինչ կյանքի վերջին օրերն  այդպես էլ երբեք մայրական հոգածություն չշռայլեց ինձ:

Հայրս երկրորդ երիտասարդությունն էր անարգել վայելում իր սիրուհու հետ, իսկ ես, ինչպես ողջ կյանքում, ավելորդ էի այդ տանը: Փոքր քաղաքի ամեն մի պատի տակ քննարկում էին իմ ծնողների վարքագիծը և անգամ հանգուցյալ մորս հանգիստ չէին թողնում: Մի օր, երբ տխուր նստած էի հյուրասրահի կիսամութի մեջ, տեսա կրքից շիկնած խորթ մորս ու հորս, սիրախաղ անող փողոցային շների նման, դուրս եկան լոգարանից ու անկաշկանդ շարունակեցին իրենց տարփանքի դրսևորումը միջանցքում: Ես նողկանքի այնպիսի զգացում ունեցա, որ արագ բարձրանալով իմ ննջասենյակ՝ սկսեցի անշտապ հավաքել իրերս…»:

Հյուրասենյակի սեղանին դրված մեծ սկահակի մեջ լցված տարատեսակ թղթի կտորների վրա գրված հեռախոսահամարների մեջ Էվան գտավ իր տատիկի բարեկամի համարը, ով դասախոս էր աշխատում համալսարանում և ծայրահեղ հիասթափության ու հուսահատության պահին Էվան վախվորած հավաքեց  այդ կնոջը հեռախոսահամարը.

-Հորաքույր Ալիս, ես շատ եմ ուզում գալ ձեր մոտ ու պարապել հաջորդ տարվա ընդունելության քննությունների համար:

Հորաքույր Ալիսը բնակվում էր քաղաքի ծայրամասում գտնվող մի փոքրիկ բնակարանում երկու դուստրերի հետ: Նա Էվային այնպիսի խղճահարույց հայացքով դիմավորեց, որ աղջիկն ակամա փոշմանեց այցի համար…

Դժվար էր կյանքը մեծ քաղաքում: Այստեղ բոլորը շտապում էին և Էվան զարմանքով հետևում էր մեքենաների անվերջ շարանին, մարդկանց արագ քայլքին և ուզում էր հարցնել՝ որտեղ եք այդպես շտապում մարդիկ…

Մի քանի օր ապրելով այդ փոքրիկ բնակարանում, մի առավոտ հորաքրոջը խնդրեց իրեն տանել հայրիկի հին բնակարան, որի բանալին Ալիսի  մոտ էր:

Ներս մտնելով քաղաքի ծայրամասում գտնվող, բարձիթողի այդ բնակարանը՝ Էվան չուզեց այլևս լքել այն: Այստեղ նա հեռու էր մարդկանց բամբասանքից, շշուկով քննարկումներից ու խղճահարույց հայացքներից:

«Ես ճաշակեցի սով, զրկանքներ, ես հասկացա, թե ինչ բան է վերջին գրոշները խնայելն ու մեկ շաբաթ միայն սպիտակ բրինձը շոգեխաշելն ու ուտելը: Ես արդեն գիտեի, որ հին շուկայի մի անկյունում մի ծեր պապիկ էժան խնձոր է վաճառում, ու որ այդ խնձորի մի մասը խորոված ուտելով կարելի է ապրել ու չմեռնել սովից: Հայրս գրեթե չէր հիշում իմ գոյության մասին, միայն տեղեկանալով, որ ես իր հին բնակարանում եմ ապրում, երբեմն ինձ փոքր գումար էր ուղարկում մինչ այն օրը, երբ իմացավ,որ աշխատում եմ: Ես ապրում էի պարզ՝ ինձ նման հատուկենտ մարդկանց հետ շփվելով: Այդ օտար մարդկանցից էլ ես ստացա ինձ «շռայլած» ջերմության նշույլներ: Նրանք ցույց էին տալիս հոգատարություն ու ուշադրություն իմ հանդեպ, բայց ես հոգուս նուրբ լարերով զգում էի՝  ինչպես են ամենալավն իրենց արյունակիցներին բաժին հանում, իսկ միջինը կամ իրենց ոչ պիտանին՝ ինձ: Ես պարփակվում էի ինքս իմ մեջ ու տխուր օրերի գորշ միայնության մեջ ինձ ջերմացնում էին իմ երազանքները՝ հանդիպելու մեկին, ով կտար ինձ ողջ կյանքում չստացած սերը»:

Համալսարանական գիտելիքներն ավելի էին խորացնում անդունդը Էվայի և ծնողների կերպարի միջև: Նա ինքն իր հետ անհաշտ պայքար էր մղում՝ գիտակցելով, որ կյանքն առավել բարդ է բանիմաց մարդու համար, ով ավելին է հասկանում ու վերլուծում երևույթները: Երբ հորաքույր Ալիսն առաջին անգամ տեսավ Էվային, խորհուրդ տվեց անհապաղ դիմել հոգեբանի: Բայց Էվան ամաչում էր իր խնդիրների մասին այլոց պատմել, և որոշեց ինքը դառնալ հոգեբան: Նրա համար, որպես հոգեվերլուծության հիմնական առարկա, մշտապես մնաց մոր կերպարը…

«Ես վճռել էի կյանքս այլ կերպ ապրել, և եթե երեխա ունենալ, ապա նրան տալ ամենաթանկը՝ մայրական սերը: Ես երազում էի այնպիսի ընտանիք ունենալ, ինչպիսին իմ դասախոսներն ունեին, որտեղ երբեք բարձր ձայնով ոչ ոք չէր խոսում, որտեղ երեխաներին դիմում էին քնքուշ ու փաղաքշական մակդիրներով և որտեղ մշտապես առաջնորդվում էին երեխաների լավագույն շահերով: Չնայած իմ հայացքում դրոշմված անանց տխրությանը՝ դա հավանաբար ինձ պակաս հմայիչ չէր դարձնում, ես արդեն երկրպագուներ ունեի: Հայտնվեց իմ կյանքում և այնպիսի մեկը, ով իմ երազած ընտանիքն ուներ, ես սկսեցի հավատալ  երազանքներիս իրականացմանը»:

Էվան նրբագեղ էր, սլացիկ կազմածք ուներ: Փողոցում քայլելիս՝ հաճախ էր զգում անցորդների հիացական հայացքները: Նրան խորհրդավոր տեսք էր տալիս սևաթույր աչքերում բույն դրած մշտական թախիծը: Թվում էր, թե Էվան ընկերոջ հետ երջանիկ է: Նույնիսկ նրա անինքնավստահ կեցվածքն արդեն փոխվել էր: Նա այժմ սիրով և ուշադրությամբ էր պարուրված: Երբ երեկոյան Գոռն ուղեկցում էր սիրած աղջկան մինչև մուտքի մոտ, Էվան սիրառատ հայացքով նայում էր ընկերոջն ու փարվում նրա պարանոցին: Գոռը գրկում էր հարսնացուի բարակ իրանն ու երանությամբ համրում օրերը, երբ միասին կկիսեին ամուսնական մահիճը:

Մի օր էլ Գոռը, համալսարանի մուտքի մոտ հանդիպելով Էվային, համբուրեց նրան ու հապշտապ հայտնեց, որ ուրբաթ երեկոյան պետք է գնան իր ծնողների հետ ծանոթանալու:

-Ես այնքան եմ քո մասին պատմել մայրիկիս, նա շատ է ուզում ծանոթանալ քեզ հետ, իմանալ ինչ ընտանիքից ես..

Էվային  համակեց անհանգստության զգացումը: Վախենում էր կորցնել իր համար այնքան թանկ դարձած մարդուն՝ իրենց տրփամոլության զոհը դարձած ծնողների վարքագծի մասին պատմելով: Էվան զգում էր, որ իրեն ծանր փորձություն է սպասվում:

«Բարձրաշխարհիկ մարդկանց պատրաստած սեղանն անգամ այլ էր, ինչը ես երբեք չէի տեսել մեր տանը: Բայց ես կարողացա օգտվել սեղանին դրված սպասքից, քանզի նախապես ուսումնասիրել էի վարվեցողության, սեղանի շուրջ սպասքից օգտվելու կանոնները: Թեպետ խիստ ամոթխած էի ինձ վրա սևեռված համատարած ուշադրության պատճառով, բայց երբ ընդհանուր բնույթի զրույց էր ծավալվում, ես ինձ այդքան էլ վատ չէի զգում արիստոկրատ այդ ընտանիքում: Երբ սկսեցին քննարկել մեր պսակադրության մասնրամասները, տեղի ունեցավ այն, ինչից ես այդքան վախենում էի: Անշուշտ համալսարանում դասավանդող դոցենտներին կհետաքրքրեր իմ ծնողների ով լինելը: Երբ նրանք հարցրեցին այդ մասին և մեր տան տեղը, որ գան ծնողներիս հետ ծանոթանալու, ես չիմացա՝ ինչ պատասխանել. կենցաղային վատ պայմաններով այն բնակարանը, որտեղ ես էի բնակվում, ոչնչով չէր զիջում այն առանձնատանը, որտեղ ապրում էր հորս սիրուհին՝ կիսով չափ անգրագետ, կիսով չափ ծախու, հաճախ գռեհիկ պահելաձևով այդ կինը…

Ես շիկնեցի ու ներողություն խնդրելով վեր կացա՝ պատճառաբանելով, որ լավ չեմ զգում ու դուրս եկա այդ տնից: Հաջորդ օրն իմ ընտրյալը զանգեց և ասաց, որ ծնողները հետաքրքրվել են և… ամեն ինչ իմացել… Ու թեպետ նրանք խոստովանել էին, որ ես առանձնանում էի լավ կրթությամբ ու պահելաձևով, սակայն դա եղավ իմ փեսացուի վերջին զանգը…

Ես ապրում էի մի հասարակության մեջ, որտեղ այլ կարծրատիպեր էին արմատացած… Եվ իմ գունեղ երազանքները բախվեցին դառնահամ իրականությանը…»:

…Անձրև սկսվեց, աշնան միալար ու պաղ անձրև: Էվան վեր կացավ հիշողությունների մետաղե սառը բռնակով ճոճանակից ու անշտապ քայլերով հեռացավ: Անձրևաջուրը գանգուր մազերից ծորաց դեպի աչքերն ու արցունքների հետ միախառնվելով հոսեց ցած: Ողջ քաղաքը ջրաներկով արված տխուր մի նկար էր հիշեցնում, գույները խառնվել էին, անձրևաջուրը կորագծերով շենքերի պատերից սահում էր ցած…

Երբ հասավ տուն հորաքույր Ալիսից զանգ ստացավ, լսափողի մեջ հնչում էր նրա վրդովված ձայնը.

-Այդ ո՞ւր ես այ աղջիկ, անհանգստացա, ժամերով զանգում եմ, չես պատասխանում: Բա իմացա՞ր, ասում են՝ հայրդ ծովի ափին՝ սոճիների խիտ շարքով առանձնացած մի փոքրիկ տուն է գնել և սիրուհու հետ տեղափոխվել արտերկիր…

Էվան նայեց շուրջը, մոտ երեք տասնամյակ չվերանորոգված պատերի կնճռոտված ճաքերին ու պատռված պաստառներին և հիասթափության դառը ժպիտը սաթե աչքերի խորունկ հայացքում ծվարած՝ փորձեց ընկալել լսածը:

-Էվա, լսո՞ւմ ես, ասում եմ՝ քանի հորդ տունն ազատ է, ամռանը մեկնենք էնտեղ, անվճար կհանգստանանք գոնե..

-Դուք մեկնեք, հորաքույր Ալիս, ես չեմ կարող գալ այդ տուն…

«Մշտապես դառնությամբ էի մտածում, որ կան մարդիկ, ովքեր ստեղծված չեն ծնող լինելու համար: Նրանք պետք է ապրեն ազատ ու առանց պարտավորության: Աստծո ստեղծած անկատար աշխարհում անարդարությունն ամեն քայլափոխի շռնդյունով ապտակում է մեզ: Կյանքը մեծ խառնաշփոթ է թվում, ուր ամեն մեկը գուցե իր անձնական ողբերգությունն ունի: Տաղտուկը, թախիծը, ինքնասպանության միտքը արյանս մեջ են: Հուսալքության պահերին ես զգում եմ, որ իմ  ներսում  դեռ ապրում է այն փոքրիկ, երկյուղած աղջիկն, ում տխուր մանկությունը,  ծնողական սիրո ու հոգածության բացակայությունը  անջնջելի դրոշմ են թողել՝  հնարավորություն չտալով ինձ սոցիալականացվել՝ որպես լիարժեք անձ: Ես երբեք ոչ ոքի չէի պատմում իմ ներաշխարհում գերիշխող խորը, անհատակ տխրության մասին, մտածելով, որ դա շատերին կհիասթափեցներ, ոմանց մոտ էլ գուցե սոսկ հետաքրքրություն բորբոքեր: Իմ հավատարիմ ընկերն իմ գրիչն է… »:

Մարդկանց մեջ անգամ Էվան իրեն մենակ էր զգում… Հերթական հիասթափությունից հետո նա մեկուսանում էր,  պարփակվում ինքն իր մեջ ու ցուրտ սենյակի մութ անկյունում ոտքերն առնելով ձեռքերի մեջ, գլուխը դնելով ծնկներին՝ լուռ արտասվում էր: Նա այդպես էլ չամուսնացավ ու երբևէ իր չստացած սերն ու քնքշանքը հնարավորություն չունեցավ տալու այն փոքրիկ աղջկան, որին ինքը կյանք կտար:

«Ես տարիներս վատնեցի հոգեբանություն ուսումնասիրելով: Ես ջանում էի նախ և առաջ հասկանալ հոգեբանական  այն խնդիրները, որոնք ինձ խանգարում էին ապրել՝ պարզ, անխռով… Իմ բազմաթիվ հոգեվերլուծություններից եզրահանգում էի՝ որքան մեծ նշանակություն է ունենում մոր դերը երեխայի անձի ձևավորման գործում: Ես  շատ էի ուզում ներել իմ մորը…»:

Երբեմն, ադամամութին, երբ քնի և արթմնի սահմանագիծն էր հատվում, և գիշերային փողոցներից լսվում էր միայն մեքենաների խուլ աղմուկը, ճիշտ այն ժամին, երբ մայրը վթարի էր ենթարկվել, ենթագիտակցությունը մոլորեցնում էր Էվային, աչքի առաջ էր գալիս մայրը՝ արյան շիթը ճակատին… Նա կարծես ինչ որ բան էր ուզում ասել, բայց ձայնը երբեք լսելի չէր լինում: Էվան վախեցած վեր էր թռչում ու կրկին ամուր փակում աչքերը, որ կարողանար ականջալուր լիներ մորը, բայց մոր պատկերն անհետանում էր…

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>