ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Ռազմիկ Գրիգորյան

ԸՆԿԵՐՈՋՍ, ՈՐ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ է

Մի օր դասերս սովորած կլինեմ,
կխնդրեմ մայրիկին որ թույլ տա դուրս գամ խաղալու,
հին հեծանիվովս կչափչեմ փողոցներով,
սարերից կգլորվի մութը,
կհոգնեմ,
հեծանիվը կթողնեմ փողոցի անկյունում,
կնստեմ խոտին,
հիշողությանս մեջ էլի կարտասվեմ,
որ գրկես ինձ, դուրս տանես,
գնես կոնֆետ կամ պաղպաղակ…
Պատերազմը վաղուց ավարտվել է,
ես դեռ սպասում եմ,
ասում են բոլոր անհետ կորածները
մի օր տուն են գալու…

<><><>
Բացում եմ ծեր պահարանի դուռը,
հորս կարոտն առնելու համար
հագնում նրա զինվորական հագուստը…
Վաղուց տատս գուլպաներ չի գործում
տղերքի համար,
կյանքը դուրս է եկել գետնափոր տնակներից…
Բեկորների հետքեր կան հագուստի վրա,
վառոդի հոտ, պատերազմի փոշի,
գրեթե նույն կերպ
երբ հայրս գրկեց ինձ,
համբուրե՜ց, գնա՜ց…
Մանկությունս այդպես էլ խաղալիքներ չտեսավ,
օրորոցում՝ գլխավերևումս
Մշեցի տատիս հեքիաթներն էին
ու Նարեկյան ընթերցումները…
Ի՞նչ իմանայի
որ ամեն երեկո քնելուց առաջ,
մորս շուրթերով հայրենիքն էր ինձ համբուրում…
Նախ հայրս…
Հետո տատս… Պապս…
Ես ու մայրս մնացինք…
Ի պատասխան ընկերներիս հորդորներին՝
ինչո՞ւ չեմ հեռանում երկրից,
նրանց մեր տուն եմ տանում,
բացում՝ պահարանը,
ցույց եմ տալիս հորս հագուստը…

<><><>
Հին կտուրներին գլորվեց արևը,
թոնրի ծխի հետ լավաշի բույրը
փողոցից փողոց վազեց,
ձնծաղիկի աչիկներում
արթնացավ գարունը
ձյան հալոցքի հետ իջավ գյուղ
ու արարեց կանաչը…
Քեզ դուրս եմ հանում սրտիցս,
համեմատելու համար
դնում գարնան կողքին,
ոչ մի կասկած…
Կինն ու գարունը նման են միմյանց,
երկուսն էլ կանա՜չ,
սպասվա՜ծ,
միշտ թա՜րմ,
երկուսն էլ ունեն արարման խորհուրդ…

ՄԱՅՐԸ
Նա ամեն օր աղոթում էր
աղջկան դժողքից տուն բերելու համար,
ամեն գիշեր սակայն աղջիկը տուն էր մտնում
ներս բերելով դժոխքը իր հետ։
Աշխատանքից տուն վերադառնալիս
նա քայլում էր ծածուկ, գլխիկոր
փորձում՝ աննկատ անցնել ծանոթ մարդկանց կողքով,
իսկ աղջիկը փողոցում կանգնած սպասում՝
թե ո՞ր մեքենան կմոտենա իրեն
և ո՞վ կուզի գնել իր մարմինը։
Վառվող մոմերի դիմաց
մայրը կանգնում էր երկա՜ր-երկա՜ր,
հավատով՝ որ կկարողանա երբևէ տեսնել աղջկան,
իսկ դժողքից դեռ ոչ ոք չի վերադարձել…

1 comment

    • Anonymous on 17 Մայիսի, 2012 at 6:11 ե.
    • Reply

    «Ի պատասխան ընկերներիս հորդորներին՝
    ինչո՞ւ չեմ հեռանում երկրից,
    նրանց մեր տուն եմ տանում,
    բացում՝ պահարանը,
    ցույց եմ տալիս հորս հագուստը…»
    Հիանալի է, շնորհակալություն:

Թողնել պատասխան

Your email address will not be published.