Քաղաքը շատ էր փոխվել: Բացակա տարիներս քառապատկվեցին, երբ չճանաչեցի բակը, որտեղ անցել էր մանկությունս: Երբեք չէի մտածեի, որ այսքան տարիներ անց, լինելով իմ քաղաքում, ուրախության փոխարեն կլցվեմ թախիծով: Հիշողությանս մեջ քաղաքն ուրիշ էր` մարդիկ ուրախ էին ու ժպտերես: Հետո տխրեցին: Երկար ձգվող հացի ու վառելիքի հերթերը ջնջեցին մարդկանց ժպիտները ու մնաց միայն հոգսը, որը ոչ մի կերպ չէր կարողանում հեռանալ, ինչպես կանգառում կուտակված մարդիկ, որ չէին կարողանում մի ձեռքի տեղ գտնել ու կախվել հերթական գնացող ավտոբուսից, սպասելով հաջորդներին…Չգիտեմ ինձ թվա՞ ց, թե իսկապես մարդիկ փոխվել էին: Ժպիտը կար, բայց ետևում սառնություն էր: Միաժամանակ ամեն ինչ այնքան հարազատ էր ու այնքան օտար…
Կանգառում, նստարանի վրա կուչ եկած տղամարդը երթուղայինի հաստատ չէր սպասում: Նրան նայողը կմտածեր, թե հաստ վերարկուն ցրտից չի փրկում ու նա մրսում է: Գլխարկի տակից աչքերը հազիվ էին երևում: Ամեն ինչ բնական կլիներ, եթե չլիներ հունիսի քսանյոթը: Նա մրսում էր` ներսից: Հայացքը մշուշոտ էր, աչքերը ապակյա: Մտքերով այնքան հեռու էր, որ անգամ չշարժվեց, երբ ոտքերի մոտ մի շուն տեղավորվեց:
— Ամեն օր այս ժամերին այստեղ է,- ասաց կողքիս կանգնած կինը: Երևի նկատել էր, որ այդ մարդուն էի նայում:
— Անտու՞ն է:
— Չէ, հիվանդ մարդ է: Չես ճանաչու՞մ:
— Որտեղի՞ց պետք է ճանաչեմ,- զարմացած հարցրեցի ես ու ավելի ուշադիր նայեցի նրան, միգուցե ծանոթ է իսկապես, բայց չճանաչեցի:
— Ժամանակին շատ ճանաչված մարդ էր, հարգված, բայց մեր մեջ ասած, հեչ լավ մարդ չի եղել: Իր հարգանքն ու վստահությունը օգտագործել է մարդկանց խաբելով ,- ոգևորված պատմում էր կինը,- կոստյումով խաբեբա էին ասում նրան: Կնոջ ու աղջկա մահից հետո էս օրն ընկավ: Աստված պատժեց,- վերջին երկու բառը գլխի շարժումով հաստատեց ու իրենից գոհ արհամարհական նայեց տղամարդու կողմը:
— Այս ինչքա՞ն չարություն կա ձեր մեջ,- չկարողացա զայրույթս զսպել ու մի երկու քայլ հեռացա նրանից: Չեմ կարողանում տանել ուրիշի դժբախտությամբ ուրախացող մարդկանց: Դա էլ պակաս չարիք չէ:
— Այս սուրբ կնոջը ճանաչու՞մ ես,- տղամարդն էր, ինչպես էր մոտեցել ինձ, չէի նկատել: Նկարը այնքան ճմռթված էր, որ հազիվ էր նշմարվում նկարից ինձ նայող կնոջ դիմագծերը:
— Ոչ:
— Ուշադիր նայիր, միգուցե այնքան էլ սուրբ չի, ճանաչու՞մ ես,- ձայնի մեջ աղերսանք կար,- ես նրան գումար եմ պարտք, մինչև չտամ, կինս ու աղջիկս տուն չեն գա: Խնդրում եմ նորից նայիր, — նկարը ավելի մոտեցրեց ինձ:
— Հա ճանաչեցի,- ստեցի ես: Դա նրան կյանքից առավել էր պետք:
— Կօգնե՞ս գտնեմ նրան:
Ձեռքը տարավ գրպանը, մի փոքրիկ տոպրակ հանեց: Մանրադրամների զնգոցներ լսվեցին տոպրակի միջից:
— Սա պետք է վերադարձնեմ, կօգնե՞ս:
— Ես հիմա շտապ գործով տեղ եմ գնում, հետո ձեր պարտքը կարող եմ փոխանցել նրան, եթե դեմ չեք: Հաջորդ վայրկյանին տոպրակը իմ ձեռքում էր:
— Վերջապես կինս ու աղջիկս կգան,- աչքերը արցունքոտվեցին, գլուխը կախեց, որ չտեսնեմ, հետո «վերջապես կգան» ասելով հեռացավ :
Տուն չգնացի: Պարտքը պետք է վերադարձվեր: Քայլերս տարան դեպի եկեղեցի: Նրա տված մանրադրամներով կարողացա երկու մոմ գնել…
Վերջին մեկնաբանություններ