Զեմֆիրա Սարգսյան | ԲԾԱԽՆԴԻՐ, ՆՐԲԱՆԿԱՏ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՂՈՂ — Կ. Տ. Հովհաննիսյանի «Պղպջակ» և «Արևի հետ» ժողովածուների մասին

Արևի հետ

Արևի հետ

Մարդկային փոխհարաբերությունները, շրջապատող երևույթներն ու իրողությունները որքա՜ն բազմազան են, որքա՜ն կանխատեսելի կամ անկանխատեսելի, պարզ կամ բարդ…: Եվ մենք այդ ամենի մեջ ենք կամ անցնում ենք այդ ամենի կողքով՝ նկատելով կամ չկատելով դրանց էական կամ ոչ էական լինելը, հաճախ չփորձելով անգամ ճակատագրականի խորքերը դիտարկել, քննել ու հասկանալ պատճառահետևանքային կապերը: Դա անում են ի վերուստ օժտվածություն ունեցող ստեղծագործող անհատները՝ նկարիչները, քանդակագործները, երգահանները, գրողները: Գրողները հենց այդպես՝ բծախնդրորեն ու նրբանկատությամբ, զանազանելով կարևորը անկարևորից, յուրաքանչյուրն իր ոճի ու ձևի մեջ, ստեղծում է ի՛ր գրականությունը՝ լինի արձակ, թե՝ չափածո:

Ասվածի հաշվառմամբ արձակ ստեղծագործությունների հետաքրքիր ժողովածուներ են իրանահայ արձակագիր Կոլյա Տեր Հովհաննիսյանի «ՊՂՊՋԱԿ» (2009 թ., Երևան, «Լուսակն» հրատ., 164 էջ) և «ԱՐԵՎԻ ՀԵՏ» (2018 թ. Երևան, «Զանգակ» հրատ., 416 էջ) խորագրերով գրքերը: Դրանցում ընդգրկված պատմությունների աշխարհագրությունը բավականին ընդարձակ է. Իրան, Ամերիկա, Շվեդիա, Հայաստան: Կերպարների մի ողջ պատկերասրահ է բացվում ընթերցողի առջև: Նրանք առաջացած տարիքում միայնակ մնացած տղամարդիկ են, պարտադրված անսեր ամուսնությամբ կյանքը մաշող, ինչպես նաև հասուն, փորձառու, հաշվենկատ, որոշ դեպքերում՝ այրի, միայնակ կանայք, անփորձ պատանիներ ու աղջիկներ, օտար երկրներում տարագիր և դեպի հայրենիք ձգտող հայեր, Հայաստանում ապրողներ և այլն: Պատմվածքներից յուրաքանչյուրը կարճ, բայց խորը հոգեբանական դրամա պարունակող գործ է: Ազգային ինքնության և արժանապատվության գիտակցումը հայ պատանիներին մղում է հերոսության «Ոգին», «Ինքնահաղթություն» և «Ապրիլյան կայծեր» պատմվածքներում: Իրանում տեղի ունեցող հեղափոխության ցնցումները ողբերգական հետևանքներ են ունենում այդ ամենին բոլորովին կապ չունեցող պատահական մարդկանց համար. «Կույր գնդակը», ինչպես նաև անմիջական մասնակիցների համար. «Ընդամենը մեկ տասնորդական վարկյան»: Հռթիռների ռմբակոծությունից պատսպարվելու համար նկուղում թաքնված Նասերը, պատահաբար իմանալով, որ համադասարանցի Էյնուլլահին անհայտ հանգամանքներում գլխատել են՝ մատնվում է հոգեկան տվայտանքների. տարիների հեռվից հիշելով, պատմում է, թե ինչպես Էնուլլահը դպրոցում դաժանորեն պատժվեց ու դպրոցից հեռացվեց իր՝ Նասերի գործած չարաճճիության հետևանքով: Պատժվեց, բայց չմատնեց ընկերոջը: Դպրոցից վտարվելուց հետո ընկավ վատ շրջապատ և ահա արդյունքը…: Խղճի ապտակը ցավագին է. «…ինչու՞ ապակին չխրվեց սիրտս…» («Բախտ»): Առանց սիրո՝ պարտադրված ամուսնությունից հետո տարբեր հանգամանքներում կանանց ներքին վայրիվերումների և դրանց արդյունքում թաքուն սիրային կապերի հետևանքով կրած տառապանքների, արգելված, մեղսավոր սիրո ողբերգական պատում է «Վերջին խաղը»: Ընթերցումից հետո մնում է խորը կարեկցանքը գնդապետի ջահել ու սիրունատես կնոջ՝ Մինայի ու վոլեյբոլի թիմի գեղեցկատես մարզիկ Էդվինի սիրո արյունալի վախճանի համար: Չի շրջանցվել մարմնավաճառության թեման. «Վեց-մեկ-վեց», «Անկում»: Վաղաժամ այրիացած հասուն կնոջ և անչափահաս տղայի միջև տեղի ունեցող մարմնական սիրո բռնկումների մասին են «Մթնշաղին» և «Արթնություն» պատմվաքները: Եթե առաջինում նախաձեռնությունը իր նկատմամբ անտարբեր ամուսնուց վաղաժամ այրիացած կնոջ կողմից է, ապա երկրորդում՝ …տասնամյա տղայի: Իսկ ահա, «Գոլնար» պատմվածքը գրեթե անհավանականի մասին է. հարբեցող ու չաշխատող հայր, չքավոր ընտանիք, միակ աշխատողը ավագ որդին է, որը աշխատանքից հետո շվայտ կյանք է վարում: Մոր համար տագնապը մեծ է, որ որդին՝ տան միակ աշխատողը, տան միակ հույսը, կարող է պատահական կապերից ձեռք բերել վարակիչ հիվանդություն ու մահանալ, ինչպես շատերը: Եվ որոշում է ավարտական դասարանում սովորող հարազատ աղջկան՝ Գոլնարին, նախապատրաստել ու տրամադրել եղբորը: Առավել ցնցող է իրողությունն այն մասին, որ Գոլնարը արդեն հղի է, իր առաջին տղամարդը բռնությամբ եղել է հարազատ հայրը, մայրը նկատել ու վախից չի միջամտել…:

Հետաքրքիր է ընթերցվում «Էջեր սերժանտի օրագրից» վիպակը: Իրանական բանակի սերժանտ Նիկոլայը, ազգությամբ հայ, չորս ամիս զորանոցում նախապատրաստական կուրսեր անցնելուց հետո պետք է մեկնի տարածաշրջանի որևէ գյուղ՝ «գրագետ դարձնելու գյուղացիների զավակներին ու կրթվել ցանկացող գյուղացիներին: Գյուղերն ընտրվեցին վիճակահանությամբ: Իր հինգ ընկերներին բաժին ընկան հայաբնակ գյուղերը: Առանց ուսուցչի հայաբնակ գյուղ չմնաց: Շտաբը որոշեց, որ ինքը կբնակվի հայերի մոտ ու կդասավանդի մոտակա թրքաբնակ՝ ավելի բազմամարդ գյուղում»: Նրան գյուղապետին ներկայացնելիս սպան ասաց. «Շահի հրամանն է, Կրթության բանակը կոչված է ձեզ լուսավորելու»: Հետագա օրերը անցնում են անակնկալներով, սերժանտի կյանքում հայտնվում են անցողիկ, ոչ ճակատագրական կանայք ու աղջիկներ. գիշերով թաքուն նրան է այցելում երեք տարի առաջ այրիացած «խունջիկ-մունջիկ, միջահասակ» Սանդրան: Սերժանտը մարդկայնորեն ցավում է տասնյոթը հազիվ լրացած Մերիի և Արսենի չստացված սիրո համար, ծնողներից վտարված ու քաղաքում հասարակաց տանը հայտնված Սյուզի համար… Ամեն դեպքում սերժանտը ազնիվ է իր մղումներում, պատրաստ՝ օգնության ու աջակցության:

Ծավալուն վիպակ է «Ինեսա»-ն: Ինչպես «Բեկում» վիպակում, այնպես էլ այստեղ, առաջացած տարիքում միայնակ մնացած տղամարդու՝ կնոջ ընկերակցությանը ձգտող բեկբեկուն փնտրտուքների պատմությունն է: Եթե «Բեկում» վիպակում տղամարդը և կինը ի վերջո հասնում են հոգեկան ներդաշնակության և մշտապես կապվում միմյանց հետ, ապա «Ինեսա» վիպակում տղամարդու՝ Ժորայի և երիտասարդ բժշկուհու՝ Ինեսայի ծանոթությունը, մտերմությունը ի սկզբանե դատապարտված էր. Շվեդիայում բնակվող և որոշակի հնարավորությունների տեր Ժորան Երևանում ատամների բուժման համար հանդիպելով բժշկուհի Ինեսային՝ ձգտում էր մտերմության և նույնիսկ՝ ավելիին, Ինեսան՝ արտասահմանում մասնագիտական կատարելագործման հասնելու համար նեցուկ էր փնտրում և գտել էր՝ հանձինս իրենով հմայված և գրեթե իրենից կրկնակի մեծ Ժորայի: Շվեդիայում կին-տղամարդ հարաբերությունները զուրկ են պայմանականություններից, հայկական ավանդապաշտությունը և բարոյականի մասին ըմբռնումները տեղի են տալիս: Սակայն կա իրողություն, որն արդեն շրջանցելը Ժորայի ուժերից վեր է. տարիքը…: Բարդ հոգեբանական անցումներով սյուժեի զարգացումը և
հանգուցալուծումը կարծես կանխատեսելի են, այնուամենայնիվ՝ վերջում մնում է մի տտիպ դառնություն…

Սակավ բացառությամբ, Կ. Հովհաննիսյանի պատմվածքների ու վիպակների առանցքը տղամարդ — կին հարաբերություններն են ու դրանց շուրջ ծավալվող գործողությունները: Այդ հարաբերությունները անհատապես առանձնահատուկ են իրենց դրսևորումներում. ազնիվ կամ շինծու, անկեղծ կամ կեղծ, հաշվենկատ կամ պարզ զգայական: Բոլորն էլ կյանքային են, իրական ու մտորումների մղող: Հեղինակը, վարպետորեն, առանց ավելորդաբանությունների, նկարագրում է հոգեբանական համոզիչ իրավիճակներ, գործողությունների պատճառաբանված ընթացք ու հանգուցալուծում, ամեն դեպքում զերծ մնալով գնահատականներ տալուց, դատապարտումից կամ գովեստից՝ դա թողնելով ընթերցողին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.