Զեմֆիրա Սարգսյան | ԱՆՑԱԾ-ԳՆԱՑԱԾ ՓՈՂԵՐ

Զեմֆիրա Սարգսյան

Վիպակ

Եղբայրներով են. ինքը, Հակոբը և Հունանը: Առջևում բյուրեղապակյա հարթակի վրա պարող կարմիր զգեստով գնչուհին է, որը հետո, հենց այդպես՝ հարթակով, սկսում է դանդաղորեն սլանալով հեռանալ դեպի հորիզոն: Հարթակը պոկվում է գչուհու ոտքերից ու վայր ընկնելով՝ փշրվում իրենց առջև: Գնչուհին այլևս չի երևում: Մայրը և կինը՝ Անուշը փորձում են ավլելով հավաքել փշուրները: Հակոբն ու Հունանը ոտաբոբիկ են, ապակու փշուրները կոխկրտելով՝ հեռանում են հակադիր ուղղություններով: Նրանց արյունոտ ոտնահետքերն են մնում: Ինքն էլ է ոտաբոբիկ, ինքը ևս ուզում է հեռանալ, սակայն փշուրների վրա անընդհատ սայթաքում է, գայթում, իր ոտնաթաթերն էլ են արյունոտվում, ապակու փշուրներով տարածքը կարծես անվերջ է, ցորենի արտի նման անեզր ու խշխշան…: Արթնացավ: Լավ է՝ երազ էր: Արդեն լուսանում էր ու Սերոբը վեր կացավ անկողնուց, մոտեցավ լուսամուտին, դուրս նայեց: Դրսում ձմեռնամուտի ուժգին քամի էր ու ծառերի խշխշոց: Երազում հենց այսպիսի խշխշոց էր: Ծանր, մղձավանջային երազը, սակայն, կառչել էր նրանից ու չէր պոկվում: Անուշը դեռ քնած է, ինքը սուրճը կեփի: Խոհանոցի ջրի ծորակից էլ կարծես նույն խշշոցը լսվեց: Որոշեց, որ մորը չի պատմի երազը: Մայրը խորապես հավատում է երազներին, մեկնաբանում՝ կապելով լուսնի օրերի հետ, ըստ այդմ՝ ուրախանում կամ տխրում ու տագնապում: Այս երազի մեջ մայրը, անկասկած, վատ նշաններ կտեսնի, կտագնապի և խաչակնքելով՝ կմրմնջա. «Տեր աստված, որը բարին է՝ դու է՛ն կատարի»: Սուրճի բաժակը սեղանին դնելիս՝ ակամայից նայեց պատից կախ օրացույցին. նոյեմբերի երեսունն է՝ 1987 թվականի: Քսան օրից ավագ որդու՝ Բաբիկի տասնամյակն է նշելու: Խոստացել է. հեծանիվ կգնի:
Դանդաղ ու մոլոր քայլերով խոհանոց եկավ Արուսը: Սերոբը անմիջապես նկատեց, որ նա ընկճված ու տառապած տեսք ունի, հազիվ արտաբերեց «բարի լույս»-ն ու նստեց իր դիմաց:
— Ի՞նչ է եղել, մամ ջան, հիվանդ ե՞ս:
— Չէ, հիվանդ չեմ, բայց ավելի վատ վիճակի մեջ եմ:
Սերոբը լարվեց. երազը՜… Արուսը մի կերպ բառերը կապակցելով՝ շարունակեց.
— Մի վեց ամիս առաջ Հակոբը ինձ ութ հարյուր ռուբլի գումար տվեց, որ մեր տանը պահեմ, հետո գա՝ տանի: Ասեց, որ մի երկու ամսից կգա՝ կտանի, թող Սոնան չիմանա: Հիմա էդ գումարը չկա: Դե, որ էդպես ասեց. մի երկու ամսից կտանի՝ էլ ոչ քեզ ասեցի, ոչ էլ՝ Անուշին: Չգիտեմ ի՞նչ անեմ, Հակոբին ո՞նց ասեմ…
Առաջին միտքը, որ անցավ Սերոբի մտքով՝ այն էր, որ մայրը ինչ-որ բան շփոթում է. գուցե Հակոբը իրեն ասել է նման բան, բայց չի արել, սակայն մոր մեջ տպավորվել է ու հիմա… Մեծ կին է, մանր-մունր առիթներով նման դեպքեր էլի են եղել: Իր տանը որևէ իրի, առավել ևս՝ փողի կորուստ չի կարող լինել, իր տանը իր ծննդյան օրից մինչ օրս ոչ մի փակ դուռ կամ դարակ չկա, դրա կարիքը չի եղել ու չկա: Մայրը, հաստատ, խաբկանքի մեջ է:
— Հիմա Հակոբին ի՞նչ ասեմ…,- նորից մրմնջաց Արուսը:
— Թող օրը մի քիչ էլ բացվի՝ միասին գնանք Հակոբի մոտ,- որոշեց Սերոբը, հետո Արուսին այդ հոգեվիճակից հանելու համար կատակեց,- այ մամ ջան, Հակոբը վաղը-մյուս օրը դատավոր ա դառնալու, էդ ութ հարյուր ռուբլին նրա համար ի՞նչ ա, որ էդպես շվարել ես:
— Հարցը մենակ էդ գումարի կորուստը չի…,- հուզմունքը հազիվ զսպելով հառաչեց Արուսը:

Կարդալ ամբողջը

Թողնել պատասխան

Your email address will not be published.