Աշնանային այդ օրը Սառան, հավանաբար, ավելի երկար կմնար աշխատատեղում, որովհետև մի քանի պայմանագրերի տեքստերի կազմումը հրատապ էր: Նման դեպքերում կիսատ գործերը նաև տուն էր տանում և ուշ երեկոյան աշխատում դրանց վրա: Աշխատանքային օրվա ավարտին դեռ երկու ժամ կար: Թրթռուն ու թեթև զովությունը կիսաբաց պատուհանից ներս ու դուրս էր անում: Մի պահ նրան թվաց, որ աշխատասենյակում ծանոթ բուրմունք տարածվեց, շատ ծանոթ ու ախորժալի. բոված ցորենի՝ աղանձի բույր: Ընդհատեց գրելը, շուրջը նայեց ու լիաթոք ներշնչեց: Աղանձի հաճելի բույրը կլանեց ողջ ուշադրությունը, գնալով ավելի ու ավելի պարուրեց միտքը՝ դառնալով ցանկալի ու անդիմադրելիորեն գրավիչ: Մոտեցավ պատուհանին, դուրս նայեց և փորձեց հասկանալ, թե որտե՞ղ են ցորեն բովում: Սակայն մոտակայքում որևէ հավանական տուն կամ բակ չկար: Երևի քամին էր ավելի հեռվից այդ բուրմունքը բերել: Սառան փորձում էր կտրվել այդ «անկոչ հյուրից», շարունակել աշխատանքը, սակայն ոչինչ չէր ստացվում: Ցանկալին՝ աղանձ ուտելու պահանջը, տիրապետող դարձավ ու մտքից վանեց հաջորդ օրվա հրատապ պայմանագրերը, ստիպեց Սառային՝ մտածել միայն ի՛ր մասին…
Տուն տանող փողոցի վրա մթերային ապրանքների խանութում առաջինը հարցրեց. — Ցորեն ունե՞ք:
— Հիմա չունենք, վաղը կստանանք:
Հետո, գրեթե բնազդաբար, կատարեց ամենօրյա գնումները՝ կաթ, մածուն, պանիր, կարագ, հաց ու դուրս եկավ խանութից: Ցորենի համար կարելի էր գնալ այլ խանութներ: Որոշեց կատարած գնումները նախ տուն տանել: Իսկ տունը մի քանի քայլի վրա էր: Երբ մտավ մուտքից ներս՝ կարծես աղանձի բուրմունքը ավելի սաստկացավ: Պարզ զգացվում էր, որ այն դուրս է հորդում հենց առաջին հարկի ձախակողմյան դռնից, որն այդ պահին կիսաբաց էր: Սառան մի պահ կանգ առավ դռան դիմաց, սակայն հաջորդ պահին, ինքն իրեն ստիպելով՝ սկսեց բարձրանալ: Այդ բնակարանում բնակվում էր ադրբեջանցի ընտանիք ու որքան էլ նրանք մաքրակենցաղ մարդիկ էին, որքան էլ աղանձ ուտելու ցանկությունը անդիմադրելի էր՝ Սառան չէր մոտենա նրանց ուտելիքին, չէր մոտենա ու վե՛րջ…: Սակայն ցանկալին շա՛տ մոտ էր ու հասանելի…: Բավական էր, որ դռնից ձայն տար՝ իսկույն կմոտենար Լեյլա խանումը, շողոմ հրճվանքով
ներս կհրավիրեր արդեն երեք տարվա ջահել հարևանուհուն ու անմիջապես կյուրասիրեր այդ պահին առավել մատչելի ուտելիքով՝ աղանձով:
Սառան, ներսն ալեբախող տվայտանքներով, ոտքերը գրեթէ քարշ տալով, հասավ երրորդ հարկ, բացեց իր բնակարանի դուռը և միջանցքում թողնելով մթերքներով լի տոպրակը՝ ետ դարձավ ու ինքն էլ չիմանալով ինչպես՝ հայտնվեց Լեյլայի դռան առջև, թեթևակի ծեծեց կիսաբաց դուռը:
-Մտե՛ք, մտե՛ք, ախր դուռը բաց ա, ինչու՞ եք ծեծում,- դռանը մոտեցավ Լեյլան ու տեսնելով Սառային՝ բացականչեց,- այ բարև՜, բարև՜, էս ոնց ա՞ էլել, հարևան ջան, դե ներս արի՛, բա առաջին անգամ մեր տուն ես եկել, հո դռան մեջ չե՞ս կանգնելու,- «արի՜, արի՜ առաջ» ասելով գնաց դեպի պատշգամբ,- արի՜, նստի՛ր, աղանձ կե՛ր, Նադյաս ձմեռվա համար փոխինձ ա սարքում, ձեր հայերից ենք սովորել, խաշիլը շատ համով ուտելիք ա,- (Նադյան հարսն էր):
Լեյլան խոսելուն զուգահեռ սեղանին դրեց աղանձով լի ափսեն և արդեն ավելորդ էին նրա «կե՛ր, Սառա ջան, կե՛ր» խոսքերը: Սառան ափի մեջ տնտղեց մի պտղունց աղանձ և սկսեց ուտել: Եվս մի պտղունց ու վե՛րջ: Աղանձ ուտելու ցանկությունը հօդս ցնդեց, կարծես ոչ եղել էր ու ոչ էլ կար: Ոտքի կանգնեց. -Շնորհակալ եմ, ես եկել էի լուցկու համար, մի լուցկի տվեք, եթե ունեք,- ստելուց նույնիսկ շառագունեց:
-Ունենք, մեկի փոխարեն երկուսը տամ, բայց ախր աղանձ չկերար, մի կարգին կեր էլի, մի՛ ամաչի:
-Չէ, չեմ ամաչում, լավ էր, շնորհակալ եմ,- Լեյլայի ձեռքից վերցնելով լուցկին՝ արագ դուրս ելավ ու գրեթե վազելով բարձրացավ երրորդ հարկ, ներս մտավ ու դեմ առնելով միջանցքի հատակին թողած մթերքների տոպրակին՝ ցնցվեց. «Տե՛ր աստված, այս ի՞նչ էր կատարվում ինձ հետ…»: Նա կարծես անակնկալ արթնացել էր օտարոտի թմբիրից ու փորձում էր հասկանալ իր հետ կատարվածը: Մթերքներն արագ դրեց սառնարանի մեջ, շտապ դուրս գնաց՝ աղջկան մանկապարտեզից բերելու: Մտքում դարձյալ քիչ առաջ իր հետ կատարվածն էր: Բացատրություն չուներ: Հետո գիտակցության հեռու-հեռավոր մշուշների միջից սկսեց լողալ ինչ-որ ծանոթ հուշ: Մշուշը խանգարում էր, բայց այդ «ինչ-որ ծանոթ»-ը համառորեն մոտենում էր, ահա, ուր որ է՝ կճեղքի մշուշը և կկանգնի իր առջև: Սառան ենթագիտակցորեն զգում էր, որ այն` «ինչ-որ ծանոթը», հեռավոր, բարի, սիրելի ու հարազատ է իրեն:
Երեխայի հետ վերադարձավ աշխատավայր, հավաքեց սեղանի վրա մնացած թղթերը, լցրեց թղթապանակի մեջ՝ տուն տանելու համար: Աշխատանքային օրը մոտենում էր ավարտին:
Տանը, ամենօրյա գործերի կատարման ընթացքում, մեկ-մեկ հայտնվում էր մշուշը և թվում էր, ահա, ուր որ է՝ նրա միջից դուրս կգա «ինչ-որ ծանոթը»: Եվ երբ արդեն կես գիշերին մոտ էր, երեխան ու ամուսինը քնած էին, աշխատավայրից բերած գործերը ավարտին էր հասցրել՝ «ինչ-որ ծանոթը» դարձավ որոշակի ու հստակ. մանկության տարիների հուշը՜…: Բարձրլեռնային գյուղն իր փետրվարն էր ապրում: Աղբյուրի մոտ կանայք քննարկում էին այդ օրն իրենց մտատանջող հարցը. Վաչոյի հղի կինը՝ Օղիկը, արդեն երկու օր է, ոչ ուտում է, ոչ՝ խմում, միայն կարմրախայտ ձուկ է ուզում: Ինքը՝ չէ, սի՛րտն է ուզում: Կանանցից ոմանք դատապարտում էին Օղիկին, որ առանց հաշվի առնելու անվիճելի դժվարությունները՝ իրեն չի զսպում ու հացադուլ է անում: Իսկ մյուսները, հակառակը, գտնում էին, որ Օղիկը մեղավոր չի, քանի որ սի՛րտն է ուզում: Ավելին, վտանգ կա, որ եթե հղի կնոջ սրտի ուզած ուտելիքը չգտնվի՝ ծնվելիք երեխայի աչքը շիլ կլինի, որովհետև այդ սիրտը երեխան է ու հիմա նա՛ է ձուկ ուզում, ոչ թե՝ Օղիկը: Կարմրախայտ ձուկ ինչքան ուզես՝ գյուղի փեշերով հոսող գետում կա, բայց հիմա գետը ծածկված է սառույցով, սառույցն էլ՝ ձյան հաստ ծածկույթով, գել ու գազանի վտանգն էլ կա: Հաջորդ օրը նույն աղբյուրի մոտ նույն կանայք իրար էին փոխանցում վերջին կարևորագույն լուրը. երեկ Վաչոն դիմել է ներքին թաղում բնակվող մոլոկան Իգնատին, որը հայտնի էր որպես հմուտ ձկնորս: Միայն Իգնատը կարող էր ճշգրիտ իմանալ գետի այն հատվածը, որտեղ սառցի շերտը բարակ է, ինչպես նաև՝ ո՞ր մասում է ձկների հավանական հավաքատեղին և այլ գաղտնիքներ: Իգնատը չի մերժել և երկուսով գնացել են ձուկ որսալու: Գնացել են երեկոյան մութն ընկնելուն պես, քանի որ ձկան որսը մթնով է արվում: Որսը, փառք աստծու, հաջող է ստացվել: Լրջորեն քննարման նյութ դարձավ որսած ձկների քանակի հարցը. մեկն ասում էր՝ ութ, մեկը՝ տասնմեկ, մեկ ուրիշն էլ՝ տասներկու: Բայց հետո համաձայնության եկան առ այն, որ քանակը այդքան էլ կարևոր չէ, կարևորը Օղիկի սրտի ուզածը կատարվել է: Իսկ արդեն երրորդ օրը նույն կանանցից մի քանիսը նույն կրքոտությամբ դատափետում էին Օղիկին այն բանի համար, որ ընդամենը կես ձուկ ուտելուց հետո ասել է. էլ չեմ ուզում, վե՛րջ: «Բա էդ անելու բան ա՞, խեղճ Վաչոն ու Իգնատը, էս ձուն- ձմռան կեսի՜ն, մթնո՜վ, գել ու գազանի վտանգն էլ չասա՜ծ, ով գիտի՝ ի՞նչ դժվարությամբ ձուկ որսա՜ն, բերե՜ն, Օղիկս ընդամենը կես ձուկ ուտի ու ասի՝ վե՞րջ…»: Սակայն կանանց մեջ իր բանիմացությամբ հեղինակություն վայելող Սաթոն ասաց, որ սրտաուզելիքը հենց այդպես է լինում ու որ ոչ բոլոր կանանց մոտ է դա լինում, եթե որևէ հղի կնոջ մոտ դա լինում է՝ ինչպես չնչին առիթով սկսվում, այդպես էլ չնչին վայելումից անհետանում է: Դրա համար էլ այն կանայք, որոնք հղի ժամանակ սրտաուզելիք չեն զգացել՝ չեն կարող հասկանալ, թե դա ի՞նչ է:
Մանկության տարիների այս հուշը անակնկալի բերեց Սառային: Նա ձեռքը դրեց ճակատին ու շշնջաց.
-Մի՞թե ես …
Տաք, երանելի ու հաճելի զգացողություն պարուրեց իրեն: Բայց հետո թերահավատության մի ծվեն պտտվեց ուղեղում. երեք տարի առաջ ունեցել է աղջկան, սակայն այդ «սրտաուզելիք»-ը չի եղել, գուցե եղե՞լ է… Չէ, չի՛ եղել: Հաստա՛տ: Այս մտորումներով նորից վերադարձավ Օղիկի պատմությանը… : Սաթոն անառարկելի հիմնավորում էր ներկայացրել. «Ճիշտ ա, էս երեխան Օղիկի երրորդն ա, առաջին երկուսը տղաներ են ու նրանց ժամանակ սրտաուզելիք չի ունեցել, բայց որ հիմա ունեցել ա, ուրեմն հակառակը՝ էս մեկն աղջիկ կլինի»:
ՎԵՐՋ
15.03.2016 թ.
Վերջին մեկնաբանություններ