ԿՈՒԶԵԻ, ՈՐ ԵՍ ԱՊՐՈՂ ԿՅԱՆՔՍ ԱՊՐԵՄ ԱՅՆՊԵՍ, ԱՍԵՍ ՎԵՊ Է

Անժելա Ավագյան, Գևորգ Տեր-Գաբրիելյան

Գևորգ Տեր-Գաբրիելյան
Գևորգ Տեր-Գաբրիելյան

Մաս 1. Անհասանելի դրոշակը մե՜ծ լեռան գագաթին

Ես ունեմ ելք

ԱԱ. Ես ուզում եմ ինքս ինձ համար էլ հասկանալ. մեր ժամանակներում գրողի կոչումը ո՞րն է: Որ գրում ես՝ պատմվածք ես գրում, վեպ, վիպակ, ինչու՞ ես գրում՝ ինքդ քեզ համա՞ր:

ԳՏԳ.- Երբ ես սկսեցի գրել, այդպիսի բառերով չէի ձևակերպում: Ես ասել եմ, երևի. 14 տարեկան էի, մի քանի բանաստեղծություն գրեցի, հետո առաջին պատմվածքները, որոնցից առնվազն մեկը հրապարակված է՝ թեկուզ վերջերս, Ֆեյսբուքում. «Փիլիսոփան»[1] և «Շոգը»: Ու այդ պահին հասկացա, որ ես արձակագիր եմ: Տասնչորս տարեկանում: Ես դա հասկացա մեկընդմիշտ:

Հետաքրքիր է այդ զգացողությունը, հասկանալու ընթացքը:

Մինչև այդ տարբեր բաներ էի փորձել, գնացել էի Պիոներպալատ՝ սուզանավ սարքելու, «Հմուտ ձեռքեր» խմբակ: Հայրիկս ինձ տարավ Վանիկ Խաչատրյանի մոտ (նրա արվեստանոցը մեր շենքի ներքևի հարկում էր): Վանիկը, որ վերջերս մահացավ, բազմահմուտ, բազմակողմանի ստեղծագործող էր: Մատենադարանի սանդուղքի որմնանկարներն են իրենը, օրինակ: Ես մինչ այդ նկարում էի, բայց ո՛չ ներկով՝ գրիչով: Գրել եմ մի առիթով՝ նկարում էի ֆանտաստիկ մեքենաներ, մայրս ասում էր՝ մի պուճուր բան ես նկարում, տակը երկա՜ր բացատրություն ես գրում: Մի երկու անգամ գնացի Վանիկի մոտ, հետո դադարեցի: Հորաքույրս դաշնակահար էր, հայտնի ուսուցչուհի՝ Էլեոնորա Տեր-Գաբրիելյան. գնացի մոտը՝ դաշնամուր սովորելու: Փորձեց, ասաց՝ բացարձակ լսողություն ունես, բայց բացարձակապես չունես երաժշտական հիշողություն: Էս փորձեցի, էն փորձեցի: Մետաղյա կոնստրուկտորները կային՝ թանկանոց, գերմանական, պտուտակներով հավաքվում էին. շատ էի սիրում, ստիպում էի, որ հայրիկս առնի: Ինչով ասես չէի զբաղվում: Եկավ էդ գրելու պահը… Առաջին բանաստեղծությունս կա. կոչվում էր «Մուզիկա»: Հայերեն էր բանաստեղծությունը, բայց որովհետև «երաժշտություն»-ը շատ երկար բառ էր՝ դուրըս չեկավ: Էդպես մի երկու բանաստեղծություն գրեցի, հետո էդ պատմվածքը գրեցի ու հասկացա, որ արձակագիր եմ: Ու էդ ամեն ինչը թողեցի. այլևս ուզում էի ո՛չ ձեռքով բան սարքել, ո՛չ երաժշտություն, նկարչություն… Նաև սպորտաձևերը՝ սուսերամարտի եմ գնացել մի քանի դաս, չմշկասահքի, սրա, նրա: Ի՜նչ ասես չեմ փորձել: Միայն լողն էր, որ շարունակաբար, ահագին երկար գնացի: Ամեն ինչ թողեցի ու ասացի՝ ես արձակագիր եմ. ինքնորոշվեցի:

Գրում էիր տետրում ու պահու՞մ:

Չէ, ծնողներիս տալիս էի, եթե թույլատրելի էր, իմ կարծիքով:

Պատանեկան տարիքի զգացմունքնե՞ր:

Ավելին էր: «Հրացան[2]»-ի մասին պատմեմ, օրինակ. մի օր մեր տուն եկավ Առնոլդ Աղաբաբովը: Ռեժիսոր, «Բարև, ես եմ»-ի սցենարի հեղինակը, հետագայում Զորայր Խալափյանի վեպի հիման վրա՝ «Որտեղ էիր, մարդ աստծո», հայկական առաջին բազմասերիանոց ֆիլմը նկարեց: Մեզ մոտ մարդ էր: Ասաց. լսել եմ՝ պատմվածքներ ես գրում, տուր կարդամ: «Հրացան»-ը տվեցի: Ինքն էլ հայերեն դժվար էր կարդում՝ բաքվեցի էր: Մի երկու շաբաթ հետո եկավ, ասաց. լսի՜ր. ես գիտեի՝ դու հենց էնպես ինչ-որ բաներ ես գրում, իսկ դու՝ լու՜րջ. ես հասկացա, որ քեզ հետ լուրջ պետք է խոսել: Այդպիսի ռեակցիա էր: Բայց այդ ժամանակ ես արդեն փորձված պատմվածքագիր էի՝)) 18 տարեկան, առաջին պատմվածքս Ռուբեն Զարյանը տպագրել էր տվել արդեն երկու տարի առաջ:

Եվ դա զուգորդվում էր կյանքի աբսուրդի ու ողբերգականության դեմ ինչ-որ ձև գտնելու հետ. ո՞նց եմ ես դիմանալու: Էսքա՜ն մարդկանց մեջ, եթե ծնողներս չլինեն, փափուկ շրջապատը չլինի՝ փուչիկի պես կպայթես: Կյանքը՝ ո՛չ մի բանը հաստատ չէ, ամե՛ն ինչ դժվար, մարդիկ՝ մեծ մասամբ վատ տրամադրված իրար հանդեպ, ապագան՝ դժգույն, անապահով, Սովետ: Ու երբ արձակ գրելը դարձավ իմ պատասխանը, թե ի՛նչ եմ դառնալու, դա նաև դարձավ իմ պատասխանը, թե ո՛նց եմ դիմանալու: Որովհետև ես հասկացա. ինչ իրադրություն ուզում է լինի, ամենատհաճ իրադրությունը՝ ինձ բռնեն-ծեծեն, ինձ ամոթանքի սյունին գամեն, ես խայտառակ լինեմ էս կամ էն պատճառով, կամ մեծ անհաջողություն լինի… Բանտում նստած լինեմ, չգիտեմ՝ հաշմանդամ դառնամ… Ինչ ուզում է՝ տեղի ունենա. ես ունեմ ելք: Եթե միայն գլուխս աշխատի և, ասենք, աջ ձեռքս՝ ես ունեմ ելք, որովհետև կարող եմ ռեֆլեքսիա անել, թե ի՛նչ կատարվեց ինձ հետ, և դրա վերաբերյալ կգրեմ պատմվածք: Բոլոր ֆրուստրացիաներից, կյանքի մարտահրավերներից, բոլոր անհաջողություններից դա ինձ համար ելք է, պատվաստ: Կյանքս իմաստավոր էր լինելու՝ ինչ ուզում է պատահեր:

Էդ երկու մղումը միասին եկավ. հա՛մ էն էր, որ ես գիտեմ, որ արձակագիր եմ, հա՛մ էլ՝ լավագույն ելքն էր: Ինձ ո՛չ պետք է պաշտոն, ո՛չ պետք է առաջխաղացում, ո՛չ պետք է հաջողություն, ես գիտեմ՝ ո՛նց դուրս գամ կյանքի մարտահրավերներից: Ի՜նչ էլ կատարվեց՝ հետո կմտածեմ, ինչ-որ մի սիրուն, հետաքրքիր սյուժետային ինչ-որ բան կառաջանա, կամ կհորինեմ և դա գրի կառնեմ:

Մի կողմից՝ կյանքս ապահով ու փափուկ էր, ու, համեմատաբար՝ մեր բոլորինը. պատերազմ չկար, չհաշված աֆղանականը, որը հեռու էր: Իմ ծնողների մանկության ու երիտասարդության համեմատ շա՜տ հանգիստ կյանք էր. նրանք տեսել էին ստալինյան ժամանակներ, Երկրորդ Համաշխարհային… Մյուս կողմից՝ այդ դախ «զաստոյը»՝ լճացումը, բոլորի ապաբարոյականացված վիճակը, սարսափելի էր: Հենց որ սկսեցի հասկանալ՝ միակ ելքս դարձավ գրելը, որ մի կերպ այդ կյանքին դիմանամ: Եվ, իհարկե, թեև շատ էի ուզում տպագրվել՝ գիտեի, որ հաճախ չէ, որ հաջողվելու է: Քանի որ այդ կյանքում եթե իրական բան ես գրում՝ պիտի որ մեծ մասամբ չընդունեն: Գիտեի, մանավանդ որ թաքուն, արգելված գրականություն կարդում էինք: Ուրեմն՝ այդպիսի ճակատագիր է իմը. արտաքնապես ձանձրալի, լճացված վիճակի միջից գտնել, զտել տրագեդիան՝ որը լիքն էր, ու անկեղծ գրել: Որ իմ պարտքը կատարած զգամ ապագայի առջև:

Գրելն աշխարհի հետ հարաբերվելու ձև է, բայց նաև առանձնանալու, հա՞:

Տակից դուրս գալու:

Դե, տակից դուրս ես գալիս, բայց մնում ես ինքդ քեզ հետ:

Չէ, դե, պարզ է, որ դա գրված տեքստ է, և հետո, ինչ էլ որ լինի, պատմելու է էն, ինչ դու զգացել ես, հասկացել: Իսկ դա լավագույն «վրեժն» է, լավագույն հաշվեհարդարն է: Լավ իմաստով եմ ասում՝ «վրեժ», «հաշվեհարդար»: Լավագույն գնահատականն է իրադրության. նշանակում է՝ ես էդ հարցը լուծած ունեմ: Ահա՛ թե ինչպես է այն լուծվել, կամ՝ պիտի լուծվեր, «ավելի ճիշտ» աշխարհում: Կամ՝ ահա՛ թե ինչ տարօրինակ ու աբսուրդ է այս աշխարհը, ահա՛ թե ինչ սխալներ են խեղճ մարդիկ կատարում, փոխանակ՝ «ճիշտ» ապրեն… Եվ այլն:

Ու՝ ի՞նչ. դպրոց, միջավայր, «գողականություն»՝ այսպես ասած:

Այո. ինձ նեղացնեն, վիրավորեն, ես ինչ-որ տհաճություն զգամ, ուրիշին նեղացնեն՝ չկարողանամ միջամտել. ամենը՝ ռեֆլեքսիայի նյութ, արձակի նյութ:

Սեփական խղճի խայթը, ասենք, «Նվերը» պատմվածքում[3]. դա և՛ ինքնարդարացում է, և՛ ինքնառեֆլեքսիա է, և՛ ելք է, երբ որ մի սխալ բան ես արել, ապաշխարանք է, խոստովանանք: Ընդ որում՝ դա գրելու ազդակի միայն մի մասն է: Մյուս մասը՝ իհարկե, մարդկանց տարօրինակ վարքը տեսնել, զարմանալ, ծիծաղել, կյանքի իրադրությունների կապը տեսնել և այլն: Դիտողականությունս ուժեղ չէր. ես ինքնամփոփ էի ու գրքերի մեջ ավելի շատ: Հետո հանկարծ սկսեցի նկատել, որ բաներ եմ նկատել:)) Արձանագրել եմ պատահաբար բաներ. սրա՛ դեմքի արտահայտությունը, — և հասկացել եմ, թե ի՛նչ էր ներքուստ զգում… Այսինչ սենյակի կահավորանքը… Սկսեցի ինձ սովորեցնել մի տեղ մտնելիս՝ շուրջս նայել, մանրամասներն արձանագրել: Դա ինձ այնքան էլ տրված չէ, արհեստականորեն կուլտիվացրել եմ մեջս տարիների ընթացքում: Ես սևեռուն մարդ եմ, սենյակ մտնելիս տեսնում եմ միայն այն, ինչ ինձ պետք է: Պիտի հիշեմ, որ գրող եմ, որ կարող է պետք գալ՝ որ ինձ ստիպեմ շուրջս նայել, նկատել դետալները: Որ նայեմ մարդու դեմքին ու փորձեմ հասկանալ, ինչ է զգում, այլ ոչ միայն իմ ուզածն ասեմ ու սպասեմ ուղիղ պատասխանի: Եվ երբ, տարիների ընթացքում, փորձ կուտակեցի ու սկսեցի, երբեմն, իրոք նկատել ու հասկանալ՝ ինքս ինձնից զարմանում էի:

Բայց այն օրվանից արդեն՝ 14 տարեկանիցս, կյանքն իմաստ ուներ. կարելի էր այն դիտել, ու պարտադիր չէր մասնակցել. ես արկած չէի փնտրում:

Օրինակ՝ ես մինչև 30 տարեկանը՝ մինչև Ամերիկա ընկա, ավտոմեքենա քշել չգիտեի: Հայրս չգիտեր՝ երբեք չէր քշել, չունեինք ավտոմեքենա, ու իմ մտքով չէր անցնում, որ ես երբևէ կքշեմ. եթե Սովետը չքանդվեր, երևի չէի էլ քշի:

Ես նույնիսկ մի ցուցակ կազմեցի: Արդեն երբ Մոսկվայից՝ ասպիրանտուրայից վերադարձա, առնվազն մեկ երեխայի տեր, ընտանիքի տեր, 27 տարեկան էի երևի կամ 28: Ցուցակ կազմեցի, որ, այ, էսքան բան ես չեմ հասկանում ու չեմ արել ու, երևի, չեմ անելու: Մե՜ծ ցուցակ էր, հիշում եմ: Մեկը, ասենք, ավտոմեքենա քշելն էր, մյուսը՝ օրինակ, գրել էի. «էկոնոմիկայից կամ ֆինանսներից բան չեմ հասկանում»:

Հետո Սովետը քանդվեց, ստիպված սկսեցի է՛ս գործով զբաղվել, է՛ն գործով զբաղվել, գնացի արտասահման երկար տարիներ, ավտո վարել սովորեցի, ինչ-որ բաներ էկոնոմիկայից հասկացա: Իհարկե, ոչ մասնագիտորեն:

Ուզում եմ ասել՝ երբ հասկացա, որ արձակագիր եմ՝ ինձ այլևս պետք չէր ոչ մի արկած, ո՛չ մի ակտիվություն, ճիգ անելու, կյանքին հարմարվելու կարիք չկար: Հարմարվելը, նոր բան սովորելը դարձավ խաղ: Դիտելով՝ ինչ է կատարվում, և պարզապես կյանքում ապրելով՝ արդեն անընդհատ ունեի գործ: Նաև՝ ընկերների հետ գնալ-ման գալը, արշավների գնալը. էլի անում էի, հաճույքի համար, բայց մինչ այդ չգիտեի ինչով զբաղվեմ՝ դրա համար, հենց որ էդ ձևը գտա՝ էդ զբաղմունքը — այլևս ձանձրույթից, կյանքս լցնելու, քեֆ անելու մոլուցքից չէի տառապում:

Այդպիսով ես բախտավոր մարդ եմ. կյանքիս գլխավոր հարցը, որ մարդիկ տառապում են ողջ կյանքը, լուծել չկարողանալով, ես լուծեցի 14 տարեկանում. ես արձակագիր եմ: Ինչ էլ լինի, ինչ էլ չլինի՝ միջովս կանցկացնեմ, կգրեմ, կֆիքսեմ, և՛ նյութ կտա՝ ինձ ու ընթերցողին, և՛ հաշիվները կփակեմ:

Պետությունը կարող է սխալներ գործել, բայց գրիչը մեր ձեռքում է

Երբ տարբեր առիթներով ասում ես՝ իմ առաջին գործը արձակագիր լինելն է, այ, հիմա ինձ ավելի հասկանալի է: Որովհետև արձակագիր լինել, մանավանդ հիմա, մեր օրերում, երբ որ դա եկամուտ չի բերում հաստատ, առաջին գործ համարելը, էսպես ասեմ՝ արտառոց է, բայց երբ որ դա ապրելու կերպ է եղել դեռ պատանեկան տարիքից…

Արտասահմանում, երկար տարիներ, ո՛չ անընդհատ, բայց որոշ ժամանակահատվածներ, արձակ չեմ գրել կամ հայերեն չեմ գրել, բայց դա չէր նշանակում, որ ես արձակագիր չեմ: Ուղղակի մտածում էի՝ դեռ երիտասարդ եմ, կյանքի փորձ կուտակեմ, կհասցնեմ, հետո էլի սկսում էի գրել:

Ես ինչու՞ եմ ասում՝ առաջին գործս արձակագիր լինելն է: Որովհետև, հատկապես երբ մեդիաներ են հրավիրում՝ ինչ-որ ընդհանուր հարցերով հարցազրույցների, — նրանք շատ սիրում են էկրանի տակը գրել՝ «ով է» խոսողը. մի բան պիտի գրեն: Ուրեմն՝ ես պայքարեցի, որ «քաղաքագետ» չգրեն, «հրապարակախոս» չգրեն, «փորձագետ» չգրեն: Որտե՞ղ է էդ ամենը խաչմերվում: Էդ ամենը խաչմերվում է իմ արձակագիր լինելու մեջ, դա մի տիրույթ է, որտեղ էդ ամեն ինչը իմաստ ունի, բայց ոչ մեկը, առանձին վերցրած, ի՛նձ չի «թվում»՝ նկարագրում:

Կարդալ ամբողջը

Ծանոթագրություններ

[1] Փիլիսոփան

[2] Հրապարակվել է «Հրապարակ նկուղ» ժողովածուում.

[3] Նվերը

Թողնել պատասխան

Your email address will not be published.