Դինո Բուցատի | ՄԱՐԴԸ, ՈՐ ՈՒԶԵՑ ԱՊԱՔԻՆՎԵԼ

Dino Buzzati, 1906-1972

իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Բլրի վրա, մեծ բորոտանոցի շուրջը, քաղաքից մի երկու կիլոմետր հեռու, հառնում էր մի բարձր, հսկա պարիսպ, որի վրա անց ու դարձ էին անում ժամապահները: Այդ պահակախմբի մեջ կային սառն ու անհաղորդ մարդիկ, բայց կային նաև խղճովները: Մայրամուտին բորոտները հավաքվում էին պարսպի ներքևում ու հարցեր էին տալիս զինվորներին.
“Գասպարե”, ասում էին օրինակ, “ի՞նչ ես տեսնում այս իրիկուն: Ինչ-որ մեկը կա՞ ճանապարհի վրա: Կա՞ռք, -ասում ես: Իսկ ինչպիսի՞ն է այդ կառքը: Իսկ պալատը լուսավորվա՞ծ է: Ջահերը վառվու՞մ են աշտարակի վրա: Չլինի՞ իշխանը վերադարձել է”:
Ժամերով շարունակում էին ու երբեք չէին հոգնում, ու չնայած կանոնադրությունը արգելում էր դա, ժամապահները հոժարակամ պատասխանում էին` հաճախ հորինելով բաներ, որ չկային`ճանապարհորդներ, հրդեհներ, անգամ Էրմակ հրաբխի ժայթքումը, քանզի գիտեին, որ աննշան բաներն անգամ հաճելի ժամանց էին այդ մարդկանց համար, ովքեր դատապարտված էին այդտեղից երբեք դուրս չգալուն: Այդ հարցումներին նաև ծանր հիվանդներն ու մահամերձներն էին մասնակցում, որոնց բերում էին պատգարակներով այն բորոտները, ում ուժը դեռևս տեղն էր:
Միայն մեկը չէր գալիս, մի երիտասարդ, որը բորոտանոց էր ընդունվել երկու ամիս առաջ: Նա ազնվական էր, կավալյերե, մարդ, որ մի ժամանակ գեղեցիկ էր եղել, ինչքան որ կարելի էր կռահել, քանզի բորը նրան քայքայել էր մի հազվադեպ մոլեգնությամբ` կարճ ժամանակում ամբողջովին այլանդակելով նրա դեմքը: Անունը Մսերիդոն էր:
“Ինչու՞ չես գալիս”, հարցնում էին նրան` անցնելով նրա հյուղակի առջևից, “ինչու՞ դու էլ չես գալիս նորություններ լսելու: Այս իրիկուն պիտի հրավառություն լինի, ու Գասպարեն խոստացել է, որ այն նկարագրելու է մեզ: Շատ գեղեցիկ բան է լինելու, ա՛յ կտեսնես:”
-Բարեկամնե՛րս”, պատասխանում էր նա մեղմորեն, կանգնելով իր հյուղակի շեմին և առյուծի իր դեմքը ծածկելով սպիտակ կտորով, “հասկանում եմ, որ նորությունները, որ ձեզ հաղորդում է ժամապահը, ձեզ համար մխիթարություն են: Դա միակ կապն է, որ մնում է ձեզ արտաքին աշխարհի հետ, ողջերի քաղաքի հետ: Այդպես չէ՞:
-Այո՛, իհա՛րկե:
-Դա նշանակում է, որ դուք արդեն համապերպվել եք այստեղից այլևս երբեք դուրս չգալուն: Մինչդեռ ես…
-Դու ի՞նչ:
-Ես ապաքինվելու եմ, ես չեմ համակերպվել, ես ուզում եմ, հասկանո՞ւմ եք, ուզում եմ դառնալ առաջվա պես:
Մյուսների հետ, Մսերիդոնի հյուղակի առջևից անցնում էր իմաստուն ու ծեր Ջակոմոն` համայնքի նահապետը: Կլիներ հարյուր տաս տարեկան, ու գրեթե մի դար էր, ինչ բորը քայքայում էր նրան: Այլևս մարմնի անդամներ չուներ, այլևս չէին տարբերակվում ո՛չ գլուխը, ո՛չ թևերը, ո՛չ ոտքերը: Մարմինը վերածվել էր մի ձողի` երեք- չորս սանտիմետր պարագծով, որ հայտնի չէ, թե ինչպես էր հավասարակշռության մեջ մնում, գագաթին սպիտակ մազերի մի փունջ կար, և նմանվում էր այն ճանճասպաններին, որ գործածում են ազնվական հաբեշները: Ինչպե՞ս էր տեսնում, խոսում, սնվում, մնում էր հանելուկ, քանի որ դեմքը քայքայված էր, քանզի բացվածքներ չէին երևում այն սպիտակ կեղևի վրա, որով պատված էր նրա մարմինը, և որը նման էր կեչու կեղևի: Բայց դա լոկ բորոտներին է հայտնի:
Ինչ քայլելուն է վերաբերում, բոլոր հոդերի անհետանալուց հետո, նա առաջանում էր ցատկոտելով իր միակ ոտքի վրա, որը նույնպես կլոր էր, ինչպես ձեռնափայտի գլխիկը: Մահագույժ լինելու փոխարեն, նրա տեսքը սակայն համակրելի էր: Փաստորեն բույսի վերածված մարդ էր: Եվ քանի որ շատ բարի ու խելացի էր, բոլորն էլ հարգում էին նրան:
Լսելով Մսերիդոնի խոսքերը` ծեր Ջակոմոն կանգ առավ ու ասաց.
-Մսերիդո՛ն, խե՜ղճ տղա, ես այստեղ եմ գրեթե հարյուր տարի, ու քանի՜-քանի՜սին են տեսել այստեղ մտնելիս, բայց ոչ ոքի երբևէ չեմ տեսել, որ այստեղից դուրս գան: Այդպիսին է մեր հիվանդությունը:
Բայց այստե՛ղ էլ, ա՛յ կտեսնես, կարելի է ապրել: Ոմանք աշխատում են, ոմանք սիրում, մյուսները բանաստեղծություններ են գրում, կան դերձակներ, սափրիչներ: Կարելի է այստեղ էլ երջանիկ լինել, գոնե ավելի տարաբախտ չենք, քան դրսի մարդիկ: Ամեն ինչ համակերխպվելու մեջ է: Բայց զգո՛ւյշ, Մսերիդոն, եթե հոգիդ ընվզի ու չհարմակերպվի` այն անհեթեթ հավակնությունն ունենալով, թե մի որ կլինի ապաքինում. այդ ժամանակ սիրտդ թույնով կլցվի:
Ու այդ ասելով` ծերուկ տարուբերում էր իր գեղեցիկ, սպիտակ մազափունջը:
-Բայց ես, -առարկեց Մսերիդոնը,-ես պետք է ապաքինվեմ, ես հարուստ եմ. եթե բարձրանայիր պարսպի վրա, կկարողանայիր տեսնել իմ պալատը` երկու արծաթե գմբեթներով, որ շողշողում են: Այնտեղ իմ ձիանքն են, որ սպասում են ինձ, իմ շներն ու իմ որսորդները, ու նաև` հեզաբարո դեռահաս ստրուկներս են սպասում, որ վերադառնամ: Հասկանու՞մ ես, ծեր իմաստուն, ես պետք է ապաքինվեմ:
-Եթե ապաքինվելու համար բավական լիներ ցանկությունը, ամեն ինչ լավ կլիներ, -պատասխանեց Ջակոման բարեմտությամբ: -Ով մի քիչ ավել, ով մի քիչ պակաս, բոլորը կապաքինվեին:
-Բայց ես,-պնդեց երիտասարդը,- ես միջոց ունեմ ապաքինման, որի մասին ուրիշները չգիտեն:
-Է՜, գիտեմ, -ասաց Ջակոմոն,- խաբեբաները միշտ էլ նորեկներին թանկ գներով, գաղտնի ու հրաշագործ քսուկներն են վաճառում: Ես էլ եմ դրանց հավատացել ջահել ժամանակս:
-Ես քսուկներ չեմ գործածում, ես միայն աղոթում եմ:
-Դու աղոթում ես Աստծուն, որ քեզ ապաքինի՞: Եվ ուրեմն, համոզված ես, որ ապաքինվելու՞ ես: Բայց դու ի՞նչ ես կարծում, մենք չե՞նք աղոթում, մենք` բոլորս: Ոչ մի իրիկուն չենք անցկացնում առանց Աստծուն դիմելու: Եվ սակայն…
-Բոլորդ էլ աղոթում եք, ճիշտ է, բայց ոչ ինձ նման: Երեկոյան դուք գնում եք լսելու ժամապահի նորությունները, մինչդեռ ես աղոթում եմ: Դուք աշխատում եք, սովորում եք, թղթախաղ եք խաղում, ապրում եք ինչպես բոլոր մարդիկ են ապրում, իսկ ես աղոթում եմ, բացի այն ժամանակից, որն անհրաժեշտ է ուտելու, խմելու ու քնելու համար, ես աղոթում եմ առանց դադարի, և հետո, անգամ ուտելիս եմ աղոթում ու մինչև անգամ` քնելիս. իսկապես, այնքա՜ն մեծ է ցանկությունս, որ որոշ ժամանակ ի վեր երազումս էլ ինձ տեսնում եմ ծնրադրած ու աղոթելիս:
Աղոթքը, որ անում եք դուք, անօգուտ է: Իսկական աղոթքը անսահման խոնջանք է, ես, երեկոյան հյուծված եմ լինում գործադրածս ջանքերից: Ու որքա՜ն ծանր է անմիջապես վերսկսկելը աղոթելը արշալույսին, երբ հազիվ եմ արթնացել. այդ պահերին մահն ինձ նախընտրելի է թվում: Բայց հետո, ինձ ստիպում եմ ծնկի գալ: Դո՛ւ, Ջա՛կոմո, որ ծեր ես ու իմաստուն, պիտի իմանաս այդ բաները:
Այդ խոսքի վրա Ջակոմոն սկսեց երերալ. դժվար էր իր համար հավասարակշռությունը պահելը, ու տաք արցունքները ակոսեցին նրա մոխրագույն ճաքճքած երեսը:
-Ճի՛շտ է, ճի՛շտ է,- հեկեկում էր ծերունին,- ես նույնպես, երբ քո տարիքին էի…ես ևս տրվում էի աղոթքի ու անընդմեջ աղոթում էի, ու արդեն վերքերս փակվում էին ու մաշկս նորից դառում էր գեղեցիկ ու հարթ…ես սկսում էի ապաքինվել…Բայց հանկարծ դադարեցի դա անել ու ամողջ ջանքերս ջուրը լցվեցին….Տեսնո՞ւմ ես, ինչ հալի եմ հիմա…
-Եվ ուրեմն, -ասաց Մսերիդոն, -դու չե՞ս հավատում, որ ես…
-Աստվա՛ծ քեզ օգնական, ի՞նչ ասեմ, թող Ամենակարողը քեզ ուժ տա,- քրթմնջաց ծերունին ու փոքրիկ ցատկերով մոտեցավ պարսպին, որի տակ հավաքվել էր բազմությունը:
Փակվելով իր հյուղակում` Մսերիդոնը շարունակեց աղոթել, անհաղորդ` բորոտների կոչերին: Սեղմված ատամներով, Աստծուն սևեռված մտքով, լրիվ քրիտինքի մեջ`ջանք գործադրելուց, պայքարում էր իր ախտի դեմ, ու քիչ առ քիչ զզվելի կեղևը ճմրթվում էր, հետո ընկնում` թողնելով, որ առողջ միսը վերածնվի:
Իր ապաքինման լուրը տարածվեց, ու նրա հյուղակի մոտ սկսեցին հավաքվել հետքրքրասերների խմբեր: Մսերիդոնն այլևս սրբի համբավ ուներ:
Մի՞թե հաղթել էր, թե՞ այդքան ջանքերը ոչ մի բանի չէին ծառայել: Երիտասարդին թեր ու դեմ խմբավորումներ կազմվեցին: Մինչև որ, գրեթե երկու տարվա առանձնացումից հետո, մի օր Մսերիդոնը դուրս ելավ իր հյուղակից: Վերջապես արևը լուսավորեց նրա դեմքը, որ այլևս չուներ բորոտության նշաններ և այլևս չէր նմանվում առյուծի երեսի, այլ շողշողում էր գեղեցկությունից:
-Ապաքինվե՜լ է, ապաքինվե՜լ է,- գոչեցին մարդիկ` չիմանալով լա՞ց լինել ուրախությունից, թե՞ ծվատվել նախանձից:
Արդարև, Մսերիդոնն ապաքինվել էր, բայց որպեսզի բորոտանոցը թողներ, փաստաթուղթ պիտի ունենար:
Գնաց բժշկի մոտ, որն ամեն շաբաթ զննություն էր կատարում, հանեց շորերը:
-Երիտասա՛րդ, կարող ես քեզ բախտավոր հմարել,- եղավ պատասխանը,- ես պիտի ընդունեմ, որ դու գերթե առողջացել ես:
-Գրեթե՞: Ինչու՞ գրեթե,- հարցրեց երիտասարդը դառը հիասթափությամբ:
-Նայի՛ր, նայի՛ր այս զզվելի կոշտուկին,-ասաց բժիշկը` ցուցափայտը ուղղելով ոտնաթաթի ճկույթի վրա, որպեսզի մատով չդիպչեր մոխրագույն մի կետի, որն ավելի մեծ չէր ոջիլից:
-Պետք է վերացնել նաև սա, եթե ուզում ես, որ քեզ դուրս գրեմ:
Մսերիդոնը վերադարձավ իր հյուղակն ու չգիտեր ինչպես հաղթահարեր իր հիասթափությունը: Կարծում էր, թե այլևս փրկված էր, իրեն հանգիստ էր տվել, արդեն պատրաստվում էր հատուցման` իր ջանքերի դիմաց. մինչդեռ Գողգոթան պիտի վերսկսվեր:
-Մի ՛ վհատվիր,- սիրտ էր տալիս նրան Ջակոմոն,- և՛ս մի փոքր ճիգ, մեծ մասն արել ես, խելագարություն կլիներ հիմա հանձնվելը:
Մանրադիտակային մի կոշտուկ էր ճկույթի վրա, բայց թվում էր, թե տեղի չէր ուզում տալ: Մեկ ամիս, հետո երկու` ջերմեռանդ ու շարունակական աղոթքներ: Ոչ մի արդյունք: Երրորդ, չորրորդ, հինգերորդ ամիսը: Դարձյալ ոչ մի բան: Մսերիդոնն արդեն սկսում էր հուսահատվել, երբ մի գիշեր, ձեռքը տանելով հիվանդ ոտքի վրա, ինչպես որ մեքենայորեն անում էր, կոշտուկն այլևս չշոշափեց:
Բորոտները ցնծությամբ ճանապարհեցին նրան: Այևս ազատ էր: Պահակախմբի առջև հրաժեշտ տվեցին: Այնուհետև, միայն ծեր Ջակոմոն ցատկոտելով` նրան ուղեկցեց մինչև դրսի դուռը: Ստուգեցին փաստաթղթերը, բանալին ճռռաց`պտտվելով փականի մեջ, ժամապահը լայն բացեց դուռը:
Աշխարհը հայտնվեց վաղ առավոտվա արևի լույսի մեջ, այնքա՜ն թա՜րմ ու լի՜ հույսերով: Անտառները, կանաչ մարգագետինները, երգող թռչունները, իսկ հեռվում սպիտակին էր տալիս քաղաքը իր ճերմակ աշտարակներով, պարտեզներով, սանդղավանդներով, ծածանվող դրոշներով, վիշապների ու օձերի տեսքով օդապարուկներով, իսկ ներքևում` անտեսանելի անթիվ-անհամար կյանքե՜ր ու հնարավորություննե՜ր, կանա՜յք, տռփականությո՜ւն, շքեղությո՜ւն, արկածնե՜ր, արքունի՜ք, բանսարկություննե՜ր, հզորությո՜ւն, զենքե՜ր… մարդու թագավորությունը:
Ծեր Ջակոմոն զննում էր երիտասարդի դեմքը` ցանկալով տեսնել այն հրճվանքից պայծառացած: Իսկապես, Մսերիդոնը ժպտաց ազատության համայնապատկերին: Բայց դա մի պահ տևեց: Հանկարծ երիտասարդ ազնվականը գունատվեց:
-Ի՞նչ պատահեց,- հարցրեց նրան ծերուկը`մտածելով, թե հուզմունքից տղայի շունչը կտրվում էր: Ժամապահն ասաց. “Դե՛, արա՛գ, երիտասարդ, դո՛ւրս ել, որպեսզի կարողանամ դուռը փակել. թե՞ ուզում ես խնդրենք քեզ”:
Սակայն, Մսերիդոնը մի քայլ ետ գնաց ու ձեռքերով փակեց իր աչքերը.
-Սոսկալի՜ է, -շշնջաց:
-Ի՞նչ եղավ,-կրկնեց Ջակոմոն: Վատ ես զգու՞մ:
-Չեմ կարող,-ասաց Մսերիդոնը:
Իր առջև, միանգամից, տեսարանը փոխվել էր: Ու աշտարակների ու գմբեթների փոխարեն, հիմա տեսնում էր թրիքի ու անմաքրության մեջ կորած ետնախորշեր, իսկ դրոշների փոխարեն, տանիքների վրա, մոծակների միգապատ ամպեր որպես վարակված փոշի:
Ծերուկն հարցրեց.” Ի՞նչ ես տեսնում, Մսերիդոն: Ասա՛ ինձ. Տեսնում ես փտածությո՞ւն ու ա՞ղբ, այնտեղ, ուր քիչ առաջ ամեն ինչ այնքան լուսաշող էր: Պալատների փոխարեն ողորմելի խրճիթնե՞ր ես տեսնում: Այդպե՞ս է Մսերիդոն:”
-Այո՛, այո՛, ամեն ինչ նողկանքի վերածվեց: Ինչո՞ւ: Ի՞նչ պատահեց:
-Ես գիտեի դա, -ասաց նահապետը,-գիտեի, բայց չէի համարձակվում դա քեզ ասել: Դա է մեր` մարդկանցս ճակատագիրը, ամեն ինչի համար պետք է վճարել թանկ գնով: Երբևէ քեզ հարց չե՞ս տվել, թե ով էր քեզ աղոթելու ուժ տալիս: Քո աղոթքներն այնպիսին էին, որոնց չի դիմանում անգամ երկնքի զայրույթը: Դու հաղթեցի՛ր, այլևս ապաքինվել ես: Ու հիմա վճարում ես դրա համար:
-Վճարու՞մ եմ: Ինչու՞:
-Որովհետև վերին շնորհն էր քեզ աջակցում: Իսկ Ամենակարողի շնորհը չի խնայում: Դու ապաքինվել ես, բայց այլևս առաջվանը չես: Օր-օրի, մինչ շնորհը աշխատում էր քո մեջ, չիմանալով էլ այդ մասին` դու կորցնում էիր հակումդ կյանքի հանդեպ: Դու պաքինվում էիր, բայց այն բաները, որոնց համար ուզում էիր ապաքինվել, քիչ առ քիչ պոկվում էին, դառնում ուրվականներ, լողացող նավակներ` տարիների ծովի վրա: Ես գիտեի դա: Կարծում էիր, թե ինքդ ես հաղթել, սակայն Աստված էր քեզ հաղթում: Այդպիսով, ընդմիշտ կորցրեցիր ցակնություններդ: Հարուստ ես, բայց հիմա փողը կարևոր չէ քեզ համար, երիտասարդ ես, բայց էլ կանայք չեն գրավում քեզ:
Քաղաքը քեզ թվում է աղբակույտ: Ազնվական էիր, սո՛ւրբ ես հիմա, հասկանու՞մ ես, թե ինչ հաշիվ է: Հիմա մե՛րն ես վերջապես, Մսերիդո՛ն: Միակ երջանկությունը, որ մնում է քեզ, այստեղ է, մեր` բորոտներիս միջև, ի մխիթարություն մեզ…Դե՛, ժամապա՛հ, փակի՛ր դուռը, մենք վերադառնում ենք:
Ժամապահը դուռը վրա քաշեց:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի