Վրացերենից թարգմանեց Նաիրա Սիմոնյանը
***
Արփին քուն մտավ հորիզոնն անդին,
Քամին վրձնում էր ալիքին ամպեր,
Միայնակ կինը կանգնել քարափին
Ու իր հոգին էր անհունին բացել:
Հավքերի երգը մթան մեջ լռեց,
Ալիքն էր խայտում քամու հետ հեռվում,
Լուսնյակը ամպի փեշից դուրս սահեց,
Կնոջ արցունքն էր շիթ-շիթ ծովանում:
ՖՈՐՏԵՊԻԱՆՈ
Ֆորտեպիանո է այժմ սրահում,
Եղել է, սակայն, աստ գըրանդ ռոյալ:
Մեղեդիներ են հոսել խնկաբույր,
Հնչել է ջազը և հուզագալար:
Երբ պիանո էր այնժամ մեղեդին՝
Ծառերը նրբին են նվագակցել,
Այժմ ֆորտե է երգն ամբողջովին,
Մեղեդիներ է քամին խլացրել:
Ֆորտե ու պիանո մեղեդիների,
Եղել, անցել են, այլևս չկան:
Ձայնը խորքում է ֆորտեպիանոյի,
Այստեղ լռում է մի խոսուն անցյալ:
ՉՎԱՌՎԱԾ ՄՈՄԻ ԼՈՒՅՍ
Ծովի լեղակոտ ու թաց բռերից
Գլաքարեր են գլորվում դեպ ափ,
Երեխան պիտի բռներ մոր ձեռքից,
Ուղեկցեր նրան եթերով հեքիաթ:
Այնտեղ, ուր ծաղկած պտղաջրերում
Աչք պիտի բացեր աստղիկը ծավի,
Պիտի ունենար աստղիկն անվանում
Եվ ազգանունը իր տոհմածառի:
Լուսնից ազատված ամպերի քղանցք:
Երանգների խաղն է աղջամուղջի,
Կյանքի հորձանքը չմտան նրանք,
Չկա հուշ, հասցե ու ձայն աղմուկի:
Երկնքից երկիր խաղ զեփյուռների:
Երբ կյանքը ծաղկի պտղաջրերում,
Չվառված մոմերն ուշ գիշերներին
Լույսի աստղիկներ կցանեն երկնում:
Ծովի լեղակոտ կապույտ ծփանքում
Երազից անդին շողիկ իրական.
Նրանց անունն է տեսլաց աղոթքում,
Ովքեր եզերքում չեղան գոյության:
Վերջին մեկնաբանություններ