Անրի Գրիգորյան | ԴԱՇՏՈՒՄ

Լուիզան հավանոցում պաչվում էր հարևանի տղայի հետ:

Ականջներից բռնած նրանց դուրս բերեցին տագնապած հավերի բնից:
Տղային արգելեցին մոտենալ աղջկան:
-Բայց իմ դուրը գալիս է պաչվել նրա հետ,- ասաց տղան:
Հայրը քիչ մնաց խեղդեր նրան արևից տաքացած ջրով տակառի մեջ:
Լուիզան նույնպես պատժվեց: Մայրը պատռեց նրա միակ տոնական զգեստը: Աղջիկը սպառնաց մորը, որ հավանոցում կպաչվի գյուղի բոլոր տղաների հետ, իսկ այդ լղար հավերին դուրս կշպրտի այդտեղից, քանի որ նրանք ծերտից ու ձվերից բացի ոչինչ չեն տալիս: Մայրը ուրիշ որևէ արժեքավոր բան չգտնելով, հիմա էլ աղջկա մազերը կտրեց: Լուիզան ընկերուհիներին բացատրեց, որ հիմա քաղաքում բոլորը կտրած մազերով են դաշտ ու անտառ գնում:
Տղան խուսափում էր Լուիզայից: Իսկ աղջիկը, չնայած նրան արգելել էին մոտենալ առհասարակ տղաներից որևէ մեկին, նրա հետ շփվելու մի քանի փորձ արեց: Համարձակն էր: Սակայն տղան նույնպիսի համարձակություն այդպես էլ չդրսևորեց: Լուիզան հիասթափվեց:
Դրանից հետո դաշտում տկլոր պառկելը նրա սովորությունը դարձավ: Երբ նկատում էր ինձ՝ նրան թաքուն հետևելիս, շնչառությունը արագանում էր, ինչը զգացվում էր նրա վերուվար անող փորից: Երբեմն նա դիտմամբ շրջվում էր փորի վրա ու թափահարում ոտքերը: Հետո, իբր թե քնում է, նորից շրջվում էր մեջքի վրա ու փակում աչքերը: Վերջում անվրդով հագնվում էր, հորանջում ու վերադառնում թաղ:
Թաղի տղաները Լուիզային ծաղրելու առիթը բաց չէին թողնում: Օրինակ, երբ աղջիկը տնից դուրս էր գալիս՝ կարմիր շրթներկով լղոզած շուրթերով, նրանք ինչ ասես գոռում էին հետևից: Լուիզան ձևացնում էր, թե չի ջղայնանում: Միայն ձեռքով խփում էր հետույքին, հետո շրջվում ու ժպտում: Դրանից տղաների ծղրտոցը ավելի էր սաստկանում:
Լուիզայի նման պահվածքը ինձ չէր գոհացնում: Ես այն ժամանակ պատկերացում չունեի, թե ինչ է նշանակում լինել վուլգար: Բայց զգում էի, որ այդ ժեստը նրան չի սազում: Երանի հպարտ-հպարտ քշեր-անցներ նրանց կողքով:
Ես չէի կարողանում Լուիզային պաշտպանել տղաներից: Եթե կռիվ նախաձեռնեի, միևնույն է՝ չէի հաղթի: Ինձ հում-հում կուտեին: Համա թե ուժ ունեին հա՜: Նրանցից մեկը կաթը խմում էր հենց կովի պտուկից. կթում էր բաժակում ու տեղնուտեղը խմում: Մյուսը ամբողջ օրը հաց ու պանիր էր ուտում: Մյուսն էլ երկու օրը մեկ մի հավ էր խժռում: Իսկ ես միայն վարունգ ու կարտոֆիլ էի ուտում: Կաթի հոտն առնելիս էլ սիրտս խառնում էր:
Սակայն ես տղաների հետ պայքարելու իմ միջոցները մշակեցի: Մեկի գնդակը գողացա ու թաղեցի դաշտում: Իսկ դա թաղում միակ գնդակն էր: Ճիշտ է, մաշված էր, բայց բոլորի սիրելի գնդակն էր ու դեռ մի ամառ էլ կխաղային: Մյուսի մասին բամբասանքներ տարածեցի, իբր թե քոս ունի ու նրանից հեռու է պետք մնալ: Նա շուտով մնաց մենակ ու անօգնական: Մեկի սենյակում էլ պատուհանից ծխախոտի տուփ եմ թաքուն ներս շպրտել: Այդ օրը նա մի լավ ծեծ կերավ հորից: Մի խոսքով, սիրուն բաներ չեմ արել:
Շուտով թաղում այսպես ասած հետախուզական խումբ ստեղծվեց միաչքանի տատիկի գլխավորությամբ, որի աչքից, ինչպես ինքն էր հաճախ նշում, ոչինչ չէր վրիպում: Խումբը տեղի ունեցած դեպքերը քննարկելուց հետո մեղադրանքը բարդեց Լուիզայի վրա, քանի որ նա գյուղից վրեժ լուծելու բոլոր պատճառներն ուներ:
Օրը մթնում էր, երբ թաղի բնակիչները օղակելով Լուիզային կռվում էին նրա հետ: Մեկը քաշքշում էր նրա թևից, մյուսը՝ մազերից: Աղջիկը, գլուխը կախ՝ ամեն ինչ ժխտում էր:
-Ես եմ արել, Լուիզան մեղավոր չի:
Ի՞նչ կպատկերացնեի, որ ձայնս կտարբերվեր այդ աղմուկի մեջ: Երբ լռություն տիրեց, նոր միայն զգացի, թե որքան հաճելի երեկո էր:
Գյուղի տղաները սոված գայլերի պես զգույշ մոտեցան ինձ:
-Հա՛… ձեր գնդակն էլ ես եմ գողացել…
Հանդուգն տղայի տպավորություն թողեցի, բայց ներքուստ դողում էի:
-Դո՛ւք եք մեղավոր… Լուիզային պաշտպանելու փոխարեն անընդհատ ծաղրում եք նրան… Տղաները նմանվեցին վտանգը հոտն առած գայլերի:
-Գնդակը կորավ ու վռազ միաչքանի տատիկին դիմեցիք հա՞: Իսկ Լուիզան ո՞ւմ դիմի:
Ամեն կերպ փորձում էի կառավարել ձայնս, որ չդողար: Գլխավորը նրանք լսում էին: Ոմանք, համոզված եմ, բան չհասկացան ասածներիցս, բայց իմացել էի, որ կարևորը ոչ թե անհատական մարդկանց, այլ ամբոխի կարծիքն էր:
-Հիմա գոնե հանգիստ կթողնե՞ք Լուիզային:
Վերջին խոսքերս անհաջող էին. ասածս խնդրանքի պես հնչեց: «Գայլերի» աչքերը նույն պահին փայլատակեցին: Շշմեցուցիչ բան պետք է ասեի, այլապես մի հարվածն էլ բավական կլիներ ինձ գետնին տապալելու համար:
-Տղանե՛ր, գիտե՞ք ինչ անցավ մտքովս, երբ դաշտում թաղում էի ձեր գնդակը. ինչո՞ւ ստադիոն չեք սարքում այնտեղ: Կարելի է ընտիր ստադիոն սարքել: Է՜… քաղաքում մենք երազում ենք նման դաշտերի մասին, իսկ դուք այն թողած նեղ ու քարքարոտ բակերում եք գնդակը գլորում: Հը՞, տղանե՛ր, ժամանակը չի՞ իսկական ֆուտբոլ խաղանք:
Ես այդ պահին չէի էլ մտածում, որ ինքս ֆուտբոլից բան չեմ հասկանում, կարևորը նրանց ուշադրությունը շեղելն էր:
-Հենց վաղը գնանք, խոտը հնձենք ու դարպասների համար փոսեր փորենք: Ի՞նչ կասեք:
Այդ պահին նկատեցի, որ տատս թաքուն առանձնացավ բոլորից ու մտավ տուն: Նա քթի տակ կարծեմ մրթմրթաց. «Դու խոտ հնձող ես, հա՞… Ցո՛ւյց կտամ քեզ…»:
Տղաները մտախոհ քորեցին ծոծրակները: Հետո սկսեցին քննարկել իմ առաջարկը: Ամբոխը սկսեց ցրվել: Ոմանք նույնիսկ ուրախացել էին, որ գնդակը այլևս չի ջարդի իրենց ապակիները: Միայն միաչքանի տատիկը մի քիչ երկար նայեց վրաս, աչքը թերահավատորեն կկոցած:
Խոտը իհարկե ես չեմ հնձել: Տղաները՝ իմ նոր ընկերներն էին ամեն գործն անում: Գնդակն էլ բնականաբար հանեցինք հողից: Սակայն առաջարկեցի փող հավաքել ու նորը գնել: Համաձայնվեցին: Լուիզան, որին կարծես բոլորը մոռացան, հեռվից խոժոռված նայում էր մեզ:
Մի անգամ տատս հանդիմանեց ինձ, որ մյուս տղաների պես տնից տկլոր դուրս չէի գալիս:
-Էս շոգին էնա շուբես հագիր…
Ես ամաչում էի առանց շապիկի դուրս գնալ փողոց: Չնայած գյուղի բոլոր տղաները միայն շորտերով էին:
-Սա քաղաք չի, բալե՛ս:
-Մեզ մոտ էլ միայն շորտերով են դուրս գալիս, տա՛տ…
-Վե՛րջ… Կամ կհանվես կամ հետ կուղարկեմ քաղաք…
Երբ տնից դուրս եկա առանց շապիկի, ինձ թվաց, թե արևը ծաղրեց մարմնիս սպիտակությունը: Ծոծրակս ու ականջներս այրվում էին: Կարծես բոլորը ինձ էին նայում: Սկզբում ձեռքերս խաչաձև ծալեցի կրծքավանդակիս մոտ, բայց զգացի, որ դրանով մատնում եմ ամոթս: Վերջապես աղջիկ հո չե՞մ… Ստիպված ձեռքերս իջացրեցի: Ասես հետզհետե գոլորշիանում էի գյուղի երեսից: Երկար փողոցը անցնելով կռահեցի, որ անգիտակցաբար բռնել եմ դաշտի ճանապարհը: Փրկությունը դաշտում էր: Բոլորի աչքերից կարելի էր պատսպարվել միայն դաշտում:
Շոգ էր: Դաշտում ես մենակ էի: Մեղմ հովը փչելով՝ անցնում էր թևատակերիս միջով ու ասես ինձ բարձրացնում էր վերև: Մի քանի մետր հեռավորության վրա նկատեցի խոտերի մեջ պառկած տկլոր Լուիզային: Գլխին լայնեզր գլխարկ էր դրել: Ձեռքերը ծալել էր ծոծրակի տակ: Երբ մոտեցա նրան, նա կշտամբող հայացքով նայեց վրաս: Ես զարմացա, որ չնայած առանց շապիկի էի, բայց նրանից չէի ամաչում:
Ես պառկեցի նրա կողքին, ձեռքերս նրա պես դրեցի ծոծրակիս տակ:
-Ամբողջ թաղով խելքը տվել են ստադիոնին: Ո՞վ է ինձ հիշում:
-Քո վրա հիմա չեն ծիծաղում…
-Ե՛ս էի նրանց վրա ծիծաղում: Նրանք առիթ էին ինձ տալիս: Իսկ դու ամեն ինչ փչացրիր:
Ես նայեցի նրա կրծքին:
-Կարելի՞ է ձեռ տամ:
-Համա թե լկտի ե՜ս…:
Ես վերելակի կոճակի պես սեղմեցի նրա պտուկը: Լուիզան ծիծաղեց:
-Էդպես են ձեռ տալի՞ս:
Հետո սկսեց պոկռտել խոտն ու ծածկել կուրծքը: Նայեցի դեմքին: Մի թեթև կարմրել էր: Կարծեմ ամաչեց: Ես նույնպես ամաչեցի ու խուսափելով նրա հայացքից նորից պառկեցի մեջքի վրա:
Այդ պահին ես ինձ զգացի շատ հպարտ ու թաղի տղաներից ավելի ուժեղ: Ես պառկած էի գյուղի ամենասիրուն աղջկա կողքին… Նա մերկ էր… Ես սեղմել էի նրա պտուկը… Իմ հրամանով տղաները ստադիոն կառուցեցին… Ինձ սկսեցին հարգել… Ես անպատիժ մնացի իմ հանցանքների համար… Լուիզային այլևս ոչ ոք չէր նեղացնում…
Նման մտքերով էի տարվել, երբ նկատեցի, թե ինչպես էր Լուիզան հեռանում, շրջազգեստի փեշերը քսելով երկար խոտաբույսերին…
* * *
Կրկին գյուղում եմ: Նոր ու ծերացած դեմքեր են հանդիպում ինձ: Ինչքան բան է փոխվել գյուղում ու ինչքան բան է մնացել նույնը: Ոմանք հիշում են ինձ, ոմանք ձևացնում են, թե հիշում են: Ճիշտն ասած, ինձ հետաքրքրում է միայն Լուիզան. կհիշի՞ ինձ…
Ինձ ցույց տվեցին նրա տունն, ու ես որոշում եմ այցելել նրան:
Ցանկապատից այն կողմ, տան պատշգամբում, երեխաներ են խաղում: Լուիզան հենվել է սյունին, գրկին երեխա է՝ հավանաբար ամենափոքրը: Նա երկար մազեր ունի, ու չնայած ամառ է, բայց երկարաթև ու մինչև կոկորդը կոճկած բլուզ է հագել: Նրա ձեռք բերած համեստությունը նրան դարձրել է ավելի կրքոտ:
Լուիզան ճանաչում է ինձ ու առանց ներս հրավիրելու սկսում է զրուցել հետս:
-Հինգ երեխա հաշվեցի, բոլորը քո՞նն են…- հարցնում եմ:
-Յոթն են,- ժպտում է Լուիզան,- ասում են՝ մարդս հավատացյալ է, իսկ ես կարծում եմ, որ աննորմալի մեկն է…
Ծիծաղում ենք:
Շուտով հրաժեշտ եմ տալիս Լուիզային ու հետն էլ հարցնում դաշտի մասին:
-Ո՞ւր է դաշտը… — պատասխանում է նա, ապա նայում քնած երեխային ու մտնում տուն:
Ես բռնում եմ դաշտի ճանապարհը: Սակայն դաշտի փոխարեն հայտնվում եմ գյուղի նոր թաղամասում: Դաշտից մնացել է միայն ստադիոնը:
Ո՞ւր է դաշտը, լսելիքումս Լուիզան անդադար կրկնում է տարօրինակ հարցն, ու հետզհետե նրա խոսքերում նախատինք է զգացվում:
Ճիշտ էլ՝ ո՞ւր է դաշտը, ո՞ւր է տատս, իսկ ո՞ւր է Լուիզան…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի