Գրացիա Դելեդդա | ԱՌԱՋԻՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Այն, որ ինքը պիտի վաղ թե ուշ խոստովանի իր մեղքերը Տեր Աստծու ծառաներից մեկին, բնավ չէր անհանգստացնում Ջինային` ձկնորս Ջինոնի դստերը: Այդ մեղքերը լավ հայտնի էին իրեն հարազատ գետի երկու եզերքներին, թեև ինքը չէր էլ փորձում թաքցնել դրանք: Բայց նա իրեն անգամ պատկերացնել չէր կարող, որ պետք է ապաշխարի իր մեղքերի համար հենց իրեն` դոն Ապոլիանարիին` ծխական նոր քահանային:
Դոն Ապոլինարին միակ մարդն էր աշխարհում, ով ընդունակ էր հարուցել այն զգացմունքը` վախի, հարգանքի ու հիացմունքի մի խառնուրդ, որը նրան ստիպում էր, մողեսի նման, թաքնվել թփուտների մեջ, երբ քահանան գիրքը ձեռքին անցնում էր գետային բարձր պատնեշի երկայնքով: Առանց սև զգեստի, նա հավանաբար թափանցիկ պիտի լիներ, այնքան որ բարալիկ էր ու սպիտաակամաշկ, Ջինային թվաց, թե նա սուրբ Լուիջին է, որն իջել էր գյուղական եկեղեցու պատից. որոշ անգամներ նա իր ձեռքում պահում էր ծաղիկ, ու դա ամբողջացնում էր այդ նմանությունը, իսկ երբ դոն Ապոլինարին քայլում էր գլխաբաց, նրա կարմիր մազերը բոցավառվում էին` ներդաշնակելով մայրամուտի կրակագույն ամպերի հետ:
Գյուղում բոլորն էլ ասում էին, որ նա սուրբ է, որ եկել է իսկական հավատքի դարձնելու այն մարդկանց, ովքեր վերջին ժամանակներս զբաղված են միայն մի բանով` փող սարքելով, խմելով ու ուտելով, և լրիվ մոռացել են Աստծու և եկեղեցու մասին:
Ու Ջինան ողջ սրտով հավատում էր դրան: Բայց սրբերն իրեն ավելի շատ դուր էին գալիս նկարների մեջ, ինչպես պատերինը այն մատուռների, որ սովորաբար կանգնած են միայնակ ու դռնբաց` բոլորի առաջ, գյուղական խաչմերուկների վրա: Իսկ կենդանի սրբերը նրան վախ էին ներշնչում, այնպես, որ, ինչքան ոտքերում ուժ կար, նա աշխատում էր հեռու փախչել, երբ հայտնվում էր գյուղական եկեղեցու մոտերքը:
Բայց ահա մի անգամ, դոն Ապոլինարին, ինչպես մի սև տեսիլք` հայտվեց բարդիների պուրակում, գետի ափին: Ու փնտրում էր նրան, նրան` Ջինային` Ջինոնի աղջկան:
Ձկնորսը գետի ափին իր համար կառուցել էր բավական ամուր մի կացարան` գերաններից, տախտակներից, ճյուղերից ու եղեգնի ոստերից: Բացի երկու մահճակալներով սենյակներից, այնտեղ կար նաև մի լայն ծածկ, իսկ դրա տակ` աթոռներ ու նստարաններ: Տոն օրերին այստեղ կերուխում էին անում գյուղի քեֆչիները: Իսկ տան ետևում ներքին բակի պես մի բան կար, որտեղ խելամիտ Ջինոնը պահում էր վայրի բադեր ու սագեր, որ գեր էին ու ոչխարների պես մեղմաբարո:
Ջինան մեծացել էր առանց մոր, ու ինքն էր վարում տնտեսությունը: Սկզբում գալիս էր այդտեղ միայն մեկ օրով, որպեսզի ուտելիք բերեր հորն ու նայեր սագերին, մինչ հայրը ձկնորսության էր գնում, հետո, գարնան գալով` նա թողնում էր տատի տունն ու հաստատվում հոր մոտ: Նա ձկնորսության էլ կգնար Ջինոնի հետ, եթե դա միայն իրենից կախված լիներ, բայց քանի որ դա իրեն չէին թույլատրում, նա որոշեց ինքնուրույն ձուկ որսալ` փոքրիկ խաղալիք ցանցով:
Նավակի մեջ պառկած, որ կապված էր եզերքին, երկար ու համբերատար սպասումից հետո, նա կարողացավ բռնել այն ձկներից, որոնց անվանում են “կատուներ” իրենց բեղերի պատճառով: Հենց այդ ժամանակ էլ հայտնվեց հոգևորականը: Նա քայլում էր` շրջապատված բադերով ու սագերով, ու գլուխը դարձնում մեկ այս, մեկ այն կողմ, ասես օրհնում էր թռչուններին ու զրուցում նրանց հետ: Նրան տեսնելով` Ջինան անմիջապես երեսնիվայր պառկեց նավակի հատակին, քանզի այլ կերպ թաքնվել հնարավոր չէր:
“Հիմա կհեռանա, -մտածում էր նա`ամուր սեղմելով կոպերն ու շունչը պահելով: Նա եկել է այստեղ զբոսնելու ու հիմա կգնա: Ինչ է, չէր կարո՞ղ մի այլ տեղ գտնել զբոսնելու համար: Մի՞թե չէր կարող”:
Անցավ մի քանի վայրկյան: Նավակը նրա տակ տարուբերվում էր օրորոցի նման, իսկ բադերի կռնչոցը դառնում էր ավելի ու ավելի աղոտ, իսկ քիչ անց, բոլորովին լռեց: Քահանան կարողացել էր կախարդել անգամ բադերին` իր մոգական խոսքերով:
“Երևի գնա՞ց,-մտածեց նա, բայց զգում էր, որ դեռ այստեղ էր, քանզի նրա ներկայությունից օդը լցվում էր առեղծվածային անուշահոտությամբ. այդ նույն վարդի հոտն էր բուրում բարդիների պուրակում:
Հանկարծ նավակը ուժգին տարուբերվեց, ասես Ջինային զգուշացնելով, որ հիմա տեղի կունենա ինչ-որ անսովոր բան:
-Աղջի՛կ, -արտասանեց ինչ-որ մեկի ձայնը, որը, թվում էր, ջրի միջից էր գալիս: -Վե՛ր կաց:
Նա վեր ելավ` կկոծած աչքերը ձեռքով փակելով:
-Հեռո՛ւ տար ձեռքդ, -ասաց ձայնը, հիմա արդեն շատ մոտ ու բարձր:
Ջինան ձեռքն իջեցրեց ու աչքերը վախեցած թարթելով` նայեց դոն Ապոլինարիին: Վերջինս նստած էր նրա առաջ, ինչպես Հիսուսը Պետրոսի նավակում: Նրա դեմքն ու ձեռքերն ունեին սադափագույն նրբերանգ, որն հատուկ է կոհակվող ջրին, որ նրա աչքերի գույնն էր: Ջինան չէր կարողանում տարբերել, չէր համարձակվում նայել նրա դեմքին: Հոգևորականը նստած էր անշարժ, ասես նկարված լիներ բարդիների պուրակի հետնապաստառին:
-Աղջի՛կ, -կրկնեց նա, -ես եկել եմ քո ետևից: Բոլոր մոլորված գառներն արդեն վերադարձել են փարախ, անգամ հայրդ է պատարագին գալիս և արժանանում սուրբ հաղորդությանը: Միայն դու ես, որ փախչում ես հեռու, միայն դու ես, որ ապրում ես դեռ անտառային ու գետային գազանների միջև: Ժամանակն է, որ դու ևս հիշես, որ քրիստոնեուհի ես:
Բայց այդտեղ Ջինայի մեջ արթնացավ իրեն հատուկ խիզախությունը, որը թույլ էր տալիս կռվի մեջ մտնել գյուղի ամենահանդուգն տղաների հետ, ու վրա բերեց.
-Հենց դա էլ ուզում էի ասել պարոն քահանա.ես ձեզ համար ոչխար չեմ:
-Խելացի, խելացի, -արտասանեց քահանան գոհ տեսքով, -դե՛, իսկ հիմա նստի՛ր ա՜յ այնտեղ, ու արի՛ զրուցենք:
Աղջիկը նստեց նրա առաջ այնպիսի տեսքով, որը պարզ ասում էր.լա՛վ, արի՛ զրուցենք, բայց քեզ մոտ ես չեմ գա խոստովանելու, ո՛չ մի դեպքում: Բայց չնայած իր անքաղաքավարի պահվածքին, չհամարձակվեց դա ասել բարձրաձայն: Այն, որ քահանան անձամբ էր եկել իր ետևից, իրեն համակում էր հպարտությամբ: Իր կրծքում անգամ խլրտաց մի ցանկություն, նրան` որպես հյուրի, որևէ նվեր մատուցել, դե՛, թեկուզ հավի ձու:
-Ջի՛նա,-ասաց նա` խոնարհաբար գլուխն հակելով ու ձեռքերը ծալելով, ասես աղջիկը սուրբ լիներ, իսկ ինքը`մեղսագործ: -Ջի՛նա, ես գիտեմ քեզ վաղուց և վաղուց է, ինչ հետևում եմ քեզ: Դու արդեն տաս տարեկան ես, բայց ոչ կարդալ գիտես, ոչ գրել, ու երևի “Հայր Մերն ” էլ չես իմանում:
Դու ընկնում ես ամենաանպատկառ տղաների հետ, իսկ նրանք քեզ ոչ մի լավ բան չես սովորեցնի: Դու կոպտում ես հորդ ու պառավ տատիդ, ով ոչ միշտ է հոգ տանում քո մասին, որովհետև առանց քեզ էլ ամեն տեսակ հոգսեր ու տհաճություններ ունի: Հա՛, հենց դրա համար էլ եկել եմ քո ետևից: Եթե ուզում ես, քեզ համար երկրորդ հայր կլինեմ: Արի՛ եկեղեցի ու լսի՛ր այն խոսքերը, որոնք ասում եմ երեխաներին, դու լրիվ ուրիշ կդառնաս: Կգա՞ս: Խոստանու՞մ ես, որ կգաս:
-Լա՛վ, -պատասխանեց նա` վերջնականապես իրեն տիրապետելով: -Իսկ դուք ինձ նկարներ ու կրծքանշաններ կտա՞ք:
-Կտամ և՛ կրծքանշաններ, և՛ նկարներ, իսկ դրա փոխարեն դու ինձ խոստացիր գիշերել տատիկիդ մոտ ու այլևս չընկնել տղաների հետ: Իսկ եթե նրանք կանչեն քեզ, մի՛ գնա ու մի՛ ընկիր նրանց հետ: Ասենք, հիմա նրանք էլ են եկեղեցի գալիս, և հուսով եմ, շուտով դարձի պիտի գան:
-Գուցե և գան, -համաձայնեց Ջինան, -բայց ոչ բոլորը, նրանցից մեկն հաստատ խելքի չի գա, որովհետև սատանի ձագ է:
-Իսկ ո՞վ է դա:
-Ինչպե՜ս, մի՞թե չգիտեք նրան, -զարմացավ Ջինան: Դա Նիգրոնն է, նա, ով ածուխ է բերում: Նա այնտեղից է, -ավելացրեց նա` մատով ցույց տալով գետի մյուս ափը, ուր անտառն էր երևում` նման սև պատի: -Այնտեղ սատանան քարերն ածուխի է վերածում, իսկ Նիգրոնը բեռնում է դրանք իր նավակի մեջ, բերում այստեղ ու վաճառում:
Հոգևորականը չէր ճանաչում Նիգրոնին, նա ուրիշ ծխից էր ու կանգ չէր առնում իրենց ափին. վերավաճառողին ածուխը վաճառելուց հետո` մեկնում էր: Դրա համար էլ Ջինայի ասածները հետաքրքրեցին դոն Ապոլինարիին:
-Իսկ ինչո՞ւ այդ Նիգրոնը խելքի գալ չի կարող: Եվ ի՞նչ վատ բան է արել:
-Նա գողանում է մեր բադերը, իսկ մի անգամ էլ ծեծեց ինձ ու ասաց, որ եթե գանգատվեմ, ինքը կվառի մեր տունը: Ձե՛զ, պարոն քահանա, հո կարող եմ ասել, -շշնջաց նա վստահող ձայնով: Նա գիտեր,որ հոգևորականը պարտավոր է չհրապարակել խոստովանության գաղտնիքը:
-Ինձ ճիշտն ասա՛, Ջի՛նա, իսկ դու ինքդ Նիգրոնին ոչ մի բանով չե՞ս նեղացրել:
Աղջիկը խոնարհեց գլուխը, հետո կամացուկ ասաց.
-Նա կապել էր նավակն ու գնացել վերավաճառողի ետևից, որը չգիտես ինչու չէր գալիս: Այդժամ ես մտա նավակն ու ջուր ցողեցի ածուխի վրա:
-Դե, հավանաբար, դա նրան միայն ձեռնտու է եղել, -նկատեց քահանան` ժպտալով: Այդպես ուրեմն, նա ծեծեց քեզ ու ջրի դիմաց սպառնաց քեզ կրակով: Բայց ասա՛ ինձ.ճի՞շտ է այն, որ դու ինքդ ուրիշի ունեցվածքն այնքան էլ չես հարգում:
Դա ցավագին հարց էր: Ջինան զգաց, որ կարմրեց, իրեն թվաց, թե իր մազերը դարձան նույնքան կարմիր, որքան քահանայինն էին: Բայց, մտածելով, որ ինքը խոստովանության չի եկել եկեղեցի, համաձայնեց, որ իսկապես, ինքն այնքան էլ չէր հարգույմ ուրիշի ունեցվածքը:
-Երբ խաղող եմ տեսնում, անմիջապես քաղում եմ: Շատ եմ սիրում խաղող, -բացականչեց նա ու անթարթ նայեց քահանայի դեմքին, ասես` ցանկանալով հարցնել. իսկ ի՞նչ է, դուք չե՞ք սիրում:
-Իսկ մի անգամ էլ տանձ թռցրի: Դրանք ընկան հենց գլխիս, դե ես էլ երկուսը վերցրի…Միայն երկուսը, -կրկնեց նա` ցցելով միջնամատն ու ցուցամատը: Եվ անկեղծ պոռթկումով ավելացրեց.-Իսկ եթե հաջողվի, կթռցնեմ նաև մնացածը:
-Չէ՛, մնացածին դու ձեռք չե՛ս տա, -ասաց քահանան խիստ ձայնով, բայց ժպտալով: Բայց ժպիտն անհետացավ նրա շուրթերից, երբ Ջինան դեմքը ծամածռեց, որ նշանակում էր.”Իսկ ո՞վ կխանգարի ինձ”:
-Ես հավ էլ եմ թռցրել, -շարունակեց նա` գրեթե պարծենալով իր սխրանքներով, -բայց հետո բաց թողեցի, որովհետև վախենում էի, թե հայրս կծեծի ինձ: Հետո, թռցրել եմ զարմիկիս` Ռենցոյի կոշիկը, բայց դա հենց այնպես, նրա ջգրու: Կոշիկը նետեցի գետը: Իսկ հետո…
Հետոն ավելի լուրջ էր դառնում: Ինքն էլ հասկացավ դա ու վախեցած կանգ առավ: Քահանան սիրտ տվեց նրան.
-Ի՞նչը հետո: Ասա՛:
-Հետո թռցրեի տատիկիս ականջօղերը: Իսկ նա մտածում է, թե կուզիկ Վիկան է գողացել, նա, ով վերցնում է ամեն ինչ, որ անտեր ընկած է, ու ոչ ոք նրան բան չի ասում, -չէ՞ որ բոլորն են վախենում, որ նա փորձանք կբերի:
-Ի՞նչ ես արել ականջողերը, -զարմանալի մեղմությամբ հարցերց քահանան:
Ջինան լռում էր: Կախ ընկնելով նավակի եզրից` նա իբր ինչ-որ բանի էր նայում ջրի մեջ, որը հանդարտ ծփում էր
-Դրանք չես նետել գետի մեջ, չէ՞: Ի՞նչ ես արել դրանք, Ջի՛նա:
Քահանայի ձայնը տարօրինակ էր հնչում. այդպիսի ձայնով խոսում են տղաները, երբ իրար որևէ չարություն անելու են դրդում: Ջինան վեր հանեց գլուխն, ու հանդիմանանքով ասաց.
-Պարզ է, որ չեմ կերել: Թաքցրել եմ դրանք:
-Ո՞րտեղ ես թաքցրել: Տա՞նը, թե՞այստեղ:
Աղջիկն մեկեն վեր ցատկեց: Նրա ամբողջ փոքրիկ մարմինը զայրույթից ցնցվում էր: Զայրացել էր քահանայի պարզամտությունիւց: Ինչ է, ինքը հիմա՞ր է, որ գողոնը թաքցնի իր սեփական տան մեջ: Նրա փոքրիկ վագրուհու նեղլիկացած աչքերում խլրտաց նեգ ժպիտը: Ու այդտեղ նա խոստովանեց իր ամենամաեծ մեղքը.
-Ես դրանք թաքցրել եմ Նիգրոնի նավակում: Քահանան ևս զայրույթից պոռթկաց.
-Այդ ի՞նչ ես արել, Ջի՛նա, -բացականչեց նա` ջանալով պահպանել ձայնի մեղմությունը: -Չէ՞ որ, եթե դրանք գտնեն, տղային կմեղադրեն գողության մեջ:
-Իսկ ի՞նչ է, նա գող չէ՞: Գո՛ղ է:
-Բայց ի՜նչ վատ աղջիկ ես, -ասաց քահանան հուսահատությամբ` շոյելով իր կրակագույն վարսերը: Նա հասկացավ, որ կիսամիջոցներով այստեղ ոչ մի բանի չեր հասնի: Նա ուղղվեց ու խստորեն նայեց Ջինային, դրեց գլխարկը: Անգամ իր ձայնն էր փոխվել, իսկ իր սև պատկերի մեջ հայտնվեց ինչ-որ սպառնալից բան:
-Այդ դո՜ւ ես, ոչ թե Նիգրոնը, իսկական սատանայի ձագը: Իսկ եթե հետգայում էլ շարունակես քեզ այդպես պահել, ապա մի անգամ երեկոյան սատանան կգա քո ետևից ու կտանի քեզ իր հետ` դժոխքի անտառը: Հե՛նց այդպես:
Այդ խոսքերը ցանկալի արդյունքը տվեցին: Ջինան գունատվեց ու ափով նորից փակեց աչքերը:
-Դու գոնե խաչակնքել գիտե՞ս:
Նա խաչակնքեց, բայց ձախ ձեռքով: Իր աչքի առաջ երևաց դժոխքի անտառի պատկերը, ուր, բոցավառվող ածխի կույտերի շուրջը, դեմքերը ծամածռելով` պարում էին հազարավոր սատանի ձագեր, որոնք նման էին Նիգրոնին, ու սոսկանքից քարացած` ասաց մի տեսակ բարալիկ, գորտային ձայնով.
-Ես կգամ…կգամ…
Ուզում էր ասել.կգամ խոստովանության` չկասկածելով, որ իր առաջին խոստովանությունը հենց նոր էր ավարտվել:

Թողնել պատասխան

Your email address will not be published.