Այդ ամենը միանգամից չսկսվեց: Անգամ դժվար է ասել թե ովքեր էին առաջին մարդիկ, որոնք զգացին թե ինչպես են օրերը մշուշապատվում: Առաջին հայացքից թվում էր ամեն ինչ նույնն է, և ոչինչ չի փոխվել: Ինչպես միշտ արևը ծագում էր արևելքից, իսկ գիշերները եթե որևէ մեկը հայացքը գետնից կտրելով վեր բարձրացներ, ապա աստղազարդ երկինք կարող էր տեսնել: Բոլորը դարձյալ իրենց գործերն ունեին, իրենց հոգսերն ու հաճույքները, բայց չգիտես ինչու այդ ամենը կարծես մշուշի մեջ էին երևում:
Առաջին օրերին ամեն ոք մտածում էր, որ իր աչքերի հետ է կապված, բայց երբ աչքի բժիշկը, անգամ առանց նայելու և ստուգելու նրանց ասում էր թե ինչ գանգատներով են եկել, և թե վերջին շրջանում որքան շատ են իրեն դիմողները, շատերն անգամ ավելորդ էին համարում հետագա հետազոտությունները, իսկ աչքի բժիշկը խորհուրդ չէր տալիս դեղեր օգտագործել, ասելով, որ ավելի ճիշտ կլինի, որպեսզի մասնագետները ավելի խորը ուսումնասիրություններ կատարեն, և որ աչքերը շատ նուրբ օրգաններ են փորձադաշտ դարձնելու համար:
Category: Արձակ
Մրտ 11 2012
Արամայիս Գարեգինյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ
Մրտ 08 2012
Լիլիթ Հակոբյան | ԿԻՍԱԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
Մարին տասը տարեկան էր, բայց արդեն շատ բան գիտեր կյանքի մասին, պատճառը նրա անհանգիստ ու պրպտող բնավորությունն էր: Նա կիսաբաց դռների մոտով անտարբեր չէր անցնում, շատ բաներ էր լսում և տեսնում. Նրա վառ երևակայությունն ամեն վայրկյան մի նոր հեքիաթ կամ առասպել էր հյուսում որևէ խոսքի կամ երևույթի շուրջը, սակայն տնեցիները, նրան դեռ փոքր երեխա համարելով՝ մարդու տեղ չէին դնում…
Մրտ 07 2012
Հասմիկ Հոխանյան | ԴԵՂԻՆ ԱՆՁՐԵՎԱՆՈՑԸ ԵՎ… ՀԵՌԱՑԱ՞ ԱՐԴՅՈՔ
Երկար ժամանակ տարված ինքնախաբեությամբ՝ չգիտեմ ինչու, որոշել էի,որ անձրև շատ եմ սիրում, որ արևը հոգումս է ծագում, երբ այն միտք էլ չուներ հայտնվելու երկնակամարում: Բայց…Պարզվեց, որ ո’չ, անձրևը բնավ էլ չեմ սիրել, անձրևանոցն եմ սիրել, իմ դեղին անձրևանոցը: Պարզապես, սիրում էի քայլել փողոցով` գլխավերևում ունենալով մի հսկա արևագույն սկավառակ, որի ներքո ես ինձ այնքան պաշտպանված էի զգում: Մինչդեռ շուրջբոլորը մարդիկ շնչակտուր վազում էին՝ շտապելով գտնել մի չոր ապաստարան, ուր կկարողանային խուսափել անձրևի սառն ու թաց համբույրներից, ես շարունակում էի անշտապ քայլել` ապահովության ջերմ զգացումով ու անձրևանոցիս վրա ընկնող անձրևի կաթիլների միալար մեղեդին ըմբոշխնելով:
Մրտ 04 2012
Սամվել Մարտիրոսյան | ԿԱԹԻԼԸ
Ոմանք կարծում են, թե գարնան արևն է ինձ աշխարհ բերել: Մյուսները՝ թե հալչող ձնից եմ ես ծնվել: Սակայն միամիտ խոսքեր են այդ բոլորը, թյուրիմացություններ: ԵՎ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ձեզ՝
-Գարնանային կաթիլները ծնվում են միմիայն գարնանային կաթիլներից, ինչպես մարդիկ՝ մարդկանցից:
Փտր 25 2012
Սաթ Ալեքս | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ
Հին այգու ամենահեռավոր անկյունում, հինավուրց պարսպի մոտ, ծնվեց մի փոքրիկ թիթեռ: Նա թափահարեց թևերը, բայց չթռչեց անսահման ուրախությունից, երբ տեսավ արևն ու երկինքը,- ինչպես հաճախ պատահում է բոլոր թիթեռների հետ,- այլ բեղիկները շարժեց և իրեն նայելով՝ մտահոգվեց:
Փոքրիկ թիթեռն իր մասին ոչինչ չգիտեր. եթե ինչ-որ մեկը նրան ցույց տար այն կանաչ, լպրծուն պարկը, որի մեջ մի ժամանակ եղել էր ինքը, նա ուղակի չէր հավատա, չէ՞ որ յուրաքանչյուր ոք էլ ուզում է իր մասին լավ կարծիք ունենալ: Նա միայն մի բան հստակ գիտեր՝ այն, որ իրեն բաժին է ընկել շատ կարճ կյանք: Նա միայնակ թիթեռ էր…և ով գիտե՝ որտեղի՞ց էր իմացել այս զարհուրելի փաստի մասին…
Փտր 14 2012
Սամվել Մարտիրոսյան | ԲՈԼՈՐ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ ԵՆ
-խփի՛ր, մի՛ խփիր: Չէ, խփի՛ր, չէ՛, մի՛ խփիր,-ծիծաղում էր բռնցքամարտի փոքրիկ, կաշվե տանձը:
Արմենն էլ էր ծիծաղում:
-Չի ստացվում, ինչու՞ չի ստացվում:
-Որովհետև՝ ես երգում եմ, իսկ դու՝ չես երգում,-քրքջում էր տանձը: -Մի՞թե չես լսում: Ապա կրկնի՛ր ինձ հետ՝ խփի՛ր, մի՛ խփիր…խփի՛ր, մի՛ խփիր…
-Չի լինում, էլի չի լինում,-ծղրտում էր Արմենը:
Փտր 04 2012
Արմինե Պետրոսյան | ԻՄ ԵՐԵՔ ԵՍ-ԵՐԸ
Գիտակ.- Այո՛, սիրելինե՛րս, ձեզնից շատ շնորհակալ եմ քաջալերող խոսքերի համար:
Սերինե.- Մենք ենք շնորհակալ քեզ, որ մեզ տրամադրում ես քո հիանալի ստեղծագործություններն ընթերցելու հաճույքը:
Գարուն.- Այո՛, այո՛, մեզ համար քո յուրաքանչյուր բառն արվեստ է:
Քաջիկ.- Ես անգիր եմ արել քո վեպերի ու վիպակների ամենագեղեցիկ տողերը: Դու մեր ժամանակների ամենաարժեքավոր և որակյալ գրականության ստեղծողն ես:
Գիտակ.- 🙂 🙂 🙂 🙂
Հնվ 31 2012
Սամվել Մարտիրոսյան | ՎԵՐԵՎ ՈՒ ՆԵՐՔԵՎ ՎԱԶՎԶՈՂ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Բառնաուլում, Չեգլեցովի №7 տանը, մեզանից բացի ուրիշ հայեր չեն ապրում: Դրա համար էլ, եթե մեկնումեկիս հետ ինչ որ բան է պատահում, ապա հարևանները միամտաբար կարծում են, թե դա բոլոր հայերի մոտ է այդպես, և առանձնակի նշանակություն չեն տալիս այդ դեպքերին:
Իսկ թե ինչե՞ր կարող են պատահել մեր շենքում, և հատկապես մեր շքամուտքում, ամենից լավ գիտեն փոքրիկ Արմենը և նրա ավագ եղբայրը՝ Մկրտիչը:
Այսօր առավոտյան, երբ նա դուրս եկավ բակ, շքամուտքի լամպը դեռ վառվում էր, նա դա լավ է հիշում: Իսկ հիմա, չգիտես ինչու՝ մութ է:
Հնվ 26 2012
Նարինե Կռոյան | ԾԱՌԸ
Տանիքներից բարձրացող ծուխը եղանակի խոնավությունից վերև չէր բարձրանում, ծանրանում էր, նստում տների վրա՝ ասես դիտավորյալ ընդգծելով նրանց դժգույն ու խարխլված էությունը:
Թաղի երկշարք տների արանքում առանձնանում էր Ջիվանի կացարանը: Այն դուրս էր մնացել ծխի ու խոնավության անիմաստ պայքարից. փայտ չունեին, և վառարանի պարապ տեսքից սառնություն էր փչում:
Ջիվանը “տելեգրեյկեն” հագին կուչ էր եկել թախտի ծայրին ու ննջում էր: Ննջում էր նաև “Պապ թագավորը”՝ փորձելով իր էջերում տաքացնել Ջիվանի կոշտացած մատները:
Հնվ 22 2012
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Հասմիկ Հոխանյան
«Հենց այն, որ լույսը բացվում է, արևը շողում է, դա արդեն իսկ երջանկություն է»,- հաճախ եմ լսում այս սնամեջ, մտացածին խոսքերը, որոնք երբևէ ինքս էլ եմ արտահայտել:
Բայց ի՞նչ է պատահում, երբ շողում է արևը, երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ: Արդյոք մտածե՞լ եք,թե ինչպիսի թախիծ է իր հետ բերում լուսաբացը, իհարկե՛ ոչ, չէ՞ որ դուք միայն ձեր մասին եք մտածում: Մոռանում եք, որ կա մի ուրիշ աշխարհ, որն ապրում է ձեզանից անկախ: Կեցության շատ ոլորտներ կան, բայց ես կպատմեմ մի աշխարհի մասին, որը, չնայած նրան, որ անմիջականորեն առնչվում է ձեզ, միևնույնն է, միշտ էլ աննկատ է մնում:

Վերջին մեկնաբանություններ