Պարսկերենից թարգմանեց՝ Էդուարդ Հախվերդյան
Իմ ցավերը
Իմ ցավերը
Շորեր չեն
Որ հանեմ հագիցս
Բառ ու բան չեն
Որ խոսքի վերածեմ
Հառաչներ չեն
Որ հոգուցս դուրս մղեմ
Իմ ցավերը անասելի
Իմ ցավերը թաքնված են
Իմ ցավերը
Թեև նման չէ մեր օրերի մարդկանց ցավերին
Մեր օրերի մարդկանց ցավն է
Մարդիկ որոնց վերարկուի ծալքերը
Մարդիկ որոնց օձիքի գույնը
Մարդիկ որոնց անունները
Անձնագրերի հին կազմը
Ցավում է
Ես սակայն
Լինելիությանս ողջ ոսկորները
Ցավում են բանաստեղծելուս պարզ պահերին
Իմ հոգու բեկվածությունը
Իմ հպարտության հոգնած ուսերը
Իմ անապաստարան սրտի հենարանը
Փշրվել է
Անպատրվակ լացիս ուսոսկրները
Բանաստեղծական զգացողությանս բազուկները
Վիրավորվել են
Մաշկային ցավերը ուր
Ընկերության ցավը ուր
Այս զարմանալի համառությունը
Ցավերի անհավանական
Հաստատակամությունն է
Ծանոթ ցավեր
Տեղական օտար ցավեր
Տնային ցավեր
Կամակոր հին ցավեր
Առաջին գրիչը
Խոսքը
Ցավի խոսքը
Գրել է սրտիս մեջ
ճակատագրի ձեռքը
Ցավի արյունը
Հունցել է կավիս
Հապա ինչպես թողնեմ անխուսափելի
Իմ ճակատագիրը
Ցավը
Սրտի բույր ու գույնի բողբոջն է
Հապա ես ինչպես
Բողբոջի խիտ թերթերից առանձնացնեմ
Նրա բույրն ու գույնը
Իմ մատյանը
Թերթում է ձեռքը ցավի
Իմ նոր բանաստեղծությունը
Ցավն է գրել
Ցավն էլ լսել է
Հապա ես այս այս արանքում
Ինչից եմ խոսում
Ցավը խոսք չի
Ցավը իմ ուրիշ անունն է
Ես ինչպես ինքս ինձ ձայնեմ
Անհամբերության քամին
Սա բույրն է օտարության
Որ գալիս է
Բույրը իմ պանդուխտ եղբայրների
Գուցե
Քամու մեջ
Պատռված մի շապիկի բույրը օտար
Ոչ
Սա բույրը չէ վիրավոր գայլի
Ես հեռվից եմ զգում
Բույրը անապաստարանության
Անտառի մշուշապատ տեքստում
Բույրը վիրավոր ընձառյուծի
Լեռների լուռ ժայռերում
բույրը ձիերի խրխինջի արձագանքը
Լուսնի քիմքում
Բույրը այրված կտավի
Հորի մեջ
Բույրը աղավնու կապույտ փետուրի
Երբ սուրում է
Անհամբերության այս քամին
Մեր սրտերը գլխիկոր
Բույրն են փնտրում հնացած պատրվակների
Եվ նորից հին վերքերը մեր
Հորանջում են
Նոր միջադեպի սպասումով
Կարծես
Բույրն է գալիս
Գնալու
Վերջին մեկնաբանություններ