Գրական ակնարկ
Աշխարհի սփիւռահայ զաւակն է նա, նկարագրով ջամբուած պապենական ազգահայրենասիրութեամբ, հայ-հայաստանասիրութեամբ. կրթուած ու մշակուած եւրո-ամերիկեան մշակոյթի ու մտածողութեան ընտիր ճաշակով, որ մարդու իր զգացումները և մտորումները հեղեց իր բազմաժանր ու գունեղ գրականութեամբ՝ հայ գեղարուեստական արձակի գանձարանի մէջ:
Թէև նա յարատևօրէն ապրեց սփիւռահայի նկարագրային երկւութեամբ, բայց չտառապեց դրանով, որովհետև զգաց իր մարդու պատկանելութիւնը, և գիտակցեց հայի իր նուիրումները, ըստ պարտաւորութիւնների, յանձնառութիւնների և ժառանգութեան: Այդ բոլորով նա ոչ թէ ողբաց կամ տրտնջաց, այլ հաստատումներ կատարեց ըստ բնագրային ճշտութեան, ճշմարտացիութեան:
Դրանք յաճախ հնչում են զայրացկոտ մակնթացութեամբ, անցեալի, մանկութ յիշատակների յորդումով, ներկայի թափընթացութեամբ: Այդ համադրութիւնից է ահագնանում նրա արձակը, գեղարվեստական կոփուածքի ինքնատիպ կորութիւններով, հրապոյրով, լեզուամտածողութեան վայելուչ խորութեամբ, մտապատկերային նորագիտութիւններով, որ դարձնում է հեղինակին, սփիւռքից՝ հայրենիք, հայ ընթացիկ գեղարուեստական արձակի լավագոյններից մէկը, վեհաշունչ, գողտրիկ:
Գեղարուեստական հերոսների կերպարում նա մերթ ներդրում է իր ևս նկարագրի մի քանի ծուէնները, տենչերի մի քանի տրոփիւնները… Այլև թոյլ է տալիս, որ կերպարները իրենց ամբողջականացումը նուաճեն ներբուխ բնականութեամբ, ինքնասնութեամբ ոգի ստանան ու դառնան ապրող ոգեղինութիւն: Նրա հերոսները սփիւռահայի նման՝ բազմաերկրացի են. այլև բազմազգ, ինչպես Ամերիկան է, որ դարձավ նրա փնտրտունքների ու պեղումների աշխարհը:
Ծնունդով, մանկութեամբ, պարմանութեամբ ու երիտասարդութեամբ՝ իրանահայ, հասունութեամբ նա ամերիկահայ է. բայց մանաւանդ նա սփիւուռահայ է, որ չկաղապարուեց ծննդավայրային սահմանափակութեամբ, հատուածասիրութեամբ: Նա իր գրական անհատականութեամբ ամենակատարեալ սփիւռահայն է, գլոբալ իմաստով. նա հանդէս է գալիս համարեա բոլոր հայաբնակ երկրների սփիւռահայի զգացումներով ու մտածումներով, բնազդներով… դա շնորհիվ այն խորունկ նրբազգացութեան, որով նա ապրել, ճաշակել, զգացել, ճանաչել է սփիւռքը, հայսփիւռը… հայրենիքի կարօտով: Նա արելևահայերէն չէ, և արևմտահայերէն չէ, այլ պարզապէս հայերէն է իր ստեղծագործական ժառանգութեամբ: Այնուամենայնիւ, նա ունկնդիր է իր արեան աննախապաշար յիշողութեանը, և այդ է պատճառը, որ երբ նա սկսում է խորհրդածել, մտածել ու փիլիսոփայել, յաճախ սկսում է իր ծննդավայրից, իր պապենական տան թաղից, սկսում է իր մանկութիւնից, հայկական անխզելի կապակցութիւններով… հասնելու համար համաշխարհային տարածքին: Նա հայ գրականութեան համաշխարհային գրողն է:
Կարապենցից դեռևս մնում են բազմաթիւ ձեռագրեր: Մաղթենք, որ մեկենասներ կը գտնուեն դրանք ամբողջութեամբ հրատարակելու:
Գլենդել, 1997-08-21
3 անգամ հղվել է՝