Հաֆեզ | ԳԱԶԵԼՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Ազատ Մաթյանը

Ելի՛ր, սաղի, գավերը լից, ու դարձրուր, խմենք ցմրուր,
Հեշտ է թվում սերն սկզբում, հետո դառնում կրակ ու հուր։
Մուշկի անուշ բուրումներով զեփյուռն իր զով վարսերն օծեց,
Նրա բուրող գանգուրներից սիրտս դառավ արյուն ու ջուր:
Գինով ներկիր քուրձը հագիդ, երբ ծերուկ մոգն է քեզ ասում,
Խիզախ ճամբորդ, լոկ նա գիտի, թե ոնց պիտի գնալ և ուր։
Ով նստած է խաղաղ ափին, ի՞նչ կիմանա մեր վիճակից,
Խավար գիշեր, անհատակ ծով և ալիքներ ահազարհուր։
Ամբարտավան վարք ու բարքով վաստակեցի վատի անուն,
Ի՞նչը ծածկեմ, երբ իմ խոսքն է, այստեղ-այնտեղ և ամենուր։
Կամ ի՞նչ հանգիստ ու հեշտություն անուշ գրկում սիրեկանի,
Երբ զանգերն են հնչում անվերջ.«Ելեք ճամբա, գնում ենք»–ու՞ր։
Միացում ես տենչում եթե, մի անջատվիր յարից, Հաֆեզ,
Նրա անգին սիրո համար աշխարհն ու իր գանձերը տուր։

«»«»«»

Ջուխտակ. ծամդ մատներիս տակ քնար շինել չի կարելի,
Հովի թևին ու քո ուխտին ապավինել չի կարելի,
Քեզ հասնելու տենչովը վառ ինչե՜ր ասես, որ չարեցի
Բայց ի՞նչ արած, ճակտի գիրը ետ հորինել չի կարելի։
Սիրտս արյան գետեր լացեց, մինչև ձեռքս փեշիդ հասավ,
Թշնամու մի խարդավանքով փեշդ թողնել չի կարելի։
Լույս երեսդ ինչպե՞ս կոչեմ մով կամարում լրած լուսին,
Քեզ ամեն մի ոչինչ բանի կողքին դնել չի կարելի։
Բարակիրան իմ սեգ նոճին պատրաստվում է երբ Սամայի,
Մարմնի նեղ վանդակի մեջ հոգին բանտել չի կարելի։
Սիրո անհուն առեղծվածը վեր է խելքից մեր հողեղեն,
Մեր այս խև ու խոտոր խելքով այն վերծանել չի կարելի։
Աշխարհն է քեզ սիրում ու ես խեղդըվում եմ խանդից, սակայն,
Գիշեր ցերեկ աշխարհի դեմ կռիվ տանել չի կարելի։
Ես ինչ ասեմ, այնքան նրբին և զգայուն է քո հոգին,
Որ աղոթքի շշունջով իսկ քեզ խնկարկել չի կարելի։
Մաքուր աչքով կարող ես լոկ արժանանալ նրա տեսուն,
Պիղծ մատներով սիրեցյալի դուռը թակել չի կարելի։
Քո հոնքերի կամարն է լոկ աղոթավայրը Հաֆեզի,
Մեր կրոնում ուրիշ կուռքի երկրպագել չի կարելի։

«»«»«»

Ո՜վ երկնային իմ գեղուհի, ո՞վ է մտնում տեղ ու տունդ,
Դրախտային իմ սիրամարգ, ո՞վ է տալիս կուտ ու ջուրդ,
Ա՜խ այս միտքը մաշեց հոգիս, ու խլեց քունն իմ աչքերից,
Ու՞մ կրծքին ես հանգստանում, ու՞մ գրկում ես առնում քունդ։
Չես էլ հիշում հեգ դերվիշիս, ոչ գութ ունես, ոչ գորովանք,
Չես մտածու՞մ էն աշխարհում ինչ կլինի դրությունդ։
Խումար աչքդ ճամբան կտրեց, տարավ սիրտը սիրողներիդ,
Թվում է շատ թունդ է գինիդ, այդ է ասում խենթությունդ։
Իմ սիրտն էիր թիրախ արել նազկտանքիդ նիզակներով,
Վրիպեցիր, ասա՛, նորից ի՞նչ է մտադրությունդ։
Հառաչանքներն իմ հեծության ու կանչերը քեզ չհասան,
Երևում է, ո՛վ երկնային, որ անհաս է բարձրությունդ։
Զգույշ անցիր անապատով, Օվազիսը շատ է հեռու,
Թող միրաժով քեզ չխաբի չար դևի հմայությունը։
Սիրտ իմ ջահել տարիներդ ծուռը ճամբով անցան, ավա՜ղ,
Ո՞վ իմանա, ուղիղ՞ ճամբով պիտի ապրես ծերությունդ։
Հոգեպարար ո՜վ ապարանք, և հարազատ ո՜վ հանգրվան,
Ժամանակի ձեռքը դաժան թող չքանդի հիմ ու սյունդ։
Հաֆեզը այն ստրուկը չէ, որ փախուստ տա իր տիրոջից,
Վեոադարձի՚ր, հաշտվիր ինձ հետ, սպանեց ինձ բարկությունդ:

«»«»«»

Քո մի գիշեր գիրկ ու ծոցը հավերժական կյանքից է լավ,
Տեր բարերար, դու այն տուր ինձ, որ ամենաթանկից է լավ,
էն սիրունը ինձ սրածեց, բայց ոչ մեկին ես չասացի,
Զի գաղտնիքը սիրեցյալի պահել չարի աչքից է լավ։
Նրա դռանը կմեռնեմ ճորտի խարանը ճակատիս,
Դա ինձ համար, հոգիս վկա, այս արար աշխարքից է լավ։
Աստված սիրեք, մի հարցրե՛ք բազմահմուտ իմ բժշկին
Թե երբ պիտի տեսնեմ ես ինձ այս անզոր վիճակից էլ լավ։
Այն վարդը որ իմ ճոճ նոճին ոտքերի տակ իր տրորեց,
Արնաշաղախ նրա փոշին արղավան սուտակից է լավ։
Ո՜վ սրբակեց, ինձ դրախտի պարտեզը մի հրավիրիր,
Յարիս կզակի խնձորը նրա անհաս փառքից է լավ։
Սիրտ իմ, յարի թաղի խղճուկ մուրացիկը մնա հավետ,
Քանզի բախտն այդ հավերժական՝ անցողական բախտից է լավ։
Զայանդե ռուդ գետը իրոք կենսապարգև ջուր է, գիտե՛մ,
Բայց Շիրազը եդեմակաև՝ Սպահանա քաղաքից է լավ։
Սիրեկանի բերնի խոսքը քաղցր է որպես ղանդ ու շաքար,
Բայց Հաֆեզի գազելները նրա քաղցր խոսքից է լավ։

«»«»«»

Ո՞վ կտանի թագավորին այս աղաչանքն իմ ցավածին,
Որ իր դռնից չվտարի այս ընչազուրկ արարածին,
Ա՜խ, դիվասիրտ բանսարկուից Աստծուն եմ ապավինում,
Գուցե նրան շանթահարի, որպես անսուրբ արարածի։
Թարթիչներիդ նետերը սև իմ արյունն են թե ակնարկում,
Դավ են նյութում, մի հավատա նրանց խոսքին խավարածին։
Ողջ աշխարհի սիրտն ես վառում, երբ վառվում է դեմքդ լուսե,
Գեթ իմանամ ի՞նչ ես շահում այս արյունոտ կոտորածից։
Գիշերն ամբողջ երազում եմ, որ պատգամով բարեկամի
Սիրակարոտ սիրտս շոյի զով զեփյուռը այգաբացի։
Այս ի՞նչ ահեղ դատաստան է երկրպագուներիդ գլխին,
Տեսքիդ մատաղ, դեմքդ ցույց տուր, ինձ՝ քո դռնից վտարածին։
Աստծո սիրուն, վաղ արթնացեք, Հաֆեզին մի գավաթ տվէք,
Որ Աստված ձեր վաղորդյան աղոթքներն ի կատար ածի։

«»«»«»

Եարաբ աստված, այս գեղանին ու՞մ տան լույս ու ճրագն է սա,
Սիրտս վառեց, մի հարցրե՛ք, ու՞մ օջախի կրակն է սա,
Հիմա նա իմ զարկված հոգու ու հավատքի տունն է քանդում,
Ու՞մ գրկում է նա գիշերում, ու՞մ տան սյուն ու խոյակն է սա՛։
Ինչպե՞ս զրույց անել հետը, այդ բախտն ումից պիտի հայցել,
Երջանկության ու՞մ ճաճանչը, ու՞մ վանդակի սոխակն է սա։
Ամեն մարդ է կախարդանքով փորձում գերել նրա հոգին,
Բայց ո՞վ գիտե, ու՞մ երազի կախարդական հեքիաթն է սա։
Լույս ճակատով աստեղավառ, արքայադեմ այս գեղանին,
Ու՞մ մինուճար մարգարիտը, ու՞մ հազվագյուտ սուտակն է սա։
Ասի, գիտե՞ս որ Հաֆեզը դառել է խենթ ու խելագար,
ժպտաց, ասաց.-Բայց ու՞մ համար: — Ա՜խ, ի՞նչ անսիրտ հանաք է սա։

«»«»«»

Սիրո ճամբան անվախճան է, ուրիշ ելք ու հևար չկա,
Այստեղ կյանքդ պիտի զոհես, ուրիշ ճամբա ու ճար չկա,
Օրհնյալ է միշտ վայրկյանը այն, երբ տրվում է սիրտդ սիրուն,
Բարի գործի համար, հոգիս, համրիչ ու խեր ու շառ չկա։
Խոհեմություն, խելք ու խրատ, դատարկ բան է, գավաթը լից՛,
Մեր կողմերում մուհթասիբի համար գործ ու արար չկա։
Ո՞վ է խաղում մեր հոգու հետ։ էլ ի՞նչ աստղ ու ճակատագիր,
Քո աչքերից դու հարցրուր, ուրիշ խռովարար չկա։
Նրան, որպես լրած լուսին, մաքուր աչքով պիտի տեսնել,
Թե չէ ամեն աչքի համար այդպիսի լույս կամար չկա։
Անառակի քո համբավը բախտ համարիր դու երկնային,
Գաղտնագիրն այդ անգին գանձի ամեն մարդու համար չկա։
Արցունքն ու լացը Հաֆեզի չփափկեցրին սիրտդ մի քիչ,
Աշխարհ գիտի, քո սրտի պես կարծր քար ու ապար չկա։

«»«»«»

Ո՛վ դու, որ ինձ մահվան տալու ոչ մի վայրկյան չես վարանում
Եղած չեղած հրդեհում ես, ասծո ահից չես քարանում,
Ցավ ու աղետ տեսածները մահացու թույն են ամբարած,
Աղետահար այս ցեղի հետ վտանգավոր խաղ ես անում։
Դարմանը մեր տառապանքի քո մի հայացքն է փրկարար,
Անարդար է, երբ հիվանդից բուժիչ հայացքդ ես զլանում։
Երբ մեր աչքը քո կարոտից արտասուքի ծով է դարձել,
Ինչու՞ գոնե ծովի ափին զբոսանքի չես ելանում։
Դաժանության զրույցները քո բարեգութ սրտի մասին,
Սադրանքներ են չարախոսի, դու նրա դեմ չես չարանում։
Եթե մի պահ մեր տարփածուն քեզ կախարդի, ո՛վ մաքրակեց,
Լոկ գինի ու սեր կորոնես աղոթքի ամեն խորանում։
Հաֆեզ միայն նրա հոնքի կամարի դեմ դու խոնարհվիր,
Ավելի սուրբ խորան չկա և ո՛չ մի աղոթարանում։

«»«»«»

Դրախտային այն թռչունը, եթե նորից վերադառնա,
Անդարձ անցած կյանքս գուցե հեռուներից վերադառնա։
Անձրևահոս արցունքին եմ հույսս դրել, գուցե մի օր,
Բախտիս աստղը, որ թռել է իմ երկնքից, վերադառնա։
Նա. ում ոտի հողն իմ գլխին ոսկե թագ էր արքայական,
Ես կաղոթեմ, որ գա նորից ու իմ գլխի տերը դառնա։
Ես գնում եմ նրա հետքից, բարեկամներ, մնաք բարով,
Եթե ինքս ետ չդառնամ, տխուր լուրս վերադառնա։
Թե թանկագին գանձը հոգուս յարի ոտքին մատաղ չանեմ
Այն ինձ համար ոչինչ արժե, թեկուզ նորից վերադառնա։
Երջանկության տանիքներին ես հարության փող կհնչեմ,
Իմ նոր մեկնած լուսնադեմը, եթե նորից վերադառնա։
Գինով արբած քուն է մտել քնարի մեղմ մեղեդու տակ,
Բայց հառաչս, եթե լսի գուցե նորից վերադառնա։
Ես լուսնադեմ թագավորի նոր ծագումին եմ սպասում,
Եվ աղոթում, որ անխաթար մի օր նորից վերադառնա։

«»«»«»

Գիտե՞ս արդյոք, ուդն ու չանգը ինչ են ասում ու սահմանում.
-Գաղտնի խմեք քանզի գինու համար դատաստան են անում,
Սեր ու սիրող խայտառակում, սևացնում են սիրտ ու հոգի,
Ու դեռ նրանց թվում է թե պղնձից ոսկի են հանում։
Ասում են. «Մի խոսեք սիրո խորհուրդևերից ու մի լսեք…–»
Տե՛ր իմ, այս ինչ խառն ու խրթին հեքիաթներ են հյուսում-մանում։
Ծեր մոգպետի ժամանակը զուր վատնում են ու վրդովում,
Ուղևորներն այս, նայեցե՛ք, առաջնորդին ու՞ր են տանում։
Կես հայացքով սրտի հազար երկիր կարող ես նվաճել,
Ժլատ են ու անձեռնահաս սիրուններն այս առևտրում։
Մենք դռնից դուրս պարծենում ենք հազար ու մի պատրանքներով,
Տեսնես նրանք դռներից ներս մեր ճակատին ի՞նչ են գրում։
Մեկն ասում է ճիգ ու ջանքով պիտի հասնել սիրեցյալիև,
Մյուսն էլ թե, այն կլինի, ինչ որ սահմանված է վերում։
Բայց դու երբեք մի վստահիր ոչ մի հաստատ լավ ու վատի,
Աշխատանոց է աշխարհը փոփոխական և անկայուն։
Գինի խմի՛ր, քանզի մուֆտի, Հաֆեզ ու շեյխ ու մուհտասիբ,
Թե լավ նայես, բոլորը մեկ կեղծ ու պատիր խաղ են խաղում:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.