Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Կինը դժվարությամբ էր բարձրանում շրջանաձև հին աստիճաններով: Երկար միջանցքին չհասած՝ քթին զարկեց ծանոթ մգլահոտը, որի հանդեպ զգայնություն ունեցող ամուսնու մեջքին կարմրագույն պզուկներ էին հայտնվել: Կնոջ սրտի մեջ տեղադրված արհեստական փականի տկտկոցը թույլ լսվում էր գիշերային լռության մեջ: Ամուսինը տնքալով ու փնչալով հետևում էր կնոջը: Հասնելով միջանցքի ծայրին` կինը միացրեց անջատիչը: Հարևան բնակարաններում լույս չէր վառվում:

-Շատ ուշացանք,- տրտնջաց կինը,- մեկից անց է:
-Վաղուց խորոված չէի կերել,-արդարացավ ամուսինը,- լավ հյուրասիրեցին:
-Դու էլ շատ կերար, քանի անգամ պիտի կրկնեմ, որ կարմիր միսը վնասում է քեզ, օղին էլ օղու հետևից էիր խմում:
-Մի անգամը չի վնասի:
-Ամեն անգամ էդ ես ասում, քեզ զսպել չգիտես:
-Է՜հ, դու էլ, հոգնել եմ էս վիճակից. առիթ էր, հրավիրել էին, նեղություն էին քաշել, ի՞նչ է, մերժեի, ասեի` ինձ չի կարելի, էս կամ էն զահրումարը բարձր է արյանս մեջ… վաղուց խորոված չէի կերել…
Կինը անցնելով պտույտ գործող միջանցքի երկար տարածությունը՝ առաջինը հասավ փակ դռանը և ձեռքի պայուսակում սկսեց փնտրել բանալին:
-Էնպես էլ չհասկացանք` ո՞ւր կորավ քո բանալին:
-Հա, երևի մի տեղ գրպանիցս ընկել է,- եզրակացրեց ամուսինը՝ տեղ հասնելով,- վաղը տանտիրուհուն կասեմ՝ փոխել կտա:
-Հա՜, նրանք էլ նստել, սպասում են քո ասելուն, որ վազեն… վաղը ասես՝ մեկ շաբաթից հազիվ գան. հետո էստեղ շատ թանկ է:
-Չեմ կարծում, մենակ միջուկը պիտի փոխեն:
-Քանի օր է` հա ասում եմ՝ զանգի՛ր, ասա՛, գցում ես էսօր- էգուցվա:
-Դե լավ էլի, ջանս մի կեր,- ձայնը բարձրացրեց ամուսինը,- սա Եվրոպա է, բան չի պատահի, հանգիստ կաց:
-Կամա՜ց, մարդիկ քնած են, մի գոռա՛…
Կինը զզվանք զգաց ձայնը բարձրացնելու հետևանքով ամուսնու արտաշնչած խմիչքի ու սոխի եռապատկված հոտից:
Բանալին պտտվեց անցքի մեջ: Դուռը բացվեց. նրանք ներս մտան ու դեռ անջատիչը չէին միացրել, երբ մեկը հետևից ոլորեց կնոջ թևերն ու ձեռքի ափով ամուր փակեց նրա բերանը:
-Ձեն հանես` կսպանեմ,- ականջի մեջ ֆշշոցի պես հնչեց պարսկերենով ասված այս բառերը. կինը անսպասելիությունից ու ցավից փշաքաղվեց, ծնկները ծալվեցին ու կորցնելով գիտակցությունն ու սահելով իրեն բռնած բազուկների միջից՝ թրմփաց հատակին: Նա չհասցրեց նույնիսկ հասկանալ, թե ինչ է կատարվում, սակայն ընկնելիս մի պահ տեսավ ամուսնու` սարսափից չռված աչքերը, որոնք հառված էին իր վրա:
Որոշ ժամանակ անց կինը ուշքի եկավ. լուսամուտից ներս թափանցող՝ դիմացի մայթի նեոնե շքեղ ցուցափեղկի կարմրագույն լույսի շնորհիվ նշմարեց կապկպված ամուսնուն՝ անգիտակից փռված վարձու բնակարանի միակ գահավորակի վրա: Լսվում էր իր սրտի արհեստական փականի խուլ տկտկոցը: «Չէ, դեռ կենդանի եմ»,- մտածեց կինը և աշխատեց բարձրանալ տեղից: Դաստակները ամուր կապված էին իրար հանգուցվող, ատամնավոր ռետինե կապանքներով, որոնք ձգվելիս ավելի էին ամրանում դաստակների շուրջ: Մի կերպ բարձրացավ ու մոտեցավ ամուսնուն: Ամուսնու ոտքերն էլ դաստակների նման կապված էին: Գնալով պայծառանում էր կնոջ մշուշված գիտակցությունը. երևի ուշաթափության, թե՞ շտապելու պատճառով անհրաժեշտ չէին համարել կապել իր ոտքերը: Այն մտքից, որ սպանել են ամուսնուն, կինը սարսռաց ողջ մարմնով, բայց հետո, լսելով նրա թույլ շնչառության ձայնը, խաղաղվեց: Կինը ակամայից նայեց ամուսնու տաբատի աջ փողքին, որի տակ ինքն իր ձեռքով կարել էր դրամի քսակը: Այդ մասը լրիվ կտրված ու հեռացված էր. քառակուսիաձև բացվածքից սպիտակին էր տալիս ամուսնու մերկ ոտքը: «Տարե՜լ են, փողերը տարե՜լ են»,- մղկտած կինը և նվնվոցի նման մի ձայն դուրս եկավ կոկորդից: Մի կերպ միացրեց անջատիչը և նայեց շուրջը: Ոչնչի ձեռք չէին տվել: Անզորության ու ցավի արցունքները սկսեցին հոսել կնոջ խորշոմած դեմքի վրայով…
Կինը հազիվ էր իրեն պահում ոտքերի վրա: Ցուրտ էր: «Դուռը բաց են թողել անիրավները»,- անցավ մտքով: Ուզեց օգնություն կանչել, բայց բերանի բացվածքի երկարությամբ ամուր կապված լաչակը թույլ չէր տալիս ձայն հանել ու ցավեցնում էր բերանի անկյունները: Օրորվելով՝ կինը մոտեցավ կիսաբաց դռանը ու ոտքի ծայրով բացելով փեղկը՝ դուրս եկավ խավար միջանցքն ու սկսեց կապված զույգ բռունցքներով հարվածել կից հարևանի դռանը: Հարվածները գնալով թուլանում էին. վերջին պահին, լսելով դռան փականի բացվելու ձայնը, կինը դադարեց հարվածելուց ու նորից ուշաթափ փլվեց միջանցքի հատակին…
Շենքը միանգամից կենդանացավ հարևան երիտասարդ կնոջ ականջ խլացնող ճչոցից: Լույսերը վառվեցին: Լսվում էր դռների բացվելու ու խառը խոսակցության ձայն: Բոլորը գիշերազգեստների վրայից մի տաք հագուստ հագած կամ ուսերին գցած, հողաթափերով, քնաթաթախ շտապում էին ճչոցի կողմը: Տաք անկողնուց դուրս եկած մարմիններից գոլորշի էր բարձրանում: Մինչ երիտասարդ կնոջ ամուսինը կտրատում էր ուշագնաց կնոջ կապանքները՝ միջանցքը լցվեց բնակիչներով:
-Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել,- անդադար լսվում էր այս ու այն կողմից:
— Գողություն է եղել,- ասում էին ավելի շուտ տեղ հասածները,- գողերը փախել ե՜ն…
Կողոպտվածներին ուշքի բերեցին, նստեցրին իրար կողքի գահավորակին: Նրանք բթացած հայյացքով նայում էին շուրջը և ասես դեռ չէին ընկալում իրողությունը: Մի կին ցավազրկող քսուք բերեց ու դրանով սկսեց շփել նրանց կապտած ու տեղ-տեղ քերծված դաստակները:
-Տարա՜ն, տարա՜ն, փողերս տարան,- հանկարծ բղավեց ծեր մարդն ու երկու ձեռքով սկսեց հարվածել գլխին:
Նրան մի կերպ հանգստացրին:
Շենքի համարյա բոլոր բնակիչներն արդեն տեղյակ էին, որ գողություն է կատարվել իրենց շենքում. անտարբեր մնացին միայն տեղացիները, որոնք մինչև անգամ չբացեցին բնակարանի դուռը:
— Զանգահարենք ոստիկանություն, համարն ո՞վ գիտի,- ասաց անբաժան ծխամորճը բերանին միջահասակ մի տղամարդ, որը բնակիչների մեջ համարում ուներ իր գերմաներենի իմացության շնորհիվ:
-Համարը գրված է հոսանքի հաշվիչի վրա,- պատասխանեց մի կին:
— Ինչքա՞ն են տարել,- անդադար սրանից-նրանից հետաքրքրվում էր գլխին գիշերային թասակ դրած տարեց մի կին:
Երրորդ հարկից ցած իջնող խուզած գլխով տղամարդու աչքն ընկավ թափանցիկ գիշերազգեստի վրայից վերարկու հագած գրավիչ արտաքինով աղջկա կրծքի բացվածքին: Աղջիկը որսաց նրա հայյացքն ու ժպտաց բազմանշանակ:
-Ի՞նչ գողություն է,- մոտենալով աղջկան` հարցրեց նա:
— Ցածի հարևանի փողերն են տարել:
— Ո՞վ:
-Գողերը, էլ ով,- ծիծաղեց աղջիկը:
-Ուզում եմ ասել՝ կասկածո՞ւմ են մեկին:
— Դեռ հայտնի չի, մարդ ու կին նոր են ուշքի եկել, բան չեն ասում: Կնկա վիճակը լավ չի:
— Էսօր չերևացիր,- ավելի մոտենալով աղջկան ու կրծքի բացվածքից հայացքը չկտրելով՝ փսփսաց խուզած գլխով տղամարդը:
— Դեռ դրա ժամանակը չէ,- ժպտաց աղջիկը,- հերս կարծես գլխի է ընկել…
— էն քո սիրած վզնոցն առել եմ, վաղը կսպասեմ…
Աղջիկը նորից ժպտաց ու անխոս հեռացավ:
-Շենքի վարիչին էլ լուր տանք,-առաջարկեց մեկը:
-Զանգում եմ, չի պատասխանում,- բջջայինի հետ խաղալով՝ ասաց մյուսը:
— Բոլորիս կհարցաքննեն,- խուճապահար ասաց մորթե կիսաբաճկոնն ուսերին գցած մի կին, որը դողում էր չգիտես ցրտի՞ց, թե՞ վախից,- մի քանի տարի առաջ Երևանում էի, մեր բակում գողություն եղավ, ամենքին հարցաքննեցին…
— Չէ, հանգիստ եղի՛ր, այստեղ մեզ համար ոչինչ չեն անում,- համոզիչ տոնով ասաց ծխամորճով միջահասակ տղամարդը,- մյուս շենքերից մեկում ոսկեղեն էին տարել. կասկածում էին հենց էդ շենքի բնակիչնրից մեկին, ապացույցներ էլ կային, բայց մատը մատին չխփեցին. միայն սպանության դեպքում են հետևում… Ասել էին, որ փողի ու ոսկեղէնի տեղը բանկն է, իրենք պատասխանատու չեն տան մեջ պահած հարստության համար:
-Հա, իրենք իրենց ամեն ինչը էդ հատուկ արկղերի մեջ են պահում,- ասաց խուզած գլխով տղամարդը` աչքերով փնտրելով ժպտացող աղջկան, որը, տարեց հորը թևանցուկ, կանգնած էր քիչ հեռու:
— Բա էդ ոնց կլինի՞,- զարմացավ դողացող կինը,- էդ նշանակում է, որ մենք ապահովություն չունենք:
— Մի՞թե դրամ ես պահել տանը,- հարցրեց խուզած գլխով տղամարդը քննախույզ խեթելով նրան:
— Չէ, չէ…,- կմկմաց կինը,- բայց…
— Ոստիկանությունը եկավ, ոստիկանությունը եկավ,- լսվեց այս ու այն կողմից:
— Ճանապարհ տվե՛ք, քաշվե՛ք մի կողմ:
Կողոպտվածի բնակարանի ներսից դուրս եկան օգնության հասած երիտասարդ ամուսիններն ու մի քանի հոգի: Ոստիկանները կանչեցին գերմաներեն խոսող ծխամորճով տղամարդուն՝ որպես թարգմանիչ, ու իրենց հետևից փակեցին դուռը:
Ոչ ոք չէր հեռանում միջանցքից: Հիմա ուշադրության կենտրոնում երիտասարդ ամուսիններ էին:
— Մարդը ասում է՝ երկու հոգի են էղել, դեմքները ծածկած. պարսկերեն են խոսացել, բայց հայերեն լահջե* են ունեցել,- պատասխանեց երիտասարդ ամուսինը բազմության կողմից տրվող հարցերի տարափին:
— Խեղճ մարդը կասկածում է անգամ իր բարեկամներին: Ախր, ասում էր` մեկ շաբաթ առաջ բարեկամին հայտնած է էղել էդ դրամի մասին: Նրան ասել է, որ փողը շալվարի մեջ է պահում…
— Ախր, դրամն էլ կպահեն շալվարի՞ մեջ,- ասաց գիշերային խալաթ հագած մի տղամարդ:
Ոչ ոք չարձագանքեց: Սովորաբար նման իրավիճակներում հնչող մեղադրանքներից՝ դա թերևս միակն էր. տվյալ պահին բոլորը լուռ էին ու ինչ-որ քամահրանքով էին նայում խալաթ հագած ինքնագոհ դեմքով տղամարդուն:
— Ծանոթ մարդիկ են էղել, ես էդպես էլ գիտեի,- մեջ ընկավ գիշերանոցի վրայից վերարկու հագած աղջկա հայրը:
— Բա ո՞նց են ներս մտել,- հարցրեց միայնակ մի կին, որը շենքի մնայուն բանկիչներից էր,- տարիներ է` այստեղ նման դեպք չէր պատահել:
— Ասում է՝ բանալին կորել էր. ասում է՝ սեղանի վրա է եղել, իրենց ծանոթները եկել են, գնացել, հետո մարդ ու կնիկ նկատել են, որ չկա:
— Սկի անհավանական չի, որ գողերը էս շենքից լինեն,- կասկած հայտնեց բարձրահասակ մի երիտասարդ ու շեղ նայեց խուզած գլխով տղամարդուն:
Դողացող կինը սարսուռ զգաց, ցնցվեց ու թևերը խաչաձևած՝ ավելի մոտեցրեց մորթե կիսաբաճկոնի օձիքի եզրերը վզի մոտ:
-Էսքան մարդ է ապրում այստեղ, մենակ հայերի հետ է նման դեպքեր պատահում,- դժգոհեց միայնակ կինը և սկսեց բարձրանալ աստիճաններով,- մարդ չեն…
— Ճիշտ է ասում,- հաստատեց բարձրահասակ երիտասարդը՝ ծխախոտ վառելով,- էսքան օտարներ կան՝ բահայիներ, զրադաշտներ, ջհուդներ, աֆղաններ… սկի նրանց մասին մի բան լսած կա՞ք:
— Բա չասացին ինչքա՞ն են տարել,-իր հարցը կրկնեց թասակ դրած տարեց կինը…
Գողության փաստը մղձավանջի պես իշխում էր մարդկանց ուղեղներին, չարագուշակ պտտվում շենքի միջանցքներում, մտնում բնակարաններից ներս, սակայն խոսակցությունը հետզհետե սկսեց ծավալվել բոլորին հոգեհարազատ և այդ մարդկանց իրար կապող միակ թեմայի՝ ապաստանյալի իրենց ներկա կարգավիճակի շուրջ.
-Երեկ մեր փարվազը** դուրս եկավ,- ասաց երկու երեխա ունեցող մի կին,- ընդամենը մեկ շաբաթից մեկնում ենք:
— Երանի ձեզ,- ասաց դողացող կինը,- ինձ դեռ դեսպանատուն էլ չեն կանչել…
— Քեռուս Գլենդելում կանչել են վերջին ստորագրությունը դնելու…
— Բա դու դեռ մինչև հիմա ինտերվյուի չե՞ս գնացել…
— Մարդ չի հասկանում՝ ի՞նչից են որոշում՝ ով երբ է գնալու…
— էդքան էլ մի շտապէք գնալու համար,- հարեց խուզած գլխով տղամարդը,- այստեղ էլ պակաս երկիր չի… Ամեն տեղ էլ այսպիսի բաներ պատահում են…
Տարեց հորը թևանցուկ արած աղջիկը կոտրատվելով նայեց նրան ու ժպտաց բազմանշանակ:
Տեղ հասավ շտապ օգնությունը:
Պատգարակի վրա դուրս տարան կիսակենդան ծեր կնոջը: Ուշքի գալուց հետո ավելի բարվոք վիճակում գտնվող ամուսինը խանդաղատանքով նայեց կնոջ հետևից ու ձեռքով փակեց աչքերը:
Կեղծ կարեկցանքի շղարշով պատված՝ գրեթե բոլորի դեմքերին ուրվագծված էր դեպքը ուրիշի հետ պատահած լինելու և իրենց անձեռնմխելի մնալու փաստի գոհունակության արտահայտությունը՝ միախառնված երկմտանքի հետ… Բազմությունը գնալով նոսրանում էր: Մնացին ավելի հետաքրքասերները:
Միջանցքից դեպի փողոց նայող պատուհաններից այն կողմ ամեն տեղ ու ամեն բան ծածկվել էր առատ տեղացող ձյան սպիտակ շերտով: Դուրսը նայելիս՝ աշխարհը թվում էր մաքո՜ւր, սպիտա՜կ…
Փակ դռան հետև հարցաքննությունը տևեց երկու ժամից ավելի: Ոստիկանները հեռացան ստորագրված ու կնքված արձանագրությունը ձեռքերին: Միջանցքը դատարկվեց և շենքը նորից թաղվեց լռության մեջ. ասես ոչինչ չէր պատահել:
Սակայն այդ պահին ոչ ոք քնած չէր. բոլորը լուռ զբաղված էին, մինչև այդ քաղաքից ընդմիշտ հեռանալը, իրենց հետ բերած կանխիկ դոլարների ու ոսկեղէնի տեղափոխությամբ կամ ավելի ապահով թաքստոց գտնելու մտահոգությամբ՝ բնակարանի ծակուծուկը տնտղելով…

Հունվար, 2010 թ.
Վիեննա

———————————————————————
*Լահջե.- Առոգանություն (պրսկ. բառ):
**Փարվազ.- Թռիչք (պրսկ. բառ), տվյալ դեպքում՝ օդանավային:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի