«Քյաֆիրի ուխտ» անունն ստացած սրբավայրը գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Գյուղն ընկած է Ախալքալաքիից ուղիղ գծով 12 կմ հարավ-արևելք, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս, Աբուլ լեռան հարավային ստորոտին, Թափարվան գետի աջ կողմում, ծովի մակարդակից 1840-1890 մ բարձրության վրա: Հնագույն այս բնակավայրը տեղի վիմագիր արձանագրություններում հիշատակվել է ՇՏԵԱ անունով: Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները, հիմնականում՝ կարնեցիներ, այստեղ են հաստատվել 1929-1830թթ. Կարնո Մեծ գաղթի ժամանակ: Գյուղի կենտրոնում Սուրբ Աստվածածին եկեղեցին է, մոտակայքում՝ վեց սրբավայրեր, որոնցից մեկի՝ «Քյաֆիրի ուխտի» պատմությունը ստորև ներկայացվում է ընթերցողին:
1. Առասպելների հերոսները՝ երկնային, առասպել հորինողները՝ երկրային, Ջավախքում առասպելն ու իրականությունը ապրում են իրար ձուլված: Ինչպես երկինքն ու երկիրն այստեղ: Բնակիչների մի մասը Էրզրումից գաղթած հայեր են՝ Էրգրից իրենց հետ իրենց լեզուն ու հավատը փրկած: Մուրազադուռ ջահել ես, ապագա կողակցիդ ես ուզում տեսնել, այդ փրկված հավատն հոգուդ մեջ անթեղիր, վեր կաց, գնա Հեշտիա և Գանձա գյուղերի սահմանագծին կանգնած «Սուրբ Սարգիս» ուխտատեղի: Գնա, մոմ վառիր, ու գիշերը երազիդ Սուրբ Սարգսի զորությամբ քո բախտը քեզ այցի կգա: Կամ Վարդավառին ձվածեղ արա, զույգ սպիտակ աղունակ առ, ոտքով գնա, հասիր Սաղամո լճի հայելուն փեշը փռած սարի գագաթի «Սուրբ Հովհաննես»: Քարին նստիր, երեք կում ջուր խմիր, քիչ հետո նինջ կիջնի աչքերիդ, ու կոպերիդ տակ բախտդ կհայտնվի… Մուրազ ունես սրտումդ, թե բարի է մուրազդ, վեր կաց, գնա Աբուլի գագաթներից մեկի անձավի «Սուրբ Խաչատուր»: Երեկոյան բարձրացիր, ու գիշերվա մութը սրբավայրում քո մոմի լույսով ու քո աղոթքով լուսավորիր: Զավակ ես ուզում, զավակիդ՝ արևշատություն, գնա «Քյաֆիրի ուխտ»: Գնա, ծունկի իջիր ճառագայթող քարե աղավնու դիմաց, քարե խաչն համբուրիր…
2. …Քյաֆիրը Հովսեփի որդի Սահակն է: Սահակն անզիջում երեխա է եղել, ու մայրը նախատել է.
— Տղա գյավուր, գյավո՜ւր…
Գյավուրը գյուղացիների բերանին դարձել է Քյաֆիր: 1829 թվին Վրաստանի Ջավախք լեռնաշխարհի Հեշտիա գյուղ գաղթած կարսեցի Հովակիմի Հովսեփի Սահակ-Քյաֆիր որդին քառասուն տարին անց առաջին զավակն է ունենում: Տղան տասնչորս տարեկանում հիվանդանում է: Ո՛չ բժիշկ, ո՛չ ճար: Մեր էպոսի Մեծ Մհերին պատած վախը Սահակի հոգուն է իջնում, ու նա ձեռքերը երկինք է կարկառում.
— Աստվա՜ծ, որդուս հասի՜ր…
Տառապում է, տառապանքի մեջ աղոթում, ու հոր՝ Հովսեփի հոգին, տեսիլք դարձած, կանգնում է կողքին…
3. …Հովսեփին հայրը՝ կարսեցի Հովակիմը, որը իջևանատուն ուներ Արևմտյան Հայաստանի Էրզրումի Խնուս գավառի Քյուլլի գյուղի մոտակայքում, տվել է Լիբանանի Սուրբ Անտոնյաց վանք՝ տղային գրագետ տեսնելու փափագով: Որդու հաջողության համար Հովակիմը սկսել է սրբավայր կառուցել Քյուլլիում: Հիմքի քարերն իր մեջքին առած է բերել, տեղ հասցրել: Առաջին բուռ ջուրն ինքն է լցրել հիմքի մեջ ու գործի շարունակությունը հանձնել է հույն վարպետներին: Տղան սովորել է վանքում, ծոցում՝ Քուչակի հայրենների գրքույկը. «Ես աչք ու դու՝ լոյս, յոգի…» Շուրթերն աղոթել են Աստվածածնին, իսկ սրտում Թանկխաթունի կերպարի տակ քյուլլեցի Թագուն աղջիկն է եղել…
Հիմա Հեշտիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատի տակ մի գերեզման կա: Գյուղացիներն ասում են՝ այդ գերեզմանին լույս է «ճիրացել» իջել երկնքից, ու գերեզմանը երեխաներին հովանավորող զորություն ունի: Գյուղացիներն այդ գերեզմանի վրա հիվանդ երեխաներին են լողացնում՝ մոտալուտ ապաքինման հույսով: Այդ գերեզմանի քարերի տակ հանգչում են կարսեցի Հովակիմի որդու՝ Հովսեփի ոսկորները…
Գաղթի օրերին Թագունի՝ թուրք փաշային սպանած եղբայրը առաջիններից մեկն է հավաքում ընտանիքը՝ փախուստով թուրքերի վրեժից փրկվելու համար: Թագունին կորցնելու մտքից վախեցած Հովսեփը թողնում է Սուրբ Անտոնյաց վանքը, հորը՝ Հովակիմին, գաղթերամի պոչը բռնում, գալիս, հասնում է Հեշտիա… Ահա, այս Հովսեփը, տարիների հեռվից, այն աշխարհից հառնում, կանգնում է իր Սահակ որդու կողքին, թե՝ հորս անկատար ուխտը դու պիտի կատարես, Էրգրում կիսատ մնացած սրբավայրը զավակիդ մահից փրկելու համար այստեղ պիտի կառուցես, կրակը պիտի գնաս, Մշո Սուրբ Կարապետից բերես…
4. …Հեշտիացի սագարած աղջնակը, սագերին թողած, գյուղի մոտակա չայիրից լեղապատառ վազում է գյուղ: Վազում է գյուղ, Մեծ Մոր գոգն ընկնում, թե՝ չայիրի Եռակնյա աղբյուրի սնարին բարուրով երեխա կա, լալիս է… Մեծ Մայրը, տանեցիների գլուխն անցած, վազում են չայիր: Գալիս, բան չեն տեսնում: Հաջորդ օրը սագարած աղջնակն էլի է տեսնում լացող երեխային: Մեծ Մայրը գալիս, չի տեսնում: Երրորդ օրն էլ է տեսնում սագարած աղջնակը լացող երեխային, ու Մեծ Մորը տեսիլք է հայտնվում, թե՝ երեխան կա, երեխան մրսում է, երեխան տանիք է ուզում գլխին… 1908 թվականն է լինում: Ուխտն անկատար Հովակիմի Հովսեփի Սահակ որդին, գնում, տեսնում է աղբյուրի սնարին լացող երեխայի տեղը և անմիջապես փորում է սրբավայրի հիմքը: Անկյունաքարերն իր կռնակին է բերում, տեղ հասցնում: Շենքը իր խորանով, խորանին՝ Ստամբուլից սայլերով գյուղ հասցրած ճառագայթող քարե աղավնով, մուտքի զույգ կողմերում խաչքարերով կառուցում ու ճակատին արձանագրում է. «ՅԻՇԱՏԱԿ ՅՈՎԱԿԻՄԻ ՅՈՍԵԲԻՆ»: Մշո Սուրբ Կարապետից բերած կրակով առաջին մոմը սրբավայրում վառելու հետ Սահակի տասնչորս տարեկան հիվանդ տղան ոտքի է կանգնում: Գյուղացիները հրաշքը տեսնում ու փորձում են, փորձում ու… հավատում են…
Դուք չե՞ք հավատում: Գնացեք Հեշտիա: Գնացեք «Քյաֆիրի ուխտ» և այնտեղ ձեր աչքով կտեսնեք սրբավայրի հովանավորից զավակ, զավակին արևշատություն խնդրողների, իղձերի իրականանալը մատաղով, մոմով, աղոթքով հատուցողների… Կտեսնեք ու … դուք էլ կհավատաք: Կհավատաք ու… ծունկի կգաք, մոմ կվառեք: Եվ ձեր աղոթքը Քյաֆիրի կառուցած սրբավայրի հովանավորի զորությամբ կհասնի ձեր զավակներին:
Հեշտիա
Ջավախք
Վրաստան
Վերջին մեկնաբանություններ