Սաթ Ալեքս | ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Փիլիսոփայություն 

Օր ու գիշեր: Լույս ու խավար: Սև ու սպիտակ: Երկիր ու երկինք: Չար ու բարի: Կրակ ու ջուր: Քաոս ու կարգուկանոն: Աստված ու սատանա:
Հավերժ միասին…
Հավերժ պատերազմ…

Երկխոսություն հակադիր բևեռների միջև
Լավատես-
«Գաղտնիք չէ իմաստն այն բանի, թե պարզության մեջ է գայթակղությունը»:
Հոռետես-
«Մտածելը հեշտ է,
իսկ ո՞նց դա իրականություն դարձնել,
ինչպե՞ս ձեռքում պահել սուր և տաք անկյունները,
ինչպե՞ս բարակ սառցե շերտի վրա դառնալ անկշիռ
ու քայլել, առաջ գնալ առանց վարանելու,
քարերի մեջ տեսնել աստղեր,
շնչել երկնքի զովությունը…
չէ՞ որ սրանք խոսքեր են լոկ սնամեջ»…
Լավատես-
«Անկասկած, շատ պարզ.
երբ ինքդ քեզ հավատաս, ցանկացած հրաշք հասու կլինի.
Թռչել,
բացել թևերը, խոր շնչել ու
թռչել,
ճեղքել օդը, զգալ քամու խտղտանքը,
թռչել,
ինչպես հրեշտակներն են թռչում,
թռչել՝
չարտաբերելով և ոչ մի բառ.
թռչել՝
ոչ մի բանի մասին չմտածելով,
որսալ ազատության պահը,
թռչել
բարձրահարկ շենքերի տանիքներից վեր,
ներքևում թողնել գորշն ու բիրտը,
թռչել,
ըմբոշխնել ազատության համը…
թռչել…

Ցանկության բույրը

Ջոնին սիրում էր նրանց ձեռք տալ, սիրում էր ձեռքը վերցնել, շոյել, շուրթերով հպվել: Նրանք իրեն ձգում էին իրենց ձևով ու բույրով, գեղեցիկ կառուցվածքով: Ձգված, առանց հագուստի, միայն բարալիկ պատյանով նրանք միմյանց կողքի պառկած էին մետաքսե անկողնում և հետաքրքրությամբ հետևում էին տղամարդու շարժումներին:
Ջոնին վերցրեց նրանցից մեկին` թխամաշկին, և սկսեց հիանալ նրա աննկարագրելի բույրով… Տղամարդիկ դրանց սիրում են, բայց սերը միայն բավական չէ. նրանց պետք են ուժեղ և ամրակազմ տղամարդիկ, ովքեր չեն վախենում գլխովին ընկնել մութ խորխորատները և վտանգի տակ դնելով առողջությունը՝տիրանալ նրանց: Եթե տղամարդու ուժը բավականացնի, նա կարող է ժամեր շարունակ այս թխամաշկին փաղաքշել շուրթերով, հիանալ նրա սրճագույն մարմնով ու հաճույքից նվաղած փակել աչքերը: Ջոնին գիտեր, որ նա հենց այնպես չի տրվի իրեն. նրան ձգում է դիմացինի ուժն ու կիրքը, հակառակ դեպքում նա կթոշնի և կթունավորի իր թույնով: Նրա հետ զգույշ պետք է լինել, չէ՞ որ նա վտանգավոր է: Նրան պետք է խնամքով շուռ տալ մի կողմից մյուսը, նրա մարմինը մատներով զգալ, մի տեղ ուժգին սեղմել, մի տեղ թույլ, մարմինը ձգել դեպի իրեն ու հետո բաց թողնել, նորից ձգել: Ջոնին լավ գիտեր, որ այս կրքոտ ու անկանխատեսելի էակը մինչև լրիվ չայրվի, կանգ չի առնի. միայն այդպես կարելի է նրան նվաճել:
Ջոնին նրան զգուշությամբ դրեց իր տեղը, որովհետև այդ պահին նրան գրավեց այրող, կարմրայտ գեղեցկուհին, որը, չթաքցնելով իր կիրքը, բազմել էր մետաքսե անկողնում, շուռումուռ էր գալիս, նայում ցանկությունից մեծացած աչքերով, լեզվով հարթեցնում իր հյութեղ շուրթերը: Նրա շագանակագույն մազերը փռվել էին նուրբ մետաքսի վրա, իսկ օծանելիքի բույրն ուղղակի խենթացնում էր Ջոնիին: Լատինական դիմագծերով եվրոպուհին` քամու նման աղջնակը, որը հենց նոր էր փախել պարահրապարակից, չէր էլ գուշակում, թե ինչ թակարդ է ընկել. նա գալարվում էր և ցուցադրում իր մարմնի ողջ գեղեցկությունը` աչքերով հասկացնելով տղամարդուն`դե´, արի´ ինձ մոտ, փորձի´ր…
Ջոնին մոտեցավ նրան, գրկեց այրվող մատներով այդ տռփոտ մարմինը և իրեն սեղմեց: Նրա մաշկը արձակում էր քաղցր բույր, որից տղամարդկանց գլուխը սկսում է պտտվել: Քաղցր թույն: Poison: Այրող, ուժեղ, քաղցր…
Նրա ընկերակցությամբ կարող ես գնալ ցանկացած տեղ, նրան բոլորը կնկատեն իր արտահայտիչ գեղեցկության, հմայիչ ժպիտի ու ձգողականության շնորհիվ: Նրան կարելի է գրկել և համբուրել, սիրել նույնիսկ փողոցում կանգնած` արհամարհելով անցորդների խեթ հայացքները: Ջոնին հասկանում էր` եթե հանկարծ մի քիչ թուլանա, նրա բույրն ու մարմինը կդառնան ուրիշի սեփականությունը. նա կփախչի, կդավաճանի, քանի որ նրա համար ինքը շատերից մեկն է: Քամու պես անսանձ աղջիկը շատ կամակոր է, քանի որ նրա համար բաց գիրք է ամբողջ աշխարհը, հաճույքի աշխարհը, անքուն գիշերների, դավաճանությունների աշխարհը… Նրան կարելի է շատ հեշտ կորցնել բայց նաև շատ հեշտ է նորից հետ բերելը: Նրա համար միևնույնն էր` Ջոնին հարո՞ւստ է, թե՞ ոչ, գեղեցի՞կ է, թե՞ տգեղ. նա նրա հետ կլինի միայն մի գիշեր: Իսկ հետո կչքանա` իր բույրը թողնելով Ջոնիի շուրթերի վրա: Եվ դա կտևի այնքան ժամանակ, մինչև նա հանգստանա…
Ջոնին ինքնաբերաբար մղվեց դեպի նա: Նա թեև հասկանում էր, որ դա իր վերջին գիշերն է, բայց ամբողջությամբ տրվեց Ջոնիին: «Այսքան անմեղ, այսքան բնական…». Ջոնին մեղմ հպվեց նրան, մատներով շոյելով նուրբ, սլացիկ մարմինը` շուրթերը մոտեցրեց… Նա զգում էր Ջոնիի շուրթերի կիրքն ու առնականությունը, ձեռքերի ուժը, աչքերում ցանկության կրակը և դանդաղ մահանում էր ջերմ գրկախառնումներից:
Ջոնին բազմոցին նստեց և սկսեց հիանալ այդ չքնաղ էակով: Նա հաճույքից փակեց աչքերը, քթով ըմբոշխնեց իրեն պատկանող բույրը, շուրթերով փաղաքշեց անթերի մարմինը` առանց մտածելու, որ ամեն վայրկյան նրան կորցնում է: Կես ժամ, գուցե ավելի, և ամեն ինչ կավարտվի, իր աստվածուհին շուտով կանհետանա, կայրվի կրքի բոցերի մեջ:
Ջոնին կարգավորեց շնչառությունը, մի քիչ կոնյակ խմեց և հեռացրեց այդ հիանալի էակին. այդ պահին ինչ-որ սպիտակ բան ընկավ սեղանին… Նա ուզեց մաքրել, ուզեց ձեռքով մի կողմ շպրտել, երբ հանկարծ աչքն ընկավ նրան. ուժից ընկած էր լրիվ, բայց ուզում էր հավաքել իր վերջին ուժերը, որ մի քիչ էլ Ջոնիին իր մոտ պահի: Սակայն բավարարված Ջոնին այլևս ոչինչ չէր ուզում: Վերջին անգամ նրան շուրթերով հպվեց, շնչեց նրա բույրը, արտաշնչեց սպիտակ ծուխն ու մնացորդը դրեց մոխրամանի մեջ:
Նա հիմա պառկած էր հախճապապակյա ամանի մեջ, չկար մետաքսե մեղկ անկողինը:
Ամեն ինչ վերջացած էր…
Ջոնին նորից մի կում արեց բրենդիից ու իրեն մոտեցրեց փայտյա տուփը, որի կարմրագույն մետաքսե հատակին պառկած էին ու իրենց հերթին էին սպասում ևս երկուսը:
«Առաջինին կծխեմ ընթրիքից հետո,-մտածեց Ջոնին,- իսկ երկրորդին ինձ հետ երեկույթի կտանեմ, թող բոլորը նախանձեն ինձ …»:

1 մեկնաբանություն

  1. Շատ հետաքրքիր ոճ է երբևէ չէի կարդացել հայ գրաանության մեջ նման բան, հատկապես դուր եկավ վերջին պատմվածքը: Հաճույքով կսպասեմ նոր գործերի…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի