Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՍԵՐԸ

Սերը լույս աշխարհ եկավ դժվար երկունքով ճիշտ այն պահին, երբ աշխարհասասան դղրդյունով միանգամից խորտակվեց ու փոշի դարձավ մեր ժամանակների ամենամեծ պատվարը՝ «Երկաթե վարագույրը»: Չքնաղ Մայրը, հակառակ իր ավանդապաշտական հակումներին, գայթակղվել էր, թաքուն սեր էր խաղացել արտաշխարհից եկած բարձրահասակ, կապուտաչյա, շիկամազ անծանոթի հետ ու հղիացել վատ ժամանակներում: Սկզբում նա խիստ տատանվում էր` լույս աշխա՞րհ բերել, թե՞ հրաժարվել անցանկալի, տակավին սաղմնային վիճակում գտնվող ապօրինի էակից: Ինչևէ, մոր` տաքուկ արգանդում հաստատուն տեղավորված անկոչ սաղմից ազատվելու զանազան փորձերն արդյունք չտվին, չօգնեցին նաև բանիմաց կանանց խորհուրդները. Սերը համառորեն գոյատևում էր: Ոմանք քամահրանքով էին նայում Մոր դուրս ցցված փորին, բայց շատերը անհամբերությամբ էին սպասում նորածնի գալստյանը: Իսկ թե ինչո՞ւ Մայրը նրան տվեց Սեր անունը, բացատրվում էր մոր սրտում բույն դրած առաջին արգելված սիրո վայելքի քաղցրությամբ, որն ըստ երևույթին, վերջինն էլ չպիտի լիներ…
Սերի բախտը չբերեց: Նրա լույս աշխարհ գալը համընկավ ցրտի ու խավարի տարիներին, բայց, որքան զարմանալի թվար, դա ավելի կոփեց ու ամրապնդեց նրան: Սերն աճում ու մեծանում էր րոպե առ րոպե, ժամ առ ժամ և գնալով դառնում բոլորի սիրելին՝ տեղ գտնելով մարդկանց սրտերում: Մոր կաթից կտրվելուց հետո Սերի սնունդը օվկիանոսի այն կողմից առատորեն հայթայթում էր հայրը: Սննդի բաղադրությունն այնպիսին էր, որ նրա վրա չէին ազդում ոչ միայն առկա բազմաթիվ անհարմարություններն ու տհաճությունները, այլև երկրում տեղի ունեցող շատ ավելի ցավալի իրադարձություններն ու անկախատեսելի դեպքերը, որոնք, ասես, ավելի ու ավելի էին նպաստում նրա աճին ու կազմավորմանը:
Շուտով Սերը ցանկալի հյուր դարձավ երկրի բնակչության համար: Նա անարգել մտնում էր ընտանեկան հարկերից ներս ու հմայում մարդկանց իր խառնածին արտաքինով: Առոք-փառոք տեղավորվում էր նրանց ուղեղներում, սրտերում, նույնիսկ… որովայններում: Նա հատկապես դժգոհ մարդկանց հրահրում էր՝ լքել տունուտեղը ու մեկնել հեռո՜ւ` օվկիանոսից այն կողմ գտնվող և իրեն սնունդ մատակարարող հոր մոտ: Եվ այսպես, մարդիկ, անսալով Սերի հորդորներին, սկսեցին խմբերով հեռանալ Մայր հողից, նույն այն հողից, որը ծնունդ էր տվել նաև նրան…
Սակայն ինքը՝ Սերը, գնալու ոչ մի ցանկություն ցույց չէր տալիս: Նա զբաղված էր իր արմատները զորացնելով երկրի ներսում. ինչպե՞ս լքեր իր սիրեցյալ Մորը, որը կյանք էր պարգևել իրեն: Նրա ազնիվ ու մարդկային գործողությունների արդյունքում նույնիսկ ոմանք մոռացան հին բարեկամներին և հայացք ուղղեցին Սերի ցույց տված կողմը, ուր երկրից հեռացածներն առիթը բաց չէին թողնում ջուր լցնելու Սերի ջրաղացին…
Նա չէր բավարարում կատարված փոփոխություններով ու շարունակում էր իր արդյունավետ արշավը երկիրը չլքած բնակիչների հոգիներում: Իր հասակակիցները, անտեսելով դարերի խորքից եկած մշակույթն ու ավանդույթները, ցանկանում էին ընդօրինակել նրա հագուկապը, նիստուկացը, բարոյական նորմերը, նույնիսկ խոսելաձևը, երգը, պարը, երաժշտությունը… Սերը նեոնային գունագեղ ցուցանակների տեսքով վաղուց թափանցել էր արդյունաբերության, ինչպես նաև տնտեսական այլ ոլորտների մեջ. դրա լավագույն նմուշներից մեկը երկիր ներմուծված նորագույն, զարմանահրաշ ինքնաշարժերի հարուստ տեսականին էր:
Սերն իր ազդեցությունն էր տարածել նաև հեռուստատեսային, հատկապես արբանյակային կայանների աշխատանքի վրա: Նրանց բոլոր հաղորդումների կիզակետը երկիրը լքած հայրենակիցների՝ Նոր Սփյուռքի համակրանքը շահելու ճիգն էր, քանզի այդ կողմերից էր ըստ ամենայնի անխափան շարունակվում սննդի հոսքը…Այլ խոսքով, երիցս արհամարհվում էր Հին Սփյուռքը, որի ներկայացուցիչները մի բառ անգամ չէին հասկանում շռայլորեն գործածվող ռուսերեն արտահայտություններից կամ հաղորդումներից: Ով բողոքում էր, ասում էին. «Վերցրո՛ւ պույլտը, փոխի՛ր ալիքը»…
Սերը սողոսկեց նաև շինարարության մեջ: Թեև ոճային առումով դեռևս պահպանվում էին ազգային գծերն ու տարազները, այնուամենայնիվ, Սերն առաջարկեց նորակառույց թաղամասերը կամ վիթխարի համալիրները կոչել իր ընտրած անուններով: Այսպիսով, հնամենի քաղաքամայրում հպարտորեն վեր խոյացան «Գլենդել Հիլզ», «Ֆելի-սիթի», «Փլես սիթի», «Մորի Փլազա» և նման անուններ կրող էլիտար կառույցներ: «Ինչի՞ են պետք տեղական հետամնաց անունները, «սիթի»-ի փոխարեն՝ «քաղա՞ք», որքա՜ն կոշտ է հնչում, որքա՜ն անհարիր մեր ներկային,- ասում էր նա կառուցողներին,- քայլենք ու շնչենք ժամանակի հետ, ժամանակի ոգով»… Նորամուտ անունները ծառայում էին նաև այն բարի նպատակին, որ այդ համալիրներում ծնվող ու հասակ նետող սերնդի սրտերում անմար կանթեղի պես վառ պիտի մնային Սերի հրաշալի ավանդները, նույնիսկ իր մահից հետո…
Իսկ մի՞թե Սերը մեռնում է… Հազիվ թե:

Հունիս, 2010
Թեհրան

7 comments

Skip to comment form

    • Վահե on 23 Սեպտեմբերի, 2010 at 12:01 ե.
    • Reply

    Հարգելի հեղինակ, “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ի կառուցած շենքերը անվանում չունեն, իսկ թաղամասերը որոնք կառուցում է կազմակերպությունը ունեն ‘Երևանյան Բերդ I և II” անվանումները, որոնք պատամական անվանումներն են:

    • Էմմա Ալեքսանդրյան on 23 Սեպտեմբերի, 2010 at 12:15 ե.
    • Reply

    Հետաքրքրիր էր մտահղացումը և գեղարվեստական զուգահեռը անկախության ծնունդի և «Սեր»-ի միջև ,որն հատկապես շատ է ստացվել առաջին 2 պարբերությունում:Ասում են սերը կրակի պես է՝ պիտի փայփայել ու խնամել,որ պատահաբար չմարի կամ էլ չբռնկի ու ավերածություններ չգործի:Հայության բոլոր հատվածները պետք է,որ ո՛վ իր հերթին անի այդ գործը:

    • Էմմա Ալեքսանդրյան on 23 Սեպտեմբերի, 2010 at 12:34 ե.
    • Reply

    Հա,մեկ էլ մոռացա ասել,որ ձեր գրվածքը,տեղադրել եմ ֆեյս բուքի իմ էջում:Կարելի է,չէ՞:

    • Y. G. on 23 Սեպտեմբերի, 2010 at 2:30 ե.
    • Reply

    Իսկ մի՞թե Սերը մեռնում է… Հազիվ թե:
    Mianshanak mernum e, ete spanoxy ir gorci varpet e…

    • ԿՏՀ on 23 Սեպտեմբերի, 2010 at 7:34 ե.
    • Reply

    Հարգարժան Էմմա,
    Դեմ չեմ, շնորհակալություն:

    • ԿՏՀ on 23 Սեպտեմբերի, 2010 at 7:44 ե.
    • Reply

    Հարգարժան Վահե, «Գլենդել Հիլզ» անունը կրող մեծադիր ցուցանակը երևում է Արշակունյաց պողոտայով ցած իջնելիս՝ աջ, դեպի վեր նայելիս: Մնացածն ինչ կարևո՞ր է:

    • Վահե on 24 Սեպտեմբերի, 2010 at 10:34 ա.
    • Reply

    Դա գովազդային վահանակ է և կարծում եմ այն փաստը, որ թաղամասի պատմական անվանումները չի փոխվել և ավելին այն թաղամասի բացման ժամանակ կտեղադրվի շատ գեղեցիկ է: Ամեն դեպքում հետաքրքիր մոտեցում էր և միտքը հասկանալի: Կարդալուց հանդիպեցի և փորձեցի մանրամասնել, որպեսզի օբյեկտիվ լինի:Կսպասեմ նոր հրապարակումների:

Թողնել պատասխան

Your email address will not be published.