Մարինա Ցվետաևա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թարգմանությունը` Նաիրա Հարությունյանի

(Բանաստեղծուհու ծննդյան 112 ամյակի առթիվ)

***

Մտահոգված կքեց աստված
Ու լռեց:
Եվ վերջապես ահա ժպտաց,
Ահա և սուրբ, լուսազգեստ

Հրեշտակներ նա արարեց
Անհամար:
Ոմանք թևեր ունեն մեծ,
Անթևներն էլ կան հարկավ:

 

Եվ այսքան շատ նրա համար
Եմ լալիս,
Որ աստըծուց ավելի ինձ
Հրեշտակներն են դուր գալիս:

15 օգոստոսի 1916

 

***

Նոր տարին մենակ դիմավորեցի:
Եվ աղքատ էի հարսուստս` ես,
ես` թևավորս, անիծված էի:
Ինչ-որ տեղ այնքան գինի կար հին,
Եվ իրար փարված այնքան ձեռքեր:
Իսկ թևավորը` անիծված էր նա,
Եվ միայնակ էր նա` միակը,
Ինչպես մութ աչքում պատուհանի
Լուսինն է հավերժ, հավերժ մենակ:

31 դեկտեմբերի 1917

 

***

Ես կամ: Դու` կլինես: Անդունդ է մեր միջև:
Ես ըմպում եմ: Դու` ծարավում: Իրար չենք հասկանա:
Մեզ տաս տարի, հարյուր հազարամյակ է
Մեզ բաժանում: Աստված չի կապում կամուրջներ:

Եղիր` ահա իմ պատվիրանը քեզ: Թույլ տուր
Կողքովդ անցնել` չխաթարելով ծաղկումդ իմ շնչով:
Ես կամ: Դու` կլինես: Եվ տաս գարուն հետո
Դու կասես` կամ, իսկ ես արդեն կասեմ` մի ժամանակ…

6 հունիսի 1918

 

***

Դու հարկավոր չես ինձ արդեն,
Սիրելիս. ոչ նրա համար,
Որ իսկույն չես հեռագըրել:

Ու նաև ոչ նրա համար,
Որ տխրությամբ գրածը իմ
Կարդալու ես ծիծաղելով:

(Որ այս անգամ` միայն ինձնից
Միմիայն քեզ գրածներս
Վերծանելու ես ոչ մենակ):

Եվ ոչ նրա համար, որ քո
Դեմքն այլ վարսեր են շոյելու.
Ինքս եմ սովոր ուրիշի հետ ընթերցելու:

Եվ ոչ նրա համար, որ դուք,
Ձեռագըրիս վրա հակված,
Մեկտեղ հոգոց պիտի հանեք:

Եվ ոչ էլ, որ ձեր կոպերը
Խիստ համերաշխ պիտի փակվեն. «Չի կարդացվում,
Եվ այն էլ դեռ` ոտանավոր»:

Չէ, բարեկամ, զայրույթ չէ սա,
Պարզ է պատճառն ու հասարակ.

Դու հարկավոր չես ինձ արդեն,
Որովհետև, որովհետև`
Դու հարկավոր չես ինձ արդեն:

3 դեկտեմբերի 1918

 

***

Դու ինձ դատել մի շտապիր,
Արդար չէ դատը քո,
Եվ ագռավիս մի սևացրու
Մաքրության ճերմակով:

Ասենք, արա ինչպես կուզես,
Երբ գա դատը հանուր,
Ես, բոլորին սիրած, գուցե
Հառնեմ` քեզնից մաքուր:

17 մայիսի 1920

 

***

Օրերը կակուղ, լորձնոտ սողուններ,
…Ես` օրավարձու տողակարկատ…
Իմ իսկ կյանքի հետ ես ինչ գործ ունեմ.
Իմը չէ, եթե քոնը չէ այն:

Եվ իմ հոգսերն էլ հոգըս չեն բնավ.
Կշտանալ, քնել… այս չէ՞ միայն.
Իմ իսկ մարմնի հետ ես ինչ գործ ունեմ.
Իմը չէ, եթե քոնը չէ այն:

Հունվար 1925

 

***

Եթե ծնվել է հոգին թևավոր,
Դժբախտություն չեն խրճիթ ու հյուղակ:
Եվ Չինգիզ խանն ու Հորդան ի՜նչ են որ,
Երկու ոսոխ կա այս երկնքի տակ:
երկու երկվորյակ` հավետ միասին.
Հափրանքը կուշտի, քաղցը քաղցածի:

18 օգոստոսի 1918

 

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

…Եվ չտխրենք` քիչ ապրեց,
Եվ չափսոսենք` երկնեց քիչ.
Շատ ապրեց նա, ով ապրեց
Մեր օրերում,
Եվ տվեց անմնացորդ
Նա, ով երգ տվեց:

Հունվար 1926

 

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՆ` ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵԻՆ

Սեն Ժիլ սյուր-Վի
2 օգոստոսի 1926

Ռայներ, նամակդ ստացա իմ անվանակոչության օրը` հուլիսի 17/30-ին, չէ որ ես էլ իմ սուրբն ունեմ, թեև ինքս ինձ իմ անվան առաջնակիրն եմ զգում, ինչպես քեզ` քոնի առաջնակիրը: Այն սրբին, որին Ռայներ էին կոչում, այլ կերպ է հնչել երևի, Ռայները դու ես:
Եվ ահա, անվանակոչությանս օրը ես ամենալավ նվերը ստացա` քո նամակը: Միանգամայն անսպասելի, ինչպես միշտ: Ես երբեք քեզ չեմ վարժվի (ինչպես որ ինքս ինձ), ինչպես այս զարմանքին, և ինչպես սեփական մտքերիս` քո մասին: Դու այն ես, ինչ տեսնելու եմ գիշերը երազում, ինչին որ երազում տեսնվելու եմ ինքս այս գիշեր: (Երա՞զ տեսնել, թե՞ տեսնված լինել երազում): Անծանոթուհի` օտար երազում: Ես երբեք չեմ սպասում, ես միշտ ճանաչում եմ քեզ:
Թե ինչ-որ մեկը միասին տեսնի մեզ երազում, նշանակում է մենք կհանդիպենք:
Ռայներ, ուզում եմ գալ քեզ մոտ, հանուն ինձ, այն նորի, որը գոյության կարող է կոչվել միմիայն քեզ հետ, միայն քեզանում: Ու նաև`  մի՛ բարկանա, Ռայներ («Ռայներ»-ն այս նամակի լեյտմոտիվն է), չէ որ այդ ես, ես ինքս եմ ուզում քնել քեզ հետ` քուն մտնել ու քնել: Ժողովրդական սքանչելի՜ բառ. ինչ խորունկ, ինչ անստգյուտ, ինչ աներկբա, ինչ ստույգ է այն, ինչ ասում է նա: Պարզապես` քնել: Եվ ոչինչ ավելին: Չէ, մի բան էլ. թաղել գլուխս քո ձախ ուսի մեջ, իսկ ձեռքս` աջինիդ վրա, և ոչինչ ավելին: Չէ, մի բան էլ. ամենախոր քնի մեջ անգամ իմանալ, որ այդ դու ես: Ու նաև լսել, թե ինչպես է հնչում քո սիրտը: Եվ համբուրել այն:
Երբեմն մտածում եմ, որ պետք է օգտվեմ այն պատեհությունից, որ ես դեռևս կենդանի մարմին եմ (այնուամենայնիվ): Շուտով ես ձեռքեր չեմ ունենա: Ու նաև սա հնչում է իբրև խոստովանություն (ի՞նչ է խոստովանությունը` պարծենալ սեփական արատներով: Առանց արբեցումի, այսինքն` առանց երջանկության, այն ո՞վ կկարողանար խոսել իր տանջանքի մասին). և այսպես, թող սա չհնչի իբրև խոստովանություն. մարմինների համար ձանձրալի է ինձ հետ: Նրանք ինչ-որ բան կասկածում են և ինձ (իմինին) չեն վստահում, թեև ես ամեն ինչ անում եմ` ինչպես ամենքը: Չափից ավելի… անտարբերությամբ, թերևս, չափից ավելի… բարեհաճորեն: Եվ` չափազանց վստահող: Վստահող լինում են օտարները` (վայրենիները)` չճանաչելով և ո՛չ մի օրենք ու սովորույթ: Տեղացիները, սակայն, վստահել չեն կարող: Սիրուն այս ամենը չի վերաբերում, սերը միմիայն իրեն է զգում և ունկնդրում, այն կապված է տեղին ու ժամանակին, դա ես կեղծել չեմ կարող: Ուստի և` անհուն մի կարեկցանք, չգիտես որտեղից եկող, անսահման բարություն ու սուտ:
Ես ինձ ավելի ու ավելի ծեր եմ զգում: Չափազանց լուրջը մանկական խաղ է, ես բավականաչափ լուրջ չեմ:
Բերանը ես ընկալել եմ միշտ իբրև մի աշխարհ, երկնակամար, անձավ, խորխորատ, անդունդ: Մարմինը հոգու եմ փոխարկել ես միշտ (հակադարձել եմ մարմնավորումը), իսկ «ֆիզիկական» սերը, որպեսզի այն սիրեմ, վեհացրի այնքան, որ նրանից մի օր էլ ոչինչ չմնաց: Նրա մեջ սուզվելով` իրեն դատարկեցի: Իր մեջ թափանցելով` դուրս մղեցի իրեն: Ոչ մի բան չմնաց նրանից, իսկ ինձնից` հոգուց բացի (այդպես եմ ես կոչվում. ահա ինչու զարմանքս` անվանակոչությո՜ւն):
Սերը ատում է պոետին: Նա չի ցանկանում, որ իրեն վեհացնեն (ես ինքնին վեհ եմ, այսպես ասած), նա բացարձակ է համարում իրեն, միակ բացարձակը: Մեզ նա չի վստահում: Իր խորքում նա գիտի, որ վեհ չէ (դրա համար էլ տիրական է այդքան), նա գիտի, որ վեհությունը հոգին է, իսկ ուր սկսվում է հոգին` ավարտվում է մարմինը: Զուտ խանդ է, Ռայներ: Նույնը, ինչ հոգունն է մարմնի նկատմամբ: Եվ միշտ խանդել եմ ես մարմնին. ինչպե՜ս է գովերգվել: Պաոլոյի ու Ֆրանչեսկայի պատմությունը փոքրիկ դրվագ է լոկ: Դանտեին ու Բեատրիչեին այն ո՞վ է դեռ հիշում: Խե՜ղճ Դանտե: Ես խանդում եմ մարդկային կատակերգությանը: Երբեք չեն սիրի հոգին այնպես, ինչպես մարմինը, լավագույն դեպքում կգովեն այն: Միշտ սիրված է մարմինը հազարավոր հոգիների կողմից: Այն ո՞վ է, թեկուզ մի անգամ, հավիտենական տանջանքի մատնել իրեն ի սեր միայն հոգու: Ուզենար էլ մեկը` անհնարին է: Հավիտենական տանջանքի գնալ հոգու հանդեպ սիրուց, արդեն ասել է հրեշտակ լինել: Խաբեությամբ մի ողջ դժոխքից են մեզ զրկել (… խիստ մաքրությունից արհամարհանքի հով է բարձրանում)1 :
Ինչու եմ ասում քեզ այս ամենը: Երևի երկյուղից, թե դու սովորական զգայական կիրք կտեսնես իմ մեջ (կիրքը մարմնի ստրկությունն է): «Ես սիրում եմ քեզ և ուզում եմ քեզ հետ քնել». բարեկամությանը տրված չէ այսպես կարճ խոսել: Բայց մի այլ ձայնով եմ ես դա ասում, գրեթե քնի մեջ, խորապես քնի մեջ: Ես այլ մի ձայն եմ, քան կիրքը: Թե վերցնեիր դու ինձ, կվերցնեիր «տեղերը, որ դատարկն են ամենից»: Այն ամենը, ինչը երբեք չի քնում, կուզենար քուն մտնել քո գրկում: Մինչ ի հոգին (ամենախորքը) համբույրն այդ կլիներ: (Անդունդ, ո՛չ հրդեհ): Ինձ չեմ ես պաշտպանում, ես պաշտպանում եմ ամենակատարյալը բոլոր համբույրներից:
Դու անընդհատ շրջագայությունների մեջ ես, դու ոչ մի տեղ չես ապրում և հանդիպում ես ռուսների, որոնք` ես չեմ: Լսիր ու մտապահիր. քո երկրում, Ռայներ, ես մեն-մենակ եմ ներկայացնում Ռուսաստանը:
Ի վերջո, ո՞վ ես դու, Ռայներ: Գերմանացի չես, թեև համայն Գերմանիան ես: Չեխ չես, թեև ծնվել ես Չեխիայում (Հ. Գ. մի երկրում, որը դեռևս գոյություն չուներ. դա քեզ սազում է), ավստրիացի չես, քանի որ Ավստրիան եղել է, իսկ դու` լինելու ես: Դու հայրենիք չունես: Դե մի՞թե հրաշալի չէ: «Չեխոսլովակցի մեծ բանաստեղծ»,- այսպես էին գրել փարիզյան ամսագրերը: Ասել է թե դու, վերջիվերջո, սլովա՞կ ես, Ռայներ: Քրքջում եմ:
Երեկոյանում է, Ռայներ, ես քեզ սիրում եմ: Գնացքը ոռնում է: Գնացք, ասել է` գայլեր, իսկ գայլեր, ասել է` Ռուսաստան: Գնացքը չէ, ողջ Ռուսաստանն է ոռնում քեզ համար, Ռայներ: Մի բարկացիր ինձ վրա կամ բարկացիր որքան սիրտդ կուզի. այս գիշեր ես քնելու եմ քեզ հետ, Ռայներ: Պայթյուն` խավարի մեջ. աստղերն են, համոզվում եմ. ինձ համոզում է պատուհանը: (Երբ մտածում եմ իմ ու քո մասին, ես պատուհանի մասին եմ մտածում, ոչ` անկողնու): Աչքերս լայն բացված են, քանզի դուրսն ավելի է սև, քան ներսում է: Անկողինը նավ է, ճամփորդության ենք մենք ելնում:
… և անհետացավ հեռուներում:
Բոլոր հողմերից անչափ հոգնած,
Անհունի ճամփին այն աստղազարդ
Փոքրիկ նավակն այն անառագաստ
Լողալով մի օր մտավ դրախտ
(լոզանյան մանկական երգ):
Կարող ես չպատասխանել, էլի համբուրիր:
Իրավունքի և իրավացիության մասին. «Բնությունը նույնպես բնական չէ» (Գյոթե), դու սա թերևս նկատի ունեիր: (Բնությունը է իրավունքը):
«Տեղերը, որ դատարկն են ամենից» ես Բորիսից2 եմ նվեր ստացել և քեզ եմ նվիրում:

——————————————————————-
1 Ռիլկեի մի տողի մոտավոր մեջբերում:
2 Բորիս Պաստեռնակ:

1 comment

    • Emma on 27 Սեպտեմբերի, 2010 at 8:58 ա.
    • Reply

    հրեշտակները շատ գեղեցիկ էր,բոլորն էլ սահուն են թարգմանված:

Թողնել պատասխան

Your email address will not be published.