Գաբրիելե Դ’Աննունցիո | ՕՖԵՆԱՅԻ ԴՔՍԻ ՄԱՀԸ

Gabriele D’Annunzio LA MORTE DEL DUCA D’OFENA

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Երբ հեռվից լսվեց խռովության առաջին խառնիճաղանջ աղմուկը, Դոն Ֆիլիպո Կասաուրան հանկարծ բացեց կոպերը, որ սովորաբար ծանրանում էին աչքերի վրա, որոնք կուլ էին գնում, ինչպես քամոտ ծովերի վրայով սավառնող օդաչուներինը:
-Լսեցի՞ր,-հարցրեց նա Մացագրոնյային, որը կանգնած էր նրա մոտ: Նրա ձայնի դողդոջը մատնում էր ներքին խռովքը:
Ծառայապետը ժպտալով պատասխանեց.
-Մի՛ վախեցեք, Ձերդ Գերազանցություն: Այսօր Սուրբ Պետրոսի տոնն է: Հնձվորներն են երգում:
Ծերուկը մի պահ ականջ դրեց՝ հենվելով արմունկին, հայացքը չհեռացնելով պատշգամբներից: Վարագույրներն ալիքվում էին լիբեչչոյի տաք պոռթկումներից: Ծիծեռնակները, նետերի պես արագընթաց, խմբերով անցնում էին ու վերադառնում շիկացած օդի մեջ: Ներքևում, տների բոլոր տանիքները, ոմանք կարմրագույն, ոմանք մոխրագույն, կրակվում էին: Դրանցից անդին փռված էր գյուղը, հսկա ու ճոխ, գրեթե ամբողջովին ոսկեգույն՝ հնձի սեզոնին:
Ծերուկը դարձյալ հարցրեց.
-Լսեցի՞ր, Ջովա՛ննի:
Իսկապես բարձր ձայներ էին լսվում, որոնք չէր թվում, թե ուրախության ձայներ լինեին: Քամին դրանք մեկ ուժգնացնում էր, մեկ խլացնում՝ խառնելով իր սուլոցին, ու այդ պատճառով, դրանք դառնում էին ավելի տարօրինակ:
-Ուշադրություն մի՛ դարձրեք, Ձե՛րդ Գերազանցություն: Ձեր ականջները Ձեզ խաբում են: Հանգիստ պառկե՛ք:
Ու նա վեր ելավ ՝պատշգամբներից մեկը գնալու համար:
Մացագրոնյան հոծամարմին էր, կամարաձև ոտքերով, հսկա ձեռքերով, որոնց արտաքին մասը պատված էր մազերով, ինչպես գազաններինը: Աչքերը մի փոքր շիլ էին, սպիտակավուն, ինչպես ալբինոսներինը, ողջ դեմքը պատված էր պեպեններով, քունքերին հազվադեպ նոսր մազեր կային, իսկ ծոծրակի վրա աճում էին պինդ, մուգ ու շագանակաձև նորագոյացություններ:
Բավական երկար ժամանակ մնաց կանգնած, երկու վարագույրների միջև, որոնք փքվում էին երկու առագաստների նման, հետազոտելու ներքևի հարկը: Փոշին բարձրանում էր della Farra փողոցից, ասես բազմաթիվ անասնահոտեր էին անցնում, ու քամին մրրկաձև փոշու ամպեր էր հանում:Մերթ ընդ մերթ, այդ փոշու ամպերն էլ էին փայլատակում, ասես սպառազինված մարդիկ կային դրանց մեջ:
-Դե՞հ,- հարցեց դոն Ֆիլիպոն անհանգիստ:
-Ոչինչ էլ չկա,- պատասխանեց Մացագրոնյան.սակայն հոնքերը կիտել էր:
Նորից վայրագ քամին իր հետ բերեց հեռավոր գոչյունների ձայնը:Վարագույրներից մեկը սկսեց ուժգնորեն ծածանվել օդի մեջ՝ինչպես բացված դրոշ:Դռներից մեկը, ուժգնորեն ու շրխկոցով փակվեց: Ապակիները դղրդացին: Մի սեղանի վրա դարսդարսված թղթերը ցար ու ցին եղան սենյակում:
-Փակի՛ր, փակի՛ր,- գոռաց ծերունին՝սարսափած:- Տղաս ո՞րտեղ է:
Նրա շունչը կտրվում էր, խեղդվում էր իր գիրության պատճառով, անընդունակ վեր կենալու, քանզի մարմնի ողջ ներքևի մասը կաթվածահար էր:Կաթվածի շարունակական դողից ցնցվում էին վզի մկանները, արմունկներն ու ծնկները: Ծուռտիկ ձեռքերը դրված էին սավանին, ուռած երակներով, ինչպես հինավուրց ձիթենիների արմատներ:Առատ քրտինք էր հոսում նրա ճակատից ու ճաղատ գլխից, չռում լայն դեմքի վրայով, որ խամրած վարդագույն էր, բարակ, կարմրին տվող կապտերակներով, ինչպես եզների փայծաղը:
-Սատանա՛,-ատամների արանքից շշնջաց Մացագրոնյան՝ մինչ փակում էր փեղկերն ամբոջ ուժով.- Մի ՞թե գալիս են:
Այժմ, della Farra փողոցի վրա, առաջին տների մոտ, հայտնվել էր խռովահույզ մարդկանց մի ամբոխ, որպես ալեբախություն, որը նշան էր անում մեկ այլ, դեռևս անտեսանելի, բայց ավելի մեծ մի բազմության, որ տների տանիքներն ու Սան Պիոյի բարդիները չէին թողնում տեսնել: Գյուղերից եկող օժանդակ լեգիոնը գալիս էր ավելի հոծացնելու այդ խռովարար մարդկանց բազմությունը: Քիչ առ քիչ սակայն, ամբոխը նոսրանում էր՝ լցվելով փողոցներն ու անհետանալով, ինչպես մրջյունների պարսը մրջնանոցի լաբիրինթոսների մեջ: Գոռում-գոչյունները, որ զարնվում էին պատերին ու արձագանքվում, հիմա հասնում էին շարունակական, խուլ թնդյունի պես:
-Տղաս ո՞րտեղ է,- դարձյալ հարցրեց ծերունին մի ձայնով, որ հոգեկան խռովքի պատճառով դարձել էր ավելի ծակող:- Կանչի՛ր, ուզում եմ տեսնել նրան:
Ողջ մարմնով դողում էր մահճակալի վրա, ոչ միայն նրա համար, որ կաթվածահար էր, այլև, որ վախենում էր: Նախորդ օրվա առաջին խռովությունը տեսնելով ու լսելով մի հարյուրի չափ ջահելների գոռում-գոչյունները, որ պատշգամբների տակ խմբվել էին՝ ընդվզելու Օֆենայի դքսի անարդարությունների դեմ, նրան համակել էր գրեթե խելագար մի վախ, ու ողջ գիշերը կնոջ պես լաց էր եղել՝ օգնության կանչելով դրախտի սրբերին: Մահվան ու վտանգի մասին մտածմունքը այդ կաթվածահար ծերունուն մի անասելի սարսափ էր պատճառում, որ արդեն կիսամեռ էր, և կյանքի վերջին թրթիռները նրա մեջ չափազանց տանջալի էին:
-Լուիջի՜, Լուիջի՜,- սկսեց բացականչել գլուխը կորցրած, կանչելով իր որդուն;
Տան բոլոր լուսամուտների ապակիները դղրդում էին քամու պոռթկումներից: Մերթ ընդ մերթ, լսվում էր կիսաբաց մի դռան շրխկոց կամ շտապ քայլերի ու կարճ խոսքերի ձայն:
-Լուիջի՜:
II
Դուքսը վազելով մտավ սենյակ: Նա գունատ էր ու նյարդայնացած, չնայած ձգտում էր տիրապետել իրեն: Բարձրահասակ ու ամրակազմ էր, դեմքի մազերը դեռևս գրեթե լրիվ սև էին՝ բավական կոպիտ ծնոտների վրա.բերանը փքված ու տիրական էր, լի ամեն վայրկյան պոռթկալու պատրաստ շնչառությամբ.աչքերը զննող էին, քիթը մեծ էր, թրթռացող, կարմրավուն:
-Դե՞հ,-հարցրեց Դոբ Ֆիլիպոն, այնպիսի խռխռոցով, որ թվում էր, պիտի շնչահեղձ լիներ:
-Մի՛ վախեցեք, հա՛յր, ե՛ս եմ,- պատասխանեց դուքսը՝ մոտենալով մահճակալին ու աշխատելով ժպտալ:
Մացագրոնյան կանգնել էր պատշգամբներից մեկում և ուշադրությունը լարած նայում էր դուրս: Գոռոցներն այլևս չէին լսվում.ոչ ոք այլևս չէր երևում: Արևը թեքվում էր ցած՝ ջինջ երկնքի մեջ, նման մի հրե շրջանակի, և որքան ավելի էր մեծանում, այնքան ավելի էր կարմրում՝հասնելով բլուրների գագաթներին: Ամբողջ գյուղը ասես կրակվում էր: Լուսնի առաջին քառորդը ելնում էր Lisci-ի մացառուտներից: Հեռվում շողշողում էին Poggio Rivelli-ի, Ricciano-ի, Rocca di Forca- ի լուսամուտները, ու լսվում էր զանգերի ղողանջ:
Այս ու այնտեղ ինչ-որ կրակ էր սկսում փայլատակել:Շոգից մարդու շունչ էր կտրվում:
-Գալիս են Scioli-ից,- ասաց Օֆենայի դուքսը իր խռպոտ ու կոշտ ձայնով: Բայց…
Ու սպառնագին մի շարժում արեց:Հետո մոտեցավ Մացագրոնյային:
Նա անհանգիստ էր Կարլետտո Գրուայի համար, որը դեռևս չէր երևում: Անց ու դարձ արեց սենյակով, ծանրաքայլ: Իր զենքերի հավաքածուից դուրս հանեց երկու երկարավուն ատրճանակ ու ուշադիր զննեց դրանք:Հայրը հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին՝ լայն բացած աչքերով.շնչակտուր էր լինում ինչպես հոգևարք ապրող լծկան անասունը.մերթ ընդ մերթ, տձև ձեռքերով շարժում էր սավանը հովանալու համար: Երկու երեք անգամ հարցրեց Մացագրոնյային.
-Ո՞ւմ ես տեսնում:
Մացագրոնյան անսպասելիորեն բացականչեց.
-Ահա՛, Կարլետտոն գալիս է վազելով, Ջեննարոյի հետ:
Իրոք, լսվեցին ուժեղ հարվածների ձայներ մեծ դռանը:Քիչ անց Կարլետտոն ու ծառան մտան սենյակ, գունատ, գլուխները կորցրած, արյունաշաղախ ու փոշով պատված:
Դուքսը տեսնելով Կարլետտոին մի գոռոց արձակեց: Նրան առավ իր թևերի մեջ, սկսեց շոշափել նրա ողջ մարմինը՝ վերքը հայտնաբերելու համար:
-Ի՞նչ են քեզ արել:Ասա՛, ի՞նչ են քեզ արել:
Երիտասարդը լաց էր լինում կնոջ պես:
-Այստե՛ղ,-ասաց նա՝ հեկեկալով:Գլուխը կախեց ու ցույց տվեց ծոծրակի վրա լերդացած արյան հետ խառնված մի քանի մազափնջեր:
Դուքսը մատները զգուշորեն մտցրեց նրա մազերի մեջ՝վերքը գտնելու համար:Նա սիրում էր Կարլետտո Գրուային մի տրտմագին սիրով. ու սիրահարի պես էր հոգ տանում նրա մասին:
-Ցավո՞ւմ է,-հարցրեց նրան:
Երիտասարդը ավելի բարձրաձայն հեկեկաց: Նա բարալիկ մարմին ուներ, ինչպես պարմանուհունը.կանացի դիմագծեր, որ հազիվ ծածկված էին շիկահեր աղվամազով. մազերը երկար էին, բերանը գեղեցիկ էր, իսկ ձայնը սուր, ինչպես ամորձատվածներինը: Որբ տղա էր, Բենվենտոյի մի հրուշակագործի որդին: Ծառայում էր դքսի մոտ:
-Հիմա կգան,-ասաց նա՝ ամբողջ մարմնով դողալով, արցունքով լի աչքերը շրջելով դեպի պատշգամբը, որտեղից դարձյալ լսվում էին գոռում-գոչյուններ, ավելի բարձր ու ահազդու:
Ծառան, որ ձախ ուսին մի խոր վերք էր ստացել ու ամբողջ թևը մինչև արմունկը կորել էր արյան մեջ, պատմում էր, թե ինչպես իրենց երկուսին հետապնդում էր կատաղած ամբոխը:Մացագրոնյան, որ անընդհատ լրտեսում էր, գոռաց.
-Եկա՜ն, դեպի պալա՜տ են շարժվում: Զինվա՛ծ են:
Դոն Լուիջին Կարլետտոյին թողեց ու վազեց տեսնելու:
III
Իսկապես, ամբոխը ելնում էր զառիվերով, գոռալով և օդի մեջ ճոճելով զենքեր ու դաշտային գործիքներ, մի այնպիսի կատաղությամբ, որ կարծես չլիներ առանձին մարդկանցից բաղկացած խումբ, այլ ինչ-որ կույր նյութի կապակցված զանգված, որին առաջ էր մղում մի անդիմադրելի ուժ: Մի քանի րոպեում այն արդեն պալատի ներքևում էր, ու երկար մի օձի պես, բազմաթիվ գալարներով ու մի անանցանելի շրջան կազմելով՝ բոլորեց շենքը:Խռովարարներից ոմանք բարձր բռնել էին վառված եղեգների կապուկներով ջահեր, որոնց թրթռուն ու կարմրավուն լույսը ընկնում էր նրանց դեմքերին, կայծերն ու բոցերը ճարճատյունով թռչում էին այս ու այն կողմ: Մյուսները պահում էին մի երկար ձող, որի գագաթին ճոճվում էր մարդկային մի դիակ: Հնչում էին մահվան սպառնալիքներ: Հայհոյանքների մեջ կրկնվում էր մի անուն.
-Կասա՜ուրա, Կասա՜ուրա:
Օֆենայի դուքսը արմունկը կծեց, երբ ձողի գագաթին ճանաչեց Վինչենցո Մուրոյի խոշտանգված դիակը.դա իր սուրհանդակն էր, որին ուղարկել էր գիշերը՝ օգնություն խնդրելու զինվորականներից: Նա կախյալին ցույց տվեց Մացագրոնյային, որը ցածրաձայն ասաց.
-Վե՛րջ:
Ծառաները իրար գլխի էին հավաքվում շեմերի վրա, վախկոտ կեցվածքով: Ոմանք լաց էին լինում, մյուսները օգնության էին կանչում որևէ սրբի, ոմանք էլ ՝մտմտում էին դավաճանական քայլ:
Կկարողանայի՞ն իրենց կյանքը փրկել իրենց տիրոջը ժողովրդի ձեռքը հանձնելով: Նրանցից հինգ-վեց հոգի թաքուն խորհրդակցում էին՝ հերթով բորբոքվելով:
-Դեպի պատշգա՜մբ, դեպի պատշգա՜մբ-գոռում էր ժողովուրդը՝ հայհոյելով: Դեպի պատշգա՜մբ:
Օֆենայի դուքսը, արդեն հաշտված իրադրության հետ, խոսում էր Մացագրոնյայի հետ, առանձին:
Դառնալով Դոն Ֆիլիպոյին, ասաց.
-Հա՛յր, տեղափոխվե՛ք աթոռի վրա: Այդպես ավելի լավ կլինի:
Ծառաները սկսեցին փսփսալ:Երկուսն առաջացան՝ կաթվածահար մարդուն օգնելու, որ իջնի մահճակալից:Մյուս երկուսը մոտեցրին փոքրիկ անիվներով աթոռը:
Դա դժվարին գործ եղավ: Ծեր մարդը հևում էր ու աղիողորմ գանգատվում, թևերով սեղմելով ծառաների պարանոցները, որոնց վրա հենվել էր:Նա ամբոջովին քրտինքի մեջ էր.իսկ սենյակում, որի փեղկերը փակված էին, մի անտանելի հոտ էր բռնել; Երբ արդեն աթոռի վրա էր, նրա ոտքերը ռիթմիկ շարժումներով սկսեցին խփել հատակին: Մեծ, թուլացած փորը դողում էր ծնկներին՝ կիսադատարկ տկի պես:
Այդժամ դուքսը Մացոգրոնյային ասաց.
-Ջովա՛ննի, դե՛, սկսի՛ր:
Ու վերջինս վճռական մի շարժումով բացեց փեղկերն ու դուրս ելավ պատշգամբ:
IV
Ամբոխը նրան դիմավորեց կատաղի գոռոցով: Հինգ, տաս, քսան վառվող եղեգների կապուկներ հավաքվեցին պատշգամբի տակ: Կրակը լուսավորում էր ջարդելու ու փշրելու վճռականությունից վառվող դեմքերը, կացինների երկաթները: Ջահ կրողների երեսները պատված էին ալրով՝ կայծերից պաշտպանվելու համար.ու այդ սպիտակության մեջ նրանց արյունամած աչքերը տարօրինակ կերպով փայլում էին: Սև ծուխը բարձրանում էր վեր ու արագորեն ցրվում: Մի խմբի միջից բոլոր կրակները երկարում էի մեկ լեզվակով, քամուց բորբոքվելով:Ավելի բարակ ու չոր եղեգները կրակվում էին, ծռմռվում, կոտրվում էին, պայթում մի վայրկյանում, հրթիռների պես: Ու դա խանդավառ ազդեցություն էր գործում հավաքվածների վրա:
-Մացագրո՜նյա, Մացագրո՜նյա: Մա՜հ կավատին, մա՜հ կավատին,- գոռում էին բոլորը՝ խմբվելով, որպեսզի ավելի բարձր հնչեր հայհոյանքը:
Մացագրոնյան ձեռքի մեկը պարզեց, ասես գոռոցները լռեցնելու համար.ու ինչքան բերանում շունչ կար, սկսեց խոսել Թագավորի անունից, ասես ինչ որ օրենք էր հրապարակում:
-Նորին Մեծություն Ֆերդինանդո 2-րդի, երկու Սիցիլիաների, Երուսաղեմի թագավորի անունից…
-Մա՛հ գողի՜ն:
Հրազենի երկու-երեք զարկեր հնչեցին գոռացող ամբոխի միջից, ու ճառասացը կրցքից ու ճակատից խփվելով, երերաց, ձեռքերը բարձր թափահարեց ու ընկավ: Ընկնելիս գլուխը մտավ բազրիքի երկաթե ճաղերի արանքը ու կախվեց դուրս դդումի նման:Արյունը չռռում էր ցած:
Դա ամբոխին գրգռեց: Աղմուկ-աղաղակը երկինք էր հասնում:
Այդժամ, ծայրին կախված դիակով ձողը պահողները եկան պատշգամբի տակ ու Վինչենցո Մուրոյին մոտեցրին ծառայապետի դիակին:Մինչ ձողը ճոճվում էր օդի մեջ, ժողովուրդը ուշադիր, գրեթե համրացած, հետևում էր երկու դիակների միակցմանը: Նոր հռհռոցներ լսվեցին:
Մի կատաղի հրճվանք էր պատել նրանց հոգիները: Արյան տեսքն ու հոտը արբեցնում էին ամենամոտ կանգնածներին: Տոմազո դի Բեֆֆին ու Ռոկկո Ֆուրչին սկսեցին մրցել, թե իրենցից որ մեկը կկարողանար քարերով խփել դիակի դեռևս տաք, կախ ընկած գլխին:
Ամեն հարվածի ժամանակ գանգը շարժվում էր ու արյունում:Ռոկկո Ֆուրչիի քարը ի վերջո կպավ գանգի կենտրոնին, չոր ձայն հանելով:Հանդիսատեսները ծափահարեցին: Սակայն, այլևս կշտացած էին Մացագրոնյայից:
Դարձյալ մի գոռոց հնչեց.
-Կասա՜ուրային, Կասա՜ուրային, դքսի՜ն, մա՛հ, մա՛հ:
Ֆաբրիցիո և Ֆերդինանդո Շոլյիները սողոսկելով ամբողի մեջ, հրահրում էին հանցագործներին: Մի սարսափելի քարերի տարափ, խառնված հրազենի կրակոցների հետ, կարկուտի պես տեղաց շենքի լուսամուտներիմ:Լուսամուտներիի ապակիները ընկան շրջապատողների վրա:Քարերը հետ էին թռչում:Մոտ կանգնածներից շատերը վերքեր ստացան:
Երբ քարերն ու կապարը վերջացան, Ֆերդինանդո Շոլյին գոռաց.
-Դռնե՜րը ջարդենք, դռնե՜րրը:
Ու այդ գոռոցը լսելով, որ կրկնվում էր բերնե-բերան, Օֆենայի դուքսը կորցրեց փրկության ամեն մի հույս:
V
Ոչ ոք չէր համարձակվել փակել այն պատշգամբը, որտեղից ընկել էր Մացագրոնյան: Դիակը կախված էր վայրիվերո դիրքով: Քանի որ խռովարարները ձեռքերն ազատելու համար ձողը թողել էին ընկնի պատշգամբի բազրիքին, սուրհանդակի արյունաշաղախ մարմինը ևս, որի մի քանի անդամները կտրել էին կացնով, տեսանելի էր քամուց փքվող վարագույրների արանքից: Ուշ երեկո էր: Աստղերը շողշողում էին անվերջ: Հեռվում այրվում էին մի քանի ծղոտե տանիքներ:
Լսելով հարվածներ դռանը, Օֆենայի դուքսը ցանկացավ մի բան ևս փորձել: Դոն Ֆիլիպոն, սարսափից քարացած, աչքերը փակել էր ու այլևս չէր խոսում: Կարլետո Գրուան, գլուխը փաթաթած, կուչ էր եկել մի անկյունում՝ վախից ու սոսկանքից կափկափելով ատամները, ու բներից դուրս եկած աչքերով հետևում էր իր տիրոջ յուրաքանչյուր քայլին ու շարժումներին: Գրեթե բոլոր ծառաները պահ էին մտել ձեղնահարկում: Քչերն էին մնացել հարակից սենյակներում:
Դոն Լուիջին նրանց իրար գլխի հավաքեց ու սիրտ տվեց.նրանց զինեց ատրճանակներով ու հրացաններով. հետո ամեն մեկին նշանակեց մի տեղ՝լուսամուտի գոգի կամ պատշգամբների շերտավարագույրների հետևում: Նրանցից ամեն մեկը պետք է կրակեր ամբոխի վրա, որքան հնարավոր էր դիպուկ և աննկատ:
-Առա՜ջ:
Կրակոցներն սկսվեցին:Դոն Լուիջին դեռ հույս էր տածում խուճապի մեջ: Նա ինքն էր լիցքավորում իր ատրճանակները հիանալի բանիմացությամբ, առանց հոգնելու: Քանի որ ամբոխը հոծ էր, ոչ մի կրակոց չէր վրիպում:Գոռոցները, որ լսվում էին ամեն մի կրակոցից հետո, ոգևորում էին ծառաներին: Արդեն խառնակություն էր ընկել խռովարարների մեջ: Շատերը փախչում էին՝ գետնին թողնելով վիրավորներին:
Այդժամ ծառաները հաղթական ճիչ արձակեցին.
-Կեցցե՜ Օֆենայի դու՜քսը;
Այդ վախկոտ մարդիկ հիմա քաջ էի դարձել՝ տեսնելով թշնամու փախուստը: Այլևս չէին թաքնվում, ոչ էլ կրակում էին կուրորեն, այլ ոտքի էին ելել հպարտ կեցվածքով ու աշխատում էին դիպուկահարել: Ու ամեն պահի, երբ տեսնում էին, որ ամբոխից ինչ-որ մեկն ընկնում էր, գոռում էին.
-Կեցցե՛ դո՜ւքսը:
Քիչ հետո, շենքն ազատ էր շրջափակումից: Ներքևում վիրավորներ էին տնքում: Վառվող եղեգների մնացորդները, որ դեռևս կրակվում էին գետնին ընկած, դիակների վրա անորոշ մի լույս էին գցում ու արտացոլվում արյան մի քանի լճակների մեջ, կամ էլ, ճրճտալով մարում էին:Քամին ուժգնացել էր, հեռվում շները սկսվել էին հաչել:
Հաղթանակից արբած, հոգնած ու քրտնած, ծառաներն իջան ներքև ուժերը վերականգնելու: Ոչ ոք չէր վիրավորվել: Խմում էին առանց չափ ու սահմանի, աղմկելով: Ոմանք տալիս էին նրանց անուններոը, ում խփել էին, ծամածռություններ անելով նկարագրում էին, թե ինչպես էին նրանք վայր ընկել: Խոհարարներից մեկը պարծեցավ, թե ինքը խփել էր զազրելի Ռոկկո Ֆուրչիին: Գինու ազդեցության տակ պարծենկոտ պատմությունները գնալով շատացան:
VI
Հիմա, մինչ Օֆենայի դուքսը, որ վստահ էր, թե գոնե այդ գիշեր հետ էր մղել հարձակումը, և զբաղված էր լացկան Կարլետոյին հանգստացնելով, հայելիներից մեկի մեջ արտացոլվեցին անսպասելի փայլատակումներ, պալատի տակ նոր գոռոցներ բարձրացան լիբեչչոյի հետ: Նույն ժամանակ, հայտնվեցին չորս-հինգ ծառաներ, ում, ծուխը քիչ էր մնացել խեղդեր, մինչ հարբած քնած էին ներքևի սենյակներում: Դեռևս չէին սթափվել: Ճոճվում էին առանց խոսել կարողանալու, քանզի լեզուները կապ էր ընկնում: Ուրիշներն էլ եկան:
-Հրդե՜հը, հրդե՜հը:
Մեկը մյուսին սեղմված դողում էին ինչպես ոչխարի հոտ: Բնածին վախկոտությունը նորից համակել էր նրանց: Բոլորի զգացումները բթացել էին, ասես երազի մեջ լի- նեին: Չգիտեին ինչ էին անելու: Ոչ էլ վտանգի գիտակցումն էր նրանց դրդում ինչ -որ ելք փնտրել:
Հանկարծակիի եկած, դուքսը, նախ, չիմացավ ինչ անել: Բայց Կարլետո Գրուան, տեսնելով թափանցող ծուխն ու լսելով բորբոքվող կրակի ճարճատյունը, այնպես սուր ձայնով սկսեց ճղճղալ ու խելահեղ շարժումներ անել, որ Դոն Ֆիլիպոն սթափվեց իր թմրությունից, որի մեջ ընկել էր, ու տեսավ մահը:
Մահն անխուսափելի էր: Կրակը, քամուց բորբոքվելով, տարածվում էր սարսափելի արագությամբ շենքի ողջ հինավուրց փայտամածով, լափելով ամեն ինչ. ու ամեն ինչ պատվում էր շարժվող, սորուն, շառաչուն բոցերով: Դրանք թեթևորեն բարձրանում էին միջնապատերով, լիզում պաստառները, մի վայրկյան տատանվում դրանց մակերեսին՝ երանգավորելով փոփոխուն ու աղոտ գույներով, բյուր բարակ լեզվակներով թափանցում կանվայի մեջ, ու մի պահ թվում էր, թե պատին կախված նկարների մեջ ոգի էր մտնում՝ կենդանություն հաղորդելով դրանցում պատկերվածների անշարժ դիրքերին ու կեցվածքներին, ու մի վարկյան, հավերժահարսերի ու աստվածների բերանները, թվում էր, ծամածռվում էին ժանտագին ծիծաղից: Հետո, էլ ավելի լուսավոր ընթացքով, կրակն անցնում էր մյուս կողմը, փարվում փայտե կահույքին, որը միանգամից քանդվում էր ու մոխրանում, ասես կախարդանքով: Բոցի արձակած ձայները մի մեծ, ներդաշնակ խմբերգ էին կազմել, ասես միլիոնավոր սաղարթներով անտառ կամ միլիոնավոր եղեգներից կազմված երգեհոն: Մեր ընդ մերթ, ճարճատող բացվածքներից, արդեն երևում էր ջինջ երկինքը իր աստղաբույլերով: Արդեն ամբողջ շենքն էր հրդեհվում:
-Փրկի՜ր ինձ, փրկի՜ր ինձ,-գոչեց ծերունին, իզուր փորձելով վեր կենալ, քանզի արդեն զգում էր, թե ինչպես էր հատակն իջնում իր ոտքերի տակ, թե ինչպես էր ինքը կուրանում կուրացուցիչ կարմիր կրակներից:
-Փրկի՜ր ինձ:
Մի գերագույն ճիգով նա վեր ելավ ու սկսեց վազել, իրանը առաջ թեքած, ցատկոտելով բոբիկ ոտքերով, ասես մի անդիմադրելի մղումով, տձև ձեռքերը թափահարելով, մինչև որ կայծակնահար ընկավ հատակին, արդեն կրակով բռնված, փչկելով՝ միզափամփուշտի նման:
Հիմա, ժամանակ առ ժամանակ, ժողովրդի գոչյուններն ուժգնանում էին` ելնելով հրեդեհից էլ վեր: Ծառաները, սարսափից ու ցավից խենթացած, կիսով չափ այրված, լուսամուտներից դուրս էի նետվում ու ջախջախվում՝ գետնին ընկնելով: Ամեն մի անկման հետ ամբոխը բարձ գոռոց էր արձակում:
-Դո՜ւքսը, դու՜քսը,- գոռում էին բարբարոսները դժգոհ:
-Ահա՜ նա, ահա՜ նա: Նա՜ է;
-Ներքև իջի՛ր, ներքև՜, քե՛զ ենք ուզում:
— Սատկի՛ր շուն:Սատկի՛ր, սատկի՛ր, սատկի՛ր:
Մեծ դռան վրա, հենց ամբոխի առաջ, հայտնվեց Դոն Լուիջին, վառվող շորերով.նա ուսերի վրա կրում էր Կարլետո Գրուայի անշունչ մարմինը:Նրա ողջ դեմքն այրված էր ու անճանաչելի. այլևս գրեթե մազ չէր մնացել գլխին, ոչ էլ երեսին:Բայց նա քայլում էր հրդեհի միջով, խրոխտ, դեռևս կենդանի, քանզի պետք էր պահպանել ոգին այդ սոսկալի ցավին դիմանալու համար:
Նախ, ամբոխը մի պահ համրացավ: Հետո նորից վերածվեց գոռոցների ու սպառնալից շարժումների զանգվածի, կատաղությամբ սպասելով, որ գլխավոր զոհը գար ու շունչը փչեր իր առաջ:
-Այստե՛ղ, շո՛ւն, ուզում ենք սատկելդ տեսնե՛լ:
Այդ վերջին հիշոցը Դոն Լուիջին լսեց կրակների մեջ կանգնած:Նա հավաքեց հոգու ողջ կորովը՝ դեմքի թունոտ, հեգնախառն արտահայտությամբ: Հետո շրջվեց ու ընդմիշտ անհետացավ մռնչացող բոցերի մեջ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.