(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)
***
Ես այնքան համառեցի այս ցավը չգոռալ,
Որ ձայնալարերս խզվեցին։
Հիմա իմ կյանքի գերագույն նպատակը
Այս համրությունը երգեցիկ դարձնելն է,
Որ այն ձեր ականջները չծակի։
***
Մերժվածը ինձ մերժեց՝
Փակելով շրջանը,
Որը օղակ դարձավ
Պարանոցիս վրա…
Ասենք՝ իմաստ չունի
Պատմել ձեզ այդքանը.
Թաղեցեք կախվածին,
Դա էլ բավական է:
***
Ինձ դեռ շարունակում են
գիրք նվիրել.
Տես, սիրտ իմ, չեմ խնդրում,
որ դիմանաս,
Չէ որ մենք այլևս
տուն չենք գնում:
***
Փորձիր օգնել ինձ, Տեր՝
Չմեռնելու մարդկանց բարությունից.
Չէ որ նրանք նույնպես մեղավոր չեն։
Պատիժը այդ
Նրանք չեն վաստակել բնավ,
Քանզի անհնար է այն վաստակել
Մեր մեղքերի շքեղ գանձարանով անգամ՝
Անմեղության միակ ոճիրը չհաշված։
Անմեղների հանդեպ
Արդար լինելու չափ
Անարդար լինելու
Դաժան հաճույքը գեթ ինձ հանդուրժիր,
Եթե անգամ դա ինձ
Չմեռնել արժենա։
***
Ինձ չավերեցին,
Ինձ ստեղծեցին իբրև Ավերակ.
Եվ ես չգիտեմ, թե ինչ ասել է
Ապարանք լինել:
***
Ծառերն արդեն ծաղկել են՝
Ասում են տնեցիները.
Ասում են դա այնպես գեղեցիկ է…
***
Եթե միայն կարողանայիք
խնայել
ինձ
քայլեցնել
Կակղամորթ փափկության
երկարությամբ
ձեր մխիթարության՝
Այնքան անտանելիորեն
մարդկային…
***
Ինձ տրված չէ անգամ
Հուսահատվել.
Չէ որ ինձ չէր տրվել
Հույս ունենալ…
Օ ՍԽԱԼ ԻՄ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ
1
Ես Քո սխալի արդյո՞ւնքն եմ, Տեր իմ.
Դե ինչ, ճզմիր ինձ քո ճշմարտությամբ։
Ինչո՞ւ հանդուրժել, հանդուրժվել՝ ինչո՞ւ…
2
Գոնե հավաքի՛ր փլատակները
Քո ավերները գործելուց հետո.
Ծռմռված փողից էլ ի՜նչ երգեհոն:
3
եվ եթե անգամ ես փառաբանեմ,
Դու մի՞թե պիտի ընդունես այն, Տե՛ր:
4
…ո՞ւր է պատահարն այն,
որ ինձ պիտի փրկեր
արարածիդ հանդեպ
մեղք գործելուց…
***
Բառերը բառ առ բառ հեռանում են ինձնից.
Եթե Փոքր Մհերը նստեր հանգիստ,
Կամ տարածվեր հողին որպես մի լաստ…
Ես պատասխաններին հարցեր եմ հորինում.
Խռիկներս եմ զգում իրենց փոսիկներում…
Վերջին մեկնաբանություններ