Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՊԱՏԱՆԻՆ ՈՒ ՈՍԿԵ ՁԿՆԻԿԸ

Քսանմեկերորդ դարի մի պատանու ուռկանի մեջ ոսկե ձկնիկ ընկավ ու խոսեց մարդկային լեզվով.
-Ինձ ազատիր, և ես կկատարեմ քո երեք ցանկությունները:
Պատանին չշշմեց. տարբեր լեզուներով խոսող ամեն տեսակ կենդանիներ, հրեշներ ու ճիվաղներ շատ էին հանդիպում գրքերում, կինոնկարներում, նույնիսկ համակարգչային խաղերի մեջ: Ուստի որոշեց խաղ անել ձկան հետ:
-Ի՞նչ կասես, եթե ցանկանամ ուռկանս լիքը լցնես ձկներով, գիտե՞ս, տանը ուտելու ոչինչ չկա,- ստեց նա,- և բոլորն ինձ են սպասում:
-Կկատարեմ քո ցանկությունը,- ասաց ոսկե ձկնիկը անվարան:
-Ի՜նչ եսասերն ես,- զարմացավ պատանին,- գլուխդ ազատելու համար զոհո՞ւմ ես ընկերներիդ:
-Ես ձկների արքայի դուստրն եմ ու գետերի տիրուհին,- պատասխանեց ոսկե ձկնիկը,- եթե ես չլինեմ, ձկները կընկնեն իրար ջանի ու ավելի մեծ կոտորած կլինի: Հանուն ձկների գոյատևման ու բարօրության, սովորաբար թույլերը զոհվում են: Ցանկացիր, և ուռկանդ կլցվի ձկներով: Սակայն շտապի’ր, խնդրում եմ, փիլիսոփայելու ժամանակ չէ, շուտով շնչահեղձ կլինեմ:
-Այնքա՜ն ցանկանալու բան կա,- մի քիչ մտածելուց հետո երազկոտ ասաց պատանին,- տատս պատմել է երկու դար առաջ պատահած ոսկե ձկնիկի հեքիաթը. չեմ ուզում ծեր ձկնորսի ագահ պառավ կնոջ պես վերջը նստեմ կոտրած տաշտակի առջև, պետք է մտածեմ:
-Ազատիր ինձ,- բերանը բացուխուփ անելով ու հազիվ շնչելով թախանձեց ոսկե ձկնիկը,- և ես կօգնեմ քեզ գտնելու ամենալավ ցանկությունները:
Տղան հիացմունքով նայեց գլուխն ազատելու համար ձեռուոտ ընկած, թպրտացող գետերի տիրուհուն: Նրա ոսկեգույն գեղեցիկ լողակներն ու խռիկները կաշկանդված էին ուռկանի թելերով: Իսկ ոսկեզոծ իլիկանման իրանը պսպղում էր արևի ճառագայթների տակ: «Գուցե չի խաբում,-անցավ տղայի մտքով,- ախր, ինչի՞ս է պետք ոսկե ձկնիկը, սկի ուտել էլ չի լինի»:
-Այսօր բախտս չի բերում,- դատարկ ուռկանին նայելով՝ ասաց պատանին և վրդովված՝ ոսկե ձկնիկին նետելով գետի փրփրագեղ ջրերի մեջ պատրաստվում էր հեռանալ ձեռնունայն, երբ հանկարծ ջրերի խորքից լսվեց ոսկե ձկնիկի ձայնը.
-Հիմար մի եղի’ր,- թագակիր գլուխը ջրից դուրս հանելով՝ նախատական ասաց թիկնապահներով շրջապատված ձկների արքայի դուստրը,- իմացի’ր, ոսկե ձկնիկները մարդկանց ուռկանն են ընկնում շատ հազվադեպ. բախտն այս անգամ ժպտացել է քեզ, և դու ասում ես՝ բախտդ չի բերել: Ի՞նչ է, կարծում ես խա՞ղ եմ անում քեզ հետ: Դու ինձ նոր կյանք պարգևեցիր և իմ պարտքն է լավությանդ դիմաց կատարել քո երեք նվիրական ցանկությունները: Հրամայի’ր, բախտավոր տղա, և ուզածդ կկատարվի:
Պատանին թերահավատորեն նայում էր ոսկե ձկնիկին ու բան չէր գտնում ասելու: Այդ պահին նրան հետաքրքրում էր միայն դատարկ ուռկանը: Ի՞նչ ցանկությունների մասին էր խոսում գետերի տիրուհին: Հանկարծ իրար ետևից ծնվող բազմաթիւ ցանկությունների խառնաշփոթ սկսվեց գլխում. բայց նա չգիտեր, ո՞րն է դրանցից ավելի ձեռնտու:
-Գիտե՞ս, մարդիկ մտածում են միայն ունենալու մասին,-լսվեց ջրերի խորքից,- մինչև այժմ ում առաջարկել եմ իմ համեստ ծառայությունները՝ ցանկացել է ունենալ, միայն ունենալ:
-Ի՞նչ ունենալ,-չհասկացավ տղան:
-Դե, շատ բան, հարստություն, փառք, աթոռ, սեր:
-Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում: Ես էլ հենց նոր այդ մասին էի երազում,- ասաց պատանին՝ կարմրելով,- երազում էի դառնալ, օրինակ, մի նոր Բիլ Գեյթս:
-Այդպես էլ գիտեի: Բայց բացի ունենալուց, գիտե՞ս, թե որքա՜ն ուրիշ ցանկություններ էլ կան: Հավատացնում եմ քեզ՝ մեզանից ոչ մեկը դեռ չի ընկել Բիլ Գեյթսի ուռկանը:
-Ուզում ես ասել, որ նա ամեն ինչ ձեռք է բերել սեփակա՞ն ուժերով:
-Չգիտեմ: Պարզապես մեր տեղեկատվական համակարգում նրա անունը չկա:
-Այդ դեպքում, ես ցանկանում եմ, որ ինքդ օգնես ինձ գտնելու ամենալավ ցանկությունը:
-Հիշիր, դա կլինի քո առաջին ցանկությունը,- նշեց ոսկե ձկնիկը,- կմնան միայն երկուսը, չե՞ս ափսոսում: Ես քեզ արդեն մի անգամ հետ պահեցի ուռկանդ ձկներով լցվելու անմիտ ցանկությունից, որը դու բախտ ես համարում: Մեկ մտածում ես շատ ձուկ բռնելու, մեկ էլ հանկարծ՝ Բիլ Գեյթս դառնալու մասին, ո՞նց հասկանամ քեզ…
Պատանին լուռ էր:
-Իսկ ի՞նչու անպայման երեք ցանկություն,- երկար ընդմիջումից հետո, վերջապես դժգոհ հարցրեց նա,- չէ՞ որ դու կատարել ես ծեր ձկնորսի պառավ կնոջ բոլոր ցանկությունները, բացի նրա վերջին՝ քո պաշտոնը խլելու ցանկությունից: Բայց չէ՞ որ դա էլ ցանկություն էր: Ծերուկն ազատել էր քո կյանքը, իսկ երբ նրա խելագար պառավն ուզեց դառնալ ծովերի տիրուհի և ծառա ունենալ քեզ, դու ընդվզեցիր ու նրան նորից թողեցիր կոտրած տաշտակի առջև: Արդեո՞ք մտքովդ չանցավ, որ ծերն էլ աղքատանալով՝ դժբախտացավ նրա հետ միասին:
-Սխալվում ես, ծերը երջանկացավ, նրան չէր հետաքրքրում ո’չ հարստություն, ո’չ փառք, ո’չ անուն: Նա լավ մարդ էր, ինձ ազատեց առանց փրկագին պահանջելու կամ սակարկելու… Արքա հայրս այդ դեպքից հետո սահմանեց նոր օրենք. կատարել ընդամենը երեք ցանկություն, եթե դրանք չեն խախտում նախախնամության, բնության ու մարդկային հասարակության մեջ սահմանված օրինաչափությունները:
-Շատ լավ,- ասաց տղան մտահոգ,- գնամ տուն, մտածեմ: Այստեղ կլինեմ մեկ շաբաթից՝ հանգստյան օրին և կկանչեմ քեզ, կգա՞ս:
-Եթե ցանկանում ես, կգամ, կգամ բազմաթիվ անգամներ, սակայն դա կհամարվի քո առաջին ցանկությունը…
-Թող լինի,- ջղայնացած նետեց տղան և, առանց ետ նայելու վարանոտ հեռացավ գետափից: «Էս ի՞նչ արեցի,- զղջաց ափսոսանքով,- իզուր ձեռքիցս բաց թողեցի առաջին ցանկությունը…»:
Գիշերը պատանու քունը չէր տանում: Կողքի սենյակից լսվում էր հոր թեթև խռմփոցի ձայնը: Ոչինչ չպատմեց տանը, որովհետև իրեն չէին հավատա: Իսկ եթե հավատային էլ, ըստ սովորականի՝անմիջապես կբացվեր խրատների կծիկը, «Է’ս ուզիր, է’ն ուզիր»: Սրտի խորքում տղան վախենում էր ոսկե ձկնիկի բարկությունից, բայց չէր ցանկանում ձեռքից բաց թողնել ընձեռված պատեհությունը: Մնացել էր երկու ցանկություն: Ի՞նչ ցանկանար. գուցե միայն դրա՞մ: Հայրը հաճախ ասում էր, որ դրամը բոլոր խնդիրների լուծման բանալին է: Բայց որտե՞ղ պահել այդքան շատ փողը՝ քի՞չ հո չէր ուզելու… Իսկ միանգամից հարստանալու դեպքում, ի՞նչ կասեին մարդիկ: Դեռ հարկերը մի կողմ, չէ՞ին կասկածի իրեն գողության կամ տեռորիստ լինելու մեջ: Այս դարում, իրոք, ո՞վ կհավատար ոսկե ձկնիկի առասպելին: Իզուր կընկներ գլխացավանքի մեջ:
Բազմազան ցանկություններն ու դրանց հետևանքով առաջացած հակընդդեմ զգացումներն ու ներքին մղումները պատանու գլխում հաջորդում էին մեկը մյուսին գլխապտույտ արագությամբ, արագընթաց գնացքի վագոնների պես: Մերթ ժպտում էր ներողամտաբար, մերթ՝ ընկնում երանության ու ինքնամոռացության գիրկը, մերթ՝ կարմրում ամոթից… Թեև բոլոր ցանկություններն էլ բխում էին իր էության խորքից, սակայն տղան գիտակցում էր, որ դրանցից ոչ մեկը իրատեսական չէ ու հղի է անցանկալի հետևանքներով: Դրանք ուղղակի ծնվել էին իր սրտում ու դարձել ցանկութիւն հենց այն պատճառով, որ անհնարին էին ու ռչ իրատեսական: Ինքը մոռացած «կարելիները», ակամայից արտաբերել ու ընկել էր «անկարելիների» ետևից: Բայց չէ՞ որ «կարելիները» ավելի շուտ մանր-մունր պահանջներ էին և չարժեր դրանց համար դիմել ոսկե ձկնիկի օգնությանը. հո չէր գնալու ասեր, օրինակ, պետք է փոխել համակարգչի այսինչ մասը…
Մեկ շաբաթն անցավ անվերջանալի մտածմունքների ու տվայտանքների մեջ: Փակվել էր ախորժակը, քիչ էր քնում: Մայրն անհանգստանում էր, ընկերները ձեռ էին առնում՝ ասելով, թե սիրահարված է: Իսկ դասարանում, ուսուցիչը նախատեց՝ անուշադիր ու ցրված լինելու պատճառով: Վերջապես եկավ կիրակին: Ալարկոտ վերցնելով ձկնորսական պարագաներն ու մոր պատրաստած համեղ սանդվիչները՝ պատանին գնաց գետափ: Տրտում նստեց մի քարի ու հայացքը հառեց հոսող ջրերին: Ձուկ բռնելու տրամադրություն չուներ: Սիրտը տրոփում էր արագ: Կանչի՞, թե՞ չկանչի ոսկե ձկնիկին: Յոթ օր գլուխ կոտրելուց հետո, դեռ չէր կենտրոնացել խելքին մոտիկ, իրագործելի գոնե մեկ ցանկության վրա: Զզվել էր ստեղծված վիճակից: Մի պահ զղջաց գալու համար, ուզեց վեր կենալ ու գնալ, սակայն չէր ցանկանում խոստումնազանց լինել: Մի կողմից էլ ուզում էր համոզված լինել, որ եղածը տեսիլք կամ իր պատանեկան երևակայության արդյունքը չէ:
Եվ տղան կանչեց ոսկե ձկնիկին:
Շատ չանցած, գետի ջրերը կայտառ ծփացին.
-Ողջո՜ւյն,- ուրախ բացականչեց գետերի տիրուհին՝ գլուխը ժպտադեմ դուրս հանելով ջրից,- եկել ես ճիշտ ժամանակին, սպասում էի:
-Ողջույն,- մրմնջաց տղան՝ ինչ-որ չհավատալով աչքերին ու ականջներին:
-Անշուշտ, գտել ես երկրորդ ցանկությունդ:
Պատանին լուռ էր: Կանգնել էր գլխահակ ու տատամսոտ: Գետերի տիրուհին լիովին ընկալում էր տղայի վարանմունքը.
-Եթե դեռ չես գտել, գնա և նորից մտածիր,- գորովալից ասաց նա,-դու այնու կիմանաս, թե որոնք են քո ամենանվիրական ցանկությունները:
Պատանին պատկերացրեց մղձավանջային շաբաթը, վերհիշեց իր բոլոր բացահայտ ու թաքուն ցանկությունների վերլուծության վրա վատնած ժամերն ու կորցրած հոգեկան անդորրը: Նույնիսկ այդ պահին խելքահան անող հեռանկարները նրան հանգիստ չէին տալիս. ներքին պայքարը հալումաշ էր անում պատանուն: «Հեքիաթի պառավ ձկնորսը առանց տատանվելու ու մի բան պահանջելու ազատեց ոսկե ձկնիկին ու գնաց տուն»,- ելք որոնելու պես՝ անցավ մտքով: Ինչո՞ւ ինքն էլ չթողնի ամեն բան ու գնա: Սակայն ոտքերն ասես շղթայված լինեին, ուղղակի կորցրել էր՝ ցանկանալու և ինչ-որ բան ձեռք բերելու հրապուրանքը իրենից վանելու և ընդմիշտ հեռացնելու կամքը… Պատանին աչքերն հառած ոսկե ձկնինին՝ տառապում էր անորոշությունից:
-Դե, ի՞նչ կասես, խոսիր, լսում եմ…
Տղան հանկարծ գյուտ արած մարդու բերկրանքից շողացող դեմքով ասաց ցածրաձայն.
-Այլևս մտածելու պետք չունեմ, ցանկանում եմ, ցանկանում եմ… որոշ ժամանակով ազատես ինձ… էս վիճակից, ցանկանալուց… Ուզում եմ լինել էնպես, ինչպես կայի քեզ բռնելուց առաջ…
-Կկատարվի,- կարճ դադարից հետո, որը դարի չափ երկար թվաց պատանուն, մտախոհ ասաց ոսկե ձկնիկն ու պոչը շրմփացնելով՝ սուզվեց ջրերի խորքը:
Տղան զգաց, թե ինչպես աստիճանաբար իր էութեան ընդերքից դուրս է սպրդում գայթակաղության դևը: Գնալով վերանում է տառապանքը, մտքերը պայծառանում են, ասես վերակենդանալով՝ գտնում է նախկին ինքնատիրապետումը: Քիչ անց տղան իրեն զգաց ազա՜տ, թե՜թև, երջանիկ: Նույնիսկ սկսեց թռչկոտել ուրախությունից. «Հրաշք է»,- անցավ մտքով:
-Հը՞, կատարվե՞ց ցանկությունդ,- նորից լսվեց գլուխը ջրից դուրս հանած գետերի տիրուհու ձայնը:
-Շնորհակալ եմ,- հարգալից գլուխ տալով՝ ասաց նա:
-Դեռ մնացել է ևս մեկ ցանկություն,- հիշեցրեց գետերի տիրուհին:
-Գիտեմ,- ժպտաց տղան երջանիկ,- այդ մասին հետո, այն ժամանակ, երբ իվերջո կգտնեմ իմ ամենանվիրական ցանկությունը: Հուսով եմ, քեզ նորից կանչելու առաջին ցանկությունս իր ուժի մեջ է… Ապա հավաքելով իրերը՝ «մնաս բարով» մաղթեց ոսկե ձկնիկին:
-Գնաս բարով,- ասաց ոսկե ձկնիկն ու պոչը շրմփացնելով՝ անհետացավ ջրերի խորքը:
Պատանին երկար ժամանակ կանգնած գետի ափին նայում էր այնտեղ, ուր քիչ առաջ ջրից գլուխը դուրս հանած ձկնիկը պատրաստակամ սպասում էր իր որոշմանը: Հետո գլուխը կախ, վարանոտ քայլերով բռնեց տան ճամփան: Ու որքան մոտենում էր տանը, այնքան նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ճիշտ չվարվեց և իզուր ձեռքից բաց թողեց նաև երկրորդ ցանկությունը…

Նոյեմբեր, 2007

2 comments

    • gisella on 4 Մայիսի, 2011 at 12:48 ե.
    • Reply

    շատ գեղեցիկ ավարտ ունի այս անգամ ոսկե ձկնիկի պատմությունը: իսկ դու, տղա, մի վարանիր, ազատությունից մեծ ի՞նչ կարելի է ուզել ոսկե ձկնիկից

    • Հասմիկ Հոխանյան on 8 Փետրվարի, 2012 at 4:54 ե.
    • Reply

    Մարդիկ միշտ տառապում են հենց էն պարզ պատճառով,որ միշտ ինչ-որ բան են ուզում,անվերջ տառապում դրան հասնելու համար,հասնելուց հետո էլ հասկանում,որ էդ հեչ էլ չէին ուզում,կամ ոչ էդ չբերեց իրենց էն երջանկությունը ու ուրախությունը,որին սպասում էին:Ու իսկապես որ երջանկությունա անկախ լինել էդ ցանկություններից,ու երջանիկ լինես էն ամենից ինչ արդեն ունես,չէ որ կարող էիր չունենալ……..

Թողնել պատասխան

Your email address will not be published.