Հարցազրույցը վարեց Գիսանե Հովսեփյանը
Մերուժան Շահումյանը մանրանկարիչ է: Ծնվել է 1951 թվին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 1980 թվին ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստական ակադեմիան: 1992 թվից սկսած նրա նկարները ցուցադրվում են Վրաստանի և արտասահմանի տարբեր պատկերասրահներում: Նրա գործերից կան Էջմիածնի Վեհարանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Իռլանդիայի, Հունաստանի տարբեր հավաքածուներում: Մեր զրուցակիցն է ճանաչված մանրանկարիչը:
— Պարոն Մերուժան, մանրանկարչությունը հայերիս համար չունի հոգևոր այն նշանակությունը, ինչ ասենք ուղղափառների համար: Հայ մանրանկարչությունը հանդես է եկել 6-7-րդ դարերից սկսած ձեռագիր մատյանները պատկերազարդելիս: Ձեր նկարներն այդ արվեստի հետագա զարգացման աստիճանի նմուշներ են և ապրում են մատյաններից դուրս: Պատմեք, խնդրում եմ, ինչը նրանց կյանքի կոչեց, ինչպե՞ս ծնվեցին ձեր մանրանկարները:
-Միջնադարի հայկական եկեղեցին, ի տարբերություն ասենք սլավոնական եկեղեցու, չափավոր դիրքորոշում է ունեցել սրբանկարչության հանդեպ: Փոխարենը ընդգծված գեղեցկությամբ է աչքի ընկել ձեռագիր մատյանների նկարազարդումը՝ ծաղկումը: Հետագայում սրբանկարներն աստիճանաբար դուրս են եկել մատյաններից ու սկսել են ապրել մի տեսակ ինքնուրույն կյանքով: Մանրանկարչությունը հայ արվեստի մեջ սրբանկարչության յուրատեսակ արտահայտություն է, որն աչքի է ընկնում իր փիլիսոփայական խորը բովանդակությամբ, գույների ներդաշնակությամբ ու կատարման տեխնիկայով:
Իմ մանրանկարներն Աստծո, հավատի հետ ունեցած իմ հարաբերության դրսևորումն են: Դեռ պատանի, առաջին անգամ մանրանկարներ ես տեսել եմ Երևանի Մատենադարանում: Հետաքրքիրն այն էր, որ առաջին հանդիպումը ոչ մի կայծ չառաջացրեց իմ հոգում: Այն ժամանակ ես սյուրռեալիզմին էի հետևում: Շուտով կնքվեցի: Ինձ սկսեցին հետաքրքրել կրոնին վերաբերող հարցերը: Բոլորովին անսպասելի բացվեց մանրանկարչությունը: Ես մեծ հետաքրքրությամբ սկսեցի ուսումնասիրել արվեստի այդ բնագավառը: Մասնակցեցի Թբիլիսիում Վիկտոր Կրիվորոտովի սրբանկարչության դասընթացներին: Սկսած 1988 թվից ես անմասն նվիրված եմ իմ արվեստին, իմ մանրանկարչությանը: Նախ պատճեններ էի հանում, աստիճանաբար սկսեցին ծնվել հեղինակային աշխատանքները: Պատճեններ անելն ինձ համար հոգեկան հսկայական բերկրանք են: Մեր հայկական միջնադարյան մանրանկարները աստվածային շնորհով են արարված: Այդ շնորհը դարերի հեռվից հասնում է ինձ: Ես սիրում եմ այդ գործերը պատճենել: Պատճենելիս շատ հաճախ ես զգում եմ խցի մեջ նստած գրող ու ծաղկող մարդուն: Նույնիսկ նրա հոտը, նրա ձայնը, նրա ամբողջական կերպարը հասնում է իմ զգայարաններին: Գուցե հնչում է վերացական, բայց իմ զգացողությունները կատարելապես կոնկրետ են:
-Որքանո՞վ է ժամանակակից մանրանկարչությունը…
— …Որքանով որ ժամանակակից է Սուրբ Գիրքը: Կարո՞ղ է ժամանակի որևէ կետում հնանալ Ավետարանը: Ո՛չ: Ամեն տարի տեղի են ունենում Ավետումը, Հիսուսի Ծնունդը, Մկրտությունը, Հարությունը… Քրիստոնյան, որպեսզի լինի ժամանակակից, պարտավոր է զգալ, պարտավոր է ապրել այս ամենը ամեն տարի, անընդհատ: Այլ կերպ նա դուրս կլինի ժամանակից: Անժամանակյա լինելու զգացումը սարսափելի է: Այն նման է ինչ-որ թվացյալ տարածության մեջ գտնվելու վիճակի: Այն կարող է հասցնել խաբկանքների…
-Արվեստի մեծ ստեղծագործությունն ասում են երեխայի պես արյունով ու արցունքով է անջատվում ստեղծագործողի հոգուց: Նայելով ձեր աշխատանքները՝ անհնար է պահել հիացմունքը նրբակերտ ու խորախորհուրդ արարումի հանդեպ: Ինչպե՞ս է հղանում նրանց գաղափարը, և ինչպե՞ս է այդ հղացումը աշխարհ գալիս:
-Արվեստի ստեղծագործության ծնունդը իսկապես նման է երեխայի ծննդի: Բայց այստեղ ծննդից հետո «պորտալարը» չի կտրվում, այն շարունակում է կապված մնալ նկարչի հոգուն: Ամեն նոր պահ բերում է իր խոհերը, իր հոգսերը ոչ միայն հանապազօրյա հացի, այլև Տիեզերքի, Մարդու, նրա փրկության մասին, ինչն իր հերթին կանխում է ստեղծագործական պրոցեսի ավարտը: Այլ կերպ ասած՝ իմ աշխատանքներում սկիզբը հանգում է վերջին, վերջը՝ նոր սկզբի ծննդին: Արարումը գտնվում է անդադար պտույտի վիճակում: Մինչև հիմա իմ ոչ մի աշխատանքում վերջակետ չի դրվել: Այն կդվի թերևս այն ժամանակ, երբ ես չեմ լինի: Ավելի շուտ՝ այդպես:
-Ձեր ցուցահանդեսներին ներկա հանդիսատեսը՝ մեծ թե փոքր, անմիջապես սիրում է ձեր գործերը: Պատճառն իմ կարծիքով նախ և առաջ թեմատիկ բնույթ ունի, որը սկիզբ է առնում Աստվածաշնչից, առասպելաբանության լեզվով ասած՝ հրեական էպոսից: Ինչո՞ւմն է այդ «էպոսի» ու նրա կերպարների նման թովչանքի գաղտնիքը:
— Ինչ խոսք, քրիստոնեական գաղափարախոսությունը սկիզբ է առնում այդ մեծ ազգի՝ հրեաների ստեղծած էպոսից: Բայց նրա ժողովրդականացումը չունի ազգային բնույթ: Այն զուտ հոգեբանական երևույթ է և մարդկանց վերաբերում է՝ անկախ ազգային պատկանելությունից: Ինչո՞ւ: Որովհետև այն հիմնված է սիրո վրա: Եթե մենք չենք ուզում խելագարվել, եթե ուզում ենք առաքինության պատրանքը ունենալ՝ որպես ուղենիշ աստղ, մենք պետք է սիրենք: Ես ավելին կասեմ. մինչև այսօր էլ մարդիկ լիովին չեն ըմբռնել Քրիստոսի խոսքը: Մեզանից քանի՞սն են սիրում իրենց մերձավորին իրենց անձի պես, մեզանից քանի՞սն են, որ աջ այտին ապտակ ստանալով, կարող են ձախը պարզել…
-Իսկ ի՞նչ տեղ ունի հայ ազգայինը ձեր գործերում:
— Ես չեմ մտածում կերպարը մասնավորեցնելու մասին: Այն ինքնին ծագում է իրավիճակից, սյուժետից: Սյուժետը մեծ նշանակություն ունի: Ըստ էության սյուժետն է թելադրում կերպարը: Առանձին վերցրած ազգայինի հասկացություն իմ աշխատանքներում գոյություն չունի, սակայն ես հայ եմ, և իմ ներսում տվյալ կերպարի ծնունդն անցնում է իմ ազգային կերպարի ֆիլտրով:
— 2005 թվականին անհատական ցուցահանդեսով դուք հրավիրված էիք Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղ, որտեղ բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի տուն թանգարանում ցուցադրվեցին ձեր գործերը՝ հիացմունք պատճառելով շրջանի շատ ու շատ բնակիչների: Տուն-թանգարանի տպավորութւյունների տետրում այսպիսի տողեր կան. «Աստվածամոր հայացքը ի՜նչ խորն է: Առաջին անգամ եմ տեսնում Աստվածամոր աչքերը…»: Որտեղի՞ց եք վերցրել այդ աչքերը:
— Այդ աչքերն իմ հոգուց են բխում:
— Ձեր ստեղծագործությամբ ի՞նչ ակնկալիք ունեք ձեր դիտորդից:
— Իմ ստեղծագործությունը հասցեագրված է մաքուր հոգիներին, այն հոգիներին, ում հասկանալի է երկնային խոսքը, «Բանն Աստուծոյ»: Երբեմն ես զարմանում եմ. բոլորովին հասարակ մարդիկ դիտում և ընկալում են իմ աշխատանքները շատ ավելի լավ, քան ասենք շատ արվեստագետներ: Այս արդյունքը ցանկացած ստեղծագործողի մեծագույն ակնկալիքն է:
— Շնորհակալություն:
Վրաստան
Թբիլիսի
Վերջին մեկնաբանություններ