«

»

Օգս 30 2013

Տպել Գրառում

Ռազմիկ Գրիգորյան | ԿԱՐԿՈՒՏ

Ռազմիկ Գրիգորյան

Ռազմիկ Գրիգորյան


ԿԱՐԿՈՒՏ

Մի սև ամպի կտոր գլորվեց օդում,
գյուղացու ծիծաղը սառեց,
ահագնացող տանգնապը, գյուղ մտավ
կախվեց երկնքից,
ամպը մոտենում էր,
ներքևում վեր ձգվող հայացքներ էին,
անզոր, խեղճացած աղոթքի հետ…
Ամպը կանգ առավ,
թվաց թե իջավ այն լեռան վրա,
օրը մթնեց, երկինքը՝ կապտեց,
սառը քամին ուժգին պտույտով
ծառս եղավ գյուղում,
ահեղ մի որոտ լսվեց երկնքում,
պատռվեց ամպի «մահաբեր» փեշը…
Րոպեներ անց կարկուտը հեռացավ
անպաշտպան գյուղից,
տներից պոկված կտուրները
քամին փողոց նետեց,
կոտրված ապակիներից ներս թափված կարկուտը
հալվեց, ջուր դարձավ հատակին,
ճղակոտոր ծառերը դողացին այգում,
պատուհանի տակ կուչ եկած կատուն
նետվեց ծառից ընկած վիրավոր թռչունի կողմը,
բռնեց նրան ու վազեց մարագ,
դուրս եկավ ուշացած արևը,
չկարողացավ սակայն մահաբեր օդը
դուրս վանել գյուղից,
ձորում ջուրը սելավ դարձավ
աշխատավորից տանելով սեփական քրտինքը…
Այդ գիշեր երկար թափառեցի գյուղում,
մեկ հատիկ ծիծաղ գտնելու համար,
ավա˜ղ…
Առավոտյան գյուղում ինչ-որ մարդիկ երևացին,
գեղեցիկ հագնված, փողկապներով,
պետությունը խոստումներ էր ուղարկել,
ինչ-որ բաներ գրեցին,
կարկուտի պես նրանք էլ գյուղում
մի քանի րոպե մնացին ու գնացին անվերադարձ…
Անասունը դաշտ ճանապարհելուց հետո
տատս մաղեց պարկում մնացած վերջին ալյուրը,
պապը հավաքեց այգում թափված ճյուղերը,
հայրս փոխեց կոտրված ապակին,
ես և քույրս, գյուղի բոլոր երեխաների պես հավատում էինք

 

ՀԱՅՐԵՆԻ ԻՐԻԿՈՒՆ

Արտագաղթ կոչվող ահասարսուռ մի մարմին
գլորվում է օդում,
աղանդավորի հմտությամբ ծնկում յուրաքանչյուր տան առջև
ու… Սպառնում է քեզ…
Քեզ շահարկում են,
քեզանից խոսում գրեթե բոլորը,
սրճարաններում,
փողոցներում,
տանը,
ամենուր,
քանզի ինչ-որ մեկին հաճոյանալու
ամենից փորձված միջոցը եղել և մնում է
«հայրենասերի» պիտակ կրելը…
Հավերժությունդ կարողանում են կերտել քչերը սակայն
ովքեր իրենց սրտում ամեն վարկյան փայփայելով
ապրեցնում են քեզ…
Իջնում է իրիկունը
դաշտից վերադարձող ծերունու քայլերի պես
դանդաղ մթնում է օրը,
լռում եմ,
պատուհանից այն կողմ իրիկնային քամուց
օրորվում են ծիրանենիները,
կտուրներին գլորվող լուսինը մտնում է լիճը,
մոտենում է «Աստծո հետ խոսելու ժամանակը»,
գրեթե միշտ քեզ տեսնում եմ այն պահին,
երբ մտածում եմ որ գնալու այլ տեղ չունեմ…

 

ՈՎՔԵՐ ԿՈՐՑՐԵԼ ԿԱՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԴԵՌ

Նա կանգնեց լուռ,
ձեռքին տոպրակ չկար,
քաղցրավենիքի փոխարեն հրաժեշտ էր բերել…
Լռությունը ձգվեց երկա՜ր, երկա՜ր,
ուր ձանձրույթ չկար,
այդ օրվա համբույրը ուրիշ գույն ուներ,
այլ էին ձեռքերը,
դեմքը,
գգվանքը,
ասես կանգնած էինք երկու տարբեր
աշխարհների սահմանագլխին,
և աշնան թաց իրիկվա մեջ,
ապակուց ներս էին կաթում
հրաժեշտի վերջին վարկյանները…
Երևի մայրիկին առանձին ասելիք ունեիր
որ ինձ ծխախոտի ուղարկեցիր,
ձեռքերիդ ջերմությունը զգացի
վերին անգամ,
երբ ծխախոտի տուփը վերցրեցիր ձեռքիցս…
Գնացիր,
ձեռքերս պարզեցի ետևիցդ
որ այդպես էլ քեզ չհասան,
ետ չնայեցիր,  արցունքներդ չտեսանք…
Չգիտեի որ մեր հաջորդ հանդիպումները
լինելու էին երազներում արդեն,
ձեռքերդ, գգվանքդ,
համբույրներդ,
ամեն երեկո բերածդ քաղցրավենիքի համը,
զգալու եմ մտովի, անկողնուս մեջ,
քեզ հետ խոսելու ամենից լավ ժամանակը
գիշերն է դարձել…
Այդպես էլ չհասկացա
քեզանից հետո մայրիկն ինչպե՞ս
իր մեջ մեկտեղեց
և՛ հորը, և՛ մորը,
գուցե դրանով է կինն առեղծվածային…
Տարիներ հետո պետք է գիտակցեի
որ քո հաղթանակի համար,
պայքարում էր մայրիկը նաև…

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>