Սիրանույշ Օհանյան | ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Խորքում. Սիրանույշ Օհանյան

Խորքում. Սիրանույշ Օհանյան

— Սա հարմար է,- արտաբերեց պարագլխի ղեկավարը, — հենց կարծես երկնքից էլ ընկած լինի։

Մնացածները լուռ համաձայնություն արտահայտեցին։

Անծայրածիր հարթավայրում անշարժ մեկնված հսկա ժայռը չարձագանքեց։ Նրա կարծիքը ոչ ոք չհարցրեց։

Խմբի անդամները կատարեցին այն ամենը, ինչ պահանջվում էր իրենցից, հետո ամեն մեկին տարավ իր ճանապարհը։

Այցելուները շատացան։ Մեկ–մեկ էին գալիս, թեև դժվարին ու անանցանելի ճամփաներին ամեն տեսակ վտանգներ պիտի հաղթահարեին միայնակ՝ հեռավոր հրաշագործ Դռանը հասնելու համար։ Չնայած դրան, գալիս էին։

Եկողները լուռ էին լինում՝ զրուցակից չկար։ Հարյուրավոր տարիների ընթացքում, վերջապես, ժայռն ընկալեց հանելուկը։ Միայնակ ուխտավորների կցկտուր խոստովանությունները մատնեցին, որ իրենից ինչ-որ բան են սպասում՝ չլսված և զարհուրելիորեն երազելի։ Մի օր էլ բացահայտորեն պահանջեցին բացել Դուռը։ Տարակուսանքին հաջորդեց զարմանքն ու զայրույթը. աղավաղել են իր գոյության իմաստն ու սխալ ճանապարհով ուղղորդել ուխտագնացներին։ Գալիս էին հավատով լցված, որ իր միջով է անցնում Միակ ճանապարհը։

«Հազար տարին մեկ անգամ,- մատնեց նրանցից մեկը,- դու դառնում ես թափանցիկ մարդկային մարմնի ու հոգու համար։ Հազար տարին մեկ անգամ դու Դուռ ես դառնում։ Դու չես ճանաչում ընտրյալին, դո՛ւ չես  ընտրում։ Սակայն ի’նձ ընտրիր»։

Ոչ ոք չէր գիշերում իր ստորոտում։ Նենգ մարգարեությունը պարտավորեցնում էր հեռանալ գիշերը չիջած։ Կար մի երիտասարդ, ով համարձակվեց խախտել արգելքն ու գիշերել իր լանջին։ Մի քանի օր մնաց՝ համառելով և չցանկանալով ընդունել, որ իրեն ևս մերժում է սպասում։ Գիշերները նրան ներշնչեցին անսպասելի խորհուրդներ։ Մի հյուղակ պատրաստեց ժայռի ստորոտում և ինքն իրեն պահապան հռչակեց՝ խորամանկությամբ մտածելով, որ երբ ժամանակը գա, առաջինը կլինի։ Լուրեր տարածվեցին, թե ժայռը մեղմել է իր անողոքությունն ու բարձրացրել ուխտյալներից մեկին՝ նրա վրա տարածելով  օրհնությունը։

Պահապանը երկար չվայելեց իր երջանկությունը։ Ժամանակ անց պատահականորեն գիշատիչների զոհը դարձավ։ Նրա մնացորդները հայտնաբերած հերթական ուխտյալը ավելի հեռուն գնաց. իրեն հռչակեց հաջորդը։ Պահապանն այսուհետև ավանդույթ դարձավ։ Եղան երկարակյացները, եղան այնպիսիները, որոնք զոհվեցին՝ շատ կարճ ժամանակ վայելելով իրենց առանձնաշնորհությունը։ Մեռած պահապանի հաջորդն էր դառնում առաջին ուխտյալը, ով հասել էր ժայռին։

Ժայռը տարակուսում էր։ Մեկ հազար տարի չէր, որ անցել էր այն օրից ի վեր։ Իրենից ի՞նչ են դեռ ակնկալում։

Դաժան ժամանակներ եկան։ Անծայրածիր դաշտավայրով անցան մեծ նվաճողի հորդաները՝ ամլացնելով հողն ու ջարդուխուրդ անելով երկինքը։ Ամեն ինչ տակնուվրա եղավ։ Իրենց ճանապարհին ընկած հսկա ժայռը խանգարեց զորագնդերի կանոնավոր առաջընթացին. մեծ նվաճողը որոշեց հողին հավասարեցնել այն։

Ամենաուժեղ պայթուցիկ նյութերով ապահովեց հատուկ խմբին։ Խորհրդատուներից մեկը վախենալով ակնարկեց, որ հազարամյա սրբության ոչնչացումը հղի է ծանր հետևանքներով. մեծ նվաճողը տեղնուտեղը այրեց նրա լեզուն։ Հետո հրամայեց յոթ օր ու գիշեր ամենուր հայտարարել, որ իրեն հայտնի է Դուռը բացվելու ստույգ ժամանակը. թող բոլոր ցանկացողները գան ու անարգել անցնեն։ Նշանակված օրը հավաքեցին բոլոր եկվորներին և պայթեցրեցին ժայռի ու նրա վերջին  պահապանի հետ։ Բոլոր բեկորները  փշրեցին՝ խառնելով հողին։ Ոչինչ չպետք է բարձրանար հողից ու խանգարեր բանակների առաջընթացը։ Ապա մեծ նվաճողը հայտարարեց, որ Դուռն ինքն է, որ ժայռի ոգին անցել է իրեն։ Հրամայեց ամենուրեք հաստատել իր պաշտամունքը՝ որպես ժայռի հետնորդի։ Ուխտագնացները, ովքեր գալիս էին իր մոտ, դառնում էին իր ամենահավատարիմ հպատակները։ Կասկածողներ եղան, որ նրա մարդկային կյանքը կարճ է հազար տարուց, և չի կարող  ստանձնել ժառանգությունը. նման կասկածները երկար չտևեցին։ Կասկածողները շուտ վերացան։

Մեծ նվաճողի մեջ ապրող ժայռի ոգին հայտնել է իր վերջին կամքը. պահը եկել է։ Դուռը կբացվի միայն մի պահ, և լոկ այդ պահին, երբ ինքը և մեծ նվաճողի հոգին կլքեն մեծ նվաճողի  մարմինը,  ցանկացողները կարող են հետևել իրենց՝ անցնելու համար Դռնով։ Բոլոր նրանք, ովքեր չեն հավատա հազարամյակներով սրբացված մարգարեությանն ու չեն կատարի դրա պատգամը, կկրեն ամենածանր ու դաժան պատիժը, բացի դա, նրանք էլ երբեք չեն ունենա Դռնով անցնելու հնարավորություն։

Թողնել պատասխան

Your email address will not be published.