«

»

Դեկ 13 2013

Տպել Գրառում

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 3

Դընի Դոնիկյան

Դընի Դոնիկյան

Ֆրանսերենից թարգմանությունը`Գառնիկ Մելքոնյանի

Նորոյի երկյուղները
Հազիվ ճոպանուղուց իջնելով` հևասպառ քայլում եմ ճանապարհի այն կտորով, որը բարձրանում է գյուղ: Հետո հայտնվում եմ մի պստիկ փողոցում, որն ուղիղ տանում է գյուղի կենտրոն, ուր Նորոյի` Տաթևի Ռոբին Հուդի կրպակն ու կացարանն են: Անմիջապես ճանաչում եմ նրա թեթևակիորեն ռնգային ձայնը, մինչ հրաժեշտ է տալիս իր հյուրերին, որոնք պատրաստվում են մեկնել: Կրկնվող մտերիմ այցելություններ, որ վերածվում են տևական բարեկամության: Երկու բանվորներ ակտիվանում են` վերջին շտկումներն անելով սանիտարական հանգույցի այն կացարանի, որը նախատեսվել է ճամփորդ հովեկների համար: Հետո նա ինձ ցույց է տալիս սենյակները: Դրանցից մեկում տեղափոխել է արջի չարագուշակ մորթին, որը լայնակի կախ է տվել պատից: Դա անհաջող միտք է, որը միայն կարող է խրտնեցնել էկոմոլագար զբոսաշրջիկներին: էլ չասած փոշու և զանազան մանրիկ արարածների մասին, որոնք բույն են դրել մորթու մեջ, որ սենյակում քնողները պիտի շնչեն լիաթոք: Բայց ես ոչ մի բառ չեմ ասի այդ մասին: Բրեզենտ է քաշած` տեղումներից պաշտպանվելու համար, ինչը թույլ է տալիս օգտվել ընդարձակ տեռասից, որը նայում է կառուցապատման ընթացքում գտնվող այգուն:
Մի գավաթ գարեջուր ենք խմում ու զրուցում: Ես անհանգստությունս եմ հայտնում գյուղի վրա հայտնի ճոպանուղու հետևանքների մասին: Ձայնի մեջ դառնության երանգով Նորոն ինձ հայտնում է, որ օրեկան միջինը` մեկ միլիոն շահույթից, որ դրանից ստանում է շահագործող ընկերությունը, Տաթևի համայնքին հասնում է ընդամենը հիսուս հազար դրամ…տարեկան: Փշրանքներ: Չհաշված այն, որ զբոսաշրջիկները, որ այցելում են վանք, հազվադեպ է պատահում, որ հասնեն մինչև գյուղ: Նրանք շտապում են ապրել ուժեղ զգացողությունների այն տասներեք րոպեները, որ իրենց պարգևում է վիհերի վրայով սղացող խցիկը, և անմիջապես ետ դառնալ: Նորոն երկյուղում է նաև, որ հանկարծ հյուրանոցները, որ աջ ու ձախ կառուցում են, իրենից չխլեն իր հաճախորդներին, որոնք հավանաբար կնախընտրեն շքեղություն ու մաքուր օդ, քան թե այս գյուղական միջավայրը, որ պիտակավորված է որպես բնական: Բարեբախտաբար, ճոպանուղին նաև անակնկալ բարիքներ է գործում, ինչպես օրինակ, այրի Անահիտին, ում հավաքարարի գործ են տվել այս տեղերում:

 

Մի ճանապարհ

Ընդհանուր դիտարկումներ

Մենք գնալու ենք հինավուրց ճանապարհով, որ Տաթևը կապում է Կապանին, և որով հազվադեպ է տրասնպորտ անցնում`այն բարձիթողի վիճակի պատճառով, որին այն դատապարտել են: Բացի մի ողորմելի ավտոբուսից` հոգին ավանդելու վրա, մի քանի հատ ու կենտ մեքենանաներից ու ոնց որ թե` մի քանի օտարերկրացի լեռնահեծանվորդներից:
Մոտ հիսուն կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհով կարելի է հասնել Կապան երևի երկու ժամում: Իդեալական` նրանց համար, ովքեր կուզենային շրջանցելով Գորիսը` ուղիղ մտնել Տաթև: (Քաղաքական մի պատասխանատու այր, ում նկատել են տվել այդ ճանապարհի առավելությունները, հրաժարվել է թույլատրել դրա վերանորոգումը, որպեսզի Գորիսը պահպանի մարզային մայրաքաղաքի իր դերը):
Չլինելով խորդուբորդ, ոչ էլ ունենալով շավիղներ, այն կորցրել է իր ձյութը շատ տեղերում, մինչդեռ այլուր, բազմաթիվ կիլոմետրերի վրա հին ասֆալտը դիմացել է ժամանակին ու վատ եղանակին, ինչը հատուկ է լեռնային ճանապարներին: Դրանից նյարդայնանում են վարորդները` խույս տալով անցքերից ու ելուստներից և դանդաղեցնում մեքենաների ընթացքը: Այդ ճանապարհին հանդիպում են երկու կիրճ ու երեք գյուղ: Աղվավնին ու Տանձավերը առաջինից կիրճից հետո, իսկ եկրորդից` Վերին Խոտանանն է` բազմաթիվ կիլոմետրեր հեռու:
Առաջին կիրճ տանող ճանապարհը նկատելի է արդեն Տաթևից`այն կեռմանում, որ նա հետագծում է անտառի մեջ: Դրա երեսապատվածքը պոկված է ամբողջ երկայնքով: Տեղ-տեղ սողանքները լուրջ վնասներ են հասցրել` այն վերածելով մի նեղլիկ անցումի ինքնաշարժերի համար: Այն հնարավորություն է տալիս տեսնելու ամբողջ Տաթևը` գյուղը, որը ծածկում է բլրի ողջ փեշը և վայրընթաց փողոցը, որն այն միացնում է վանքին պորտալարի պես: Այդ ճանապարհի վրա է, որ կատարում են մենաստանի ամենագեղեցիկ լուսանկարումները և հասկանում, որ դա իսկապես հանճարեղ կառույց է`ժայռոտ զառիթափ բարձունքի վրա: Կիրճից հինգ հարյուր մետր հեռու մի սառնորակ աղբյուր կա, որը բնության սիրահարներին խրախուսում է հանգստանալու դրանից ոչ հեռու: էլեկտրական մի սյուն, որ տնկված է բարձր տեղանքում, սահմանագծում է անցումը մի հովտից` մյուսին:
Այնուհետև ճանապարհը ոլորվում է մինչև Աղվավնի, կեղտակոլոլ այդ գյուղը, ուր մարդն անընդհատ անցնում է իր անասունների արտաթորանքների միջով: Ձմռանը մնում են միայն մի քանի հոգի ֆերմայի անասուններին կերակրելու համար, մինչդեռ գայլեր են սլքտում մոտերքը: Հետո Տանձավերն է, մեկ այլ անմաքուր գյուղ` ձանձրույթի մեջ կուտակված հյուղակներով ու շրջապատված կանաչ բլուրներով: Այն ետևում թողնելով` դուրս ես գալիս մի մենավոր ճանապարհ, որը շնչահեղձ է լինում փարթամ բուսականությունից, ուր թփուտները սրթսրթում են գետակի մեղմ ձայնի ներքո: Հետո դեմդ է ելնում մի զառիվեր`ամբողջովին կեռմաններով պատած, կնճռոտ ու խորդուբորդ, մեծ ծառերի տակ: Այն ուժասպառ է անում մարդու` իր երբեք վերջ չունեցող վերընթացով: Երկրորդ կիրճի մոտ առջևդ լայն բացվում է բլուրների մի համայնապատկեր, որ անվերջորեն թեքվում են դեպի հովիտը: Մի բլրի վրա թառած մի ծառ ձեզ առաջարկում է իր ստվերը`բնապատկերով հիանալու: Միս խորովելու համար որոշ խելապակասներ կրակ են արել նրա փչակում`չկարողանալով ցամաքեցնել նրա կենսունակությունը: Մոտ հարյուր մետրի չափ դեպի ներքև, ջուր է հորդում սարից: Այդտեղ կարող ես ջրամաններդ լցնել:
Հետո ճանապարհը ձգվում է մինչև Վերին Խոտանան: Ոչ մի հետաքրքիր բան այս անգամ` մյուս երկուսի հետ համեմատ: Այնտեղ ապրում է մոտ հարյուր քառասուն ընտանիք: Հարուստ, ամրակուռ տներ, լավ կառուցված ու շերտաթիթեղե կտուրներով, որ վկայում են քաղաքի մոտիկության մասին: Ամռանը մաքուր օդն այստեղ է ձգում քաղաքաբնակներին: Ուրիշ գյուղեր են երևում ճանապարհի երկու կողմերում` Դովրուս, Շրվենանց կամ Նորաշենիկ: Բայց ճանապարհի նկատմամբ հետաքրքրությունս կորչում է: Թարմանալու տեղ եմ գտնում այդ վերջին գյուղից ահագին հեռավորության վրա: Այդտեղից ավելի լավ է մեքենա նստել կամ ավտոբուս՝ Կապան գնալու համար: Աջ կողմում` բլուրները խժռող, մոլիբդենի հսկա հանքարդյունաբերական ձեռնարկություններ են:

 

Դիտակետեր Տաթևի վրա

Գնալ այն ճանապարհով, որը շրջանցում է Տաթևը, հաստատապես նշանակում է բարձրանալ տեղանքի աշխարհագրության մեջ ու հայացքով, աստիճան առ աստիճան ընդգրկել ողջ տեսարանը, ուր գյուղն է ու վանքը:
Բայց զառիվերի սկզբնամասում վանքն է գրավում հայացքդ: Նրա պատերը բխում են ժայռերի միջից, կարծես լինեն դրանց շարունակությունը` կարգավարժելով ու քաղաքակրթելով դրանք: Հետո գերակշռող են դառնում կոնաձև տանիքների ծալվածքները, որոնք հառնում են հարթությունների բազմաթիվ թեքությունների վրա, ասես ամփոփեն շրջակա սարերը կամ վայրի քարը հանեն վեր`խորհրդապաշտ աղոթքի:
Որքան բարձրանում ես, այնքան վանքի կշիռը նվազում է ընդհանուր տեղագրության ներսում: Այս անգամ գյուղի մի կտոր է հայտնվում, որ քայլ առ քայլ ընդարձակվում է` ի վերջո հասնելով իր իրական մեծությանը: Այսուհետև Տաթևի երկու բևեռները ընկալվում են որպես նույն կշեռքի երկու թաթեր:
Արդ, առաջին հայացքից միատարր չլինելով` այդ հավասարակշռությունը թվում է խախտված: Պետք է ասել, որ վանքը, որ նստած է իր ժայռի վրա, թերակղզու տպավորություն է թողնում: Մեկ այլ, մտքի ու վեհության աշխարհի ջատագովները խմբվել են այստեղ դարեր շարունակ` ասես պատսպարվելով սովորական կյանքից, որով ապրել են գյուղացիները:
Մի մերկ ճանապարհ է իջնում գյուղից մինչև մենաստան, ոչ թե որպես փոխանակման առանցք, այլ որպես մեկուսիության կտրական արտահայտություն: Իսկապես, կրոնական կառույցներն առանձնանում են ճարտարապետական մի բարդությամբ, ինչից անտեղյակ են մարդկանց բնակավայրերը: Այդպիսով հասկանում ես, որ ժամանակային ու հոգևոր աշխարհները շփվում են իրար հետ` առանց իրար իսկապես փոխադարձաբար վարակելու: Ասենք, մինչ գյուղական կյանքը ռիթմավորվում է տարվա եղանակներով, կրոնականը պատճենվում է խորհրդանշական ու անժամանակյա բովանդակությունից, մի գործունեության մեջ, որը կախարդվում է Հոգուց`առանց անտեսելու բանականության պահանջները: Եթե մենաստանը հյուրընկալում, ներշնչում, աջակցում է աշխարհիկը, այն արմատապես կանոնավորվում է ըստ Խոսքի, որը հիմնում է աշխարհը:
Մի քիչ էլ ենք բարձրանում, ու վանքը դառնում է պստիկ`այն հսկա կանաչ կետի հաշվին, որը ծածկում բլրի ողջ փեշը: Արջի մորթու նման, որն ամբողջովին պատում է բլրի կորությունը: Եվ այդ երկուսի միջև ճանապարհը ցույց է տալիս իր սպիտակ շավիղը կանաչ տեղանքների մեջ, որ իջնում են մինչև կրոնական կառույցների կրեմագույն զանգվածները:
Ու որքան ավելի ենք առաջանում, այնքան ավելի այս ճամփան տեղափոխվում է` ժամացույցի սլաքի նման, ասես մատնանշելով ժամանակայինի աշխարհագրությունը: Կիրճին չհասած, վանքը նույնիսկ լրիվ կորչում է մի բլրի գագաթի ետևում: Այդժամ հառնում է ծառերով ու զանազան բուսականությամբ խճճված գյուղի զանգվածը:

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>