Յուկիո Միսիմա | ԼՐԱԳԻՐԸ

YM12Անգլերենից թարգմանեց` Մերի Շարոյանը

Մաս 1.

Տոշիկոյի ամուսինը միշտ զբաղված է: Այս երեկո` նույնպես: Իր կնոջն ուղեկցելով մինչև ժամը տասը, նա կրկին նստում է ղեկին, «բարի գիշեր» մաղթում և սլանում հերթական հանդիպմանը: Ուրիշ ի՞նչ կարող է ակնկալել գեղեցիկ դերասանի կինը: Իր կամքից անկախ` Տոշիկոն ստիպված է հանդուրժել այն գիշերային գործնական հանդիպումները, որոնց ժամանակ ամուսինը երբեք իրեն չի տանում: Վաղուց սովորել է տաքսի նստելուն և միայնակ Ուգոսիմե թաղամաս` տուն վերադառնալուն, որտեղ սպասում է երկու տարեկան երեխան: Չնայած, Տոշիկոն հույս ուներ, որ այս անգամ ամուսինը մինչև վերջ իր հետ կլինի, պատկերացնելով`թե ինչ սարսափելի է կնոջ համար միայնակ տուն վերադառնալը, որտեղ ինչքան էլ մաքրեն արյան հետքերը, մեկ է`դրանք մնալու են արևմտյան ոճով կահավորված հյուրասենյակում: Երեկ վերջապես ավարտվեցին անտանելի հոգսերն ու խառնաշփոթը. բառերով չես նկարագրի կատարվածը: Եվ երկուսն էլ ցրվելու կարիք ունեին: Սակայն պրոդյուսերը նրան հրավիրեց մաջյան խաղալու, դժվար թե վերադառնա մինչև վաղը:

Տոշիկոն իսկապես գեղեցիկ աղջիկ էր: Կարճ հասակի և շուտ տպավորվող բնավորության համար դպրոցում նրան «Տերիեր» մականունն էին տվել:
Անհիմն վախերն ու հուզումները չէին թողնում, որ գիրանա: Հայրը կինոընկերության տնօրեն էր, այնպես ստացվեց, որ աղջիկը սիրահարվեց կինոդերասանի. ամեն ինչ ավարտվեց հաջողակ ամուսնությամբ:
Առօրյա զվարճանքներից բացի` նրա իսկական կիրքը ուրիշների դժբախտություններին ցավակցելն էր: Էության փխրունությունն արտահայտված էր մարմնի և դիմագծերի փխրունության մեջ:

Հիշողությունը, թե ինչ խանդավառությամբ էր ամուսինը ակումբում հանդիպած ծանոթներին ամենայն մանրամասնությամբ պատմում կատարվածի մասին, թունավորում էր տրամադրությունը: Բնությունը վառ երևակայությամբ էր օժտել: Ինչ վերաբերում է ամուսնուն` ամերիկյան ոճով հագնված գեղեցիկ երիտասարդին, վերջինս իսպառ զուրկ էր դրանից: Բայց եթե երևակայությունն աշխատանքի անբաժան մասն է, պարտադիր չէ դրան տիրապետել նաև ազատ ժամանակ:

-Դե, ինչ պատմեմ: Բացառապես տխմար պատմություն,- ամուսինը` թափահարելով ձեռքերը, փորձում էր ավելի բարձր գոռալ, քան նվագում էր նվագախումբը,- մի երկու ամիս առաջ փոխարինում ենք փոքրիկի դայակին: Որպես դայակ ընդունում ենք մի կնոջ, ա՜այ այսպիսի մեծ փորով, որը ուտելիքով լցնելու համար ոչ մի գումար չէր հերիքի: Ասում է, ստամոքսի խոց ունի: Եվ ահա, երեկ չէ առաջին օրը, կեսգիշերից հետո, ես ու Տոշիկոն քնած ենք հյուրասենյակում: Հանկարծ մանկասենյակից ինչ-որ ձայներ ենք լսում, անմարդկային ոռնոց: Անմիջապես վազում ենք այնտեղ: Մանկասենյակում այդ դայակն է, ձեռքերով կառչել է փորից և ամբողջ կոկորդով մեկ գոռում է, իսկ նրա կողքին մեր վախեցած փոքրիկն է տնքում:
Հարցնում եմ նրան.

-Ի՞նչ է պատահել:

Դողացող ձայնով պատասխանում է,

-Ոնց որ թե ծննդաբերում եմ…

Դե, այդտեղ ես վախեցա: Դրանից առաջ մենք ուղղակի համոզված էինք, որ փորը խոցի պատճառով է այդքան մեծ: Պատասխան տվեցինք մեր անհոգության համար:
Ձեռքերից բռնելով բարձրացրինք նրան, երեքով մի կերպ հասանք հյուրասենյակ: Լույսի տակ նայեցի նրան ու սարսափեցի. սպիտակ գոգնոցն ամբողջովին արյան մեջ էր: Հավաքում եմ գորգը, հին վերմակ եմ փռում հատակին, պառկեցնում եմ նրան: Քրտնքից լրիվ թաց է, ճակատի երակները դուրս են պրծել: Մինչ բժիշկ էինք կանչում` հասցրեց ծնել: Ամբողջ հյուրասենյակն արյան մեջ էր՝ ամենաիսկական աղետի էր նման:

-Օձ եք տաքացրել,-մեկնաբանեց ծանոթը:

-Ախր նա ամեն ինչ սկզբից էր պլանավորել: Իսկական աղվես: Եվ այն, որ տանը երեխա կա, հետևաբար` լիքը բարուր, և այն, որ նման զզվելի բանն ավելի լավ է էլիտար տանն անել: Ամեն ինչ հաշվարկել էր մինչև մեզ մոտ գալը: Իսկ երբ նրանց գլխավոր դայակն էր եկել ու հարցաքննում էր, միայն թնկթնկաց, նույնիսկ ներողություն չխնդրեց:
Երեկ հիվանդանոց պառկեցրին: Չնայած, ո՞ւմ է նա այնտեղ պետք, այդ քածը:

-Իսկ նորածինն ինչպե՞ս է:

-Նրան ինչ կա, առողջ տղա է ծնվել: Մերը մեր տանն ամբողջ օրն ուտում էր, երեխան էլ ամուր է ու առողջ: Իսկ ես ու Տոշիկոն երեկ գիշերվանից նեվրաստենիկ ենք դարձել դրանց պատճառով:

-Փառք աստծո, մեռած չի ծնվել:

-Էհ, չգիտեմ, գուցե և մոր համար ավելի լավ լիներ, եթե մեռած ծնվեր:

Տոշիկոյին զարմացնում էր այն թեթևությունը, որի շնորհիվ ամուսինը սեփական տանը տեղի ունեցած սարսափելի տեսարանը պատահական բամբասանքի պես էր պատմում: Երբ փակում էր աչքերը, որպեսզի, թեկուզ քիչ ժամանակով, անհետանա ծննդաբերության ահավոր պատկերը, գիտակցության մեջ լողում էր միայն նորածինը՝  փաթաթված արյունոտ լրագրի մեջ, դրված փայտյա հատակին: Ամուսինն այդ ամենը չէր տեսել:
Բժիշկը միտումնավոր վատ էր վարվում նորածնի հետ` արհամարհելով աննորմալ պայմաններում առանց հայր ծննդաբերած մորը: Առանց ոչ մի բառ ասելու` նա կզակը թեքեց այն կողմ, որտեղ պահվում էին հին լրագրերը: Բուժքույրը վերցրեց դրանցից մեկը, փաթաթեց նորածնին, դրեց ուղիղ հատակին: Մի սուր բան ծակեց Տոշիկոյի զգայուն սիրտը: Մոռանալով գարշանքի մասին` լրագրի նմանվող ֆլանելե փալաս բերեց, փաթաթեց նորածնին և կամաց-կամաց. այնպես, որ ոչ ոք չնկատի, դրեց բազկաթոռին:
Աշխարհում ամենաքիչը ցանկանում էր ինչ-որ հարցում բեռ լինել իր ամուսնու համար: Այդ պատճառով որոշեց չկիսվել իր տրամադրությամբ, ոչ մի բառ չպատմեց իր հոգու խորքը ներթափանցած, հիշողության մեջ պարբերաբար վերականգնվող տեսարանի մասին: Այդ գիշեր անընդհատ ժպտում էր` փորձելով ազատվել վտանգի անհասկանալի զգացումից:

Լրագրով փաթաթված նորածին` հատակին… մսավաճառի կրպակի փաթեթի նման… արյունոտ լրագրի էջ… լրագրի թղթից բարուր… խեղճ որբուկ:

Համարյա ոչ մի բացասական զգացում չուներ դժբախտ դայակի հանդեպ:
Սուր զգացումը պարուրում էր նրան` ասես ապահով մանկություն ունեցած Տոշիկոն էր այդ երեխան:

«Ընդհանուր հաշվով,- մտածում էր,- միայն ես էի արյունոտ լրագրով փաթաթված նորածնի տեսարանի վկան: Գուցե մայրն էլ է տեսել: Ինքն էլ ամեն ինչ զգում էր: Բայց մեզնից միայն ես եմ ստիպված մինչև վերջ հիշողությանս մեջ պահել սարսափելի պատկերը: Միգուցե, մեծանա և մարդիկ պատմեն, թե ինչպես է ծնվել, ինչ տեսք է այդ ժամանակ ունեցել: Գլխում մղձավանջ է կատարվելու: Չէ, ամեն ինչ կարգին կլինի, չեմ տարածի ինձ հայտնի գաղտնիքը: Վերջիվերջո, նրան լավություն արեցի: Փաթաթեցի ֆլանելի մեջ, հատակից տեղափոխեցի բազկաթոռի վրա:»

Մաս 2.

Նա խորասուզված էր լռության մեջ: Ակումբի դարպասների մոտ ամուսինը նետեց վարորդին.

— Դեպի Ուգոսիմե,- ներս թողեց կնոջը և փակեց մեքենայի դուռը:

Ապակուց այն կողմ նշմարվում էր ամուսնու ժպիտը` երկու շարք առողջ սպիտակ ատամներ:
«Մեր կյանքում երբեք ոչ մի վտանգ չի կարող լինել»,-այս միտքը ծանր հոգնությամբ փռվեց Տոշիկոյի վրա:

Շրջվելով` տեսնում էր ամուսնուն, որը շտապում էր այնտեղ, որտեղ կանգնեցրել էր իր «Նեշ»-ը, վառ թվիդե պիջակն անհետանում էր` խառնվելով մարդկանց ամբոխի մեջ: Նա տանել չի կարողանում մարդկանց հրմշտոցը:
Թատրոնում քիչ առաջ վերջացել էր ներկայացումը, նեոնե գովազդների լույսերը դանդաղ մարում էին իրար հետևից: Հանդիսատեսների ամբոխը ներխուժում էր կիսախավար, խռնվելով մուտքի մոտ: Թատրոնի շենքի առջև մի քանի բալենի էր ծաղկում: Տոշիկոյին հանկարծ թվաց, թե ճյուղերի վրայի ձյունաճերմակ ծաղիկներն ընդամենը թղթի կեղտոտ կտորներ են:

«Համենայն դեպս` այն երեխան…»

Հիշողությունները կրկին հասնում էին նրան:

«Ինչպես էլ մարդուն դաստիարակես` օգուտ չկա, եթե նա ոչինչ չգիտի իր ծննդյան մասին: Կեղտոտ լրագրից ձևած բարուրը կարող է դառնալ նրա կյանքի խորհրդանշանը: Եվ ինչո՞ւ եմ ես անհանգստանում ուրիշի նորածնի մասին: Միգուցե ա՞յն պատճառով, որ վախենում եմ իմ երեխայի ապագայի համար: Կանցնի քսան տարի: Երեխաս կմեծանա երջանիկ, կդառնա նորմալ մարդ: Եվ հանկարծ այս դժբախտը կհանդիպի իմ տղային և վնաս կտա:»

Չնայած ապրիլյան տաք երեկո էր, բայց մարմնով դող անցավ:

«Քսան տարվա ընթացքում շատ բան կփոխվի: Քսան տարի հետո ես ինքս քառասուներեք տարեկան կլինեմ: Պետք է նրան անպայման պատմեմ այդ մասին: Պատմեմ, թե ինչպես կեղտոտ լրագիրը ֆլանելով փոխարինեցի»:

Տաքսին սլանում էր լայն ճանապարհի վրայով: Աջ կողմի պատուհանից երևում էին Բիրու-գայի հեռավոր երկնաքերների լույսերը:

«Բայց այդ քսան տարին խեղճը կապրի սարսափելի կյանքով: Կգոյատևի առնետի նման` առանց ցանկությունների, առանց փողի, տարեցտարի քայքայելով երիտասարդ օրգանիզմը: Այդպես ծնված երեխային ուրիշ բան չի սպասում: Մորն ատող, հորը անիծող` մշտապես միայնակ մարդ:»

Ակնհայտորեն, այս մռայլ մտքերը հատկապես ցավոտ բռնեցին նրա հոգու լարերը: Այլապես` ինչո՞ւ նա պետք է զբաղեցներ իր գլուխը, ինչի՞ն էր պետք նորածնի ապագան երևակայության մեջ մանրամասն նկարելը: Խանձիմոն կայարանն անցնելով` տաքսին մոտենում էր անգլիական դեսպանատան շենքին: Տոշիկոյի աչքի առջև բացվեցին ծաղկող սակուրայի պուրակները: Հանկարծ նա որոշեց իրեն քմահաճույք թույլ տալ: Ուղղակի ցանկացավ միայնության մեջ հիանալ բալենու գիշերային ծաղկմամբ: Կարելի է բաց թողնել տաքսին, հանգիստ նայել բացված ծաղիկներին, ուրիշ մեքենայով գնալ տուն. այստեղով շատ մեքենաներ են անցնում:
Ամաչկոտ բնույթի համար դա բավականին լուրջ փորձություն էր, սակայն վախեցնող պատկերները շարունակում էին վերստեղծվել գիտակցության մեջ. ամենաքիչը ցանկանում էր այսօր տուն վեռադառնալ մնացած բոլոր օրերի նման: Ցածրահասակ երիտասարդ կինն իջավ տաքսուց, միայնության մեջ կանգնեց փողոցում: Մեքենաների սովորական հոսքը կանգնեցրեց նրան: Չնայած լարվում էր անորոշ նախազգացումներից, ազատության տարօրինակ զգացումը լիովին պատեց նրան, ճանապարհի վրայով թռավ մի շնչում` դեպի դիմացի կողմի պուրակ, ասես մարմնով կտրելով սլացող մեքենաների գիծը:

Սենտեգաֆուտի այգին էր. «Թռչնային անդունդ»:
Բացված ծաղիկները սպիտակությամբ էին լցրել բալենիների ճյուղերը: Թվում էր` դրանք կարծրացել են` մահացու կերպով միահյուսվելով իրար: Մուտքի թղթե լապտերը հանգավ: Դրա փոխարեն ճյուղերի տակ գծագրվում էին էլեկտրական կարմիր լապտերիկները: Արդեն վաղուց տասն անց էր, ավելի ու ավելի հազվադեպ էին հանդիպում քայլող մարմինները: Ոտքերի տակ անընդհատ թղթի կտորներ էին ընկնում, պուրակի լռությունը խախտում էր թղթի խշխշոցը, գետնին ընկած երկաթե տարայի զնգոցը. այն դեպքում, եթե ինչ-որ մեկն անցնում էր մոտակայքով:

«Թուղթ: Արնոտված լրագրային թուղթ: Դժբախտ մարդկային ծնունդ: Եթե մեկը պարզեր, որ ծնված է եղել հենց այդպես, ամբողջ կյանքում անհաջողակ կլիներ: Ես` լրիվ օտար մարդ, պետք է այդ գաղտնիքը չբացված պահեմ:»
Երևակայությունն օգնեց մոռանալ անցած օրվա բոլոր վախերը: Կողքին քայլում էին հանդարտ զույգերը, ոչ ոքի մտքով չէր անցնի իրեն վատություն անել: Նրանցից մեկը ձանձրացել էր ծաղիկներին նայելուց, անդունդի մոտ գտնվող քարե նստարանին էին իջել երկու մարդ. նայում էին ներքև` սև անդունդին, որտեղ ծանր,մռայլ ստվերը թաքցնում էր նույնիսկ ջրի մակերևույթը:

Տոշիկոն անշտապ թափառում էր մութ պուրակում` ծաղկող ծառերի ճյուղերի տակ: Ծաղիկները` կախվելով գլխի վրա, տարօրինակ ճնշող զգացում էին ստեղծում: Խավարում ընկղմված քարե նստարաններից մեկին ինչ-որ սպիտակ բան երևաց: Այդ «ինչ-որ բանը» թափված ծաղիկների կուտակում չէր, քարի վրա առաջացած ճեղք չէր: Տոշիկոն մոտեցավ:
Կիսախավարի մեջ թաքնված նստարանի վրա մեկը քնել էր: Հարբած չէր. հասկացավ` տեսնելով, ինչ խնամությամբ են քնածի տակ դասավորված խավարի մեջ սպիտակին տվող լրագրերը: Նստարանի վրա շերտ առ շերտ դարսած հին լրագրերին, կողքի վրա պառկած` քնած էր մի տղամարդ, շագանակագույն սվիտերը հագին: Հավանաբար, գարնան հետ այստեղ ապրելու տեղ էր գտել:
Ենթագիտակցորեն կինը կանգնեց նստարանի առջև: Հին լրագրերի մեջ փաթաթված մարդը հիշեցրեց նրան լրագրերի մեջ փաթաթված, հատակին մոռացված նորածնին: Հայացք նետեց վաղուց չսանրված, իրար կպած յուղոտ մազերին: Մթնշաղի ներքո, քնածի շնջառությանը համահունչ` սվիտերի ուսերն իջնում և բարձրանում էին: Բոլոր նախկին վախերն ու վտանգի զգացումները, ծնված նրբազգաց սրտում, ավելի վառ դարձան: Երիտասարդ դեմքն այլանդակած կնճիռների մեջ հստակ երևում էին զրկանքների երկար տարիները: Շալվարի փողքերը ծալված էին, բայց մերկ ոտքին հագած սպորտային կոշիկները դեն նետելու կարիք ունեին:

Տոշիկոն ցանկացավ զննել դեմքը: Կռանալով` փորձեց տեսնել այն, ինչ թաքնված էր ձեռքի ափի տակ: Դեմքն անսպասելիորեն երիտասարդ էր` կտրուկ ընդգծված ունքեր և ուղիղ քիթ: Ավելի մոտենալով` նա հանկարծ դիպավ անծանոթին անկողին ծառայող լրագրերին: Թղթի կտրուկ խշխշոցը պատռեց լռությունը: Տղամարդն արթնացավ, աչքերի սպիտակուցները փայլատակեցին մթության մեջ. ահռելի ձեռքը բռնեց նրա դաստակը: Ոչ մի վախ չզգաց: Նույնիսկ չփորձելով ազատվել, պահի տակ ընդամենը մտածեց,

«Ահա թե ինչ… Ուրեմն, անցել են քսան տարիները»:

Եվ կայսերական պալատի անտառը կրկին սուզվեց լռության մեջ:

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.