Գևորգ Արևի Գասպարյանի հետ բարձրացանք Մասիսի գագաթը: Փորձեմ ինչքան հնարավոր է կարճ գրել-նկարագրել:
Նախապատրաստություն
Արարատի գագաթ երազել եմ բարձրանալ վաղուց: Չեմ հիշում՝ երբ է արմատավորվել այդ երազանքը: Երկար ժամանակ այն ինձ համար պարզապես մեկն էր բազմաթիվ մտքերից, որոնք կրկնում-մտածում է մարդ, բայց իրականացնելու ուղղությամբ ոչինչ չի անում, որովհետև չափազանց «բարձր» է թվում հասնելու համար:
Ուսանող էի. մեր, այսինքն՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոսներից մի քանիսը բարձրացան Արարատ, վերադարձան, պատմեցին: Առաջին անգամ տեսա և լսեցի Արարատից իջած մարդու: Եթե նրանք կարողացել են, ես էլ կկարողանամ. այդ պահից Արարատ բարձրանալը դարձավ հնարավոր ճանապարհ, չնայած մնաց հեռավոր ու անհասանելի:
Անցած տարի՝ 2012-ին, Գևորգի հետ Աժդահակ գնացինք՝ արշավի: Ճանապարհին ասաց, որ Արարատ է տանում: «Մյուս տարի անպայման ես էլ կգամ»,- ասացի՝ առանց հավատալու իմ ասածին, անհնարին ցանկությամբ լցված:
2013-ի փետրվարն էր. Գևորգը «Արևի» զբոսաշրջային ընկերության ֆեյսբուքյան խմբում Արարատ գնալու հրավերը տեղադրեց: Ընկերներով նստած խմում էինք, խոսում դեսից-դենից, Արարատ գնալուց: Բախտի բերմամբ թե պատահմամբ հանդիպեց-միացավ Գևորգը:
— Ես էլ եմ գալիս,- ասացի՝ էլի առանց հավատալու ինձ:
— Հա՞, գիտե՞ս, չէ՞, մի տեղ ա մնացել:
— Գալիս եմ, դե այսինքն, ինչքան հնարավոր ա կես տարվա կտրվածքով հաստատ բան ասել՝ գալիս եմ:
Եղբայրս. «Չէ, դու լրիվ անուղղելի ես»: (Դե հա, հո 2008թ. չի՞, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի տոմսերին ի տես գոռգոռա, դառը փորձը ցույց է տվել, որ գոռգոռոցով հարց չի լուծվում):
Պապաս. «Չի՞ լինի՝ մյուս տարի գնաս»:
— Ես ի՜նչ իմանամ՝ մյուս տարի ինչ կլինի: Համ էլ ես որոշել եմ մինչև 30 տարեկանս գնամ, էս տարի վերջին տարին ա:
Մամաս. «Ախչի՜, բա որ մրսես»:
Մայիսի մեջ Գևորգը հանդիպում կազմակերպեց գնացողների համար, մանրամասն նկարագրեց ճանապարհը, պայմանները, պահանջները, տեստային լեռներ բարձրանալու անհրաժեշտությունը. Արա, Աժդահակ, Արագած:
Դրանից հետո լցվեցի անհամբեր-անտանելի սպասումով. մի զգացում, որ վաղուց չէի ունեցել: Օրերն էի հաշվում ու կամաց-կամաց պատրաստվում: Վախենում էի, որ շունչս չհերիքի 4000մ-ից վերև. դրանից բարձր չէի եղել: Վախենում էի, որ մինչև գնալս կվնասեմ ձեռքս կամ ոտքս: Վախենում էի, որ անհրաժեշտ գումարը չեմ կարողանա հավաքել: Վախենում էի, որ պատերազմ կսկսվի կամ գլոբալ տաքացում: Մի խոսքով՝ դողում էի սպասումիս վրա, ինչպես երևի մեկ էլ բուհական քննություններին սպասելուց էի դողացել:
Հասանք հուլիս: Աշխատանք, գրքեր, կենցաղ, առօրյա-հոգնություն, դու դրանց արանքում մշտապես ճառագող միտք՝ օգոստոսին Արարատ եմ գնում:
Հուլիսի 31 (գոնե 30 օր լիներ հուլիսը), օգոստոսի մեկ, երկու, լույս երեքի գիշեր: Կեսգիշերից հետո, լուսադեմից առաջ ճամփա ենք ընկնելու: Պառկում եմ՝ գոնե մի երեք ժամ քնեմ: Մի ժամի չափ վախկոտ մտքեր՝ բա որ գնամ ու չկարողանամ, բա որ գնամ ու չբարձրանամ, բա որ, բա որ… Վերջապես հիշում եմ Նիցշեի Զրադաշտին՝ «Թույլ տվեք դիպվածը մոտենա ինձ. նա անմեղ է, ինչպես մանուկ», համեմում «Եղիցի կամք քո»-ով, և ինքս ինձ համոզելով, որ ասողները մի բան գիտեին, որ ապագայից ձեռ քաշած ապրում էին, կես-խաղաղված քնում եմ:
Օր առաջին
Ճանապարհ: Կիսաքուն, կիսարթուն մտքեր՝ սարսափելի-անսովոր, գրավիչ-ծանոթ, կես-գիտակից, կես-ենթագիտակցական խաղերով: Գրիչ, որ բռնել է ավտոբուսի ընթացքից անդադար ցնցվող ձեռքը, հետք, որ թողնում է գրիչը.
Միայնությունը մեր հոգիների, միայնությունը մեր մարմինների՝ ծվարած ավտոբուսի նստարաններին:
Միայնությունը բացառում է ամեն ինչ: Բացի իրենից:
Գիշերը նահանջում է:
Վառված արևադեղին խոտին՝ դեռ գիշերվա գույները պահպանած մութ ծառեր:
05:43 Լուսացավ:
Քնեմ մի քիչ:
Չեմ քնում:
Արևագույն բլուրներ՝ պատված պուանտիլիստական թփերով ու քարերով, խորդուբորդ, կանաչի ու հարդի գունախաղով ընդհատված կորություններով: Գեղամա լեռների «վկաներից»՝ ծաղկաթափ եղած, չորանալու ճամփին:
Բույսերն ունեն իրենց ճանապարհը՝ սերմից մինչև սերմ: Մանդելշտամը, երևի, այս գույներն է տեսել:
It’s a sad, sad situation,- բարձրաձայնում են դինամիկները:
Բնակավայրերի ցուցանակներ չեն հանդիպում: Քնե՞մ, թե հարցնեմ Մարտին Թաթոսիչին՝ որտե՞ղ ենք: Մոթել-պանդոկ է սլանում՝ «Հոպոյի մոտ»:
05:56 Կատարյալ լուսացավ: Արևը գալիս է: Արևը ճանապարհ է ընկնում գիշերով և տեղ հասնում արևածագին՝ չուշանալով ոչ մի ատոմ ժամանակի տարածության մեջ:
Վերջապես ցուցանակ՝ Թալին—Գյումրի: Քունս փախավ: Արևը դարանակալել է Արագածի թիկունքում: Մրսում եմ:
— Մենք ո՞ր գագաթն էինք բարձրացել:
— Ամենաաջի:
7:30 Բավրա: Թռչուններ՝ Էլենի սիրած ծիտիկներից: Ու սերմնագռավնե՞ր: Մառախուղ: Ոնց որ արև ծագած չլինի:
8:24 Դուրս ենք գալիս վրացական անցակետից: Մառախուղը վազում է:
Աթարի ամրոցներ:
Գյուղեր:
— Ջավախքն ա, չէ՞:
— Հա:
— Էլի Հայաստան ա:
— Հա, բայց վրացիք են տիրություն անում:
— Է, թող անեն: Լա՛վ են տիրություն անում:
Գյուղ՝ շատ հին տներով, տեղ-տեղ քանդված: Աթարի կույտեր: Ամեն տան ճակատին՝ կլոր անտենա՝ Global TV:
Բնակավայրերի անունները չեմ հասցնում կարդալ:
08:40 Ninotsminda. Վիվասելի կապը կորավ:
Կարտոֆիլի հողամասեր: Գյուղական զուգարաններ: Ախալցխա ենք մտնում: Ցուցանակներ՝ Венок, Պսակ: Մեսրոպ Մաշոցի արձան: Անի մարկետ: Հայատառ անուններով փողոցներ՝ Ազատության, Ձերժինսկու:
Էլի ցուցանակ՝ Դագաղ և Պսակ:
Արթուրը խաղաղ քնած է: Как простое стекло. Արսենն էլ: Что нам ветер. Երկուսն էլ՝ պաշտպանված սեփական երաժշտությամբ: Միացնե՞մ հեռախոսս, թե՞ խնայեմ լիցքը:
10:10 Դուրս ենք գալիս Ախալցխայից:
12:25 Վալեի անցակետ: Անխնամ, կեղտոտ, իրենց նման:
Մեքենան «մաքսազերծելու» համար Գևորգը պետք է տաքսիով գնա մոտակա քաղաքը, այնտեղից ինչ-որ թուղթ բերի, որ բաց թողնեն:
— Դե, էս կետից հիմնականում հայերն են գնում, դրա համար ա էս վիճակը:
«Նայող» կա, մոտենում է, օրինականացված «լևի» օգնություն առաջարկում: Մերժես՝ գլխիդ մի բան կսարքեն, ընդունես՝ ավելի երկար ես սպասում, քան մեքենադ թողնեիր, գնայիր կողքի քաղաք, թուղթը ձևակերպեիր, վերադառնայիր: Հակոբի՝ վարորդի, թուրքերենը օգնում է բանակցել, բայց ժամանակ շահելու տարբերակ չկա:
— Վայ, թքեմ ես ձեր երեսին, կներեք վատ խոսքի համար:
— Մենք համամիտ ենք:
Դեղձ ենք ուտում՝ հյութեղ, հայկական, «սրբի կոկորդիդ փոշին»,- ասում է Մարտին Թաթոսիչը: Վերջապես ազատվում ենք անցակետից: Արդահանի շրջան: Առաջին մզկիթը:
Գևորգը, երևի, եղեռնաթերապիա է անցկացնում: Դեր-Զոր քշվեցին բյուրավոր հայեր,-ողբում են դինամիկները: Դիմանալ չի լինում: Ինչո՞վ խցկեմ ականջներս: Շավելա Վարգաս:
Ցուցանակ՝ Dalma Ardahan. Սասմա սարեր մշուշ է: Ես չափազանց զգայուն եմ, թե՞ չափազանց անզգա, որ չեմ կարողանում հանդուրժել այս երաժշտությունը:
Էրգրի կարոտով մեռան շատերը, վայ, հեռախոսս կնստի, հենց ձայնը կտրում եմ՝ ռազմահայրենասիրական ողբը լցվում է ականջներս: Անցնում ենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կողքով:
Քնում եմ: Ավտոբուսը կանգնում է ճամփեզրին, եղևնիների անտառակի մոտ: Վերջապես հաց ենք ուտում՝ տանից բերված ճամփի պաշար: Մոտ ենք Կարսին: Ճանապարհին՝ խոտհարքներ, խոտհարքներ, խոտհարքներ: Չքնաղ մշակված դաշտեր. թուրքի քրդի ձեռքով: Ավտոբուսից արագ սահող ամպեր: Մինչև խոտերը իջած ամպեր: Հնձվորներ: Դեզեր: Կապույտ ու կանաչ խոտ: Ջուր կրող կանայք՝ ուսերից կախված դույլերով: Լծափա՞յտ էր անունը: Չէ: Չեմ հիշում: Նախիր: Կանաչի բոլոր երանգները: Հաճախ հանդիպող ցուցանակ՝ KARA YOLLARI:
Ամեն ինչ հմայիչ է, քանի դեռ չես կրկնում, որ այն ամենը կարող էր քոնը լինել: Որ այս ամենը քոնն էր: Ի՞նչ տարբերություն՝ ի՞մը, թե՞ նրանը: Հարցերի հարց: Ես-ը սահմանող հարց:
Ճանապարհի աջից նոր ճամփա են փռում: Ասֆալտող մեքենաներ: Խոտի դեզեր: Արևածաղիկներ: Մուգ կեղևով, քիչ երկարավուն ձմերուկներ:
Մինչև Կարս 26 կմ է մնացել: Շոգն արդեն նեղում է: Էլի «Գեղամա լեռների վկաներ»: Չոր ու սուրուլիկ են: Սարի սմբուլ: Կարս, ձախ շրջադարձ՝ Անի: «Վայ մեր, դու միակն էիր, ինչպես Հայաստանը»,- չի սսկվում մագնիտաֆոնը: Ինձ թվում է, թե ավտոբուսն է երգում: Մեքենա՝ ZABITA մակագրությամբ: Դպրոցական դասագրքերի վկայությունն եմ հիշում՝ «… զաբիթեների ու քրդական հրոսակների միջոցով…»: «Հայը մնում է հայ, մենք ենք, մեր սարերը մեր»,- շարունակում է նվագարկիչը:
16:42 Երվանդաշատ ենք հասնում: Կանգառ: Նկարվում ենք սահմանին՝ բաժանարար Արաքսի հետ: Վերջին անգամ զանգում ենք հայկական կապով:
Այս ծառերը, աշխարհի որ ծայրում էլ լինեին, կմտածեի, որ իմն են: Բացի Հայաստանից: Բացի Թուրքիայից: Հայրենիքի պատմականը ո՞րն է: Հայրենիքը կամ ներկա է, կամ ոչ: Ապագա հայրենիքը ավելի հայրենիք է, քան անցյալը:
Մասիսը երևաց: Փակ է:
Բարդիների անտառ: Խիտ:
Քնել եմ: Երբ արթնացա, արդեն Բայազետին մոտ էինք: Իսֆահան հյուրանոց:
Դիմավորում են: Նարե՜կը: Բարձրացել է Սիս, վերադարձել Բայազետ, մեր գալուն է սպասում, որ Մասիս բարձրանանք:
Օգնում են բեռները տեղափոխել: Ծանոթանում ենք հյուրընկալի հետ: Ագան թուրքի նման չի, կամ էլ նման է. միթե՞ կարող ես որևէ մեկին թուրքի նմանեցնել: Հետո կիմանանք, որ լեհուհի է: Ուղեկցորդն է գալիս քիչ անց: Սաֆեթը: Գրանցվում ենք, բարձրանում համարները:
— Վայ, մամա ջան,- ասում է Հասմիկը՝ Սիսիանի լավագույն՝ «Բասեն» հյուրանոցի տնօրենը,- ես ըսենց հյուրանոց ունենամ, առաջին հերթին աշխատողներս կփախնեն:
Փոշի, անփութություն: Օճառ չկա, շամպուն չկա, տաք ջուր չկա: Բայազետի լավագույն հյուրանոցն է, այնուամենայնիվ:
Մի կերպ լողանում ենք սառը ջրով, իջնում ներքև:
— Վթար է,- բացատրում է Ագան,- վաղը ջուր կլինի:
— Առավոտյան կլինի՞: Մինչև գնալներս:
— Կլինի:
Ագան ու Սաֆեթը մեզ ռեստորան են ուղեկցում: Սեղմված փողոցներ, ասես հենց իրենց բնակիչների մեջ մոլորված: Բայազետը՝ խայտաբղետ ու միօրինակ, ինքն իր մեջ խճճված, հողե տնակների դարում մնացած ու բարձրահարկ շենքերի մեջ կորած:
Բնակիչները,- մեծ մասամբ քրդեր,- կոպիտ են, անդուր դիմագծերով: Ագայի ընկերը, թե՞ ամուսինը՝ Սաֆե՞թ, թե՞ Սաֆաթ,- մինչև գնալս կսովորե՞մ անունը,- հաճելի բացառություն է:
Կարճլիկ խոսակցություններ:
— Գիտեք, Կարսը նման չէ մյուս թուրքական քաղաքներին,- ասում է Ագան:
Ափսոս, անգլերենս միայն հարցեր տալու համար է հերիքում:
Մտնում ենք ռեստորան, տեղավորվում:
Խոհարարը գալիս է՝ սկուտեղի վրա բերելով շամփուրի քաշած հում մսեղեն:
— Անգլերենս հասկանո՞ւմ եք,- իմ ակցենտից էլ անտանելի ակցենտով հարցնում է նա ու սկսում հերթով վեր բարձրացնել շամփուրները:
— Քյաբաբ: Խառը մսերից: Ո՞վ է ուզում: Քանի հատ:
— Տավար…
— Ոչխար…
Ախորժելի չէ, զավեշտալի է: Բանջարեղեն եմ ուզում: Շատ համով պիցա են բերում:
— Մի հատ էլ հավի թևիկներ բերեք:
— Բայց դուք ո՜նց կուտեք էդքանը,- բացականչում է խոհարարը,- ձեր փորը կդառնա ա՛յ էսքան:
Ծիծաղում ենք:
— Կկիսվենք:
Ճակնդեղի հյութ՝ կծաթթվաշ: «Ուռած» հաց՝ տաք, համեղ:
Անհամ գարեջուր:
— Թուրքիայի լավագույն պիվան, — ասում է Նարեկը,- միակը:
Ասում-խոսում ենք, ուտում-խմում: Վերադարձին ինտերնետ ակումբ ենք մտնում: Տղաները օգնում են տեղավորվել: Սաֆեթը շարունակ աչալուրջ է. օգնե՞մ, հարցեր չկա՞ն:
Երեք անգամ փորձում եմ յահուի մեյլ մտնել: Ապարդյուն:
— Սաֆե՜թ:
Սաֆեթը նայում է մատներիս վազվզոցին ու հայացքս շրջել տալիս թուրքական ստեղնաշարին:
— Սա՛ է «i»-ը:
— Վայ ես ձեր,- գռմռում եմ ես: Արդեն ուշ է. յահուն ավտոմատացված ստուգում է պահանջում: Սաֆեթը իմ խնդրանքով հավաքում է կոդը: Հարց՝ «Որտե՞ղ եք անցկացրել ձեր մեղրամիսը:
— Եղավ, Սաֆեթ, շնորհակալություն:
Էս ինչ անկապ հարց ես ընտրել, Սիրանույշ: Դե արի ու պատասխանը հիշի: Կյանքո՞ւմ էիր մտածել մեղրամսիդ մասին: Տարակուսած փակում եմ յահուն: Աչքը շինելու տեղ ունքը չհանեմ:
Բացում եմ ջմեյլը: Ինչ-որ չի բացվում:
— Սաֆե՜թ:
Ջիմեյլ էլ չեմ կարողանում մտնել: Ոչ մի կերպ վանդականիշը չի գտնվում: Էլ հավես չկա հարցնելու: Ոչ վորդպրես, ոչ Գրական Կամուրջ: Երկու նկար եմ գցում ֆեյսբուք, իբր ողջ-առողջ եմ: Ամեն անգամ որևէ գործողություն հաստատելիս համակարգիչը «OK»-ի փոխարեն թուրքներեն «Tamam» է ասում: Դրանից գազազում եմ: «Մերոնք լատինատառով հայերենն են ավիրում, իսկ սրանց թուրքերեն վինդոուսն ու ստեղնաշարը չեն թողնում մեյլ ստուգեմ»:
— Գնացին՞ք, Սիր:
— Գնացինք:
Մթնել է արդեն: Փողոցներում մարդիկ չափազանց շատ են: Ռամազան է: Ուտում-խմում են մայրամուտից հետո:
— Ոնց որ հյուսիսային պողոտան լինի:
Մի քանի րոպե նստում ենք ֆոյեում: Հասմիկը հարցեր է տալիս, Ագան հավեսով պատասխանում է:
— Էս նկարը ինչի՞ են կպցրել,- ասում է Մարտին Թաթոսիչը:
Դա Վիչիիի «Խորհրդավոր ընթրիքն» է:
— Ագա, էս նկարը…
— Ես էլ զարմանում եմ, թե ոնց մինչև հիմա չհարցրեցիք,- ժպտում է Ագան,- Հիսուսը Ղուրանում նույնպես հիշատակվում է…
Երկար ժամանակ չեմ կարողանում քնել: Վերելքի մասին չեմ մտածում, բայց ուղեղս չի անջատվում: Փողոցից միալար մոլլայի աղոթքի ձայն է լսվում, թե՞ երգեցողություն է: Կարծես ձայնագրություն լինի: Մի պահ կատվի մլավոց է գալիս. հիշում եմ, որ կատու կամ շուն չտեսա քաղաքում: Գիշերային «ժամերգությունը» շարունակվում է: Ո՞նց է հնարավոր քնել սրա տակ,- մտածում եմ ու քնում:
2 մեկնաբանություն
Dear Siranoush, I love your use of everyday conversational Armenian. It makes your story so intimate and enjoyable. I could not understand the Russian words. I’m sorry for writing in English my iMac doesn’t have Armenian fonts.
Author
Շնորհակալություն, Արմինե, շատ ուրախ եմ արձագանքի համար: Ռուսերեն բառերը պարզապես ռուսական երգից հատված էր, պատումի հետ կապ չունեցող, դրա համար չթարգմանեցի: