Ահմադ Շամլու | ԲԱՆԱՍՏՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Իրանի ժամանակակից պոեզիայի եւ գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է Ահմադ Շամլուն (1925 — 2000), որի անունն ու ստեղծագործությունները վաղուց դուրս են եկել երկրի սահմաններից:
Ահմադ Շամլուն ունի բազմաթիվ բանաստեղծությունների ժողովածուներ, գրականագիտական աշխատանքներ եւ բառակապակցությունների, դարձվածքների ու ասացվածքների հսկայածավալ բառարաններ: Նշանավոր ժողովածուներից են “Հայելու այգի”, “Թարմ օդ”, “Օդից եւ հայելիներից”, “Աիդան հայելու մեջ”, “Դռներ եւ…Չինաստանի մեծ պարիսպը”, “Երկաթներ եւ զգացում” եւ այլն: Թարգմանել է Գ. Լորկայի, Անդրե Ժիդի, Ռոբեր Մերլի եւ համաշխարհային գրականության այլ ներկայացուցիչների ստեղծագործությունները:

 

ԱՅԼԵՒՍ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՄ
Իմ ուսին` քո բերանից ջուր խմող աղավնին է,
Իմ ուսին` իմ կոկորդը թարմացնող աղավնին է,
Իմ ուսին ծանրաբարո աղավնին է բարի,
Որ ինձ հետ խոսում է լույսից
ԵՎ մարդուց, որ հեթանոս աստվածն է աստվածների:
Ես մարդու հետ քայլում եմ
Աստղազարդ հավերժության մեջ:
Ինչ-որ իրականություն խլրտաց խավարում,
Ինչ-որ մարդ փողոցում տապալվեց հողին,
Ինչ-որ կին լացեց տանը,
Ինչ-որ մանուկ ժպտաց օրորոցի մեջ:
Մարդիկ պայքարակիցն են իրականության,
Մարդիկ երկվորյակն են հավերժության,
Ես օտար չեմ հավերժությանը:
Կյանքը երգում է չարության բանտի շրջապարսպից,
Այլափոխված տիկնիկների աչքերի մեջ`
Շողարձակ է միտումը գիշերային լապտերի,
Ոչ մի տեղ,
Ոչ մի ժամանակ,
Կյանքի ճիչը չի մնացել անպատասխան.
Լսում եմ ձայները հեռավոր,
Հեռուներից ունկնդիր եմ իմ ձայնին:
Ես ողջ եմ,
Իմ ձայնն անպատասխան չէ,
Քո բարի սիրտը պատասխանն է իմ հառաչի:
Իմ ոսկեձայն հավքը
Քո տան ճյուղ ու տերեւի մեջ է,
Նազելիս, հագիր զգեստդ լավագույն,
Սերը սիրում է մեզ,
Ես քեզ հետ կհետեւեմ իմ երազը արթմնի,
Քո ճակատից
Ճշմարտության քերթությունը ես կզգամ:
Դու ինձ հետ խոսում ես լույսից եւ մարդուց,
Որ բարեկամն է աստվածների:
Քեզ հետ այլեւս միայնակ չեմ`
Իմ երազների հմայքներում:

ՍԱՅԼԵՐԸ
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի:
Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը:
Սովյալները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր բուրում
բույրը տաք հացի:
Մերկանդամները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր լսվում խշխշոցը հագուստների:
Բանտարկյալները չելան ոտքի,
Քանզի պարունակությունը սայլերի
Ոչ կախաղան էր,
Ոչ` ազատություն:
Մեռյալները չելան ոտքի,
Քանզի չէր փայփայվում այն հույսը,
Թե հրեշտակներ են սայլորդները:
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի:
Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը:
Չբերելով իրենց հետ
Ոչ մի հույս…
ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ
Մեր կողմը գիշեր չէ,
Ձայնը չի հաշտվում լռության հետ,
Բառերը սպասում են:
Ես քեզ հետ միայնակ չեմ,
Ոչ ոք, ոչ ոքի հետ միայնակ չէ,
Գիշերը աստղերից միայնակ է առավել:
Մեր կողմը գիշեր չէ,
Պատրույգների կողքին անհամբեր են կայծքարերը:
Փողոցի զայրույթը քո բռունցքի մեջ է,
Քո շուրթերին հղկվում է պայծառ բանաստեղծությունը,
Ես քեզ սիրում եմ եւ գիշերը
Սարսափում է իր խավարից:
ԱՍԵՄ ՔԵԶ…
Այլեւս տեղ չկա…
Սիրտդ լի է տրտմությամբ,
Քո երկինքները կորցրել են
Ջերմությունը կապույտ գույնի…
Ապրում ես
Անգույն, անփայլ երկնքի տակ,
Քո հողում
Անձրեւը`
Ծաղկատար է դարձնում դեմքը սերերիդ,
Թռչուններդ բոլոր` մահացել են,
Ապրում ես
Անթռչուն, անստվեր դաշտում.
Այնտեղ, ուր
Մոխրանում է ամեն մի բույս`
Հավքի երգի սպասումից:
Այլեւս տեղ չկա…
Սիրտդ լի է տրտմությամբ,
Բոլոր երկինքներիդ աստվածները
Գահավիժել, հողին են ընկել…
Անապաստան, միայնակ ես մնացել`
Ինչպես մի մանուկ,
Ծիծաղում ես սարսափից,
ԵՎ բութ մի հպարտություն
Զսպում է քեզ լացելուց:
Ահա մարդը,
Որ ստեղծել ես քեզանից,
Մարդ, որին սիրում էի,
Որին սիրում եմ…
Կյանքին ուս-ուսի
Մարտնչել էիր բոլոր մարտերում.
Անեծքներըը աստվածների
Անզոր էին ազդել քեզ,
Իսկ այժմ,
Սառն ու տկար,
Ինձ ծնկի ես բերում
Մենության առաջ…
Արդյոք դու
Մեր դարի մարդկանց
Արհեստական ճակատագրի շքեղ լու՞յսն ես,
Մարդիկ, որոնց սիրում էի ես,
Որոնց սիրում եմ…
Այլեւս տեղ չկա…
Սիրտդ լի է տրտմությամբ,
Վախենում ես…
Ասեմ քեզ,
Դու վախենում ես կյանքից,
Մահից առավել, քան կյանքից,
Սիրուց առավել, քան այս երկուսից…
Նայում ես մթությանը,
Սարսափից դողում ես,
ԵՎ ինձ
Քո կողքին
Մոռանում ես…
ՔԵԶ ԲԱՐԵՒՈՒՄ ԵՄ
Քեզ բարեւում եմ, քո կողքին նստում եմ,
ԵՎ քո մենության մեջ կառուցվում է իմ քաղաքը մեծ:
Եթե հավքի ճիչ եմ եւ ստվեր եմ խոտի,
Քո մենության մեջ վերագտնում եմ ճշմարտությունն այդ:
Հոգնած, հոգնած գալիս եմ
Արահետներից կասկածանքների,
ԵՎ ես հայելու պես հագեցած եմ քեզանով:
Ոչինչ չի ապաքինում ինձ,
Ոչ ցողունը թեւերիդ,
Ոչ աղբյուրները մարմնիդ:
Առանց քեզ մարած ու լուռ եմ, քաղաք եմ գիշերում,
Դու ծագում ես,
Ես հեռուներից ճաշակում եմ ջերմությունդ,
ԵՎ քաղաքս
Աղաղակներով, կասկածանքներով, պայքարներով եւ
Պայքարի տարակուսանքի աղաղակներով`
Արթնանում է:
Այլեւս ոչինչ չի ցանկանում ապաքինել ինձ,
Ով արեւ, առանց քեզ քաղաք եմ գիշերում,
ԵՎ մայրամուտդ այրում է ինձ:
Ես հետամուտ ցայգալույսին`
Թափառում եմ մոլորված,
Դու խոսում ես, չեմ լսում ես,
Դու լռում ես, ես հառաչում եմ,
Դու ինձ հետ ես , հեռու եմ ինձնից
ԵՎ առանց քեզ ինքս ինձ եմ վերագտնում:
Այլեւս ոչինչ չի ուզում, չի կարողանում ապաքինել ինձ:
Եթե հավքի ճիչ եմ եւ ստվեր եմ խոտի,
Ճշմարտությունն այդ վերագտել եմ
Քո մենության մեջ:
Ճշմարտությունը մեծ, իսկ ես փոքր եմ,
Օտար եմ քեզ հետ:
Լսիր ճիչը հավքի,
Խոտի ստվերը միաձուլիր ստվերիդ հետ,
Ինձ ծանոթացրու քեզ հետ, ով իմ օտարական,
Ինձ քեզ հետ նույնացրու:

Թողնել պատասխան

Your email address will not be published.