Հեքիաթ շարքից
Զբաղված, կարևոր ու խելացի Մարդը
Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:
Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ` ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե ոնց էր նա մտածում, սակայն հավանականությունների տեսությունների համաձայն` հենց այդպես էլ մտածում էր:
Նման մարդիկ, սովորաբար, նիհար ու բարձրահասակ են լինում` անհետաքրքիր դիմագծերով ու անհասկանալի արժեհամակարգով: Նման մարդկանց մտահայելուց, սովորաբար, որևէ հետաքրքիր կերպար կամ միտք չեմ կարողանում երկնել:
Մարդուն առաջին հայացքից բարետես չէիր անվանի: Ավելին: Առաջին հայացքից պարզ էր դառնում ճշմարտությունը, որ չափազանց անհետաքրքիր ու ամենակարևորը` անհրապույր անձ է:
Մարդը մտածում էր բոլորի ու ամենքի մասին: Աշխարհն առանց նրա կդադարեցներ պտույտը, և այդ պարզ ճշմարտությունը չափազանց լավ հայտնի էր իրեն. ամեն առավոտ բարի լույս էր ասում` աշխարհի զարգացման ընթացքում հսկայական ներդրում ունենալու գիտակցությամբ:
Մարդը չափազանց զբաղված էր: Նրա ձեռքին էին նայում ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները, մի խումբ այլ մարդիկ, ու, ընդհանրապես, աշխարհը:
Նա մարդ էր, որ շատ բան էր տեսել ու շատ բան` լսել: Մարդու կյանքը չափազանց հստակ կազմակերպված էր ու ամեն բան, նույնիսկ մարդիկ` նրա կյանքում ունեին իրենց տեղն ու զբաղեցնում էին իր իսկ կողմից հատկացված դերը: Երբ այդ մարդկանցից մեկը փորձում էր անցնել իր համար նախագծված սահմանը, զբաղված Մարդը նրան դնում էր իր տեղը:
Զբաղված Մարդը դա հենց այնպես չէր անում: Նրա զբաղվածությունը համամարդկային միտում ուներ, ու, նա ապրում էր հանուն բոլորի բարօրության: Մարդը գոռոզ չէր բնավ, այլ` պարզապես զբաղված:
Նա, ամենայն հավանականությամբ, գիտակցում էր զբաղվածության ունայնությունը, սակայն ամենօրյա գործերը հոգին լցնում էին հսկա ուրախությամբ ու իրապես պատճառաբանում գոյության իմաստը: Բացի այդ` ինքը կարևոր մարդ էր: Այդ մասին ասել էին, երբ դեռ փոքր էր, տակավին, ու նա դրան հավատացել էր: Այդ հավատն, իրականում, չափազանց հստակ հիմք ուներ. ինչքան ապրում էր` տեսնում էր ինքզինքի կարևորության հաստատումն այլոց աչքերում:
Փաստորեն, զբաղված լինելուց զատ, Մարդը նաև չափազանց կարևոր մարդ էր:
Կարևոր Մարդը կանոններ սահմանելու կողմնակից էր, թեպետ նրա թաք ու բիր մտքերից կարելի էր ենթադրել, որ հենց դրա դեմ էր: Իհարկե, դեմ էր կանոններին ու ենթագիտակցության մեջ էլ ձգտում էր ապրել կանոններին դեմ: Ճիշտ այնպես, ինչպես երազում էր գնալ Կապույտ ճնճղուկների արահետ:
Թե ինչի էր ձգտում Մարդը կամ որ արահետում էին թևածում նրա մտքերը` կարելի էր եզրակացնել Մարդու կենսակերպից: Իսկ կենցաղում համակ օրենք էր ու օրենքի աննկուն պաշտպանը:
Մարդը կարգապահ էր, մաքրակենցաղ, խոսում էր ցածրաձայն ու մեղմ երանգներով, փայլուն դիվանագետ էր, այսինքն տիրապետում էր մտքերը վարպետորեն թաքցնելու հմտություններին, անգնահատելի աշխատող էր, գիտեր մարդկանց հետ վերաբերվելու ձևերը, հավակնոտ էր ու բոլորի կողմից հարգված…Մի խոսքով, նրա կերպարը որպես հասարակության բաղկացուցիչ միավոր` կարող էր մարմնավորել նույն հասարակության զարգացման հնարավոր ապագաներից լավագույն տարբերակը:
Կարևոր ու զբաղված Մարդը, սակայն կուլիսներում ասում էր, որ, իրականում, հոգին ձգտում է դեպի Կապույտ ճնճղուկների արահետ: Ավելի՛ն: Մարդու աչքերում գրված էր, որ նա ապրում է հենց Կապույտ ճնճղուկների արահետում ու գիտի զբաղված-կարևոր լինելու կենցաղով ապրելու կենսակերպը Կապույտ ճնճղուկների արահետում կազմակերպելու գաղտնիքները:
Ես դրան չէի հավատում, որովհետև համայն մարդկությունը ծնված օրվանից օտարված էր այնտեղից, թեպետ ժամանակ առ ժամանակ նրան հնարավորություն էր տրվում այցելել այնտեղ: Ամենայն հավանականությամբ այն բանի համար, որպեսզի մարդու գիտակցության մեջ պահպանվի Արահետի գոյության մասին հեքիաթը:
Զբաղված ու կարևոր Մարդը նայեց ուղիղ աչքերիս մեջ: «Պետք չէ նորեն հեծանիվ հայտնագործել,- ասաց նա,- քեզանից առաջ այդ ամենն արել եմ բոլորից, համենայն դեպս, քեզանից էլ լավ»:
Մարդը շարունակեց պատմել կյանքը, ասելով, որ այնքան մանրակրկտորեն է պլանավորել ու կազմակերպել այն, որ դրա առաջին կեսը զբաղված ու կարևոր մարդ լինելու համարմամբ ճանապարհորդելու գիտակցության թելադրանքով` իրեն մի այդքան էլ հատկացված ժամանակը բաժանել է էտապների ու հստակ գիտի ամեն շրջանի իր անելիքը:
Ես հիացած լսում էի նրան` հասկանալով, որ իրենից կարևոր ու խելացի մարդ չկա արար աշխարհում: Այո՛, այո՛, այդ ընթացքում ես հասկացա, որ զբաղված ու կարևոր լինելուց զատ, Մարդը նաև անչափ խելացի է:
Զբաղված, կարևոր ու խելացի Մարդը մի անգամ, երբ իր ժամանակից մի պուճուր հատկացրել էր ինձ` բերանից հանկարծ պլստացրեց, որ գնել է գերեզմանատեղ ու գիտի անգամ, թե ովքեր են գալու իր թաղմանն ու որ խանութից են գնվելու դագաղի վրա դրվող ծաղիկները:
Մարդն անտարբեր ժպտաց: Ավելի ճիշտ, իրեն թվաց, թե շատ ջերմ ժպտաց: Մարդու աչքերի մեջ գրված էր, որ նրա ժպիտը թևածում է Կապույտ ճնճղուկների արահետում:
***
Երբ նա մեռավ, ես գնացի թաղում, թեպետ հստակ գիտեի, որ նախապես կազմված ցուցակներում ներառված չեմ: Պետք էր տեսնել զբաղված, կարևոր ու խելացի Մարդուն` դագաղի մեջ պառկած: Ուզում էի հավաստիանալ, որ զբաղված, կարևոր ու խելացի մարդը նույնպես մեռնում է:
Նա հանգիստ դեմք ուներ: Աչքերը բաց էին: Դեմքի վրա դաջված ժպիտը ենթադրել էր տալիս, որ մահը Մարդուն պատահել էր ճիշտ այն ժամանակ, երբ հանկարծակի գիտակցել էր, որ բոլոր կարևոր գործերը երբեք էլ չեն վերջանում, իսկ նոր գործերն ավելի կարևոր են, քան նախկինները:
Ես ուզում էի լաց լինել, սակայն չկարողացա, որովհետև թաղմանը շատ մարդ կար:
Բոլոր այդ մարդիկ եկել էին թաղում, որովհետև այդպես էր Կարգը: Ոչ ոք լաց չէր լինում: Տխուր աչքերն ընդամենը դիմակ էին, որի հետևում թաքնված անիմաստ, անվերջանալի ու տարաբնույթ հոգսերը վստահ քայլերով նրանց տանում էին դեպի գերեզման:
Հաջորդ օրը գնացի Մարդու գերեզմանի վրա լաց լինելու: Այդ ընթացքում բազմիցս մտահայել էի նրա աշխարհն ու պարզել, որ Մարդու` անհրապույր ու անհետաքրքիր անձի ընկալումը իմ մեկնաբանությունն էր, որի հետ ինքը ոչ մի կապ չուներ:
Ես բերանքսիվայր պառկեցի նրա գերեզմանի կողքն ու անձայն արտասվեցի: Գերեզմանի վրա նստած Կապույտ մի ճնճղուկ կար:
Ես շարունակում էի լաց լինել, երբ Կապույտ ճնճղուկը ոստոստալով նստեց ուսիս ու հարցրեց.
-Ինչո՞ւ ես լաց լինում:
-Որովհետև տխուր եմ,- պատասխանեցի ես,- սիրելիս մեռավ:
-Մի տխրի՛ր,- ասաց Կապույտ ճնճղուկը:- Ես քեզ կտանեմ այնտեղ, որտեղ ապրում եմ,- ու թռավ:
Վերջին մեկնաբանություններ