«

»

Ապր 28 2014

Տպել Գրառում

Արմինե Պետրոսյան | ԱՂՋԻԿԸ ԳՆԴԻ ՎՐԱ

Արմինե Պետրոսյան

Արմինե Պետրոսյան

 

Դու հառնեցիր այլ կերպարում,

Ինչպես աղջիկը գնդի վրա,

Անմեղ պարզությամբ թեքուն՝

Վաղ Պիկասոյի կտավի վրա…

Եվգենի Եվտուշենկո

Իր ննջասենյակի առաստաղը Լիլիթին միշտ ավելի բարձր էր թվում, քան մյուս սենյակներինը: Պառկում էր բազմոցին ու ժամերով ուշադիր նայում առաստաղի պատկերներին, գծերին, ճաքերին: Մի անկյունում ճաքը հմուտ քարտեզագրի դեր էր ստանձնել ու գծագրել Ատլանտյան օվկիանոսը, երկու ափերին էլ  առանձնացել էին Եվրասիան ու  Ամերիկաները:

“Զզվում եմ քեզնից, Ամերիկա՛, զզվում”:

Լիլիթի դեմքը ծամածռվել էր, եղունգները խրել էր բարձի մեջ, անհանգիստ շարժումներ էր անում:

Խոհանոցից գոռգոռոցի ձայներ լսվեցին: Լիլիթը վեր կացավ տեղից, արդեն մոտենում էր դռանը, երբ ներս մտավ քույրը:

-Մոնա՛, ի՞նչ է պատահել:

-Չգիտե՞ս՝ նորից տատիկն ու մաման վիճում են:

-Հիմա՜ ինչի՞ համար:

-Ինչպես միշտ: Տատիկը մամային է մեղադրում պապայի կորելու համար, մաման էլ` տատիկին: Ասում է, որ լավը լինեիր, թագավոր տղես չէր գնա օտարություն, հիմա էլ ինչ գիտես, թե ինչ է եղել, մենակ թողնեն՝ գոռգոռաս: Մաման էլ ասում է` շանը սատկել չկա, հիմա մի անբարոյականի հետ թրև է գալիս: Տատիկն էլ թե` որ դու այդքան էլ չկաս, լավ կին լինեիր, մոտիցդ տասը տարով չէր գնա:

-Վա~յ, Աստված իմ, հետո՞:

-Էլ ինչ հետո, հիմա մաման առանձնացել է իր սենյակում ու լացում է: Օ՜ֆ, չգիտեմ, մի օր ես կգժվեմ իմ «իդեալական» ընտանիքի ձեռքը:

-Լավ, ես հիմա գնամ մամայի մոտ:

Լիլիթը դուրս եկավ սենյակից ՝ թողնելով  քրթմնջոտ ժպիտով Մոնային բազկաթոռին փլված:

-Մա՛մ, ի՞նչ է պատահել, դու գրեթե ամեն օր լաց ես լինում, ախր այդպես չի կարելի, ախր…

-Է~հ, թող, աղջի՛կս, թող ես իմ դարդով տապակվեմ:

– Մա՛մ, բայց ինչո՞ւ  ես այդպես վատ տրամադրված, լուն ուղտ ես դարձրել, քեզ թվում է` աշխարհում քեզնից դժբախտ մարդ չկա, բայց, հավատա՛, ավելի վատ էլ է լինում, նույնիսկ շատ ավելի վատ:

-Հա՛, դե սա շատ լավ է, ամեն ինչ ավելի քան իդեալական է. հորիցդ տասը տարի է` լուր չունենք,  պատճառն ինչ է, չգիտենք: Ամբողջ ընտանիքի ֆինանսական,  հոգեկան ու բոլոր-ական  հոգսը ինձ վրա է ընկած: Մոնան ամեն օր տանը նստած  է. խեղճ աղջիկս մի օր կգժվի: Տատդ  էլ տեղի- անտեղի վրաս է հարձակվում, մեղադրանքներ թափում գլխիս…

-Մա՛մ, չնայած բոլոր խնդիրներին` դու մեզ ունես` քո աղջիկներին, ովքեր քեզ աշխարհում ամեն ինչից շատ են սիրում ու գնահատում: Մենք, թեկուզ մեր պրոբլեմներով հանդերձ, քո կողքին ենք, իսկ կարող էր ավելի վատ լինել, ասենք…

-Լռի՛ր, հիմար բաներ չասես, ինձ միայն այդ էր պակասում: Գոնե իմանայի, որ հայրդ մահացել է, այսպես չէի տանջվի, բայց որ մտածում եմ, որ ինչ-որ լրբի պատճառով մոռացել է իր ընտանիքը, իր հարազատ երեխաներին, սիրտս պայթում է: Եթե մահացած լիներ, հաստատ  մի տեղից կիմանայինք, իսկ եթե անունը փոխել ու նոր կյանք է սկսե՞լ:

-Մա՛, ես զարմանում եմ, դու ոնց կարող ես գերադասել, որ պապան մահացած լինի, չէ՞ որ ցանկացած այլ դեպքում նա կարող է մի օր հայտնվել ու ամեն ինչ բացատրել, և ամեն ինչ իր տեղը կընկնի. թերահավատությամբ մի՛ նայի, մա՛, ես այդպիսի հույս ունեմ: Բայց պապան   մեզ շատ էր սիրում, չէ՞, ինչպե՞ս կարող էր այդպես վարվել մեզ հետ, հանկարծակի մոռանալ մեզ:

-Է՛հ, աղջի՛կս, հա, սիրում էր, բայց հայրդ թուլամորթի մեկն էր. գնացել է Նոյի ագռավի պես մի լեշի վրա ընկել, ամեն ինչ մոռացել:

-Բայց սկզբի մի տարին զանգում էր, մեկ-մեկ էլ փող էր ուղարկում:

-Հա՛, էյդպես էլ մի տարվա մեջ նույնիսկ մի հիմնական համար էլ չունեցավ, որ երբ պետք էր գալիս զանգեինք, միշտ սրա-նրա համարներով էր զանգում…Է~, դարդերս մի՛ քրքրի, Լիլի՛թ, ես չգիտեմ` ինչ եղավ, բայց ինտուիցիաս հուշում է, որ հայրդ ողջ է ու դավաճանել է իր ընտանիքին:

Սեդայի աչքերում վիրավորանքախառն կայծեր էին կուտակվում:

-Մա՛մ, իսկ եթե պատահել է ամենասարսափելին. եթե նա թրաֆիքինգի զո՞հ է դարձել…

-Ո՛չ մի թրաֆիքինգ, Լիլի՛թ, մի բաներ հնարիր, որ սրիկային խղճամ:

-Մա՛մ, դու շատ ես տանջվում, խնդրում եմ, գոնե մեկ-մեկ մոռացիր ամեն ինչի մասին ու մի քիչ հանգստացիր: Արի մի քիչ միասին թիկնենք, մեր մանկությունը հիշենք, խոսենք ուրախ բաների մասին: Գիտե՞ս` այսօր մեր գրականության դասախոսն ասաց, որ ինձ որպես իրեն փոխարինող է պատկերացնում:

-Իմ աղջի՛կ, իմ մխիթարա՛նք:

Լիլիթը գլուխը դրել էր մոր ուսին: Սեդան շոյում էր աղջկա մազերն ու ձեռքի ամեն շարժումի հետ մի բուռ ջերմություն շաղ տալիս:

….

Առավոտը Լիլիթի համար խոստանում էր հոգսաշատ լինել: Արթնացավ նախկին ընկերոջ զանգից:

-Գո՛ռ, լսում եմ:

-Լի՛լ, ես քեզ կարոտում եմ, լսո՞ւմ ես, Լ՛իլ, արի՛ հանդիպենք:

-Գո՛ռ, մենք երկար ժամանակ ունեինք մտածելու: Պետք չէ նորից նույն պատմությունները կրկնվեն: Վե՛րջ տուր, հա՞: Ես հազիվ եմ անցել նորմալ կյանքի, խնդրում եմ, ինձ հանգիստ թող:

-Լավ, էլի, Լի՛լ, էլ քեզ մի թանկացրու:

-Ի՞նչ: Նորից սկսեցիր: Վե՛րջ, էլ ինձ չզանգես:

Լիլիթը ջղային շարժումով անջատեց հեռախոսը, նայեց ժամացույցին, արդեն վեր կենալու ժամն էր: Մի ժամից համալսարանի դասերն սկսվում էին:

Դեռ չէր հասել լսարան, երբ նրան մոտեցավ մի կին:

-Մանուկյան Լիլիթը դուք եք, չէ՞: Ես ձեր դեկանի կինն եմ:

-Այո՛, տիկի՛ն Հովակիմյան, ես ձեզ ճանաչում եմ, մեր համալսարանում եք աշխատում, չէ՞:

-Այո, բայց ձեզ հետ եկել եմ խոսելու այլ թեմայով:

-Ի՞նչ թեմայով:

-Ես գիտեմ, որ դուք եք միջնորդել մեր երեխաների դայակի համար, նրա մասին էլ ուզում եմ խոսել:

-Ալլայի՞:

-Այո՛, այդ անբարոյական շահամոլի: Հասկանո՞ւմ եք` այդ լիրբը փորձում է քանդել իմ ընտանիքը: Չգիտեմ` ինչ լկտի պլաններ է մշակել, բայց հավատացնում եմ, որ Հրայրը իր ընտանիքը չի թողնի ինչ-որ ոչուփուչի պատճառով: Ես չեմ ուզում իջնել նրա մակարդակին, գնալ, հետը խոսել:  Փոխանցե՛ք այդ կնոջը , որ իզուր է ջանում պղտոր ջրում ձուկ որսալ, միևնույն է, ոչինչ չի ստացվի: Թող վերջ դնի ագահությանն ու կրքերին, հանգիստ թողնի ամուսնուս, այլապես իր հետ շատ վատ բաներ կպատահեն:

-Տիկի՛ն Հովակիմյան, ի՞նչ եք ասում,  դուք սխալվում եք, գուցե նրանց մասին սուտ լուրեր են տարածել:

-Ո՛չ, ես ինքս եմ լսել նրանց խոսակցությունը: Ավելացնելու ոչինչ չունեմ, այսօր ևեթ խոսե՛ք հետը, հաջողություն:

-Հաջողություն:

«Մի՞թե դա ճիշտ է: Եթե այո, ուրեմն պրն. Հովակիմյանը Ալլային խաբել է,  խոստումներ տվել, խեղճ միամիտն էլ հավատացել է: Գուցե ասել է, որ կնոջ հետ դժբախտ է, ուզում է բաժանվել և Ալլայի հետ ամուսնանալ, նա էլ ամեն ինչ հալած յուղի տեղ է ընդունել, սիրահարվել է: Օ~հ, ի՞նչ անեմ: Լավ, դասերից հետո կգնամ գնամ Ալլայի հետ խոսելու…Դժվար է»:

….

Ալլայենց մեկ սենյականոց բնակարանը բավական փոխվել էր, վերանորոգումներ էին արվել, նոր իրեր ավելացել: Լիլիթը շփոթված պատերին էր նայում ու չգիտեր, թե ինչից սկսել:

-Ալլա՛ ջան, էս երեխաները տանը չե՞ն:

-Չէ՛, Լիլի՛թ ջան, բակում խաղում են:

-Ավելի լավ:

Լիլիթը շուրթերը հավաքեց, խորը շնչեց, Ալլան զարմացած իրեն էր նայում, պետք էր մի բան ասել:

-Հետդ լուրջ խոսելու բան ունեմ:

-Ի՞նչ:

-Չգիտեմ էլ` ոնց սկսեմ: Հասկանո՞ւմ ես, ինձ համար դժվար է քեզ հետ այդ թեմայով խոսել, մանավանդ, որ ես այլ կարծիքի եմ լսածներիս մասին:

-Ի՞նչ ես լսել:

-Քո և պրն. Հովակիմյանի մասին, ճի՞շտ է:

-Կոնկրետ ի՞նչը:

-Դուք մտերի՞մ եք իրար հետ: Եվ ընդհանրապես, Ալլա՛, ինչո՞ւ ես խոսքը կտուրը գցում: Ասեմ, որ ես քեզ չեմ մեղադրում` ի տարբերություն ուրիշների:

-Ո՞ւմ:

-Ասենք՝ տիկին Հովակիմյանի:

-Ի՞նչ է ասել էդ բարբին:

-Չեմ հասկանում քեզ, գիտե՞ս: Նա էլ քո հասցեին էր վիրավորական խոսքեր ասում, մեղադրում շահամոլության մեջ: Բայց ինձ թվում է, որ պրն.Հովակիմյանն է քեզ  մոլորեցրել, երևի սարեր է խոստացել…

-Հրայրը ուղղակի չի խոստանում. նա ամեն ինչ կոնկրետ անում է:

-Ալլա՛, ո՞նց ես խոսում: Ես սկսում եմ քեզ չհասկանալ, դու գիտե՞ս, թե ինչ իրադրություն է ստեղծվել:

-Ի՞նչ իրադրություն,-Ալլան քմծիծաղը շուրթերին կանգնել էր, ու գլուխն անփութորեն հետ գցել:

-Մարդիկ քեզ անբարոյականության մեջ են մեղադրում: Կարող է քանդվել Հովակիմյանների երիտասարդ ընտանիքը, գոնե երեխաներին մեղք չե՞ս գալիս:

-Լիլի՛թ, Կառան երբեք չի թողնի Հրայրին. նա իր կթու կովն է: Հիմա  ինչ որ կասեմ, գուցե քեզ անբարոյական թվա, բայց ես չեմ փոշմանում իմ արածի համար ու ոչ ոքի էլ չեմ ափսոսում: Արդա՞ր էր, որ քսան տարեկանում կորցրի ամուսնուս, ինձ ո՞վ ափսոսաց. երբ  լիովին մենակ էի` երեխաներին պահելու բեռն էլ ուսերիս: Ես շատ համեստ էի ինձ պահում, բայց մարդիկ շարունակում էին բամբասել, սուտ բաներ հորինել, իսկ ազնվաբարո վարքիցս ո՛չ երեխաներս էին կշտանում, ո՛չ ամենօրյա հոգսս էր թեթևանում: Դեռ երեսուն տարեկան չկամ, բայց ինչ  ծանր գործ ասես, որ չեմ արել: Չեմ մտածել անձիս մասին, իսկ իմ տարիքի կանայք… գիշերները սոված ու լացով եմ անցկացրել, միայն թե երեխեքս մի քիչ կուշտ լինեն, շոր ունենան հագնելու, իսկ գիտե՞ս` ես էլ ժամանակին երազել եմ երեխաներիս հոյակապ հագցնելու,  զարգացած ու ապահովված մարդիկ դարձնելու մասին: Հիմա հնարավորություն է ստեղծվել, ու ինձ համար միևնույն է, թե ինչ կասեն մարդիկ, որոնք ինձ երբևէ չեն հասկացել ու չեն օգնել, եթե չեն խանգարել:

-Բայց, Ալլա՛, ինչի՞ գնով: Քեզ թվում է, թե այս վիճակը հավերժ շարունակվելո՞ւ է:

-Ո՛չ, ինչո՞ւ հավերժ: Ես Հրայրի հետ կապված որևէ հեռահար ծրագիր չունեմ: Չնայած նա միշտ հակառակն է պնդում, բայց ես գիտեմ, որ մի հերթական կին եմ նրա կյանքում: Ուղղակի ես փորձում եմ ճիշտ օգտագործել ինձ տրված հնարավորությունը, որը միայն որոշ ժամանակ է տևելու:

-Իսկ հետո՞:

-Հետոն ոչ ոք չգիտի:

-Հետո էլ մի ուրիշ Հրայր կգտնե՞ս:

-Մի՛ կոպտիր, Լիլի՛թ: Ես ավելի բարոյական ծրագրեր ունեմ: Հուսով եմ՝ այս ընթացքում Հրայրը ինձ համար լավ վարձատրվող աշխատանք կգտնի, և ես այլևս հրայրների կարիք չեմ ունենա:

-Քո տրամաբանությունը ինձ համար որքան ընդունելի, այնքան էլ մերժելի է, ես չգիտեմ՝  ինչ ասեմ:

-Ոչինչ մի՛ ասա: Դու ուղղակի չես կարող պատկերացնել իմ դրությունը ու այդ պատճառով էլ ինձ չես հասկանա: Ես քեզ շնորհակալ եմ, որ իմ մասին մտածում էիր, որ ինձ համար գործ ճարեցիր…

-Ես հիմա արդեն փոշմանում եմ:

-Մի՛ փոշմանիր: Ոչ մի սարսափելի բան չկա ու չի լինի, մեր հարաբերությունները մեր ընտանիքների վրա վատ ազդեցություն չեն ունենա: Կառան շուտով կհաշտվի ամուսնու հերթական սիրուհու առկայության հետ, կսպասի մեր բաժանմանը, որը շատ երկար չի տևի:

-Աստված տա, որ հնարավորինս շուտ աշխատանքի տեղավորվես ու վերջ տաս այդ խայտառակ կապին: Լավ, ես անհետաձգելի գործեր ունեմ, հիմա գնամ:

-Հաջողություն, շտապո՛ղ երիտասարդության ներկայացուցիչ:

-Հաջողություն, Ալլա:

….

Լիլիթը քայլում էր փողոցով, միտքն զբաղված էր օրվա լսածն ու տեսածը վերլուծելով:

«Երբեք չէի պատկերացնի, որ Ալլան…»:

Սպիտակ ավտոմեքենան կտրուկ կանգնեց Լիլիթի կողքին: Աղջիկը վաղուց էր նկատել, որ այդ մեքենան իր տեսադաշտում հաճախ է հայտնվում, բայց փորձել էր ուշադրություն չդարձնել: Մեքենայի դուռը բացվեց: Դուրս եկող երիտասարդը մոտեցավ Լիլիթին, ցածրաձայն բարևեց և գլուխը թեթևակի խոնարհեց:

-Օրիո՛րդ Լիլիթ, ես ձեզ նամակ ունեմ հանձնելու:

-Դուք ո՞վ եք:

-Դա կարևոր չէ, իսկ նամակի բովանդակությունը, իրոք, ձեզ համար շատ կարևոր է:

-Ի՞նչ նամակ:

-Վերցրե՛ք, ցտեսություն:

-Ցտեսություն:

«Լիլի՛թ, ես գիտեմ, որ դու փնտրում ես հորդ: Եթե ուզում ես նրա մասին ստույգ տեղեկություններ իմանալ, ե՛կ ներքևում նշված հասցեով: Ոչ ոք չպիտի իմանա այս մասին, թե չէ հետո ինքդ կզղջաս»:

«Սա ի՞նչ է, Աստվա՛ծ իմ: Խա՞ղ է, թակա՞րդ, թե՞ հայտնություն»:

Լիլիթը երկար ժամանակ անշարժ կանգնել էր մայթին: Կողքից սլացող մեքենայի շչակի ձայնն սթափեցրեց նրան: Ցրված քայլերն ուղղվեցին դեպի տուն տանող ճանապարհը:

«Սիրտս դողում է: Գնում եմ՝ հույս ունենալով, որ ծուղակի մեջ չեմ ընկնի, որ մի նոր բան կիմանամ պապայի մասին: Աստվա՛ծ իմ, ինձ հետ եղի՛ր, ինձ չլքե՛ս, խնդրում եմ: Սա էլ հյուրանոցը: Ի~նչ ճոխն է: Հիշում եմ՝ երրորդ հարկ, երկրորդ դուռ: Իսկ եթե բացեմ, ու խփեն գլխիս, ինչպես կինոներում է լինում: Աստվա՛ծ, էդպիսի բաներ թող չլինեն, խնդրում եմ»:

Լիլիթի մատները տագնապներից առաջ ընկան՝ սեղմելով զանգի կոճակը:

-Բաց է, մտի՛ր, Լիլի՛թ:

Սեփական անունը դռան հետևից լսելն  ավելի անհանգստացրեց աղջկան:

«Աստվա՛ծ իմ, ինձ հետ եղիր»:

Հենց միջանցքում կանգնած էր մի լայնաթիկունք տղամարդ: Նա ջերմ ժպտում էր:

-Բարև Ձեզ , պարո՛ն:

-Բարև, Լիլի՛թ, առաջ համեցիր:

Հարյուր տարվա ծանոթի իրավունքով խոսող տղամարդը շատ կասկածելի էր իրեն պահում:

-Պարո՛ն, դուք ճանաչո՞ւմ եք ինձ:

-Իհարկե, դու էլ ինձ ես ճանաչում:

-Պարո՛ն, ձեր ձայնը…բայց դա չի կարող պատահել:

-Ոչ միայն ձայնը, քեզ ծանոթ է նաև իմ արտաքինը, չնայած որոշ չափով փոխվել եմ:

-Ո՛չ, սխալվում եք. ձեր արտաքինով մարդու ես չեմ ճանաչում:

-Դե, ես հիմա կհանեմ ակնոցս, բեղերս ու պարիկս: Ահա՛: Հիմա՞ էլ  չես ճանաչում:

-Ի՞նչ: Չի կարող պատահել, ինձ թվում է…

-Ոչինչ էլ չի թվում, աղջի՛կս, Լիլի՛թս, ես գիտեի, որ դու կգաս, խնդրում եմ, արի՛ քեզ գրկեմ:

-Պապա՞, դո՞ւ ես:

-Ես եմ, հրեշտա՛կս, արի՛:

-Սպասի՛ր,-Լիլիթը չզգաց, թե ինչպես բարձր գոռաց, բայց սեփական ձայնի տոնայնությունից շշմած՝ գլուխը կախեց:

– Գիտե՞ս` ինչքան եմ հավատացել ու սպասել այս հանդիպմանը,-աղջկա ձայնը խզվել էր,- բայց երբեք այսպես չեմ պատկերացրել: Ինձ թվում էր, թե ես կհուզվեի, կվազեի գիրկդ, ու իրար գրկած երկար կնստեինք, կլացեինք, կարոտներս կառնեինք, կպատմեինք կատարվածը, բայց դու… օտար մարդ ես ինձ համար, ու հիմա ինձ հուզում են միայն այս հարցերը` ո՞ւր էիր, ինչո՞ւ մեզ թողեցիր:

Լիլիթի մարմինը շերտավորվել էր, ու ամեն մի ճաքի մեջ սառույցի բեկորներ էին խցկվել: Գլուխը բացվել ու արձակուրդի էր ուղարկել պարունակությանը: Մնացել էր մի ժապավեն, որի վրա մի շարք հարցեր էին. «Ո՞ւր էիր, ինչո՞ւ մեզ թողեցիր: Ինչո՞ւ տուն չես եկել, ինչո՞ւ ես միայն ինձ կանչել»:

-Ճիշտ ես, աղջի՛կս, մի պահ մոռացա տարիների բացը ու մտածեցի, որ կարող եմ հրեշտակներիցս մեկին ազատ գրկել, ոնց որ մի շաբաթով եմ ձեզնից հեռացել ու հիմա եկել եմ կարոտս առնելու:

Տղամարդը ձեռքը տարավ ծխախոտատուփին: Ծխախոտներից մեկն հանելու անհաջող փորձերից հետո բռունցքը խփեց սեղանին, հայացքը թեքվեց դեպի պատուհանը, իսկ ձեռքն ինքնաբերաբար սկսեց տրորել, փշրել ծխախոտի գլանակները:

-Ես կպատմեմ իմ պատմությունը, ու դու ինքդ կդատես ինձ,-սկսեց Սուրենը,- ես քեզ կանչեցի, որովհետև իմացա՝ միայն դու էիր շարունակում ինձ սպասել ու բացի այդ դու ավելի խելացի ես, կշռադատող, կարող ես  մյուսներին ճիշտ բացատրել  կատարվածը: Իմ այստեղ լինելը խիստ գաղտնիք է, ու ոչ ոք չպիտի իմանա, այլապես ինձ մեծ վտանգ է սպառնում:

-Գուցե սկզբի՞ց սկսես:

-Լավ, սիրո՛ւնս: Գիտես` ընկերներիս հետ գնացինք Ամերիկա` հեշտ ու լավ աշխատանքի հույսով: Բայց ամեն ինչ այդպես գունավոր  չէր: Մեզ կանչողի` Գևորգի գործերը վատացել էին, ու նա հրաժարվեց մեզ օգնել: Մենք հազիվ թեթև աշխատանքներ էինք գտնում: Այդ ընթացքում ես ծանոթացա ընկերներիցս մեկի գործատուի` միսիս Կատրինի հետ: Նա սկզբից ևեթ հետաքրքրվեց ինձնով. ուշադիր նայում էր ու քթի տակ ինչ-որ բաներ մրմնջում, բայց ինձ աշխատանքի չվերցրեց: Որոշ ժամանակ անց ես ընկա մի տարօրինակ պատմության մեջ. այն տանը, որտեղ մնում էի, ոստիկաններն հայտնաբերել էին թմրանյութ ու կասկածում էին բոլոր վարձակալողներին: Նույն օրը իմ պահարանում տեսա մի փոքր տուփ` լցված թմրանյութով, շատ զարմացա, որ հետախուզումից հետո ոստիկանները չէին գտել այդ տուփը, հետն էլ սարսափեցի` մտածելով` ինչ կարող է կատարվել ինձ հետ: Այդ օրը ինձ զանգեց ընկերս ու ասաց, որ միսիս Կատրինը լսել է մեր բնակարանում կատարվածի մասին, ուզում է հանդիպել ինձ հետ ու եթե պետք է, նաև օգնել: Ես ուրախացա. դա  հույսի նշույլ էր, որ կարող էր ինձ փրկել անսպասելի վտանգից: Մենք հանդիպեցինք, զրուցեցինք այդ թեմայի շուրջ, ես ճիշտ համարեցի Կատրինին ասել նաև ինձ մոտ եղած տուփի մասին, որը հետս էի վերցրել, որ որևէ աննկատ վայրում շպրտեի, չնայած մտածում էի, որ ոստիկանները ինձ էլ են հետևում: Կատրինն ասաց, որ ինքը շատ լավ փաստաբան ունի, ով կարող է հանգիստ կերպով ինձ դուրս հանել ստեղծված իրավիճակից, բայց մինչ այդ ամենը, ես պիտի ապրեմ իր տանը՝որպես իր ընկեր: Ես համաձայնեցի: Դրսից լուրերը Կատրինն էր ինձ բերում, ասում էր, որ գործը շատ լուրջ բնույթ է ստացել, որ շատերին են ձերբակալել, ինձ էլ փնտրում են: Ես վախից ու անկարողությունից քարացել էի, չգիտեի` ինչ անել: Կատրինն ասաց, որ շատ է ուզում ինձ փրկել, որովհետև խելացի և համակրելի տղամարդ եմ, ու միակ բանը, որ ինձ կարող է օգնել, այն է` փոխել անձնագիրս: Պարզ է, ես համաձայն էի: Նա շատ շուտ կազմակերպեց այդ ամենը: Մի օր էլ ասաց, որ ոստիկանները ընկել են հետքի վրա, ուզում են իր տուն գալ, իսկ եթե տանը հայտնաբերեն օտար տղամարդու, կսկսեն կասկածել, կխորանան ու…Ելքը, ըստ Կատրինի, մեր ամուսնությունն էր, որը օրինական էր դարձնելու իմ ներկայությունը Կատրինի տանը և կյանքում: Չգիտեմ` հիմա ինչ ես մտածում, բայց իմ իրավիճակում ես այլ կերպ վարվել չէի կարող, համաձայնեցի: Այնպես դասավորեց փաստաթղթերը, որ մենք արդեն երեք տարվա ամուսիններ էինք ձևակերպվել: Ես նորից լույս աշխարհ դուրս եկա: Մի օր էլ Կատրինն ասաց, որ ինքը չի հասցնում վերահսկել իր բոլոր գործերը և ուզում է իր օբյեկտների ցանցերից մեկը իմ անունով գրանցել: Ես միայն ուրախ էի, մտածում էի` կաշխատեմ, գումար կկուտակեմ, մի մասը Կատրինին կտամ շնորհակալության փոխարեն, մյուս մասն էլ կվերցնեմ ու կվերադառնամ ընտանիքիս մոտ: Բայց…բոլոր թղթերը ստորագրելուց հինգ օր հետո պարզվեց, որ ես ղեկավարելու էի Կատրինի ներհատակյա խաղատների ցանցը, որը օրինական չէր, ու սրանց հետ կապված ամեն ինչ խիստ գաղտնի էր:

Լիլիթի հեռախոսը զանգեց: Նոր իրականության վարագույրը մի կողմ քաշվեց: Լիլիթի ընկերուհին էր, ում զգուշացրել էր իր գաղտնի այցի մասին:

-Ալո, Սո՛ն: Սո՛ն, հետո քեզ կզանգեմ:

-Լիլի՛թ, ես զանգել եմ՝ տեսնեմ ամեն ինչ նորմա՞լ է, վտանգավոր բան չկա՞:

-Չէ՛, չէ՛, հետո կհանդիպենք, կպատմեմ:

-Լավ, Լի՛լ ջան:

Հեռախոսը դնելով պայուսակի մեջ՝ Լիլիթը նստեց աթոռին ու կկոցող աչքերն հառեց հոր երեսին: Դեռ ամեն ինչ պարզ չէր, բայց եղածն էլ ասես մի գրքի պատառիկ լիներ, մոռացված ֆիլմի մի կադր, որ Լիլիթի առօրյայի որևէ մաս կազմել չէր կարող:

-Ի՞նչ էր եղել, աղջի՛կս:

-Ոչի՛նչ: Դու քո պատմությունը շարունակիր, ինձ համար դեռ շատ հարցականներ կան:

-Իհարկե: Էդպես ես ոչ իմ կամքով հայտնվեցի մի աշխարհում, որի օրենքների մասին մինչ այդ պատկերացում չունեի: Այդ ընթացքում ես իմացա  ճշմարտությունը` կապված ինձ հետ. երբ ես առաջին անգամ հանդիպել էի Կատրինին, նա այդ ժամանակ շատ խառը դրության մեջ էր եղել, մենակ չէր հասցրել գլուխ հանել ամեն ինչից: Կատրինը որոշել էր գտնել մի խելացի, հավատարիմ մարդու, ով կօգներ իրեն վերահսկելու իր բիզնեսի  գործունեությունը: Հենց առաջին հանդիպման ժամանակ նա գնահատել էր իմ խելքն ու ունակությունները, և որպեսզի ես նաև հավատարիմ “ծառա” դառնայի, կազմակերպել էր թմրանյութի հետ կապված այդ ներկայացումը: Նա կեղծ ոստիկաններ էր ուղարկել մեր վարձակալած բնակարան, որոնց նպատակն էր եղել ստեղծել խուճապային իրավիճակ և թմրանյութի նման ինչ-որ փոշի տեղավորել իմ պահարանում: Մնացածը եղել էր այնպես, ոնց այդ խորամանկ ամերիկուհին էր ծրագրել: Ճշմարտությունն ինձ հունից հանել էր,  ինձ վրա էլ էի ջղայնացած իմ անճարակության, իմ հիմարության ու մարդկանց հեշտորեն հավատալու և վստահելու համար (չնայած հիմա մտածում եմ, որ շատերը իմ վիճակում ծուղակը կընկնեին. ես շատ քիչ գիտեի անգլերեն, ամերիկյան օրենքներից բան չէի հասկանում և հատուկ թուլություն ունեմ` վստահում եմ կանանց): Կատրինից բացատրություն պահանջեցի. նա չժխտեց իրողությունը, բայց ավելացրեց, որ կոպտելու փոխարեն պիտի շնորհակալ լինեմ, որ ինձ դարձրել է հարստության, գեղեցիկ կնոջ ու փառքի տեր: Ես արհամարհական խոսքեր շպրտեցի նրա հասցեին  ու ասացի, որ հիմա այլևս ինձ ոչինչ չի պահում իր մոտ, ու ես պատրաստվում եմ վերադառնալ իմ հայրենիք: Նա լկտիաբար հռհռաց` ասելով, որ դա անհնար է: Ասաց, որ իր մոտ կան այնպիսի փաստաթղթեր, նկարներ ու տեսագրություններ, որոնք եթե տրվեն ոստիկանությանը, այս անգամ ես հաստատ կհայտնվեմ բանտում, որտեղ կանցկացնեմ մնացած ամբողջ կյանքս: Ես պահանջեցի, որ նա ինձ տա իր նշած ապացույցները, որպեսզի ես համոզվեմ նրա խոսքերի իսկությանը: Մի ժամից նա ինձ ուղարկեց ամեն մեկից մի-մի օրինակ, որոնք ես ցույց տվեցի ինձ ծանոթ ու վստահելի մի փաստաբանի: Փաստաբանը հաստատեց Կատրինի ասածը, նա նաև ասաց, որ ես դժվար թե կարողանամ ապացուցել Կատրինի մեղավորությունը, որովհետև համապատասխան նյութեր չունեմ, բացի այդ էլ ցանկացած դեպքում ես ցմահ բանտարկության կարող եմ ենթարկվել: Ես գազազել էի, գժվում էի, բայց որևէ բան անել անկարող էի: Ստիպված էի նորից մնալ Կատրինի մոտ` նրանից հավերժ կախվածության մեջ: Այդ կինը ինձ նաև զգուշացրեց, որ եթե ես փորձեմ փախչել, նա ինձ սպանել կտա: Այդպես ստրկական կախվածության ու ենթադրյալ ազատության մեջ ես անցկացրի ևս մի քանի տարի: Առողջությունս սկսեց քիչ-քիչ վատանալ, գնացի բժշկի մոտ, ու պարզվեց, որ ես անբուժելի հիվանդ եմ, ու ինձ ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել:

-Ինչպե՞ս, մի՞թե դա ճիշտ է:

-Ճիշտ է, հրեշտա՛կս, ճիշտ է: Բայց գիտե՞ս, ես բնավ չտխրեցի, ընդհակառակը, ուրախ էի, որ շուտով Աստված ինքը վերջ կդնի իմ անիմաստ գոյությանը, բայց մինչ այդ  համարձակություն ձեռք կբերեմ կատարելու տարիների իմ բաղձանքը: Ես հնարամիտ մի ծրագիր մշակեցի, ու Իսպանիայում գտվող ընկերոջս օգնությամբ մենք իրագործեցինք այն: Ծպտված վիճակում հասա Հայաստան, որտեղ ընկերոջս տղան, որ եկել է այստեղ բժշկական համալսարանում սովորելու, օգնեց ինձ տեղավորվելու հյուրանոցում և տվյալներ հավաքելու ընտանիքիս մասին: Շատ գովելի երիտասարդ է, դու նրան կճանաչես, քեզ իմ նամակն էր բերել:

-Ուրեմն նամակաբե՞րն էր:

-Հա: Ես գրեթե ամեն ինչ գիտեմ ձեր մասին: Անասելի տխրեցի մամայի մահվան համար. այդպես էլ չկարողացա մորս մի վերջին անգամ գրկել, բայց մտածում եմ` շուտով էն աշխարհում իրար կհանդիպենք ու փափագներս կառնենք:

-Էդպես մի՛ ասա, գուցե բուժվում ես, մեզ մոտ բժշկությունը շատ զարգացած է:

-Կարենն էլ է բժիշկ, այս տարի է ավարտում: Իր դասախոսի մոտ էլ տարավ. նույն ախտորոշումն է, բայց դու մի՛ տխրիր, այս կարճ ժամանակամիջոցում ես պիտի, պիտի վերագտնեմ կորցրածս:

-Պապա՛, ի՞նչ ես մտադիր անել:

-Պապա՞, վերջապես ինձ պապա ասացիր: Ես խնդրում եմ քեզ, իրավիճակը բացատրի՛ր տնեցիներին. եթե նրանք ներեն ինձ, թող հերթով այցի գան, իրար տեսնենք, կարոտներս առնենք: Բայց ինչ էլ որ անեք, Կարենի հսկողությամբ արեք, նա շատ զգույշ է ու ձեզ էլ չի թողնի որևէ վտանգավոր քայլ անել:

-Լավ: Դու կարծում ես` մե՞զ էլ է վտանգ սպառնում:

-Ամեն ինչ էլ սպասելի է, չնայած Կատրինն էլ գիտի, որ անբուժելի եմ ու հույս ունեմ` շատ ջանքեր չի թափի ինձ հետ տանելու համար:

-Հուսանք:

-Արի մի քիչ էլ քեզնից խոսենք:   Գիտեմ, որ լավ ես սովորում, որ մեծ ապագա ես ունենալու: Քեզ ու Մոնայի համար  հաշիվ եմ բացել բանկում: Ձեր հաշվեկշռին բավականաչափ գումար կա` լավ ապագայի համար: Նաև գիտեմ, որ մի երիտասադի հետ ես հանդիպում: Սիրո՞ւմ ես նրան:

-Էի:

-Ի՞նչ է եղել:

-Ոչինչ, ամեն ինչ անցած է:

-Պարզ է: Աղջի՛կս, դու չասացիր` ինձ ներո՞ւմ ես:

-Իսկ այլ տարբերակ ունե՞մ:

-Ո՛չ,-Սուրենը թեթևացած ծիծաղեց,- դե, վերջապես կգաս մի կուշտ գրկեմ քեզ:

Ոտքերը Լիլիթից առաջ ընկան:

….

Թռչունը թևին էր տալիս ու պտտվում տան շուրջը: Փետուրներն ընկնում էին տերևների խրձերի մեջ ու խառնվում խշխշոցի հնչյուններին: Հնչյունները երգ էին դառնում ու հոսում ընտանիք վերադարձած Սուրենի տան պատերի ու հատակի վրայով:

Աշունը ձմեռ էր դառնում, ձմեռը՝ գարուն, թռչունները վալս էին պարում օդում ու թափվող փետուրներով զարդարում ձյան մնացորդներից ազատված բակերը: Սուրենի ընտանիքում սերն ու ջերմությունը թև թևի տվել, միացել էին թռչունների պարին:

Ամենաերջանիկ վայրկյաններին Լիլիթը կիսաձայն շշնջում էր. «Աստվա՛ծ իմ, թող պապաս մի քիչ էլ մեզ հետ մնա, ախր այնքան երկար ենք անհայր մնացել»:

Ժամանակային ըմբռնումները հարաբերական են… Մայիսի սկիզբն էր, երբ Սուրենը ուժեղ նոպաներ ունեցավ: Մինչ Կարենի գալը, նրա հոգին արդեն անցել էր անիմանալիի դարպասները:

….

Ճոճաթոռը հետուառաջ էր անում՝ տարուբերելով Լիլիթին: Աղջիկը ձեռքի հետ քաղում էր խոտերը ու շաղ տալիս ուր պատահեր: Հայացքը մխրճվել էր մոխրաերկնագույն զանգվածի մեջ, աչքերը կտրել-անցել էին բոլոր պատնեշներն ու հասել անսահմանության տիրույթներ:

Մտքերը սլանում էին ամպերի հետ, ապա ծառս լինում ու խորանում գոյի ու անգոյի բոլոր ծակուծուկերը:

«Պապան էլ մեզնից հեռացավ: Ցավալի է, ես երբեք չէի ուզում համակերպվել այդ մտքի հետ, բայց սկզբից էլ ամեն ինչ պարզ էր ու անխուսափելի: Նա հասցրեց կատարել իր ցանկություններից նվիրականներն ու գնաց, ոնց ինքն էր ասում` միանալու տատիկին: Պա՛պ ջան, մի օր մենք էլ ձեզ կմիանանք: Մի օր, երբ կվերջացնենք կատարել մեր անելիքը, այն միսիան, որի համար աշխարհ ենք եկել, կհեռանանք այստեղից և կգանք ձեզ մոտ:

Տեսնես այլ աշխարհնե՞ր էլ կան, զուգահեռ իրականություննե՞ր, այլ մոլորակնե՞ր, չգիտեմ, բայց ինչքան էլ մեր երկիրը ապրելու համար լավագույն վայրը չլինի, միևնույն է, բոլոր աշխարհները թափառելուց հետո էլ ես կարծում եմ, որ սիրով կուզեի մի կյանք էլ ապրել մեր մոլորակում: Չնայած բոլոր դժվարություններին ու տհաճություններին`այնքան ձգող ու գրավիչ է…Է~հ, Լիլի՛թ, Լիլի՛թ,, նորից սկսեցիր անիմաստ փիլիսոփայել, ավելի լավ է գնա՛ ու թեյդ խմիր… »:

Ճոճաթոռը շարունակում էր օրորվել, իսկ մոխրաերկնագույն զանգվածն իր մեջ էր առել Լիլիթի ճմրթված ժպիտն ու աներիզ մտքերը և ծածուկ պահել ամենախորը ծալքերում:

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>