Guillaume Apollinaire, 1880-1918
Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Զ Ո Ն Ա
(հատվածներ)
Ի վերջո դու հոգնել ես1) այս հին աշխարհից
Օ հովվուհի Էյֆել2) կամուրջների հոտը մայում է այս առավոտ
Դու զզվել ես ապրելուց հունա-հռոմեական հնադարում
Այստեղ անգամ ինքնաշարժերն են հինավուրց թվում
Միայն կրոնն է մնացել նոր կրոնն է միայն մնացել անպաճույճ ինչպես անգարները Պոր Ավիասյոնի
Օ քրիստոնեություն Եվրոպայում միայն դու հին չես
Ամենաարդիական եվրոպացին դու ես Պապ Պիոս X
Իսկ քեզ ում հետևում են լուսամուտները ամոթը չի թողնում
որ Եկեղեցի մտնես ու խոստովանես այս առավոտ
Դու կարդում ես գովազդները կատալոգները ազդագրերը որ երգում են զիլ
դա պոեզիան է այս առավոտվա իսկ արձակը թերթերն են
25 սանտիմով կարող ես գնել ոստիկանական պատմություններ
Մեծ մարդկանց դիմանկարներ և շատ այլ բաներ
Այս առավոտ ես3) մի գեղեցիկ փողոց տեսա որի անունը մոռացել եմ
Մաքուր ու նոր այն շեփոր էր
Տնօրենները բանվորները մեքենագրուհիները սիրունիկ
երկուշաբթի առավոտվանից մինչև շաբաթ երեկո չորս անգամ անցնում են այնտեղով
առավոտյան չորս անգամ այնտեղ շչակն է զռռում
Մի կատաղի զանգ հաչում է այնտեղ կեսօրին մոտ
Գրությունները ցուցանակներն ու պատերը
Ազդագրերը ծանուցումները ճղճղում են թութակների պես
Ես սիրում եմ գրավչությունն արդյունաբերական այդ փողոցի
որ Փարիզում է Aumont-Thieville փողոցի ու des Ternes պողոտայի միջև
Ահա մանկությանդ փողոցը դու երեխա ես
Մայրդ քեզ հագցնում է կապույտ -կարմիր շորեր4)
աստվածավախ ես շատ ու քո ամենահին ընկերոջ Ռընե Դալիզի հետ5)
ամենից շատ սիրում էիք Եկեղեցու արարողակարգ
Ժամը ինն է գազի լապտերը վառվում է թույլ ամբողջովին կապույտ թաքուն դուրս եք գալիս ննջարանից
Ողջ գիշեր աղոթում եք կոլեժի խորանում…
………………………………………………………………………………………..
Դու Կոբլենցում ես Geant հյուրանոցում
Ահա Հռոմում ես նստած ճապոնական զկեռենու տակ
Ահա Ամստրդամում ես մի ջահել աղջկա հետ որին գեղեցիկ ես համարում բայց նա տգեղ է
և պիտի ամուսնանա լեյդենցի մի ուսանողի հետ
Այնտեղ սենյակներ են վարձում լատիներեն Cubicula locanda
Հիշում եմ երեք օր անցկացրի այնտեղ նույնքան էլ Գուդայում
Դու դատաքննիչի մոտ ես Փարիզում
որպես հանցագործի քեզ ձերբակալում են6)
Դու և տխուր և անհոգ ճանապարհներ անցար
Մինչ սուտն ու տարիքիդ բեռը կծանրանային
Տառապեցիր սիրուց քսան տարեկանում հետո երեսուն
Ապրեցի խենթի պես ժամանակս կորցրի
Ու հիմա ձեռքերիս նայել չեմ համարձակվում ու ամեն վայրկյան
կուզենայի հեկեկալ
Եվ խմում ես օղին դու կյանքիդ նման այրող
կյանքդ որ խմում ես որպես օղի
Գնում ես Auteuil7) ուզում ես տուն գնալ ոտքով
քնել Օվկիանիայի ու Գվինեայի հմայիլներիդ միջև8)
Դրանք քրիստոսներ են մի այլ ձևի մի այլ հավատքի9)
Փոքր քրիստոսներ աղոտ հույսերի
Մնաս բարով մնաս բարով
Գլխատված Արև:10)
Ա Ն Ն Ի
Թեքսասի ափերին
Մոբիլի ու Գալվեստոնի միջև
Մի պարտեզ կա վարդերով լի
ու նաև մի ամառանոց
նման վարդի.
Հաճախ մի կին մեն-մենակ զբոսնում է
այդ պարտեզում
Երբ անցնում եմ լորիներով եզերված ճանապարհով
Մենք իրար ենք նայում:
Քանզի կինը մենոնիտ է*
Իր վարդերը չունեն կոկոն ոչ էլ զգեստը կոճակներ
Բաճկոնիս էլ երկու կոճակ են պակասում
Կինը ու ես գրեթե
նույն ծիսակարգին ենք հետևում:
Ճսնապարհորդություն
Ըստ Ապոլիների ընկերոջ՝ Ֆերնան Ֆլյորեի, որին նվիրված է այս բանաստեղծությունը,«Ճանապարհորդությունը» այն «անգլուխ ու անպոչ ժողովրդական եղերերգերից» է, որ իրենք երկուսով հորինում էին քայլելով փողոցում , զվարճանքի համար, երբ միասին դուրս էին ելնում Փարիզի Ազգային Գրադարանից:
Բացեք այդ դուռը որ թակում եմ ես արտասվելով
Կյանքը փոփոխուն է ինչպես Եվրիպը11)
Դու նայում էիր ամպերի կույտին որն իջնում էր
որբ նավի հետ դեպի ապագայի տենդեր
Ու բոլոր այս ափսոսանքները մեղանչումները բոլոր
հիշում ես դու
Ալիքներ կամարձև ձկներ ծովի ծաղիկներ
Մի գիշեր ծովն էր
Եվ գետերն էին տարածվում այնտեղ
Ես հիշում եմ հիշում եմ դեռ
մի իրիկուն իջա մի տխուր պանդոկ
Լյուքսեմբուրգի մոտ
Սրահի խորքում մի Քրիստոս էր երկինք բարձրանում
Ինչ-որ մեկը ժանտաքիս ուներ
Մեկ ուրիշը ոզնի
Թղթախաղ էին խաղում
Իսկ դու ինձ մոռացար
Հիշիր կայարանների որբանոցը երկար
Մենք անցանք քաղաքներով որ պտտվում էին ողջ օրը
իսկ գիշերը փսխում էին ցերեկվա արևը
Օ նավաստիներ աղոտ կանայք և դուք ընկերներ
Հիշեք այդ մասին
Երկու նավաստի որ երբեք չլքեցին իրար
երկու նավաստի որ երբեք իրար հետ չխոսեցին
Ամենաջահելը նրանցից մեռնելով ընկավ մի կողմի վրա
Օ դուք ընկերներ իմ թանկագին
Կայարանների էլեկտրական զանգեր հնձվորների երգ
Մսագործի սայլակ անթիվ փողոցների գունդ
Կամուրջների հեծելազոր ալկոհոլից սփրթնած գիշեր
Քաղաքները որոնք ես տեսա ապրում էին հանց խենթեր
դու հիշում ես ծայրամասերի ու բնանկարների հոտը աղիողորմ
Կիպարիսները լուսնի տակ պատկերագծում էին իրենց ստվերը
Ես ականջ էի դնում այդ գիշերվան ամռան մայրամուտին
Մի սրտաճմլիկ թռչուն ու միշտ նյարդային
Ու ձայնն հավերժական լայն խավար գետի
Մինչ մեռնելով դեպի գետաբերանն էին գլորվում
Բոլոր հայացքները բոլոր հայացքները բոլոր աչքերի
Խոտածածկ ափերն ամայի էին ու լուռ
Իսկ լեռը մյուս ափին շատ պարզկա էր
Այդժամ անաղմուկ երբ չի երևում ոչ մի ապրող բան
Սարի վրայով անցան կենդանի ստվերներ
Կիսադեմով կամ հանկարծ շրջելով իրենց դեմքն աղոտ
ու իրենց ստվերների սայրերը պարզելով առաջ
Ու մեկ էլ ստվերները սարի վրա
մեծանում էին ու փոքրանում զուգահեռաբար
Ու ստվերներն այդ մորուքավոր արտասվում էին մարդու նման
Քայլ առ քայլ սահելով սարի վրայով
Ում ես ճանաչում արդ այս հին լուսանկարների մեջ
Հիշում ես այն օրը երբ մի մեղու ընկավ կրակի մեջ
Հիշում ես դա ամռան վերջին էր
Երկու նավաստի որ երբեք չլքեցին իրար
Ավագը նրանցից վզին կրում էր ոսկե շղթա
Կրտսերն իր շեկ մազերը կապում էր հյուսքով
Բացեք այդ դուռը որ թակում եմ ես արտասվելով
Կյանքը փոփոխուն է ինչպես Եվրիպը
———————————————————————————————
1)Բանաստեղծը դիմում է ինքն իրեն
2)Կուբիստ արվեստագետները հաճախ էին անդրադառնում Էֆելյան աշտարակի հառնող պատկերին
3) Անցումը առաջին դեմքից երկրորդին, կրկնվում է ողջ բանաստեղծության մեջ
4) Ինչպես Կույս Մարիամին ընծայված մանուկներ:
5) Ռընե Դալիզը սպանվեց 1917թ, ում Ապոլիները ձոնել էր Կալլիգրամները:
6) 1911թ Ապոլիներին թյուրիմացաբար ձերբակալում են՝Լուվրում կատարված մի գողության առիթով:
7)Փարիզի ծայրամասերից:
8) Պիկասոյի նման Ապոլիները տարված էր նեգրական արվեստով:
9) Չնայած իր մանկական տարիների Եկեղեցին ոգեկոչելուն, բանաստեղծի դավանանքը մնում է անորոշ:
10) “Աշխարհի արևը գլխատված է, ոչ թե հեթանոսական արևը, այլ Արև-Քրիստոսը, հոգևոր արևը” (M.J.Durry):
* Մենոնիտներ-պուրիտանական աղանդ, որը չի թույլատրում ոչ մի, անգամ աննշան արդ ու զար
11) Նեղլիկ ծովախորշ Հունաստանի արևելյան ափի ու Եվբեոս կղզու միջև, լի անակնկալներով նավագնացների համար:
Վերջին մեկնաբանություններ