Տաիշա Աբելար | ՄՏԱԾՎԱԾ ԿՅԱՆՔ

Կյանքի փորձը նրան մի անգամ համոզել էր, որ անհայտության դեմքին նայելը մարդու պապանձում է: Երբ նորից առիթ եղավ, համարձակությունը չներեց կրկնել հինգ տարի առաջ արածը:
Ոնց որ երեկ լիներ, երբ Վազգենը հեռախոսով ուղիղ 48 րոպե թախանձագին խնդրում էր թողնել ամեն ինչ ու իր հետ գնալ Ավստրալիա: Այնտեղ կբառաչեին նրանց կովերն ու կմայեին ոչխարները: Երեք տոմս էր պատվիրել Վազգենը` իր, Քնքուշի ու Քնքուշի երկու մանր երեխաների համար, որոնց երկուսին մի տոմս էր հասնում: Ծանոթի միջոցով այնտեղ աշխատանք էր գտել, ու տան հարցն էլ լուծված էր: Մնում էր Քնքուշի համաձայնությունը: Գնա՛նք: Քնքու՜շ: Գնա՛նք Ավստրալիա՜: Գնե՜նք մեր ռանչոն: Բեեե՜…
Չգնաց: Քնքուշը: Երկար խոկումներից հետո: Դրանից հինգ տարի տարի առաջ էր, որ առանց հետ նայելու փախել էր Գուգոյի հետ: 15 տարեկանում: Մեկի հետ, ում մասին գիտեր միայն, որ իրենց քաղաքից չէ. փախավ անտերունչ մի տղայի հետ, որի հետ մինչ օրս զագսավորված չէ: «Թքած ունեմ էդ չորս պատի վրա,- ասել էր Քնքուշն ամուսնուն` հետը 20 տարի ապրելուց հետո,- ինչքան մերդ հետը տարավ` էնքան էլ դու կտանես»:
Մայրն էլ վտիտ մի կին էր, համրալեզու մի լռություն, որի լեզվի տակից հնարավոր չեղավ կորզել գաղտնիքը, թե ով էր բեղմնավորել Գուգոյի սաղմը: Գաղտնիքը հետը տարավ` այս աշխարհում թողնելով մի չորս պատ, որտեղ էլ նրա մահվանից հետո տեղափոխվեց որդու ընտանիքը:
Վտիտ կինն ապագա հարսին տեսենելուց հետո կռվել էր որդու հետ ու տեղաշորը բացելուց հետո` քանի մը հատ արտասուք կաթեցրել չոր ու ցամաք սրտից.
-Ախր լրիվ երեխա ա,- թոթվել էր ու թոկից փախած տղային մենակ թողել ճերմակ, նուրբ մաշկ ունեցող ու անաղարտ հայացքով Քնքուշի հետ: Հարցերը լուծվել էին երրորդ գիշերը: Գուգոն կոռ-կոպիտ շարժուձևով մի վայրենի էր, որի համար անհասանելի էր այնպիսի մատերիաների գոյությունը, որ կնոջ հետ պետք էր նուրբ վարվել ու սիրել, գուրգուրել:
Աստծո գործերն անքննելի են: Այդպես էլ հարց մնաց, թե ինչու Քնքուշի ծնողները, որոնք թաղամասում հարգված և անուն ունեցող մարդիկ էին, չուզեցին դատի տալ անչափահաս աղջկան փախցրած անտեր ու ընչազուրկ տղային կամ չփորձեցին հետ բերել:
«Ես աղջիկ չունեմ»,- ասել էր Քնքուշի` շանթարգելի հայացք ունեցող մայրը, երբ փեսայի մեջ գցած ծանոթներից մեկը եկել էր աղջկա ծնողներին իրազեկելու կատարվածի մասին: Թքածը ստիպված էր լինելու լիզել ընդամենը ամիսներ անց, երբ կատարվածն այլևս հետ չբերելու իրականության հետ հաշտություն կնքելուց հետո սկսվեցին Քնքուշի տառապանքները:
Պարզվեց` Գուգոն խուժանի մեկն է. օրերով տուն չէր գալիս հերիք չէ` շաբաթը մեկ անգամ էլ կանոնավոր ծեծում էր կնոջը: Նա այնքան դաժանաբար էր ծեծում Քնքուշին, որ աղջիկը ուզեց հետ գնալ հոր տուն. այն տուն, որտեղից փախել էր մոր կողմից սիրված չլինելու և մշտապես ծեծված լինելու պատճառով, այն տուն, որտեղ իրեն ոտքի տակ ընկնող անպետք իր էր զգացել:
Որոշումը ծնվեց հերթական ծեծից հետո, երբ ամուսինը կնոջ ունքը բացելուց հետո կողպել էր սենյակի դուռն ու կտրել հեռախոսագծերը: Պարզվեց սակայն, որ Քնքուշի նախնական որոշումը` կյանքը կապել Գուգոյի հետ, ճակատագրական էր:
Գուգոն` մեծանալով փողոցում ու գրեթե կրթություն չստանալով, Քնքուշին հանդիպելուց հետո հասկացել էր մի բան. կա` Քնքուշն է, չկա` Քնքուշն է: Այդ տղային մերժել էր ողջ ազգուտակը, իսկ ընկերներն էլ հանցագործ աշխարհից էին` «Գուգո` տար, Գուգո` բեր» սկզբունքով: Նա միայնակ մի հոգի էր, անտեր մի շունչ, որ ծնվել էր հանգամանքների բերումով ու ապրում էր` հայտնի չէ, թե ինչու: Հանգամանքները պարզվեցին, երբ պատահաբար տեսավ փոքրամարմին, փխրուն մարմնով, ճերմակաթույր մաշկով, լուսամփոփի հայացքով աղջկան ու նրա խորունկ աչքերի մեջ կարդաց իր տեսլականը: Գուգոն ձյութի պես կպավ Քնքուշին ու այլևս անհնար էր նրանց բաժանումը: Այդ ընթացքում էլ ծնվեցին երկու երեխաները, որոնք հաղթաթուղթ էին Գուգոյի ձեռքին, ու երեք տարի տևած պատերազմներից, Քնքուշի մի քանի անգամ հոր տուն հետ գնալ-գալուց հետո` նա աներ-զոքանչին տղամարդու խոսք տվեց, որ կփոխվի ու խոսքի տերը եղավ:
Նրանք հեռացան Գուգոյի մոր տնից, տուն վարձեցին մեր շենքում ու ապրում էին մեր մուտքի երրորդ հարկի մեկ սենյականոց բնակարանում: Գուգոյին բազմաթիվ անգամներ տեսնում էի բացակայող հայացքով պատշգամբում տնկված: Նրա լերկ գանգամաշկն ու ագրեսիա արտահանող հայացքն այնպիսի վանող տպավորություն էին գործում, որ ջանում էի խուսափել հետը որևէ առնչություն ունենալուց:
Տան վարձը, երեխաների սնունդն ու կենցաղային բոլոր ծախսերը հոգում էր Վազգենը, որ հայտնվել էր Քնքուշի կյանքում այն բանից հետո, երբ աղջկա հայրը նրան աշխատանքի էր տեղավորել տակավին սովետական իներցիայով աշխատող գործարաններից մեկում: Վազգենն այնտեղ արտադրամասի պետ էր: Նա ընկերացել էր Գուգոյի հետ ու թափանցել նրա ընտանիք: Գուգոյին դա չէր հուզում: Պետք էր միայն, որ Քնքուշն իր կյանքում լինի: Թեկուզ` աներևույթ: Թեկուզ անկողնում տրվի երկու ամիսը մի անգամ: Բայց լինի՛: Կո՛ղքը: Գոյություն ունեցող բոլոր ճանապարհներից նա ընտրել էր այն տարբերակը, որ առանց Քնքուշի ինքը կործանված է:
Վազգենի ու Քնքուշի սերը ծաղկում էր: Նրանք ինքնամոռաց տրվել էին միմյանց, ու Վազգենը` Գուգոյի բացակայության ժամանակ, հարևանների բամբասանքից խուսափելու համար Քնքուշի անկողին թափանցում էր տանիքով: Նրան մի անգամ ձեղնահարկից իջնելուց տեսել էր հինգերորդ հարկի հարևանս ու պատմել կնոջը: Անիմաստ տվայտանքներ: Քնքուշը շատ լավ տիրապետում էր մարդկանց հոգու խորքը թափանցելու գաղտնիքներին ու բոլոր հարևաններին տարիների ընթացքում վերածեց դաշնակիցների, ընդհուպ այն աստիճան, որ, երբ Քնքուշը Վազգենի տանն էր, հարևանները հերթով պահակ էին կանգնում մուտքի անցուդարձին և ղունղունացող զույգին տեղյակ պահում Գուգոյի կամ Վազգենի կնոջ գալուստը: Մինչ խաբված ամուսիններից մեկը կհասներ մուտք, Քնքուշը հասցնում էր կիսահագնված իրեն գցել որևիցե հարևանի տուն, որից հետո` հրեշտակային անմեղության դեմքով դուրս գալիս այնտեղից:
Մարդկային գիտակցությունների կառավարումը երբեմն ընդունում է զավեշտի հասնող ֆորմաներ. այս ամենի մասին Քնքուշը տեսական որևէ գիտելիք չուներ: Փոխարենը նա հրաշալի տիրապետում էր դրա գործնական կիրառությանը: Խաղալով ամուսնու և հարևանների գիտակցության լարերի հետ կամ վրա. բոլոր տարբերակներն էլ ընդունելի են` տարիներ շարունակվող այդ կապին Քնքուշը կարողացավ տալ օրինական ամուսնությանը հարիր լեգիտիմություն, այն աստիճան, որ սոցիումի համար դա միանգամայն ընդունելի էր, ու տարօրինակ ոչինչ չկար, որ Քնքուշի ու Վազգենի ընտանիքները միմյանց հետ շատ լավ հարաբերություններ ունեին, ամեն օր իրար այցելում ու ծնունդ-կնունք էին նշում, որ չորրորդ հարկի հարևանուհու` հետաքրքրասիրությունից հաղթված, հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ նա Վազգենի սիրուհին է, Քնքուշն ասել էր. «այո», որ մեկ ուրիշ հարևանի հարցին ի պատասխան, թե հարևանների մեջ խոսք ու զրույց է ընկել, իբր Վազգենն ու Քնքուշն իրար հետ սիրաբանում են, Քնքուշը համաձայնվել էր` այն պատճառաբանությամբ, որ մարդն առերես այդպիսի հարց է տալիս ժխտական պատասխան ստանալու և այդ պատասխանը սոցիումի մոտ` «տեսա՞ր դու էն չաթլախ, դուս ընկածին» թեմայով քննարկելու ակնկալիքով, սակայն դրական պատասխանի դեպքում ընկնում է վակուումային վիճակի մեջ և ուրիշ բան չի մնում անելու, քան ընդունել Քնքուշի մտածած պատճառաբանությունը, որ ինքը Վազգենին սիրում է. «ո՞վ կարա արգելի մարդուն սիրելու իմ իրավունքը, մենք իրար սիրում ենք, բա՞ն ունեք ասելու», որ մի տասը տարի հետո մուտքում նոր հայտնված Ռիմային հանգիստ չտված` Քնքուշի նկատմամբ Վազգենի տածած բացահայտ սերը ստիպեց, որ կամացուկ սողոսկի Վազգենի անկողին, որից հետո նրանց բացահայտված հարաբերություններին հարևաններն արձագանքեցին. «ո՞նց բայց չամաչեց Քնքուշից» թեմայով. ոչ թե ամուսնուց, որ գլխին ուներ, կամ էլ Վազգենի կնոջից, այլ` հենց Քնքուշից:
Քնքուշը նայում էր Վազգենի խնամած ու միշտ կտրած եղունգներով ձեռքերին, որոնց մտքում անվանում էր թաթեր: Այդ փամփլիկ թաթերը շոշափում էին Քնքուշի պիրկ ստինքները, իսկ Վազգենն ականջին շշնջում` քնքուշ խոսքեր: Նա կամենում էր, որ այդ թաթերը հավերժորեն մնան օղակված նույն տեղում` մարմինները ձուլված, մտքերը` հանգած: Վազգենն ուզում էր, որ երկիրը լքեին, գնային Ավստրալիա ու գնեին ռանչո: Այնտեղ կամուսնանային ու նոր կյանք կստեղծեին: Քնքուշն էլ իրենից երեխա կունենար: Գնա՛նք: Քնքու՜շ: Գնա՛նք Ավստրալիա՜: Ռանչո՜… Այնտեղ կբառաչեն մեր կովերն ու կմայեն մեր ոչխարները: Բեեե՜…
Նա գիտեր, որ որդիները սոված չէին մնա. կինն օրնիբուն աշխատում էր ու եղել էր, որ ընտանիքը նեղ պահերին ապրել էր հենց կնոջ աշխատավարձով: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ պեպենոտ դեմքով, ժանգոտ մազերով ու տղամարդու արտաքինի հետ ուղիղ կապ ունեցող այդ անհրապույր կնոջ մտածողությունը, թե ինչպես էր կարողանում տանել Քնքուշի ներկայությունն այն բանից հետո, երբ գործից գալուց և տանը բանելուց հետո` սեփական անկողնու մեջ հայտնաբերում էր նրա երկար, սև մազերը, ավելին` նայում էր Քնքուշի աչքերի մեջ ու հետը ծիծաղելով` խոսք ու զրույց կապում:
Շրջանը փակվել էր, ու Քնքուշը հանգել էր նույն կետին: Հինգ տարի առաջ էր, որ չկարողանալով տանել հոր տանը` անպետք իր լինելու և աչքերով մարդ ուտող մոր կողմից սիրված չլինելու գիտակցությունը, հավատացել էր հանցագործի հայացքով երիտասարդի խոստացված ուշադրությանն ու սեր տենչալով` թողել ամեն ինչ: Իրերի դրությունը, սակայն, հիմա մի փոքր այլ էր: Ինքն ամուսնացած էր: Գուգոն այն օրից, երբ ծնողներին խոստացել էր փոխվել, այլևս ձեռք չէր բարձրացրել կնոջ վրա: Երեխաներ կային: Հարևաններ, որոնք համաձայնել էին Քնքուշի թելադրած խաղի կանոններին: Ամեն ինչ հասկանալի ու կանխատեսելի էր: Ու նա չհամարձակվեց կրկնել հինգ տարի առաջ կատարած քայլը: Չհամաձայնեց: «Նաղդը թողած` ընկնել նիսյայի» հետևից ու քայլել անհայտ ուղղությամբ:
Ոնց որ դա երեկ լիներ: Երեկվանից անցել էր տասը տարի:
Այդ տասը տարիների ընթացքում բազմաթիվ ջրեր հոսեցին: Պարզվեց` Վազգենը կանացի շորի փեշի նկատմամբ հիվանդություն ուներ, իսկ Քնքուշը կամենում էր, որ բացիլակիրը լինի միմիայն ինքը: Նրա մանրիկ մարմինը տասը տարի շարունակ պայքարեց Վազգենի սեռական ախորժակի համար ու դեմ. գործարանում, որտեղ նրանք ծանոթացել էին, Վազգենը ցեղային ցլիկի համարում ուներ. ոչ ոքի չէր մերժում, քանի որ կանանց երջանկացնելու անհատնում ցանկություն ուներ:
Միջահասակ, մանր-մունր չափերով ու սպիտակամորթ այդ մարդն արտաքինով աչքի չէր ընկնում. միայն մանրիկ աչքերն էին ակնակապիճներում անհանգիստ պտտվում: Նրան գրավիչ տղամարդ չէի համարում, թեպետ շատ շոռաչք էր:
Այս իրադարձությունները կատարվում էին քաղաքի ծայրամասերից մեկում հանգրվանած մի սովորական ու միապաղաղ` տիպիկ խորհրդային շենքում, որի ներկայությունը մարդու աչքին որևէ գեղագիտական հաճույք չէր պարգևում, նամանավանդ սովետական կարգերից հետո, երբ շուրջբոլորն այլանդակվեց անճոռնի կցակաոռւյցներով:
Շենքում բնակվող մարդիկ ստեղծել էին իրենց ուրույն աշխարհն ու որևէ կապ չունեին դրանից դուրս կատարվող անցքերի հետ. այդ մասին իրենք տեղեկանում էին հեռուստացույցից. թերթը վաղուց մոռացված հաճույք էր, ինչպես նաև սակավաթիվ աղբյուրներից, որոնք էին շենքից դուրս բնակվող նրանց հեռավոր ազգականները: Սակայն այդ տեղեկություններն էլ նրանց համար իրական չէին, քանի որ կոնկրետ իրենց կյանքի հետ ոչ մի առնչություն չունեին. աշխարհը շենքի համար հարևան շենքերն էին, որոնք սրա ճիշտ կրկնօրինակներ էին:
Այս շենքի մուտքերից մեկի երկրորդ հարկում բնակվում էին 60-ամյա ամուսիններ, որոնց տուն մտնող ջրի խողովակի փականը բացվում էր երեք օրը մեկ անգամ. տարբեր չափերի տարաներում ամբարված ջրի ամեն մի կաթիլը նախապես հաշվարկված ու գնահատված էր:
Նույն մուտքի հինգերորդ հարկում ապրող մի այլ ընտանիք, որոնց ֆինանսական դրությունն այնպիսին էր, որ տոկոսով փող էին տալիս, կլոր տարին մաշված կոշիկ ու պարկով` ընկույզի-կորիզի կեղև էին ժողովում` ձմռանը վառարանում վառելու համար. իմ բոլոր հին կոշիկների կյանքն ավարտվում էր այդ վառարանում: Անմնացորդ տնտեսություն էր վարվում` աշնան դեմ կարտոֆիլի կճեպները պատշգամբում չորացվում ու լցվում էր վառելիքի պարկը, դե՛, իսկ ձմռանը` վառարանը կլանում էր հատակից ավլած կեղտն ու ձվի կճեպը, հին շապիկների առողջ մասերից վարտիք էր կարվում, իսկ մնացորդը` պարզ է, որ լցվում էր վառելիքի պարկ: Այդ տան հյուրասենյակի սերվանտում 54 կտորից բաղկացած ճաշի ճապոնական սպասք կար, որի ափսեները պատված էին գործարանային արտադրության ցելոֆանով. սպասքը որպես օժիտ` մոտ 40 տարի առաջ բերել էր տան տիկինն ու որպես օժիտ սահմանել կրտսեր աղջկա համար, աղջիկն էլ չէր ամուսնանում կամ ավելի ճիշտ` մնացել էր տանը, բայց ոչ նրա համար, որ վրայից հոտ էր գալիս, մազերը յուղոտ էին, զիստերը փրչոտ ու ի լրումն ամենի` անչափելի մեծ կրծքի տեր էր, այն աստիճան մեծ, որ ստինքների բազում ծալքերում կարող էր խեղդել ուզածդ հաղթանդամ տղամարդուն: Ոչ ոք չգիտեր, թե ինչու նրա հետ բախտը կապել չէր ցանկանում նույնպիսի բուրմունքով օժտված, ձեռքերը մեքենայի յուղով օծած կամ բեռնակրությունից մեջքը կորացած մի տղամարդ. վարկած կար, որ աղջկան թուղթ ու գիր էին արել. այդպես էր ենթադրում մայրն ու օժիտի սպասքը` որպես հնամենի մասունք, տարեց տարի զգուշորեն տեղահանվելուց ու փոշիներից ձերբազատվելուց հետո, անհույս սպասում էր կրտսեր աղջկա պսակադրությանը:
Երրորդ հարկում վարձով մի ընտանիք էր մնում, որի տան տղամարդը կնոջը հետույքից սիրելու նախասիրություն ուներ: Այդ մասին գիտեին բոլորը, քանի որ կինը սուրճի սեղանի շուրջ սիրտը դատարկելու բնավորություն ուներ: Նա ասել էր, որ ամուսնու ծեծն ու ջարդը անցքին չէ, քանի որ կա նրա հետ անկողին մտնելու հնարավորությունը: «Ստյոպը ինչքան էլ որ քացու տակ գցի-ջարդի, իրիկունը մի հատ որ ծոցս մտնում ա` սաղ մոռանում եմ,- ասել էր նա,- Ստյոպի համար մեռնում եմ»: Հերթական ծեծից հետո, երբ Ստյոպը մի լավ հարբած էր եղել, հետույքից սիրելուց հետո արաղ էր լցրել ականջն ու մի հատ էլ ականջից դոմփել: Դե, մինչև ականջը` ճանապարհին հանդիպած բոլոր անցքերն էլ պրպտած կլիներ: Վարկած էր, որ առաջ էր քաշել երկրորդ հարկի ձախակողմյան հարկի հարևանս, ու, որը հավանական էի համարել:
Այդ շենքում միայնակ ապրող մի ծեր ու գիժ Կուկուշ կար, որը մի օր դուրս էր եկել տանից ու չէր վերադարձել: Նա օր ծերության` Քնքուշի պատմելով, սեռական հողի վրա խանգարվել ու Վազգենից պահանջել էր իրեն նույնպես երջանկացնել:
-Ա՛յ, քու… քու պոռնիկ, բոզ, ագառռռկա բերանդ, աչքերդ բալկոնի՞ս էիր տնկել,- ամբողջ շենքով մեկ ձայնը գլուխն էր գցում Կուկուշը, ու ոչ ոք այլևս դուրս չէր գալիս բակ` հասկանալու համար, թե ով էր դարձել նրա հաջորդ թիրախը:
Վազգենը Գուգոյին գործի տեղավորեց, որպեսզի նա սկսի համ փող վաստակել, համ էլ Քնքուշի հետ երկար մենակ մնալու առիթ ունենա. այդ կետից կյանքն սկսեց փոխվել, բայց Քնքուշը դեռ չէր հասցրել հասկանալ փոփոխության տրամաբանությունը, որը հասկանալի դարձավ այն ժամանակ, երբ, հանկարծակի պարզվեց, որ Գուգոն փող աշխատելու ունակություն ունի, ավելի՛ն, պարզվեց, որ նա գլուխ է հանում այն ծակուծուկերից, թե ինչպես և որտեղից կարելի է փող դուրս բերել: Դրա փոխարեն գործարանը վաղուց ու հավիտյանս փակվել էր, ու Վազգենն էլ ամբողջ օրը տան պատշգամբում տնկված` հսկում էր Քնքուշի տան անցուդարձը, որովհետև, պարզվեց, որ Գուգոյի փող աշխատելու մասշտաբներն ընդգրկել էին «Մերսեդես»` ոչ վերջին կլասի ավտոմեքենա գնելու սահմանները, ու մեքենա և կնոջ համար մի քանի չուլ-չափուտ գնելուց հետո` նա կնոջը նստեցնում էր կողքն ու այցելում զոքանչ-աներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք հայտնվում են ամենուր, որտեղ օդում փող է շնչում:
Գուգոը փոխվում էր: Նա իրեն մարդ էր զգում, թեպետ կարմիր կովն իր կաշին երբեք չի փոխում, ու նա առաջվա բռին էր ու առաջվա պես խոսում էր գոռալով: Նա կնոջ թելադրած խաղը շատ լավ հասկացել էր, ու, եթե նախկինում տուն գալուց առաջ` ինչ-որ պատճառաբանությամբ զանգում և զգուշացնում էր, հիմա սկսել էր հանկարծակի անպատեհ ժամերի վերադառնալ` այսպիսով խանգարելով Քնքուշի ու Վազգենի հանդիպումներին: Վազգենն, այսպիսով, կարոտ էր մնում Քնքուշի դնչին ու սկսել էր խանդել նրա ամուսնուն:
***
Երեք տարի կլիներ, որ Քնքուշին չէի տեսել: Այդ ընթացքում արգանդի քաղցկեղից մահացավ նրա սկեսուրը: Դրանից հետո նրանք վաճառել էին սկեսրոջ բնակարանը, իրենց համար նոր տուն գնել, վերանորոգել ու տեղափոխվել այնտեղ: Վազգենը մնացել էր շենքում: Քնքուշը` նոր տանը: Գուգոյի ու հասունացած երեխաների հետ:
Այդ երեք տարիների ընացքում Քնքուշը նույնիսկ չէր համբուրվել Վազգենի հետ: Որի պատճառով ղզղնել ու հերթով դոմփում էր հարևաններին: Հերթում առաջինը Լիանն էր, ում` Քնքուշի գնալուց հետո մի անգամ մուտքի մեջ դոմփել էր Վազգենը:
-Տրուբկի մեջ գոռըմ ա: Չի գոռըմ, է՛, ոռնըմ ա: Ի՞նչ ա էղել, Լիան: Վազգենը միամիտ դեմս դուս հելավ… Թուշս թաց պաչեց:
-Բայց խի՞ էր ընդդիմանում որ,- հարց էր, որ տրամաբանության աշխարհից էր: Լիանին լավ գիտեի: Չռված աչքերով ու աննորմալի հայացքով ռուսախոս աղջիկ մըն էր, որի հետ առիթ էի ունեցել փոքր ժամանակ խաղալու:
-Ես չեմ սիրահարվել ու չեմ էլ սիրահարվի,- ասել էր մի անգամ, երբ աղջիկներով հավաքված` քննարկում էինք սիրո ու չսիրո հետ կապված հարցերը ու պատասխանը չէի մոռացել:
-Դե ուզըմ էր, որ միամիտ չհարձակվեր, ուզըմ էր, որ իրա ուզելով ըլներ:
Դե՛, ինչ: Ուզելով` ուզելով: Թող ուզելով լինի: Ուզելով էլ եղել էր: Ամիսը մի անգամ` բուռը հինգ հազար կոխելով` շաբաթը յոթ անգամ դոմփում էր, չնայած Լիանը առանց հինգ հազարի էլ պատրաստ էր:
-Խարաշո ցելույետսյա, Քնքուշ ջան, խարաշո տռախայետսյա, շտո մնե եյշյո նադը՞:
Նե նադը` նե նադը: Էլ ի՞նչ հինգ հազար: Էս քեզ խեռի գլուխ, էս էլ քեզ` Քնքուշի մեջքի փոսը:
Վազգենը դոմփում էր ոչ թե Լիանին, այլ Քնքուշի հետ նիստուկաց արած Լիանին: Դոմփելու ընթացքում էլ աչքերի մեջ նայելով` դեմքին շպրտել էր, որ Քնքուշի եղունգը չկար: Լիանի միջի էգն էլ վիրավորվել ու ասպարեզում նոր որձ հայտնվելուց հետո` սիկտիր էր արել նրան:
Դիմացիս բազկաթոռին նստած կնոջ աչքերում սառը հանգստություն կար, որով սքողում էր հոգին փոթորկող կիրքը: Ի՞նչ էր թաքնված նրա աչքերի խորքում: Գիտեր միայն ինքը: Ես չէի հավատում նրան: Երբեք չեմ հավատացել: Գիտեի, որ թքած ունի բոլորի, այդ թվում` իմ վրա: Ձելը խազյայսկըյե:
Գիտեր, որ երեսին ասելու եմ ու ասացի. «Բայց ո՞նց կարեցար Վազգենին յան տայիր, ո՞նց կարեցար արածները մոռանալ»:
Ինքը` պարզվում է, Վազգենին չի մոռացել, ուղղակի եղածը եղած էր: Հիմա արդեն մեծացել էր` երեխաներից մեկը ծնող էր դարձել ու մի «լուսի կտոր» աշխարհ բերել: Զարմացա: Այդ ե՞րբ հասցրեց: Հասցրել էր: Աղջիկը, փաստորեն: Գյուղում: Քաղաքից հեռու: Փախցրել էին: Աչքերս կլորացավ: Հո՞ մոր ճակատագիրը չի կրկնել: Չէ՛: Փեսան լավն էր: Սկեսուրն էլ պաշտում էր: Միայն մի վատ բնավորություն ուներ` իր ասածի էր ու նոր ծնված «լուսի կտորին» կովի կաթ էր տվել, որից երեխան հասել էր մահվան դուռը:
-Հետո ի՞նչ, որ քու մերը վիզ ա դրել իմ էրեխուն մեռցնի, իմ էրեխեն էլ վիզ ա դրել` ապրի,- թռել էր ամուսնու դեմքին Քնքուշի աղջիկն ու մի թաթալոշ հասցրել:
Իսկ Վազգենը, փաստորեն, այս երեք տարիների ընթացքում Քնքուշի կյանքը վերածել էր դժոխքի. տան լուսամուտներից` Վազգեն, հեռախոսի միջից` Վազգեն. Վազգենն ամենուր էր. խանութի դռանը, այստեղ, այլուր և ամենուր… Դրանից Քնքուշը հոգնել էր: Սակայն եթե ուզեր` կարող էր ամիսը մի անգամ դասավորել ու տեսնել նախկին յարին: Չէր ուզել: Այն պատճառաբանությամբ, որ մեծ է արդեն: Հնարավոր է` տատիկ դառնար. աղջիկը երկրպագու ուներ: Ամուսինն աշխատում էր: Միասին ոտք էին մեկնում քաղաքում քիչ թե շատ հայտնի մարդկանց հետ ու Դուբայում հանգստանալու ծրագիրն ամենևին էլ «երազ» շարքից չէր:
Պարզվում է` սակայն, որ, իրականում, Քնքուշը Վազգենին չէր ներել Լիանի ծոցը մտնելու փաստը: Սուտ պատճառաբանություն: Վազգենն այս երեք տարիների ընթացքում դոմփել էր մուտքում ապրող բոլոր այն կանանց, որոնք Քնքուշի հետ ինչ-ինչ առնչություն էին ունեցել: Ռիմայի հետ կապն ավելի հին էր` այն ժամանակվանից, երբ դեռ նախկին շենքում էր: Լավ էի հիշում տվայտանքները: Երբ պայքարում էր: Որպեսզի Ռիման Վազգենի կնոջ հետ չմտերմանա: Չէր կարողացել: Մի անգամ գործի վրա բռնել էր: Բայց աչք էր փակել: Ռիմայի հարցը դեռ կարող էր ներել: Երեսին ասել էր, որ ինքը վարձով է այնտեղ, իսկ նա ընկնելու էր դռնեդուռ: Այդպես էլ եղել էր: Երեք տարի անց: Տունը վաճառել ու ընտանիքով` եվրոպական ինչ-որ ճամբարում էր:
Կներեր նաև Անժելի պահը, ով, ճիշտ է պառկում էր սրտին դուր եկած ամեն պատահածի տակը, բայց պոռնկուհի չէր ու կապվում էր մեկի հետ: Անժելն այդ մասին Քնքուշին այդպես էլ չէր խոստովանել. Լիանը խողովակ էր, որի միջոցով լավատեղյակ էր շենքում կատարված ամեն մի անցքի: Մի անգամ էր եղել Անժելի հետ: Հենց այդ անգամ էլ ասել էր, որ մեռնում է Քնքուշի մեջքի փոսի համար: Լիանի խոսքերը հավաստի էին, քանի որ Անժելը` չկարողանալով տանել Վազգենի տակ պառկելու հիշողությունը` ամեն ինչ ձգել ու երեք տարվա յարի հետ գնացել էր Ռուսաստան: Հրաժեշտի համար եկել էր տեսնելու Քնքուշին ու ի միջայլոց հարցրել մեջքի փոսի մասին:
Միևնույն է` չէի համոզվում:
-Բայց կարայիր դասավորեիր ամիսը մի անգամ:
-Ինքը չի ուզըմ ամիսը մի անգամ: Ինքն ուզըմ ա ամեն ժամ ու ամեն րոպե: Վազգենը հիվանդ ա: Իմ վախտով էլ աչքը դուրսն էր: Թող ոչ մեկ հեքիաթ չպատմի: Ես իրան անգիր գիտեմ: Հենց հմի գործերը միլիցիայությունում են: Ձեռ ա քցել աներձագի անչափահաս աղջկան:
Քնքուշի հանդարտ հայացքը մեղկացավ: Հիշեց Վազգենի գրկում անցկացրած ժամերը, տեղաշորի երկայնքով մեկ թալկացած գիտակցությունը, երբ յարի մաքուր ու փամփլիկ թաթերը շոյում էին մարմնի ամեն ծակուծուկը, շուրթերը թափանցում` թաքնված բոլոր անցքերը. Վազգենը գիտեր կնոջը երջանկացնելու ձևերը, պահում էր այնքան, ինքան անհրաժեշտ էր, շոյում էր` մինչև աչքերը նվաղում էին, գուրգուրում` մինչև պատրաստ էր, վերջացնում` երբ ժամանակն էր: Քնքուշը գիտի: Նա չի մոռացել Վազգենի պարգևած օրգազմի անկրկնելի պահերը, երբ մարմինը` նրա թափից ու աչքերից հոսող հեշտանքի ալիքից ցնցվելով, լուծվում էր տարածության ու ժամանակի հատման ինչ-որ կոնկրետ տիրույթում ու վերանում իրական աշխարհից:
Լիանի պահը չէր կարող ներել: Ասաց` չեմ կարող: Սուտ պատճառաբանություն:
-Լիանը պոռնիկ ա, ինչ անասունի տակ ասես չի պառկել: Ես չեմ կարա պատկերացնեմ, որ կարամ պաչեմ մի պռոշ, որը պաչել ա Լիանի պռոշները:
Բա ամուսի՞նդ: Քնքուշ: Ո՞նց կարողացար ներել ու կրկին մտնել Գուգոյի ծոցն այն բանից հետո, երբ հասարակաց տան պոռնկուհու վրա վատնել էր երեք տարվա ընթացքում կուտակած գումարը, երբ հավատացել էր, որ դժբախտ մի հոգի է գտել, ում կարող էր կարեկցել. չէ՞ որ ողջ կյանքում քո կողքին իրեն քուրջ է զգացել:
Պատասխանը պարզ էր: Քնքուշը Գուգոին չի սիրում: Նա սիրում է Վազգենին:
Գուգոյի գործը փակվել էր. խնայողություններն էլ վատնել էր պոռնիկ սիրուհու վրա, իսկ Վազգենը նորից լավ գործի էր: Քնքուշը գիտեր, որ մատը շարժելու դեպքում` Վազգենը նրան փող կտար, անգամ եթե հետը չհարաբերվեր. միջոց կգտնվեր փողն ուղարկելու: Սակայն Քնքուշը հաշվարկ էր արել ու տանը նստած` չոր հաց էր կրծում:
Երեք տարվա ընթացքում եղածները երեք ժամում լսելու բեռի ծանրությունից` տեղում ոլորվում էի: Քնքուշի անցքին չէր: Այս կինը ինտրիգներ սարքելու և դրանց արանքներով խուսանավելու բարձրակարգ հմտություններ ուներ, որոնց տիրապետում էր այս կյանքում ապրելու և աշխարհի մասնիկը լինելու իրավի դիրքից: Իր ընտրած ճանապարհով գոյատևելու համար բնությունը նրան օժտել էր մի գործիքակույտով, որն օգտագործում էր նվազագույն արդյունքի համար: Գրոշանոց սիրահարը: Այս կինը մեծ հաջողությամբ կարող էր աշխատել պրեզիդենտի ապարատում և ձեռքում պահել ողջ ներպալատական ինտրիգների հանգույցը, մինչդեռ փոխարենը` էներգիան ու ժամանակը վատնել էր Վազգենի, նրա սեռական ախորժակը սանձելու, Գուգոյի ու սոցիումի հետ հարաբերությունները իրեն հարմար ձևով դասավորելու համար: Գրոշանոց սիրահարը: Կյանքից ունեցած Քնքուշի սպասելիքները սահմանափակվում էին Գուգոյով ու Վազգենով: Թեպետ վերջերս պարզել էր, որ այս երկուսից բացի` աշխարհում էլի ինչ-որ մարդ կար: Հայտնությունը եկել էր Ադնակլասնիկի միջոցով, որտեղ գրանցվել էին զավակները ու որտեղ` ժամանակի անսպառ առկայությունից սկսել էր քչփորել:
Լրագրային սեղանին հենած նոթբուքիս հետևում ինչ-որ բան կամացուկ բզզաց: Քնքուշի բջջայինն էր: Դա փոքրիկ, սև հեռախոս էր, որի մեջքին փակցված էր Օրանժի գազարագույն սիմվոլը: Քնքուշն անթարթ նայելով հեռախոսի էկրանին` չէր պատասխանում: Նայեցի: Համարը տեղական օպերատորից չէր: Քնքուշին զանգում էին աշխարհի մեկ այլ կետից: Բորիսն էր: Մոլդովիայից:
Մեկ րոպեից անձայն զանգը լռեց: Քնքուշը հանգիստ հեռախոսը դրեց սեղանին:
-Ինքը գիտի, որ, եթե չեմ պատասխանում, ուրեմն հարմար չի:
Քնքուշը Բորիսի հետ ծանոթացել էր Ադնակլասնիկով: Խայծը տասնամյա պատմություն ուներ: Զարմացա: Բորիսը, պարզվեց` տասը տարի առաջ աչքին երևացած մարդն էր, ով շնչում էր թիկունքում: Թերահավատորեն ժպտացի: Քնքուշը, սակայն, օժտված էր ենթագիտակցական շերտերում ծնված պատկերները իրական աշխարհում պրոյեկտելու հատկությամբ, որի մասին տեսությանը հավատում էի:
Պարզվեց` տասը տարի առաջ, մուտքի աստիճաններով բարձրանալիս Քնքուշը հանդիպել է մի մարդու, ում հետ բախվելու ընթացքում քիչ է մնացել վայր ընկնի: Հաջորդ պահին, երբ փորձել է զայրացած նայել նրա ուղղությամբ, հասկացել է, որ մուտքում մենակ է: Դրանից հետո թիկունքում լսում էր այդ մարդու շնչառությունը, որը նրան չէր լքում անգամ անկողնում: Շնչառական ներկայությանը հրաժեշտ էր տվել դեպքից մեկ տարի հետո, երբ մոր տանը` սուրճի սեղանին մասնակցած ու բոլորի կողմից գիժ որակված մի պառավ` բոլորի ներկայությամբ Քնքուշին հարցրել է, թե չի՞ խանգարում արդյոք նրան թիկունքում շնչող մարդը:
Բոլորը ծիծաղել էին պառավի վրա, իսկ Քնքուշը նրա հետ առանձնացել, կատարել էր գժի տված խորհուրդներն ու ազատվել թիկունքում շնչող մարդու ներկայությունից:
Բորիսն ամուսնացած էր: Քնքուշը նրա մասին ամեն ինչ գիտեր: Մտքի շոշափուկները թափանցել էին դեպի հեռավոր Մոլդովիա ու համակցելով Ադնակլասնիկում առկա տեղեկությունները ասածների հետ, ընկերանալով Բորիսի ընկերներից ոմանց հետ ու ծածուկ նամակագրություն պահելով հետները` համոզվել, որ Բորիսն անկեղծ է հաղորդած տեղեկութունններում: Բորիսը խնձորի այգի ուներ: Բացի այդ` Քնքուշին ֆիզիկապես տեսած չլինելով` նրա մասին պատմում էր բաներ, որոնց մասին գիտեր միայն ինքը:
-Հնարավոր ա՞ որ մարդը կլինիկական մահ տանելու ընթացքում ուրիշ մարդու հետ հանդիպած լինի:
Հարց էր, որ տվեց Քնքուշն, ու ինքն էլ պատասխանեց: Նա զանգել էր ծանոթ բժիշկների ու որոշ բաներ իր համար ճշտել: Կարող է: Պատասխանել էր ստամոքսի բժիշկը, ում վստահում էր: Բորիսն իր լասկըվի Քնքուշին պատմել էր, որ տարիներ առաջ կլինիկական մահ է տարել: Մնացած պատկերը լրացրել էր Քնքուշի երևակայությունը, որ մտքինը իրական կյանքում երկնելու հզորություն ուներ:
Բորիսը խնձորի այգի ունի: Քնքուշը տեսել էր խնձորներով լի արկղերը համացանցի նրա էջում ու տեղեկությունը ճշտել Բորիսի ընկերներից մեկի հետ, ով պարզվել էր` նրա աշխատողն է: Նրանք մոտ մեկ տարի է` խոսում էին սկայպով. Քնքուշը տեսել էր, որ էկրանից իր հետ խոսող մարդու պատկերը նույնական է Ադնակլասնիկի նկարի հետ: Բորիսն ուզում էր տեսնել Քնքուշին: Նա չէր համաձայնում: Բորիսն իր համար դեռևս էկրանից խոսող պատկեր է` անիրական աշխարհից: Քնքուշի մանրիկ աչքերը հուզմունքից փայլում էին, ու պարզ էր, որ այդ պատմությամբ ապրում է: Չէր էլ թաքցնում:
-Ուզըմ եմ էթամ ընդեղ ու թաքնված հետևեմ էդ մարդուն: Հետաքրքությունն ինձ ուտըմ ա, թե ով ա էդ մարդն ու որտեղից գիտի իմ մասին:
Քնքուշի հետաքրքրասիրությունը սահման չուներ: Ամբողջությամբ կլանվել էր Բորիսով ու Գուգոն կրկին դարձել էր աներևույթ մի ստվեր, իսկ Վազգենը` անցյալ: Նա Օրանժից հեռախոս էր գնել, որի համարը գիտեր միայն Բորիսը: Հեռախոսը կարգավորված էր անձայն և անդղորդ ռեժիմով ու Գուգոյի ներկայությամբ հանգրվանում էր դոշակի տակ, իսկ միայնակ պահերին` կրծքի մոտ: Միայն նվիրական մենակության պահերին էր, որ միացնում էր թրթռազանգը(վիբրացիա). Բորիսը գիտի, լավ տեղեկացված է, որ, եթե Քնքուշը չի վերցնում, ուրեմն հարմար չէ:
Բորիսը Քնքուշի կյանքում գրավել էր այն տեղը, որը ժամանակին զբաղեցնում էր Վազգենը: Երբ մենակ էր` ժամեր շարունակ խոսում էր Բորիսի հետ: Զգուշացրեցի, որ վտանգավոր խաղերի մեջ է մտնում: Համացանցում ինչ տիպ ասես, որ չի վխտում: Ո՞ւմ` ի՞նչ եմ ասում: Անցքին չդրեց: Նույնիսկ չէր էլ պատասխանում հնարավոր վտանգի մասին առաջ քաշած վարկածներիս: Լսում էր քաղաքավարությունից դրդված: Ծանոթ դրվածք էր: Ճիշտ նույնպես արձագանքում էր Վազգենի ու Գուգոյի հետ դասավորած հարաբերությունների վերաբերյալ արածս դատողություններին: Այսինքն չէր արձագանքում: Ինքը գիտեր իր համար որն է ճիշտը: Միշտ էլ գիտցել է: Նույնիսկ այն ժամանակ, երբ 15 տարեկան հասակում փախել էր կիսահանցագործի հայացքով Գուգոի հետ:
Հեռախոսը ուժեղ զանգեց: Մյուսը: Գուգոն էր: Տուն էր կանչում: Քնքուշը պետք է գնար: Անցքին էլ չէր: Զանգն արհամարհած` կես ժամ շարունակ, ոգևորված պատմում էր Բորիսի մասին:
-Էն պոռնիկի պատմությունից հետո բարեկամների մոտ սարքեցի տրյապկա: Համ էլ առաջվա պես վերխ չունի վրես, որտև գիտի` Վազգենի հետ չեմ: Ազատ եմ հըմի ու սրտիս ուզածն էլ կարամ անեմ: Խնդրվում ա, որ զագսավորվեմ, բայց ինչիս ա պետք: Աղջիկս պսակված ա, տղես լրիվ ինքնուրույն մարդ ա դառել ու հըմի հերն ա իրա ձեռին նայում: Ինքը լավ էլ հասկանըմ ա, որ զագսով ուզում ա թևերս կապի: Բայց ես հո խո՞տ չեմ: Ինչի՞ս ա պետք էդ չորս պատը:
Քնքուշը սթափ դատողություն ուներ: Ամեն ինչ հաշվարկել էր: Ինքը դեռ 38 տարեկան է: Արտասահմանում կյանքն սկում են 40-ից հետո: Այդ որտե՞ղ է գրված, որ պսակվելով` դառնում են ամուսնու դռան շունը: Ո՞վ գիտի, թե կյանքն ինչեր է պահել Քնքուշի համար:
Հեռախոսը նորից բարձր զանգեց: Քնքուշը պատրաստվում էր գնալ: Հայացքով ուղեկցեցի: Շտապ քայլերով աստիճաններով իջնում էր: Երկար նայեցի: Չգիտեի, թե քանի տարի հետո եմ կրկին տեսնելու: Միամիտ եկավ որոշումը` նայել հեռացող Քնքուշի հետևից: Դուրս եկա պատշգամբ: Նա մուտքի դռնից` դանդաղ, շատ դանդաղ, ահավոր դանդաղ քայլերով առաջանում էր: Աչքերս սրեցի. Քնքուշի մի ձեռքում բջջայինն էր, սակայն մյուս ձեռքը հենած էր ականջին: Ավելի լարվեցի. կկոցած աչքերս բարձրացած ձեռքի միջից որսացին Օրանժի գազարագույն սիմվոլը:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի