Հարցազրույց Հույսի հետ | Կոլյա Տեր Հովհաննիսյան

Kolia DH

Մեր ընթերցողը քիչ բան գիտի քո կենսագրութեան մասին: Ո՞րտեղ են ծնւել, Ինչպէ՞ս են անցել կեանքիդ մանկութեան եւ պատանեկութեան տարիները: Առաջին անգամ ե՞րբ ես սկսել գրել: Յիշո՞ւմ ես՝ որն էր առաջին հրատարակւած գրութիւնդ եւ որտեղ է տպագրւել:

 Ծնվել եմ Թավրիզում: Տարրական կրթությունս ստացել եմ պարսկական Բեհզադ ու Ասադի (նախկին Թամարյան) դպրոցներում, որովհետև այդ ժամանակ փակ էին Թավրիզի հայոց դպրոցները: Հայրս ասում էր. «Ռեզաշահը գնաց Թուրքիա, վերադարձավ ու փակել տվեց Ատրպատականի հայոց դպրոցները»: Մայրս թեմականավարտ ու հայագետ լինելով՝ մտահոգված էր մեր հայեցի դաստիարակությամբ ու հայերենի իմացությամբ, ուստի ես և քույրս մի շարք այլ պատանիների հետ նոր ուղղագրությամբ հայերենի մասնավոր դասեր էինք վերցնում՝ Երևանից եկած Սմբատ Զոհրաբեգյան անունով մի ուսուցչի տանը: Դա կատարվում էր գաղտնի. դասի գնալիս կամ ցրվելիս՝ երբեք միասին չէինք լինում, որպեսզի ուշադրություն չգրավենք: Ինչևէ, Սմբատ Զոհրաբեգյանի աշակերտներից շատերը ձեռք բերեցին հայերենի ընտիր իմացություն, այնպես որ, երբ վերաբացվեցին հայոց դպրոցները, միջնակարգում չէինք զիջում մեր ուսուցիչներին: Դժվար էր միայն նոր ուղղագրությունից ավանդականին անցնելը, դա էլ հաղթահարեցինք կարճ ժամանակում:

Մանկությունս ու պատանեկությունս անց եմ կացրել Թավրիզում, բայց շատ էլ չեմ սիրել մեր քաղաքը, ուր բամբասանքը սովորական երևույթ էր: Բավական էր սիրած աղջկադ հետ հայտնվեիր փողոցում ու անմիջապես ծայր էին առնում ու տարածվում թյուր կարծիքներ՝ ընդհուպ մինչև զույգին ամուսանցնելը:  Ընդհանուր առմամբ, հակառակ նրան, որ զուրկ էինք արդի տեխնոլոգիական բոլոր միջոցներից,  հավակնում եմ ասել, որ մենք ավելի երջանիկ սերունդ էինք. զբաղվում էինք սպորտով,  հասարակական աշխատանքներով և այլ առողջ ժամանցներով: Միջնակարգի տարիներին, ընկերոջս հետ հրատարակել ենք «Փարոս» անունով շուրջ 30 համար պատի թերթ:

Իմ առաջին բանաստեղծությունը գրել եմ 12 տարեկանում, «Որբ աղջիկը» վերնագրով, որ լույս է տեսել Թեհրանում հրատարակվող «Լուսաբեր» մանկա-պատանեկան ամսագրում: Ավելի ուշ, զինվորական ծառայությանս ընթացքում և հետո, գրեցի մի շարք բանաստեղծություններ, որոնք բոլորն էլ հրատարակվեցին «Ալիք» օրաթերթում: Հետագային դրանք արժանացան Ալեք Մանուկյան հիմնադրամի 1973 թվի մրցանակաբախշության հիշատակությանն ու մեկ տարի անց առանձին գրքով լույս տեսան Բեյրությում նույն հիմնադրամի ծախսով:

Ի՞նչ էր այդ (Բեյրությում լույս տեսան) գրքի խորագիրը: Ի՞նչ էր բանաստեղծութիւնների բովանդակութիւնը: Կարող ես նշել մի քանի օրինակներ: Հիմա ինչպէս ե՞ս գնահատում այդ գիրքը:

 Գիրքը կոչվում էր «Մայթե՜ր, Մայթե՜ր…» և բաղկացած էր երեք մասից: Ա. մասը կրում էր նույն՝գրքի խորագիրը՝ միայնության, սիրո ու հոգեկան տվայտանքների թեմայով, որին աշխատել էի տալ անանձնական բնույթ: Բ. մասը՝ կոչվում էր «Մարդի՜կ, Մարդի՜կ…», մարդկային ապրումների, հասարակական հոռի բարքերի և հատակում հայտնված մարդկանց մասին: Իսկ երրորդ մասը՝ անվանել էի «Հայ լինելուս մասին»՝ հայրենասիրական մոտիվներով: Հետագային մշակել եմ համարյա բոլոր բանաստեղծությունները, ինչը վկայում է այն մասին, որ թեև դրանց մեջ արտահայտված մտքերը վատ չէին, բայց թույլ էր լեզուն:

Գիտեմ `պատանեկութեան տարիներ լրջորէն զբաղւել ես մարզանքով: Մարզիկները ընդհանրապէս շատ գործ չունեն գարականութեան հետ: Ինչպէ՞ս մարզանքից անցար գրականութիւն: Ո՞վքեր էին քո սիրած գրողներն այն տարիներին: Ի՞նչ էիր ընթերցում:

 Չեմ կարծում, թե անհամատեղելի են սպորտն ու գրականությունը: Էռնեստ Հեմինգուեյը զբաղվել է բռնցքամարտով… J Այսպես, թե այնպես, դա ստացվել է ինձ մոտ՝ խաղալ, սովորել և զբաղվել գրականությամբ: Ըստ-իս, ավելի լավ է լինել առողջ ու գրել թարմ ուղեղով, քան ծխախոտի քուլա-քուլա ծխի միջից մուսաներ որսալ…

Այդ տարիներին, բոլորս հմայված էինք Պարույր Սևակով, մեծ էր նրա ազդեցությունը: Իսկ հայրենի գրողներին ծանոթացել ու սիրել եմ Հայպետհրատի հրատարակությունների շնորհիվ: Թավրիզում դրանք գնում էինք էլի դարձյալ գաղտնի Հրանդ անունով մի վարսավիրից, իսկ Թեհրանում` առանց որևէ խոչընդոտի «Սաքո» գրախանութից, Ես բաժանորդագրվել էի նաև «Սովետական Գրականություն» ամսագրին: Արևմտահայ գրողներից ինձ գերել են Մուշեղ Իշխանը, Էլլեն Բյուզանդը և ուրիշներ: Արտերկրի գրողներին կարդացել եմ մեծ մասամբ թարգմանաբար, հայերեն և պարսկերեն: Հնարավոր չէ թվել բոլորի անունները, բայց ինձ վրա մեծ ազդեցություն են թողել Ջեկ Լոնդոնը, Ֆրանց Կաֆկան, Հայրնիխ Բյոլլը, Դոստոևսկին և շատ ուրիշներ: Անշուշտ իր դերն ուներ նաև պարսիկ ժամանակակից գրողների ազդեցությունը:

Հետաքրքիր է մի քիչ աւելի իմանալ երիտասարդ Կոլիայի ու Թաւրիզ քաղաքի յարաբերութիւնների մասին: Ի դէպ, մինչեւ քանի՞ տարեկան ես Թաւրիզում ապրել:

Տարիներ են անցել. մնացել են միայն, այսպես ասած, ցայտուն հուշերը, որոնք ավելի շատ կապվում են այլոց, քան իմ կյանքին և որոնց մասին անդրադարձել եմ իմ պատմվածքներում: Հախուռն պատանեկություն եմ ունեցել՝ դպրոց, մասնավոր դասեր, Արարատ միություն, ընկերական հավաքներ. եղել եմ գերազանցիկ աշակերտ, ավելի շատ սիրել եմ տան մթնոլորտը, ուր սերտել եմ դասերս ու զբաղվել ինձ այնքան սիրելի ընթերցանությամբ: Քիչ եմ շփվել մեր թաղի «մեյդանչայում» հավաքվող տղաների հետ: Եղել եմ կաշկանդված, ու՝ ոչ միայն ես: Ինձ ավելի երջանիկ ու ազատ զգացի այն ժամանակ, երբ 22 տարեկան հասակում մենակ քոչեցի Թեհրան: Վերջերս, ԱՄՆ-ում հանդիպեցի իմ թավրիզահայ ընկերներին, որոնք հատուկ ֆանատիզմով են վերաբերվում Թավրիզ քաղաքին ու դրա հետ կապված երևույթներին: Թող ինձ ներեն, բայց ես այդպիսին չեմ:

Կարծում եմ համաձայն ես, որ շատ հետաքիր է գրողի կեանքի արտացոլումը նրա գործերում: Դրա համար է, որ հետաքրքրւած եմ քո Թաւրիզի կեանքով: Յիշո՞ւմ ես,թե քո որ պատմւածքներում է նկարագրւել այն: Յամենայն դէպս անցնեմ նաև միւս հարցին

Գալիս ես Թեհրան: Դա ե՞րբ  է: Հինգ այլ երիտասարդ (ժամանակին երիտասասրդ) գրողների կողքին դու եւս ներկայ ես «Առայժմ» խորագրով ժողովածուի մէջ: Ժամանակին թւում էր, որ դա մի նոր հասանք է Իրանահայ գրականութեան մէջ  (մի տեսակ նոր «Նոր էջ»), բայց այդ խումբը չշարունակւեց: Այդ մարդիկ ինչպէ՞ս յայտնւեցին իրար կողքի: Արդեօ՞ք գիտես հիմա ուր են եւ ինչ են անում: Դեռ զբաղւո՞ւմ են գրականութեամբ:

Թավրիզի կյանքից ու մարդկանց մասին իրական դրվագներ կան իմ «Բախտ», «Վերջին խաղը», «Ոգին», «Ինքնահաղթություն», «Անդունդի հատակին», «Արթնություն», «Մազե կամուրջ» և այլ անտիպ պատմվածքներում, որոնց մեջ ներկա եմ նաև ինքս:

Ոչ, «Առայժմ…»-ը դժվար թե գրական նոր շարժում կոչես «Նոր Էջ»-ի պես: Դա իր տեսակի մեջ մնաց առայժմ-ի սահմանում, առանց հետո-ի… Թերևս եթե շարունակություն ունենար, մի բան դուրս գար, չգիտեմ, բայց փաստորեն չշարունակվեց, որովհետև զուրկ էր նոր շարժման պարամետրներից: Իրար կողք հայտնվեցինք բանաստեղծ Վարանդի ջանքերով: «Առայժմ…»-ը  հրատարակվեց 1974 թվին, երբ արդեն լույս էր տեսել իմ «Մայթե՜ր, մայթե՜ր…» գիրքը: Ինչքան հիշում եմ, մյուսները դեռ առանձին հրատարակություններ չունեին, իսկ ես՝ ավելացնելու նոր բան: Ցավոք, շատ քիչ տեղեկություններ ունեմ նրանց բոլորի մասին:

Ուզում ես ասել ՝ գիրքը հրատարակելու համար կամ դրանից յետոյ հանդիպումեր չե՞ն եղել համատեղ մի բան անելու կամ սկսելու նպատակով: Այդ երիտասարդ գրողները ունէ՞ին նմանութիւններ կան ընդհանրութիւններ:

Առնվազն ես չեմ մասնակցել, եթե հանդիպումներ եղել են. չեմ մասնակցել նաև հրատարակչական աշխատանքներին: Այդուահանդերձ, վստահ եմ, որ շարունակելու մասին խոսք չի եղել, իսկ եթե եղել է, ես տեղյակ չեմ:

Չեմ խորացել այդ առումով, թերևս պիտի նորից կարդամ. ինչևէ, ժամանակի շունչը, ինքնըստինքյան, ընդհանրություններ ստեղծում է: Այդ օրերին մոդա էր դարձել ազատ ոճը. Թերթեք Առայժմ…-ի էջերը, քիչ կհանդիպեք քառատողերի:

Ինձ թւում է, որ Առայժմի  շրջանից յետոյ երկար տարիներ դադար կամ առնւազն մօտաւոր դադար է եղել քո գրական գործունէութեան մէջ: Սյդպէս է՞, թէ՞ սխալւում եմ: Եթէ այդպէս է` ինչու՞: Եթէ սխալւում եմ մի քիչ պատմիր նախաԻննեսայի շրջանի աշխատանքներիդ մասին:

Չեք սխալվում: Առաջին գրքիս հրատարակությունից դեռ շատ առաջ, արդեն հազվադեպ էի հայտնվում մամուլի էջերում: Աշխատանքս այնպիսին էր, որ խլում էր ողջ ժամանակս ու էներգիան: Դրան զուգընթաց, ինձ հանձնարարվել էր թարգմանել Շահի գրքերից մեկը. եկամտաբեր գործ էր, բայց դա իմ տարերքը չէր ու խանգարում էր ստեղծագործելուն: Այլ է գեղարվեստական գրականության թարգմանությունը: Այդ ընթացքում, ճիշտ է, գրվեցին  նոր բանաստեղծություններ, որոնք թեև ավելի հասուն ու ավարտուն էին, բայց չէին գոհացնում առնվազն ինձ: Զգում էի, որ պոեզիայի կաղապարով չեմ կարողանում ասել այն, ինչ կա սրտիս մեջ ու սկսեցի գրել կարճ պատմվածքներ, էսսեներ ու հոդվածներ, որոնք բոլորն էլ հրատարակվել են: Ասեմ, որ նույնիսկ ընթերցանության մեջ ինձ միշտ գրավել է արձակը: Իհարկե, ձեր նշած շրջանում, ակտիվ չէի. 2005 թվին հանգստի կոչվելուց հետո լիովին նվիրվեցի գրականությանը և սկսեցի գրել միայն արձակ: 2008 և 2009 թվերին, երևանում հաջորդաբար լույս տեսան «Ինեսսա» խորագրով վիպակս և «Պղպջակ» վերտառությամբ պատմվածքներիս առաջին ժողովածուն: Պատրաստվում եմ գալ տարի հրատարակել նաև պատմվածքներիս երկրորդ, ավելի ընդգրկուն ժողովածուն: Դրանք ցայժմ լույս են տեսել Հույս, Գարուն, Նարցիս հանդեսներում ու Գրական Թերթում:

Ինչու՞ բանաստեղծութիւնից արձակ: Ասում ես պոէզիայով հնարաւոր չէր լինում ասել ինչ կար սրտիդ մէջ: Ի՞նչ կար սրտիդ մէջ: Ինչպիսի՞ բովանդակութիւն էր դա, որ աւելի լաւ էր լինում արտայատել արձակով, կարճ պատմւածքով, էսսէներով եւ վէպով: Ի՞նչն էր զբաղեցնում արդէն բաւականին տարիքն առաջացած Կոլիայի միտքը:

Նախ, տարիքս այնքան էլ առաջացած չէր, երբ անցա արձակին… 🙂

Իսկ ի՞նչ կարող է լինել մի գրողի սրտում և մտքում, դա նրան շրջապատող աշխարհն է, կյանքն է իր բազմազանություններով: Այնուամենայնիվ, իմ միտքը հարատևորեն զբաղեցրել է բուն հայրենիքից հեռու ապրող փոքրամասնությունների, տվյալ դեպքում սփյուռքահայի ապրումները: Ըստ-իս, պոեզիան շատ ավելի համապարփակ ու համամարդկային է, որ սահմանափակվի միայն այս թեմայով: Այստեղ կուզեի մեջբերում անել Գրանիշ կայքի հետ ունեցած իմ հարցազրուցից. «Չգիտես, ում «մեղքով» աչք ես բացում օտար երկրում և գիտակցական տարիքին հասնելուն պես անդրադառնում, որ չես ապրում քո մռութին ու էությանը համապատասխանող մի երկրում, որ ոչ այս են, ոչ այն, և դա մինչև կյանքիդ վերջը, թեկուզ գնաս ու հաստատվես այն երկրում, որտեղից եկել են քո պապերը. մեկ է քեզ չի լքելու «երկկենցաղության»,  խտրականության, խորթության մղձավանջը, որը միշտ քեզ հետ է: Ճեղքվածք է առաջանում անհատի ոչ միայն ազգային գիտակցության, այլև հոգեկան աշխարհում: Ես ուղղակի խղճում եմ Հայաստանից արտագաղթող հայերի գալիք զավակներին. նրանց ասելու են «Դու հայ ես», բայց հայկական կամ հայերեն շատ քիչ բան են տեսնելու իրենց շրջապատող աշխարհում՝ կանգնելով հոգեկան կեղեքիչ պարադոքսի առջև»:

Այսպէս ասած «սփիւռքային» իրադրության մէջ ապրող գրողի համար, յատկապէս կարեւոր է դառնում հեռու հայրենիքի լեզւով գրելու հարցը, երբ հասարակութեան մեծամասնութիւնը չգիտի այդ լեզուն, իսկ հէնց իր հայրենակիցները լաւ չգիտեն այն: Մի խոսքով սահմանափակ լսարանի հարցը, որ երբեմն գրողին մղում է գրել այլ լեզւով: Կան մեր գրողներից, որ սկզբից գրել են պարսկերէն, կամ գրել են հայերէն եւ յետոյ անցել պարսկերէնի: Դու նման հարցի առջեւ չե՞ս կանգնել: Երբեւէ մտքովդ անցե՞լ է գրես պարսկերէն:

 Ոչ, մտքովս չի անցել. սիրել եմ հայերենը, դա ավելի մոտ է եղել սրտիս, ինձ համար կարևոր չէ լսարարնի սահմանափկ լինելը: Իհարկե, սա չի նշանակում, որ չխոնարհվեմ պարսկերեն կամ օտաագիր հայ գրողների գրական վաստակի առջև: Ամեն դեպքում սփյուռքահայ գրողի  ավարտուն գործերը ճանապարհ են հարթում ու իրենց հանգրվանը գտնում նաև Հայաստանում և այլուր: Գալով իրանահայությանը, այո, համեմատաբար ցածր է հայերենի իմացության մակարդակը: Դա է, որ գրելիս՝ ակամա աչքիս առջև ավելի շատ հառնում են հայաստանցի, քան իրանահայ բարեկամներս… 🙂

Բայց մի քիչ տարօրինակ չէ՞ ապրել մի տեղ եւ գրել մի ուրիշ տեղի ընթերցողի համար: Դա ի՞նչ ազդեցութիւն ունի թեմաների ընտրութեան եւ գրական ստեղծագործութեան այլ գործընթացների վրայ:

Ըստ-իս, յուրաքանչյուր գրող ստեղծագործում է դրդված՝ որևէ արտաքին երևույթից, լինի դա իդեալ, սիրված էակ, տպվելու կամ մրցանակ շահելու հեռանկար, հոնորար, ընթերցողի կարծիք և այլն: Ինձ խթանում է այն, որ ինձ կարդում են նաև Հայաստանում: Դա ստիպում է լինել ավելի բծախնդիր, զգուշանալ պարսկերենի ուղղակի ազդեցությունից, աշխատել գրել նորովի, ավելի որակյալ: Չեմ կարծում, թե սրա իմաստն այն է, որ ապրում եմ այստեղ ու գրում ուրիշ տեղի համար, ուրիշ լեզվով: Իսկ թեմաների ընտրությունը, իմ կարծիքով, կատարվում է ոչ թե մեկին դուր գալու, այլ որևէ արտաքին երևույթի ազդեցության տակ կամ դրդմամբ: Դա ուղղակիորեն կապված է նաև գրողի միջավայրի շառավիղի մեծության հետ: Սփյուռքահայ գրողներից նրանք, ովքեր մնում են իրենց համայնքի եզրագծում ու բավականանում համայնքային փառքով, չեն անցնում միջակության սահմանը:

Լաւ, հասկանալի է: Մի խօսքով ասում ես ,քանի որ քեզ կարդում են նաեւ Հայաստանում, աշխատում ես գրել նրանց հասկանալի լեզւով, ավելի բծախնդիր: Հարց է առաջանում, թե, արդեօք, ընդհանրապէս չե՞ս մտածում, որ իրանահայ գրողի լեզուն, պիտի մի կերպ ունենայ նաև տեղական երանգ, ազդւի իրանահայերի գործածական լեզւից, որն ուզենքչուզենք իր հերթին ազդւած է պարսկերէնից:

Չեմ կարծում, այլ խոսքով դա անհրաժեշտություն չեմ համարում:  Փաստորեն ստեղծագործելու պահին, երբ գլխիդ մեջ թեման է, չես մտածում գրել ինչ-որ մեկին հասկանալի լեզվով՝ անտեսելով մյուսին: Իսկ միթե իրանահայ գրողների երկերը անհասկանալի ե՞ն հայաստանցի ընթերցողի համար, վերցնենք հենց Նոր Էջականներին, թե՞ նրանք էլ են աշխատել գրել «նրանց» հասկանալի լեզվով:  Իմ մոտեցմամբ ինչպես գրելը ժամանակի ընթացքում դառնում է ուրույն գրելաոճ, որն առկա է գրողի բոլոր երկերում: Դժվար է դատել այն մասին, թե իրանահայ գրողը որքանով է զերծ մնացել պարսկերենի ազդեցությունից. դրանից չես փախչի, դա նույնն է, թե Իրանի կլիման որքանով է փոխել իրանահայի ֆիզիոլոգիական տվյալները, օրինակ՝ մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, և այլն… 🙂

Շատ լաւԱյժմ մի երկու հարց  «Իննեսա» վէպի մասին: Իրանահայերը վերջին տասնամեակներում վեպ չեն գրել: Ինչպէ՞ս որոշեցիր վէպ գրել եւ որո՞նք են «Իննեսա»-ի թեմաները:

«Ինեսսան» իր ծավալով ավելի շուտ վիպակ է: Վերը նշեցի, որ ինձ միշտ հուզել է սփյուռքահայի ճակատագիրը, հատկապես Հայաստանի անկախացումից հետո: Մտածում էի դա ներկայացնել ավելի ծավալուն ու մանրամասն՝ ընթերցողին հետաքրքիր կաղապարով: Թե որքանով դա հաջողվեց, չգիտեմ: Կարծիքները բազմազան էին: Ոմանց հետաքրքում էր միայն հերոսների ճակատագիրը, օրինակ՝ ինձ մեղադրում էին «դաժան» ավարտի համար, կամ չէին հավանում Ինեսսայի արարքը՝ օտար տղամարդու հետ կապվելու առումով, մի երևույթ, որ ցավոք սրտի շատ տարածված է մեր օրերում՝ անկախ ազգությունից ու կրոնից: Եղան նաև գրականագետներ, որ ճիշտ հասկացան ինձ ու իրենց գրախոսականների մեջ անդրադարձան բուն թեմային՝ սփյուռքահայի ապրումներին: Մի խոսքով, ոմանց համար ֆոնը սփյուռքահայի ապրումներն էին, իսկ ոմանց համար՝ հերոսների կյանքի դրվագները…

Երիտասարդ կնոջ եւ տարեց տղամարդու յարաբերութեան թեման կայ նաեւ քո այլ պատմւածքներում: Այսպէս չէ՞:

Ոչ, չկա: Այդ թեման արծարծվել է միայն «Ինեսսա»-ի մեջ:

Թերևս թյուր ընկալումիս պատճառն այն է, որ քո պատմւածքներում  կա՝ երիտասարդ հերոսուհիների սեռական կյանքի նկարագրութիւնների մի տեսակ հակվածություն (obsession): Ի՞նչ կասես:

Չեմ ժխտում, ոմանք ինձ համարում են ֆեմինիստ, գուցեև այդպես է: Ինձ միշտ հետաքրքել է կնոջ, հատկապես Արևելյան կնոջ հոգեվիճակը՝ սեռական խնդիրներին բախվելիս: Թվում է՝ Արևմուտքում, կինն ավելի ազատ է, չի հալածվում հասարակության կողմից, չի երկնչում կուսությունը խախտել ամուսնությունից առաջ, ուստի արբունքին հասնելուց հետո անարգել վայելում է սեռական կյանքը, ինչը չես ասի հին ավանդույթների ու դոգմաների մեջ կաշկանդված Արևելյան կնոջ, ինչու չէ, նաև հայ կնոջ մասին: Իմ «Վեց-մեկ-վեց» պատմվածքում ես աշխատել եմ համոզիչ ազդակներ ներկայացնել արդարացնելու հերոսուհուս՝ իր ցանկահարույց մարմինը («միակ կապիտալը») վաճառքի հանելու վճռականությունը:

Նման ուղղությամբ գրելու շարժառիթներից մեկն էլ այն է, որ արտասահմանյան գրականության հետ համեմատելիս՝ ավելի սահմանափակ են սեռական թեմայով երկերը հայ գրականության մեջ: Եվ դա այն դեպքում, երբ սեռական կյանքը, ըստ ամենայնի, համաձայն գիտնականների ասության, զբաղեցնում է երիտասարդ և միջին տարիքի մարդու ուղեղի 70 տոկոսը: Դեռ ավելին, ըստ-իս, ելնելով կլիմայական պայմաններից՝ սեռական կյանքն առավել շեշտված ու տարածված է Արևելյան, քան Արևմտյան հասարակությունների մեջ: Ասածս այն է, որ հայ գրականությունը մասամբ կորցնում է գրականությանը բնորոշ՝ կյանքը «ինչպես որ կա» լրիվ արտացոլելու իր բնույթը, որով ասես անկեղծ չէ, ամեն բան ստացվում է արհեստական, չի կարդացվում այնպես, ինչպես արտասահմանյան գրականությունը (Քոելյու, Մարկես,…): Կասեի այս առումով ավելի անկաշկանդ է հայ կերպարվեստը, իսկ կինոյի մասին խուսափում եմ կարծիք հայտնել: Ցավոք սրտի, հայ հասարակությունը դեռևս շարունակում է գաղջ վերաբերմունք ցուցաբերել վերջին տարիներին համարձակորեն ի հայտ եկած այս ուղղությամբ գրական նոր շարժումների հանդեպ: Սեռական թեմայով օտար գրողին դնում են գլխին, իսկ հայ գրողին գամում անարգանքի սյունին, դե արի ու հասկացիր:

Գիտենք, որ հիմնադրել եւ քանի տարի է վարում ես «Գրական կամուրջ» կայքը: Գրանիշի հետ հարցազրոյցում ասում ես, որ սկզբում այդ կանքը պիտի կամուրջ դառնար հայ եւ պարսիկ գրականութիւնների միջեւ, բայց յետոյ փոխւեց Հայաստանի եւ սփիւռքահայ գրականութիւնների միջեւ կամուրջի: Ի՞նչ էր այս փոփոխութեան պատճառը: Կարելի է՞ ասել, թե այն ձախողեց իր համար ճշտորոշված նպատակին հասնելուն: Դա ինչքանո՞վ արդիւնքն էր պարսիկ գրողների եւ գրականութեան հետ կապերի նւազ մակարդակի: Երեւի պիտի աւելի շուտ հարցնէի, թէ որքանով ես ծանօթ պարսիկ նոր եւ դասական գրականութեան հետ: Այդ գրականութիւնը ազդեցութիւն  ունեցե՞լ է քո վրայ:

 Կարծում եմ փոփոխությունը անխուսափելի էր, որովհետև կայքը հենց սկզբից ճիշտ դրվածք չուներ: Առհասարակ, երկու կամ ավել լեզուներով կայքերում սեղմում ես լեզվի համար սահմանված, լեզվի սիմվոլը համարվող երկրի դրոշի վրա, փոխվում է լեզուն, բայց բովանդակությունը մնում է նույնը: Մեր դեպքում, այդպես չէր. հայ ընթերցողը կարդում էր թե հայերեն և թե պարսկերեն հատվածները, պարսիկ ընթերցողը՝ միայն պարսկերենը, որովհետև գրեթե չկան կամ շատ քիչ են հայերեն իմացող պարսիկ ընթերցողներ: Իհարկե պարսկերեն բաժնում տեղադրեցինք հայ գրողների գործերից հաջողված  թարգմանություններ, բայց դա իր չնչին ծավալով ամենևին չէր «կամրջում» հայ և պարսիկ գրականությունները, որոնցից յուրաքանչյուրը մի աշխարհ է… Այստեղ չեմ կարծում դեր ուներ պարսիկ գրականության հետ կապի ցածր մակարդակը կամ պարսիկ գրողների մասնակցության պակասը: Ներկայիս, կայքը իրոք կամուրջ է դարձել սփյուռքահայ ու հայրենի գրականությունների միջև:

Գրական Կամուրջի պարսկերեն հատվածի շնորհիվ, ինձ համար պատեհություն ընձեռվեց ծանոթանալ ժամանակակից պարսիկ գրողների մի փոքրիկ խմբի, որոնցից կարող եմ նշել հատկապես Ռասուլ Յունանի անունը: Կայքից դուրս, հաճելի էր հանդիպումներն այդ տաղանդավոր ու շնորհալի երիտասրադների հետ: Ավելի վաղ տարիքում հաճույքով կարդում էի և առիթ լինելիս շարունակում եմ կարդալ ժամանակակից պարսիկ բանաստեղծների, հատկապես Սեփեհրու, Շամլուի, Ֆարոխզադի և շատ ուրիշների հրաշալի բանաստեղծությունները: Իսկ պարսիկ դասականների հետ ծանոթացել եմ դպրոցական տարիներին ու հետագային հմայվել եմ Խայամով: Մի ժամանակ ձեռքից ձեռք էինք խլում Բոզորգ Ալավիի, Հեդայաթի, Ջալալ Ալ Ահմադի գրքերը, կամ կարդում նրանց կարճ պարմվածքները «Քեթաբե Հաֆթեում»: Հիշում եմ իմ ուսուցիչներից ոմանք արգելում էին Հեդայաթ կարդալ:

Թե որքանով է պարսիկ գրականությունն ազդեցություն թողել ինձ վրա, չգիտեմ: Ինչևէ իմ հայերենով ընթերցանությունը միշտ էլ գերակշռել է պարսկերենին ու անգլերենին:

Պատմւածքներից բացի, գրում ես նաեւ յօդւածներ: Որոնք են այդ երկու տեսակների նմանութիւններն ու տարբերութիւնները: Մի գաղափար երբ ես արտայայտում մէկով կամ միւսով եւ ընդհանրապէս արդեօք նոյն միտքը կարելի է արտայայտել թէ սրանով եւ թէ նրանով:

 Տարբեր ժանրեր են, մեկը ժուռնալիստական, մյուսը՝ զուտ գրական-գեղարվեստական՝ պատմողական բնույթի: Այնուամենայնիվ, եթե գրողը գրում է թե մեկը և թե մյուսը, տվյալ դեպքում երկուսն էլ արգասիքն ու արտահայտիչն են մեկ մտայնության, մեկ աշխարհահայացքի կամ ուրույն գաղափարախոսության. ուստի չի բացառվում ընդհանրությունների հավանականությունը:

Իմ հոդվածների գլխավոր թեման անմիջականորեն առնչվում է հայ ազգային, քաղաքական և հասարակական երևույթներին ու հիմնախնդիրներին: Իսկ պատմվածքներում մարդիկ են իրենց հոգեկան աշխարհներով: Հնարավոր է, որ պատմվածքների մեջ հերոսների բերանով արտահայտվեն այնպիսի գաղափարներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է նյութ ծառայել մի հոդվածի համար: Դա, իհարկե, կապվում է նաև պատմվածքի տեսակին (վիպական, նովելային, ակնարկային և այլն):

Ինձ թվում է, թե որևէ միտք հղանալիս, դժվար թե գրողը կանգնի ընտրության առջև՝ գրել հոդվա՞ծ, թե՞ պատմվածք: Գոնե դա ինձ հետ չի պատահել, դա մի տեսակ ստացվում է ինքնաբերաբար, թերևս այն պարզ պատճառով, որ ապավինում եմ մուսայիս թելադրանքին… 🙂

Գրանիշի հետ հարցազրոյցում ասում ես, որ ցաւում ես արտերկրում աչք բացող երեխաների համար, որոնք ապագայում իրենց գտնելու են մեր այսօրւայ նման իրավիճակում. Օտար հողի վրայ: քո պատմւածքներում եւս այսպէս կոչւած սփիւռքային իրավիճակը ներկայացւում է հիմնականում բացասական: Մինչդեռ այսօր միլիոնաւոր մարդիք ապրում են սփիւռքային վիճակում: Նրանք ունեն երկակի ինքնութիւն, որը ունի թէ բացասական եւ թէ դրական կողմեր: Երկու մշակոյթների հետ հաղորդակցւելով, նրանք կարողանում են վայելել երկուի արժէքներն էլ եւ այդ մշակոյթները իրար հետ համեմատելով, հասկանալ արժէքների յարաբերական լինելու իմաստը: Այս բոլորն անհասանելի է մեկմշակույթով օժտված մարդու համար: Մի խոսքով սփիւռքը ունի նաեւ իր դրական կողմը: Ի՞նչ կասէիր այս մասին:

 Եթե խնդիրը դրվի նժարի վրա, ըստ-իս, դարձյալ ծանր կկշռի սեփական հողում ծնված անհատի կարգավիճակի առավելությունները: Նա չունի այն խնդիրները, որոնք գիտակցորեն թե ենթագիտակցորեն զբաղեցնում են օտար հողում աչք բացած մարդու միտքն ու հոգին: Այլ է լինել մի երկրի լիարժեք քաղաքացի, և տարբեր՝ լինել փոքրամասնություն: Չեմ ժխտում, որոշ երկրներում այնքան էլ նշմարելի չէ խտրականությունը, օրինակ ԱՄՆ-ում, բայց ուզենք-չուզենք դա կա, գոյություն ունի և հարատևորեն կախված է փոքրամասնությունների գլխին, հատկապես այն երկրներում, ուր առկա է թե ազգային և թե կրոնական զանազանություն, ինչը առաջացնում է նաև խորթության զգացմունք:

Ասում եք, որ փոքրամասնության անդամը ժամանակի ընթացքում վերցնում է տվյալ երկրի մշակութային արժեքները, կամ ասենք երկու մշակույթների տեր անհատը ի զորու է ընկալել արժեքների հարաբերական լինելու իմաստը: Չեմ հերքում, բայց սա որքանո՞վ կարելի է առավելություն համարել ինչ է տալիս անհատին առօրյա կյանքում:  Չե՞ք կարծում, որ օրինակ ամերիկյան, ռուսական, կամ արաբական մշակույթների միաձուլման ընթացքում հայ անհատի մեջ առաջ է գալիս ջայլամային հոգեբանություն: Չէ՞ որ այսպիսով անհատը հեռանում է իր բուն արմատներից, կորցնում է ազգային բնորոշ հատկանիշները, դիմագիծը, նկարագիրը, ձեռք է բերում երկու անհատականություն՝ կանգնելով դրանից առաջացած հոգեկան խնդիրների առջև: Մի խոսքով այլասերվում է և ինչպես նշվել է՝ դառնւոմ է ոչ այս, ոչ այն: Եվրոպական մի քանի երկրներում, օրինակ Գերմանիայում և Շվեդիայում  ականատես եմ եղել այն բանին, որ փոքրամասնությունների զավակները (նաև ծնողները), անկախ ազգությունից, ինչպիսի ատելությամբ են լցված տեղացիների նկատմամբ, սակայն որոշ դեպքերում քծնում են, խոնարհվում նրանց առջև: Ինձ էլ պատահել է նման դեպքեր… հարկադրաբար: Երկերեսանիության նման մի բան… Ցավալի երևութներից մեկն էլ այն է, որ փոքրամասնության անդամն աշխարհում այլևս չունի մի անկյուն, որ լիովին հարազատ լինի իրեն. նա ջոկվում է տեղացիներից՝ մինչև անգամ իր պապերի երկիրը գնալիս:

Եվ այս բոլորի դիմաց, ինչպես նշեցի վերը, ձեռք է բերում ասենք երկու մշակույթների արժեքները համեմատելու կարողություն, ինչից զուրկ է մեկ մշակույթ ունեցող աբորիգենը: Իմ կարծիքով սա մեծ ձեռքբերում չէ, դրան կարելի է հասնել հենց բուն երկրում շփվելով օտարազգիների հետ, ճամփորդելով կամ մշակութային երկխոսություններ շնորհիվ:

Սփյուռքահայը ուր էլ ապրելու լինի անկախ իր պատմական անցյալից կամ ներկա իրավիճակից փոքրամասնության անդամ է: Սրանով ասված է շատ բան:

Հարցազրուցի վերջում, ի՞նչ կուզեիր, ասել որպես վերջին խոսք:

Նախ շնորհակալություն հարցազրույցի համար:

Հուսով եմ, որ Սփյուռքի նոր օջախներ չգոյանան աշխարհի տարբեր ծագերում, որ հայը չլքի իր դարավոր հայրենիքը, որ հայը պահպանի ու գորգուրի իր գոյության առհավատչյան հանդիսացող Հայոց Լեզուն, լինի միասնական: Ամեն:

 

4 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. Հարգելի Կոլյա Տեր -Հովհաննիսյան, Ձեր այս հարցազրույցից շատ բան իմացա Ձեր կյանքի, Ձեր հոգեկերտվածքի, Ձեր նախասիրությունների ու նաև ժամանակակից հայերենին Ձեր տիրապետելու հանգամանքների մասին:

  2. Շնորհակալություն, հարգելի Ալիս:

  3. Սիրելի Կոլիա
    Ողջոյն,
    Հաճելի էր կարդալ հարցազրոյցը,
    «Հուսով եմ, որ Սփյուռքի նոր օջախներ չգոյանան աշխարհի տարբեր ծագերում, որ հայը չլքի իր դարավոր հայրենիքը, որ հայը պահպանի ու գուրգուրի իր գոյության առհավատչյան հանդիսացող Հայոց Լեզուն, լինի միասնական: Ամեն:«
    Ամէն ինչ ասւած է, երանի թէ շատ լինէին այդպէս մտածող հայեր,

  4. Շնորհակալ եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի