Գրիշ Դավթյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի ն ք ն ա մ փ ո փ ու մ

Մերթ ինքնամոռաց, որպես ճգնավոր,
Մերթ վեհերոտ, որպես կալանավոր,
Մերթ գթառատ, որպես բուժքույր,
Մերթ ինքնամատույց, որպես սիրուհի…
Նվագի յուրաքանչյուր հնչյուն,
Լույսի յուրաքանչյուր ճառագայթ,
Շրջապատի յուրաքանչյուր ստվեր,
Արտացոլվում է տեսողությանս մեջ,
Գիտակցությանս մեջ բնազդական…
Բայց զինաթափվում եմ
Հաճույքի վաղանցիկությունից,
Չէ՞որ հողեղեն եմ,
Հողին վերադառնալու
Ապառնի ժամադրությամբ…
Մարդկային ազատությունս
Ակնաղբյուրն է անկանխատեսելի
Տվայտանքների,
Խանդավառությունների,
Գոհությունների…
Կյանքը մի ծավալ է,
Որ տարածվում է քվանտներով,
Շեշտավորված երանգներով,
Անապատներից մինչեվ պարտեզներ,
Մինչեվ բույրեր ու արբեցում,
Հարատեվության ո՛չմի երաշխիքով,
Անառհավատչյա,
Ցանկալի, կառչելի ու սորու՜ն…
Նախ անդաշն ու խառնիխուռն,
Ապա ամբողջացող դաշնությամբ,
Որ հասնում է համադրության
Մեղմ ու փափուկ,
Անեզերք, թե սահմանափակ…
Գունավորվում է գիտակցությունս
Ենթագիտակցության երանգներով,
Անցյալի, ներկայի ու ապագայի շերտերով,
Որոնցով շարունակվում է կյանքը
Բնազդով, թե դատողությամբ…
Ու որպեսզի չփլեմ կործանումով,
Սահում եմ մոռացության հորձանուտը.
Պտույտից սեվանում են աչքերս,
Անհետանում է տեսողությունը
Եվ հասնում եմ անեզերքին…

Սրտագին մաղթանքով

Երբ նայում եմ թոռնիկներիս
Ու աշխարքին եմ նայում,
Խորանում եմ տարեց կյանքիս
Ու գալիքին ակնարկում.
Տեսնում եմ ինչքան նման ենք,
Ինչքան տարբեր իրարից,
Նույն գույների տարբեր խորքն ենք
Վճիտությամբ նույն անբիծ…
Եվ հուզվում եմ իմ տենչերով,
Հիանում եմ խոր սիրով,
Որ աշխարքը ի՜նչ հրաշք է,
Այս կյանքը ի՜նչ հրաշք է.
Որ հյուսել եմ ժամանակը
Իմ անցյալից մինչ հիմա,
Որ կցում են զավակներս
Ներկայից առ ապագա…
Որ կկցեն թոռնիկներս
Ապագային դեռ գալիք,
Մի ապագա ուր կցոլամ
Նրանց վճիտ աչքերում.
Որ կտեսնեմ մի լավ գալիք
Նրանց լուսեղ աչքերով,
Մի ապագա, որ նրանցն է
Իմ սրտագին մաղթանքով:

Ը ն տ ր ո ւ թ յ ո ւ ն
(Պարսկական առակ)
Մարդուն՝ ուշիմության, ոչթե հարստության.
Կնոջը՝ հավատարմության,ոչթե գեղեցկության.
Ընկերոջը՝ գթության, ոչթե խոսքի.
Ունեցվածքը՝ բարեբաստության, ոչթե քանակի.
Տունը՝ խաղաղության, ոչթե չափի.
Ավտոն՝ լավաշխատության, ոչթե տեսակի.
Կերակուրը որակի, ոչթե որքանի.
Դասը՝ ուսուցչի, ոչթե գրքի.
Մարդուն՝ մարդկայնության, ոչթե արտաքինի.
Սիրտը՝ մաքրության, ոչթե տիրոջ.
Մարմինը առողջության, ոչթե նիհարության.
Խոսքը՝ ներհունության, ոչթե ասողի…

Գլենդել, Կալիֆորնիա


Grish78.jpg

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի