«

»

Դեկ 02 2011

Տպել Գրառում

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՈ…

kolia

Գիսանեն չէր շտապում և հաճույք էր զգում հայելու նման հարթ հատակի վրա ընթացող ուղեպայուսակի անիվների ձայնից: Ժամեր շարունակ գամված լինելով ինքնաթիռի նստատեղին` այժմ քայլելու մեծ ցանկություն ուներ. նույնիսկ հրաժարվեց շարժական կոնվեյերից ու նախընտրեց քայլելով կտրել ժամանակակից շքեղ օդանավակայանի երկար միջանցքը, որի ծայրին նշմարվում էին դեպի թռիչքային ելքեր տանող համարները՝ դեղին ֆոնի վրա սևով նշված: Աջ կողմի մեծադիր լուսամուտներից երևում էին սպասարկող մեքենաներով ու համազգեստավոր անձնակազմով շրջապատված ինքնաթիռներ` զանազան չափերի ու գույների: Ձախ կողմում մաշկի տարբեր գույներով ու տարազներով, ամեն տարիքի ու սեռի, փոքր ու մեծ ճամպրուկներով, պայուսակներով, ուսերից կախված ֆոտոխցիկներով ծանրաբեռնված ուղևորների անդադար շարժվող խառնամբոխն էր: Գիսանեն ինչ-որ նմանություն էր գտնում տարբեր երկրների պատկանող, զանազան պատկերանշաններով ինքնաթիռների և մարդկանց միջև: «Թե՛ օդանավերը և թե՛ ուղևորները այստեղ են հասել հեռավոր երկինքներից,- մտածեց նա,- երկինքները ամենուրեք նման են իրար, իսկ մարդիկ՝ ոչ»: Նա հազիվ զսպեց ծիծաղը՝ մի աֆրիկացի կին ուղևորի տարօրինակ հագուկապը տեսնելով: Հասնելով գլխավոր սրահին՝ Գիսանեն մոտեցավ չվացուցակի` առաջին իսկ պատահած էլեկտրոնային ցուցասարքին ու ստուգեց իր հաջորդ չվերթի համարը: Տողի ծայրին նշված էր` «Ուշացումով»: Անհավատալի էր, ստիպված էր սպասել ևս հինգ ժամ: «Ճար չկա, պիտի սպասեմ»,- ինքն իրեն հուսադրեց նա ու որոշեց չտխրել: Երկար տարիներ հետո հայրենիք վերադառնալու հեռանկարը գոտեպնդում էր նրան: Նայեց շուրջը. ամենուրեք արդիական շքեղ վաճառանոցներ, սրճարաններ ու կրպակներ էին, որոնց մեջ թափառելը, տվյալ դեպքում, ժամանակն սպանելու լավագույն տարբերակն էր:
Կանացի արդուզարդ ու կոսմետիկական միջոցներ վաճառող խանութներից մեկի առջև կանգնած՝ նա ստուգում էր գները, երբ ցնցվեց ու արագ ետ նայեց. մեկը քթի տակ երգում էր «Զարթի՛ր, լաո, մեռնիմ քըզի» երգը: «էս ո՞վ է…»,- տարակուսեց նա: Բացի մի քանի օտարազգի ուղևորներից, աղջիկը նկատեց հեռացող հավաքարարին. վերջինիս կապույտ համազգեստի մեջքին կարդացվում էր տեղական ավիաընկերության անունը: Նրան մի պահ թվաց, թե երազի մեջ է լսել, կամ ցանկացել է լսել ծանոթ երգի այդ մի քանի բառը. հոգնած աննպատակ քայլելուց՝ նստեց բաց սրճարաններից մեկի՝ առաջին իսկ պատահած սեղանին ու սուրճ պատվիրեց: Աչքերն անքնությունից և շրջապատող լույսերի ու գույների բազմազանությունից կարմրել էին. նույնիսկ առանց շաքարի սուրճը չխանգարեց փակել աչքերն ու ննջել` աթոռին նստած: Նա, օդանավակայանի բարձրախոսներից սփռվող շարունակական կանչերին ու ազդարարություններին զուգընթաց, ասես երազում լսում ու ինքն էլ անդադար կրկնում էր ծանոթ երգը: Երգի բառերը չէին ձուլվում շրջապատող իրականությանը, ուստի աղջիկը չէր կարողանում ձերբազատվել այն զգացողությունից, թե երգը սոսկ իր երևակայության արդյունքն է: Այնուամենայնիվ, երգը նրան տարավ անցյալի խորքը: Հիշեց անկախացումից հետո իրենց բակում տիրող մեծ ոգևորությունը, բակի երեխաների հաղթական քայլերգերը` զուգորդված նախկինում արգելված ազգային երգերով: Ամենից շատ ու բարձրագոչ հնչում էր «Զարթի՛ր, լաո»-ն: Հետո եղավ աշխարհակործան երկրաշարժը: Հիմնահատակ ավերվեց իրենց բակը, հրաշքով փրկվեցին քչերը: Ընդմիշտ լռեց երգը…
Գիսանեն բացեց աչքերը, երբ մուգ կապույտ գոգնոց կապած մատուցողը վերցնում էր դատարկ սուրճի բաժակը: Նայեց ժամացույցին. անցել էր մեկ ժամ, և դեռ մնում էր չորս ժամ` մի պատառիկ իր կյանքից, որը պիտի անցներ անիմաստ, սպասողական դրության մեջ: Աղջկան առանձնահատուկ գրավչություն պարգևող սև աչքերն ու սև մազերը գրավել էին քիչ հեռու նստած երեք երիտասարդների ուշադրությունը: Գիսանեն չէր նայում նրանց կողմը, բայց զգում էր իրեն ուղղված հայացքները: Դա ինքնաբավարարվածության զգացումի հետ մեկտեղ նյարդայնացնում էր նրան: Զգում էր, որ չափից ավել է զբաղեցրել սրճարանի սեղանը. փակելով հաշիվը՝ վեր կացավ ու քայլեց դեպի կենտրոնական սրահը` ոտքերը պարզելու հարմարություն ունեցող դատարկ բազկաթոռ գտնելու հույսով: Սակայն բոլոր աթոռները զբաղված էին զանազան դիրքերով կիսապառկած ուղևորներով` որը ննջած, որը արթուն:
… Գործուղումից վերադարձած հայրը իրեն գտավ ֆինլանդացիների կողմից հիմնված շարժական բուժարանում, ուր բուժում էին իր ձախ ոտքի վնասված ոսկորը: Իրենց ոչ այնքան բազմանդամ ընտանիքից կենդանի էին մնացել միայն ինքն ու հայրը: Հետո եկան Երևան ու ապաստան գտան հորաքրոջ բնակարանում: Նեղվածք էր, դժվար էին ապրում. խավարի ու ցրտի տարիներն էին: Շատ չանցած՝ հոր հետ մեկնեցին Միացյալ Նահանգներ: Գիսանեն ստիպված էր ուսումը շարունակել լրիվ անծանոթ միջավայրում, գտնել նոր ընկերներ: Շնորհիվ հոր մասնագիտության ու լեզվի իմացության` նրանք ապրում էին բարեկեցիկ: Հայրը երկար ժամանակ խուսափում էր նորից ամուսնանալ: Բայց նրանց կյանքում հայտնվեց իրենց համաքաղաքացիներից մեկը` նույնպես երկրաշարժի հետևանքով այրիացած մի կին, որին հայրը բերեց իր հետ Հայաստան կատարած վերջին ճամփորդությունից վերադառնալիս: Սկզբում ինքը չէր կարողանում ընտելանալ նոր իրադրությանը: Հռիփսիմեն թեև տարիքով մեծ էր իրենից, բայց բավականին փոքր էր հորից: Հայրը երբեմն մեղավոր հայացքով լուռ նայում էր դստեր աչքերին ու գլուխը կախ գցում: Խղճաց հորը, փորձեց հասկանալ նրան: Նա միշտ հիանալի հայր էր եղել: Սառույցը կոտրվեց: Գուցե դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ ինքն ակամա ստիպված էր հանձն առնել Հռիփսիմեին նոր միջավայրին ծանոթացնելու ու լեզու սովորեցնելու հոգսը: Հռիփսիմեն վատ մարդ չէր, բայց շատ դանդաղ էր համակերպվում իր նոր կյանքի պայմաններին ու բարքերին: Հագնվում էր անճաշակ, դեմքը շպարում էր չափից ավելի, օգտագործում էր վառ կարմիր շրթներկ: Ինքը երբեմն ամաչում էր, երբ ընկեր-ընկերուհիները գալիս էին իրեն տեսության: Սակայն հաճախ այդ Հռիփսիմեն էր, որ նախատում էր իրեն. «Բա տղաների մոտ էդ կարճ շալվարով, մեջքդ բաց, ո՞նց կլինի»… Ինքը միայն ծիծաղում էր: Հայրը, առհասարակ, չէր խառնվում նրանց խոսակցություններին: Թվում էր՝ նրա համար ամեն ինչ միևնույնն է: Երբեք չէր դրսևորում իր զգացումները: Ինքն այդպես էլ չկարողացավ նրանց ննջարանից որսալ որևէ արտառոց ձայն…
«Զարթի՛ր, լաո, մեռնիմ քըզի»… Գիսանեն ցնցվեց: Նորից նույն երգը: Ո°չ, սա երևակայության արդյունք չէր: Ինքը պարզ լսեց երգի բառերը. նույնիսկ ձայնը ծանոթ էր իրեն… Նա շուրջը նայեց ու նորից տեսավ արագ քայլերով հեռացող կապույտ համազգեստով հավաքարարի մեջքը: Ուրիշ մեկը չկար: «Այդ նա է»,- եզրակացրեց նա ու հետևից քարշ տալով ուղեպայուսակը` վազեց հավաքարարի հետևից: Անզուսպ հետաքրքրության հետ մեկտեղ Գիսանեին համակել էր մի տարօրինակ զգացում. մոտ էր սիրտը դուրս թռչեր կրծքավանդակից: Հավաքարարը մի պահ կանգ առավ ու կոթավոր ավելով աղբի գոգաթիակի մեջ հավաքեց հատակին ընկած թղթի կտորներ: Քիչ էլ, քիչ էլ, և ահա պարզ լսվում էին երգի ծանոթ բառերը: Ասես ժամանակի անջրպետը վերացավ, ու Գիսանեն հայտնվեց իրենց բակում. ինքը տասնմեկ տարեկան է, նոր է վերջացրել դասերն ու իջել է բակ` միանալու ընկերներին: Եվ… ձայնակցելով ընկերոջը՝ ինքն էլ սկսեց երգել բարձրաձայն, ինքնամոռաց.
– «Զարթի՛ր լաո, մեռնիմ քըզի»…
Հավաքարարն արագ ետ շրջվեց ու ապշած, բայց ուշադիր նայեց իր առջև կանգնած աղջկան. նա բերանը բաց ու խուփ էր անում, բայց ձայն դուրս չէր գալիս…
-Գիսանե…,- վերջապես հազիվ լսելի ձայնով արտաբերեց նա:
-Արտո՜…
Ավելն ու գոգաթիակը ցած ընկան հավաքարարի ձեռքից: Նրանք ամուր գրկախառվեցին: Անցուդարձող ուղևորները զարմացած նայում էին գրկախառնված տարօրինակ զույգին:
-Գիսանե՜…
-Արտո՜…
Գիսանեն ոչ մի կերպ չէր կարողանում զսպել արցունքների հոսքը:
-Ի՞նչ ես անում էստեղ,-հարցրեց նա կերկերուն ձայնով:
-Տեսնում ես, էլի,- Արտոն ժպտաց քաշվելով,- գլուխս եմ պահում: Իսկ դո՞ւ…
-Գնում եմ Երևան, էնտեղից՝ Սպիտակ:
Արտոյի` թախիծով պատած սև աչքերում բռնկվեց ու մարեց մի կայծ.
-Երանի քեզ,- մրմնջաց:
-Դե, պատմի՛ր, էդ ո՞նց եղավ…
… Երկրաշարժից հետո ուրիշ որբերի հետ Արտոն հայտնվեց գերմանական մի քաղաքում: Իրենց ընտանիքից ոչ ոք կենդանի չէր մնացել: Հակառակ լավ խնամքին ու հոգատար վերաբերմունքին` օտար մթնոլորտը ճնշում էր նրան: Դժվարությամբ էր սովորում, անհնազանդ էր ու փախչում էր դասերից: Երկու տարի անց որբերից ոմանք վերադարձան հայրենիք: Իրեն որդեգրեց մի անզավակ երիտասարդ զույգ, սակայն կինը սկսեց սիրահետել տասնհինգ տարին նոր թևակոխած Արտոյին… Արտոն չէր գիտակցում խնդրի լրջությունը, ու թեև այդ բոլորը իր սրտովը չէր, չէր կարողանում ձերբազատվել կնոջ հմայքներից… Մի օր էլ ամուսինը բռնացրեց նրանց… Ծեծեց Արտոյին: Դրանից հետո Արտոն մենակ մնաց, անցկացրեց դժվարին օրեր: Իր ապրուստը հոգում էր` սրճարաններում աման լվանալով, պահակություն անելով, նույնիսկ մշակությամբ: Սենյակ էր վարձում ընտանիքների մեջ, բայց երկար չէր մնում, որովհետև չէր կարողանում խուսափել զանազան սիրային արկածներից: Մի քանի անգամ որոշեց վերադառնալ հայրենիք, բայց այնտեղ միայն հարազատների գերեզմաններն էին. ո՞վ պիտի հոգ տաներ իր մասին, ի՞նչ պիտի աներ իր թերի կրթությամբ… Հետո եկավ այս քաղաքն ու աշխատանքի անցավ օդանավակայանի մաքրության աշխատանքը ստանձնած մի մեծ ընկերության մեջ: Լավ են վճարում… Չի ամուսնացել, բայց ապրում է մի լեհուհու հետ օդանավակայանից ոչ շատ հեռու` մի փոքրիկ բնակարանում…
Արտոն գլուխը կախ գցեց ու աչքերը հառեց գետնին դրած մաքրության պարագաներին:
-Արտո՛, արի գնանք Հայաստան,- ասաց Գիսանեն:
-Չէ… չեմ կարա, մի՞թե դու մնալու ես էնտեղ:
-Չէ, կվերադառնամ. դեռ պիտի սովորեմ,- կարծես արդարանալով` ասաց…,- չեմ կարող թողնել հորս, Հռիփսիմեին…
-Հռիփսիմեի՞ն, ի՞նչ Հռիփսիմե,- Արտոն լարվեց:
-Եսի՞մ, հայրս իր հետ բերեց Սպիտակից:
– Ես մի հորաքրոջ աղջիկ ունեի` Հռիփսիկ անունով, նոր ամուսնացած…
Ինքնաթիռի մեջ Գիսանեն երկար ժամանակ լուռ արտասվում էր: Մտածում էր այն մասին, որ հայրենիքից հեռու իրենք էլ… մեռած են. «Ի՞նչ տարբերություն մեր և նրանց միջև, ովքեր մնացին փլատակների տակ… Մենք էլ չկանք այնտեղ՝ Սպիտակում»… Իսկ ո՜նց գտավ Արտոյին, չզգաց, թե որքան արագ անցավ չորս ժամը: Ինչքա՜ն բան ունեին իրար պատմելու: Արտոն, գործը թողած, եկավ մինչև թռիչքային ելքի սրահի դուռը ու չէր կարողանում գրկից բաց թողնել իրեն. հեռացավ թաց աչքերով, գլուխը կախ:
Այդ ո՜նց խորտակվեցին իր, Արտոյի, իրենց բակի գեղեցիկ, առնական Արտոյի, Արտոյի նմանների պատանեկան հրաշալի երազանքները, այդ ո՞ւր շպրտեց կյանքի անողոք հարվածը իրենց արևոտ բակի մաքուր, անարատ հոգիներին…
Երկինքները նման են իրար, մարդիկ՝ ոչ:
Կզարթնի՞ արդյոք լաոն խոր, օտար թմբիրից…

Հունիս, 2010

 

Share Button

3 կարծիք

  1. Ani

    Կոլյա ջան, ապրես, շատ սիրեցի: Էնքաաան անգամներ եմ շրջվել, լսելով հայ խոսքը օտար քաղաքում, էնքաան անգամներ կարոտել, էնքան անգամներ զգացել այս ամենը… չնայած երկրաշարժն ինձ ու հարազատներիս չի դիպչել… հենց քսան րոպե առաջ, գալիս էի տուն, մեքենայումս հայերեն երգեր էին հնչում, քիչ բարձր, ճիշտ է, ու կողքի մեքենայի ուշադրույունը գրավեցի, նայեցի աչքերին, հայ էր, ես էլ, նա էլ նույն բանը զգացինք… հարազատ հոգիներ…

  2. Lilit

    Artasveci ev uraxaca, evs mek angam hamozvelov, vor anchap shat em sirum hayreniqs… u inc erjanik zgaci, aynqan erjanik, vor gone mek harazat u mnayun gandz unem- Hayastans,,, Hayastann el inc uni. Shnorhakalutyun gexecik stexcagorcutyan hamar.

  3. Anonymous

    կորուսյալ սերունդ… ոչ ոք այնպես չի հասկանա Գիսանեին, ինչպես ինքը՝ Գիսանեն ու իր սերնդակիցները: հրաշալի պատմվածք է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>