«

»

Հուն 04 2012

Տպել Գրառում

Լիլիթ Հակոբյան | ՈՉԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Չեմ ուզում խոսել, լռել եմ ուզում… Այսօր ուզում եմ համր ձևանալ, բայց հոգիս այնքան բարձր է գոռում, որ խլանում են ձայները բոլոր: Ես էլ չեմ կարող լռեցնել այն վայրի ճիչը, որ իմ ներսում է ու չի պապանձվում: Լռել եմ ուզում, բայց չի ստացվում, ամեն ինչ շատ է լռելու համար: Իսկ եթե գոռամ … Ո՞վ ինձ կլսի, բոլորն են գոռում, իմ խղճուկ ձայնը չի էլ հասցնի անցնել այն տարածությունը, որ լի է ձեր գոռոցներով: Ձայնս կմարի ձեր գոռոցների ճիրանների մեջ: Ինձ ճիշտ հասկացեք, դուք չեք վայրենի, ձեր գոռոցներն են արյունով լեցուն: Եթե չեք թողնում, որ մի կուշտ գոռամ, թողեք, որ լռեմ, թեկուզ և թաքուն: Այո, հենց թաքուն: Ես վախենում եմ ձեր լռությունից, գուցե դուք լսեք իմ լռությունը ու կրկին ուզեք լռել ինձ նման, բայց ավելի լուռ, քան ես եմ լռել: Չէ… Ես հանգիստ եմ, ինչքան էլ լռեք, ինձ պես չեք կարող, մեկ է կպոռթկաք: Իսկ իմ լռությունը ծով է անհատակ, այն երբեք էլ չի աղմկի: Աղմուկը ձերն է, թողեք` ես լռեմ: Դատարկ տակառն է բարձր զրնգում, իսկ իմ տակառը այնքան է լցվել, որ լռությանն էլ չի արձագանքում, թողե’ք, որ լռեմ, առանց արձագանք:
Չեմ ուզում լսել, վաղուց փորձում եմ ես խուլ ձևանալ, բայց աչքերս նորից մատնում են ինձ այնքան հեշտ ու անողոքաբար, ու դուք տեսնում եք լսողությունս, իսկ ես լսում եմ այն լռությունը, որ բղավում է ձեր կույր խոսքերում: Լռե’ք, խնդրում եմ բարեկամաբար: Խոսքերն ինձ շատ են խանգարել, ինձ ճիշտ հասկացեք, դուք չեք խանգարում, այլ այն խոսքերը, որ ինձ էլ վաղուց ոչինչ չեն ասում: Լռել եմ ուզում, ձեր լռությունն եմ ուզում ունկնդրել, այդքան բաղձալի իմ լռությունը, որը կորցրեցի, երբ իմ մերկ հոգին մարմին ստացավ: Բայց դուք բազմաձայն աղաղակում եք, դատարկ խոսքերն են թռչում աջ ու ձախ ու շուրջս նորից դատարկություն է` լցված ձեր պոռոտախոսությամբ: Դուք չեք զզվելի, ինձ ճիշտ հասկացեք, այս դատարկությունն է ինձ հունից հանում, որով լցված են ձեր մերկ մտքերը:
Չեմ ուզում տեսնել… Այսքան զզվելի լպրծուն դեմքեր, այսքան նողկալի ու խավար աչքեր, որ նայում են ինձ, ինչպես թշնամու, բայց մեղր է ծորում նրանց սուր լեզվից: Աչքերս փակեմ ու կույր ձևանամ, վերանամ, գնամ, կոպերս հոգնած ես գոցեմ հանգիստ: Ուրիշ աշխարհ եմ ուզում, ուրիշ գույներով, ուրիշ երանգներ այդ գույների մեջ ու ուրիշ աչքեր այդ երանգներում: Ես ձեր աչքերը էլ չեմ հասկանում ու էլ չեմ ուզում, ինձ ճիշտ հասկացեք, դուք չեք դատարկ, այլ ձեր աչքերն են դատարկվել վաղուց: Վաղուց երևի ոչինչ չեք տեսել, ոչինչ չեք լցրել ձեր աչքերի մեջ: Իսկ ես այնքան եմ տեսել արդեն, որ աչքերս լի են ձեզանով ու ձեր աչքերով: Ձեր դատարկ ու մեծ բացված աչքերով, որ շատ բան տեսել, բայց չեն հասկացել: Իսկ իմ աչքերը նույնսիկ չտեսած ամեն ինչ գիտեն, ամեն ինչ արդեն աչքերովս լի և իմ աչքերն էլ ամեն ինչով լի… Բայց ես չեմ ուզում, հոգնել է արդեն տեսողությունս այս բազմաթիվից, ես միակն եմ ուզում, մի խուլ մթություն ու կույր լռություն: Ինչքան եմ ուզում ես դատարկություն, բայց դեռ չեմ գտնում. ամեն ինչ լի է ձեր դատարկությամբ, իսկ դատարկությունը ձեզանով լեցուն, բայց ես ուզում եմ մի խուլ լռություն և այդ լռությամբ կույր դատարկություն: Շատ բան չեմ ուզում, միայն մի ոչինչ, ոչինչ եմ ուզում: Կարծում եք շա՞տ է: Իսկ ես այդ շատից հոգնել եմ անչափ: Մի քիչ եմ ուզում, մի փոքրիկ ոչինչ. Ոչինչ չլսել, ոչինչ չխոսել, ոչինչ չտեսնել և ուրիշ ոչինչ: Ինձ ճիշտ հասկացեք դուք ամեն ինչ եք, բնավ ոչինչ չեք, բայց իմ ուզածն այսօր ոչինչ է, թողեք, որ մնամ առանց ոչինչի, ամեն իչից զերծ, ամեն ինչից խուլ, ամեն ինչից կույր:
Թողեք այս անգամ մի քիչ ես ուզեմ. շատ բան չեմ ուզում, ոչինչ եմ ուզում, մի փոքրիկ ոչինչ, չափազանց շատ է այս ամեն ինչը, իսկ ինձ այնքան է գերում ոչինչը, թողեք, որ գնամ այնտեղ ուր չկա… Ոչինչ…

Share Button

1 կարծիք

  1. Armen

    shat lavner shnorhavorhum em groxin!
    Gnahateq ayn mardkanc, ovqer dzez mot en galis voc te ayn pahin, erb irenq en vat, ayl duq:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>