Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՆԿՅՈՒՆԱԴԱՐՁ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Զգում էր, որ անսովոր է Դանիելի վերաբերմունքը: Բարդ վիրահատության ընթացքում, նա մի քանի անգամ հայացքով շաղափեց իր աչքերի խորքը. մի երևույթ, որ հազվադեպ էր պատահում: Անժելային թվաց, թե նա ժպտում է բժշկական դիմակի տակից: Հիմա, վաստակած մարդու քաղցր հոգնությամբ, վիրահատական կանաչ կոստյումներով, սովորականի պես նստել էին բժիշկների սենյակում, թերմոսից սուրճ էին խմում ու գոհունակությամբ խոսում վիրահատության հաջող ելքի մասին, թեև Դանիելի տեղի-անտեղի ժպիտներով ու երկդիմի ակնարկներով համեմված խոսակցությունը զարմացնում էր Անժելային:

-Ի՞նչ ես մտադիր անել,- առանց նախաբանի հանկարծ հարցրեց Դանիելը:

-Այսի՞նքն:

— Ուզում եմ ասել, ը՜… ինչպե՞ս ես անցկացնելու երեկոն:

-Պարզ է, կգնամ տուն, ինչպես միշտ,-կարճ դադարից հետո ասաց Անժելան:

-Ըհը:

Անժելան դեռ զարմացած էր: Շուրջ երկու տարի աշխատել էին միասին, բայց իրենց հարաբերությունները երբեք չէին անցնել զուտ գործնականի սահմանագծից: Ժամանակի ընթացքում ամրապնդվել էր այս յուրտեսակ կապը, որը թանկ էր իր համար: Ինքը շատ բան էր սովորել Դանիելից: Նա եկավ Ամերիկայից ու իրենց հիվանդանոցում գործի լծվեց որպես` գլխավոր վիրաբույժ: Անժելան չգիտեր, թե իր որ արժանիքների համար, մյուս վիրաբույժ-ընթերակաների միջից նա ընտրեց իրեն և գրեթե նրա բոլոր վիրահատությունների ժամանակ ինքը ներկա էր: Դա շարժել էր ոմանց նախանձը, որ փորձել էին հոր փորել Անժելայի ճանապարհին, բայց չէին հաջողել:

-Գնում ես տուն, մենակ, ի՞նչ անես:

-Ինչ պիտի անեմ,- ծիծաղեց:

-Վաղն ազատ օր է, արի գնանք մի տեղ ընթրենք:

Անժելան ընկավ մտատանջության մեջ, միտքը գործում էր տարերայնորեն: Այնքան էր վարժվել իրենց զուտ գործնական հարաբերություններին, որ արտառոց էր թվում իր նախադեպը չունեցող այս հրավերը: «Եթե չմերժեմ, գնամ, դա հավանաբար մեր այս յուրօրինակ ընկերության վերջը կլինի,-մտածեց ափսոսանքով,- իսկ եթե մերժեմ, սև ամպեր կկուտակվեն…»: Երկու դեպքում էլ, զգում էր, որ մի թանկ բան կկորցնի, որ մի բան քանդվելու վրա է: Ինքը երբեք ռիսկի չէր դիմել իր կյանքի ընթացքում, դուրս չէր եկել իր աշխարհից, եղել էր միշտ մենակ, ինքնամփոփ, միայն աշխատել էր ու սովորել, սովորել էր ու աշխատել: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա եկավ և իր բոլոր գործակցուհիները գլուխները կորցրած՝ դիմում էին ամեն տեսակ ինտրիգների, ինքն իրեն հեռու էր պահում, մտքովն անգամ չանցավ շահել նրա սիրտը: Դանիելը թեև քամահրանքով էր վերաբերվում սիրային զեղումներին. սակայն երբեմն հայտնվում էր հասարակության մեջ մի նոր աղջկա ընկերակցությամբ, և էլի մի որոշ ժամանակ անց մնում մենակ: Հիվանդանոցի միջանցքներում, սենյակներում, վերելակների մեջ ծայր առան ասեկոսեներ. ինչե՜ր չէին պատմում նրա մասին, նրա արևմտյան ազատամտության մասին, կանանց ու աղջիկներին իրենով անելու ու փալասի պես դեն նետելու մասին… Ամուրի, բարետես, հարուստ տղամարդ էր, ամերիկահայ:  Հաճելի արտաքին ուներ, միայն սկսել էր ճակատի կողմից ճաղատանալ ու սպիտակներ էին հայտնվել քունքերին: Սկզբում ինքը շատ էր քաշվում, բայց արագ ընտելացավ ու լավ ընկերներ դարձան: Մի անգամ, իր այն հարցին, թէ ինչն է իրեն դրդել գալ Հայաստան, նա խուսափողաբար պատասխանել էր՝ «Խղճիս պարտքը՝ ինձ ծնող ժողովրդի հանդեպ»: Ոմանց կարծիքով՝ նա չարաչար ստում էր. «Եկել է փողի ու իր քեֆի համար, էնտեղ մրցակցություն կա, դժվար է հաջողության հասնել»,- ասում էին առարկություն չվերցնող տոնով: Ամեն բանից հետո Անժելան հիանում էր Դանիելի վիրաբուժական հմտությամբ ու յուրովի սիրում նրան:

Իրավիճակի հնարավոր փոփոխությունը խրտնեցնում էր Անժելային, բայց նոր հարաբերությունների մշուշոտ հեռանկարը խուտուտ էր տալիս երևակայությունը, անթեղված զգացումներն ու ցանկությունները գլուխ էին բարձրացնում: Նա հավատք չէր ընծայում ժամանակի ընթացքում, հետզհետե նվազող ասեկոսեներին, բայց մի պահ սարսռաց այն մտքից, որ գուցե ինքն էլ կդառնա նրա հերթական զոհը: Զո՞հ, ի՞նչ զոհ, իրոք անիմաստ է հնչում այս բառը, երբ վայելքը փոխադարձ է. ինչո՞ւ միայն կանայք են հայտնվում զոհի կարգավիճակում: Դեռ հղիությունը կանխարգելիչ միջոցները մի կողմ, եթե խոսքը կուսության մասին է, մի՞թե մեր օրերում դժվար է դրա վերականգնումը… Նման դեպքեր քիչ չեն եղել հենց իրենց հիվանդանուցում: Իր համար անփոխարինելին Դանիելի հետ ունեցած գործնական կապն էր: Իսկ գուցե ոչինչ էլ չփոխվի, ամեն բան մնա նախկինի պես, եղած-չեղածը մի ընթրիք է…

Այս միտքը գոտեպնդեց աղջկան:

-Լավ, գնանք,-ասաց հաստատակամ,- գնամ փոխվեմ:

Պայմանավորվեցին հանդիպել կես ժամ հետո գլխավոր մուտքի մոտ:

Հագուստները զգեստասենյակում փոխելիս՝ հայելու մեջ ավելի ուշադիր տնտղեց իրեն: Շպարված չէր: Երեսը լվաց սառը ջրով, թարմացավ: Փնտրեց պայուսակի մեջ ու գտավ բաց գույնի շրթներկը, որ հազվադեպ էր գործածում: Բացեց, մոտեցրեց բերանին, բայց փոշմանեց. մեկ է՝ աչքերն ու երեսը կմնային առանց շպարի. նորից փակեց ու նետեց պայուսակի մեջ: Հանելով հերակալը՝ գլխի շարժումով թույլ տվեց ուսերին թափվեն վիրահատական գլխարկի տակ հավաքած ու գունդ արած՝ երկար, սևաթույր մազերը, որոնց մեջ վերջերս հայտնվել էին մի քանի արծաթե թելիկներ… Տարեց հարևանուհին միշտ հիացմունքով էր խոսում իր մազերի ու կազմվածքի մասին: Մի օր իր այն հարցին, թե հակառակ սեռերի միջև արդյո՞ք գոյատևում է զուտ գործնական հարաբերությունների վրա հիմնված ընկերությունը, հարևանուհին պատասխանել էր, թե՝ դժվար է միանշանակ ասել՝ այո կամ ոչ, թեև ինքը նման դեպք չի հիշում: Ի՞նչ էր սպասում իրեն. կանգնել էր երկուղու առջև. չգիտեր տխրեր, թե ուրախանար: «Դու պարզերես ես դուրս եկել ավելի դժվար իրադրություններից»,-սիրտ տվեց իրեն: Երբ կազմ ու պատրատ էր, մի անգամ ևս նայեց հայելու մեջ ու գոհ մնաց. ընդհանուր տեսքը վատ չէր, բարեբախտաբար այդ օրը հագին վերջերս գնած բաց մանուշակագույն շրջազգեստն էր, որը շատ էր սազում իրեն: Առույգ քայլերով դուրս եկավ միջանցք ու վերելակով իջնելով առաջին հարկ, ճիշտ ժամին հայտնվեց գլխավոր մուտքի մոտ:

Դանիելն արդեն սպասում էր իրեն:

Դրսում մթնշաղն իրիկնանում էր, գարնանային հրաշալի եղանակ էր:

Սա առաջին դեպքը չէր, որ նստում էր նրա մեքենան, բայց դա եղել էր միայն իրեն տուն հասցնելու պատրվակով: Հիմա առաջին անգամն էր, որ գնում էին այլ ուղղությամբ: Ու թերևս առաջին անգամն էր, որ Դանիելը վարելիս՝ երբեմն գլուխը թեքում ու հպանցիկ նայում էր իրեն:

Պաշարված անսովորության զգացումով՝ երկուսն էլ լուռ էին:

Ընթրեցին քաղաքի ամենաթանկ ռեստորաններից մեկում: Անթերի սպասարկում, արևմտյան խոհանոց, ընտիր կարմիր գինի և հրաշալի մեղմ երաժշտություն… Անժելային թվում էր, թե երազի մեջ է, ամեն ինչ կտար, միայն թե երկարեր հիասքանչ երեկոն:

Դանիելի շոշափող, ժպտուն հայացքը մերթ ընդ մերթ թափառում էր Անժելայի գինուց վարդագունած այտերի, շուրթերի, ճերմակ պարանոցի ու շրջազգեստի լայն բացվածքի վրա, ինչն աննկատ չէր մնում աղջկանից:

Բավականին ուշ դուրս եկան ռեստորանից:

Սառն օդը սթափեցրեց Անժելային: Ոտքերում թուլություն էր զգում. ակամա թևանցուկ արեց Դանիելին, հենվեց ուսին ու միասին քայլեցին դեպի մեքենան:

Չհարցրեց, թե ուր են գնում:

Առանձնատունը ողողված էր լույսերով: Մեքենայից իջնելիս՝ նա մի պահ վարանեց, բայց Դանիելը նրա ձեռքը բռնեց այնքան անբռնազբոս ու մտերմիկ, որ լցվեց վստահությամբ: Դռան մոտ նրանց դիմավորեց բարի դեմքով ծեր պահակը, սիրալիր բարևեց ու ժպտաց աղջկան: «Երևի սա էլ ընդունված ընթացակարգի մի մասն է»,-անցավ մտքով ու դող զգաց… Ներս մտան: Այդպիսի շքեղություն Անժելան տեսել էր միայն կինոներում: Ուշադրությունը, ամենից բանից շատ, սևեռվեց պատերից կախված գեղեցիկ ու ճաշակով արդիական կտավների ու տան զանազան անկյուններում տեղադրված քանդակների վրա. Դանիելը հետաքրքիր բացատրություններ տվեց: Ակնհայտ էր, որ մասնագիտությունը չէր խանգարել նրան դառնալ արվեստի սիրահար:

Ներս մտավ սպասուհին սուրճի սպասքով, անուշեղեններով ու կոնյակի բաժակներով սկուտեղը ձեռքին: Նա ևս սիրալիր ու ժպտերես բարևեց աղջկան:

Վայելեցին դառը սուրճը ընտիր կոնյակի հետ:

Անժելային չէր լքում երազի մեջ լինելու եթերային զգացումը. Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես հայտնվեց Դանիելի նույնքան շքեղ ննջարանում: Նրանց շուրթերը միաձուլվեցին: Առաջին անգամ իր մերկ մաշկի վրա ըմբոշխնեց մերկ տղամարդու ծանրությունն ու տնքաց հաճույքից:

Գիշերը երկարում էր, բայց նրանք չէին հագենում մեկը մյուսից…

Առավոտյան, առաջինն արթնացավ Դանիելը: Խանդաղատանքով նայեց քնած աղջկան. գերող էին փոքրիկ բերանը, կեռ հոնքերը և բնական երկար թարթիչները: Հակառակ առաջացած տարիքին, նա անփորձ, մանկահասակ աղջկա տպավորություն էր թողնում: Բայց ինչպիսի՜ անկաշառ նվիրվածությամբ, ջերմությամբ ու ողջ էությամբ տրվեց իրեն: Անհավատալի էր, ինքն առաջինն էր նրա կյանքում… Դանիելն իրեն հպարտ ու երջանիկ էր զգում: Բացեց ննջարանի վարագույրը և սպասեց այնքան, մինչև արևի շողը դիպավ աղջկան, խտղտացրեց ռռւնգերը: Անժելան բացեց գեղեցիկ աչքերը, տեսավ կողքին ընկողմանած տղամարդուն ու ժպտաց սիրագորով:

Դանիելը նույնպես ժպտաց, բարձի տակից հանեց մուգ կապույտ թավշյա մի տուփ ու բացելով կափարիչը մեկնեց աղջկան: Տուփի մեջ շողշողում էր ադամանդակուռ մի մատանի: Նա վաղուց էր գնել այս մատանին, բայց անցյալում իրեն հանդիպած կանանցից ոչ մեկին չէր հաջողվել նվաճել իր սիրտը, քանզի նրանց արտաքուստ անկեղծության դիմակի տակ իհայտ էին եկել կեղծիք, հետին միտումներ ու շահագրգռվածություն, և մատանին այնպես էլ մնացել էր բարձի տակ: Անժելայի պարզությունն ու ազնվությունը նորություն չէին իր համար: Այս հրաշալի հատկանիշները ցայտունորեն դրսևորվեցին մի անգամ ևս, անցնող գիշերվա ընթացքում բնազդական, անաղարտ սիրո կաղապարով:

Վերջապես գտել էր իր երազանքի աղջկան, իր երկրորդ կեսին:

Անսպասելիությունից հանկարծակի եկած՝ Անժելան ընդոստ նստեց անկողնում ու հարցական նայեց Դանիելին: «Սա ի՞նչ է նշանակում,- ասում էր նրա հայացքը,- և ինչո՞ւ այս պահին, անկողնում, ի՞նչն էր խանգարում մատանին նվիրել ընթրիքի ընթացքում, տանը, նախքան…»:

-Ուզեցի նախ քննել սիրտդ… մարմինդ…- աղջկա մտքերը կարդալով, կատակախառն ասաց Դանիելը մասնագիտական տոնով:

-Եվ, ի՞նչ…

-Դարձի՛ր իմ կինը:

Անժելան երջանիկ ժպտաց, անխոս վերցրեց մատանին, դրեց մատին ու փարվեց ամուսնուն:

 

Փետրվար, 2016

Թողնել պատասխան

Your email address will not be published.