Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՀԱՅՐՍ ՕԼԻԳԱՐԽ Է

koliaՓոքրիկ նախաբան

Գոհարի հետ ծանոթացա համացանցում. կարդացել էր իմ պատմվածքներից և մեկնաբանություն թողել: Պատասխանեցի՝ առաջ քաշելով իմ հիմնավորումները: Նա ևս պատասխանեց: Սկսվեց մի երկխոսություն, որի արդյունքում մեր վիրտուալ զրույցը, շեղվելով բուն նյութից, մտավ նոր հունի մեջ, գնա՜ց, գնա՜ց ոլորապտույտ, թափանցեց նվիրական անդաստաններ: Նա անվերապահորեն իր հոգու ծալքերը բացեց: Թե որքանով էր անկեղծ ինձ հետ, չգիտեմ, բայց և հիմք չունեմ չհավատալու իր պատմածներին: Ինչևէ, հետզհետե նվազեց մեր ամենօրյա զրույցների հաճախականությունը և, ինչպես պատահում է հաճախ, ընդհատվեց: Վերջին անգամ, հայցելով իմ ներողամտությունը, գրեց, որ գլուխն անչափ խառն է, այլևս ժամանակ չունի շարունակելու նամակագրությունը:  Մի որոշ ժամանակ անց գրեցի, որ ցանկանում եմ գրի առնել իր կյանքի պատմությունը, բայց մնացի անպատասխան: Իր լռությունը համարելով համաձայնության նշան, փոխեցի բոլոր անուններն, ու ծնվեց այս վիպակը: Փաստորեն սա Գոհարի նամակների խտացված տեքստն է, որին իմ երևակայությամբ խառնել եմ մի շարք էպիզոդներ, որոնք հեռու են հեռուստատասերիալների պես սենսացիոն լինելուց , և՝  դիալոգներ, որոնք հեռու են առօրյա ժարգոնային ոճից: Չի պահպանվել նաև նամակների ժամանակագրական հերթականությունը: Նամակագրության ընդհատումով չիմացա հետագա դեպքերի զարգացումների մասին: Թերևս հնարավոր էր պակասը  լրացնել երևակայությամբ նույնպես, բայց նախընտրեցի դա թողնել ընթերցողի հայեցողությանը: 

 

Նամակներ անցյալի ու կյանքի փոփոխությունների թեմայով

Լենան հորս առաջին սիրուհին չէ, բայց մինչև այժմ եղածներից ամենաերկարատևն է: Իրականում Լենան հորս քարտուղարուհին է, ինչով ևարդարացվում է նրա անթաքույց ներկայությունը հորս «կայսրության» մեջ:

Չգիտեմ, թե հայրս ոնց հարստացավ: Իհարկե, որոշ բաներ կռահում եմ, բայց նույնիսկ եթե իմանայի, չէի ցանկանա այդ մասին բարձրաձայնել… Ուղղակի եկել եմ այն համոզման, որ անցյալում մեկի արած լավ ու վատ գործերի մտաբերումը պայմանավորված է նրա ներկա դիրքով, որ մարդու ով և ինչ կոչումի տեր լինելն է կարևոր, և որ…մեղավորները պատժվում են միայն հեքիաթներում:

Հայրս տեխնիկումն ավարտելուց հետո կրթությունը չէր շարունակել, տաքսու վարորդ էր, մեքենան էլ՝  պետական: Կարգերը փոխվելուց հետո նա միանգամից այլ մարդ դարձավ. թևավորվեց, քուն ու դադար չուներ, անդադար ներս ու դուրս էր անում, աչքերը սկսեցին փայլել տարօրինակ փայլով: Բոլորովին մոռացել էր մեր գոյության մասին: Իսկ մութ ու ցուրտ տարիներին օրերով անհետանում էր՝տան հոգսը գցելով մորս վրա: Այդուհանդերձ,որպես փոխհատուցում, ամեն անգամ վերադառնում էր ծանրաբեռնված կապոցներով: Ինձ ու եղբորս՝ Հայկի համար արտասահմանյանշորերէր բերում,գրենական պիտույքներ, հուշանվերներ:Մեքենայի հետևի արկղում էլի ապրանք էր մնում, որոնց մասին թույլ չէր տրվում հարցեր տալ: Մի անգամ էլ թանկարժեք մորթե վերարկու բերեց մորս համար: «Էս որտեղի՞ց»,- զարմացած հարցրեց  մայրս: «Քո ի՞նչ գործն ա, Սաթիկ ջան,- սրտնեղվեց  հայրս,- հագի՛ր ու վայելի՛ր, էն կարգերը հո չե՞ն»: Երբեմն գնում էր ու շաբաթներով լուր չէր լինում: Սկզբում մայրս անհանգստանում էր, ու նրա անհանգստությունը փոխանցվում էր նաև մեզ, բայց շատ չանցած՝ վարժվեցինք հորս երկարատև բացակայություններին: Մեքենան օրերով կանգնած էր մնում ավտոպարկում, գործածող չկար, բայց փող կար: Ես արդեն միջնակարգի առաջին դասարանում էի, սաստիկ կարոտում էի հորս և չլսելու տալիս նրա մասին մեր բակում տարածված զանազան ասեկոսեները:

Մեր տանը հետզհետե հայտնվեցին նոր կահույք, թանկարժեք իրեր, բակում՝ արտասահմանյան մակնիշի մեքենա, զենք, երևի ատրճանակ, որի մասին, շնորհիվ իմ հետաքրքրասեր ու քիթս ամեն տեղ խոթելու բնավորությանը, իմացա մի գիշեր, երբ մայրս շշուկով համոզում էր հորս դեն նետել էդ «ժեշտի կտորը»… Դրանց հետ, որտեղից-որտեղ երևան եկան անծանոթ, սև կաշվե բաճկոններ  հագած տիպեր, որոնց չէի ճանաչում ու չէի սիրում: Տանել չէի կարողանում մանավանդ մեկին, որի խուզած գլխի հետնամասի ծալքերն ու բրդոտ կրծքին կախված ոսկե շղթան վանող տպավորություն էին գործում: Իսկը՝ ռնգեղջյուր, առանց կնճիթի… Կնճիթի փոխարեն պատկառելի հայկական մեծ, շատ մեծ քիթ՝ չռված քթածակերով… Նրանք հորս հետ ժամերով փակվում էին մեր հյուրասենյակում, երկար քչփչում, որին հաջորդում էր կերուխումը, բարձրաձայն կենացներ, երբեմն՝ բայաթիներ: Նման պահերին ես ամաչում էի մեր հարևաններից և հանգիստ շունչ էի քաշում լոկ այն ժամանակ, երբ  ավարտվում էր կերուխումն, ու այդ տիպերը  ցրվում էին: Մայրս հոգնում էր հյուրերին մատակարարելով, հավաքելով, հոգին դուրս էր գալիս, բայց չէր տրտնջում: Իրեն  մասնակից էր համարում ընդհանուր մի գործի, որի շունչը զգացվում էր մեր տան մթնոլորտում: Ես նրան օգնում էի միայն խոհանոցում, որովհետև ինձ թույլ  չէին տալիս մտնել հյուրասենյակ:

Հակառակ իմ մտավախությանը, հարևաններից  ոմանք սկսեցին նույնիսկ հարգանքով վերաբերվել մեզ, բարևում էին քծնի ժպտալով, ոմանք՝ թեթև խոնարհումով: Իհարկե, կային նաև այնպիսիները, որոնք ընդմիշտ երես թեքեցին մեզանից կամ նայում էին քամահրանքով ու ատելությամբ՝ հորս անվանելով «օլիգարխ»: Այն ժամանակ կարգին չգիտեի այդ բառի իմաստը և նեղվում էի, նույնիսկ դրա պատճառով մի անգամ վիճեցի ու կռվեցի իմ ընկերուհիներից մեկի հետ: Հետագային անդրադարձա, որ օլիգարխ լինելն այնքան էլ վատ բան չէ, և օլիգարխները հարգանք են վայելում մեր քաղաքում:

Բնակարանում, ուր ծնվել ու հասակ էի նետել ու որի հետ կապված անմոռանալի հուշեր ունեի,երկար չմնացինք և տեղափոխվեցինք մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող նորակառույց, բավականին մեծ, շքեղ մի առանձնատուն, որից ոչ շատ հեռու իր գործակիցների հետ հայրս հիմնում էր առաջին խոշոր արտադրական օբյեկտը:

Այժմ առանձնատան ընդարձակ փակ գարաժում մեկի փոխարեն կանգնած են մի քանի նորագույն մեքենաներ, որոնցից ոչ մեկն ինձ համար մեր հին տաքսուն չի փոխարինի: Վարորդ հայրս հիմա ինքը վարորդ ունի, մայրս՝ սպասավոր, խոհարար: Եվ, որ գլխավորն է, հորս անունը այլևս Գարուշ չէ, նույնիսկ մտերիմները նրան կոչում են անուն ազգանունով՝ պարոն Գարեգին Վարդերեսյան:

Այսպիսի պայմաններում էր, երբ առաջին անգամ հանդիպեցի Լենային:

Ես այնքան էլ համամիտ չեմ այն ասույթի հետ, թե՝ քամու բերածը քամին կտանի: Կարճ ժամանակահատվածում, ընդամենը՝ տասից տասներկու տարում, հորս հարստությունը, ըստ երևույթին, քամին բերեց, կուտակեց և օր-օրի շատացնում է: Ներկայիս հորս ստեղծած կորպորացիան մի քանի արդյունաբերական օբյեկտների տեր է դարձել: Շուտով կբացվի նաև մի ռեստորանային համալիր: Այս ամենից ելնելով ավելի շատ հակված եմ այն մտքին, թե՝ փողը փող է բերում: Կասեի՝ նաև փառք, քանզի մեր տանն արդեն բացեիբաց խոսվում է այն մասին, որ հայրս շուտով իր թեկնածությունը կդնի ԱԺ-իառաջիկա ընտրություններում:

Անշուշտ այս հանգամանքը ոմանց դուր չէր գալիս ու զանազան պիտակներ էին կպցնում հորս: Չեմ մոռանում այն օրը, երբդասարանում խոսք էր բացվել սոցիալական խնդիրների մասին, պատմության ուսուցիչն ասաց.

-Հարստանալը ամեն մարդու գործ չէ, եթե այդքան հեշտ ու հասարակ լիներ, բոլորը կհարստանային,- և ավելացրեց,-հարստանալը պահանջում է նպատակասալցություն, վճռականություն, վտանգներին դիմակայելու խիզախություն, խորամանկություն կամ երկերեսանիություն, խելք, մի խոսքով՝ դիվանագիտություն, որոնցով օժտված են պատգամավորները, իշխանավորներն ու աշխարհակալները:

Ինձ դուր չեկավ երկերեսանիություն պիտակը (իմ կարծիքով հայրս այդպիսին չէր), բայց միևնույն է, ցնծում էի. ուրեմն հայրս օժտված է եղել հիանալի առանձնահատկություններով, ես չեմ իմացել:

-Պատերազմներից կամ հեղաշրջումներից հետո հաճախ հող է ստեղծվում մարդկային այս տեսակի համար,-շարունակեց  ուսուցիչը,- երբեմն նույնիսկ զրո կետից ձեռնարկելով ինչ-ինչ գործարքներ, այլ խոսքով՝ պղտոր ջրից ձուկ որսալով, այս մարդիկ դառնում են մեծահարուստներ, մուտք են գործում քաղաքական կամ իշխանական համակարգ՝ կոչվելով օլիգարխ…

Փուքսս իջավ, երբ զգացի, որ դասընկերներիս հայացքը գամվեց ինձ վրա, ասես ասեղներ խրեցին ծոծրակիս մեջ: Այդ օրն առաջին անգամ գիտակցեցի, որ սկսում եմ տարբերվել իմ շրջապատից, հայտնվում եմ անճոռնի ճուտիկի կարգավիճակում: Դա թեև սաստիկ տխրեցնում էր ինձ, բայց չէր նվազեցնում հորս հանդեպ ունեցած իմ խորունկ սերն ու խանդաղատանքը: «Ի՞նչ եք աչքներդ չռել վրաս,-ասում էի մտքումս,- թե կարող են, թող ձեր հայրերն էլ գնան հարստանան, ով է նրանց ձեռքը բռնել»: Այնուամենայնիվ, անորոշ մեղքի զգացումը ստվերի պես հետապնդում էր ինձ ամենուրեք. միշտ մի անբացատրելի ահ կար սրտումս:

Հորս հարստանալը, անշուշտ, ունեցավ նաև իր բարերար ազդեցությունների շարքը մեր փոքրիկ ընտանիքի անդամների կյանքում… Հայկը, ում հետ, ի դեպ, կռվշտել ու կռվշտում ենք սկսած փոքր տարիքից, տարված իր նոր մեքենայով ու նոր ընկերների հետ շրջագայություններով՝ դադարեց սովորել նախկինի պես ու մի կերպ ավարտեց ինստիտուտը: «Մի կերպ» ասելով՝ նկատի չունեմ նիշերի ցածր լինելը, ընդհակառակը, ավարտեց  «փայլուն»  նիշերով: Ի՜նչ էլ գեղեցիկ է հնչում՝ «փայլուն նիշեր»,- դե, իհարկե, փայլուն կլինեն, երբ «ոսկեջրած» են: Իմ այն հարցին, թե չի՞ ցանկանում շարունակել բարձրագույնը, եղբայրս պատասխանեց՝ «եսիմ» և ուսերը վեր քաշեց: Իհարկե, նա նույն «հաջողությամբ»  կարող էր ավարտել նաև ասպիրանտուրան, բայց չուզեց: Գոնե այս առումով ազնվություն ցուցաբերեց: «Ինչի՞ս է պետք»,-ասաց: Իրոք, հարուստ հոր տղան մասնագիտանալուց հետո հո ռոճիկով չէ՞ր աշխատելու, ասենք, ծրագրավորման մի ընկերությունում: Հայրս ցածր գնով տարածք գնեց Կենտրոնում, նորոգեց, կահավորեց, իսկ եղբայրս ինքը վարձեց երիտասարդ ընտիր մասնագետներ ու գրանցեց համակարգչային սպասարկությունների մի ընկերություն:Ներկայիս պատվերներ է վերցնում նույնիսկ արտասահմանից, հորս պես՝ ճամփորդում օտար երկրներ:  Չհաշված իր աշխատակցուհիներից մեկի հետ ունեցած սիրային սկանդալը, որը երևի շատ ջուր կվերցներ, եթե չլիներ հորս «փայլուն» միջամտությունը, ընդհանուր առմամբ եղբայրս վատ չի վարում իր բիզնեսը: «Հորն է քաշել»,-հաճախ ասում է մայրս իր ընկերուհիներին ու չգիտեմ, դա վերաբերում է հորս առևտրական բնածին ունակություններին, թե՞ սիրուհի պահելու փաստին: Այդ դեպքից հետո չէի ասի, թե եղբայրս ավելի վերապահ դարձավ, բայց դադարեց կենտրոնանալ մեկի վրա և արտաքուստ բավարարվում էզանազան կանանց հետ ունեցած անցողիկ կապերով:

Եթե անցյալում բոլորս ճաշում կամ ընթրում էինք միասին, հիմա դա հազվադեպ է պատահում, պատահելիս էլ մեծամասամբ ծայր են առնում «բարձր մակարդակով» ընտանեկան վեճեր: «Բարձր մակարդակ» ասելով՝ նկատի ունեմ քաղքենի վերաբերմունքը. ոչ ոք նախկինի պես ձայնը չի բարձրացնում. թվում է, թե բարձրաձայն վիճելը կամ գոռալը աններդաշնակ է սեղանի թանկագին սպասքի ու սպիտակ անձեռոցիկների հետ…  Երբեմն մտածում եմ, որ մեր արտասահմանյան ուղևորություններն էլապարդյուն չեն անցել, հղկվել ենք, եվրոպականացել, մարդ դարձել… Հայրս աշխատում է հանգամանալից փաստարկներով և ուրիշների կյանքից բերված օրինակներով Հայկին հետ պահել զեխ կյանքից. մորս անհանգստացնում է Հայկի խմելը: Հայկը զայրանում է ասելով, որ իր հետ երեխայի պես են վարվում, որ ինքը ուրիշների նման չի և գիտի՝ ինչ էանում, որ իր ամենապայծառ օրինակը… հայրս է: Հայրս վրդովվում է, արդարանում է՝ ասելով, որ իր գիշերային կյանքը գործարարական բնույթ ունի՝ ստիպված է այդպես վարվում և այլն…Տվյալ պահերին, ինձ չեն հիշում, ես չեզոք ունկնդիր եմ,հիշելիս էլ՝ խոսակցության թեման, անշուշտ,միայն իմ ամուսնանալու մասին է, ընդ որում մայրս ամեն անգամ «կարգին տղա է» ասելով՝ իր հերթական թեկնածուին է ներկայացնում: Դուրս է գալիս, որ մեր շրջապատի կամ «էլիտար դասակարգի»  բոլոր տղաները կարգին են:

Ես արդեն տեսել եմ այդ «կարգին» տղաների համը. քսանս չէր լրացել, երբ սիրահարվեցի մի տղայի, որը միշտ դժգոհ տեսք ուներ: Ծանոթացա մի «բարձրաշխարհիկ» երեկույթի ընթացքում: Չգիտեմ ինչու, առաջին հայացքից նրա այդ տեսքը գրավեց ինձ, ինձ թվաց, որ նա էլ ինձ պես այնքան էլ չի սիրում նման երեկույթները: Բայց դա երկար չտևեց.  ինձ դուր չէր գալիս նրա ճոռոմ խոսելը, աղջիկներին չափից դուրս վերից նայելը, դատարկ սնապարծությունը: Գոնե մի բան աներ, կոչում ունենար. ապրում էր հոր փողերով: Հազիվ երկու տարով էր մեծ ինձանից, սակայն առիթ բաց չէր թողնում ինձ նկատողություններ անելու: Երբ խոսք էր բացվում սեռական խնդիրների մասին, նա ոգևորվում էր, սկսում էր շաղակրատել՝ ընկնելով էքստազի մեջ: Նման դեպքերում ձայնը խռպոտվում էր,ավելի էր սրվում մռութի դժգոհ արտահայտությունը: Տգեղանում էր: Մի օր, չափից ավել ազատություն տվեց ձեռքերին: Ես չդիմադրեցի, բայց երբ տուն հասա, լցվել էի նողկանքով… Սկսեցի չպատասխանել իր զանգերին: Հաջորդ անգամ երբ հանդիպեցինք, նշույլ անգամ չէր մնացել իր «տղամարդկային» կեցվածքից, ուղղակի աղերսում էր, որ իրեն չլքեմ: Նրան այդ վիճակում տեսնելով՝ կարգին հիասթափվեցի ու վերջնականապես խզեցի հարաբերություններս: Համոզված եմ, որ եթե ընդառաջեի, նա անմիջապես կդառնար նախկին պոռոտախոս մեծամիտը: Շատ չանցած, նա ամուսնացավ ցածր դասակարգի մի աղջկա հետ, երեխա ունեցան, բայց մի քանի անգամ բաժանվելուց ու միանալուց հետո, ընդմիշտ բաժանվեցին:

Այս առաջին փորձից հետո տղաների հարցում զգույշ եմ դարձել:

Գալով իմ կրթությանը՝ ես էլ Հայկի պես սառեցի սովորելուց ու չնայած մորս հորդորներին, բանասիրականը կիսատ թողեցի: Հայրս երբեք չի հետաքրքվել իմ ուսումով. այս առումով նրա ուշադրության առարկան միշտ Հայկն է եղել: «Գոհարը, ուշ թե շուտ,ամուսնանալու է»,-հաճախ նա ասում էր մորս, քանզի վաղուց իր մեջ արմատավորվել է այն  տեսակետը, որ ամուսնացած կինը պիտի տուն ու երեխա պահի, զբաղվի տնտեսությամբ, մասնագիտությունն ուզում է՝ ինչ անի: Այս մասին մտածելիս՝ խիստ տխրում եմ, որ աղջիկ եմ ծնվել: Գիտեմ, սա չի նշանակում, որ հայրս չի սիրում ինձ, ընդհակառակը, կարծում եմ նա ավելի շատ կապված է ինձ հետ, քան Հայկի, այնուամենայնիվ, տան մեջ երկուսն էլ եղբորս հանդեպ հատուկ վերաբերմունք ունեն: Ես, որովհետև աղջիկ եմ, երկրորդական եմ: Չեմ ասում, թե հորս կարծիքը թևաթափ էր արել ինձ, բայց ախր, գրողը տանի, եթե կարգին սովորեի ու ավարտեի, շատ-շատ ուսուցիչ պիտի դառնայի… Այսքանն էլ որ սովորեցի, հերիք է: Հիմա օտար լեզու ևերաժշտություն եմ պարապում,առաջինը դասատուիս՝ մյուսը մեր տանը, ու բնավ չեմ մտածում ամուսնանալու մասին: Փոքրուց դաշնամուր նվագելն իմ երազանքն է եղել, այն ժամանակ դաշնամուր չունեինք, այդ պատճառով ուշ սկսեցի պարապել, բայց ուսուցչուհուս ասելով՝ բնածին ձիրք ու երկար մատներ ունեմ: Ոտքերս էլ երկար են, բայց այդ մասին,իհարկե, նա բան չի ասում: Ամերիկայից վերջերս վերադարձած օտար լեզվի դասատուս՝ պարոն Ժորժը, մի անգամ անգլերենով ակնարկեց, թե «շատ սիրուն,երկար մատներ ու ոտքեր» ունեմ: Երևի նա իրեն թույլ չէր տա ինձ հաճոյախոսել հայերենով, որպեսզի երես չառնեմ… Հասուն, փորձառու տղամարդ է,մի քանի տարի է,բաժանվել է ամեիրկուհի կնոջից ու եկել այստեղ: Ապրում է իր քրոջ հետ, որն իրենից փոքր է, չի ամուսնացել և մեծ կարծիք ունի իր եղբոր մասին: Նախքան պարոն Ժորժի վերադարձը՝ նա պահում էր իր ծեր ծնողներին, որոնք իրար հետևից մահացել են մեկ տարվա մեջ: Երբեմն պարոն Ժորժի հետ դասից հետո երկար զրուցում ենք որևէ նյութի շուրջ: Դա այն օրերին է, երբ ես վերջին աշակերտն եմ լինում: Այդ ընթացքում քույրը շրջիկ կաթնավաճառից գնած եռացրած տաք կաթ է մատուցում եղբորը, իսկ ինձ՝ դառը սուրճ: Պարոն Ժորժը սպասում է կաթը սառի, հետո առաջին կումը խմելիս մսոտ շուրթերին կպչում, մնում է կիսապաղած կաթի սպիտակ սերուցքը, որը մաքրում է` իր երկար լեզուն տանելով բերանի երկարությամբ՝ այս ու այն կողմ: Ես էլ ակամա նույնն եմ անում շուրթերիս քսված սրճի սերուցքը մաքրելու համար: Այդ պահին նա ուշադրությամբ նայում է իմ բերանին, թուքը կուլ տալիս և նորից լեզվով մաքրում արդեն մաքուր շուրթերը:

Գնալով ավելի շատ եմ մտերմանում ու համակրում պարոն Ժորժին: Անկեղծ մարդ է, անմիջական խառնվածքով և չի զլանում իր կարծիքը հայտնել ուզած թեմայի վերաբերյալ: Պատահում է տխուր պահերիս սիրտս բացում ու նրա հետ խոսում եմ այնպիսի թեմաների շուրջ, որոնք կխուսափեի արծարծել մինչև անգամ ծնողներիս ներկայությամբ: Մի անգամ նրան պատմեցի իմ առաջին անհաջող սիրահարվածության մասին, իհարկե, մանրամասները չասացի, բայց նա հասկացավ:  Իր կարծիքով մեր ավանդական դոգմատիկ հայացքները խանգարում են սեռական ճիշտ դաստիարկություն ստանալուն, դա էլ իր հերթին խանգարում է նորմալ հարաբերությունների կայացմանը: Ինքը գիտելիքներ ու փորձ է ձեռք բերել Ամերիկայում, ուր այդ թեմայով կան բազմաթիվ ձեռնարկներ: Ասում է՝ մեզ մոտ ամուսնացած կանանց մեծամասնությունը կենակցում է՝մղված պարտականությունից կամ սովորությունից. քիչ են պատահում այլընտրանքներ, հաճախ կրկնվում են տաղտկալի դարձած նույն ձևերը, ինչը նվազեցնումէ կատարյալ հաճույքի զգացումը: Իսկ այնտեղ ամերիկուհիները ազատ սերը համարում են կյանքի գերագույն վայելք և այլն, և այլն: Ասում է նաև, որ այնտեղ կանայք շատ հանգիստ են խոսում իրենց ցանկության մասին, հաճախ նախահարձակ են, իսկ մեզ մոտ սովորաբար տղամարդն է նախաձեռնող կողմը: Մեզ այնպես են դաստիարակում փոքր տարիքից, որ «այն բանը» ամոթ է համարվում, ստանում է  ավելորդ խորհրդավորություն, որը պատճառ է դառնում շեղումների: Անկեղծ ասած, թերևս արգելված թեմա լինելով, ինձ էլ դուր են գալիս պարոն Ժորժի խոսքերը, որոնցշնորհիվ բացի այն, որ հարստանում է անգլերենիս բառապաշարը,այլև, ըստ պարոն Ժորժի, ընդլայնվում է մտահորիզոնս:

Մի անգամ, երբ անգլերեն դասից ուշացումով հասա տուն, շատ անհանգստացա դաշնամուրի ուսուցչուհուս՝ օրիորդ Սվետլանային տեսնելով մեր տանը ինձ սպասելիս: Նվագելու ցանկություն չունեի, ներողություն խնդրեցի, խոստացա, որ  այլևս նման բան չի կրկնվի և հավաստիացրի, որ լիարժեք կվճարվի դասի համար: Նա պատրաստվում էր գնալ, բայց չմերժեց ու մնաց, երբ նրան ասացի, որ մենակ եմ ու շատ կցանկանայի նրա հետ միասին մի գավաթ սուրճ խմել ու զրուցել: Ես չգիտեմ, քանի տարեկան է օրիորդ Սվետլանան, երեսունհինգ հազիվ կարելի է տալ. սպիտակամորթ է, վճիտ աչքերով, խնամքով քաղված՝ կեռ հոնքերով, փոքրիկ քթով ու բերանով,մասամբ պահել է թարմությունը և արտաքինով վատը չէ, միշտ բուրում է հաճելի անուշահոտությամբ: Շատ կոկիկ ու գեղեցիկ է հագնվում: Տաբատ համարյա չի գործածում: Այդ օրը հագել էր ծնկից վեր մոխրագույն կոստյում, օձիքը դուրս գցած բաց դեղնավուն վերնաշապիկ, սև բարձրակրունկ կոշիկներ ու նայլոնե բարակ գուլպաներ: Ինքը, անտարակույս, տեղյակ է իր բարեձև սրունքների հմայքին, որովհետև  չի վարանում անդադար մեկ ոտքը մյուսի վրա գցելով՝ ցուցադրել դրանք: Որքան բերանբաց է պարոն Ժորժը և ես հասցրել եմ ծանոթանալ նրա կյանքի որոշ դրվագներին, նույնքան փակ է օրիորդ Սվետլանան, նույնիսկ չգիտեմ ովքեր են հարազատները:Միակ բանը, որ գիտեմ՝ ամուսնացած չի և չի եղել: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու չի ամուսնացել և ինչպես է կյանքն անցկացնում առանց տղամարդու: Դպրոցական տարիներին, հավաքվում էինք դասընկերուհիներով ու մեկս մյուսի համար հարմար թեկնածու ընտրում դասարանի տղաներից: Հիմա էլ միշտ մտածում եմ, որ պարոն Ժորժն ու օրիորդ Սվետլանան շատ են հարմարում իրար, բայց ամաչում եմ այս մասին արտահայտվել: Համենայն դեպս, որոշել եմ նրանց ծանոթացնել…

Զրուցեցինք դեսից-դենից  ու խոսակցությունը, չգիտեմ դրդված պարոն Ժորժի խոսքերի ազդեցությունից, թե՞ իմ հետաքրքրասիրությունից, կամաց-կամաց թեքեցի սեռական հարցերի շուրջ: Մեծ էր իմ զարմանքը, երբ կարմրություն երևաց նրա դեմքին: Կեռ հոնքերը վեր բարձրացան, վճիտ աչքերը չռեց վրաս ու լաքած եղունգներով մատերը հանգուցելով, սկսեց արագորեն պտտեցնել բթամատերը:

-Գոհա՛ր, ո՞վ է այդ ափեղ-ցփեղ բաները լցրել գլուխդ: Մեզ ի՞նչ, թե ամերիկուհիները ինչ են անում, կամ ինչպես են անում…,-այս ասելիս նորից կարմրեց,-ամեն ազգ ունի իր ուրույն դիմագիծը:

Քիչ էր մնացել տայի անգլերեն դասատուիս անունը, բայց կարողացա զսպել ինձ: Չէի ուզում հենց սկզբից նա վատ տպավորություն ստանար պարոն Ժորժից:

-Համաձայն եմ,- ասացի արագ,- բայց ինչո՞վ է վատ, եթե ազգերը վերցնեն ու յուրացնեն մի այլ ազգի լավ կողմերը: Մի՞թե արվեստի մեջ մենք քիչ ենք ընդօրինակում արևմտյան ազգերին:

-Ընդօրինակում ենք և յուրացնում,- ասաց նա բացահայտ սարկազմով՝ կարճ դադարից հետո,- բայց դրանով ի՞նչ ենք ձեռք բերել. տես, թե ինչ է կատարվում,օրինակ, մեր երգարվեստում. տեղից ելնողը մի միկրոֆոն բռնած ձեռքին՝ աստղ կամ սուպերսթար է դարձել ու մարմնի բարեմասնությունները ցուցադրելով, մերը թողած, օտարի երգն է մատուցում օտար լեզվով: Այո, շատերն են հեռացել մեր ազգային ավանդույթներից, ապրում են եվրոպացիների նման ու նրանց կյանքով…

Ամեն անգամ, նման հայացքների բախվելիս, վրդովում եմ: Նախ ինձ դուր են գալիս մեր աստղերից շատերը և նոր երգերը. պատանեկության տարիքից լսել ենք այդ երգերը, որոնք ամուր շաղախվել են մեր սրտին ու հոգուն: Հետո, մինչև ե՞րբ պիտի մնանք նույնը ու ոչինչ չփոխվի մեր կյանքում:

-Օրիորդ Սվետլանա,այդքան խիստ մի դատեք,- բողոքեցի ես,-հիմա ողջ  աշխարհը, ուր էլ գնաք, անդադար շարժման ու առաջընթացի մեջ է: Բայց իմ նպատակը մեր սեռային կյանքն է…

-Հատկապես ի՞նչը:

-Գիտե՞ք ինչ, ինձ շատ է հետաքրքրում, թե ինչ են հասկանում կյանքից չամուսանացած, ը՜մ, այսպես ասած՝ կույս մնացած կանայք:

Թվում էր չափը անց կացրի, բայց ես միշտ հակված եմ եղել այն բանին, որ դիմացինին հասկանալու լավագույն միջոցը հարցը ուղղակի դնելն է: Մի կողմից էլ տարօրինակ հաճույք էի զգում նրա դեմքի փոփոխությունները տեսնելով: Բայց հակառակ սպասածիս, նա հանգիստ լսեց հարցս, ասես սպասում էր դրան և անսքող թախիծով ասաց.

-Դե, միշտ էլ միտքը զբաղեցնող ուրիշ բաներ կան:

Ես ցնծում էի: Ուրեմն չի ժխտում, որ ցանկությունը կա:

-Բայց,  չէ՞ որ, այնուամենայնիվ, մարմինն էլ իրենն է պահանջում,-ձեռք չէի քաշում ես:

-Ասենք՝ պահանջում է, բայց  եթե առիթներ չկան, ապա պահանջը հետզհետե թուլանում ու խամրում է: Հո չե՞ս կարող նետվել հենց առաջին պատահածի գիրկը:

-Իմ ասածն էլ դա է, զարգացած երկրներում կանայք առիթ ստեղծում են, իսկ մենք ենթարկվելով հասարակական կարծիքին, տուժում ենք:

-Է՜հ, Գոհար, բոլորը չէ, որ տուժում են, ուզողը միջոցը գտնում է… Երբեմն նույնիսկ պարտադիր չի հակառակ սեռի առկայությունը…

Ես շշմեցի: Նման պատասխան նրա կողմից չէի սպասում:

-Ի՞նչ եք ուզում ասել դրանով:

-Ինքդ էլ շատ լավ գիտես, թե ինչը նկատի ունեմ: Դե, ես գնամ, պակա,- ասաց նա ու չսպասելով իմ պատասխանին՝ վերկացավ տեղից,մանրիկ քայլերով հեռացավ: Սա, թերևս  առաջին անգամն էր, որ ուշադրությամբ նայեցի նրա համաչափ կազմվածքին ու զիստերի շարժումին: «Լավիկն է,-անցավ մտքովս,-բայց ինչո՞ւ չի ամուսնացել»…

Էլի նույն հարցը, որ արագ աճող մոլախոտի նման անդադար փաթաթվում է  չամուսանցած աղջիկների շուրջը՝ խռովելով նրանց խաղաղ առօրյան: Ինձ բռնում եմ այն բանում, որ ինքս էլ մտածում եմ մորս ու հասարակության պես: Մի՞թե սեռական վայելքն ըմբոշխնելու միակ ելքը ամուսնությունն է: Սոսկում եմ այն մտքից, որ ինքս էլ կենթարկվեմ նույն ճակատագրին, քանի որ իմ մեջ չեմ գտնում այս կարծրացած մտայնությունը խախտելու համարձակությունը… այլապես մինչև հիմա քիչ առիթներ չեն եղել: Ասենք ամուսնացա. ո՞վ կերաշխավորի, որ ամուսնական առագաստում կբավարարվեմ ու ինձ երջանիկ կզգամ: Ինչո՞ւդա նույնը չէ տղամարդկանց պարագային և նրանք ստիպված չեն սպասել մինչև ամուսնությունը: Ինչքան անարդար ու դաժան է մեր հասարակությունը: Եվ ինչքան շատ են օրիորդ Սվետլանայի նման աղջիկները: Չենք էլ նկատում, թե ոնց են անցնում օրերն ու տարիները: Իմ ընկերուհիներից ոմանք արտագաղթեցին հենց այս պատճառով: Իսկ նրանք, ովքեր մնացին ու ամուսնացան՝ կամ բաժանվեցին կամ պարզապես շատ քչերն են երջանիկ:

Ես նիհար եմ, սակայն կրծքերս բավականին զարգացած են և ուսերս, որ նման դեպքերում ասես կրծքերի ծանրությունից  դեպի ներս են կքվում, լայն ու ձիգ են: Նախկինում առհասարակ քիչ ուտող էի,հիմա էլ, երբ մեր տանը աշխարհի բարիքները կան, էլի քիչ եմ ուտում. երևի ստամոքսս ետ է վարժվել իր մեջ մեծ ծավալով սնունդ պարունակելուց: Չնայած նիհար լինելուս՝ ոմանց, դրանց թվում Լենայի կարծիքով՝բալետի պարուհու կազմվածք ունեմ և զուրկ չեմ կանացի գրավչությունից: Դա դժվար չէ հասկանալ նաև իմ վրագլխին սևեռված՝Հովոյի հայացքներից: Հովոն հորս վարորդն է: Նա ինձ դուր է գալիս ու ոչ միայն…Ամեն անգամ իրեն տեսնելիս, սիրտս սկսում է արագ բաբախել:Առնական, բոյով, մարզված, սիրուն տղա է, մանկատնից, քչախոս է, բայց խելացի և գործունյա: Ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Իր մասին պատմելիս, ասում է, որ իրողջ կյանքի ընթացքում Ուկրաինա մեկնած  հորը տեսել է միայն մեկ անգամ, որից հետո կապը իսպառ կտրվել է, ուրիշ ոչ ոք չունի: Դպրոցական տարիքից աշխատել է և ինքն է տնօրինել իր կյանքը: Մորը հիշում է աղոտ, հոր ասելով՝ մայրը Հովոյի ծնունդից երեք տարի անց իր սիրածի հետ փախել է արտասահման: Ուզել է իրեն էլ տանի, հայրը չի տվել, բայց հետո ճարահատված հանձնել է մանկատուն, որովհետև մահացել է իրեն խնամող միակ մորաքույրը… Մի օր, երբ ինձ տարել էր գնումների,անսպասելիորեն ասաց, որ սիրտը շատ կուզեր ինձ նման «քուր» ունենալ: Այսպիսին է, տարօրինակ խառնվածք ունի, չի խոսում, չի խոսում, խոսելիս էլ մի նշանակալից բան է ասում: Բայց դա իմ ինչի՞ն է պետք, աղջիկները մի՞թե  դա են ակնկալում երիտասարդ, առնական տղամարդկանցից… Ի՞նչ էր մնում ինձ անելու, ոչինչ չասացի ու մի լավ խեթեցի, իսկ նա զարմացավ, նոթերը կիտեց, երևի կարծում էր, որ ես ուրախությունից վեր-վեր կթռչեմ… Իմ առանձնության մեջ ես շատ եմ պատկերացրել ինձ Հովոյի գրկում, համբուրվելիս ու այլ բաներ անելիս, իսկ նա՝ «քուր»…Երազելու համար լավ սյուժե ունեի, դա էլ փշրվեց… Հետո ինձ մխիթարեցի այն բանով, որ պատճառը նիհար լինելս չէ. երևի նրան շփոթեցնում է «դասակարգային» տարբերությունը:

Այս մասին մտածելիս գժվում եմ. ի վերջո, ե՞րբ հասցրեցինք ապահովել այդ աներևույթ ու շփոթեցնող «դասակարգը» և տեղավորվել դրա արտաքուստ շլացուցիչ կաղապարում: Բացի խաբուսիկ արտաքինից, ախր ուրիշ ի՞նչ է փոխվել մեր էության մեջ: Մի՞թե տրամաբանական է մարդկանց վերցնել ու տեսակավորելը նույն ծառից քաղված պտուղի նման: Մի՞թե իրոք մարդկանց կուրացնում է ոսկու փայլը: Մեկն էլ չկա՝ ասի, որ ոչ շատ հեռու անցյալում հայրս էլ հասարակ տաքսու վարորդ էր: Հիմա երբեմնի վարորդ հայրս մեծ հավանականությամբ չի ցանկանա իր դստերը տեսնել վարորդի գրկում… Վարկաբեկիչ է, չէ՞ որ պատրաստվում է պատգամավոր դառնալ: Վստահ եմ, Հովոն էլ այսպես է մտածում, այլապես ամեն բան գուցե այլ կերպ դասավորվեր… Մի կողմից էլ, ասես, միշտ վախ կա սրտումը: Մի օր նրան ասացի, որ կուզեի իր մեկ սենյականոց բնակարանը տեսնել: Չգիտեմ՝ սարսափած, թե՞ անակնկալի եկած, ակնապիճներից դուրս եկած աչքերով նայեց ինձ ու միայն ասաց.

-Իա՜…

-Ինչ է, քեզ դուր չի՞ գալիս իմ առաջարկը,- համառեցի ես:

Նա գլխով արեց ու լռեց: Կարևորն այն է, որ չմերժեց, բայց միևնույն ժամանակ չընդառաջեց:

Ուղղակի նախանձում եմ Լենային. բացարձակապես ազատ է բոլոր ապուշ պայմանականություններից ու իր գլխի լիիրավ տերն է: Ինչ սիրտը ուզում է, անում է, ում հետ ուզում է, կապվում է: Մի կողմից էլ, ով տեսնում է նրան, հենց առաջին հայացքից սիրահարվում է: Ախր շատ լավիկն է՝ կանացի, հմայիչ:Արդեն հասցրել է մի անգամ ամուսնանալ ու բաժանվել: Ինձ թվում է՝ Հովոն էլ անտարբեր չէ նրա նկատմամբ, վերջապես իր «ցեղից» է (զզվեցի «դասակարգ» տերմինը գործածելուց), բայց գուցե միայն թվում է: Ճիշտ է, Լենան շատախոս է, Հովոն՝ քչախոս, բայց երկուսն էլ հավասարապես փակ են, երբ խոսքը վերաբերվում է իրենց ներաշխարհին: Դեռ լավ է՝ «խանդը» չի խանգարում, որ սրտանց սիրեմ Լենային, ծիծաղկոտ, շարժուն, անդադար բլբլացնող, անթերի կազմվածքով ու գրավիչ ժպիտով այդ աղջկան, որ չգիտես որտեղից է ձեռք բերել իր մարդկային լավ հատկանիշները, քանզի, որքան տեղյակ եմ՝ հայրը հարբեցող է, մայրը՝ անդադար ծեծ ուտելու հետևանքով՝ մելամաղձոտ, կյանքից ձեռք քաշած մի թշվառ կին: Երկու քույրերը վաղուց  ամուսնացել են, հեռացել: Ինքը փախել է տնից պատանի հասակում ու հանգրվանել տատի մոտ, ամուսնացել տասնինը տարեկանում, իսկ բաժանվելուց հետո ապրում է առանձին, մի կոկիկ բնակարանում, որը հայրս է տրամադրել իրեն: «Տատս չկա, այլապես նրան էլ կբերեի ինձ մոտ»,-հաճախ ասում է նա լցված աչքերով:

Լենային ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել հորս հետ… անկողնում: Գուցե դա նրանից է, որ երկուսին էլ սիրում եմ… Պատճառը նրանց տարիքային տարբերությունն էլ չէ. մի ժամանակ դա բանսարկություն էի համարում, բայց հիմա,ամեն քայլափոխի տեսնում եմ երիտասարդ աղջիկների՝տարիքն առած գործարարների թևը մտած: Հայրս նրանց համեմատությամբ ջահել է: Ասենք,շատ էլ ավանդապաշտ, սկզբունքային ու հավատարիմ չէ: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ նրա ու Լենայի հարաբերությունները չեն անցնում իրար ձեռք բռնելուց  կամ շատ-շատ պաչիկ տալուց. համբույրի մասին խոսք անգամ լինել չի կարող…Ասում են, որ սիրուհի պահելը բիզնեսի մի երեսն է: Լենան, իր հերթին, ինտեգրված է հորս և իր սև ապակիներով շքեղ մեքենային.ամեն տեղ միասին են, բայց անկողնո՞ւմ, ո՛չ, չեմ ցանկանում նույնիսկ մտածել այդ մասին… Մտածելիս հոգիս ընդվզում է ու չեմ հասկանում, դա բխում է մորս, թե՞ Լենայի շահերից… Իհարկե, բացի մորիցս, ուրիշ կանայք եղել են հորս կյանքում, բայց այդ փաստը ինձ համար երբեք շոշափելի ու առարկայական չի եղել. եղել է հեռավոր, մշուշապատ: Օրինակ, պատկերացնում եմ հորս հյուրանոցի սենյակում, շեկ մազերով ու շպարված մի կնոջ հետ: Մի արարք, որը հետագային փորձել եմ բացատրել հորս ունեցած արուի ցանկասիրությամբ ու կրքով, ու նաև փողի շատությամբ… Պարզ է, որ այստեղ, բացի մարմնական պահանջից, որևէ զգացմունքի մասին խոսք անգամ լինել չի կարող: Սակայն Լենայի խնդրում պատկերն այլ է: Նախ` նա անդադար աչքիս առաջ է և երկրորդ` ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է նրան՝ հորս կամ հորս նրան կապող օղակը: Գուցե ասվի՝ փոխադարձ շահը, բայց ես այդպես չեմ մտածում: Հաճախ նկատել եմ, թե հայրս ինչպիսի խանդաղատանքով է վերաբերվում իրեն: Ինքն էլ, համոզված եմ, սիրում է հորս:

Զուր չէ, որ մայրս չի տեսնում կամ չտեսնելու է տալիս հորս ու Լենայի կապը: Գուցե նա էլ զգում է, որ նրանց միմյանց կապող մի այլ օղակ կա, բայց միևնույն ժամանակ իրեն համոզում է, որ նրանց հարաբերությունները չեն անցնում բիզնեսին բնորոշ սահմաններից: Ճիշտ է, նա իրեն հեռու է պահում ու շատ քիչ է շփվում Լենայի հետ, այն էլ միայն հեռախոսով՝ ամուսնուն կանչելիս, բայց երբևէ մորս բերանից չեմ լսել որևէ վատ խոսք նրա հասցեին: Ես դա փորձում եմ մեկնաբանել որպես փողի շնորհիվ ստեղծված բարեկերպության, հանուն փողի փոխըմբռման կամ ներդաշնակության վառ ապացույց, երբ փողի փայլից դժգունում են մարդկային արժեքները: Բավական է ասել, որ հարուստ ընտանիքներում քիչ են կամ գրեթե չկան չունևոր ընտանիքներում տիրող կենցաղային անկարգությունները, ճղճղոցները, ծեծկռտուկները, որոնցից, քիչ թե շատ, մեր տանն էլ կար մի ժամանակ: Մի անգամ պարոն Ժորժն ասաց, որ փողը փոխում է ընտանիքի նկարագիրը, որ դասակարգ ստեղծող այս փոխակերպման պրոցեսին  օժանդակում են նաև արդիական միջոցներն ու նորագույն տեխնոլոգիայի առավելությունները, որոնց առջև տեղի են տալիս մինչև անգամ ավանդույթները: Ինքը դրա վառ օրինակները տեսել է Ամերիկայում եղած տարիներին: Ճիշտ է ասում. վերցնենք մեր նորագույն հարմարանքներով օժտված ներկա գերարդիական խոհանոցը: Սա ո՜ւր, մեր հինը՝ ո՜ւր: Պարզ է, նման մթնոլորտում մայրս իրեն քաղաքակիրթ ու զարգացած կին է երևակայում: Նա շատ ուշ իմացավ հորս առաջին սիրուհու մասին: Ես տեղյակ էի, որովհետև տեղս չեմ գտնում, երբ կասկած է ընկնում սիրտս, այնքան եմ պրպտում, որ ի վերջո կամ կասկածս իրականանում է, կամ՝ իսպառ անհետանում: Առաջին անգամ կասկածեցի այն ժամանակ, երբ հայրս առանց նշանակալից առիթի կզաքիսի մորթուց վերարկու նվիրեց մորս: Դա ինչ-որ հարիր չէր նրա բնավորությանը: Հորս մոտեցմամբ՝  «նվեր անելը» այլ խորհուրդ է պարունակում իր մեջ: Թեև այն ժամանակ դեռահաս տարիքում էի, բայց ենթագիտակցորեն զգում էի, որ այս անգամ նրա կողմից մորս  «նվեր անելու» մեջ թաքնված իմաստ կա: Այդ օրվանից քուն ու դադար չունեի, մինչև մի օր իմ թաքստոցից բռնեցրի խմած վիճակպում «ռնգեղջյուրին» իր ընկերոջ հետ հորս բամբասելիս. հայրս այդ պահին սենյակում չէր,խոսում էին Օլյա անունով մի կնոջ մասին գռեհիկ արտահայտություններով:Ուրեմն ամեն անգամ Ռուսաստան գնալիս հայրս իջևանել էր «էդ քածի» տանը: «Հորս հացն են ուտում ու բամբասում,- մտածում էի զայրացած,-ա՛յ սրան կասեն երկերեսանիություն»: Զարմանում էի, որ հայրս վստահում է այս մարդկանց: Ռնգեղջյուրի ընկերը գրպանից հանեց ու ցույց տվեց մի լուսանկար: Հայրս ներս մտավ. ընկերը շփոթված փորձեց լուսանկարը թաքցնել գրպանում, բայց այն ձեռքից ընկավ ցած՝ աթոռի տակ: Սարսափում էի այն մտքից, թե եղելությունը բացահայտվելու դեպքում ինչեր կպատահեն մեր տանը, ուստի, երբ բոլորը հեռացան, մորիցս շուտ վազեցի սենյակ՝ սեղանը հավաքելու պատրվակով ու ճանկեցի լուսանկարը: Նկարում հայրս էր, բազմոցի վրա նստած՝ ձեռքը գցել էր մի շիկահեր, կապուտաչյա կնոջ մեջքին ու սեղմել իրեն: Գլուխս կորցրել էի, մտածում էի, որ կքանդվի մեր այնքան սիրով ընտանիքը: Այրվում էի լուսանկարը կրկին նայելու և այն մոտս պահելու ցանկությունից, բայց այն անմիջապես պատռեցի, կտորները լցրեցի տաբատիս գրպանը: Օլյայի դեմքը ամուր դրոշմվեց հիշողությանս մեջ: Հայտնի չէ որտեղից տեղեկանալով այդ մասին՝մայրս փոթորիկ չբարձրացրեց, թեև հանգիստ էլ չընդունեց փաստը: Վեճեր եղան, որոնց ընթացքում մի քանի անգամ, ի զարմանս ինձ, հնչեց Օլյա անունը. եղան նույնիսկ սպառնալիքներ, արդարացումներ և այլն: Համենայն դեպս, ես մորիցս ավելին էի սպասում: Գուցե նրան էլ մտահոգում էր մեր նյութապես բարգավաճող ընտանիքի կայունությունը, գուցեև ինքը հենց սկզբից գլխի էր ընկել, բայց չտեսնելու տվել կամ… պարզապես նա էլ կուրացել էր հորս նվիրած ոսկիների փայլից: Համենայն դեպս, մեծ աղմուկ չեղավ, հայրս կտրուկ հերքեց  «բանսարկությունը», մայրս «հավատաց»… Անցավ որոշ ժամանակ և քարտուղարուհու անվան տակ հորս սիրուհի պահելն էլ ամեն բանի նման դարձավսովորական: Իսկ ես եկա այն եզրակացության, որ սիրուհու առկայությունը անտեսվում է հանուն փողի կամ հանգամանքների ձեռնտու լինելուն: Թերևս մի օր ինձ էլ կվիճակվի հարկադրաբար հայտնվել հանդուրժողի դերում, բայց վստահ եմ, որ դա հեշտությամբ կուլ չեմ տա…

Լենան մեր կյանքում հայտնվեց մի այսպիսի իրավիճակում, ուստի ավելի երջանիկ էր իր նախորդի՝ Անիի համեմատ, որ զերծ չմնաց մորս հետապնդումներից:  Նա շատ արագ դարձավ մեր ընտանիքի «ստվերային» անդամը… Զավեշտականն այն էր, որ մորս փոխարեն ու չհաշված Հովոյին, Լենայի պատճառով արտառոց իրավիճակ էր ստեղծվել հորս ու Հայկի հարաբերություններում:  Հայկի բանն ուրիշ էր: Նրա տեսանկյունից՝ Լենան հորս քարտուղարուհին (կամ սիրուհին) լինելով՝ անտարակույս Անիի պես դյուրամատչելի մեկը պիտի լիներ: Ուստի մի քանի անգամ փորձել էր իրենով անել ու ժամանակ անցկացնել Լենայի հետ, բայց հանդիպել էր նրա ուժեղ դիմակայությանը: Չէր վհատվել, որովհետև դա մեկնաբանել էր աշխատանքը ձեռքից կորցնելու վախով, կամ էլ ուղղակի հորս հանդեպ ունեցած պատկառանքով կամ վախով: Մերժումը նրան ավելի ագրեսիվ էր դարձրել, սակայն ի վերջո համոզվել էր, որ Լենան իր պատկերացրած պատառը չէ: Հետագային զարմանքով ընկալեցի, որ նա սկսել է սիրել Լենային:

Մտքումս երբեմն դրվատում եմ Լենայի կանացի հմտությունն ու ինտրիգները՝տղամարդկանց հիմարացնելու մեջ, թեև, կարծում եմ, նրա մոտ դա պարզապես ստացվում է առանց միտումի, ինքնաբերաբար: Իսկ ես ընդունակ չեմ գրավելու գոնե մեկին… Չեմ ասում, թե իմ կյանքում քիչ կան «երկրպագուներ», բայց պարզ գիտակցում եմ, որ նրանցից շատերին  հրապուրում է իմ «փայլուն»  օժիտը, քան՝ ինքս: Մի քանիսն էլ, որ արտաքուստ  անկեղծ են իրենց սիրո զեղումների մեջ, ինձ դուր չեն գալիս: Իմ ապագայով մտահոգված մայրս էլ համարյա ամեն օր շարունակում է մի նոր թեկնածու ներկայացնել:

Մի օր, երբ հենց այնպես նրան ասացի, որ անտարբեր չեմ Հովոյի նկատմամբ, վախեցած նայեց ինձ ու ասաց.

-Հերդ ոչ իմանա, կվռնդի խեղճ տղին…Հովոն մեղք է…

Այստեղ կասկածի որդը նորից շարժվեց կրծքիս տակ: Սպասում էի ամեն տեսակ պատասխանի, բացի սրանից:Կարող էր, օրինակ ասել՝  «Ուզում ես կյանքդ կապել հորդ վարորդի՞ հետ» կամ «Ավելի հարմար մեկին չգտա՞ր» և կամ շատ-շատ՝ «Հերդ ոչ իմանա, կսպանի քեզ»:

-Մի՛ վախեցիր, Հովոն սկի ինձ չի սիրում,- ասացի ու ինձ թվաց, թե լսելով իմ պատասխանը՝ նա խաղաղվեց: Բայց ինձ դուր չեկավ այն, որ մայրս ավելի շատ մտահոգված է Հովոյի, քան իմ ապագայով: Ի վերջո, ո՞վ էր Հովոն մորս համար. հորս վարորդը, որ նրան տանում էր գնումների, գեղեցկության սրահներ և այլ վայրեր: Նրա լինել-չլինելն ի՞նչ կարևոր էր: Հովոն տարբերվում էր ուրիշներից թերևս միայն նրանով, որ ազատ ելումուտ էր անում մեր տուն, մեքենայից բերում օրվա գնումները, հանձնում խոհարարին և այլն, բայց ամեն դեպքում ծառայող էր մյուսների նման:

Մայրս քառասունվեց տարեկանում մասամբ պահել է իր թարմությունը: Ես ասես նրա քույրը լինեմ:  Չէի ասի գեր է, բայց թմբլիկ է, հարթ մաշկով, խաժ, նշաձև աչքերով: Իմ աչքերն էլ նշաձև են, բայց՝ սև: Համաչափ կազմվածք ունի, ընհանուր առմամբ՝ գրավիչ է, հատկապես օլիգարխի կին դառնալուց հետո, խնամքով է հագնվում: Վերջին տարիներին նրա կյանքն անցնում է գեղեցկության սրահներում ու կանացի հավաքույթներում: Անձամբ քիչ է զբաղվում տնային տնտեսությամբ: Նրա լաքապատ, նույնպես թմբլիկ մատերն ու ձեռքի նախկինում կոշտ ու խարտոցի նման ափերը հիմա փափուկ ու հաճելի են: Հայրս նրա հանդեպ անտարբեր չէ, բայց հարց է՝ մայրս արդյոք սիրելո՞վ է ամուսնացել կամ սիրո՞ւմ է հորս: Ես դա չեմ զգում հիմա: Գուցե իրոք սկզբում սիրել է, բայց ներկայիս կան երեք հանգամանքներ, որոնք հավանաբար ջլատում են մորս զգացումները: Նախ՝ հայրս տարիքով բավականին մեծ է նրանից, հարստանալուց հետո ճարպակալել է, պարկեր են հայտվել աչքերի տակ, սպիտակել է: Երկրորդ՝ հորս ուշքն ու միտքն իր բիզնեսն է ու դրան կապվող ամեն բան: Նախկինում այդպես չէր: Նա հիմա իր ժամանակի առյուծի բաժինը վատնում է տնից դուրս ու վերջերս նաև բժիշկների կաբինետներում: Ուշ է տուն գալիս, երբեմն թեթև գինովցած ու հենված Լենայի ուսին… Եվ երրորդ, ակնհայտ է, որ սիրուհիների առկայությունը հորս կյանքում անհետևանք չէր կարող մնալ… Համենայն դեպս Հովոյի համար մտահոգվելու փաստն ինձ հանգիստ չի տալիս: Գուցե դա մորս կողմից պարզ խղճահարություն էր: Բայց այդ պահին նրա վախեցած, մտահոգ հայացքն այլ բան էր հուշում: Հազիվ թե նա զարմացած լիներ իմ խոստովանության վրա, որովհետև եթե հարստացած չլինեինք, Հովոն թերևս համապատասխան թեկնածու կհամարվեր ինձ համար:

 

Նամակներ աննպատակ դեգերումների թեմայով

Լենային հանդիպեցի հորս շքեղ հիմնարկում՝ շրջապատված տպարանից նոր բերված կապոցներով: Սենյակում տարածվել էր տպագրական ներկի սուր հոտը:

-Սրանք ի՞նչ են, գրքե՞ր,-հարցրի ես:

-Չէ, նայի՛ր,- գլխով ցույց տվեց համակարգչի մոտ ընկած բրոշյուրը, որից հառնում էր հորս ժպտացող, մեծադիր լուսանկարը՝ տակում զետեղված մեծ տառերով անուն-ազգանունը և հանուն բարեկեցիկ կյանքի խոստումներ պարունակող տողեր:

-Էլի ի՞նչ է պատահել, բարևդ ո՞ւր է,- ասաց նա ժպտերես,-թթված դեմք ունես:

Ես զբաղված էի բրոշյուրը տնտղելով: Վատ չէին պատրաստել, ինչ խոսք, գրված էր այնպես, որ հորս ձայն տալու դեպքում, երկիրը  պիտի ծաղկեր, պիտի վերանար աղքատությունը և ժողովուրդը կապրեր կատարյալ բարօրության մեջ…

-Ուզում ես չթթվե՞մ,- ասացի ես գլխով պատասխանելով նրա բարևին,-այս ի՞նչ դատարկաբանություններ են:

Նա փռթկացրեց ու գրկեց ինձ:

-Վա՜յ,  Գոհար ջան, ցավդ տանեմ, էդ ի՞նչ խոսք է, բոլորն էլ այսպիսի բաներ են գրում նկարի տակ: Պարոն Գարեգինը ինչո՞վ է պակաս ուրիշներից:

-Դու հավատո՞ւմ ես, որ նա ընտրվելու դեպքում մատը մատին կխփի ժողովրդի համար:

-Լա՜վ, էլի:

-Ախր դեռ ինչքան կա ընտրություններին, հիմիկվանից բրոշյուր տպե՜լ…

-Դե, երևի պետք է, մարզեր պիտի գնա, ասում էր միջկուսակցական կամպանիա կա:

-Հայրս տեղո՞ւմ է:

-Չէ, մեկ ժամ առաջ դուրս եկավ:

-Բա դո՞ւ, նա հո առանց քեզ ոչ մի տեղ չի գնում:

-Էսպես էլ պատահում է,- անտեսելով հեգնանքս՝ Լենան ծիծաղեց ու համբուրեց այտս,- դե, սրանք եմ տեղավորում, չե՞ս տեսնում: Հիմա Հովոն կգա, կտանի, որ փակցնեն պատերին:

Հովոյի անունը լսելով՝ երևի մի ստվեր անցավ իմ դեմքով, որովհետև Լենան նայեց ինձ զարմացած.

-Չէ, չես խաբի, այսօր մի բան այն չէ, ի՞նչ կա:

-Ոչ մի բան:

Որքան հանդուրժելի է հորս ու Լենային կապը, նույքան ահավոր նեղվում եմ, երբ խորհում եմ մորս մասին: Կասկածի որդը կրծում է ուղեղս ու հանգիստ չի տալիս: Իսկ գուցե սխալվո՞ւմ եմ: Դա ուղղակի անտանելի է, մտածելիս՝սարսռում եմ: Առանձնությանս մեջ շատ եմ փորձում մորս արդարացնող հանգամանքներ հորինել. օրինակ, մտաբերում եմ պարոն Ժորժի ասածները, թե ոնց են ամերիկացի կանայք նետվում առաջին պատահած տղամարդու գիրկը, երբ բացահայտվում է իրենց ամուսնու դավաճանությունը: Մենք ինչո՞վ ենք պակաս նրանցից. ինչո՞ւ մեր ավանդական, թե ինչական օրենքները ոտնահարում են կնոջ իրավունքները, երբ տղամարդիկ օրը ցերեկով, անպատիժ իրենց արածն են անում: Կյանքը մի անգամ է տրվում մարդուն. մայրս ջահել է, կարող է գայթակղել ուզած տղամարդուն… Դավաճանությունը մի կողմ, հայրս տարված իր բիզնեսով ու գիշերային կյանքով, շատ քիչ է ուշադրություն դարձնում մորս վրա: Ինչ փույթ, որ նրան ողողել է ակնեղենով, գեղեցիկ հագուստներով, ամեն բանով: Ոչինչ պակաս չի թողել նրա կյանքում, թերևս բացի սիրուց… Այնուամենայնիվ, հենց այն մտքից, որ մայրս… մազերս բիզ-բիզ են կանգնում: Մի բան կտրվում է սրտիս խորքում: Մինչև այժմ անձնական հարցերով, շատ թե քիչ, դիմել եմ մորս, արդյոք չե՞մ կորցնի նրան, չե՞մ խորթանա, եթե… Չէ, բանն այն չէ, որ ես խանդում եմ մորս Հովոյի պատճառով:  Ընդհակառակը, դեռ կասկածս իրականություն չդարձած, Հովոն ինչ-որ ընկել է աչքիցս: Երանի սխալված լինեմ: Տեսնես Լենան մի բան գիտի՞:

-Ի՞նչ ես թթված կանգնել, նստիր,- ասաց նա,-սուրճ կխմե՞ս:

-Սիրով, միայն լուծվող լինի:

Նա արագ բարձրացավ տեղից ու սլացավ դուրս:

Ես հիացմունքով նայեցի նրա ձիգ հասակին, գեղեցիկ սանրվածքին, մարմնին կիպ նստած սպիտակաթույր կարճ կոստյումին ու բարձրակրունկ կոշիկներին: Դռնից դուրս գալիս, Լենան արագ շուռ եկավ ու լեզու հանեց: Ասես, ուզում էր ասել՝«Գիտեմ, որ հիանում ես ինձանով»:

Սեղանի վրայից վերցրի «Գլոբուսը ափում»-ի թարմ համարը: Գլխավոր նյութը սերիալային մի գեղեցիկ դերասանահու կյանքի պատմությունն էր: «Ես շատ եմ սիրում իմ ամուսնուն», ցայտուն տառերով գրված էր էջի ճակատին: Մի այլ տեղ դերասանուհին կիսամերկ համբուրվում է սերիալի «ամուսնու» հետ:

Լենան ներս մտավ սրճի սկուտեղը ձեռքին:

-Լավի՞կն է,  չէ՞,- ասաց նա՝ տեսնելով հանդեսը ձեռքիս:

-Ո՞վ, հա՜, շատ լավիկն է,- համաձայնվեցի ես,- նայո՞ւմ ես:

-Ի՞նչը, սերիա՞լը, դե ժամանակ լինելիս, նայում եմ:

Ես չեմ սիրում մեր սերիալները: Չեմ ժխտում, մեկ-մեկ մասամբ հաջողվածը պատահում է, բայց հենց առաջին հայացքից պարզ զգացվում է, որ չափազանցված ու անբնական երևույթներ շատ կան: Ցավոք, շատերն ընկնելով սերիալների ազդեցության տակ, թվում է՝ հաճույք են զգում խաբված լինելուց: Գուցե դա նրանից է, որ իրական կյանքում ևս նրանց անդադար խաբում են: Վերցնենք հորս բրոշյուրները… Լենան ևս նրանցից է, որ տարված սերիալներով՝ աշխատում է ընդօրինակել սիրած հերոսուհուն: Դա պարզ երևում է նրա շարժուձևից, խոսելու ոճից ու հագուկապից: Հակված եմ այն մտքին, որ ընտանեկան դժնդակ պայմաններում մեծացած ու կարգին կրթություն չստացած մեկի անհատականության ձևավորման խնդրում այս երևույթը, անշուշտ, բնական կարելի է համարել: Գուցե ես էլ չունենայի իմ անհատականությունը, եթե փոքր տարիքից մեծ թվով գրքեր չկարդայի ու չատեի ոմանց նման ժամերով հեռուստացույց դիտելը:

-Մայրդ ո՞նց է, եղբա՞յրդ,- հարցրեց նա:

-Ասա՝ տեսնո՞ւմ եմ, որ…Ես՝ քնած, նրանք արդեն տանից դուրս են գալիս:

Չէի համարձակվում խոսք բացել Հովոյի մասին: Չնայած Լենայի հաճախակի հարցապնդումներին, ես նրա մոտ երբեք չեմ դրսևորել իմ զգացումները, բայց այդ պահին, բացվելու, կիսվելու ուժեղ ցանկություն ունեի: Տաք սուրճը հաճելիորեն ցած էր սահում՝ դառնահամը թողնելով բերանումս:

-Սիրտս կուզեր քեզ նման հագնվեի,- ասաց Լենան,- շատ եմ սիրում քո հագնվելու ազատ ձևը, լայն բլուզիդ բացվածքը, իրար վրա կախված շղթաները, մարզական կոշիկներդ, կպած տաբատդ:

-Եթե քեզ նման բարձրակրունկ հագնեմ, կդառնամ արագիլ,- ծիծաղեցի ես:

-Էլը սկսեցի՞ր, քեզ ամեն բան սազում է, իսկական մոդել ես:

-Հա, միայն էդ էր պակաս:

Լենան դիմացինի տրամադրությունը ընկալելու ունակություն ունի:

-Բա՞ն է պատահել,- նորից հարցրեց ուղիղ նայելով աչքերիս խորքը:

-Ոչ մի բան,- ժպտացի ու շարունակեցի լուռ խմել սուրճս:

-Չէ, չես խաբի, զգում եմ ինչ-որ բան այն չի,-կրկին ասաց նա:

-Լենա՛,- երկար դադարից հետո, որոշեցի հարցը դնել կտրուկ,- Հովոյի մասին ի՞նչ կասես:

Նա զարմացած նայեց ինձ: Այնպես էր նայում, որ կարծես չէր հասկացել հարցիս բուն իմաստը:

-Հովոյի մասի՞ն… Տղա է, էլի, եսիմ,- ասաց նա խուսափողական:

-Սիրո՞ւմ ես իրեն:

-Հա, վատ տղա չէ. գիտե՞ս, հազիվ է բերանը բացում, մի բան ասում:

-Հա, գիտեմ,- դա չէի ուզում ասել…

-Բայց ինչո՞ւ ես ինձ հարցնում,- ինչ-որ վախեցած, ինչ-որ լարված հարցրեց նա:

-Դե, ասացիր, որ սիրում ես իրեն:

-Դա ի՞նչ կապ ունի, լավ տղա է, մինչև հիմա ինձ վատություն չի արել, օգնող ու հասնող է:

Դժվար էր հասկանալ՝ Լենան իրեն ապուշի տեղ է դրել, թե՞ իրոք անկեղծ էր: Ես լռեցի ու սպասեցի: Նա չէր կարող չխոսել:

-Հա, մի քանի անգամ միասին դուրս ենք գնացել, երբ շեֆը,- նա հորս միշտ այսպես էր կոչում,- ինձ ազատ է արձակել: Դե, շեֆին տուն հասցնելուց հետո մեքենայով շրջել ենք ու մի տեղ ընթրել կամ պարել:

-Հետո՞:

-Էլ ինչ հետո, ինձ տուն է հասցրել ու գնացել իր գործին:

-Բա տուն չե՞ս հրավիրել:

-Հրավիրել եմ…

Իմ զարմացած դեմքը տեսնելով՝ Լենան ծիծաղեց:

-Եկե՞լ է:

-Լավ էլ հարցաքննում ես: Քեզ համար դա ի՞նչ կարևոր է: Մի անգամ եկավ ու օգնեց խոհանոցի լամպը փոխել:

-Գնա՞ց:

Լենան փռթկաց ու սկսեց կչկչալով ծիծաղել:

-Ինչո՞ւ ես ծիծաղում,- վիրավորված ձևացա:

-Բա ինչ անեմ, ցավդ տանեմ, իհարկե, գնաց, հո իմ տանը չէ՞ր գիշերելու:

-Գիշերեր, ի՞նչ կպատահեր…

-Գոհա՞ր,- համարյա ճչած նա,-ես նրանցից չեմ, ում կարծում ես…

-Իսկ ես դա նկատի չունեի, երբ երկու հոգի սիրում են իրար, ապա…

-Չէ, նման բան չկա, ես նրան սիրում եմ եղբոր պես:

-Բայց նա անտարբեր չէ քո նկատմամբ:

-Դե, դա իր գործն է, ինձ ինչ:

-Իսկ Հա՞յկը…

Ժպիտը անհետացավ Լենայի դեմքից, նայեց ինձ վրդովված:

-Այդ մասի՞ն էլ գիտես,- հարցրեց հազիվ լսելի ձայնով:

-Կույր չեմ, տեսնում եմ ոնց է ընկել քո հետևից…

Լենան լուռ էր: Նայում էր ինձ մեղավոր հայացքով: Ես էլ լուռ էի և աշխատում էի նրա դեմքի արտահայտությունից որսալ պատասխանը, որը շատ չուշացավ.

-Նա ինձ չի սիրում…,- գեղեցիկ թարթիչները վար իջեցնելով՝ ասաց նա,- նա միայն… չգիտեմ ո՞նց ազատվեմ  ձեռքից:

-Դուք գրեթե հասակակիցներ եք, թե՞ դու մեծ ես նրանից:

-Հա, մի քանի ամսով, իսկ դա ի՞նչ կարևոր է:

-Չգիտեմ, հանկարծ հիշեցի, իսկ հայրս տեղյա՞կ է:

-Իհարկե:

-Ինչի՞ց ես եզրակացնում:

-Դե, գիտեմ, էլի, բայց ցույց չի տալիս, հակառակ դեպքում ինձ կազատի գործից:

-Մի հավատա, դու շատ թանկ ես նրա համար:

-Չէ, որ բարկանում է, Աստված հեռու տանի:

-Ուրեմն, Հովոն…

Մեր խոսակցությունը ընդհատվեց մի այցելուի ներս գալով: Լենան զբաղվեց նրանով, իսկ ես դուրս եկա: Ամեն ինչի ու ամեն հոգու համար կարող էի խոսել նրա հետ, բայց մորս մասին՝  երբեք, թեև, չգիտեմ ինչու, ինձ թվում էր, թե նա շատ բան գիտի Հովոյի մասին:

Զգում էի, որ սկսում եմ խորշել տնից ու իմ շրջապատից: Հեշտ է ասել՝ խորշել տնից: Ամեն անգամ մեր տան դուռը բացելիս ու ներս մտնելիս, սիրտս լցվել է ապահովության զգացումով, սիրով ու ջերմությամբ: Կարծում եմ, որ բոլոր աղջիկներն էլ ինձ պես են: Տան հետ իմ կապվածությունը դեռ փոքր տարիքից շատ ուժեղ է եղել: Եվ որքան էլ շքեղ,  ընդարձակ ու հարմարավետ է մեր ներկա առանձնատունը, սիրտս դեռ մնացել է մեր հին բնակարանում, որից շատ դժվար բաժանվեցի: Ցավով էի ընկալում, որ մի թանկագին բան ենք կորցրել, որ հարստությունը բացասական է ներգործել մեր ընտանեկան ջերմության վրա, որ ժամանակի ընթացքում, սառնությունը սկսել է համառորեն սողոսկել աննշմար, կաթիլ-կաթիլ՝ ուղղակիորեն կապված մեր անհատական կամ միմյանց հանդեպ ունեցած վարվեցողության հետ:

Ես դա զգում էի մարմնիս բոլոր բջիջներով և, այո, սկսեցի խորշել տնից…Ընդարձակ առանձնատունը խեղդում էր ինձ… Մեր նախկին տան ամենամեծ գրավչություններից մեկը, անշուշտ, բակն էր. տան մեջ մնում էի միայն դասերս սերտելու կամ ուտելու համար: Մնացած ժամանակս անց էի կացնում բակում՝ ընկերուհիներիս հետ: Ճիշտ է, առինքնող էր մեր ներկա առանձնատան տնամերձ այգին իր պտղատու ծառերով, գեղեցիկ մարգերով ու ծառուղիներով, բայց միշտ մենակ զբոսնելն ու միայն այգեպանի հետ զրուցելը բանի նման չէր: Մի կողմից էլ, հոգնել էի գնումներից, սրճարաններից, դրսի կյանքից: Այդ օրերին, ինձ համար ամենահոգեհարազատ անկյունը իմ սենյակն էր, ուր փակվում էի ժամերով, կարդում, կարդում, դեգերում գրական կայքերում, մեկնաբանություններ թողնում, երբեմն մտնում բանավեճերի մեջ ու ականջակալներով երաժշտություն լսում: Հաճախ զղջում էի ուսումս կիսատ թողնելու համար. մի պահ ոգևորվում էի, որոշում էի նորից շարունակել: Բայց զգում էի, որ դա չի անցնում ցանկության սահմանից այնկողմ. հենց միայն այն միտքը, որ ուսանողների շրջանում ինձ անդադար պիտի զգամ անճոռնի ճուտիկի կարգավիճակում, թուլացնում էր կամքս:

Ես չեմ կարողանում քողարկել զգացմունքներս, հատկապես ուրախությունս, որ արտահայտվում է իմ անկասելի ժպիտով. ուղղակի իշխանություն չունեմ բերանիս մկանների վրա: Օրինակ, կոմեդիա նայելուց հետո սրահից դուրս գալիս ու նույնիսկ փողոցում, եթե ինձ դուր է եկել ելույթը, հաստատ ժպտում եմ, հակառակ ոմանց, որ աթոռից վեր կենալիս՝ անմիջապես լուրջ դեմք են ընդունում ոչ թե նրա համար, որ չեն հավանել, այլ պարզապես չեն սիրում ցույց տալ իրենց զգացումները: Նման մարդիկ սրտովս չեն, ասես դիմակ են կրում: Այդ օրերիս շարունակական թախիծն ու տրտմությունը, որ զանազան առիթներով երբեմն ընդհատվում էին բռնազբոսիկ ծիծաղով, աննկատ չմնացին մորս ու Լենայի աչքից: Հայրս ու եղբայրս բնավ չէին հետաքրքվում ինձանով, անգամ եթե հետաքրքվեին, անշուշտ չէին կարող ընկալել հոգուս տվայտանքը: Եվ այսպես, մի օր մայրս ներս մտավ՝ սենյակս լցնելով փարիզյան թանկ օծանելիքի անուշ բուրմունքով, դուռը փակեց ետևից ու աչքերը չռելով վրաս, հարցրեց.

-Վերջապես կասե՞ս՝ ինչու ես նոթերդ կիտել:

-Ե՞ս…Հո միշտ չեմ կարող ուրախ լինել:

-Առանց պատճառի՞…Ո՞ւր է իմ ծիծաղկոտ, չարաճճի Գոհարը…

Աչքերս լցվեցին, ուզեցի մոտենալ, գրկել ու ասել, որ առաջվանն եմ, որ բան չկա, որ ինքը շատ թանկ է ինձ համար, բայց մի պահ աչքս ընկավ նրա փետրավոր սպիտակ մաշիկներին, ծնկից վեր թանկ, երկնագույն ծաղիկներով կիպ շրջազգեստին, ցանկահարույց  իրանին, կրծքի բացվածքին, բաց ուսերին, հարդարած մազերին ու շպարին: Երևի պատրաստվում էր դուրս գալ տնից ու միայն բարձրակրունկ կոշիկներն էին պակաս: Ո՜ւր մնաց տնային էժանագին շորերով ու չուստերով իմ մայրը, ում մշտապես խմորի հոտով ցողված տաք գիրկն ինձ համար ամենաապահով ու ամենացանկալի բույնն էր ողջ աշխարհում: Այն ժամանակ էլ մայրս գրավիչ արտաքին ուներ, բայց չէր երևում:Ո՞ւմ համար էր նա պճնվում… Անշուշտ ոչ հորս համար, թեև հայրս պահանջում էր, որ բոլորս էլ պատճաշ արտաքինով հայտնվենք հասարակության մեջ, դա երևի կարևոր էր իր անվան ու հեղինակության համար…

-Ժամադրությա՞ն ես գնում,- վերից վար նրան չափելով հարցրի՝ թեթև հեգնանքով: Զգացի, որ ճիգով զսպեց վայրկենական բռնկումն ու ասաց.

— Դու իմ հարցի՛ն պատասխանիր:  Չլինի՞ սիրահարվել ես…

-Մի՞թե չգիտես, իհարկե, սիրահարվել եմ, սիրահարվել եմ…Նրան,-ասացի ու զգացի, թե ոնց եմ զզվում ինքս ինձանից:

-Նրա՞ն, ո՞ւմ:

-Հովոյին…

-Գոհա՛ր… Բավական է, համը հանում ես…Շուտով ծնունդդ է, մոռացե՞լ ես, հայրդ պատրաստվում է այս տարի մեծ շուքով տոնել ծնունդդ:

Իհարկե, չէի մոռացել, չեմ կարծում լինի մեկը, որ ծննդյան ամիսը հասնելուն  պես թաքուն հրճվանքով չմտաբերի իր ծննդյան օրը: Նրանք, ովքեր ասում են, որ մոռանում են ծննդյան օրը՝ ստում են: Բայց այս անգամ, տաղտուկ էի զգում, երբ պատկերացնում էի  ծանոթ ու անծանոթ հրավիրյալների շնորհավորական մաղթանքներն  ու համբույրները,  խորտիկներով ու խմիչքների շշերով լի ճոխ սեղանները քաղաքի ամենաշքեղ ռեստորաններից  մեկում,  կերուխումը, երեկոյի ավարտին՝ հրավառությունը… Անհարիր՝ երկրում տիրող թշվառությանը, որը, ինչ մեղքս թաքցնեմ, երբեք չի հետաքրքրել ինձ…Պարզ էր, որ ծնունդիցս ավելի այս տարի հորս շահագրգռվածության առանցքն ԱԺ-ի գալ տարվա մայիսի ընտրություններն էին, ընդ որում ավելի շատ համակիրներ ձեռք բերելու հարմար առիթը:

Հանկարծակի մի միտք փայլատակեց գլխիս մեջ:

-Մամ, գիտե՞ս ինչ եմ որոշել:

-Ի՞նչ, բալես:

-Ուզում եմ գնալ ճամփորդության:

-Ի՞նչ, ճամփորդությա՞ն, որտե՞ղ:

-Նախ՝ Եվրոպա, երևի Ավստրիա ու Իսպանիա, շատ եմ ուզում լինել Վիեննայում ու Բարսելոնայում, հետո կգնամ Լոս Անջելես:

-Մենա՞կ:

-Հա, ինչ կա որ, Վիեննայում Նառան կա, Բարսելոնայում դասընկերուհիներիցս մեկը՝ Հասմիկը, իսկ Լոսում հո հորաքույրը:

Մայրս զարմացած նայեց ինձ ու լռեց:

-Չեմ կարծում հայրդ համաձայնի,- իվերջո ասաց նա երկար մտածելուց հետո:

-Դու ասես, կհամաձայնի,-ասացի ես աշխուժանալով,- մա՛մ, խնդրում եմ:

-Լա՛վ, լա՛վ, թող տեսնեմ ինչ եմ անում, ուրեմն սա էր քո փորացավը,-եզրակացրեց  նա մի տեսակ թեթևացած ու այն է, ուզում էր դուրս գալ սենյակից, երբ ես հենց այնպես, իմիջիայլոց,  հարցրի:

-Մա՛մ, ո՞ւմ հետ ես գնում ժամադրության,  Հովոյի՞:

-Դու էլ հա Հովո՛, Հովո՛,-ասաց նա բռնկված,- շատ ցավս է Հովոն, չէ՛, Սլավիկն է ինձ տանելու, պորտդ տեղն ընկա՞վ… Ի՞նչ ես կպել էդ լակոտին, պոկ չես գալիս:

Սլավիկը Հայկի օֆիսի վարորդն էր:

Մորս գնալուց հետո խղճի խայթ զգացի՝ միախառնված ուրախության հետ: Ուրեմն սխալվել եմ, նա կապ չունի մորս հետ… Ես դա պարզ զգացի ու ամաչեցի, երբեմն ինչ ապուշ մտքեր են անցնում գլխովս: Այնուամենայնիվ, համոզված էի, որ մեկը կա նրա կյանքում. «Շատ էլ լավ է անում, ինչն է պակաս,-մտմտում էի գոհունակությամբ հորս ջգրու,- դեռ ջահել է, թող ինքն էլ վայելի կյանքը»: Փաստորեն դեմ չէի՝ մեկը լիներ մորս կյանքում, բայց և այնպես ոչ մի գնով չէի ցանկանում իմանալ տվյալ անձի ով լինելը: Սա թերևս միակ դեպքն էր իմ կյանքում, որ հակառակ էի գնում իմ անուղղելի հետաքրքասիրությանը. դժվարանում եմ ասել՝ չէի ցանկանո՞ւմ, թե՞ վախենում էի բացել այդ խորհրդավոր արկղը…

Լենան ևս սկզբում զարմացավ, երբ հայտնեցի, որ ուզում եմ ճամփորդել: Հետաքրքվեց, թե ուր եմ ուզում գնալ, ասաց, որ Եվրոպա հասնել ու Փարիզ չգնալ պարզապես չի կարելի: Խոսքի վերջում խորամանկ ժպիտը դեմքին, ավելացրեց.

-Ասա, փախչում ես, էլի…

Նա միշտ կարողանում էր թափանցել հոգուս խորքը…

Հայրս երկար վեճերից հետո համաձայնվեց միայն այն պայմանով, որ դա լինի ծնունդիցս հետո: Փաստորեն չէի կարող դիմակայել, որովհետև ամեն բան կախված էր հորս քսակից:  Չէ, հարուստի աղջիկ լինելն էլ մի բան չէ: Ես հաճախ նախանձում եմ այն աղջիկներին, որոնք իրենց աշխատանքով են ապրում, սեփական ծածկ ունեն, մեքենա էլ:  Ինչիս են պետք արդիական պայմաններն ու ավտոները, երբ չունեմ ֆինանսական անկախություն, երբ խամաճիկի նման թելը կտրվելուն պես՝ կդառնամ անշարժունակ փալաս…Անշուշտ, հաճելի երևույթ չէր նաև հոր փողերով ճամփորդելը թանկ երկրներում, բայց տվյալ պահին, դա ինձ համար չարիքների փոքրագույնն էր: Ինձ պաշարել էր նաև մի անորոշ վրեժխնդրության զգացում: Հայրս մեծ ներդրում էր կատարել ու շռայլորեն հովանավորում էր եղբորս բիզնես կոչվածը: Սա անարդարացի էր, քանի որ ինձ հատկացված գումարը չէր անցնում իմ հագուկապի, մասնավոր դասերի ու սահմանափակ հաճույքների ծախսերի սահմանից: Չգիտեմ, ուզում էի այս անհավասարության համար վրեժխնդիր լինել հորի՞ցս,  Հայկի՞ց, թե՞ երկուսից էլ միաժամանակ: Բայց դա մղվում էր երկրորդ պլան, երբ հակառակ մորս արդարացնելու ճիգերիս, մտածում էի իր հավանական սիրային արկածների մասին: Ինձ թվում էր, թե իմ գնալով և իրեն լրիվ ազատ թողնելով՝ կստիպեմ մորս բացել աչքերն ու զգալ իրավիճակի ողջ անհեթեթությունը, համոզված էի, թերևս միամտորեն, որ մայրս կկարոտեր ինձ, կնեղվեր իմ բացակայությունից…

 

Չէի սխալվում, ծնունդիս տոնակատարության երեկոն վերածվել էր հորս նախընտրական քարոզարշավի: Հոգնած ականջ խլացնող կլառնետի նվագակցությամբ ռաբիզ երգերից, ժխորից  ու սրան-նրան անդադար ժպտալուց, աննկատ դուրս եկա շքեղ ռեստորանի նույնքան շքեղ պատշգամբը, նստեցի պատի տակ դրված ոսկեգույն շղթաներով ու ամպհովանիով ճոճվող բազմոցին, ոտքս գցեցի ոտքիս, սկսեցի մեղմ ճոճվել ու նայել աստղազարդ երկնքին. դա հոգեկան անդորր է պարգևում ինձ: Նայելով տիեզերքի անհունին, ասես կտրվում եմ ճղճիմ իրականությունից ու մարդկանցից: Բացի ինձանից ոչ ոք չկար, ուստի մեծ եղավ զարմանքս, երբ հանկարծ Հովոն ցցվեց առջևս, ասես գետնի տակից դուրս եկավ: Պարզ զգացվում էր, որ շփոթված է: Ես քողարկեցի հուզմունքս ու շարունակեցի հանգիստ ճոճվել:

Երկուսս էլ, խաղից առաջ բռնցքամարտիկների պես, լուռ նայում էինք իրար աչքերի խորքը:

-Գնո՞ւմ ես,- հարցրեց նա ինչպես միշտ՝առանց նախաբանի:

-Հա:

-Երկա՞ր ժամանակով:

-Հա:

Նա լռեց ու շարունակում էր նայել աչքերիս:

Չկարողանալով դիմանալ նրա հայացքին՝ դեմքս շրջեցի մի կողմ: Հեռվում նշմարվում էր խաչմերուկի ուղեցույց կարմիր լույսը, որ փոխվեց դեղինի ու հետո կանաչի: Սպասում էի, թե երբ նորից կկարմրի: Հովոն լուռ էր: Ահա և հերթական դեղինը, քիչ անց կարմիրը ավելի գեղեցիկ հառնեց գիշերային մթության մեջ ու մնաց:

-Բա ո՞նց կլինի…- հանկարծ լսեցի Հովոյի ձայնը:

Հազիվ զսպեցի ինձ, որ չտամ այդ վայրկյանին մտքիս մեջ աղաղակող հարցը. «Մնամ, ի՞նչ է փոխվելու…»: Նայեցի նրան ու…շշմեցի, տխրություն ու թախիծ էր լողում նրա խոշոր, սև, թաց աչքերում:

-Հովո՞…

Մի սարսուռ անցավ մարմնովս, դադարեցի ճոճվելուց ու ակամա թեքվեցի առաջ: Նրան գրկելու ուժեղ ցանկությունը մթագնում էր առանց այն էլ գինուց մշուշված  բանականությունս: Այնպես էի ուզում լինել նրա առնական բազուկների մեջ, սեղմվել նրա հզոր կրծքին, վերանալ, մոռանալ ամեն բան, տրվել անմնացորդ…

Արդյոք նա հասկացա՞վ, թե ոնց է խախտվել հոգուս անդորրը: Չգիտեմ: Նայեց ինձ լցված աչքերով, խռովկան երեխայի պես շրթունքները հավաքած, ու ինչպես հայտնվել էր, այնպես էլ չքացավ…

Լռությունը որքա՜ն պերճախոս է. և որքան սին ենշաբլոնային դարձած բառերը, որոնք միայն միտք են պղտորում: Հովոյի լռությունն ու հայացքը սիրո ամենամեծ խոստովանությունն էր, որ արվել է ինձ ողջ կյանքիս ընթացքում… Մի պահ նույնիսկ զղջացի գնալուս համար…

Ինձ էին փնտրում, որ մոմերը փչեմ: Վեր կացա, կարոտով նայեցի գիշերային Երևանին ու մտա սրահ, որն ինձ համար այդ պահին դատարկ էր…Ոչինչ չկար ինձ կապող, բացի մի քանի հարազատ դեմքերից ու Հովոյից, որին աչքերով փնտրեցի, բայց այդպես էլ չկարողացա տեսնել այդ երեկո:

-Դու գնաս, չգիտեմ ինչ եմ անելու,- ասաց Լենան, ծնունդիս հաջորդ օրը,- առանց քեզ տխուր կլինի:

-Ոչինչ, կվարժվես,- ասացի:

-Ծնված օրվանից գործներս վարժվելն է,- ասաց նա,- նախ՝ բարուրին, հետո՝ կյանքի պայմաններին, սրան-նրան: Ոչինչ մեր ուզելով չէ:

-Ես ուզելով եմ հեռանում տնից,- ասացի, բայց անմիջապես մտքովս անցավ, որ հեռանում եմ նաև չուզելով: Գնալս, իր տեսակի մեջ իրոք փախուստի էր նման: Փախուստ ավելի շատ ինքս ինձանից…

-Երանի քեզ:

-Հեգնո՞ւմ ես:

-Վայ, Գոհար ջան, ինչո՞ւ պիտի հեգնեմ: Գիտես ես չե՞մ ուզում ճամփորդել, աշխարհ տեսնել:

-Արի միասին գնանք:

Նա խեթ-խեթ նայեց ինձ ու ծիծաղեց.

-Հա՜, հենց էդ էր պակաս… Ինձ փող որտեղի՞ց…

-Հերս կտա:

-Ապուշ-ապուշ մի խոսիր, բա իմ գործը ո՞վ կանի: Քո գնալն էլ էս

օրերին հորդ սրտովը չի:

Ես չպնդեցի, որովհետև նրա՝ ինձ ընկերակցելու հանկարծակի ծնված գաղափարը չէր մտնում իմ պլանների մեջ: Նախ ես ցանկանում էի ամեն բան թողնել այնպես, ինչպես կար. ուզում էի տեսնել, թե ինչով կավարտվեն մեր ընտանիքում սկիզբ առած արտառոց հարաբերությունները: Երկրորդ, ուզում էի լինել մենակ, կյանքումս առաջին անգամ միայնակ որոշումներ կայացնել ու տնօրինել հետագա քայլերս: Իմ նախկին ճամփորդությունները եղել էր մորս հետ՝ մեծ մասամբ դեպի Մոսկվա, հանդիպելու մորս ծնողներին, տատիկին ու պապիկին:

-Դո՛ւ գիտես,- ասացի՝ իբր թե վշտացած:

-Դե, մի նեղվիր,Գոհար ջան,-ասաց ու գրկեց ինձ,-կապի մեջ կլինենք, լա՞վ:

-Անպայման:

Սրտառուչ եղավ իմ բաժանումը նաև իմ ուսուցիչներից: Ծնունդիս երեկոյան այնպես էի դասավորել, որ պարոն Ժորժն ու օրիորդ Սվետլանան նստել էին նույն սեղանին, իրար կողք…

 

Նամակներ արտերկրի ու տվայտանքների  թեմայով

Զուր եղան իմ ջանքերը հորս համոզելու, որ ինձ հաճելի է ճամփորդել էկոնոմ կարգով, սովորական ուղևորի պես: Ինձ վրդովում էր այն հանգամանքը, որ առաջին կարգի տոմս գնելով՝ նա մտահոգված էր ոչ թե իմ հանգստության, այլ իր հեղինակության համար:

-Ո՞նց կլինի Գարեգին Վարդերեսյանի աղջիկը էկոնոմով ճամփորդի,-կրկնում էր նա իրեն հատուկ պաթոսով՝ երկու ձեռքերը կողմ տարածելով:

Իսկ ես ուզում  էի ճաշակել շարքային ուղևորի բոլոր նեղությունները,  հաշվառման ժամանակ հերթի սպասելը, պայուսակների հանձնելը և այլն: Չեղավ: Գոնե ընդունեց առաջին կարգից բիզնես կարգի մակարդակի իջնելու իմ խնդրանքը…Եվ չառարկեց, երբ ես պնդեցի, որ ոչ ոք չգա Զվարթնոց: Նախ, չեմ սիրում, որ երբ մեկը մեկնում է կամ ժամանում, ծանոթ-բարեկամների և հարազատների մի մեծ բանակ է լցվում օդանավակայան՝ խախտելով հասարակական կարգը. ինչո՞ւ զարգացած երկրներում այսպես չէ: Նույն մարդը ավտոբուսով ճամփորդի, քչերը կգնան ճանապարհելու կամ  դիմավորելու: Նաև՝ թաքուն հույս էի փայփայում, որ Հովոն ինձ կտանի ու առիթ կունենամ նախքան գնալս նրա հետ պարզել որոշ հարցեր: Բայց մեծ եղավ հիասթափությունս, երբ մեր առանձնատան մեծ դարպասի առջև տեսա Սլավիկին՝ Հայկի սև լեքսուզով: Ես ողջագուրվեցի ծնողներիս հետ՝ չկարողանալով զսպել արցունքներս: Հայկը չկար, երևի իմ լինել-չլինելը չէր հուզում նրան և եղբայրական պարտականությունը կատարել էր մեքենան վարորդի հետ ինձ տրամադրելով…

-Քեզ լավ պահիր,- ասաց հայրս մի այնպիսի տոնով, որ չհասկացա՝ նպատակը իմ առողջականն է, թե այլ բաներ…

-Շուտ-շուտ կկապվենք,- ասաց մայրս:

Բիզնես կարգի հաշվառման կետում բացի ինձանից ուրիշ ուղևոր չկար: Հաշվառումը կատարվեց շատ արագ, որի ընթացքում համազգեստավոր աղջկա շուրթերից  չէր ինջնում հաճոյակամ, կեղծ ժպիտը: Մինչդեռ մեծ էր էկոնոմ կարգի ուղևորների շարքը: Անհարմար էի զգում ինձ վրա սևեռված հայացքներից: Սլավիկը հրաժեշտ տվեց ինձ ուղևորների համար նախատեսված մուտքի մոտ ու հեռացավ: Օ՜, երջանկություն, վերջապես մենակ մնացի: Ինձ թվում է՝ չկա ավելի հաճելի ինքնազգացողություն, քան երբ գիտակցում ես, որ լրիվ ազատ ես, գլխիդ տերը, ինչ ուզես կանես. նույնիսկ մեղավոր մտքեր են գաղտագողի սողոսկում ուղեղիդ մեջ: Սակայն, այդուհանդերձ, քեզ չի լքում տարիներ շարունակ էությանդ մեջ ներծծված կաշկանդվածությունը՝ միախառնված աղջկական ամոթխածության հետ:

Գիշերային թռիչքն անցավ հաճելի՝ Շտրաուսի անմահ երաժշտության, խորտիկների ու ընտիր գինու ուղեկցությամբ…

Առավոտյան, Վիեննայի օդանավակայանում ինձ դիմավորեց Նառան՝ մանկությանս ընկերուհին ու հորս ընկերներից մեկի հայ վարորդը: «Այստեղ էլ հանգիստ չեն տալիս»,-անցավ մտքովս: Կարդալով իմ անուն-ազգանունը՝գրված թղթի կտորի վրա՝ վարորդի ձեռքին,Նառան մոտեցել էր նրան ու հայտնել, որ ինքն էլ է եկել ինձ դիմավորելու: Վարորդին հանձնարարված էր ինձ տանել հյուրանոց: Ես կտրուկ մերժեցի և ասացի, որ իջևանելու եմ ընկերուհուս տանը: Նա չէր համաձայնվում: Հարկ եղավ կապվել իր շեֆի հետ: Շեֆն էլ իր հերթին կապվել էր Երևան, որովհետև չէր անցել մի քանի րոպե, որ հայրս ուղղակի զանգեց իմ բջջայինին… Սովորաբար արտերկրի հետ կապը կատարվում էր Լենայի միջոցով: Մի պահ ուրախություն զգացի լսելով նրա ձայնը, բայց դա երկար չտևեց, նա ընկալուչը փոխանցեց հորս: Հայրս չէր համաձայնվում: Լարվեցի, տրամադրությունս ընկավ, հազիվ զսպեցի լացս. մեդուզայի շոշափուկների պես հորս ձեռքերը հասնում էին մինչև այստեղ… Ճար չկար, հետևեցինք վարորդին, որ ամուր բռնել ու քարշ էր տալիս անիվներով բավականին ծանր պայուսակս: Նառան փսփսաց ականջիս.

-Արի ծլկվենք:

-Ո՞նց ,-զարմացա ես:

-Դա թող ինձ:

Քայլեցինք դեպի օդանավակայանի ավտոկանգառը: Աշնանային սառն օդը թարմացրեց ինձ: Այստեղ ամեն բան նորություն էր ինձ համար: Թեև ամպամած, մռայլ օր էր, բայց շատ արագ վերագտա լավ տրամադրությունս ու մտածում էի, թե ինչ է հորինել Նառան, երբ հանկարծ նա թեթև ճչաց ու կռանալով բռնեց ոտնաթաթը:

-Ա՜խ, ոտքս…

Կանգ առանք, Նառայի երեսին գույն չկար, ցավից դեմքը աղավաղվում էր ու աչքերից արցունքներ հոսեցին:

-Նառա՞, ինչ պատահեց,- հարցրեցի զարմացած:

-Ոտքս, ոտքս… ոլորվեց…

Վարորդը շվարած նայում էր ու չգիտեր ինչ անել: Նառան տնքալով ասաց, որ չի կարողանում քայլել ու խնդրեց վարորդին, որ մեքենան մոտեցնի: Նա մեզ թողեց պայուսակի հետ ու վազեց դեպի ավտոկանգառը: Նրա հեռանալուն պես՝ Նառան լրիվ կերպարանափոխվեց:

-Շո՛ւտ, արի՛ իմ հետևից,-ասաց նա՝ քաշելով պայուսակը և առույգ քայլեց դեպի մետրոյի մուտքը: Աչքերիս չէի հավատում:

-Նառա՞, էս ամենը…

-Հա՛, խաղ էր, ցավդ տանեմ: Զուր չի, որ երեք տարի սովորել եմ թատերականում:

Այսպես սկսվեց իմ ազատության առաջին օրը հայրենի տնից հեռու, անծանոթ միջավայրում: Ծանր պայուսակս քարշ տալով կանգառից կանգառ՝ տուն հասանք գնացքով ու տրամվայով, ինձ համար միանգամայն անսովոր, բայց հրճվանքով լի մի ուղևորություն: Անջատել էի բջջայինս: Իսկ վարորդին այնպես էլ չտեսանք: Ամբողջ ճանապարհին պատկերացնում էինք նրա շշմած դեմքը՝ մեզ տեղում չգտնելով, և ծիծաղում, ծիծաղում էինք: Հաճելի էր նաև այն հանգամանքը, որ հասնելուն պես ծանոթացա քաղաքի երթևեկության արդիական միջոցներին ու կանոններին: Տրամվայի կանգառը Նառայի բնակարանի ճիշտ դիմացն էր՝ քաղաքի կենտրոնից ավելի հարավ, ուր շատ են օտարազգիները, հատկապես թուրքերը: Ավելի խիտ բնակեցված ու ոչ շատ հարուստ թաղամաս էր: Նառայենց երեքհարկանի, հսկա շենքի նկուղային հարկի ճակատին գիշերային «քլաբ»-ի ցուցանակ կար, կրքահարույց  պարուհու նկարով: Գլխավոր մուտքի մոտ հանդիպեցինք մի երիտասարդի. նա ջերմությամբ բարևեց Նառային ու սիրահոժար օգնեց պայուսակս վեր բարձրացնել: Ես ինձ անհարմար էի զգում,մի պահ մտածեցի, որ մեր քիթը ցցած տղաները դժվար թե նման ուշադրություն դրսևորեին:

— Ծանոթացի՛ր, Արան իմ հարևաններից է, իրանահայ:

Ես պարզեցի ձեռքս, ծանոթացանք: Լսել էի, որ այստեղ հայեր շատ կան, բայց չէի պատկերացնում, որ բացի հայ վարորդից, այսքան շուտ կհանդիպեմ ևս մի հայի:

Պտուտակաձև աստիճաններով հասանք երրորդ հարկ: Յուրաքանչյուր հարկի նույնպես շրջանաձև միջանցքների մի կողմում բնակարանների դռներն ու միջանցքին նայող լուսամուտներն էին փակ վարագույրներով, մյուս կողմում՝ շենքի բարձրադիր պատուհանները, որ բացվում էին պողոտայի վրա: Բնակարանի դուռը երկու փական ուներ:

-Էստեղ գողություն լինում է,-ասաց Նառան:

Արան բարի գալուստմաղթեց ինձ ու հեռացավ:

Բջջայինս զրնգաց միացնելուն պես: Մայրս էր:

— Վերջը ասածդ արիր, այդ ո՞ւր ես կորել:

-Մա՛մ, խնդրում եմ ինձ հանգիստ թողեք, Նառայի հետ եմ ու ամեն բան կարգին է:

-Հեռախոսդ ինչո՞ւ ես անջատել:

Ուզում էի ասել՝ «որ ձեր ձեռքից ազատվեմ», բայց լռեցի:

-Հերդ բարկացել է, ասում է՝ համար է ապահովել հյուրանոցում ու կանխավճար տվել:

-Ես ավելի հանգիստ եմ Նառայի հետ, և հետո, մի քանի ամիս հո չե՞մ ապրելու հյուրանոցում:

-Դե, մենք մտածեցինք գոնե առաջին շաբաթը այնտեղ կմնաս:

-Դուք մտածեք, որ այս պահին հյուրանոցում եմ, գոնե ավել չեք վճարելու, գո՞հ չեք:

-Գոհա՛ր…

Թեև հուզվել էի մորս ձայնը լսելով՝ անջատեցի կապը: Չգիտեմ, ծնողներիս համար իմ ցանկությո՞ւնն է կարևոր, թե՞ հյուրանոցի կանխավճարը: Նեղվում էի այն բանից, որ իմ տարիքում ինձ հետ վարվում են երեխայի պես:

Երևանի մեր շքեղ առանձնատնից հետո, Նառայի երկու փոքրիկ ննջարաններով հին բնակարանը մեղմ ասած՝ խղճուկ խրճիթի տպավորություն էր թողնում իր արտաքին տեսքով ու կահույքով: Երևում էր, որ իմ գալու առթիվ ամեն բան կարգի էր բերվել: Անուշահոտ նարգիզների մի փունջ կար դրված միակ սեղանի վրա: Ծաղկամանի փոխարեն Նառան օգտագործել էր գլխի մասը կտրված կոլայի շիշ: Ես չկարողացա թաքցնել ժպիտս:

-Մի ծիծաղիր,-ասաց Նառան,- այստեղ չեմ կարող ինձ ավելորդ շռայլություններ թույլ տալ:

-Շատ էլ սիրուն է,-ասացի ու մտքումս որոշեցի անպայման մի ծաղկաման գնել Նառայի համար:

-Արան ո՞վ է,-հարցրի, երբ հագուստներս տեղավորեցի ինձ հատկացված ննջարանի հին, ճռճռան դռներով պահարանում ու վերադարձա որպես ճաշարան ու հյուրասենյակ ծառայող միակ սենյակը:

-Ապաստանյալ է Իրանից, եկել է այստեղ ընտանիքի հետ՝ հրեական մի կազմակերպության միջնորդությամբ, գնալու է Լոս Անջելես, սպասում է վիզային. ինձ շատ է օգնում ամեն բանում:

Ես միշտ սիրել եմ Նառայի պարզունակ, առանց սարկազմի պատասխանները: Ուրիշը լիներ նրա տեղը, երևի «ինչ է , նա քեզ շա՞տ է հետաքրքում» իմաստով ռեպլիկներ կշարեր:

Ասաց նաև, որ Արան Թեհրանում ավարտել է տնտեսագիտության մագիստրատուրան ու նպատակ ունի Ամերիկայում սովորել ասպիրանտուրայում, եթե կարողանա հանձնել որոշ քննություններ:

Պարզվեց, որ այս շենքում կան իրանցի, դրանց թվում իրանահայ ապաստանյալներ, որոնք բնակվում են ժամանակավորապես և վիզա ստանալուց հետո խումբ-խումբ մեկնում են Ամերիկա:

Բնակարանների մենեջերները երկու ժպտադեմ աղջիկներ էին՝ հագնված ճաշակով ու կիրթ շարժուձևով: Առաջին հայացքից դժվար էր պատկերացնել, որ նրանք ունակ են գլուխ գլխի դնել ամեն տեսակ մարդու հետ, գանձել վարձերը, մուծել կոմունալ վճարումները, հոգալ հին շենքի նորոգության հետ կապված խնդիրները, հաշվառել բնակիչներին և այլն: Ես չգիտեի, որ Նառան հայտնել է նրանց իմ գալստյան մասին: Երբ դուռը թակեցին ու ներս մտան, ես հարցական նայեցի Նառային:

-Ի՞նչ ես շշմել, եկել են քեզ գրանցելու, անկետա են բերել,- ասաց հայերեն,- տան մենեջերներն են, հրեա են:

Ծանոթացանք: Չմերժեցին, երբ Նառան սուրճ առաջարկեց: Ես բացեցի պայուսակս ու ալանի ու սուջուխ դրեցի սեղանին: Խոսում էինք անգլերեն, ընդ որում խոսակցության թեման առավելապես հայերն էին: Հետաքրքվեցին, թե ինչով եմ զբաղվում: Մի պահ տատանվեցի, չգիտեի ինչ ասել, ասեի օլիգարխի աղջի՞կ եմ, պարապ-սարապ  թրև՞ եմ գալիս:

Նառան հասավ օգնության:

-Նոր է ավարտել բանասիրականը,-ասաց այնպիսի տոնով, որ ես էլ հավատացի,- լրագրող է աշխատում, եկել է ծանոթանալու իմիգրանտների ներկա կյանքին…

Շտապում էին, գնալիս՝ քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեցին հյուրասիրության համար, հանձնեցին անկետաներն ու  խնդրեցին լրացնելուց հետո ներկայանալ քաղաքապետարան:

Ինձ թվաց՝ նրանք թերահավատորեն վերաբերվեցին Նառայի ասածին, իսկ գուցե միայն թվաց: Այնուամենայնիվ, ամոթ էի զգում: Ու ոչ միայն նրանցից, այլև Նառայից: Հարցը պարապ լինելս չէր. այս օրերին, շատերն են անգործ, աշխատանք չկա, սակայն բոլորը մի բանի ձգտում են, իսկ իմմեջ մեռել է ձգտումը, կյանքս դարձել է ավելորդ սպասում… Սպասում՝ ինչի՞ն, ո՞ւմ… Ամաչում էի իմ փուչ կյանքից… Չգիտեի ում մեղադրել, ի՞նձ, թե՞ ծնողներիս. ախր, դպրոցում ես աշխատասեր, գերազանցիկ աշակերտուհի էի…

Ակամա մտքով սլացա անցյալի խորքը, հիշեցի դպրոցական տարիներս: Այդ տարիներին, չէի ասի՝ չունևոր էինք, բայց հարուստ էլ չէինք: Դպրոցում ես միշտ նախանձով էի նայում սպիտակ գուլպաներով, սև, փայլուն կաշվե կոշիկներ հագած իմ ընկերուհիներից ոմանց. իմ հագինը հասարակ պլաստմասե վարդագույն սանդալներ էին, որոնք այդ ժամանակ շատ էին տարածված մեր սովետական հանրապետությունում: Հանգստյան օրերին հայրս երբեմն իր տաքսիով ինձ տանում էր քաղաքային այգի, ուր հետագային սրճարաններ բսնեցին սնկի նման: Հորս տաքսիով շրջագայելն իմ ամենամեծ ուրախությունն էր. այդ օրերին տանը ինձ խելոք էի պահում, աշխատում էի դասերս ավելի լավ սերտել, իսկ մեքենայի դուռը բացելիս ու նստելիս՝ վիզս երկարացնում ու մեքենայի իջեցրած ապակու պատուհանի վերից էի նայում կաշվե կոշիկներ հագած ընկերուհիներիս ու մեր բակի հասակակից տղաներին: Այգում ինձ հրաշալի էի զգում, բայց մեքենա նստելու գայթակղությունն այնքան մեծ էր, որ րոպեներն էի հաշվում տուն վերադառնալու համար: Այգում հայրս հանդիպում էր իր ընկերներին, ծխում և տաք-տաք խոսում էին: Ես վազվզում էի Կարապի լճի ափին ու հացի փշուրներ նետում բադիկներին: Հայկը չէր ընկերակցում մեզ. նա գերադասում էր պիոներական հավաքները կամ բակի տղաների ու աղջիկների հետ աչքակապուկ խաղալը՝ մեքենայով շրջագայելուց…

Ի՜նչ լավ էր այդ օրերին: Լցված էի եռանդով, երազանքներով: Ո՞ւմ մտքով կանցներ, թե ամեն բան գլխիվայր շուռ կգա,-առույգ, աշխատասեր, գերազանցիկ Գոհարը կդառնա կյանքից  բեզարած, ալարկոտ մեկը…

Գուցե եթե տղա լինեի՝ այլ կերպ կդասավորվեր կյանքս. պարապ չէի նստի, երևի ես էլ, Հայկի նման, կկառավարեի հորս օբյեկտներից մեկը: Այս մասին երբևէ մտքովս չէր անցել Հայաստանում, գոնե մեկը հուշեր, իսկ հիմա, մղոններ հեռու տնից, տեսնելով այս երկու հրեուհիներին, այս գաղափարը ծնվեց միանգամից ու սկսեց  ծիլեր տալ… «Վերադառնամ, կխոսեմ հորս հետ. վստահ եմ կհամաձայնվի ու մի պատասխանատու աշխատանք կտա, ինչով եմ պակաս սրանցից»: Սակայն սեփական գիտելիքներիս ու կարողությանս նկատմամբ անվստահությունն ու աղջիկ լինելուս հանգամանքը ինձ թևաթափ էին անում:

-Ինչո՞ւ ստեցիր,- հարցրի սրտնեղված,- ասեիր ճշմարտությունը:

-Իսկ դա ինչ կարևոր է, վազ անցիր:

-Ճարպիկ ու խելացի են երևում,-ասացի ես:

Նառան ձեռքը արհամարհական թափ տվեց:

-Եթե հոգնած չես, հիմա գնանք,-ասաց սեղանը հավաքելուց հետո,-ես այսօր ժամանակ ունեմ,քաղաքապետարանը շատ հեռու չէ:

Ես թեև գիշերային չվերթի պատճառով քիչ անքուն ու հոգնած էի, բայց սիրով համաձայնեցի:

Հերթը շատ էր: Հայացքս պտտեցրի սպասասրահում. պատերի տակ շարված աթոռները բռնված էին ամեն ազգի, գույնի ու տարիքի մարդկանցով ու երեխաներով:Ոմանք ոտքի էին մնացել:Ինչո՞ւ են մարդիկ լքում իրենց հայրենի օջախը, հայտնվում օտար ու խորթ ափերում: Ինչո՞ւ մարդ արարածը չի կարողանում տիտիկ անել մի տեղ: Ինչո՞ւ եմ եկել ե՛ս, ի՞նչ եմ անում այս օտար քաղաքապետարանում և սպասում, որ ինձ գրանցեն ինչ-որ ցուցակներում: Մի պահ թախիծ իջավ սրտիս, կարոտեցի մեր տունը, ներկա իրավիճակս թվաց զավեշտական ու անհեթեթ:

-Շատերը գալիս են իրենց կյանքը փրկելու համար,-կարծես միտքս կարդալով՝ քթի տակ ասաց Նառան,-փախչում են պատերազմից, կրոնական հալածանքներից, ոմանք՝ քաղաքական հայացքների պատճառով:

-Ոմանք էլ, երևի ինձ նման աննպատակ, ուղղակի փախչում են պարապությունից  ու… տնից:

-Լավ էլի, գոնե դու բողոքելու բան չունես… Ապրում ես ազատ ու խաղաղ երկրում, ամեն ինչ ունես ու չես պատրաստվում ինձ պես մշտապես բնակվել այստեղ:

Ես լռեցի. ինչպես բացատրեի Նառային, որ այդ «ամեն ինչը»  չի լցնում հոգուս ամայությունը, որ այդ «ամեն ինչը» կտայի, միայն թե հրաշքով նորից լիներ մեր հին բնակարանը, լիներ հորս տաքսին, չլինեին վարորդներ, թիկնապահներ, քարտուղարուհիներ… կուլիսների հետևում՝ սիրավեպեր… Լիներ այնպես, որ ինքս դրամ տնտեսեի, որպեսզի կարողանայի իմ կամքով դուրս գալ երկրից, թե չէ այսպես հեշտ ու հասարակ, հորս փողերով հայտնվեցի այստեղ. սա էլ երևի «ամեն ինչերից» մեկն էր, որ աչքիս չէր երևում…

-Նառ, դու ինչո՞ւ եկար այստեղ:

-Գուցե ուզում ես ասել, թե ինչու թողեցի  «ազատ ու խաղաղ» երկիրս:

-Հա՛, թեկուզ այդպես:

-Մի՞թե չգիտես:

-Իհարկե, գիտեմ, բայց արդյոք ուրիշ տարբերակ չկա՞ր,-հարցրի ես՝ ավելի շատ իմ տնից հեռանալու դրդապատճառները բացահայտելու միտումով,- չե՞ս կարծում, որ դա փախուստ էր ինքդ քեզանից:

-Քեզ ի՞նչ է պատահել, դեռ տեղ չհասած՝ ի՞նչ ես ընկել արտառոց մտքերի մեջ:

Սթափվեցի ու ծիծաղեցի:

Նառան շուտ ամուսնացավ, շուտ էլ բաժանվեց: Բաժանվելուց հետո նա ծանր ապրումներ ունեցավ, որովհետև դեռ սիրում էր ամուսնունու մի կողմից էլ հանուն նրա թողել էր իր սիրած թատերականը: Նառան հետո պնդում էր, որ իրենց բաժանվելու գլխավոր պատճառը ամուսնու հարազատների անվերջանալի անհարկի միջամտություններն էին: Բայց իմ կարծիքով ամուսինն էլ պակաս մեղավոր չէր. նա ևս օժտված էր հայ տղամարդուն բնորոշ հատկանիշերով: Նոր էին ամուսնացել, երբ մի օր աղջիկներով որոշեցինք նորապսակներին այցելել. ամուսինը տանն էր, բայց չներկայացավ, ասել էր, որ իրեն չի վայելում կանանց հետ մի սեղանի նստել… Նառայի պատմելով՝ ամուսինը սեղան էր նստում միայն «տղերքով», ընդ որում Նառան ստիպված էր անտրտունջ հյուրասիրել ամուսնու հյուրերին. անփորձ լինելով՝ սխալներ էր թույլ տալիս, հոգնում էր, բայց ամուսինը վարձահատույց  լինելու փոխարեն, անդադար կշտամբում էր այս կամ այն թերության համար: Կեսուրն էլ իր հերթին հետ չէր մնում: Նառան ըմբոստ բնավորություն ուներ, հաճախ վեճեր էին ծագում: …Ես վեց տարեկան էի, որ հորս կողմից տատիկս մահացավ, բայց լավ հիշում եմ, որ մեր տանն էլ մայրս  ու տատիկը միշտ վիճում էին: Ես նեղվում էի, քաշվում մի անկյուն ու լուռ լաց լինում, որովհետև երկուսին էլ սիրում էի: Իսկ հայրս բարկացած՝ լռում էր: Դեռ լավ էր, որ Նառան չուզեց երեխա ունենալ: Բաժանումից հետո նա դարձել էր մելանխոլիկ, ավելի քիչ էր մասնակցում մեր ընկերական հավաքներին, մի տեսակ թոշնել էր ու մի օր էլ լսեցի, որ մեկնել է արտասահման: Նրան ես պատահաբար գտա ֆեյսբուքում. սկսեցինք գրել: Պարզ զգացվում էր, որ նոր միջավայրը բարերար ազդեցություն էր թողել Նառայի հոգեկանի վրա, գոնե առերևույթ այդպես էր, առույգացել էր նախկինի պես, վերագտել իր լավ բնավորությունը՝ պարզ, բարի ու ընկերական: Բայց արտաքինով նախկինը չէր, թեև մասամբ պահել էր կանացիութունը: Աշխատանքի էր անցել մի հանրածանոթ մալում՝ որպես կոսմետիկայի վաճառողուհի ու լեզուներ էր սովորում:

-Մնայի, ի՞նչ անեի,-ասաց նա:

-Շարունակեիր թատերականը, գրավիչ արտաքին ունես, մեծ հեռանկարներ կային:

-Ի՜նչ հեռանկարներ, հիմա երկնքից ընկած հրեշտակ էլ լինես, մեջք չունենաս, ոչ ոք քեզ մարդու տեղ չի դնի:

-Մեկ-մեկ բացառություններ լինում են:

-Է՛հ, դու էլ…

 

Նամակներ նոր հանդիպումների ու չկայացած սիրո թեմայով

Երբեք չեմ մոռանա Նառայի հետ անցկացրած օրերը: Առավոտյան նա գնում էր աշխատանքի. ես տանը մենակ էի մնում, զբաղվում էի մաքրությամբ, լվացքով, երբեմն խոհարարությամբ, դուրս էի գալիս գնումների: Հետո ժամերով նստում էի համակարգչիս առջև ու պատասխանում նամակներին: Շաբաթվա մեջ մեկ կամ երկու անգամ սքայփով կապվում էի Լենայի ու մորս հետ: Լենայից էի տեղեկանում տան  անցուդարձից: Կարևոր նորություններ չկային, բայց այնպես էր երևում, թե ավելի ռեալ է դառնում հորս՝ համամասնական ձևով ընտրություններին մասնակցելու հեռանկարը, ինչը ուրախացնելու փոխարեն, տխրեցնում էր ինձ: Իսկ եթե հանկարծ ընտրվի՞… Ես չգիտեմ, թե ինչ առավելություններ ունի պատգամավոր դառնալը, ինչին այդպես ձգտում է հայրս. միայն փա՞ռք, անո՞ւն: Արդյոք պատգամավորի  անձեռնմխելիությունը լավագույն շղարշը չէ՞ր դառնա քողարկելու ոչ միայն անցյալի սև գործերը, այլև ավելի անկաշկանդ նորերը ձեռնարկելու համար…

Չէ, իմ կասկածամտությունը երբեք չի լքի ինձ:

Թեև Հովոն ամեն վայրկյան մտքիս մեջ էր, բայց չէի համարձակվում խոսք բացել նրա մասին՝ Լենայի հետ խոսելիս. ի՞նչ կմտածեր: Իսկ Լենան ասես պարզամտորեն ու առանց անդրադառնալու խաղալով իմ զգացումների հետ՝ երբեք չէր հիշատակում նրա անունն անգամ: Մի օր, որոշեցի ուղղակի զանգել Հովոյին, բայց վերջին պահին դարձյալ «ի՞նչ կմտածի»-ն խանգարեց:  «Զանգի’ր, ինչ ուզում է, թող մտածի,-հուշում էր սիրտս,-թող իմանա, որ սիրում ես իրեն, կարոտում», բայց բանականությունը ուղեկալի փակոցի պես փակեց որոշմանս ուղին:

Մտքերս հանգիստ չէին, նույնիսկ ճամփորդությունը և նոր միջավայրը չէին կարողացել ցրել բացասական աուրաս, թեև օտար  երկրում գտնվելուս խանդավառությունը նպաստում էր, որ ընդհանուր առմամբ բարձր լինի տրամադրությունս: Հանգստյան օրերին տրամվայով կամ մետրոյով անցնում էինք քաղաքի մի ծայրից մյուսը, լինում տեսարժան վայրերում, Դանուբի ափին: Երբեմն մեզ ընկերակցում էր Արան, երբեմն՝ Նառայի իրանահայ, սիրիահայ ու հայաստանցի նոր ծանոթները, որոնց մեջ կային նույնիսկ տարեց մարդիկ: Ես առաջին  անգամն էի մոտիկից շփվում սփյուռքահայերի հետ: Առաջին օրերին դժվար էի հասկանում նրանց ասածները, նեղվում էի: Զգում էի, որ նրանք էլ ինձ չեն հասկանում:

-Իրար էլ չեն հասկանում,- ասաց Նառան՝նկատի ունենալով տարբեր երկրներից եկած սփյուռքահայերին,- մի բուռ են, բայց այստեղ էլ բաժանվել են զանազան խմբերի: Իրենց ասելով՝ սփյուռքում ամենուրեք նույն պատկերն է:

Չմոռանամ նշել, որ շենքում  կային նաև երկու սիրիահայ բավականին բարեկեցիկ ընտանիք, որ ուղղակի ապաստան էին խնդրել տեղի իշխանությունից ու ընդունվել՝ գնալով սաստկացող Սիրիայի պատերազմի բերումով:

-Ամեն դեպքում, գոնե իրար հետ հանդիպում են,-ասացի ես՝ ակնարկելով հերթական հավաքները մեր շենքի այս կամ այն բնակարանում:

-Դե, նրանց մոտեցրել է նույն կարգավիճակը:

-Իսկ դու ինչո՞ւ բնակարան վարձեցիր հենց այս շենքում:

-Մի՞թե պարզ չէ, էժան էր:

Ես առաջարկեցի գոնե կիսել տան վարձը, բայց Նառան կտրուկ մերժեց:

-Հո հավիտյան էստեղ չե՞ս ապրելու, գնաս՝ ինձ համար ավելի ծանր կլինի:

Ամեն պարագային, աշխատում էի թույլ չտալ, որ նա նյութապես ծանրաբեռնվի:

Քրիսմիսի երեկոյան,նախապես պայմանավորվելով, մեզ մոտ հավաքվեցին երկու Անիները, Արան, Դավիթը՝ Իրանից,  պարոն Գալուստն իր տիկնոջ՝  Նվարդի ու երկու դեռահաս աղջիկների հետ՝ Սիրիայից: Հետաքրքիր խումբ էր, եթե հաշվենք նաև մի պարսկուհու՝ Սոնիա անունով, որ ինչքան հասկացա՝ բահայի էր, եկել էր Դավիթի հետ: Ի դեպ, Դավիթն ու Արան մոտ ընկերներ էին: Սոնիան իսկական գեղեցկուհի էր, միշտ հագնված կոկիկ ու հավաք: Արան ասաց, որ բահային կրոնական աղանդ է Իրանում, ունեն իրենց Սուրբ Գիրքը, ինչի պատճառով  հալածվում  են: Սոնիան հազիվ է ճողոպրել Շիրազ քաղաքից ու ժամանակավոր ապաստանել այստեղ Ամերիկա գնալու նպատակով: Ծնողները վախճանվել են թերևս ոչ բնական մահով:

Մեր փոքրիկ սենյակում ասեղ գցելու տեղ չկար, նստոտել էինք ուր պատահի՝ երեք հոգիանոց միակ բազմոցին, չորս աթոռներին, լուսամուտի գոգին, նույնիսկ հատակին: Յուրաքանչյուրն իր հետ բերել էր տարբեր խորտիկներ, թխվածքներ: Ես հայկական կոնյակ դրեցի սեղանին: Խոսակցության թեման մեծամասամբ աշխարհի խառը վիճակն էր, Սիրիայի ահագնացող պատերազմը, գաղթականության տխուր ճակատագիրը, ահաբեկումները…Մի թեմա, որ բացարձակապես կապ չուներ ներկա կյանքիս հետ: Իհարկե, լսում էի ոչ առանց հետարրքրության, ցավ էի զգում, բայց մեկ-մեկ հորանջում էի: Նկատեցի, որ Դավիթը բերանը մոտեցնում է Սոնիայի ականջին ու փորձում է նրան մի կերպ հաղորդակից դարձնել հայերեն խոսակցությանը: Սոնիան լսում էր թեքված Դավիթի կողմը, ու թեև  գլուխը տմբմբացնում էր հասկանալու իմաստով, բայց դեմքի արտահայտությունը այլ բան էր հուշում: Երևի նա էլ ինձ պես տարված էր սեփական աշխարհով, մտահոգված՝ ավելի շատ իր ճակատագրով, քան ուրիշների: Իրար ձեռք բռնած ու գլուխները մոտեցրած իրար, նրանք անչափ գրավիչ էին: Վերջում,բոլորը հումորով եկան այն եզրակացության, որ ամանորյա մաղթանքների ու ցանկությունների կիզակետը հանդիսացող խաղաղությունը անվերադարձ չվել է այլ մոլորակներ…

Դավիթը և Սոնիան շուտ գնացին, հրավիրված էին ինչ-որ խնջույքի:Նառան ասաց,  որ նրանք թունդ սիրահարված են ու Ամերիկա հասնելուց հետո կամուսանան, թեև բահայիները իրավունք չունեն ամուսնանալ այլ կրոնների պատկանող անձանց հետ: Դավիթը հաշվի չի առնում իր ծնողների՝դեմ լինելու փաստն ու որոշել է գնալ մինչև վերջ: Նրանց պատկերացնում էիիրար գրկում ու բարի նախանձով լցվում:Դա պատճառ էր դառնում, որ մտքով սլանայի Հովոյի մոտ ու ընկնեի անուրջների գիրկը: Ինչքան տանջող է անհանգրվան սիրո զգացումը:Զգում էի, որ ինչքան էլ այստեղ մնամ ու մինչևիսկ լինեն առիթներ, մեկ է՝ Հովոյի հանդեպ սրտումս բույն դրած սերը կխանգարի, չեմ կարողանա օգտվել իմ ազատությունից… «Ի՞նչ եմ անում այստեղ, ինչո՞ւ եկա, ի՞նչ գործ ունեմ այս մարդկանց հետ»,-մտածեցի դառնությամբ. բուռն կարոտը միանգամից հորդեց ու տարածվեց հոգուս մեջ այնպես, որ ակամա բարձրացա նստածս տեղից ու այն է ուզում էի գնալ ննջարան… հավաքել շորերս, բայց հարկադրաբար նորից նստեցի, որովհետև այդ պահին խոսք բացվեց Հայաստանի մասին: Սկսեցին ինձ հարցեր տալ: Ես Նառայից խնդրել էի, որպեսզի չբացահայտի իմ ով լինելն ու ինձ ներկայացնի որպես հասարակ ընտանիքի անդամ: Մեր կյանքում կատարված «հեղափոխությունից» հետո, այս ստի շնորհիվ, ես ստացել էի ինքս ինձ հետ լինելու հնարավորությունը և ազատվել հորս մեղադրելու կամ արդարացնելուանհրաժեշտությունից: Ինչևէ,պարոն Գալուստին ու տիկին Նվարդին շատ էրհետաքրքում իմ ընտանիքը. եթե մնալու ցանկություն չունեմ, ինչո՞ւ եմ եկել, անշուշտ, նյութականս բարվոք է, «հայրդ ինչ գործ կ՛ընե» և այլն: Երբեմն չէի հասցնում պատասխանել բոլոր հարցերին, նեղվում էի, շրջանցում: Նրանք երբեմն բազմանշանակ հայացքներ էին փոխանակում իրար հետ, ապա թերահավատորեն նայում ինձ:

Հյուրերի հեռանալուց հետո, երբ երկուսով մենակ մնացինք ու պատրաստվում էինք գնալ Ս. Ստեֆան տաճարը, այդ մասին ակնարկեցի Նառային. նա ասաց, որ հին սփյուռքահայերը, դրանց շարքին պարոն Գալուստ և տիկին Նվարդը, այնքան էլ լավ չեն տրամադրված հայաստանցիների նկատմամբ, ուղղակի չեն վստահում: Թեև հատկանշական է այն երևույթը, որ անդադար շեշտում են, թե սիրում են Հայաստանը, հպարտանում իրենց հայ լինելով: Ոմանք պնդում են, որ եթե Հայաստանում աշխատանք ու հնարավորություններ լինեին, չէին ձգտի գնալ Ամերիկա:

-Չարաչար ստում են,-ասաց Նառան, երբ մենակ մնացինք,- իրենց ուշքն ու միտքը Ամերիկա գնալն է: Էստեղն էլ չեն հավանում:

-Հետաքրքիր հայեր են, տարբեր տեսակների, -ասացիես:

-Այսի՞նքն:

-Եսիմ, պարզապես նման չեն մեզ՝ հայերիս և մեկը մյուսին:

-Նրանք էլ մեզ լիարժեք հայեր չեն համարում, ասում են, որ կիսով չափ ռուս ենք, ռուսերեն բառեր ենք գործածում, ազդված ենք ռուսներից և այլն:

-Չեմ կարծում, որ մի օր կկարողանամ համակերպվել սրանց հետ,-ասացի ես:

-Սկզբում ես էլ էի այդ կարծիքին, բայց հետո վարժվեցի:

-Որովհետև մտերմացար Արայի հետ:

Նա նայեց ինձ կշտամբանքով:

-Է՜հ, Գոհա՛ր, մտածիր, որ նրանք դարեր շարունակ ապրել են օտար միջավայրում, օտարի լուծի տակ, զոռով պահել իրենց ազգությունը, կրոնը:  Մեզ միշտ հետապնդում է, ոնց ասեմ, նրանց օտար կամ մեզանից տարբեր լինելու գիտակցությունը, բայց երկար շփվելիս դա աստիճանաբար տեղի է տալիս: Մարդ են, էլի, շատ բաներով մեզանից լավ:

Կռահում էի, որ Նառան իր տեսակետը փոխել է Արայի շնորհիվ: Նրանք շատ մտերիմ էին. կույր չէի՝ չնկատեի նրանց սիրալիր հայացքները, իրար օգնելու պատրաստակամությունը, միշտ իրար կողք նստելը և այլն: Մի պահ մտքովս անցավ, որ իմ ներկայությամբ գուցե խանգարում եմ նրանց առանձնությունը:  Չդիմացա, ասացի այդ մասին: Նառան խուսափողական պատասխան տվեց, ընդ որում թախիծի նոտաներ որսացի նրա ձայնի մեջ.

-Ուշ թե շուտ բաժանվելու ենք, նա գնալու է Ամերիկա, ավելի լավ է դա շուտ լինի, որ շատ չնեղվեմ…

-Ի՞նչը շուտ լինի:

-Դե՛, բաժանումը, -և ավելացրեց,-այստեղ դու էլ նման անցողիկ առիթներ կունենաս…

-Չէ, հա,-ծիծաղեցի ես,-հավես չկա:

Ամուսնուց բաժանվելուց հետո Նառայի սրտում անշուշտ մեռել էր մի նվիրական մասնիկ, նրա համար թերևս այլևս էական չէր որևէ նոր կապ կամ բաժանում, ուստի ինձ թվում էր, թե նրա կապը Արայի հետ կարելի էր համարել պահի ազդեցության տակ, ժամանակավոր, բայց սխալվում էի: Ուշ անդրադարձա, որ օտարության մեջ սրվում է նաև անհատի ազգային գիտակցությունը:  Չգիտեի, որ ինքս էլ հետզհետե կենթարկվեմ նման հոգեվիճակի: Հակասությունը կայանում էր նրանում, որ Երևանում ես երբեք չէի բախվել նման խնդիրների. սփյուռքահայերն ինձ համար կամ տուրիստներ էին կամ բարերաներ, որոնց հանդեպ, ինչ մեղքս թաքցնեմ, լցված էի հակակրանքով: Չէի սիրում մանավանդ տուրիստներին: Միշտ ինձ թվացել էր, որ նրանք, հատկապես արևմտյան երկրներից եկածները, վերից են նայում մեզ, անդադար քննադատում, սովորեցնում իրենց բարքերը, իսկ բարերարները քսակները բացում են՝ մղված ոչ թե հայրենասիրությունից,այլ խղճահարությունից և անձնական շահերից… Չլիներ այս ճամփորդությունը, երբևէ մտքովս անգամ չէր անցնի, որ հայերն այսքան ցրված են աշխարհով մեկ, ունեն բազմաթիվ տեսակներ և վաղուց կորցնելով իրենց ազգային ուրույն դիմագիծը՝ կանգնած են ուծացման կամ կործանման անխուսափելի վտանգի առաջ:  Հիմա այստեղ,հեռու իմ երկրից ու ընտանիքից, ինչքան էլ տարված էի անձնական հարցերով,սկսել էի ոչ մակերեսային մոտենալ այս խնդիրներին: Ասես առաջին անգամ էի բացահայտում ով լինելուս հանգամանքը: Ի՞նչ է դա, որ ծնված օրվանից, անվան պես, միշտ մեզ հետ է, սեպի պես խրված մեր ներաշխարհում, թուլանում կամ զորեղանումէ ոչ իսկ մեր ցանկությամբ: Օրինակ, Երևանում անտարբեր էի արտագաղթին,ասում էի՝ գնում են, գնան,մի օր կփոշմանեն, ետ կգան, դեռ ավելին՝ ինքս էլ մեկ-մեկ ծրագրում էի ընկերուհիներիս պես վերջնականապես հեռանալ երկրից: Բայց այստեղ՝ օտարության մեջ այդ մասին մտածելիս, դող եմ զգում ողնաշարումս:Ափսոսանք եմ զգում, մտածում եմ, որ եթե Հայաստանը չանկախանար, հիմա երևի բոլոր արտագաղթողները  Հայաստանում կլինեին,  հայրս դեռ վարորդ կլիներ ու  մենք էլ կապրեինք մեր նորմալ կյանքով…

 

Առաջին անգամ Նոր տարին դիմավորեցի տնից հեռու, Վիեննայի զարդարված փողոցներում: Տանը Նառայի հետ շնորհավորեցինք իրար ու համբուրվեցինք, երբ արբանյակային  հեռուստատեսությամբ Հանրապետության Հրապարակի զանգերը ղողանջեցին տասներկու անգամ: Ֆրանսիական շամպայնով խմեցինք մի քանի կենաց: Երկուսս էլ կապվեցինք Երևան. փոխադարձ շնորհավորանքներ,  մաղթանքներ, վիրտուալ համբույրներ…

Ահավոր ցուրտ էր, բայց կյանքը եռում էր դրսում: Խայտաբղետ բազմություն էր՝ տաք հագուստներով, շարֆերով, ձեռնոցներով: Կային նաև լանջաբաց, գիշերային հագուստներով կամ հրեշտակի տարազով պարմանուհիներ, որոնց սպիտակ մաշկը վարդագունել էր ցրտից:

Ներկա էին մեր շենքի գրեթե բոլոր հայերը՝ հավաքված մեկ տեղ: Նույնիսկ Սոնիան էր եկել Դավիթի հետ: Ես ու Նառան էլ միացանք նրանց: Տաճարի զանգերի ղողանջով ավետվեց Նոր Տարվա գալուստը. նորից ողջագուրումներ, համբույրներ, սրտագին ցանկություններ, խոստումներ: Մի պահ զգացի, որ մենակ եմ մնացել:Արան գրկից բաց չէր թողնում Նառային ու խլացնող երաժշտության ու հրավառության աղմուկի մեջ ինչ-որ բան էր քչփչում ականջին: Սոնիան ու Դավիթը անտարբեր շրջապատին շրթունք-շրթունքի ուղղակի միաձուլվել էին իրար: Նրանք իրար ասելու բան չունեին… Ինչքա՜ն գեղեցիկ է սիրո մարմնավորումը համբույրի տեսքով: Ինչո՞ւ ես չունեցա… Ոչ ոք չնկատեց արցունքի երկու կաթիլները, որ սահեցին սառցակալած դեմքիս վրայով…

Ջրօրհնեքին Նառայի պնդմամբ, հակառակ իմ ցանկության, գնացինք տեղի հայոց եկեղեցին: Տրամադրություն չունեի, համաձայնվեցի գնալ, երբ Նառան ասաց, որ մոմ կվառենք մեր հարազատների համար: Հավատացյալ չեմ, Երևանում հազվադեպ էի եկեղեցի գնում,մոմ վառում կամ աղոթում, բայց այստեղ դա իր մեջ տարբեր խորհուրդ էր պարունակում:

Եկեղեցու ուղղությամբ ընթացող տրամվայը լիքն էր հայերով ու հենց այդտեղ էլ հանդիպեցիԱվիկին: Նա նստած էր մեզանից մի քանի շարք առաջ: Երևի տրամվայի պատուհանից տեսել էր մեզ կանգառում, որովհետև մեր ներս մտնելուն պես, արագ շրջվեց ու քննախույզ նայեց ուղիղ ինձ: Նրա դեմքը ծանոթ թվաց: Հենց այդպես շրջված դիրքով՝ նա շարունակում էր  համառորեն նայել, ես հայացքս փախցրի, բայց աչքի պոչով նկատեցի, որ  նա բարձրացավ տեղից ու մոտենում է մեզ: «Աստված իմ, սա ո՞վ է»…

-Կներե՛ք, դո՞ւք…  դու Գարուշենց Գոհարը չե՞ս,-մոտենալով՝ հարցրեց նա:

-Հա, իսկ դուք ո՞վ եք:

-Ավիկն եմ, Գոհար ջան, մեր բակի Ավիկը, Հայկի ընկերը:

-Վա՜յ, Ավիկ ջա՜ն, էս դո՞ւ ես, ինչքան ես փոխվել, կներես, չճանաչեցի:

Հենց տրամվայի մեջ, նա գրկեց ու կարոտով համբուրեց այտս:

Ավիկը Հայկի ընկերներից էր, ինձանից մի քանի տարով փոքր: Շատ էր լինում մեր տանը: Ուշիմ, աչքաբաց երեխա էր: Մութ ու ցուրտ տարիներին նրանք ընտանիքով մեկնեցին ու հաստատվեցին Ավստրիայի Գրաց քաղաքում: Կարգին տղամարդ էր դարձել:

-Ձերոնք, քույրերդ ո՞նց են,-հարցրեցի:

-Ոչինչ, ապրում ենք էլի: Քույրերս ամուսնացան ու գնացին Ամերիկա:

Պատմեց, որ ծնողները մնացել են Գրացում, ինքը մենակ եկել է Վիեննա, ուսանում է ճարտարապետականում, շուտով կավարտի: Քիչ թե շատ տեղյակ էր մեր կյանքում տեղի ունեցած փոփոխության մասին: Դժգոհեց, որ Հայկը լրիվ մոռացել է իրեն ու երկար տարիներ է՝ ոչ մի լուր չունի իրենից:  Իմանալով, որ եկեղեցի ենք գնում, խոստացավ կես ժամից այնտեղ միանալ մեզ:

Նառան իրավացի էր՝ եկեղեցուն կից Մշակույթի տան սրահներում ու գավիթում պարզ նշմարելի էինհայերի առանձին խմբավորումները:  Տեսնելով մեզ՝ Արան պոկվեց իր խմբից ու մոտեցավ մեզ:

-Էս ո՞ր խաչից ա, էկել եք, չէի կարծում, որ կգաք:

Նառան ժպտալով ցույց տվեց եկեղեցու գմբեթի խաչը:

-Ինչ է, մենք հայ-քրիստոնյա՞ չենք:

Երեքս էլ ծիծաղեցինք:

Ուղղակի շշմել էի, երբեք չէի կարող պատկերացնել, որ եվրոպական մի երկրի սրտում կտեսնեմ այսքան հայ՝ հավաքված մի վայրում: Երեքով մտանք եկեղեցի, այնքան հոծ էր բազմությունը, որ նույնիսկկանգնելու տեղ չկար:

-Այս երբվանի՞ց են հայերն այսքան հավատացյալ եղել,- շշուկով հարցրի Նառային:

-Դե, տոնական օր է, հանդիպման վայր…

-Ու նաև ցուցադրության վայր… Նայիր կանանց շպարին, մոդայիկ հագուստներին, կոշիկներին:

— Երևանում ավելի հասարա՞կ են հագնվում:

Ճիշտ էր ասում: Մենք էլ պակաս չենք, բայց այդ օրերին ինձ չէր լքում հայրենիքը թողած ու օտարության մեջ ապրող հայերի հանդեպ ներհակ զգացումս: Ասես մեղք էին գործել՝ հայտնվելով օտարության մեջ, ամենափոքր առիթն անգամ բաց չէի թողնում նրանց մեղադրելու, պարսավելու:

Խնկաբույր երգեցողությունըշարունակվում էր, ոմանք հաղորդություն էին ստանում: Տաք հագուստներով շոգում էի, սկսեցի նեղվել, կար նաև Ավիկին տեսնելու ցանկությունը: Առաջարկեցի դուրս գալ:

-Էս էլ քո մանկության ընկերը,-ասաց Նառան՝ գավիթում ցույց տալով Ավիկին, որ բազմության մեջ այս ու այն կողմ նայելով՝ փնտրում էր մեզ:

-Ահա, թե որտեղ եք դուք,-ասաց նա՝ մեզ նկատելով ու մոտենալով:

Նառան Արային ծանոթացրեց Ավիկի հետ: Նրանք քաղաքավարությամբ, բայց ոչ այնքան ջերմությամբ իրար ձեռք սեղմեցին:

Չորսով խոսակցությունը չէր ստացվում: Նառան ասաց, որ սոված է ու Արայի հետ մտան սրահ «մի բան ուտելու»:

-Աչքերիս չեմ հավատում, Գոհար ջան,- ասաց Ավիկը նրանց գնալուց հետո,- էս ինչքան ես փոխվել ու գեղեցկացել:

-Դու էլ շատ ես փոխվել, չեմ ներում ինձ, որ առաջին հայացքից քեզ չճանաչեցի: Գիտե՞ս, լավ հիշում ու ճանաչում եմ տարիքով ինձնից մեծերին, բայց փոքրերին՝ ոչ:

-Ես կասեի՝ տղաները շատ են նայում աղջիկներին ու նրանց դեմքերն ավելի ամուր է դրոշմվում հիշողության մեջ, բայց աղջիկները բանի տեղ չեն դնում իրենց բակի տղաներին:

-Աղջիկները տղաներին նայում են ծածուկ, վարագույրի հետևից,- ասացի ես ու ծիծաղեցինք:

Ավիկի հարցերի տարափը չէր վերջանում: Շատ զարմացավ, երբ լսեց, որ հեռացել ենք մեր բակից: Ես աշխատում էի ծածկել իրականությունը կամ այն ներկայացնել աղոտ գույներով:Ավելի քան տասնյոթ տարի էր անցնել նրանց հեռանալուց. այս ընթացքում նա երբեք չէր եղել Հայաստանում. քույրերը՝  նույնպես: Իսկ ծնողները մի քանի անգամ գնացել, եկել էին, տունն էին վաճառել: Ինքը և քույրերը այնքան զբաղված են եղել դասերով ու աշխատանքով, որ հնարավոր չէր եղել գալ հայրենիք: Մի կողմից էլ ինքը հեռանալիս փոքր է եղել, հիմա այնտեղ իրեն կապող ոչ մի բան չկա, գնար, ի՞նչ աներ: Գնալ-գալն էլ կապված է մեծ ծախսերի հետ, որոշ ժամանակ նյութապես ապահով չէին, հիմա էլ դժվար է,-պատմում էր արդարանալու պես:

Չգիտեմ ինչու, ես նրան լսում էի թերահավատ ժպիտով, ինչն ավելի էր գրգռում իրեն:

-Չէ՛, Գոհար, մի ծիծաղիր, հավատա, առաջին տարիներին շատ դժվար էր, կարոտը խեղդում էր, ամեն բան խորթ էր, մանավանդ լեզու չգիտեինք: Ես ընկերներ չունեի, մենակ էի, հայերի թիվը քիչ է Գրացում: Հետո կամաց-կամաց վարժվեցինք, նոր ընկերներ գտանք, բայց կարոտը մնաց:

-Իսկ ընկերուհինե՞ր…

-Բա ո՜նց,-Ավիկը ծիծաղեց,-թափած են հոտերով, մեր աղջիկների պես չեն, որ նստեն սպասեն, թե երբ է հայտնվելու սպիտակ ձիավորը… Բայց մեր աղջիկներն ո՜ւր, սրանք ո՜ւր,- ավելացրեց նա երևի նկատելով դեմքիս լարված արտահայտությունը:

-Իսկ ավելի կոնկրե՞տ,-ասացի ես՝ ինքս նրանից ավելի շատ զարմանալով հարցիս վրա: Չգիտեմ, հանդիպման ուրախությունը, թե Ավիկի ինձանից փոքր կամ Հայկի ընկեր լինելու հանգամանքն էր պատճառը, որ ինձ թույլ տվեցի նման հարցեր տալ:Մի պահ զգացի, որ շատ արագ եմ անցել մեզ բաժանող տարիների անջրպետը, որ առջևս կանգնած տղամարդը մասամբ  օտար է ինձ համար: Ինձ թվաց, թե նա իրեն ավելի զուսպ է պահում:

Նա հարցական նայեց ինձ, ասես չհասկացավ հարցիս իմաստը:

-Դե, կապեր եղել են,-ասաց նա կարճ դադարից հետո, խուսափողաբար:

Իր հերթին, Ավիկն ուզում էր իմանալ, թե ինչով եմ զբաղվում, ինչու եմ եկել և այլն:

-Ուղղակի ճամփորդելու ցանկություն ունեի, ուզում եմ աշխարհ տեսնել, կմեկնեմ Բարսելոնա, իսկ վիզա ստանալու դեպքում՝ Ամերիկա:

-Ամերիկա, Ամերիկա… Բոլորը խոսքները մեկ արած գնում են Ամերիկա, չգիտեմ ինչ կա այնտեղ:

-Ես ցանկություն չունեմ Ամերիկայում հանգրվանելու, իհարկե կվերադառնամ Հայաստան:

Հեռախոսի համարներ փոխանակեցինք, նա խոստացավ, որ անպայման կզանգի ու կհանդիպենք: Մեր խոսակցության կեսին երկու պճնված հայուհիներ մոտեցան, գրկառանվեցին Ավիկի հետ՝ շնորհավորելով Ամանորը և հեռացան: Չնայած Ավիկի ցուցաբերած մտերիմ վերաբերմունքին, վանող մի բան կար նրա վարքագծում, հատկապես աղջիկների հեռանալուց հետո նրանց հետևից նետած արհամարհական հայացքում,ասես ուզում էր ինձ հասկացնել, որ շատ կարևորություն չի տալիս աղջիկներին,  որ նրանք են պտտվում իր շուրջը:

 

Գնալով սիրտս նեղանում էր մենակ պահերիս: Առաջին օրերի խանդավառությունից նշույլ անգամ չէր մնացել: Ինչքան էլ աշխատում էի զբաղվել ինչ-որ բանով, չէր ստացվում: Երբեմն այն մտքից, որ «դատապարտված եմ» ճամփորդությունս շարունակելու, ընկնում էի հուսահատության մեջ: Փորձում էի մտաբերել այն շարժառիթները, որոնք ստիպեցին ինձ հեռանալ տնից, սակայն հիմա դրանցից ոչ մեկը առարկայական չէր թվում. եվրոպական ազատ մթնոլորտում ասես նսեմանում էին «հայրենական» կարծրատիպերը: Երևանում համոզված էի, որ հայրս կմերժի ինձ կնության տալ Հովոյին, հիմա, այստեղ, ամեն բան երևում էր այլ լույսի տակ: «Մնայի,-խորհում էի ափսոսանքով,- երևի արդեն միասին էինք»…

Մի կողմից էլ, կենցաղային անհարմարություններն ու մանրուքները սկսել էին նյարդայնացնել ինձ, կարոտել էի մեր տանը, նույնիսկ անկողնուս, մեր լոգարանին… Գիշերները վատ էի քնում, խառը, անկապ երազներով: Հոգնել էի օտար տեսարժան վայրեր դիտելուց, թանգարաններում կամ տաճարներումքարշ գալուց, աննպատակ թափառելուց, տեղի-անտեղի գնումներ անելուց: Վաղուց մեքենա չէի նստել, չհաշված մի գիշեր, երբ ուշ ժամին ստիպված եղանք օպերայից տաքսիով տուն վերադառնալ, որովհետև այդ ժամին տրամվայները չէին աշխատում ու մետրոյի կայանն էլ հեռու էր: Առհասարակ, օգտվում էինք Վիեննայի հարմարավետ մետրոյից ու տրամվայներից: Տաքսին թանկէր Նառայի համար,ես էլ չէի ստիպում, փորձում էի ապրել իրենց պես, թեև պարզ գիտակցում էի, որ շփացել եմ, փափկել հանգիստ կյանքից ու վարակվել քաղքենիությամբ: Անշուշտ, Նառայի ներկայությամբ ինձ ուրախ էի ձևացնում, չէի ուզում վշտացնել նրան. ամեն դեպքում, նա այս տան բնակիչ էր, լիովին հարմարվել էր առկա պայմաններին ու երբեք չէր դժգոհում, ես գնացող էի, նա՝ մնացող:

Միակ հետաքրքությունս կամ ավելի շուտ՝ պարապ վախտիս խաղալիքը Ավիկն էր, որ գրեթե ամեն օր զանգում էր ինձ: Մի քանի երեկո միասին գնացինք դուրս զբոսնելու: Նա երբեք չէր արտահայտվում, բայց երևում էր, որ հաճույք է ստանում իմ ընկերակցությունից: Երբեմն ոգևորվելով՝ իրեն թույլ էր տալիս որոշ գռեհիկ արտահայտություններ անել: Դա ինձ դուր չէր գալիս, բայց ամեն անգամ ինչ-որ անծանոթ սարսուռ էր պատում էությունս: Եղել էր այնպես, որ չզանգելու կամ չգալու դեպքում ասես մի բանի պակաս էի զգում, թեև չեմ կարծում կվշտանայի, եթե նա չլիներ իմ կյանքում: Երբեմն խիղճս տանջում էր, որ Նառային տանը մենակ եմ թողնում ու գնում: Բայց նա լիովին ընդառաջում էր, ճանապարհելիս՝ համբուրում ու ասում էր, որ… ինձ խելոք պահեմ: Կարծում եմ ինքն էլ իմ բացակայությունից  օգտվելով՝  հանդիպում էր Արային:

Ձյունախառն անձրևային մի երեկո, երբ Ավիկի հետ փողոցում մի չինական կրպակի առջև կանգնած տաք «նուդըլ» էինք ուտում, նորից հանդիպեցինք եկեղեցում տեսած աղջիկներից մեկին: Ինձ բացահայտ անտեսելով՝ նա մոտեցավ Ավիկին, գրկեց ու համբուրեց: Ավիկի դեմքով մի ստվեր անցավ: Առաջարկեց միանալ մեզ, բայց աղջիկն երևութապես շտապում էր: «Մի ուրիշ անգամ»,-ասաց նա՝շեղ նայելով իմ կողմն ու ինչպես հայտնվել էր, այնպես էլ չքացավ: Ես ոչ մի հարց չտվեցի, Ավիկն էլ ոչինչ չասաց աղջկա ով լինելու մասին, միայն քթի տակ փնթփնթաց.

-Ձեռք չի քաշում… շան աղջիկը…

Եղանակն անտանելի էր, իմ տրամադրությունն էլ ընկավ ոչ թե աղջկա, այլ նրա ով լինելը չիմանալուս պատճառով… Դա հարիր չէր իմ պրպտող բնավորությանը: «Տեսնես ո՞վ է, ի՞նչ կապ ունի Ավիկի հետ,- անդադար կրկնում էի մտքումս,-տեսնես ինչո՞ւ Ավիկը մռայլվեց»:

-Գնանք տուն,- ասացի ես:

Նա չընդդիմացավ:

Դռան մոտ հանդիպեցի Արային, որ այլայլված դեմքով դուրս էր գալիս մեր բնակարանից: Բարևեցի ջերմությամբ, սկսել էի համակրել այդ տղային: Գործի մարդ էր, կիրթ, ընկերասեր: Նա իր լավ վարվեցողությամբ որոշ չափով խախտել էր իմ ունեցած վատ մոտեցումը սփյուռքահայերի հանդեպ: Բարևիս պատասխանեց գլխի շարժումով ու հեռացավ իր գործունյա, արագ քայլերով:

Անհանգիստ ներս մտա: Նառան նստած բազմոցին անձայն լացում էր ու թղթե անձեռոցիկով մաքրում արցունքները:

-Նառա՞, սիրելի՜ս, ի՞նչ է պատահել:

Նա ուսերը վեր քաշեց:

-Վերջապես կասե՞ս՝ ինչ է պատահել:

-Արան շուտով կգնա,-հազիվ արտաբերեց նա,- վիզան եկել է:

Զարմացա: Երբեք չէի պատկերացնում, որ այդքան խոր է նրանց կապը, չէ՞ որ միշտ սխալմամբ կարծել էի, թե Նառան կարևորություն չի տալիս Արայի գնալուն, այլ կերպ ասած՝նրանից բաժանվելուն, ինչի փորձի դառնությունը մի անգամ արդեն ճաշակել էր իր կյանքում:

-Ինձ ասում է՝ ես էլ իր հետ գնամ Ամերիկա, ասում է ամուսնանանք…

-Համաձայնվեցի՞ր:

-Չէ, մերժեցի:

-Ո՞նց թե մերժեցիր:

-Չգիտեմ, երկար պատմություն է:

-Նա՛ռ, դու սիրո՞ւմ ես Արային:

Նա գլուխը բարձրացրեց, նայեց աչքերիս ու ասաց:

-Եթե չսիրեի, մի՞թե դարդ կանեի…

Այնքան պարզունակ էր նրա պատասխանը, որ ես էլ հուզվեցի: Պարզվեց, որ դժվար է աշխատանքի կամ կեցության իրավունք ապահովել Նառայի համար Ամերիկայում: Դա կապված էր ծանոթության ու մեծ ծախսերի հետ: Այնտեղ ոչ ոք չուներ ու չէր ուզում հենց առաջին օրվանից ծանրանալ Արայի ընտանիքի վրա: Ավստրիայում ամուսնանալու դեպքում առկա էր Արայի՝ ապաստանյալի կարգավիճակը խախտվելու ռիսկը, որովհետև հավանական էր անժամանակ ամուսնությունը համարվեր կեղծ, սարքովի՝  Նառայի գնալն արդարացնելու միտումով:  Հետաքրքվել էին ընթացիկ օրենքների մասին, բայց ոչ ոք չէր կարողացել կարգին բան ասել: Մի կողմից էլ Նառան չէր ցանկանում պատճառ դառնալ, որ Արան ստիպված փոխերիր ծրագրերը, մնար Ավստրիայում ու բաժանվեր ընտանիքից: Դժվար կացություն էր:

-Գիտե՞ս, սա առաջին անգամը չի, որ Արան ամուսնանալու առաջարկ է անում: Առաջին հանդիպումից հետո նա սիրեց ինձ ու քո գալուց դեռ շատ առաջ ասաց, որ ցանկանում է իր կինը դառնամ: Այն ժամանակ, թեև գիտեի, որ նա գնացող է, բայց ինչ-որ չէի հավատում: Մինչև անգամ քեզ բան չասացի, որովհետև մակերեսային էի մոտենում խնդրին, ավելի շուտ սին հույսեր էի փայփայում: Միշտ այսպես է, մարդ այն ժամանակ է զգում խնդրի ողջ լրջությունը, երբ կանգնում է կատարված փաստի առաջ… Ինչ էլ շուտ եկավ նրանց վիզան, շատերինը ուշանում է…Գուցե այն ժամանակ համաձայնվեի՝ այս ամենը այլ կերպ դասավորվեր:

-Իր ծնողները տեղյա՞կ են:

-Հա, իհարկե, արտաքուստ դեմ չեն, ցույց են տալիս, որ սիրում են ինձ: Գուցե նրանք էլ ինձ նման չեն հավատում, որ մի բան դուրս կգա ու ձայն չեն հանում:

-Իսկ Արան տեղյա՞կ է, որ դու ամուսնացած ես եղել:

-Իհարկե, գիտի:

Հանկարծ մի հանճարեղ միտք ծնվեց գլխիս մեջ:

-Նա՛ռ, իսկ հնարավո՞ր է տուրիստական վիզայով մուտք գործել Ամերիկա:

-Չգիտեմ, թերևս, բայց ախր ինչու ենք իզուր ջուր ծեծում, ամեն բան վերջացավ:

-Ձեր սե՞րն էլ վերջացավ:

Նա երեխայի պես մաքրեց քիթն ու գլուխը բացասաբարշարժեց:

-Դե՛, ուրեմն ուշադիր լսիր ինչ եմ ասում,-ոգևորված ասացի ես,-դու տուրիստական վիզայով մտնում ես Ամերիկա, այնտեղ հայրս հեղինակավոր ընկերներ ու փաստաբաններ ունի: Հասնելուն պես քեզ համար բնակարան ու աշխատանք կապահովեն, ի՞նչդ է պակաս, լեզուներ գիտես, սիրուն ես, հետո կզբաղվեն քո մշտական կեցության հարցով: Այնտեղ բոլոր հայերն օգնում են իրար: Ամուսնության վարկածն էլ մնում է իր ուժի մեջ, դա էլ կնպաստի գործին: Ախր մնաս այստեղ ի՞նչ ես անելու մենակ:

-Խաչս կքաշեմ,- ասաց նա տխուր ժպտալով:

-Ապուշ-ապուշ դուրս ես տալիս:

-Գիտե՞ս, կյանքում ոչ մի բան պատահական չի լինում: Երբ Երևանից գրեցիր, որ ուզում ես գալ ինձ մոտ, ենթագիտակցորեն զգացի, որ իմ փրկարար հրեշտակն ես լինելու:

Ես ծիծաղեցի:

-Դե,հիմա զանգիր Արային ու ասա, որ ընդունում ես իր առաջարկը:

-Իսկ հայրդ կօգնի՞…

-Դա թող ինձ:

Նառայի համաձայնության պատճառած ուրախությունը վարակիչ էր: Արան ուղղակի սավառնում էր երկնքներում: Ես ևս խանդավառված էի, հետք չէր մնացել այդ օրերի վատ տրամադրությունիցս. երկար ժամանակ պարապ ու աննպատակ քարշ գալուց հետո մի բան ունեի անելու: Անհանգիստ էի միայն այն առումով, որ սխալ թույլ չտամ ու չփչացնեմ գործը: Պետք է խնդիրը արծարծեի այնպես, որ հայրս համաձայնվեր: Ուստի որոշեցի չշտապել ու լավ կշռադատել անելիքս: Խելամիտ չէի համարում ուղղակի դիմել հորս: Մնում էին մայրս ու Լենան: Երկար ծանրութեթև անելուց հետո որոշեցի նախ խորհրդակցել Լենայի հետ:

-Ես կխոսեմ պարոն Գարեգինի հետ,-ասաց նա ինձ ուշադիր լսելուց հետո:

-Իսկ եթե ասի, թե ինչու ես ուղղակի չեմ դիմել իրեն:

-Դե, կասեմ, որ նախ սքայփով կամ հեռախոսով կապվելը ժամանակի կորուստ կլիներ իր համար, երկրորդ՝ դու չես ցանկանում առանց այն էլ ծանրաբեռնված հայրիկիդ անհանգստացնել քո խնդիրներով ու քաշվում ես հարցը ուղղակի դնելուց:

-Իսկ եթե մերժի:

Էկրանի վրա Լենան գլուխը կախեց ու բան չասաց:

-Լենա՞, ինչո՞ւ չես խոսում:

-Նա… Նա ինձ չի մերժի…

Այդպե՜ս, լրիվ մոռացել էի իրադրությունը… Վարանոտ քմծիծաղեցի.  ուրեմն տատանվելս զուր չէր, հավանական էր՝ պարոն Գարեգինը մերժեր իր հարազատ դստեր խնդրանքը, բայց չմերժեր քարտուղարուհուն  կամ… սիրուհուն: Այնուամենայիվ, այնքան մեծ էր Նառային օգնելու ցանկությունս, որ գրողի ծոցը ուղարկեցի տխուր մտքերս ու ասացի.

-Դե՛, քեզ տեսնեմ Լենա ջան, անհամբեր սպասում եմ պատասխանիդ:

-Համարիր, որ պատասխանս դրական է, Նառային ասա զբաղվի վիզայի հարցով:

Այսքան վստա՞հ. փաստորեն հայրս իր սիրուհու բռան մեջ էր…

-Հա, մոռացա ասել, դրամի կարիք կա:

-Քո՞, թե՞ Նառայի համար,- Լենան չարաճճի ծիծաղեց:

-Շա՞տ կարևոր է:

Նա հարցրեց գումարի չափը:

-Այդ մասին էլ կխոսեմ,-ասաց նա ու մի բան հիշելու պես ավելացրեց,- վայ, Գոհար ջան, մոռացա ասել, որ պարոն Ժորժն ու օրիորդ Սվետլանան երեկ ամուսնացան:

-Ի՞նչ ես ասում,- բերկրանքի մի ալիք ողողեց էությունս:

-Մեզ էլ հրավիրել էին: Իհարկե, պարոն Գարեգինը չեկավ, ես ու մամադ գնացինք: Քիչ մարդ կար, բայց  ուրախ հարսանիք էր, քո կենացն էլ խմեցին, պարոն Ժորժն էլ  իր բաժակաճառի մեջ ասաց, որ եթե դու չլինեիր, երբեք չէր կայանա այս բարեբաստիկ ամուսնությունը:

-Իսկ ինչո՞ւ ավելի շուտ չէիր ասել:

-Ուղղակի մոռացել էի, կներես, գլուխս շատ խառն էր: Մեկ էլ մտածեցի քեզ սյուրպրիզ անել հարսանիքից հետո:

-Լա՛վ, պակա:

-Պակա:

Պատրաստվում էի կապվել պարոն Ժորժի և օր. Սվետլանայի հետ, շնորհավորել, երբ լսեցի, որ դուռը թակում են: Երկուշաբթի առավոտյան, այս ժամին ո՞վ պիտի լինի: Մտածեցի, երևի հարևանն է, մի բանի կարիք ունի: Մոտեցա, դռան դիտանցքից նայեցի ու տեղնուտեղը քարացա, Աստվա՜ծ իմ, Ավիկն էր: Տնային խալաթով էի, առանց հարդարանքի և անպատրաստ: Աչքս ընկավ մեր միակ սենյակի անկյունում շարժական պարանի վրա երեկվանից կախված կանացի գունավոր կրծքկալների ու ներքնաշորերի կիսաչոր լվացքին… Չէի հասցնի հավաքել: Մի պահ մտածեցի ծպտուն չհանեմ, կթողնի կգնա,բայց հավանաբար դռան ետևից  լսած կլիներ Լենայի հետ իմ խոսակցության ձայնը, ու հետագային կհայտնվեի անհարմար կացության մեջ: Արագ մոտեցա հայելուն, մազերս ձեռքերով կարգի բերեցի ու կիսաբաց արեցի դուռը:

-Բարև, Գոհար ջան, հուսով եմ ինձ կներես՝ այս անժամանակ ու առանց զգուշացնելու ներխուժմանս համար,- ասաց նա ժպտալով,- կարելի՞ է:

-Չէի՞ր կարող զանգել,- հազիվ ծածկելով շփոթմունքս ասացի ես:

-Գործով եկել էի այս կողմերը, մտածեցի անցնեմ քեզ մոտ, ինչ լավ է, որ տանն ես: Մենա՞կ ես…

Մի՞թե չգիտեր, որ Նառան այդ ժամին աշխատանքի է: Մի պահ տատանվեցի, ուզեցի ասել, որ պատրաստ չեմ հյուր ընդունելուն, ու դուռը փակել, բայց չգիտեմ, մղված հետաքրքրասիրությունից, ներքին ցանկությունից, թե՞ հյուրասիրության կանոններից, տեղի տվեցի:

-Նե՛րս անցիր:

Վեհերոտ բացեցի դուռն ու քաշվեցի մի կողմ:

Մտնելիս՝ նա հպվեց ինձ, թեքվեց ու համբուրեց այտս. շարժումներն անկաշկանդ էին ու իրեն պահում էր տնեցու պես: Մոտեցավ լվացքին ու ժպտալով ասաց.

-Ինչ գրավիչ հավաքածո՜… թույն է:

Ինձ դուր չեկավ նրա պահվածքն ու ռեպլիկը, այնուամենայնիվ ասացի.

-Նստի՛ր, նստի՛ր,մի վայրկյան ես գնամ շորերս հագնեմ:

-Չէ՛, չէ՛, կարիք չկա, այսպես խալաթով ավելի հմայիչ ես… ցանկալի…

Ի՞նչչչ… Բերանումս չորություն զգացի: Միանգամից այսքա՜ն աներկբա ու թափանցի՜կ…

-Սուրճ կխմե՞ս:

-Սիրով:

Ես անցա խոհանոց ու սրճեփը դրեցի էլեկտրական օջախին: Սուրճը և ջուրը լցնելիս ձեռքերս դողում էին: Դեռ չէր անցել այս անժամանակ  ներխուժման հետևանքով շփոթմունքս, երբ հանկարծ նրա շունչը զգացի ծոծրակիս վրա: Սա արդեն չափից դուրս էր: «Կա-չկա՝ սա եկել է այդ մտադրությամբ»,-հուշեց միտքս: «Իսկ մի՞թե դուռը բացելիս դու չմտածեցիր այդ մասին»,-բողոքեց ներքին ձայնս: «Էն էլ ո՜ւմ, քեզանից փոքր Ավի՞կի հետ, դու ի՞նչ ունես նրա հետ»,-ըմբոստացավ միտքս: «Ինչ կա որ, տղամարդ է, հենց պետք է մի բա՞ն լինի»,-ճչաց մարմինս: Արագ շրջվեցի, նրա դեմքը միայն մեկ թզաչափ էր հեռու ինձանից: Մնացել էի օջախի ու նրա արանքում: Մի պահ լուռ նայեցինք իրար աչքերի մեջ: Ես ոչինչ չկարողացա որսալ նրա պղտոր հայացքում: Իմ հայացքում թերևս միայն վախ ու տագնապ կար: Նա ափերի մեջ առավ այտերս ու քաշեց դեպի իրեն:

-Գոհա՛ր…

-Թո՛ղ, սուրճը կթափվի,- ասացի ես ու ձեռքս դնելով կրծքին՝ մեղմորեն ետ հրեցի:

Նա արագ պտտեցրեց կոճակն ու անջատեց օջախը: Չհասկացա, թե ինչպես հայտնվեցի նրա ուժեղ բազուկների մեջ: Մի պահ անսովոր երանություն զգացի, աչքերս մշուշոտվում ու փակվում էին:

-Ավի՛կ… Պետք չէ, ինչ ես անում, թո՛ղ…

Չկարողացա շարունակել. նա շրթունքներով փակեց բերանս: Չգիտեմ արդյոք պատասխանեցի՞նրա համբույրին:  Դիմադրելու ո՞ւժ չունեի, թե՞ չէիցանկանում դիմադրել, թույլ տվեցի որ նա քանդի խալաթիս գոտին ու սառը ձեռքերով գրկի մերկ իրանս: Հաճելի սարսուռ զգացի:Լսում էի նրա ընդհատ-ընդհատ, կրքոտ շնչառությունը:Նա տենչալիր համբուրում էր վիզս, ձեռքերը վազում էին մերկ մարմնիս, կրծքերիս վրայով:  Հետո զգացի, որ մատերը սահեցին ցած, իջան, իջան ու դիպան… Չգիտեմ այդ պահին ինչ կատարվեց. ինձանից անկախ, անսովոր զայրույթ զգացի: Ես այսպես չէի պատկերացնում սերը…Ասես ես չէի, մի ուրիշն էր իմ փոխարեն. երկու ձեռքով նրան կոպտորեն ետ հրեցի ու հասցրի արագ փակել խալաթս: Թե որտեղից այդպիսի ուժ ծնվեց իմ մեջ, չեմ կարող հասկանալ: Նա շշմած ընկրկեց մի քանի քայլ:

-Դո՛ւրս կորիր,-բղավեցի կատաղած:

Կրքից աղավաղված դեմքով նա դարձյալ մոտեցավ ու պարզելով  ձեռքերը՝ փորձեց նորից գրկել ինձ, սակայն երևի վախեցավ հրացայտ աչքերիս ցասկոտ արտահայտությունից ուվերջին պահին վարանեց:

-Չհամարձակվե՛ս,-ավելի ուժեղ  բղավեցի ես,- դո՛ւրս կորիր, ո՞ւմ տեղն ես դրել ինձ:

-Լա՛վ, կամաց, հարևանները կլսեն,- ասաց նա, արհամարհական հայացքով ինձ չափեց վերից վար ու ետևից դուռը շրխկացնելով՝ հեռացավ: Ա՜խ, այդ հայացքը, որ երբեք չմոռացվեց ու ամեն անգամ հիշելիս՝ կուչ եմ գալիս…

Բարկության արցունքները շատ սպասեցնել չտվին: Նրա գնալուց հետո փռվեցի անկողնուս վրա ու երկար ժամանակ հեկեկացի: Բայց երբ հանդարտվեցի, զղջումի նման մի բան պատեց հոգիս: Մի կողմից արդարացնում էի վարմունքս, մյուս կողմից՝ փնովում: Ահա, թե որտեղ է մեր և արևմտյան կանանց տարբերությունը: Մենք,մի հզոր պատնեշ ենք կառուցել «ամոթ» անունով ու պատսպարվել դրա հետևում, «ամոթը» ծնվել է մեզ հետ, մեր գեների մեջ է, այլապես ո՞վ է մեզ ասել, թե պիտի տրվես միայն ամուսնուդ, հակառակը՝ ամոթ է…Դա սոսնձվել է մեր գիտակցությանը: Բավական է մեկն անցնի կարմիր գիծը, անմիջապես  անարգանքի սյունին  կգամվի հասարակության կողմից… Ես ճանաչում եմ հարյուրավոր աղջիկների, որ Ավիկի ասածի պես, նստած սպասում են, թե երբ կհայտնվի սպիտակ ձիավորը: Իսկ եթե նա չի հայտնվում, մնում են կույս ու թերևս տարիներ անց զղջում կորցրած երիտասարդության ու ձեռքից փախցրած առիթների համար: Ինչ լավ եղավ, որ գոնե օրիորդ Սվետլանան ամուսնացավ: Թեև չեմ կարող պնդել, որ նա կույս է եղել… Մեղադրե՞լ այն աղջիկներին, որոնք ինքնակամ,առանց մայրանալու, վայելում են կյանքը, արհամարհում հասարակական կարծիքը:  Ուղղակի զզվում եմ «հասարակական կարծիք» ասածից, թքած ունեմ դրա վրա: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, այսպես մտածողս, ինչո՞ւ հանկարծ ըմբոստացա, ինչո՞ւ չգնացի մինչև վերջ… Ո՞ւր մնաց դեռ Զվարթնոցում մենակ մնալուս շնորհիվ ճաշակածս ազատության համը, մեղսական մտքերս…

Ասես մի բան կիսատ էր մնացել, վերապրում էի նրա սառը ձեռքերի հպումը մաշկիս վրա, ուժեղ ցանկություն զգում: Չդիմացա, խալաթիս բացվածքից  ձեռքս տարա ներս…

 

Ինչ-որ տեղ կարդացել էի, որ յուրաքանչյուր միջադեպ կամ պատահար ունենում է նաև իր ձեռքբերումները, որոնցից ամեն մեկն իր հերթին որոշ իրավիճակների չափանիշն է,ինչը կամ առաջ է բերում այդ  իրավիճակները կամ հաստատում է դրանց  հավանականությունների ու պատրանքների իրական և ճշմարիտ լինելու հանգամանքը:

Հիրավի, իմ ձեռքբերումներից մեկը հպարտության զգացումն էր. ինձ հպարտ էի զգում, որ իմ կանացիությամբ կարողացել էի հրապուրել Ավիկի նման մեկին, ով աղջիկների պակաս չուներ,նաև՝ իմ մերժումով պահպանել էի հայ աղջկա անմատչելիությունը.«Թող հասկանա, թե ում հետ գործ ունի»… Կար մի այլ ձեռքբերում ևս, որը թերևս ավելի կարևոր էր,- փորձվել էի: Դժվար թե սրանից հետո նման իրավիճակումշփոթվեի անսպասելիությունից կամ գլուխս կորցնեի հենց առաջին հպումներից: Սակայն հպարտությունս խամրում էր, երբ  մտաբերում էի ինձ բղավելիս, նրան տնից դուրս վռնդելիս: Դա համարում էի թուլության նշան: Թերևս հնարավոր էր ավելի խելամիտ ձևով վանել սահմանազանց «հակառակորդին»:  Հակառակո՞րդ…Մի՞թե նա թշնամի էր…Ավիկը ագրեսիվ տղամարդ է, որ վարվում է ոչ միայն մղված իր արական բնույթից, այլև արևմտյան հասկացությունների թելադրանքով: Փոքր տարիքից նա մեծացել է ազատ բարքերի միջավայրում, նա զուրկ է արևելյան բարդ պայմանականություններից:  Ճիշտ է,եկեղեցում նա շատ տիպիկ բնութագրեց հայ աղջիկներին, բայց սա չի նշանակում, որ նույնը կսպասեր նաև Եվրոպայում մենակ ճամփորդող մի հայուհուց: Այն, ինչ իմ կարծիքով անպատկառ  ոտնձգություն էր, երևի նրա համար սովորական մի երևութից այն կողմ չի անցնում: Ամեն դեպքում, նա չդիմեց բռնության, հեռացավ: Եվս մի քաղաքակիրթ դրսևորում. կամ գուցե պարզապես նա սիրում էր ինձ ու չէր ցանկանում վտանգել մեր հարաբերությունները: Ով-ով, բայց նման պայմաններում մեր տղաները կանգ չէին առնի…Ինչո՞ւ այդպես արագ բռնկվեցի,իսկ արդյոք  ուրիշ ելք էլ կա՞ր, հնարավո՞ր էր այդ պահին մեղմությամբ զսպել հեշտանքից  կուրացած տղամարդուն: Այ, դրա փորձը չունեի, պարսավում էի ինձ այն առումով, որ ինձ ավելի հանգիստ ու ինքնավստահ պահելու դեպքում առնվազն հետևիցս չէի այրի ինձ Ավիկին միացնող կամուրջը: Ոչ մի կերպ չէի մոռանում Ավիկի արհամարհական հայացքը, որի մեջ կային նաև հիասթափության երանգներ:

Ինչքան էլ Ավիկն իրական էր, Հովոն՝ անառարկայական, իմ սրտում Ավիկի հանդեպ այնպես էլ չծնվեց սիրո զգացում: Մտածում եմ, եթե նրան չվանեի, արդյոքկ զգայի՞ կատարյալ հաճույք, հետո չէի՞ փոշմանի… Իսկ գուցե այդ պահին ինձ ուղղակի պակասում էր նախատրամադրվածությունը…

Երբ Նառան վերադարձավ աշխատանքից,բան չասացի միջադեպի մասին: Ըստ երևույթին նա ևս ոչինչ չկռահեց: Միայն օրեր անց մի երեկո զարմանք հայտնեց, որ բացի գնումներից, ոչ մի տեղ չեմ գնում, բա սիրտս չի՞ նեղանում, Ավիկից էլ լուր չկա, թեև մի քանի անգամ, եթե չի սխալվում, նրան նկատել էր մեր կողմերում թրևելիս: Այս լուրից թեթև ուրախություն զգացի. ուրեմն դեռ ամեն բան կորած չէ: Պատմեի՞, թե՞ չպատմեի: Նա ի վերջո կհասկանար, որ սև կատու է անցել մեր միջով ու կփորձեր բացահայտել պատճառը: Նառան միշտ անկեղծ էր եղել իմ նկատմամբ, ուստի չկարողացա  չարաշահել նրա վստահությունն ու եղածը պատմեցի մանրամասնորեն: Իհարկե, չասացի, որ ժամերով լացել եմ…

-Բա, ինչո՞ւ մինչև հիմա չէիր ասում,-եղավ նրա առաջին հարցը:

-Ինքս էլ չգիտեմ, քաշվում էի:

-Ի՞նչ քաշվելու բան կա որ:

Հակառակ սպասածիս՝ Նառան զարմանք չհայտնեց ու շատ հանգիստ վերաբերվեց  պատմածիս: «Նա էլ է եվրոպականացել»,-անցավ մտքովս: Այնուամենայնիվ, նշեց, որ աններելի է Ավիկի ներխուժումը առանց նախապես լուր տալու, դա համարեց ոչ քաղաքակիրթ մարդու պահվածք: Թվում էր, թե դա շատ ավելի կարևոր էր, քան…

-Եթե նա հայտներ, որ գալիս է, դու պատրաստ կլինեիր ու… դուրս չէիր վռնդի: Ինքը վատ մեկը չի:

Ես ապշած էի մնացել. Նառան ասես պատասխանեց ինձ տանջող հարցին. եթե պատրաստ կամ  նախատրամադրված լինեի, կքնեի Ավիկի հետ ու դուրս չէի վռնդի… Այդքան հե՞շտ ու հասարա՞կ: Անկեղծ ասած, մի քիչ սրտնեղվեցի, վիճելու ցանկություն առաջացավ, հազար հատ հարց ունեի տալու, բայց ավելի ապշեցի, երբ նա ասաց.

-Էս ինչ լավ հոտեր են գալիս, ի՞նչ ես եփել:

Օրեր շարունակ իմ տվայտանքների առարկան հանդիսացող դիպվածն այսպիսով մղվում էր երկրորդ պլան: Նառան ինձ հասկացնել տվեց, որ շնորհիվ իմ հայացքների ու մտածելակերպի՝ շատ եմ մեծացրել ու կարևորել պատահածը: Բայց ես այդպես չէի մտածում:

-Լազանիա, հիմա սեղանը կպատրաստեմ,-ասացի ու մի տեսակ թեթևացա: Ասես, մի ծանր բեռ ընկավ ուսերիցս:

 

Այս միջադեպից չէր անցել մեկ շաբաթ, երբ Ամերիկայից ստացանք Նառայի հովանավորի մի քանի էջանոց հրավերը: Պատկառելի գումար էր նշված հրավերագրի մեջ՝ որպես առհավատչյա: Իմ բանկային հաշվեհամարին ևս փոխանցվեց պատվիրածս գումարը եվրոյով:  Լենան կատարել էր իր խոստումը: Հորս ու Լենային հայտնեցի սրտագին շնորհակալությունս: Հայրս ասաց, որ մեծ բան չէ և վաղուց այնտեղ փնտրում են Նառայի պես լեզուներ իմացող մի հայ թարգմանչուհու: Ես ցնծում էի, Նառայի ուրախությանն էլ չափ չկար: Կասկած չունեինք, որ վիզան կտան: Ու տվեցին: Այդ օրը զուգադիպում էր նաև Արայի մեկնումի նախօրյակին: Ուստի որոշեցինք նշել: Ես առաջարկեցի գնալ Վիեննայի՝Դանուբի աշտարակի երկրորդ հարկի պտտվող սրճարանում  ընթրելու: Նրանք ընդդիմացան թանկ լինելու պատճառով: Ասացի, որ ես եմ հյուրասիրում, որպեսզի հայտնած լինեմ իմ երախտագիտությունը Նառային՝ ինձ հյուրընկալելու և Արային՝ իր օգնությունների ու ջերմ ընկերակցության համար: Նառայից խնդրեցի, որ տեղ ապահովի երեք հոգու համար:

Սակայն, երբ  ներս մտանք, նկատեցի, որ չորս սպասք է շարված ճաշակով զարդարված սեղանին: Մտածեցի, որ դա ընդունված կարգ է ու բան չասացի:

Հիանալի տեսարան էր բացվում պատկառելի բարձրության վրա գտնվող  սրճարանի՝մեծադիր ապակե պատուհաններից, ավելի շուտ՝ պատերից: Վիեննան իր ոլորապտույտ, չքնաղ Դանուբով, որ միահեծան գալարվում էր ներքևում, մեր ոտքերի տակ էր: Նառան ու Արան նստել էին իմ դիմաց՝ իրար կողքի, ես մենակ նստել էի ապակե պատի մոտ ու կլանված այնպես էի վերացել հիասքանչ տեսարանով, որ մոռացել էի ուր գտնվելս: Մեկ էլ նկատեցի, որ երկուսն էլ նայում են ինձ ու ժպտում: Ծաղիկների բուրմունք առա, շրջվեցի, մեկը նստած էր կողքիս դատարկ աթոռին: Նայեցի զարմացած. Ավիկն էր, ձեռքին կարմիր վարդերի մի փունջ:

-Բարև, Գոհար,-ասաց նա այնպես, որ ասես երեկ միասին ենք եղել:

Նառան, շարունակում էր չարաճճի ժպիտով ակնդետ նայել ինձ ու հոնքերը վեր բարձրացնելով և աչքերի խաղով ակնարկել Արային: Փորձում էր ինձ հասկացնել, որ Արան անտեղյակ է իմ ու Ավիկի խռովությանը: Նախատական նայեցի իրեն, բայց ուժ գտա պատասխանելու Ավիկի բարևին այնպես, որ կարծես երեկ էինք բաժանվել: Նառան ազատ շունչ քաշեց:

-Կներեք, ուշացա,- ասաց Ավիկն ու ինձ մեկնեց ծաղիկների փունջը: Շնորհավորեց Նառային վիզա ստանալու կապակցությամբ ու Արային բարի ճանապարհ մաղթեց: Ուրեմն տեղյակ էր այստեղ հավաքվելու առիթի մասին: Է՜հ, Նառա, Նառա… Վերջը ձեռքս կընկնես…

Անորոշ տրամադրության մեջ էի, ավելի շուտ իմ մասին մտածելու ժամանակ չունեի… Քաշվում էի Արայից, եթե ինձ սառը պահեի, դա անբնական կթվար ու մի կողմից էլ կփչանար լավ սկսված հիանալի երեկոն: Նրա մեկնումից հետո միայն իմացա, որ նա տեղյակ էր եղել ամեն ինչից: Փաստորեն երկուսով հանգամանորեն ծրագրել էին յուրաքանչյուր մանրուք՝ ինձ անակնկալ մատուցելու բարի նպատակով:

Մի խոսքով հայտնվեցի կատարված փաստի առաջ, որից փաստորեն փախուստ տալու ելք չունեի… Իսկ Ավիկի պահվածքն անթերի էր. մտքումս դրվատեցի նրան:

Մատուցողուհին մոտեցավ, ծաղիկները դրեց ջրով լցված հախճապակյա մի գեղեցիկ անոթի մեջ:

Ընտիր կարմիր գինու առաջին բաժակներից ու անչափ համեղ խորտիկներից հետո բոլորիս տրամադրությունը հասել էր իր գագաթնակետին: Ես այնքան ուրախ էի Նառայի ու Արայի համար, որ լրիվ մոռացել էի միջադեպը և դա հիշեցի լոկ այն ժամանակ, երբ հարմար պահ որսալով՝ Ավիկը թեքվեց դեպի ինձ ու ականջիս փսփսաց.

-Գոհա՛ր, խնդրում եմ ներիր ինձ,-ու համբուրեց այտս:

Ես նայեցի նրա աչքերի խորքն ու բան չասացի, ընդ որում հաճույք զգացի, երբ նրա շունչը դիպավ ականջիս…

 

 

Նամակներ բաժանումների թեմայով

 

Արան ու երկու Անիները մի խումբ իրանահայերի հետ մեկնեցին: Սոնիան էլ այդ խմբի մեջ էր: Նառան ու Դավիթը մենակ մնացին: Շենքի մի հատվածը դատարկվեց: Գալիս էին նոր իրանահայեր, որոնք լքելով իրենց դարավոր օրրանը՝ ապաստանում էին այստեղ, մնում մի քանի ամիս ու մեկնում Լոս Անջելես, Արայի հորջորջմամբ՝ Ավետյաց երկիր: Ավստրիայում  հանգրվանած արևմտահայ «բախտավոր» ապաստանյալների հայացքը ևս ուղղված էր դեպի «Ավետյաց երկիր», ուր, պարոն Գալուստի ասելով՝ հայերի տեսակները միախառնվում են, դառնում «ազգային գունագեղ ամբողջություն մը»: Իմացա նաև, որ ներկայումս քանակով գերակշռողը հայաստանցիներն են…Մտքումս  արդարացնում էի մահմեդական երկրները լքող հայերին, բայց չգիտեի ինչ մտածել հայաստանցիների մասին…Լինելով ակամա վկա այս չավարտվող գործընթացին ու գնալ-մնալու թեմայով ամենօրյա խոսակցություններին՝ արտագաղթի ուրվականն այստեղ եղած օրերիս ամեն վայրկյան ցցվում էր աչքիս առաջ, դառնանում էի, սիրտս կուչ էր գալիս: Երևանում տարված իմ անձնական խնդիրներով՝  երբևէ լրջորեն չէի մտածել այդ ուղղությամբ:

Ասում են՝ ճակատագիրը մոտեցնում է մարդկանց: Այսպես եղավ Նառայի ու Դավիթի պարագայում: Ճիշտ է, երկուսն էլ սպասողական դրության մեջ էին ու գիտեին, որ իրենք էլ գնացող են, բայց դժվար էին տանում բաժանումը, հատկապես Դավիթը, որ մենակ մնալով՝ գրեթե ամեն օր այցելում կամ ընկերակցում էր մեզ՝ դուրս գնալիս: Նառան մի քանի շաբաթով հետաձգեց մեկնումը, որպեսզի ավարտին հասցնի օտար լեզվի կուրսերը: Դավիթենց վիզան ուշանում էր: Նա ամեն օր իմ համակարգչով ստուգում էր ընդունված ապաստանյալների համարները, սակայն իզուր: Հուսահատ կրկնում էր, որ վախենում է կորցնել Սոնիային, որովհետև երբ օվկիանոս է ընկնում սիրածների մեջ, բաժանումն անխուսափելի է և այլն, և այլն:

-Այստեղ Սոնիան մենակ էր, այնտեղ ապրելու է բահայիների ընտանիքում, գլուխը կլցնեն…Չէ՛, չեն թողնի կապվի քրիստոնյայի հետ:

Ինձ զարմացնում էր Դավիթի ուժգին արտահայտված, անթաքույց սիրո խորությունը: Երանի մեկն էլ այսպես սիրեր ինձ… Ակամա հարգանքով էի լցվում նրա նկատմամբ: Մեր օրերում հազվադեպ են նման երևույթները, ամեն բան դարձել է արհեստական, մակերեսային, ժամանակավոր: Նառան նրան սիրտ էր տալիս ասելով, որ սերը սահմաններ չի ճանաչում, Սոնիան անպատճառ կսպասի իրեն:

Մի օր առավոտյան կանուխ, գլխավոր մուտքի մոտ նկատեցի պարոն Գալուստի մեծ աղջկան՝ սևաթույր մազերով, խաժ աչքերով ու փարթամ կազմվածքով  Շուշանիկին, որ անքնությունից, թե խմիչքից կարմրած աչքերով, թունդ շպարի հետքերը դեմքին՝դուրս էր գալիս մեր շենքի գիշերային «քլաբից»: Մինչ կհասցներ կոճկել ոտքերի թաթերին հասնող, երկար վերարկուի կոճակները, աչքս ընկավ նրա կարճ, սև կաշվե մինիին, բարետես ճերմակ սրունքներին ու հաստ ներբաններով բարձրակրունկներին:  Ինձ տեսնելով՝ թեթև շփոթվեց, ժպտալով բարևեց ու հարցրեց, թե այսքան շուտ ինչ եմ անում փողոցում: Պատասխանեցի, որ հաց պիտի գնեմ նախաճաշի համար:

-Հոս մատուցողուհի կաշխատիմ,-առանց սպասելու իմ հարցին արդարանալու պես ասաց նա:

Անկեղծ ասած, դա ինձ կասկածելի թվաց: Խոսեցի Նառայի հետ: Ասաց, որ պարոն Գալուստենց նյութականը անմխիթար դրության մեջ է: Նախքան փախուստը ունևոր են եղել Հալեպում, բայց շատ բան են կորցրել: Հեռացել են այն հույսով, որ կվերադառնան ու տեր կկանգնեն իրենց ունեցվածքին, բանկային հաշիվներին և այլն: Իսկ պատերազմը ձգձգվում է, օր-օրի ավելի վտանգավոր է դառնում վերադառնալը: Ճիշտ է, ինչ-որ նպաստ են ստանում, բայց դա բավարար չէր: Չէին ուզում տեղակայել չունևոր ապաստանյալներին հատկացված հանրակացարանում, ուր կենցաղային պայմանները վատ են:  Շուշանիկը աշխատանք է գտել «քլաբում»…

Պատկերն իրոք սոսկալի էր:

Զարմանում էի, որ Հայաստանում մենք գրեթե անտեղյակ ենք, թե ինչ է կատարվում հայերի հետ աշխարհում…

 

Թախիծն ու տրտմությունը դարձյալ կաթիլ-կաթիլ լցվում ու կուտակվում էր հոգուս մեջ: Չնայած Ավիկի հավաստիացումներին, որ ինձ սիրում է պաշտելու աստիճան, ես այնպես էլ չկարողացա հարմարվել իրեն ու եկել էի այն եզրահանգման, որ իր սիրո զեղումները օճառի պղպջակներ են: Իրականում նրան խոցել էր իմ մերժումը, խորապես վիրավորել տղամարդկային արժանապատվությունը: Մյուս աղջիկները կախվում են վզով, իսկ ես վանում եմ՝ մնալով անառիկ ու անմատչելի: Ցավն այն էր, որ չէի կարողանում հասկանալ ինքս ինձ, ընկալել իմ հակասական ապրումների, սառնությանս ու անդադար մերժումներիս դրդապատճառը: Գուցե դա հետևանքն էր մեր առաջին չարաբաստիկ բախումի, ինչն իմ մեջ հարուցել էր զայրույթ, անվստահություն ու հիասթափություն: Բացի տարիքային տարբերությունից կամ Հայկի ընկերը լինելուց, ինձ թվում է՝ կար նաև մի այլ խանգարիչ գործոն. դա ինքս գլխիս տերը լինելու հանգամանքն էր. մենակ ես էի, ու ինքս պիտի որոշում կայացնեի, ոչ ոք չէր կանգնած իմ ճանապարհին: Սեփական փորձով արդեն գիտեի, որ արգելքը կամ բռնությունը չեզոքացնում է մտավախությունն ու ռիսկի չափի գիտակցությունը, ինչը առկա է ինքնիշխան լինելիս: Ով գիտի, եթե նույն իրավիճակում հայտնվեի Երևանում, դեպքերն այլ կերպ կընթանային… Սխալ կլիներ, եթե ասեի, որ նրան հանդիպելիս ոչինչ չէի զգում, բայց երբ բանը հասնում էր նրա հպումներին, ոզնու պես հավաքվում ու ցցում էի փշերս, որովհետև եթե տեղի տայի, նա կգնար մինչև վերջ: Ինձ կասեցնում էր նաև նրա կողմից խաբված լինելուս հեռանկարը, համոզված էի, որ ինձ տիրանալուց հետո, կմարեր իր ոչ այնքան խոր սիրո զգացումը, կլքեր ինձ: Այնուամենայնիվ, հակընդդեմ մտքերը կրկին ինձ հանգիստ չէին տալիս, հենց այն փաստը, որ բավական է աչքս թարթեմ ու նրա հետ կհայտնվեմ անկողնում, ինձ գցում էր տվայտանքների գիրկը: Ինչո՞ւ ես էլ շատերի պես չվայելեմ ընձեռված պահը, մի՞թե այսպիսի առիթներ էլի կպատահեն կյանքում: Ընթրիքի երեկոյան, երբ Արան ու Նառան առանձնացան և մեզ մենակ թողեցին, աշտարակի սրընթաց վերելակով ցած իջնելիս՝ նա չհամբերեց, մեղմորեն գրկեց մեջքս, մոտեցրեց իրեն ու փորձեց համբուրել: Ինձ դուր եկավ նրա ուժեղ բազկի հպումը մեջքիս, գինով էի, մի վայրկյան մղվեցի դեպի նրա բերանը շուրթերը, բայց դարձյալ ընկրկեցի, դուրս եկա գրկից… Փողոցում նա ճիգ էր թափում համոզելու ինձ, որ միասին գնանք իր բնակարանը, խոսք էր տալիս իրեն խելոք պահել…Հավաստիացնում էր, որ ինձ հանդիպելուց  հետո մոռացել է աշխարհը, որ միայն ինձ է սիրում, որ ես անչափ թանկ եմ իր համար և այլն, և այլն: Քիչ էր մնում համաձայնեի, բայց նորից մերժեցի: Նա այլևս չպնդեց: Չեմ կարծում հուսահատվեց, ավելի շուտ վախեցավ, որ էլի հունից դուրս կգամ: Ամբողջ ճանապարհին լուռ ուղեկցեց  մինչև մեր բնակարանի դուռն ու գլխիկոր հեռացավ… Մոտեցա միջանցքի պատուհանին ու նայեցի ցած. տեսա նրան մայթին՝ բջջայինը ձեռքին խոսելիս: «Ժամադրվում էնրա հետ»,- անցավ մտքովս՝ պատկերացնելով այն աղջկան, որին տեսել էի եկեղեցում ու չինական կրպակի առջև և… խանդ զգացի:

Այդ օրվանից, այլևս չտեսա Ավիկին, նույնիսկ չզանգեց: Նառան հետո պատմեց, որ իմ գնալուց մի քանի օր հետո պատահաբար հանդիպել էր նրան մետրոյի կայաններից մեկում չափազանց անհանգիստ վիճակում: Ասել էր, որ իր  հայ ընկերուհին մահացել է տանը վիժելու հետևանքով առաջացած արյունահոսությունից. մենակ է եղել, ուշքից գնացել է, ուշ են հասցրել հիվանդանոց: Ինձ համար դժվար չէր կռահել, որ Ավիկի անհանգստության բուն պատճառը եղել է խղճի խայթը… Ավելի ուշ, մի օր Հայկին ասացի, որ Ավիկին հանդիպել եմ Վիեննայում: Հայկն իր հերթին լսել էր ընկերոջից, որ Ավիկն ամուսնացել է իր չեխուհի երեխայատեր կոլեգայի հետ: Ես այնպես էլ չկարողացա ընկալել Ավիկի ներաշխարհն ու նկարագիրը: Դա իրարամերժ դրսևորումների մի երկար շղթա էր՝ մերթ անպատկառության հասնող անկաշկանդությամբ ու թեթևսոլիկությամբ, մերթ կիրթ ու քաղաքավարի ինքնազսպումով, մերթ՝ գոռոզության հասնող անտարբերությամբ, մերթ՝ մարդկայնությամբ: Ասես երկու մարդ լիներ մի մարմնի մեջ, մի խառնուրդ, որ շփոթեցնող ազդեցություն էր գործում ինձ վրա: Չգիտեմ, դա լավ է, թե վատ, բայց ինձ մոտ ստացվել է այն անխախտ տպավորութունը, որ բոլոր սփյուռքահայերն Ավիկի նման իրենց մեջ կրում են երկու տարբեր անհատականություններ:

Նառան շատ ուշ վերադարձավ ու ինձ գտնելով տանը, խիստ զարմացավ: Աչքերը կարմրած էին, դժվար էր բաժանվել Արայից: Գինի բացեց ու այդ ուշ ժամին նստեցինք բազմոցին, խմեցինք ու խոսեցի՜նք, խոսեցինք սիրո, սեքսի, կյանքի, բաժանումների ու ապագայի մասին, մինչև ձմեռային երկար գիշերը սկսեց լուսանալ պատուհաններում:

 

Վերջապես եկավ իմ ու Նառայի բաժանման օրը: Գնացողը ես էի, մնացողը առայժմ նա: Ամեն բան դասավորված էր՝ ըստ նախապես մշակված պլանի: Նառան մեծ դժվարությամբ համաձայնվեց մի կլոր գումար «պարտք» վերցնել ինձանից, որպեսզի հայթայթի ճամփորդության ևԱմերիկա հասնելիս՝ իր ապրուստի ծախսերը մինչև կեցության պաշտոնական ապահովումն ու աշխատանքի անցնելը:

-Երբ գաս ինձ մոտ,-ասաց նա հուզված գրկելով ու համբուրելով ինձ,- վստահ եղիր, չեմ մոռանա քո արած լավությունները:

-Ինչ լավ է, որ դու կաս,-ասացի ես,- ստիպված չեմ լինի ապավինել հորքուրիս…

Այդ ասելիս՝ մտքովս անգամ չէր անցնում, որ անորոշ  ժամանակով կհետաձգվի Ամերիկա գնալս:

 

Բարսելոնայում մնացի ընդամենը մեկ շաբաթ՝ ծրագրված մեկ ամսվա փոխարեն: Իջևանել էի հյուրանոցում: Հանդիպեցի Հասմիկին: Թեև չկար Վիեննայի առաջին օրերի խանդավառությունը, բայց ուրախ էի: Ասես, ենթագիտակցորեն ընկալում էի, որ վերջին օրերս եմ անցկացնում արտերկրում ու վայելում էի յուրաքանչյուր պահը, բծախնդրորեն ընտրում էի ամենալավ գինիներն ու ծովային ուտելիքները, հավեսով ընտրում ու գնում փոքրիկ հուշանվերներ: Այստեղ կլիման ավելի բարեխառն էր, արդեն բողբոջել էին ծառերը, զգացվում էր մոտալուտ գարնան բույրը. առողջական վիճակս գերազանց էր, ինձ լավ էի զգում: Յուրաքանթյուր երեկո հյուրանոցի լաբիում Հասմիկին սպասելիս՝ շոյվում էի ինձ վրա հառված հիացական հայացքներից: Այստեղ չկար օտարներին վերից նայելու ավստրիացիների վարքագիծը, մարդիկ ջերմ էին, հեշտ մտերմացող:

Հասմիկն էլ Նառայի պես անհաջող ամուսնությունից հետո հեռացել էր Հայաստանից: Իր նամակներում ինձ ևս հրահրում էր գնալ իր մոտ: Հանդիպեցինք հյուրանցում. մեր ուրախությանը չափ չկար: Սև, հարթ, երկար մազերով,  սև աչք-ունքով ու ցորենագույն մաշկով նա առանձնապես չէր տարբերվում թուխ տեսակի տեղացիներից: Բժշկական կրթություն ունենալով՝ աշխատում էր մի լաբորատորիայում, գոհ էր իր վիճակից: Չէր ամուսնացել, բայց առանց տատանվելու, բացեիբաց ասաց, որ ազատ կյանք է վարում տաքարյուն կատալոնացիների հետ: Եթե ուզեմ, ինձ կծանոթացնի իր ընկերների հետ, որոնք, վստահ է, կխենթանան ինձ տեսնելով… Ես իհարկե մերժեցի, զգացի, թե ինչքան մեծ վիհ կա իմ ու Հասմիկի մտածողության մեջ:

-Չե՞ս ցանկանում վերադառնալ Հայաստան,- հարցրի, երբ հասնելուս երկորդ երեկոյան, ծովային ուտելիքներ էինք ճաշակում մի հրաշալի ռեստորանում:

-Վերադառնամ, ինչ անեմ,-ասաց,- դժվար է զրոյից սկսելը:

-Չե՞ս կարոտում ձերոնց:

-Կարոտում եմ, բա ոնց, շատ եմ կարոտում. դե, արձակուրդներին մեկ-մեկ գնում եմ Երևան, առանց դրա չի լինի… այստեղ հանգիստ եմ, ինքդ էլ գիտես, որ այնտեղ շատ հիասթափություններ ապրեցի:

Տեսնես քանի՞ ավստրիացի կամ իսպանացի կա Հայաստանում…

 

Վերջին օրն արթնացա վատ նախազգացումով՝ Լենայի անժամանակ զանգից: Նա միշտ նկատի էր ունենում Եվրոպայի ժամերի տարբերությունը Երևանի հետ: Ինչո՞ւ էր այսքան վաղ զանգել: Ձայնը բռնված էր: Ասաց, որ հայրս երեկ ուղեղի կաթված է տարել ու հիմա հիվանդանոցում պառկած է: Վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն բավարար է, տեղափոխել են պալատ, անհանգստանալու պատճառ չկա, բայց եթե ցանկանում եմ, կարող եմ վերադառնալ:

Անմիջապես կապվեցի մորս բջջայինին: Հուզված էր, հազիվ էր խոսում, բայց նույնությամբ կրկնեց Լենայի պատմածը: Ուրեմն չէին ստում: Ամեն բան շատ արագ կատարվեց: Փոխեցի վերադարձիս չվերթի օրն ու ժամը: Բարեբախտաբար հենց այդ օրը թռիչք կար դեպի Երևան: Հեռախոսով հրաժեշտ տվեցի զարմացած Հասմիկին ու ինձ մի կերպ գցեցի օդանավակայան…

 

Նամակներ անսպասելի իրադարձությունների թեմայով

Հորս հիվանդությամբ ամեն բան իրար էր խառնվել: Բժիշկները հավաստիացրին, որ կյանքին վտանգ չի սպառնում, բայց մարմնի ձախ կողմը դժվար թե վերադառնա իր նորմալ վիճակին: Ինքը խեղճացել, կուչ էր եկել: Հիվանդանոցում ինձ տեսնելով՝ ուրախացավ, աշխատեց ժպտալ, բայց ժպիտը նմանվեց ծամածռության: Շատ ազդվեցի՝ կենսունակ հորս այդ վիճակում տեսնելով: Հին օրերի պես ապավինեցի մորս կրծքին ու գլուխս դրած նրա ուսին լաց եղա: Այդ պահին մոռացել էի ամեն բան, զգում էի միայն անսահման սեր ու խանդաղատանք  միախառնված տանջող վշտի հետ:

Իսկ անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին գլխապտույտ արագությամբ: Հազիվ էի մի քիչ հանդարտվել, եկավ Հայկն ու տեսնելով ինձ՝ արագ մոտեցավ, ջերմությամբ գրկեց ու ասաց.

-Ինչ լավ է, որ եկար, Գոհար ջան:

Ուղղակի շշմեցի և ակամա հիշեցի, որ մեկնելիս՝  նա նույնիսկ չեկավ ինձ ճանապարհ դնելու, ի՞նչ հրաշք էր պատահել…

Հաջորդ անակնալը մատուցեց մայրս, երբ հիվանդանոցից հոգնած ու բեկված սրտով վերադարձա տուն:

-Հորդ գործերը վատացել են,- ասաց նա:

Առաջին անգամ էի լսում այդ մասին, ցնցվեցի:

-Ո՞նց թե վատացել են, երբվանի՞ց:

-Դե, երևի մեկ ամիս կլինի:

Նա կցկտուր պատմեց եղելությունը:

Շատ էի նեղվում, որ այդ մասին իմանում էի վերջինը: Երբ Լենային ասացի, որ մինչև սրտիս խորքը վիրավորված եմ իրենից, նա արդարացավ՝ ասելով.

-Ասեի, ինչը կփոխվեր, Գոհար ջան, քո ճամփորդությունն էլ կփչանար: Չէինք սպասում, որ խնդիրն այսպիսի ընթացք կստանա: Հույս էինք փայփայում, որ ամեն բան կընկնի իր նորմալ հունի մեջ:

Ես ինձ մեղադրում էի այն բանում, որ Վիեննայում Լենայի կամ մորս հետ կապվելիս՝ նրանց ձայնից կամ դեմքերից չէի կարողացել կռահել դառն իրականությունը:

Մայրս ուղեղի կաթվածի բուն պատճառը վերագրում էր ստեղծված իրադրությանը: Հայրս բարկության նոպաներ էր ունեցել, որովհետև ի դերև էին անցել իր թափած բոլոր ջանքերն ու ներդրած գումարները պատգամավոր ընտրվելու ուղղությամբ. իրեն շատ մոտիկ մտերիմներից մեկը թիկունքից հարվածել ու հորս դուրս է մղել համամասնական ցուցակից փոխարինման կարգով՝  դնելով իր թեկնածությունը: Տվյալ կուսակցությունն էլ ելնելով ինչ-ինչ պատճառներից՝ ընդառաջել է այդ անձնավորությանը:

Հետագային, երբ տեսա նրա նկարը պատին, ուղղակի զարմանքից ճչացի. նկարից ինձ էր նայում հենց ինքը՝ իմ հին բարեկամ նորին մեծություն Ռնգեղջյուրը… Իհարկե, նկարում չէին երևում ծոծրակի ծալքերը, իսկ ոսկե շղթայի փոխարեն՝շապիկի օձիքի կոճակը բաց փողկապ էր կապել, ինչը նրան գոնե մարդու տեսք էր տալիս:

Թերևս հորս չեզոքացնելու պատճառներից մեկն էլ այն էր, որ մեծ շռայլությունների ու ֆինանսական սխալների արդյունքում, որին  նպաստել էին նաև միջազգային ճգնաժամի հետադարձ ալիքները, բեկում էր առաջացել բիզնեսի մեջ: Ոմանք պնդում էին, որ եթե չլիներ հորս՝ պատգամավոր դառնալու նկրտումն ու սնափառությունը, չէր տուժի բիզնեսը: Իսկ ոմանց կարծիքով, խախտվել էր դեպի Ռուսաստան ձգվող կապը, որից մշտապես կախում էր ունեցել հայրս, և եթե բիզնեսը ճեղքվածք չտար, նա շանսեր ուներ պատգամավոր ընտրվելու: Մի խոսքով՝ հավի ու ձվի խդիր…

Ես միամտորեն միշտ վախեցել էի այն բանից, որ մի օր ջրի երես դուրս կգան հորս ապօրինի գործարքները, մտածում էի՝ գուցե դա էլ ունեցել է իր դերն ու ազդեցությունը, բայց երբ այդ մասին ակնարկեցի Լենային, նա ծիծաղեց ու ասաց, որ դեռ շատ երեխա եմ: Օգնության ձեռք չէին մեկնում նաև հորս Ամերիկայի ընկերները, թեև կապը դեռ չէին խզել:           Ակամա սկսեցի անհանգսատանալ Նառայի համար: Բայց Լենան ասաց, որ դա շատ փոքր խնդիր է, Նառան հո ձրիակեր չի, աշխատում է նրանց համար: Ինքը որևէ վտանգ չի կանխատեսում: Կարևորն այն է, որ Նառան հայտնվել է Ամերիկայում ու առանց նրանց օգնության էլ գլուխ կպահի: Ինչևէ, միտքս չհանգստացավ: Հենց առաջին կապի ժամանակ Նառան ասաց, որ տեղեկացել է հորս հիվանդության մասին ու շատ է ցավում: Չէ, ամեն բան կարգին է, շարունակվում է իր մշտական կեցության իրավական գործընթացը, բայց իրեն դուր չեն գալիս ներկա աշխատանքն ու իր գործակիցները,  «անօրինականություններ շատ կան, մաֆիայի հոտ է գալիս», ուզում է դուրս գալ, բայց քաշվում է, ինչքան չլինի,գործատերը  լավություն է արել,մի կողմից էլ սպասում է «գրին-քարտին»: Ասաց, որ Արայի հետ հարաբերությունները շարունակվում են, բայց երկուսն էլ չգիտեն, թե երբ պատրաստ կլինեն ամուսնության համար: Հետաքրքվեցի Դավիթի մասին: Ասաց, որ Դավիթը դեռ մնում է Վիեննայում ու Սոնիան չի պատասխանում մինչևիսկ Նառայի մեյլերին, ձեռով-ոտով կորել է: Նառան վախենում է, որ Դավիթի վատ կանխատեսումը ճիշտ դուրս կգա…

Շուտ էր խոսել սնանկացման մասին, սակայն անխուսափելի էր թվում օբյեկտներից առնվազն մի քանիսի վաճառքի անհրաժեշտությունը: Գնորդ չկար, եղածներն էլ շատ ցածր գին էին առաջարկում: Մի խոսքով հորս կայսրությունը ճաքեր էր տվել ու փլուզման սեմին էր:Ցավալին այն էր, որ միշտ ընկերներով շրջապատված մարդը փաստորեն մենակ էր մնացել, ոչ ոք չէր ցանկանում ձեռք մեկներ նրան:

Չգիտեմ, նոր տեղ հասնելս և այս անակնկալները միանգամից ուղեղիս մեջ տեղավորե՞լն էր պատճառը, թե՞ այն, որ միշտ անտարբեր եմ եղել հորս բիզնեսի նկատմամբ, այնպես էլ չէի կարողանում գիտակցել պահի ողջ լրջությունը, ինձ առավել մտատանջում էր հորս առողջական վիճակը:

Մեր հարստությունը, ըստ ամենայնի,ինձ համար միշտ ունեցել էր վերացական բնույթ: Երբեք չեմ կարողացել ընկալել դրա չափերն ու կողմերը: Առաջին հայացքից ոչինչ չէր փոխվել ինձ շրջապատող աշխարհում, նույնիսկ ավելի արդիական էր դարձել հորս օֆիսը, նորացել մեր առանձնատան կահույքը, վարագույրները…Չէի հասկանում, թե ինչու են մերոնք գլուխները կորցրել ու մռայլվել, բոլորի դեմքերին դրոշմված տագնապ կար: Անշուշտ, դա միայն հորս հիվանդության պատճառով չէր: Իսկ ես չգիտեի տխրեմ, թե՞ ուրախանամ: Մեր հին բնակարանն էր ուրվագծվում աչքերիս առաջ, իմ շրջագայությունները հորս տաքսիով, մեր համեստ կենցաղը, բայց ցավով էի զգում, որ հին կյանքին վերադառնալու ցանկությունս անդառնալիորեն մարել է, դժվար է հրաժարվել էությանս մեջ բույն դրած փափկակենցաղ կյանքի հրապույրներից: Երբեմն սոսկում էի այն մտքից, որ կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ:

 

Հովոն Երևանում չէր, ինչ-որ առաքելությամբ մեկնել էր Մոսկվա: Այդ մասին  իմացա Սլավիկից, որ ինձ դիմավորեց Զվարթնոցում ու ուղիղ տարավ հիվանդանոց:

Ի զարմանս ինձ, Լենայի պատմելով՝ հաջողությամբ շարունակվում էր Հայկի բիզնեսը, նոր պատվերներ էր ստացել Ամերիկայից: Նա հորիցս շուտ էր զգացել մոտալուտ փոթորիկը: Աշխատել էր նրան ետ պահել ընտրվելու գայթակղությունից, հորդորել էր զգուշանալ Ռնգեղջյուրից: Սակայն հայրս վերացած իր «վեհ» գաղափարներով ու փառասիրությամբ՝ չէր լսել Հայկին, մնացել էր անդրդվելի, նրան անվանել էր Յագո: Հայկի մասին խոսելիս՝ Լենայի աչքերում փայլ զգացի, չէր դադարում գորովանքով բլբլացնել եղբորս մասին: Իմ գնալուց հետո, Հայկըշատ է փոխվել, ուրիշ մարդ է դարձել, քիչ է խմում, խուսափում է աղջիկներից, կենտրոնացել է իր բիզնեսի վրա…Շեֆից ծածուկ հաճախ գալիս է իր բնակարանը, սիրտը բացում… Չի ուզում, որ Լենան մնա հորս օֆիսում, իրեն տնօրենի պաշտոն է խոստացել և այլն և այլն:

Ի՜՞նչ…Սա արդեն անակնկալների գլուխգործոցն էր: Զգում էի, որ Լենային հաջողվել է իր սիրով «մարդ» դարձնել Հայկին: Ամեն դեպքում, Հայկը օլիգարխի ընտանիքում չէր ծնվել ու դաստիարակվել, նրա նախնական շաղախը հուսալի էր…

 

Նամակներ պայքարի, զարթոնքի ու կայացած սիրո թեմայով

Մի քանի օր անց, հորս բուժքույրի ուղեկցությամբ սայլակով տեղափոխեցինք տուն: Վարժանքների շնորհիվ, հայրս սկսել էր ինքնուրույն ուտել ու ձեռնափայտի օգնությամբ մի քանի քայլ անել: Թեև բուժքույրը ջանասիրաբար կատարում էր իր պարտականությունները, սակայն մայրս չէր հեռանում հորս մոտից: Հորս հայացքում երբեմն որսում էի սիրո ու երախտագիտության նշույլներ: Նա դժվար էր խոսում, խոսելիս՝ բերանի մի կողմը անհուսալիորեն կախվում էր ցած: Լենան շատ հազվադեպ էր այցելում հորս, թղթեր էր բերում ստորագրելու:

Հովոն վերադարձավ Մոսկվայից: Վարորդական սև կոստյումի, սպիտակ շապիկի ու փողկապի փոխարեն, հագին ջինս տաբատ էր, վարատնիկի վերի կոճակները բաց,մուգ կապտագույն, գծավոր շապիկ ու կաշվե սև բաճկոն: Շատ էր փոխվել ու… գեղեցկացել: Երևի անտեղյակ էր իմ գալուն, որովհետև ինձ տեսնելով նախասրահում՝ մի վայրկյան հանկարծակիի եկավ, բայց կարողացավ տիրապետել իրեն, մոտեցավ ու սեղմեց ձեռքս:

-Գոհա՞ր, վերադարձե՞լ ես,-արտաբերեց նա ջերմությամբ:

Ձեռքը սեղմելիս՝ մի անորոշ դող զգացի: Մղվեցի դեպի նա ու ողջագուրվեցինք: Ասաց, որ հայրս սպասում է իրեն ու ներս մտավ, բուժքույրն ու մայրս դուրս եկան սենյակից ու ետևից փակեցին դուռը, ընդ որում բուժքույրը հանձնարարեց երկար չխոսել ու չանհանգստացնել հորս: Նույնիսկ բուժքույրն էլ գիտեր, որ Հովոն ուրախ լուրերով չպիտի վերադարձած լինի Մոսկվայից: Այլ բան ոչ ոք չէր սպասում…

Ինձ համար անակնկալ էր և այն, որ իմ բացակայության ընթացքում Հովոն բացի իր վարորդական պարտականությունից, ներգրավվել էր նաև որոշ գործերի մեջ: Դա ինձ դուր չեկավ: Հորս բիզնեսի մասին մտածելիս՝ ինձ երբեք չի լքում կուլիսների հետևում կատարված սև գործերի մտավախությունն ու երկմտանքը: Չէի ուզում, որ Հովոն գնա նույն ուղիով, ինչով անցել էր հայրս: Հայկը այլ կարծիքի էր. նա հետագային ինձ բացատրեց, որ ինչ եղել է, եղել է անցյալում, բիզնեսը մեկնարկելու էտապում: Բոլոր օլիգարխներն էլ այդպես են «հասունացել»: Հիմա անցյալը մոռացվել է… Ես չէի համոզվում, վկայակոչում էի կլաններին, դրանց երկդիմի կապերին՝ երկրում և երկրից դուրս: Հայկը օրինակ էր բերում իտալական մաֆիոզներին ու պնդում, որ իրենց սև գործերին զուգահեռ, մեծ օգուտներ են տվել երկրին, հիմնել են արտադրական կետեր, առևտրի կենտրոններ, ստեղծել են աշխատատեղիներ, հարկ են վճարել պետությանը: Եթե հայրս գլուխը չկորցներ՝ ուղեգորգ չէր դառնա ոմանց համար, նրանք չեն սիրում և ներում, երբ խախտվում են կլաններին բնորոշ օրինաչափությունները: Դաժան են մեկը մյուսի հանդեպ…

Ես ևս դա զգում էի ու լցվում վրդովմունքով, երբեմն նույնիսկ հասնում էի կատաղության աստիճանի: Հորս հին ընկերների ներկա դիրքավորումը համարում էի դավաճանություն:Չէ՞ որ այդ տականքները մարդ էին դարձել հորս շնորհիվ,նախնական կորիզը կազմավորվել էր մեր տանը, իսկ հիմա դաժանորեն նրան ճզմում էին իրենց ոտքերի տակ: Հայկը և Լենան ավելի հանգիստ էին տանում անարդարությունն ու հորդորում ինձ, որ հաշտվեմ կատարվածի հետ: Սակայն ես չէի հանդարտվում ու երբեմն մտքում վրեժխնդրության ծրագրեր էի որոճում…

Այնուամենայնիվ, ինչքան էլ ինձ դուր չեկավ Հովոյի նոր «պաշտոնը», այդ հանգամանքը պատճառ դարձավ, որ սկսեմ հետաքրքվել հորս գործերով: Կարծում եմ իմ այս քայլին նպաստեցին նաև «վրեժխնդրական»  նկրտումներս ու քիթս ամեն տեղ խոթելու ծանոթ սովորությունս: Ուզում էի հասկանալ ու բացահայտել հորս սայթաքման դրդապատճառները: Հայկն ու Լենան սկզբում ընդդիմանում էին, բայց տեսնելով վճռակամությունս, ինձ խորհուրդ տվեցին անցնել վարչական որոշ կուրսեր անգլերենով: Սկսեցի պարապել: Դա ավելի շատ էր ձգում ինձ, քան լեզվի ու դաշնամուրի դասերի վերսկսումը: Տվյալ իրավիճակում նվագելու ցանկություն չկար, թեև շատ էի փափագում հանդիպել օրիրորդ Սվետլանային, որ ինձ համար դեռ «օրիորդ» էր մնացել:

Բարեբախտաբար վաճառվեց հորս օբյեկներից մեկը: Դա որոշ ժամանակ մեզ գոյատևելու հնարավորություն տվեց: Վաճառվեցին մի քանի մեքենաներ, գործից ազատվեցին մի շարք աշխատողներ, բանվորներ, որոնցից ոմանք աշխատանք չգտնելու հետևանքով՝ պատրաստվում էին արտագաղթել: Լուրերն ինձ հասցնում էր Լենան: Մոտենում էր մեր շքեղ առանձնատունը վաճառելու հերթը: Բայց իմ տրամադրությունը բարձր էր: Նախ՝ թեև դանդաղ, բայց հայրս ապաքինվում էր, ավելի երկար էր քայլում, ավելի հանգիստ ծամում: Երկրորդ՝ մայրս դեմ չէր իմ ու Հովոյի հանդիպումներին մեր տանը, ուղղակի անտարբեր էր: Նա ևս կուչ էր եկել՝ հարուցելով իմ խղճահարությունը,  չէր շպարվում, շատ հազվադեպ էր տնից դուրս գալիս: Հովոյի հետ անարգել նստում էինք հյուրասենյակի մեծ բազմոցին ու զրուցում: Ես պատմում էի իմ շրջագայությունների մասին, նկարագրում տեսարժան վայրերը,  ցույց տալիս նկարներ. սա Նառան է, սա Արամը, սա Դավիթը, պարոն Գալուստը, իր կինը, սա էլ Ավիկն է, Հայկի մանկության ընկերը: Ինչպես միշտ նա քչախոս էր, բայց իր լռությամբ ամեն բան հասկացնել էր տալիս, զգում էի նրա անխոս խանդաղատանքը, սերը, անգամ խանդը, երբ պատմում էի որոշ դրվագներ իմ հանդիպումներից: Թերևս նրան խանգարում էր իր բնածին ամոթխածությունը կամ ստորադաս լինելու կարգավիճակը, չէ՞ որ հակառակ ներկա իրադրությանը, դեռևսես իր շեֆի դուստրն էի: Շեֆի դուստր լինելու գիտակցությունը չէր լքում նաև ինձ, ինչքան վերապահ էի Ավիկի հարցում, նույնքան ագրեսիվ էի Հովոյի հետ եղած պահերիս. իբրև պատահաբար, բռնում էի ձեռքը, դեմքս մոտեցնում այնքան, որ մազերս դիպչեն դեմքին, ոտքս՝ ոտքին և այսպես շարունակ: Մի խոսքով, նա մագնիսի պես ինձ ձգում էր դեպի իրեն:

Ջանասիրաբար յուրացնում էի դասերս, որոնք իրոք հետաքրքիր էին, իմ առջև բացվում էր բիզնեսի կախարդական աշխարհն իր ֆինանսական, վարչական, իրավական ու շուկայական ասպեկտներով: Համացանցում ուսումնասիրում էի օնլայն ձեռնարկներ: Որոշ նյութերի առնչությամբ խոսում էի Հայկի հետ, նա զարմանում էր իմ աշխատասիրության ու այսքան կարճ ժամանակում ձեռք բերած գիտելիքների վրա:

-Դու էլ պակաս չես,- մի օր ասացի իրեն,- հիանալի ես կառավարում ձեռնարկությունդ, հավատս չի գալիս, որ իմ խենթուկ եղբայրը հասել է այսպիսի հաջողության:

-Մեծ բան չի, փոքր հաստատություն է, երբ սկսեցինք, բանի նման չէր, գործի մեջ սովորեցի,- ասաց նա ու ավելացրեց,-նա էլ շատ օգնեց:

Ես գիտեի, որ նկատի ունի Լենային, բայց ինձ չհասկանալու տվի:

-Նա՞, ո՞վ:

-Դե, Լենան, էլի:

-Հա՛յկ, Լենան հիանալի մարդ է, ինձնից ու քեզանից ավելի լավը:

Նա գլխով արեց:

 

Հորս կայսրության փլուզումով ոչ միայն կորցրել ու կորցնում էինք մեր կարողության զգալի մասը, այլև ձեռք բերած հասարակական սնամեջ դիրքն ու անունը: Մեզ չէին հիշում, հիշելիս էլ, ոմանք կեղծ ցավակցական դեմքերով մխիթարանքի խոսքեր էին շռայլում, թեև, հավատացած եմ, սրտի խորքում հրճվում էին մեր դժբախտությամբ: Հանրության բամբասանքների թիրախը միայն հորս սնանկացումն էր: Ուստի ինձ համար ենթահող էր ստեղծվել ազատորեն շփվելու Հովոյի հետ հավասար պայմաններում,այլևս ոչ ոք ինձ չէր փնովում վարորդի հետ հարաբերություն ունենալու «նվաստացուցիչ» քայլիս համար, ինչի արդյունքում մեր զրույցները բազմոցից տեղափոխվեցին սրճարան, կինո, դիսկո և այլ ժամանցի վայրեր:

Ինձ դուր էր գալիս ևս այն հանգամանքը, որ  նախաձեռնող կողմը ես էի. ես էի տոն տալիս մեր հարաբերություններին ու դրանց խորացմանը: Ցնծում էի, երբ այդ առնական, հասուն տղամարդը հնազանդվում էր ինձ, ընդառաջում իմ բոլոր քմահաճույքներին: Ինձ համար որքան դժվար էր ընկալել Ավիկի ապրումները, նույնքան դյուրին էր թափանցել Հովոյի սրտի ամենամութ անկյունները: Թվում է, թե սերը պատռում է բոլոր վարագույրները,  ցրում խավարը… Իսկ մենք սիրում էինք իրար իսկական սիրով: Այդ օրերին ով տեսներ իմ ոգևորությունը, խանդավառությունն ու տարերքը, անշուշտ կմտածեր, թե ես խելագար եմ: Ուրիշ ի՞նչ անուն կարելի էր տալ հարուստ կյանքին հրաժեշտ տված ու անորոշ ապագայի սեմին կանգնած մեկին, որ դեպրեսիայի մեջ ընկնելու փոխարեն, շողշողում է երջանկությունից: Հակառակ սպասածիս՝ չէի նեղվում նույնիսկ մեր վարձակալած բնակարանի փոքրությունից ու սահմանափակ հարմարություններից: Նշույլ անգամ չէր մնացել նախկին ինքնամփոփ, կաշկանդված ու տատամսոտ, կյանքից բեզարած Գոհարից…

Սեպտեմբերյան մի տաք երեկո, կինոյից դուրս գալուց հետո, չգիտեմ՝ սիրային կադրերով հագեցած ֆիլմի ազդեցության տակ, թե դիտելու ժամանակ իրար սեղմված լինելու հաճույքից դրդված,այրվում էի ցանկությունից: Հովոյին առաջարկեցի գնալ իր բնակարանը… սրճելու: Ա՜խ, այդ սուրճը, որ ունի իր անհերքելի դերակատարությունը որոշակի արգելքներից ու տաբուներից ձերբազատվելու առումով… Հետագային փորձել եմ հասկանալ, թե ինչու չկարողացա բացեիբաց ասել սրտինս.դա թերևս բխում էր իմ աղջկական ամոթխածությունից, կամ հպարտությունից, կամ էլ ընդունված՝«աղջիկն իրեն ծանր կպահի» ավանդույթից: Իհարկե, նա հասկացավ ինձ: Զգացի, որ տատանվում է. նայեց աչքերիս խորքը սիրատոչոր հայացքով ու ասես երկնքից ընկանք իր ութերորդ հարկում գտնվող փոքրիկ բնակարանը: Ես թույլ չտվեցի, որ նա ուշքի գա. ներս մտնելուն պես դողացող մատերով սկսեցի բացել նրա շապիկի կոճակները, գոտին… Նա լուռ էր, անշարժ, զգացվում էր միայն արագացած շնչառության հևքը: Առաջին անգամն էի տեսնում Հովոյի մկանուտ, արևավառ մաշկով, մերկ իրանը: Պաշտամունքի արարողության պատրաստվող հավատացյալի երկյուղածությամբ ու հանդիսավորությամբ, սկսեցի մեկ-մեկ հանել շորերս, ասես կույսից կին դառնալու մտադրվածությամբ մի սրբազան ծես էի կատարում: Եվ ասես համոզվելու համար, որ դիմացս կանգնած տղամարդը կուռք չէ, սկսեցի նախ տարերայնորեն շոշափել նրա պիրկ մկանները, մարմինը և հետո փարվեցի նրա կրծքին ու նվաղած՝ մղվում էի դեպի ցած, երբ հանկարծ կուռքը շարժվեց: Չհասկացա, թե ինչպես թեթևությամբ պոկվեցի գետնից ու հայտնվեցի լայն բացված երկու ուժեղ բազուկների գրկում: Աչքերս փակվեցին: Ընկնելով ինքնամոռացության մեջ՝ թվաց, թե սավառնում եմ երկնքում: Ինձ տիրել էր վայելքի մի աննկարագրելի զգացողություն, և, որպեսզի չկորցնեմ դյութական պահը, ամուր գրկեցի նրա հզոր պարանոցն ու շրթերս ագահորեն հպեցի բաց բերանին…

Այլևս նախաձեռնող կողմը նա էր, իմ սիրտը, հոգին ու մարմինը պատկանում էր Հովոյին…

 

Հայրս մահացավ միանգամից՝ չդիմանալով ուղեղի կաթվածի երկրորդ, ավելի հզոր հարվածին: Դրան նպաստեց իր սիրած ռեստորանային համալիրի բռնագրավումն ու դրան հաջորդող մեր առանձնատան վաճառքը, ինչի շնորհիվ հաջողվեց մարել հորս բանկային պարտավորությունների մի մասը: Դեռևս կանգուն էին երկու արտադրական ոչ այնքան խոշոր օբյեկտներ: Իր մահից հետո փակվեց հորս օֆիսը: Լենան տեղափոխվեց Հայկի հիմնարկությունը, որն ընդլայնվել էր վերջին ամիսներին: Հակառակ այն իրողության, որ իմ վերադարձից հետո ինձ չէր լքում հորս կյանքին սպառնացող վտանգի գիտակցությունը, ուժեղ ցնցում ապրեցի, երբ ինձ կանգնած տեսա նրա մահվան փաստի առջև ու չէի կարղանում վերագտնել հոգուս անդորրը: Դա իմ կյանքի ամենածանր ժամանակահատվածն էր:

Հորս հուղարկավորությանը, ի զարմանս ինձ, բավականին բազմություն կար, ներառյալ իր հին ընկերները, Ռնգեղջյուրը, ինչպես նաև՝ մեր առանձնատունը գնող ամերիկահայը՝ իր ընտանիքի անդամների հետ: Եկել էին իմ ու Հայկի մանկության ընկերները, դասընկերները, մորս ընկերուհիները, որոնք չքացել էին վերջին ամիսներին: Թվում է, թե մահը մոռացնել է տալիս հին հաշիվներն ու ջնջում պայմանականությունները, մոտեցնում մարդկանց. սակայն ոմանց դեմքերին դաջված կեղծիքն ու գողունի ժպիտները, ըստ իս, այլ բան էին վկայում: Ի՞նչն է մարդկանց դրդում անպայման ներկա գտնվել մեռնողի տանը. սրտագին ցանկությո՞ւնը, բարեկամությո՞ւնը, պարտականության զգացո՞ւմը, թե՞պարզ հետաքրքրասիրությունը: Մարդիկ, որոնք հորս չէին հիշում իր կենդանության վերջին օրերին,- ինչ մնաց զանգեին կամ այցելեին նրան,- հիմա հերթով գալիս, անցնում էին նրա դագաղի կողքից…

Հաճելի անակնկալ էր ինձ համար պարոն Ժորժի և օր. Սվետլանայի ներկայությունը: Երկուսն էլ ասես երիտասարդացել էին, թեև օր. Սվետլանան մի քիչ լցվել էր, գիրացել, եկան իրար թև մտած, անուշադիր շրջապատին, հանդիսավորությամբ: Ինձ գրկելիս օր.Սվետլանան արտասվեց, պարոն Ժորժի աչքերն էլ լցվել էին: Այդ օրը նրանցից ավելի անկեղծ ծանոթներ չունեի:

Հորս հուղարկավորեցին մեր առանձնատնից, որը դեռ չէինք հանձնել ու այնպես էլ մնաց իր երկրային կյանքի վերջին օթևանը: Դա մխիթարում էր մորս, որ շատ ծանր տարավ իր սիրեցյալ ամուսնու անժամանակ և մեր շքեղ կյանքի կորուստը:

 

Շատ քիչ էի հանդիպում իմ երևանյան ընկերուհիներին: Դրա փոխարեն, Նառան գրեթե ամեն օր կապվում էր` որքանով թույլ էր տալիս ժամերի տարբերությունն, ու հրատապ նորություններ հաղորդում: Դավիթի կանխագուշակումը իրականացել էր. Սոնիան դադարել էր պատասխանել նրա նամակներին ու զանգերին, երբ  Դավիթը դեռ Վիեննայում էր:  Նրանց վիզան շատ էր ուշացել. Ամերիկա հասնելուց հետո, նա համառորեն փնտրել էր Սոնիային ու նրան գտել Սան Ֆրանցիսկոյում: Խնդրել էր, աղաչել, որ ուշադրություն չդարձնի շրջապատի կարծիքին, անսա սրտի ձայնին, բայց «լվացված ուղեղով» Սոնիան չէր համաձայնվել: Նառան ու Արան շատ են խոսել Դավիթի հետ, համոզել, որ մոռանա Սոնիային ու իրեն համապատասխան մի լավ հայ աղջիկ գտնի, բայց անօգուտ… Արան դեռ չէր հաջողել իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել: Շարունակում էր սովորել՝ ապրելով ծնողների հաշվին: Հիմա միայն ուիքենդներին են հանդիպում ու դեռ լուր չկա ամուսնությունից: Փաստաբանը լիահույս է, որ Նառանշուտով կստանա գրին-քարտը, որից հետո ինքը երկար չի մնա այս աշխատանքում և այլն, և այլն…

Հեռվից նայելիս՝ Նառայի պատմածները հառնում էին այլ լույսի տակ: Ասես տիկնիկային թատրոն դիտելիս լինեմ, ուր բոլոր պերսոնաժներն անկամ կախված թելերից՝ մոտենում կամ հեռանում են իրարից, իջնում են կամ բարձրանում…

Իսկ ե՞ս…

Տարիներ առաջ, մի ինչ-որ բարեգործական հիմնարկության մեջ, ուր հայրս իր բաժին ներդրումն ուներ, հանդիպեցի սայլակի վրա նստած մի երիտասարդ անդամալույծի: Վթարի էր ենթարկվել, վնասել ողնաշարը: Ինձ պատմեց իր ապրումների մասին, ասաց, որ մի այլ անդամալույծի տեսնելիս՝ լցվում է խղճահարությամբ, մոռանում է, որ ինքն էլ անդամալույծ է… Տարօրինակ էր, ես էլ գտնվում էի նույն իրավիճակում, իմ մասին խորհելիս՝ ես ես չէի, ասես մտածում էի մի ուրիշ մարդու մասին, ես խամաճիկ չէի ու չեմ լինի…

Ինձ նման մտքեր պաշարելիս, հաճախ Շուշանն էր ցցվում աչքերիս առաջ՝ թանձր շպարի հետքերով, երկար սև վերարկուով, վերարկուի տակից երևացող ճերմակաթույր սրուքներով… Ի՞նչ եղան պարոն Գալուստը, կինն ու մյուս աղջիկը: Ոչ մի լուր չունեի նրանցից ու շատերից:  Քանի-քանի՜ շուշաններ են թառամում, կորչում հեռուներում…

 

Ժառանգության գործընթացը կարգավորվելուց հետո, լցվեցի նոր վճռականությամբ. Հովոյի սերն ու անմնացորդ նվիրվածությունը քառապատկում էին ինքնավստահությունս:Նախ սկսեցի բանակցել Հայկի հետ, որպեսզի հորս քայքայված բիզնեսը թողնի իմ հայեցողությանը: Նա դեմ չեղավ, որովհետև իր կարծիքով բան դուրս չէր գա, կորած բան էր, հորդորեց զգույշ լինել: Մայրս առհասարակ չէր խառնվում գործնական  խոսակցություններին: Խորհրդակցեցի նաև մեր ընտանեկան փաստաբանի հետ, ում հանդեպ լցված էի վստահությամբ: Նրա կարծիքով, չնչին հույս կար բարելավելու իրավիճակը: Դա կապվում էր երկու արտադրական օբյեկտների գոյությանը, որ ներկա դրությամբ գրավի տակ էին: Պահանջվում է վիթխարի ճիգ ու ջանք, կենտրոնացում և հաստատակամություն: Բայց փորձը փորձանք չէ. ինքն էլ միշտ զորավիգ կլինի ինձ:

Մենակ պահերիս,սրտումս բույն դրած հին վախը գլուխ էր բարձրացնում միախառնված՝ անորոշ ապագայի երկյուղի հետ: «Այս ի՞նչ ես անում, գժվե՞լ ես, ինչ է»,- հաճախ կրկնում էի մտքումս: Զղջում էի կայացրածս որոշումի համար,վախ էի զգում, որ կկորցնեմ ամեն բան, իմ «ես»-ին, մինչևիսկ Հովոյին: Գիտակցում էի, որ պատրաստվում եմ մտնել մի աշխարհ, որն իր չգրված դաժան օրենքներով, միանգամայն փակ գիրք է ինձ համար:Բայց զուր չեն ասում, որ պատերազմում հերոսանում են վախկոտները… Հովոյի հետ սկսեցինք համառորեն քայլ առ քայլ շարժվել դեպի առաջ:Զգում էի, որ նա էլ ինձ նման լցված է լավատեսությամբ ու հաստատակամությամբ: Վերջին ամիսներին նա շատ էր շփվել հորս հետ ու քաջածանոթ էր գործի բոլոր անկյուններին: Դա ինձ գոտեպնդում էր:

Ի վերջո, երկար մտատանջվելուց հետո,մի օր Հովոյի հետ բացեցինք հորս փոքրացած  հիմնարկի դուռն ու ներս մտանք: Մեր աշխատանքը սկսեցինք… կահույքի փոշիները սրբելով: Այնուհետև,մեկ առ մեկ ուսումնասիրեցինք թղթապանակները, որոնք չէի ասի, որ լավ վիճակում էին. զանազան գերատեսչություննների ներկայացուցիչներ ու քննիչներ լավ քրքրել էին հորս արխիվային նյութերն ու հաշվապահական մատյանները: Վստահելի աշխատակիցների կարիք էր զգացվում, հույս էի փայփայում, որ Նառան ու Արան կտեղափոխվեն Հայաստան ու կօգնեն ինձ: Արան շուտով կավարտեր, մեր բիզնեսը լավագույն ասպարեզն էր՝ սկսելու իր մասնագիտական կարիերան: Նառան իր հերթին հմտացել էր վարչական աշխատանքների մեջ:

Անսալով իմ առաջարկին՝ Նառան առանց դեսուդեն ընկնելու խոստացավ խոսել Արայի հետ: «Վատ միտք չէ»,-ասաց նա: Բայց ամեն բան կախված էր գործի հաջողությունից, այլապես հիմար չէի, որ մարդկանց Ամերիկայից քարշ տայի Հայաստան՝ առանց լուծելու իրենց կեցութան ու առաջընթացի խնդիրները:

Մերոնցից բացի, դեռ ոչ ոք տեղյակ չէր իմ մտադրության մասին, որոշել էի այն ժամանակ հայտարարել գործի սկիզբը, երբ հասած լինեինք որոշ շոշափելի արդյունքի, կարգ ու կանոնի: Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ մի օր Ռնգեղջյուրը զանգեց ու ինձ թվաց՝ սարկազմով ասաց, որ լույս է տեսել հորս հիմնարկի պատուհաններում:

-Իսկ դա ձեզ ուրախացնո՞ւմ է, թե՞ մտահոգում,- շփոթմունքս կոծկելով հարցրեցի ես:

-Իհարկե ուրախացնում է, Գոհար ջան,- հանգուցյալ հորդ հետ աղուհաց ենք կերել միասին: Ինձ վրա կարող եք հույս դնել :

— Շնորհակալ եմ, առայժմ միայն կահույքի փոշիներն ենք մաքրում…

Նա քահ-քահ ծիծաղեց ու կախեց լսափողը: Ես քրտնել էի…

Դեռ չսկսած՝ նրանք հուշեցին իրենց գոյության մասին…

-Պոռոտախոսի մեկն է,- ասաց Հովոն,- երբ իմացավ հեռախոսազանգի մասին,- մի ընկճվիր:

Չգիտեմ, ինչ ապագա է սպասում մեզ, այլևս հետդարձի ճանապարհ չկա: Կամ ոտքի կկանգնենք ու ի հեճուկս մեր «բարեկամների» կմեծացնենք բիզնեսը, կամ էլ կխորտակվենք: Ամեն դեպքում Հովոն կողքիս է…

Եվ այսպես, շնորհիվ մեր հարատև ջանքերի,շատ չանցած՝ մի գեղեցիկ օր, հրավիրեցի արտադրական օբյեկտների կառավարիչներին ու պատասխանատու աշխատողներին: Բոլորի դեմքերին զարմանք ու թերահավատություն նշմարեցի,երբ Լենայի ու Հովոյի ուղեկցությամբ մտա նիստերի փոքրիկ սրահը: Մի պահ ոտքերս դողացին, բայց վճռակամ մոտեցա ու նստեցի հորս կաշվեպատ աթոռին:

Ինձ մի պահ թվաց, որ նստում եմ մեր հին տաքսիի նույնպես կաշվեպատ աթոռին:

Ակամա նայեցի ձախ. հայրս ողջ հասակով կանգնած պատուհանիառջև՝ նայում էր ինձ ու քաջալերական ժպտում…

Վ   Ե   Ր   Ջ

 

Դեկտեմբեր, 2015, Հոնիս 2016 թ.

Թեհրան — Երևան

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի