Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՏԱՔՍԻՆ

 

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

                                                                             

Գոնե դրսից էլի մի տեսք ուներ, թեև սև ներկը կորցրել էր իր վաղեմի փայլը, ետևի ձախ դուռը փոս էր ընկել, մեքենայի իրանի վրա, աջ կողմի  ողջ երկարությամբ ձգվում էին երկու զուգահեռ սպիտակավուն ակոսներ, մեկը հաստ՝ վերևում, մյուսը բարակ՝ ներքևում, դիմահար ապակու վրա նշմարվում էր քարի հարվածի հետևանքով կլորավուն կոտրվածք՝ տարածված ճաքերով: Նոր էր գնել դեղին գույնի Taxi ցուցանակը, որը դնում էր ավտոյի տանիքին հպարտությամբ ու ամեն գիշեր մեքենան բակում կառանելուց հետո վերցնում, տանում էր տուն: Նոր էր «գնել» նաև ավտոյի տեխնիկական զննման կտրոնը, առանց զննման, տարեթիվը վրան, ու դրա ստեղծողին հայհոյանքներ շռայլելով՝ փակցրել ապակու ճաքից մի քիչ վերև: Հաշվիչ չուներ, դրա փոխարեն՝ տեղական արտադրության թվայնացված հայելին օժտված էր կարմիր ու կանաչ ճրագներով, ինչը հաշվիչի առկայության պատրանք էր ստեղծում:

Սակայն ավտոյի ներսը ահավոր վիճակում էր: Տարիներ առաջ նստատեղիներին փռած կարմիր նախշերով կարպետները, որ ժամանակին հանրապետությունում մեծ համարում ու լայն գործածություն ունեին, մաշված ու խունացած տեսք էին ստացել: Տեղ-տեղ պատռվել էր թիկնակների արհեստական կաշին: Ուժեղ արգելակելիս՝ հետևի աթոռի նույնպես գորգապատ նստատեղին ճոճանակի պես մղվում էր առաջ՝ հաճախորդով հանդերձ, ու նորից հետ գնում: Ծուլանում էր ամրացնել, մի երկու անգամ փորձել էր ամրացնել, բայց անօգուտ, մետաղե կեռերը չէին դիմանում մանավանդ ծանրամարմին հաճախորդների ճնշմանը, պոկվում էին: Տհաճ մգլահոտ էր զգացվում դուռը բացելիս. ներսը կեղտոտ էր, չէր հիշում, վերջին անգամ երբ էր մեքենան «մոյկա» տարել, բավականանում էր միայն դրսից խոնավ լաթով մաքրելով: Վարելու ընթացքում շարժիչի սուր ձայնին խառնվում էին ճռճռոց, դխկդխկոց և այլ արտառոց ձայներ, որոնք ահով էին լցնում տաքսիի արտաքինին խաբված ու նստելու համար զղջացած հաճախորդի սիրտը:

Ինքը իր տաքսիի պես, հակառակ առաջացած տարիքին, տանելի արտաքին ուներ. միջահասակ էր, արևառ, բարետես դեմքով ու ալեխառն մազերով: Ընդհանրություն կար իր հայկական դուրս ցցված քթի ու վոլգայի առաջնամասում ամրացված, հրաշքով անվնաս մնացած, շողշողուն, առջևի ոտքերը ծալած ու թռիչքի պատրաստ եղջերվի միջև: Պատկառելի փորն ու մասամբ կքված մեջքը ևս համահունչ էին տաքսու կորաձև դիզայնին:

Բայց նե՜րսը… ներսը ահավոր վիճակում էր. խմիչքի չարաշահման հետևանքով խախտվել էր լյարդի նորմալ գործունեությունը, ասել էին՝ խմես՝ կմեռնես, բայց մեկ-մեկ մի-մի բաժակ կոնծում էր ու չէր մեռնում: Կերածը չէր մարսում, աղիքները լցվում էին գազով, որը, հակառակ իր ճիգերին, թարսի պես երբեմն հաճախորդի ներկայությամբ անարգել արտամղվում էր սխալ միացված մխոցի՝ իրար հաջորդող պայթուն հիշեցնող ձայնով, որը բարեբախտաբար խլանում էր մեքենայի աղմուկի մեջ: Նման պահերին անմիջապես նայում ու հայելու մեջ որսում էր տհաճ հոտից հաճախորդի զզվանք արտահայտող դեմքը: Նեղվում էր հաճախամիզությունից: Չէր հիշում վերջին անգամ երբ էր արյան անալիզ տվել. իրեն ասել էին, որ որոշ շեղումներ ունի, դեղեր էին նշանակել, չէր գնել: Կինը վրդովվել, նախատել էր՝ ասելով, որ մարդու օրգանիզմը մեքենայի շարժիչի պես է, չնորոգես՝ կկանգնի, չի աշխատի:

Սակայն դրանք ոչինչ էին իր տառապած հոգու տվայտանքների համեմատ: Անզորությունն ու ճնշվածությունն ասես սոսնձվել էին էությանը: Կյանքն անցնում էր տաքսիի հետ, տաքսիի մեջ, սերճատել էր տաքսիին: Տաքսին քմահաճ ու պահանջկոտ էր դարձել, իր ամենօրյա տքնաջան ու երկարատև աշխատանքի փոքր եկամուտի առյուծի բաժինը, սկսած վառելիքից, նորոգություններից ու պարտադիր գնումներից, վերջացած զանազան վճարումներով ու հարկերով, տաքսին էր խժռում: Ինքը նախկինում ժուժկալ չէր, տաքսիով լավ էր վաստակում, շռայլում աջուձախ, տաքսին պահում էր վարդի պես: Հիմա եղել էր այնպես, որ սիրելով՝ ատում էր իր տարիների հավատարիմ ընկերոջը: Տանը ուրիշ աշխատող ձեռք չկար: Մեծ աղջիկն ամուսնացել, բաժանվել, երկու երեխաների հետ ետ էր եկել ու ստիպողաբար փոխարինում էր մահացած մորը: Թոռնիկները փոքր էին, քիչ էր տեսնում նրանց, մինչ տուն կհասներ, նրանք քնած էին լինում:

Միակ տղան ծառայում էր բանակում, սահմանապահ էր: Որդու կերպարը, զինվորական համազգեստով, միաձուլվել էր իր ենթագիտակցության ծալքերին, չկար գեթ մի վայրկյան, որ սրտի ահուդողով չմտածեր որդու մասին: Հազվադեպ էր ժամանակ գտնում այցելելու նրան. տաքսին թողնելով բակում՝ սահման էր մեկնում ավտոբուսով: Փոքր աղջիկը, իբր թե, սովորում էր միջնակարգի վերջին դասարանում, բայց ավելի շատ տարված էր իր արտաքինով, հագուկապով, կասկածելի հանդիպումներով: Բարձրահասակ էր՝ օժտված տարիքից շուտ զարգացած մարմնական բարեմասնություններով: Դեմքով էլ գրավիչ էր: Նրա մասին մտածելիս սիրտը հուպ էր գալիս. գոնե մայրը լիներ, սաստեր… Ինքը ոչ ժամանակ ուներ, ոչ էլ ուժ:

Շատ ծանր տարավ կնոջ վաղաժամ մահը, իրեն զգաց ավելի որբացած, քան ծնողներին կորցնելիս: Կապված ամուսիններ էին, հաշտ ու համերաշխ, վիճելիս էլ՝ կինը երբեք չէր ճղճղում հարևանի կնկա պես: Մի գիշեր քնեց ու էլ չարթնացավ՝ որդու կարո՞տից, թե՞ այլ բանից, չիմացվեց: Ապրեց լուռ, հանգիստ ու խոնարհ, մեռավ լուռ, հանգիստ ու խոնարհ: Ինքը պիտի մեռներ, բժիշկները դա իրեն խոստացել էին, եղավ հակառակը, ինքը մնաց, կինը ողջ-առողջ գնաց անվերադարձ: Ասեցին սրտի կանգ է եղել… Սաստիկ կարոտում էր կնոջը, կնոջ հպումներին, սիրույն… Կնոջ մահից հետո ինքը մեկ շաբաթից ավել դուրս չեկավ տնից: Հետո կարոտեց ավտոյին: Մոտեցավ մեղավորի պես, բարևեց բարձրաձայն… Աչքերը լցվեցին: Մեքենան ծածկվել էր փոշու շերտով, մաքրեց, լվաց, բացեց դուռը և իրեն թվաց, թե դռան ճռճռոցը հնչեց սրտաճմլիկ հեծեծանքի պես… Յուղեց ծխնիները՝ մխիթարելու նման…

Տաքսին բակի դալանից դուրս բերելիս, ընկավ մտքերի աշխարհը. ինչի՞ նման է իր կյանքը, չունի ոչ մի հաճույք, չունի կին, չունի նոր հանդիպումի ո՛չ հավես, ո՛չ հեռանկար, արգելել են՝ օղի չի խմում: Աշխատանք, աշխատանք, միայն աշխատանք: Հանուն զավակների՞… Հանուն իր թշվառ գոյությա՞ն… Այլ ելք չկար, թեև կյանքը հալվում, սպառվում է, ինքն էլ, տաքսին էլ ծերացել են, կքվել հաճախորդների ու ահագնացող հոգսերի բեռան տակ… Հիշեց այն օրերը, երբ մեքենա վարելը իր ամենամեծ հաճույքն էր: Հիմա հոգնած է, սարսափելի հոգնած, վարելը դարձել է տառապանք, որովհետև տաքսին էլ իր նման հոգնած է, չուզելով՝ չարչարում է իրեն: Ախր ի՞նչ պատահեց, իրենք և… տաքսին այնքան երջանիկ էին: Մեծ աղջիկը դպրոցական էր, տղան ու փոքր աղջիկը դեռ չէին ծնվել. ավտոն նոր էր, մաքուր, սլանում էր սահուն, անձայն, կայֆ էր: Լավ էր վաստակում, քիչ ծախսում մեքենայի վրա, հիմա՝ հակառակը: Այն ժամանակ զննման կտրոն ու կարմիր գծեր չկային: Ամեն բան գլխիվայր շուռ եկավ… Երեխաների ու թոռների աշխարհ գալով՝ մի կողմից ավելացավ կյանքի ճնշումը, մյուս կողմից՝ օր-օրի նսեմացավ ու անդարձ կորավ իր և տաքսու ջահելությունը… Չկար նախկին «դուխը», սլացքը…

Առավոտյան, առանց նախաճաշելու, ինչպես միշտ համբուրեց թոռնիկներին, դուրս եկավ դալանից ու ընկավ խցանումի մեջ: Ճանապարհային ոստիկանները փակել էին խաչմերուկը և սպասում էին նախագահի, թե մի այլ բարձրաստիճան անձնավորության շքախմբի երթին: Րոպեներն անցնում էին դանդաղ, նայեց շուրջը, բոլոր, մինչև անգամ հանգստավետ մեքենաների վարորդների դեմքերը լարված էին: Ոչ ոք չէր ժպտում: Քանի՜-քանի՜ անգամներ այսպես սպասել էր մեքենայի մեջ ցույցերի, խռովությունների, օտար երկրներից ժամանած հյուրերի ժամանման պատճառով: Դա անշուշտ խանգարել էր իր աշխատանքին: Օրվա մեծ մասը դրսում լինելով, ակամա ականատես էր եղել, բայց ոչ մասնակից հանրապետության վերջին տարիների անցուդարձին:

Ի վերջո, հանդիպակաց պողոտայով ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ սլացավ մուգ ապակիներով սև, նորագույն, շքեղ մեքենաների շարասյունը: Ճանապարհը բացվեց: Ինքը շարժվեց դանդաղ, անհամբեր վարորդները հետևից ազդանշան էին տալիս: Առհասարակ, նման դեպքերում շուռ էր գալիս ու ձեռքով սպառնալից շարժումներ անում: Այս անգամ մնաց անտարբեր. մի պահ իրեն թվաց, թե կորցրել է վարելու ունակությունը, թեև ավտոն հլու-հնազանդ, շարժվում էր առաջ. այս ինչ է, ավտո՞ն է իրեն տանողը, թե ինքը` ավտոյին…

Հասան պողոտայի այն հատվածին, ուր հաճախ ինքն ու տաքսին կանգնում ու սպասում էին հաճախորդի: Հիմա այդտեղ կարմիր գծեր կան: Հաճախ փոքր աղջիկն էր օգնում ու վճարում, ինքը չգիտեր դա ոնց է արվում: Մի անգամ, երբ նա բջջայինով վճարեց, դրամը չվերցրեց, ասաց, որ իր մոտ փող կա: «Որտեղի՞ց»,-հարցրեց: «Ծնունդիս նվեր են արել»,-եղավ պատասխանը: Չհավատաց, բայց… պոչը չբռնեց: Գոհ էր, որ ինքը չի վճարել… Սա թերևս առաջին անգամն էր, որ մեկը վճարում էր իր փոխարեն: Հիմա չէր հիշում, վերջին վճարումի ժամկետն անցել է, թե՞ ոչ: Հնարավոր տուգանքից խուսափելու համար, գերադասեց այդտեղ չկառանել, թեև ազատ տեղ կար ու շարունակեց ճանապարհը:

Մեկը ձեռքով արեց, չկանգնեց:Մեքենան էր տանում իրեն, ո՞ւր էր գնում, ինչո՞ւ էր գնում. ինքը դարձել էր մեքենա՝ մեքենայի մեջ: Չհասկացավ, թե ինչպես դուրս եկավ քաղաքից: Եղանակը հրաշալի էր, կապույտ, անամպ երկինք, մեղմ, հով զեփյուռ, աջում վեր էին խոյացել Սիսն ու Մասիսը: Մայրուղին գրեթե դատարկ էր: Որդին զինվորական համազգեստով ցցվեց աչքի առաջ: Ոտքը ակամա սեղմեց գազի ոտնակին, գնալով զարգացրեց արագությունը: Գոհունակությամբ զգաց, որ այդ պահից ինքն է դրության տերը: Ավտոն սկսեց դժգոհել, ճչալ ու ոռնալ: Ինքն էլ սկսեց գոռալ ու բղավել, ասես ուզում էր խլացնել ավտոյի բողոքը: Մի վայրկյան սահմռկեց բարձր աղմուկից, ուզեց տեղի տալ, բայց չարացած ավտոյի՞ց, թե՞ աշխարհից՝ շարունակեց ոտքը մինչև վերջ սեղմած պահել գազի ոտնակին: Մեքենայի առաջնամասում սպիտակ ծուխ նկատեց, որ գնալով ավելանում էր: Սովորաբար նման դեպքերում իսկույն կանգնեցնում էր մեքենան, բայց այս անգամ ուշադրություն չդարձրեց: Խելահեղ ընթացքին համընթաց արագացան սրտի զարկերը, թվաց, թե սիրտը ուր որ է դուրս կթռչի. դեմքը կարմրեց, սկսեցին խփել քունքերակները… Հանկարծ մի բան դխկաց ու շարժիչն անջատվեց: Տաքսին, իր հին օրերի ընկերը, մի որոշ տարածություն էլ կտրեց անջատված շարժիչով ու կանգ առավ ճամփեզրին:

Տիրեց չարագուշակ լռություն: Գլուխն ընկավ ղեկին. տարիներ շարունակ միշտ քշել էր դեպի առաջ, գետնի վրա. հիմա իրեն թվաց, թե տաքսիի հետ ուղղահայաց գահավիժում է դեպի վար և այդ ազատ անկման ընթացքում հասկացավ, որ ոչ տաքսին, ոչ ինքը այլևս տուն չեն վերադառնալու…

 

Հուլիս-օգոստոս, 2016

Երևան-Թեհրան

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի