«

»

Մար 04 2012

Տպել Գրառում

Սամվել Մարտիրոսյան | ԿԱԹԻԼԸ

Ոմանք կարծում են, թե գարնան արևն է ինձ աշխարհ բերել: Մյուսները՝ թե հալչող ձնից եմ ես ծնվել: Սակայն միամիտ խոսքեր են այդ բոլորը, թյուրիմացություններ: ԵՎ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ձեզ՝
-Գարնանային կաթիլները ծնվում են միմիայն գարնանային կաթիլներից, ինչպես մարդիկ՝ մարդկանցից:
Ձմռանն այդ մասին ընդունված չէ խոսել:
Իսկ գարնանը… Գարնանը դա ակնհայտ է դառնում բոլորի համար: Նույնիսկ նրանց համար, ովքեր դեռևս չեն արթնացել:
Հետո ամեն ինչ աշխարհում նմանվում է մեզ՝ ջրի կաթիլներիս: Դառնում կլորիկ ու թաց, չափազանց մոտիկ, ու սիրտ ցավեցնելու չափ դողդոջ:
Այսօր առավոտյան արևը տանիքների եզերքով սահեց ու ընկավ ուղիղ ջրափոսի մեջ: Սառույցի տակ հավաքված ջուրը ցայտեց այս ու այն կողմ, վերջնականապես արթնացնելով բոլորին:
Տների ու մարդկանց ստվերները քնկոտ շարժումներով դեպի արևը երկարեցին իրենց ձեռքերը, փորձելով մի կերպ ջերմացնել երկար գիշերվանից հետո բոլորովին սառած մատները:
Բայց մենք՝ կաթիլներս այդպես չենք դիմավորում ոչ մեկին:
Մենք գեղեցիկ խոսքեր ու քաղցր երգեր ենք ընտրում հանդիպման համար: Նախօրոք, հայելու դիմաց, երկար-բարակ փոխում ենք մեր լավագույն զգեստները և փորձում մեր ժպիտներից առավել թարմը, բուրումնավետը և ուրախաբերը, որ միշտ փողոց ենք հանել ամենակարևոր առիթներով:
Մայր կաթիլները հատուկ գորովանքով հարդարում են մեր գզգզված, ցաք ու ցրիվ մազափնջերը, իսկ տատիկներն իրենց մեծ շերեփներով շուտ-շուտ կերակրում են մեզ, բերնեբերան լցնելով լույսով ու նեկտարներով, ջերմությամբ ու անուշությամբ:
ԵՎ այս ամենը միայն գարնան համար է արվում:
Նրա համար, որ բոլորն իմանան, թե ինչքան մեծ է մեր աշխարհը, և ինչքան լավ է, որ այդ մեծ աշխարհում ապրում են նաև նրանք, ում մասին ես արդեն գիտեմ ու էլ երբեք չեմ մոռանա:
Այս պահին ես արդեն լիուլի լցված եմ արևով, ձգվել, կախվել եմ ներքև ու ճոճվում եմ հասած տանձի նման:
-Դու հիմա ցա՞ծ ես թռչելու,-հարցրեց փոքրիկ կաթիլը, որը եկել, սեղմվել էր կողքիս:
Նա այնքան փոքրիկ էր, որ դեռ նույնիսկ կլոր էլ չէր: Դրա համար էլ, թերևս, միայն ես գիտեի, որ նա էլ ինձ նման կաթիլ է դառնալու, երբ մեծանա:
-Թռչելու եմ,-ասացի ես, ավելի հարմար տեղավորվելով տանիքի տակ:
-Ինձ էլ վերցրու քեզ հետ, ես մենակ վախենում եմ,-խնդրեց կաթիլը:
-Ինչի՞ց ես վախենում,-զարմացա ես:
-Ամեն ինչից:
-Տեսնու՞մ ես, դու դեռ շատ ես փոքր, քո ժամանակը դեռ չի հասել:
-Իսկ քոնը հասե՞լ է,-համառում էր ճստոն:
-Հասել է,-լրջացա ես:
Կաթիլը լռեց: Հետո ընդհուպ մոտեցավ ու ականջիս փսփսաց՝
-Ասում են, թե երեկ մի կաթիլ ներքև ընկավ ու փշրվեց:
-Ո՞նց թե՝ փշրվեց:
-Հա, հենց այդպես:Սառույցի նման կտոր-կտոր եղավ: Ներքևում, ասում են, ցուրտ է սաստիկ: Կաթիլներն այնտեղ սառցե գնդիկների են վերածվում ու գետնին խփվելով, ցրիվ գալիս: Նույնիսկ տեսնողներ են եղել:
Ճստոն խոսում էր ու խոսում: Ես նրան այլևս չէի լսում ու չէի նայում նրա կողմը:
Ես ներքև էի նայում:
Այնտեղ՝ ցածում կամաց-կամաց նշմարվում էր այն կետը, որի հետ բախվելու էի քիչ հետո ու հավանաբար…փշրվելու: Նա ձգում էր ինձ, կարծես ցած քաշում թևիցս:
Գուցե իսկապե՞ս կաթիլները կարող են սառույցի կտորների վերածվել, ես չգիտեի:
Գիտեի միայն, որ երբ բացեմ թևերս ու թռչեմ, այս գեղեցիկ, փոքրիկ կաթիլը դեռ երկար կմնա տանիքների տակ: Կդողդողա ու կժպտա անցնող-դարձողներին: Իսկ մարդիկ, կամա, թե՝ ակամա, կմտածեն ոչ թե իմ`փշրված սառցաբեկորիս, այլ նրա մասին:
ԵՎ դա ինձ ուրախացնում էր:
Խոսում են, որ աշխարհում կան բարի ու չար գործեր:
Հիմա կարելի է ասել, որ դա մեզ՝ կաթիլներիս էլ է վերաբերում:
Ով ինչ ուզում է մտածի, մեր աշխարհ գալը կապ չունի ոչ ցրտի և ոչ էլ ջերմության հետ:
Մենք ծնվում ենք ուրի՛շ կաթիլներից, ինչպես մարդիկ՝ մարդկանցից:
ԵՎ անհնար է, որ մեր կլորիկ ու փայլուն փորիկների մեջ, ջրից բացի, էլի ինչ որ բաներ չլինեն պահված նրանց համար:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>