ROBERT BURNS
Վահագն Դավթյանի թարգմանությամբ
Ոտաբոբիկ աղջիկը
Ոտաբոբիկ այն աղջկան
Ես երբևէ չեմ մոռանա:
Տանջվում էին ոտքերն այնքան,
Երբ փողոցով անցնում էր նա:
Այդ ոտքերին՝ հարգ ու կարգով
Ատլաս ու խաս էր լոկ վայել,
Նա սլանար պիտի կառքով
Եվ ոչ ոտքով այդպես քայլեր:
Կրծքին էին հոսում անվերջ
Խոպոպիկներն իր մազերի,
Իսկ աչքերը խավարի մեջ
Փարոսն էին նավազների:
Թեկուզ անհայտ է աշխարհին
Այդ աղջիկը հրաշալի,
Բայց նրա դեմ կխամրեին
Գեղեցիկներն այս աշխարհի:
Գարու հատ Ջոնը
Զայրացրեց նա անընդհատ
Երեք միապետի,
Ու վճռվեց, որ Գարու հատ
Ջոնը պիտի մեռնի:
Հրովարտակն իսկույն տվին,
Որ գերեզման փորեն
Եվ քաջ Ջոնին, այդ լավ տղին
Հուր-հավիտյան հորեն:
Կանաչ բխեց սար ու ձորից,
Առուն դարձավ սելավ…
Եվ Գարու հատ Ջոնը նորից
Թաց հողից դուրս ելավ:
Գարունն անցավ, եկավ ամառ…
Ասես կռվի կոչում,
Առաջվա պես խենթ ու համառ
Նիզակ է նա ճոճում:
Աշունն իջավ խաղաղ ու տաք,
Հոգս ու գործեր բերեց,
Եվ հոգսերի ծանրության տակ
Ջոնը մեջքն իր ծռեց:
Ցուրտ է արդեն, ցուրտ, մահվան օր…
Եվ թողած գործ ու բան,
Ոսոխները ոխով մի նոր
Ծերուկ Ջոնին կպան:
Մի հարվածով կոր դանակի
Տապալեցին նրան
Ու որպես խենթ ստահակի
Քարշ տալով կալ տարան:
Եվ վաղ ծեգից սկսեցին
Մահակներով թակել,
Քամուն տված՝ վեր նետեցին,
Տեսան՝ վար է եկել:
Եվ գցեցին ջրհոր մի մութ,
Որ հետքերն իսկ ջնջեն…
Վար նայեցին՝ ոչ մի օգուտ,
Չի սուզվում Ջոնը, չէ՜…
Ոսկորները տվին պարող
Խարույկների բոցին,
Ջրաղացի ծանր քարով
Սիրտը տրորեցին:
Բայց արյունն է զվարթ եռում
Տակառների մեջ պինդ,
Փրփրում է գավաթներում,
Երգ է բերում ու խինդ:
Հանգուցյալը զուր չէր կյանքում
Եղել սրտոտ ու քաջ,
Քաջությունն է նա բորբոքում
Սրտերի մեջ մարդկանց:
Նրանց հոգու վիշտն է այրում,
Տալիս հույս ու հավատ
Եվ սրտի մեջ որբևայրու
Երգում է նա զվարթ:
Ու թող երբեք տակառներում
Չլինի չոր հատակ,
Ուր Գարու հատ Ջոնն է եռում
Եռում խելառ ու տաք…
Նուրբ ակնարկ
-Երբ գիշերը ցուրտ է լինում,
Եվ աչքերս են շաղվում մութից,
Ինձ թույլ կտա՞ս, որ գամ ձեր տուն
Ու ներս մտնեմ լուսամուտից:
Համաձա՞յն ես, ինձ կփրկե՞ս
Ցրտից, քամուց այս դժնդակ,
Տաք ձեռքերով ինձ կգրկե՞ս
Ու տեղ կտա՞ս վերմակիդ տակ:
-Երբ գիշերը ցուրտ է լինում,
Իսկ դու դողում ես ուղղակի
Եվ տաքություն ես որորնում
Պատերի տակ իմ սենյակի,
Խորհուրդ կտամ, թե ուզես գալ
Ու իմ ծոցը մտնել շուտով,
Եկեղեցու դռնով արի
Եվ ոչ մեր տան լուսամուտով:
3 մեկնաբանություն
Nax uzum em shnorhakalutyun haytnel ayn mardkanc ovqer ays informacian texadrel en internetum. Amen inch shat lav e katarvac, miayn karcum em vor aveli tpavorich kliner ete ays targmanutyan koxqin tex gtner naev banastexcutyan verlucutyun@. Shnorhakalutyun.
Nice brief and this fill someone in on helped me alot in my college assignement. Thank you for your information.
Շատ լավն էին, բայց կուզեի, որ Ռոբերտ Բըրնսի > բանաստեղծությունն էլ տեղադրվեր տվյալ կայքում: