Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ԽԱՂԱՂ ԵԼՔ…

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Երեկոյան կուշանամ:

-…

-Լսո՞ւմ ես, ասում եմ երեկոյան կուշանամ:

-Մի բղավի՛ր, լսեցի:

-Չեմ բղավում, ինձ թվաց՝ չլսեցիր.

-…

-Նելլի՞, բան չունե՞ս ասելու:

-Ինչքա՞ն կուշանաս:

-Դե, եսիմ, կուշանամ, էլի:

-Ավելի կոնկրետ…

Ֆելիքսը կապը անջատելուց հետո ընկավ մտատանջության  մեջ: «Ի՞նչ է նշանակում՝ ավելի կոնկրետ, ստուգո՞ւմ է, թե՞ գլխում ուրիշ բան կա,-կասկածի որդը սկսեց կրծել միտքը,- ճշտում է ինչքան կուշանամ, որ ի՞նչ անի…»: Առաջին անգամն էր Նելլին նման հարց տալիս: Մտքերով տարված՝ մոտ էր բախվեր առջևից ընթացող մեքենային, հազիվ հասցրեց արգելակել իր վերջին մոդելի լեքսուզը: «Fuck… Չէ, էս կնկա գլխում ուրիշ բան կա…», կրկնեց միտքը բարձրաձայն, բայց մի պահ կարկամեց: «Ի՞նչի եմ էսպես լարվել»:

Առհասարակ, Նելլին թքած ուներ իր ուշացումների վրա: Չգիտեր՝ վստահո՞ւմ է իրեն, թե՞ պարզապես կարևորություն չի տալիս: Իսկ կնոջ վարքագիծն այնպիսին էր, որ երբևէ առիթ չէր եղել կասկածելու, մտքովն անգամ չէր անցել, թե նա ընդունակ է օգտվել իր բացակայությունից:  Տանը Նելլին հանդիպում էր ընկերուհիներին, զբաղվում տան տնտեսությամբ, հաճախ կապվում դստեր հետ, որ բնակվում և ուսանում էր Բոստոնում:

Ամեն անգամ Ֆրիդայի մոտից տուն վերադառնալիս, մտքի մեջ որոճում էր հերթական սուտը, որն ասելու կարիքն այնպես էլ ոչ մի անգամ չզգացվեց: Տարիների ընթացքում իրենց մեջ ստեղծվել էր ամուսնական կյանքի մի յուրօրինակ, այլընտրանքային կապ,  ուր առաջնային էին փոխադարձ զիջումներն ու հաշտվողականությունը: Դրան թերևս նպաստում էր իրենց միատեղ բիզնեսի ֆինանսական ու հարկային գաղտնիքներին երկուստեք տեղյակ լինելու հանգամանքը: Նրանց իրար կապող օղակն ավելի շուտ բիզնեսն էր, քան սերը: Ֆելիքսը պրպտեց հիշողությունը. ամուսնական կյանքում, միայն մեկ անգամ էր ուժեղ խանդել, երբ ընկերական մի հյուրասիրության ընթացքում նկատել էր Նելլիին «էդ ամերիկացի լակոտի»՝ Սթիվի հետ քաշված մի անկյունում միասին քչփչալիս ու ծիծաղելիս: Դա շարունակվել էր նաև ընթրիքի սեղանին, որ չգիտես պատահաբա՞ր, թե՞ դիտավորյալ նրանք նստել էին իրար կողք: Գոնե մեկ ուրիշը լիներ, իրենց ձեռքի տակ աշխատող Սթիվը չլիներ… Խանդել էր, որովհետև Սթիվը շեկ էր, իրենից ավելի երիտասարդ, բարձրահասակ, գեղեցիկ ու մկանուտ: Այդ գիշեր, տունդարձի ճամփին, չկարողանալով զսպել իրեն՝ ակնարկել էր այդ «երես առած լակոտի» պահվածքի մասին, բայց Նելլին առանց մի խոսք ասելու, բավականացել էր  ձեռքը՝ «դատարկ բան է» իմաստով արհամարհական թափ տալով: Հետագային օֆիսում մի քանի անգամ «բռնել» էր նրանց իրար նայելիս ու ժպտալիս, բայց կարևորություն չէր տվել:

Զղջաց, որ հեռախոսել, իզուր բնույթ է տվել: Այդուհանդերձ, անհանգիստ էր. չէր կարողանում ընկալել իր մտահոգության դրդապատճառը:

Մտքերով տարված՝ չզգաց, թե ոնց հասավ Ֆրիդայենց բնակարանային համալիրին: Կառանեց մեքենան, վերելակով բարձրացավ տասնմեկերորդ հարկ ու սեղմեց դռան զանգի կոճակը: Ֆրիդան  դուռը բացեց անսովոր արտաքինով: Չկար մշտական ժպիտը, դեմքը հարդարված չէր, երկար սևաթույր մազերը գզգզված էին, աչքերը կարմրած:

-Ի՞նչ է պատահել,- հարցրեց զարմացած:

-Եղբայրս… զոհվել է մեքենայի վթարից:

-Ի՞նչ… ի՜նչ ես ասում,  բա ինչո՞ւ չասեցիր, երբ  առավոտյան զանգեցի:

-Քիչ առաջ իմացա. մայրս ասաց…

Այդ տեսքով ֆրիդան վանողական տպավորություն էր թողնում: Չգիտեր ինչ ասեր ու ինչպես մխիթարեր: Այնուամենայնիվ մոտեցավ, գրկեց աղջկան, սեղմեց կրծքին, անխոս շոյեց մազերն ու մի պահ տհաճություն զգաց, երբ նրա արցունքոտ, թաց այտը քսվեց բերանին: Ֆրիդան պատրաստվում էր մեկնել Իսպանիա, փող խնդրեց, Ֆելիքսը չեկ դուրս գրեց:

Խոսք անգամ չէր կարող լիներ սեքսի մասին, մնալն ավելորդ էր, հատկապես երբ ափալ-թափալ ներս ընկավ Ֆրիդայի պորտուգալացի ընկերուհին ու երկուսով գրկախառնված՝ սկսեցին բարձարաձայն հեկեկալ ու բլբլացնել իրենց լեզվով:

Ֆրիդայի բնակարանից դուրս գալու պահին թերևս առաջին անգամ գոհունակության զգացում ունեցավ. սովորաբար չհաջողված ժամադրության դեպքում վրդովում էր, բայց այդ պահին, իր մտքերի կիզակետում միայն Նելլին էր: Պատահական ոչինչ չի լինում կյանքում, Ֆրիդայի եղբայրն էլ հենց այսօր պիտի զոհվեր… «Եղավ, տիկին Նելլի՛, ուզում էիր կոնկրետ իմանալ, թե երբ եմ վերադառնալու, ահավասիկ գալիս եմ, առնվազն երկու ժամ շուտ, կպարզեմ ինչն ինչոց է»:

Ֆելիքսը ցրտի ու մթի տարիների վերջին արտագաղթել էր Հայաստանից: Նելլիի հետ ծանոթացավ պատահաբար բջջային հեռախոսների նորաբաց խանութում: Ինքն էլ շատերի պես ձգտում էր բջջային ունենալ: Դրամարկղի մոտ պարզվեց, որ տասներկու դոլար ու քառասուն սենթ պակաս ունի կանխավճարը մուծելու համար: Վաճառորդուհին ասաց, որ ցավում է, բայց չի կարող կայացնել առևտուրը: Ուզում էր, այն է, թողնել ու հեռանալ, երբ իրենից հետո հերթի մեջ սպասող աղջիկն ասաց հայերեն. «Հայաստանի՞ց  եք, սպասե՛ք, հոգ չէ, ես կտամ»: Ինքը մերժեց, ասաց, որ կարևոր չէ, հետո կգնի: «Վերցրե՛ք,-ասաց աղջիկը ՝ մեկնելով 20 դոլարանոց մի թղթադրամ,- անհոգ եղեք»: Հայաստանը նոր էր անկախացել, հայաստանցիների թիվը դեռ քիչ էր Ամերիկայում: Նրանք  հեշտությամբ զատորոշվում էին իրենց արտաքին տվյալներով: Ծանոթացան, մի քիչ զրուցեցին, հեռախոսի համարներ փոխանակեցին. ինքն ուրախություն հայտնեց, որ նոր բջջայինի մեջ առաջինը լինելու է Նելլիի համարը: Հանդիպումները դարձան հաճախակի: Նելլին վատը չէր, գրավիչ էր առաջին հայացքից, օժտված էր կանացիությամբ, ճերմակ մաշկով, նրբագեղ ոտքերով, բայց սառն էր, գործնական, զուրկ հումորից ու ռոմանտիկայից: Կիպրոս գաղթած իրանահայ հարուստ ծնողների երկրորդ զավակն էր: Հայրը գորգի վաճառական էր եղել Իսպահան քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո Կիպրոսից  ընտանիքով գաղթել էին Ամերիկա ու բնակություն հաստատել Գլենդեյլում:

Ֆելիքսը շատ շուտ մոռացավ Երևանում թողած իր սիրած աղջկան, մի օր եղավ Նելլիենց շքեղ առանձնատանն ու ծանոթացավ նրա ընտանիքի անդամների հետ: Երևանում, ժուժկալ կյանքով ապրող քչապահանջ և իր սիրո ու ուսման հետևից ընկած երիտասարդը, այստեղ կուրացավ  ոսկու փայլից: Ամուսնացան: Նելլիի պատկառելի օժիտով բիզնես դրեցին, վարձեցին մասնագետ աշխատողներ, դրանց շարքում՝ Սթիվին: Բիզնեսը զարգացավ ու ընդարձակվեց: Ծնվեց իրենց առաջնեկը, և դա պատճառ դարձավ, որ Նելլին ավելի հազվադեպ ներկայանա օֆիս: Արտաքուստ Ֆելիքսը երջանիկ էր, բայց կարոտն ու սիրո բացը հանգիստ չէին տալիս, աչքը միշտ դրսում էր. Ֆրիդայից առաջ քիչ կանայք չէին եղել իր կյանքում:

Քաղաքի հյուսիսային հատվածի ոլորապտույտ փողոցներում գտնվող իրենց  առանձնատան մատույցներում Ֆելիքսն ակամա դանդաղեցրեց մեքենայի ընթացքը:  «Գուցե իզուր եմ կասկածում,  ոչինչ էլ չկա, իմ արշինով եմ չափում…»: Քմծիծաղեց: Սակայն վատ նախազգացումն իրեն չէր խաբել. մեծ եղավ զարմանքն ու զայրույթը, երբ դեռ հեռվից, իրենց առանձնատան գլխավոր մուտքի առջևի կառանատեղիում, Նելլիի մերսեդեսի կողքին, նշմարեց Սթիվի կարմիր գույնի, բաց առաստաղով,  սպորտային մեքենան՝ կանգնեցրած իր մեքենայի տեղում: «Կսպանեմ, շանսատակ կանեմ էդ ամերիկացի լակոտին», ասաց բարձրաձայն ու ձեռքով ամուր հարվածեց մեքենայի ղեկին: Արյունը խուժեց գլուխը, ասես մեկը երկու ձեռքով սեղմում էր կոկորդը: «Կսպանեմ, կսպանեմ»,- կրկնում էր կատաղած: Մեքենան քշեց դիմացի մայթին կից, թափով արգելակեց ու երկու ձեռքով բռնելով գլուխը՝ ճակատը դրեց ղեկին, որոշ ժամանակ մնաց այդ դիրքով: Գրգռված զգացումները չեզոքացրել էին սառը դատելու և մի բան ձեռնարկելու կարողությունը: Որոշեց իջնել ու ներխուժել տուն, բայց ոտքերում թուլություն զգաց: Բարձրացրեց գլուխը, հենեց աթոռի վերի թիկնակին ու խոր շունչ քաշեց: Վերջին անգամ «կսպանեմ» ասելիս՝ հիշեց, որ ատրճանակը տանն է, ննջարանում, մահճակալի կողքի պահարանում: Դանդաղ պայծառացող մտքերն իրարամերժ էին: Իսկ գուցե Սթիվը եկել է գործով, ինչո՞ւ է վատը մտածում, այլապես նա մեքենան անպատկառորեն չէր պահի իր տեղում, կկառաներ աննկատ, գողի պես…  Որ մի քիչ խաղաղվի, կիջնի մեքենայից, հանդարտ կմտնի ներս ու կպարզի ամեն բան: Բացեց ամրագոտին, ձեռքը դրեց դռան բռնակին, բայց այդ պահին հանկարծ պատկերացրեց  Նելլիին՝ մերկ Սթիվի գրկում. փշաքաղվեց, ծոծրակին այրող ծակոցներ զգաց:  Չէ՛, չի դիմանա, կվերցնի ատրճանակն ու կսպանի… երկուսին էլ: Նորից հարվածեց ղեկին ու այրող ցավ զգաց: «Fuck…»: Հո չի՞ խելագարվել, մեկ է իրեն չեն արդարացնի, այս երկրում սերը սահմաններ չի ճանաչում… Ամեն բան կգնա գրողի ծոցը, ինքը կհայտնվի ճաղերի հետևում  հանուն ինչի՞: Հանուն ինչի՞… Բա իր թասի՞բը, իր տղամարդկությո՞ւնը… Բայց այդ պահին աչքի առջևից տողանցեցին՝ բիզնեսն իր գործառույթներով ու դոլարներով,  դուստրը,  հարազատները, Ֆրիդան…  Ասես դռան բռնակը շիկացած մետաղ լիներ, ձեռքը թափով հետ քաշեց: Այնուամենայնիվ, համոզված էր, որ չի կարող զսպել իրեն, գուցե գործը քաշեր տուրուդմբոցի: Չի բացառվում, որ ծեծկռտուքի դեպքում Սթիվը  բռունցքի մեկ հարվածով իրեն գետին կտապալեր… Եվ… էլի նրան կարդարացնեին: Կուչ եկավ աթոռի մեջ ու մի անսովոր վախ պարուրեց ողջ էությունը: Զայրույթի նոպան, սկսել էր տեղի տալ, Ճակատը պատվել էր սառը քրտինքով, ոտքերն ընդարմացել էին, շարժվելու ուժ չուներ: «Չլինի մեռնում եմ»,-անցավ մտքով: Նորից խորը շունչ քաշեց ու զարմացած զգաց, որ խաղաղվում է: Ցավով զգաց, որ իր այս պոռթկումը՝ իր մեջ մնացած պատվախնդրության վերջին բռնկումն էր. չէ՜, չկան իր ավանդական համոզումների մնացորդները. դարձել է  ուրիշ անհատականություն՝ դեմքը կորցրած մարդ… «Fuck… թող գրողի ծոցը գնան, թքած ունեմ նրանց էլ, էս երկրի վրա էլ,- անզոր հոխորտաց,- ինչ ուզում են՝ անեն, ինձ ինչ… ինքս էլ պակաս բաներ չեմ արել իմ կյանքում…»: Նորից գլուխը դրեց ղեկին. շրթերին աղահամ զգաց ու ակամա ձեռքով մաքրեց բերանի այն մասը, որին քսվել էր Ֆրիդայի թաց դեմքը…

Մշուշված, թաց աչքերով երկար նայեց լույսերի ու հարուստ բուսականության մեջ ողողված՝ իրենց արդիական ու գեղեցիկ առանձնատանը, որը միշտ եղել էր իր հպարտության առարկան. իսկ հիմա նայելիս՝ խորշանք էր զգում, խրտնում իր տեղը գրաված՝  մեքենայի կարմիր գույնից…  Ի՞նչի պետք էր հարուստ կնոջ շնորհիվ ձեռք բերած այս առանձնատունը և իր ողջ հարստությունը, երբ նույնիսկ մեքենայից իջնելու և նրանց  տեղը դնելու ուժը չունի… Այս շքեղ մեքենան էլ մի ոսկյա վանդակ չէ՞, որի մեջ թփրտում է ինքը անօգնական…

Ձախ ձեռքը, որով երկու անգամ հարվածել էր ղեկին, այտուցվել ու ցավում էր: Մնալը ավելորդ էր նաև… այստեղ: Միացրեց շարժիչն ու առանց առանձնատան կողմը նայելու, գողի պես անձայն, թեթևասահ շարժվեց առաջ:  Մտավ առաջին իսկ պատահած բաց կլինիկան: Նկարեցին, ճկույթի մեծ ոսկրը թեթև ճաքել էր: Վիրակապեցին: Խմելու անհագ ցանկություն զգաց, բայց հրաժարվեց, որովհետև ղեկին էր: «Անտեր մնա էս երկիրը»,-ասաց վրդովված:

Չխմեց, բայց ոտքի վրա մի բան կերավ, չէր շտապում տուն վերադառնալ: Դեռ առկա էր սրտում բույն դրած անորոշ վախը: Առանձնատանը չհասած՝ դարձյալ դանդաղեցրեց մեքենայի ընթացքը: Կարմիր մեքենան այնտեղ չէր: Սովորականի պես լեքսուզը կառանեց իր տեղում ու սկսեց իրեն նախապատրաստել. ասես քննություն պիտի հանձներ կամ նիստերի դահլիճ մտներ՝ զեկուցման համար:  Դուռն անձայն բացեց բանալիով ու ներս մտավ:

Նելլին արթուն էր, տնային խալաթով: Բարևեց սովորականի պես: Ուշադիր նայեց շուրջն ու կնոջ դեմքին: Սթիվի ներկայությունը մատնող որևէ երևույթ չնշմարեց: Թափառող հայացքը մի պահ կանգ առավ ու մնաց կնոջ խալաթի բացվածքից ներս, ուր վարդագույն գիշերանոցի տակից աղոտ նշմարվում էին ամենաինտիմ մասերը… Արյան հոսքը արագացավ. Նելլիին տիրանալու անհագ ցանկությունը բռնկվեց միանգամից:

-Ձեռքդ ի՞նչ ես արել,- հարցրեց Նելլին:

-Բան չկա, մնաց դռան արանքը,- ասաց ու սկսեց համրաքայլ մոտենալ կնոջը կրքից ծամածռված ժպիտով:

Ամուսնու պղտոր հայացքը խոսուն էր, Նելլին արագ ծածկեց խալաթն ու ասաց.

— Ուշ է, գնա՛ քնիր:

Ֆելիքսը մեխվեց տեղում. պարզ էր…

Նելլին այս ագամ էլ չհարցրեց, թե ինչու է ուշացել…

 

Օգոստոս 2017-08-01

Թեհրան

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.